Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀԱՆՔԱՀՈՐԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀԱՆՔԱՀՈՐԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅ ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՆՔԱՀՈՐԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

հրավիրված Ժնևում, 1995 թ. հունիսի 6-ին, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմնի կողմից, իր 82-րդ նստաշրջանին,

նկատի առնելով աշխատանքի վերաբերյալ միջազգային համապատասխան կոնվենցիաներն ու հանձնարարականները, մասնավորապես, Հարկադիր աշխատանքը վերացնելու մասին 1957 թ. կոնվենցիան, Ճառագայթահարումից պաշտպանության մասին 1960 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Մեքենաները պաշտպանական հարմարանքներով ապահովելու մասին 1963 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Արտադրական վնասվածքի դեպքում նպաստների մասին 1964 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Ստորգետնյա աշխատանքների համար նվազագույն տարիքի մասին 1965 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Ստորգետնյա աշխատանքների համար երիտասարդների բժշկական քննության մասին 1965 թ. կոնվենցիան, Արտադրական միջավայրում օդի աղտոտվածության, աղմուկի և վիբրացիայի մասին 1977 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Աշխատանքի անվտանգության և առողջության մասին 1981 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Աշխատանքի առողջության ծառայությունների մասին 1985 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Ասբեստի մասին 1986 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Շինարարությունում աշխատանքի անվտանգության և առողջության մասին 1988 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Քիմիական նյութերի մասին 1990 թ. կոնվենցիան և հանձնարարականը, Խոշոր արդյունաբերական վթարների կանխման մասին 1993 թ. կոնվենցիան և հանձնարարականը,

գտնելով, որ աշխատավորներն ունեն հանքարդյունաբերության ոլորտում առկա վտանգների և ռիսկերի կապակցությամբ` անվտանգության և առողջության միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության, պատրաստման և իրական խորհրդատվության, ինչպես նաև նման միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը մասնակցելու կարիք ու իրավունք,

ընդունելով, որ ցանկալի է կանխարգելել հանքային արդյունաբերությունում արտադրական գործունեության հետևանքով աշխատավորներին կամ բնակչությանն սպառնացող ցանկացած դժբախտ պատահար, վնասվածք և հիվանդություն կամ շրջակա միջավայրին հասցվող վնաս,

հաշվի առնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և այլ համապատասխան կառույցների միջև համագործակցության անհրաժեշտությունը և նկատի ունենալով այդ կազմակերպությունների ընդունած համապատասխան փաստաթղթերը, գործնական կանոնների ժողովածուները, օրենսգրքերն ու ուղեցույցները,

որոշելով ընդունել հանքահորերում անվտանգության և առողջության մասին մի շարք առաջարկություններ, ինչը նստաշրջանի օրակարգի 4-րդ կետն է,

որոշելով այդ առաջարկություններին տալ միջազգային կոնվենցիայի ձև,

ընդունում է հազար ինը հարյուր իննսունհինգ թվականի հունիսի քսաներկուսին սույն Կոնվենցիան, որը կարող է մեջբերվել որպես Հանքահորերում անվտանգության և առողջության մասին 1995 թ. կոնվենցիա:

 

Բաժին 1
Սահմանումները

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակի համար «հանքահոր» հասկացությունը նշանակում է.

(ա) վերգետնյա կամ ստորգետնյա տեղամասեր, որտեղ, մասնավորապես, տեղի են ունենում հետևյալ աշխատանքները`

(i) օգտակար հանածոների, բացառությամբ նավթի ու գազի, հետազոտում, որն առաջ է բերում գետնածածկի մեխանիկական խանգարում,

(ii) օգտակար հանածոների, բացառությամբ նավթի ու գազի, արդյունահանում,

(iii) արդյունահանված օգտակար հանածոների վերամշակում, ներառյալ` ջարդումը, հանքանյութի հարստացումը կամ լվացումը, և

(բ) (ա) ենթակետում նշված աշխատանքների համար օգտագործվող բոլոր մեքենաները, սարքերը, հարմարանքները, կայանքները, շենքերն ու ինժեներական քաղաքացիական կառույցները:

2. Սույն Կոնվենցիայի նպատակի համար «գործատու» հասկացությունը նշանակում է հանքահորում մեկ կամ ավելի աշխատողի ծառայեցնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ինչպես պահանջում է համատեքստը, շահագործողը, հիմնական կապալառուն, կապալառուն կամ ենթակապալառուն:

 

Բաժին 2
Կիրառման ոլորտը և միջոցները

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր հանքահորերի նկատմամբ:

2. Գործատուների և աշխատավորների առավել ներկայացուցչական շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո` սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած անդամի իրավասու մարմինը.

(ա) կարող է հանքահորերի որոշակի տեսակներ բացառել սույն Կոնվենցիայի կամ նրա որոշակի դրույթների կիրառման ոլորտից, եթե, ներպետական օրենսդրությանը և պրակտիկային համապատասխան, այդ հանքահորերում տրամադրվող ընդհանուր պաշտպանությունը նվազ չէ նրանից, որը կտրամադրվեր սույն Կոնվենցիայի դրույթների լիարժեք կիրառման դեպքում,

(բ) հանքահորերի որոշ տեսակներ վերոհիշյալ (ա) ենթակետին համապատասխան բացառելու դեպքում մշակում է բոլոր հանքահորերը հետևողականորեն ներգրավելու ծրագրեր:

3. Յուրաքանչյուր անդամ, որը վավերացնում է սույն Կոնվենցիան և օգտվում է 2 (ա) կետով նախատեսված հնարավորությունից, սույն Կոնվենցիայի կիրառման մասին` Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող իր զեկույցներում նշում է այդ կարգով բացառված հանքահորերի ցանկացած տեսակ և բացառելու պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր անդամ, հաշվի առնելով ազգային պայմաններն ու պրակտիկան և խորհրդակցելով գործատուների ու աշխատավորների առավել ներկայացուցչական շահագրգիռ կազմակերպությունների հետ, մշակում, իրականացնում և պարբերաբար վերանայում է հանքահորերում անվտանգության ու առողջության բնագավառում հետևողական քաղաքականություն, մասնավորապես, կապված սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումն ապահովող միջոցառումների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումները նախատեսվում են ներպետական օրենսդրությամբ:

2. Անհրաժեշտության դեպքում այդ ներպետական օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը լրացվում են`

(ա) տեխնիկական ստանդարտներով, կողմնորոշիչներով կամ գործնական կանոնների ժողովածուներով, կամ

(բ) իրավասու մարմնի կողմից սահմանվող և ազգային պրակտիկային համապատասխանող այլ միջոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Ներպետական օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան նշում են այն իրավասու մարմինը, որը պետք է հսկի և կարգավորի հանքահորերում անվտանգության ու առողջության տարբեր ասպեկտները:

2. Նման օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը նախատեսում են`

(ա) հանքահորերում անվտանգության և առողջության վերահսկողություն,

(բ) հանքահորերի տեսչական ստուգում այդ նպատակով իրավասու մարմնի կողմից նշանակված տեսուչների կողմից,

(գ) դժբախտ և լուրջ պատահարների, վտանգավոր դեպքերի և աղետների մասին զեկուցելու և դրանք հետաքննելու ընթացակարգ, յուրաքանչյուրը` ինչպես սահմանված է ներպետական օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով,

(դ) վթարների, մասնագիտական հիվանդությունների և վտանգավոր դեպքերի մասին վիճակագրական տվյալների հավաքում ու հրապարակում, յուրաքանչյուրը` ինչպես սահմանված է ներպետական օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով,

(ե) իրավասու մարմնի լիազորություն` դադարեցնելու կամ սահմանափակելու արտադրական գործունեությունը` հանքահորերում անվտանգության և առողջության նկատառումներից ելնելով, մինչև դադարեցման կամ սահմանափակման համար հիմք հանդիսացող պայմանի վերացումը, և

(զ) արդյունավետ ընթացակարգերի սահմանում` ապահովելու համար աշխատավորների և նրանց ներկայացուցիչների` աշխատատեղում անվտանգության և առողջության հարցերով խորհրդատվությունների, ինչպես նաև այդ կապակցությամբ միջոցառումների մասնակցելու իրավունքը:

3. Այդ ներպետական օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերն ապահովում են, որպեսզի պայթուցիկ նյութերի և ձգան սարքերի արտադրությունը, պահպանումը, փոխադրումն ու հանքահորերում օգտագործումն իրականացվի իրավասու և դրա համար անհրաժեշտ թույլատրություն ունեցող անձանց կողմից կամ նրանց անմիջական հսկողությամբ:

4. Այդ ներպետական օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը նախատեսում են`

(ա) պահանջներ հանքափրկարար աշխատանքների, առաջին բժշկական օգնության և համապատասխան բժշկական ապահովության նկատմամբ,

(բ) ածխի ստորգետնյա հանքահորերում և, անհրաժեշտության դեպքում, այլ ստորգետնյա հանքահորերում աշխատողների համար համապատասխան ինքնափրկարար դիմակներ ապահովելու և դրանք պահելու պարտավորություն,

(գ) լքված հանքահորերն ամրացնելու պաշտպանական միջոցառումներ, որպեսզի անվտանգությանն ու առողջությանն սպառնացող վտանգը վերացվի կամ հասցվի նվազագույնի,

(դ) պահանջներ` հանքարդյունահանման ընթացքում օգտագործվող վտանգավոր նյութերի և հանքերում արտադրվող թափոնի անվտանգ պահեստավորման, փոխադրման ու հեռացման նկատմամբ, և

(ե) անհրաժեշտության դեպքում լվացվելու, հագուստը փոխելու և սնվելու բավարար սանիտարական հարմարություններ ու հնարավորություններ ապահովելու և դրանք հիգիենիկ վիճակում պահելու պարտավորություն:

5. Այդ ներպետական օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը նախատեսում են, որ հանքահորի համար պատասխանատու գործատուն աշխատանքների համապատասխան ծրագրերն ապահովում է մինչև աշխատանքներն սկսելը, և որևէ էական փոփոխության դեպքում` այդպիսի ծրագրերը պարբերաբար փոփոխվում են և գտնվում են հանքահորի տեղանքում:

 

Բաժին 3
Կանխարգելիչ և պաշտպանական միջոցառումները հանքահորում

 

Ա. Գործատուների պարտականությունները

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Իրականացնելով Կոնվենցիայի սույն բաժնով նախատեսված կանխարգելիչ և պաշտպանական միջոցառումները` գործատուն գնահատում է ռիսկը և գործում է առաջնայնության հետևյալ կարգով`

(ա) ռիսկի վերացում,

(բ) ռիսկի աղբյուրի վերահսկում,

(գ) ռիսկը նվազագույնի հասցնելն այն միջոցներով, որոնք ներառում են աշխատանքի անվտանգության համակարգեր, և

(դ) քանի դեռ ռիսկը պահպանվում է, անհատական պաշտպանական սարքերի օգտագործման ապահովում` հաշվի առնելով, թե ինչն է խելամիտ, գործնականում հնարավոր և իրագործելի, ինչպես նաև հաշվի առնելով հաջող պրակտիկան և պատշաճ շրջահայեցության գործադրումը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Գործատուները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրենց վերահսկողության տակ գտնվող հանքահորերում անվտանգությանն ու առողջությանն սպառնացող ռիսկը վերացնելու կամ նվազագույնի հասցնելու համար, մասնավորապես,

(ա) ապահովում են, որ հանքահորը լինի նախագծված, կառուցված և ապահովված էլեկտրական, մեխանիկական և այլ սարքերով, ներառյալ` կապի համակարգը, երաշխավորելու համար անվտանգ գործունեություն և առողջ աշխատանքի միջավայր,

(բ) ապահովում են, որ հանքահորը շահագործման հանձնվի, շահագործվի, սպասարկվի և շահագործումից հանվի այնպես, որ աշխատողները կարողանան իրենց վերապահված աշխատանքը կատարել առանց իրենց և այլ անձանց անվտանգությունն ու առողջությունը վտանգելու,

(գ) քայլեր են ձեռնարկում, որ գետինը կայուն մնա այն տեղամասերում, որտեղ անձինք մուտք ունեն իրենց աշխատանքի բերումով,

(դ) եթե գործնականում հնարավոր է, յուրաքանչյուր ստորգետնյա աշխատատեղից ապահովում են երկու ելք, որոնցից յուրաքանչյուրը կապված է գետնի մակերևույթ ելնելու առանձին միջոցների,

(ե) ապահովում են արտադրական միջավայրի հսկողությունը, գնահատումը և կանոնավոր ստուգումը` բացահայտելու համար այն զանազան վտանգները, որոնք կարող են ազդել աշխատողների վրա, և գնահատելու համար այդ ազդեցության մակարդակը,

(զ) ապահովում են համապատասխան օդափոխություն բոլոր ստորգետնյա աշխատանքներում, ուր թույլատրված է մարդկանց մուտքը,

(է) հատուկ վտանգների ենթակա գոտիների համար, աշխատանքի անվտանգության համակարգի և աշխատողների պաշտպանության նպատակով, կազմում և իրականացնում են օպերատիվ ծրագիր ու ընթացակարգեր,

(ը) հանքարդյունահանման աշխատանքների բնույթին համապատասխան, ձեռնարկում են հրդեհների և պայթյունների ծագումը և տարածումը կանխելու, հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու նախազգուշական միջոցառումներ,

(i) աշխատողների անվտանգությանը և առողջությանն սպառնացող լուրջ վտանգի դեպքում ապահովում են աշխատանքի դադարեցումը և աշխատողների` անվտանգ վայր տեղափոխումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Յուրաքանչյուր հանքահորի համար գործատուն կազմում է արտակարգ միջոցառումների ծրագիր` հաշվի առնելով խելամտորեն կանխատեսելի արդյունաբերական և բնական աղետները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Եթե աշխատողները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական վտանգների ներգործության, գործատուն`

(ա) աշխատողներին լիարժեք կերպով տեղեկացնում է նրանց աշխատանքի հետ կապված վտանգների, առողջության համար ռիսկերի և համապատասխան կանխարգելիչ ու պաշտպանական միջոցառումների մասին,

(բ) համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում այդ վտանգների ներգործությամբ ծագող ռիսկը վերացնելու կամ նվազագույնի հասցնելու համար,

(գ) եթե վթարի կամ առողջությանը պատճառվող վնասի, ներառյալ` վնասակար պայմանների ներգործության, ռիսկից պաշտպանությունը չի կարող ապահովվել այլ միջոցառումներով, ապա իր ծախսերով ապահովում և պահում է պատշաճ պաշտպանական սարքեր, անհրաժեշտ հագուստ և ներպետական օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով նախատեսված այլ հարմարություններ, և

(դ) աշխատատեղում վնասվածք կամ հիվանդություն ստացած աշխատողներին տրամադրում է առաջին բժշկական օգնություն, աշխատատեղից պատշաճ փոխադրամիջոցներ և համապատասխան բժշկական հիմնարկներից օգտվելու հնարավորություն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Գործատուն երաշխավորում է, որ.

(ա) աշխատողների համար կապահովվեն նրանց անվտանգության և առողջության հարցերի, ինչպես նաև նրանց վերապահված աշխատանքին առնչվող պատրաստման ու վերապատրաստման անվճար պատշաճ ծրագրեր և լիարժեք հրահանգներ,

(բ) ներպետական օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին համապատասխան, յուրաքանչյուր հերթափոխի համար կապահովվեն պատշաճ հսկողություն և վերահսկողություն` հանքահորի անվտանգ շահագործման նպատակով,

(գ) ստեղծված է այնպիսի համակարգ, որ ստորգետնյա տեղամասերում գտնվող անձանց անունները, ինչպես նաև նրանց գտնվելու հնարավոր վայրերը ցանկացած ժամանակ կարող են ստույգ հայտնի լինել,

(դ) բոլոր վթարներն ու վտանգավոր պատահարները, ինչպես դրանք սահմանված են ներպետական օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, կհետաքննվեն և կձեռնարկվեն համապատասխան պաշտպանության միջոցներ, և

(ե) ներպետական օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան, վթարների ու վտանգավոր պատահարների մասին հաշվետվություն կներկայացվի իրավասու մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Մասնագիտական առողջության ընդհանուր սկզբունքների և ներպետական օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի հիման վրա գործատուն ապահովում է այն աշխատողների կանոնավոր բժշկական հսկողությունը, որոնք ենթարկվում են` հանքահորերին հատուկ մասնագիտական առողջությանն սպառնացող վտանգների:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Եթե միևնույն հանքահորում աշխատանքներ են իրականացնում երկու կամ ավելի գործատուներ, ապա հանքահորի համար պատասխանատու գործատուն համակարգում է աշխատողների անվտանգության ու առողջության հետ կապված բոլոր միջոցառումների անցկացումը և աշխատանքների անվտանգության համար կրում է գլխավոր պատասխանատվությունը: Սա առանձին գործատուներին չի ազատում իրենց աշխատողների անվտանգության և առողջության հետ կապված բոլոր միջոցառումների իրականացման պարտավորությունից:

 

Բ. Աշխատողների և նրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. 4-րդ հոդվածում նշված ներպետական օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան, աշխատողներն ունեն հետևյալ իրավունքները.

(ա) գործատուին և իրավասու մարմնին տեղեկացնել վթարների, վտանգավոր պատահարների և վտանգների մասին,

(բ) անվտանգության ու առողջության մասին մտահոգություն ունենալու դեպքում պահանջել տեսչական ստուգում և հետաքննության անցկացում գործատուի և իրավասու մարմնի կողմից,

(գ) իմանալ և տեղեկանալ աշխատատեղի վտանգների մասին, որոնք կարող են ազդել իրենց անվտանգության ու առողջության վրա,

(դ) գործատուից կամ իրավասու մարմնից ձեռք բերել իրենց անվտանգությանը կամ առողջությանը վերաբերող տեղեկատվություն,

(ե) ինքնակամ հեռանալ հանքահորի ցանկացած տեղամասից, երբ ծագում են այնպիսի հանգամանքներ, որոնք խելամիտ հիմնավորմամբ կարող են լրջորեն սպառնալ իրենց անվտանգությանն ու առողջությանը, և

(զ) ունենալ անվտանգության և առողջության հարցերով կոլեկտիվ ընտրված ներկայացուցիչներ:

2. Աշխատողների` վերոհիշյալ 1 (զ) կետում նշված անվտանգության և առողջության հարցերով ներկայացուցիչներն ունեն հետևյալ իրավունքները.

(ա) աշխատողներին ներկայացնել աշխատատեղի անվտանգության և առողջության բոլոր ասպեկտների, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, 1-ին կետով նախատեսված իրավունքների առումով,

(բ) (i) մասնակցել գործատուի և իրավասու մարմնի կողմից աշխատատեղում իրականացվող տեսչական ստուգմանն ու հետաքննությանը,

(ii) վերահսկել և հետաքննել անվտանգության ու առողջության հետ կապված հարցերը,

(գ) օգտվել խորհրդատուների և անկախ փորձագետների ծառայություններից,

(դ) գործատուի հետ խորհրդակցել անվտանգության և առողջության հարցերով, այդ թվում` քաղաքականության և ընթացակարգերի վերաբերյալ,

(ե) խորհրդակցել իրավասու մարմնի հետ, և

(զ) տեղեկություն ստանալ այն տեղամասերում տեղի ունեցող վթարների և վտանգավոր պատահարների մասին, որոնք ներկայացնելու համար իրենք ընտրվել են:

3. 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքների իրականացման ընթացակարգերը սահմանվում են.

(ա) ներպետական օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, և

(բ) գործատուների և աշխատողների ու նրանց ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների միջոցով:

4. Ներպետական օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերն ապահովում են, որպեսզի 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքներն իրականացվեն առանց խտրականությունների կամ պատժամիջոցների:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Ներպետական օրենքների և ենթաօրենսդրական ակտերի համաձայն, աշխատողները պարտավոր են, իրենց պատրաստությանը համապատասխան.

(ա) պահպանել անվտանգության և առողջության նախատեսված միջոցառումները,

(բ) խելամտորեն հոգալ սեփական անվտանգության և առողջության, ինչպես նաև այլ անձանց անվտանգության և առողջության մասին, որոնց վրա կարող են ներազդել իրենց աշխատանքային գործողությունները կամ անգործությունը, ներառյալ` այդ նպատակով նրանց ունեցած պաշտպանական հագուստների, հարմարանքների և սարքերի պատշաճ խնամքն ու օգտագործումը,

(գ) իրենց անմիջական ղեկավարին անհապաղ տեղեկացնել ցանկացած իրավիճակի մասին, որը, նրանց կարծիքով, կարող է վտանգել իրենց և այլ անձանց անվտանգությունն ու առողջությունը, և որը սեփական ուժերով չեն կարող շտկել, և

(դ) համագործակցել գործատուի հետ, որպեսզի նա կարողանա կատարել սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտականություններն ու պարտավորությունները:

 

Գ. Համագործակցություն

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Ներպետական օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան, ձեռնարկվում են միջոցառումներ` հանքահորերում անվտանգությանն ու առողջությանը նպաստելու նպատակով գործատուների և աշխատողների ու նրանց ներկայացուցիչների միջև համագործակցությունը խրախուսելու համար:

 

Բաժին 4
Կիրառումը

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Անդամը.

(ա) ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ներառյալ` համապատասխան պատժամիջոցներն ու շտկող միջոցառումները, սույն Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրառումն ապահովելու համար, և

(բ) ապահովում է համապատասխան տեսչական ծառայություններ` սույն Կոնվենցիայի համաձայն ձեռնարկվելիք միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության համար, և այդ ծառայություններին ապահովում է իրենց խնդիրների իրականացման համար անհրաժեշտ միջոցներով:

 

Բաժին 5
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Կոնվենցիայի պաշտոնական վավերագրերը գրանցման համար ուղարկվում են Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից երկու անդամների վավերագրերի գրանցումից տասներկու ամիս անց:

3. Հետագայում սույն Կոնվենցիան յուրաքանչյուր անդամի համար ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից հետո տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած անդամ կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու սկզբնական օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել` Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին գրանցման համար ուղարկած փաստաթղթի միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդ գրանցումից մեկ տարի անց:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում նշված տասնամյա ժամկետի լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի օգտվում սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարման իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետով և հետագայում կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել տասնամյա ժամկետի լրանալուց հետո` սույն հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենն Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին տեղեկացնում է Կազմակերպության անդամներից ստացված վավերագրերի և չեղյալ հայտարարման վերաբերյալ փաստաթղթերի մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով երկրորդ վավերագրի գրանցման մասին, Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենը Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է լիարժեք տեղեկություններ` նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան իր գրանցած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման վերաբերյալ փաստաթղթերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմինն անհրաժեշտ է գտնում, Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց սույն Կոնվենցիայի կատարման մասին և որոշում սույն Կոնվենցիայի ամբողջական կամ մասնակի վերանայման հարցը խորհրդաժողովի օրակարգում ընդգրկելու նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

1. Եթե խորհրդաժողովն ընդունում է սույն Կոնվենցիան ամբողջությամբ կամ մասամբ վերանայած նոր Կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիայում այլ բան նախատեսված չէ, ապա.

(ա) անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը ipso jure հանգեցնում է սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարմանը` անկախ 19-րդ հոդվածի դրույթներից, պայմանով, որ նոր, վերանայված կոնվենցիան ուժի մեջ է մտնում,

(բ) նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած սույն Կոնվենցիան փակ է անդամների վավերացման համար:

2. Սույն Կոնվենցիան իր գործող ձևով և բովանդակությամբ, ամեն դեպքում, ուժի մեջ է մնում այն անդամների համար, որոնք այն վավերացրել են, սակայն չեն վավերացրել նոր, վերանայված կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Սույն Կոնվենցիայի տեքստի անգլերեն և ֆրանսերեն տարբերակները հավասարազոր են:

 

Ընդունվել է Ժնև քաղաքում 1995 թվականի հունիսի 22-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 27-ից:

 

 

pin
22.06.1995
Միջազգային պայմանագիր