Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ5/0088/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ5/0088/05/08                             2009 թ.

Դատավոր`  Էդ. Նահապետյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լեռնիկ Պնդուկյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 09.10.2008 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` Գործակալություն) հայցի ընդդեմ Լեռնիկ Պնդուկյանի` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, լիցենզիան լիցենզավորող մարմնին վերադարձնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Գործակալությունը պահանջել է դադարեցնել անվճարունակության գործերով կառավարիչ Լեռնիկ Պնդուկյանի 24.08.2001 թվականի թիվ Ա-013 լիցենզիայի գործողությունը` պարտավորեցնելով նրան լիցենզիան վերադարձնել լիցենզավորող մարմնին, ինչպես նաև բռնագանձել 206.000 ՀՀ դրամ:

Վարչական դատարանի 09.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 107.500 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասով, իսկ հայցապահանջը մնացած մասերով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լեռնիկ Պնդուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գործակալությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ դատահաշվապահական փորձաքննություն է նշանակել, սակայն ապացույցների գնահատման ժամանակ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությանն ընդհանրապես չի անդրադարձել, գործի համար էական նշանակություն ունեցող այդ փաստը չի հետազոտել և որևէ գնահատման չի արժանացրել:

i

2) Վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ և 59-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանը սխալ է լուծել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի օգտին բռնագանձվող գումարի բաշխման կարգը, քանի որ վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 107.500 դրամի չափով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է: Մինչդեռ, վարչական դատարանը վճռել է փորձագետի եզրակացության համար բռնագանձվելիք գումարն ամբողջությամբ գանձել Լեռնիկ Պնդուկյանից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 09.10.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել 14.000 դրամի չափով:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Վարչական դատարանի վճռով Գործակալության հայցն ընդդեմ Լեռնիկ Պնդուկյանի` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, լիցենզիան լիցենզավորող մարմնին վերադարձնելու և գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն, այսինքն` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, լիցենզիան լիցենզավորող մարմնին վերադարձնելու մասով հայցը մերժվել է: Դատարանին ներկայացրած 13.09.2008 թ. թիվ 3-2/2411-08 գրության մեջ հայցվորը հիմնավոր նշել է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջը մերժելու դեպքում պատասխանողից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել նաև 2008 թ. տարեկան պետական տուրքը, սակայն դատարանի վճռում այդ գումարը չի հաշվարկվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Լեռնիկ Պնդուկյանին ՀՀ արդարադատության նախարարության կողմից 24.08.2001 թվականին տրվել է անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման թիվ Ա-013 լիցենզիան:

2) Ըստ Գործակալության ներկայացրած հաշվարկի` 2001-2007 թվականների համար հերթական տարեկան պետական տուրքի վճարումները Լեռնիկ Պնդուկյանի կողմից կատարվել են մասնակի և ուշացումներով, որի հետևանքով 20.03.2008 թվականի դրությամբ պետական տուրքի գծով պարտավորության գումարը կազմում է 206.000 ՀՀ դրամ:

3) Վարչական դատարանի 22.07.2008 թվականի որոշման համաձայն` դատարանի նախաձեռնությամբ նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից կազմվել է 06.08.2008 թվականի թիվ 08-0909 եզրակացությունը:

4) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 06.08.2008 թվականի թիվ 151 հաշվի համաձայն` թիվ 08-0909 եզրակացության կազմման համար ծառայության վճարը կազմել է 66.600 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցի տեսակ է նաև փորձագետի ցուցմունքը: Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձևով, ընդ որում, փորձագետի ցուցմունքը կարող է տրվել, իսկ դատարանի պահանջով` պետք է տրվի գրավոր եզրակացության տեսքով` համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:

Սույն գործով Վարչական դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու համար անհրաժեշտ են նեղ մասնագիտական հաշվապահական բնագավառի վերաբերյալ գիտելիքներ, իր նախաձեռնությամբ նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը: Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Վարչական դատարանը, գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս, գնահատում է ապացույցները:

Սույն գործով Վարչական դատարանը, նախաձեռնելով դատահաշվապահական փորձաքննության անցկացումը և ստանալով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 06.08.2008 թվականի թիվ 08-0909 եզրակացությունը, ի խախտումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի և 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, այն չի հետազոտել և գնահատման առարկա չի դարձրել:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձագետները դատարանի հանձնարարականները կատարելու համար վարձատրվում են, եթե այդ գործողությունները (աշխատանքը) չեն մտնում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակի մեջ:

Սույն գործի նյութերից հետևում է, որ Վարչական դատարանը 22.07.2008 թվականի որոշմամբ նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն, որի կատարման ծախսերը 06.08.2008 թվականի թիվ 151 հաշվի համաձայն կազմել են 66.600 դրամ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից, իսկ գործի քննության հետ կապված այլ ծախսերի մեջ ընդգրկվում են նաև փորձագետներին վճարվելիք գումարները` համաձայն նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի փոխհատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերի փոխհատուցումը նրանց միջև:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Գործակալությունը, դիմելով դատարան, խնդրել է անվճարունակության գործերով կառավարիչ Լեռնիկ Պնդուկյանի թիվ Ա-013 լիցենզիայի գործողությունը դադարեցնել` պարտավորեցնելով նրան այն վերադարձնել լիցենզավորող մարմնին, ինչպես նաև բռնագանձել 206.000 ՀՀ դրամ` լիցենզիայի համար վճարման ենթակա պետական տուրքի գծով պարտավորության գումարը: Վարչական դատարանի 09.10.2008 թվականի վճռով Գործակալության հայցը բավարարվել է մասնակիորեն` 107.500 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, վճռվել է Լեռնիկ Պնդուկյանից հօգուտ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել փորձաքննության կատարման ծախսի ամբողջ գումարը` 66.600 դրամի չափով:

Այսպիսով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցը մասնակի բավարարելու պայմաններում Վարչական դատարանը փորձաքննության կատարման ծախսերն ամբողջությամբ բռնագանձել է պատասխանողից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը հիմնավոր է:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի 09.10.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 09.10.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու և դատական ծախսերը պատասխանողից բռնագանձելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ե. Խունդկարյանի

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ՎԴ5/0088/05/08
Որոշում