Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ, 219 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-710 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1831

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով «Առեքսիմբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2008 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Արթուր Հունանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարողի և Ընկերության` Ծառայության ավագ հարկադիր կատարողի 14.01.2004 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արթուր Հունանյանը պահանջել է անվավեր ճանաչել գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի 14.01.2004 թվականի որոշումը:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի վճռով Արթուր Հունանյանի դիմումը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 219-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործի նյութերում առկա է Վճռաբեկ դատարանի 26.05.2005 թվականի որոշումը, որով հաստատվել է Ընկերության, Արթուր Հունանյանի և Լուսյա Անուշյանի հաշտության համաձայնությունը, որն իր մեջ ներառում է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, Վճռաբեկ դատարանի որոշումը ոչ միայն բավարար հիմք չի համարել սույն գործի լուծման համար, այլև դատական ակտում ապացուցված հանգամանքները կրկին է քննարկել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2008 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.01.2001 թվականի թիվ 2-197 կատարողական թերթի համաձայն` Արթուր Հունանյանից հօգուտ «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 23.963 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` ք. Երևան, Վարդանանց փողոցի 7-րդ շենքի թիվ 33 բնակարանի վրա:

2. Գույքը հանձնելու մասին 15.11.2001 թ. պայմանագրի համաձայն` հարկադիր կատարողը գրավադրված` Վարդանանց փողոցի 7-րդ շենքի 33-րդ բնակարանը, կայացած աճուրդի 22.400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մեկնարկային գնով, սեփականության իրավունքով հանձնել է պարտատիրոջը, իսկ վերջինս ընդունել է գույքը գրավով ապահովված պահանջի համապատասխան գումարի դիմաց:

3. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հասցեագրված Ընկերության 12.01.2004 թ. թիվ 07/16 գրության համաձայն` 10.01.2004 թվականի դրությամբ, Արթուր Հունանյանի պարտքը «Առէքսիմբանկ» ՓԲԸ-ին կազմում է 12.558,41 ԱՄՆ դոլար (այդ թվում` գումարի նկատմամբ հաշվարկված բանկային տոկոսները):

4. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.12.2003 թվականի վճռով ճանաչվել է Արթուր Հունանյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Վարդանանց փողոց 7-րդ շենք, թիվ 33 բնակարանի վրա կառուցված 148 քմ ընդհանուր մակերեսով վերնահարկի և ձեղնահարկի նկատմամբ:

5. Ընկերության պահանջով ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևանի բաժնի ավագ հարկադիր կատարողի 14.01.2004 թ. որոշմամբ 29.01.2001 թ-ի թիվ 2-197 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, որի ընթացքում հարկադիր կատարողի 14.01.2004 թվականի որոշմամբ արգելանք է դրվել ք. Երևան, Վարդանանց 7-րդ շենք, թիվ 33 բնակարանի վրա կառուցված 148 քմ ընդհանուր մակերեսով վերնահարկի և ձեղնահարկի, ինչպես նաև այլ գույքի վրա` 12.558,41 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

6. Հարկադիր կատարողի 15.09.2004 թ. որոշմամբ կարճվել է 14.01.2004 թվականի որոշմամբ հարուցված կատարողական վարույթը` կատարողական թերթի պահանջները փաստացի կատարելու հիմքով:

7. Վճռաբեկ դատարանի 26.05.2005 թ. թիվ 3-337 (ՎԴ) որոշման համաձայն` Վճռաբեկ դատարանը, քննարկելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2004 թ. վճռի դեմ Արթուր Հունանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Հունանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման` աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Լուսյա Անուշյանի ներկայացուցչի ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման` աճուրդը և աճուրդով գնված բնակարանի առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, որոշել է հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը և կարճել քաղաքացիական գործի վարույթը:

Հաշտության համաձայնության 2-րդ կետում նշված է, որ Ընկերությունն ընդունում է, որ «Երևանի Վարդանանց փողոց 7-րդ շենք թիվ 33ա (վերնահարկ և ձեղնահարկ) բնակարանը վերաձևակերպվի Արթուր Հունանյանի անվամբ կամ գրանցված մնա և տրվի սեփականության իրավունքի վկայական», իսկ 4-րդ կետով սահմանվել է, որ հաշտության համաձայնությունը պալատի կողմից հաստատվելուց հետո կողմերը միմյանց նկատմամբ որևէ պահանջ (բացառությամբ հաշտության համաձայնության պարտավորություններից) չունեն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Սույն գործի վերաքննության փուլում Ընկերության կողմից ներկայացվել է Վճռաբեկ դատարանի 26.05.2005 թ. թիվ 3-337 (ՎԴ) որոշումը, որը թե հայցվորը և թե պատասխանողը հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու ստորադաս դատարան, քանի որ այն Վճռաբեկ դատարանի կողմից հրապարակվել է սույն գործի` առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտից հետո: Բացի այդ, վերոնշյալ դատական ակտն էական նշանակություն ունի գործի քննության համար, քանի որ դրանով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը:

Այսպիսով, սույն գործի փաստերից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի 26.05.2005 թ. թիվ 3-337 (ՎԴ) որոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, և նշված ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի հիմքով, պետք է բեկաներ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 19.01.2005 թվականի թիվ 2-203 վճիռը և գործն ուղարկեր ստորադաս դատարան` նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2008 թվականի որոշումը, և գործն ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N 3-710(ՎԴ)
Որոշում