Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԼԴ/0162/06/08

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

գործ հ. ԼԴ/0162/06/08

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                   քարտուղար                  Ա. Աբրահամյանի

 

ք. Երևանում

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով մեղադրյալ Գևորգ Սուրիկի Շահինյանի պաշտպանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. Գևորգ Սուրիկի Շահինյանի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով և հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ 2008 թվականի հուլիսի 28-ին Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2. Գևորգ Շահինյանը 2008 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել է, հուլիսի 31-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչի միջնորդությունը, Գևորգ Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք 2 ամիս ժամկետով, և մերժվել է Գ. Շահինյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Գ. Շահինյանի պաշտպանը:

5. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ առանց քննության է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը:

6. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք է բերել Գևորգ Շահինյանի պաշտպանը:

i

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները

 

7. Գևորգ Սուրիկի Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի հուլիսի 28-ին` ժամը 21.50-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի 55 ՍՕ 355 պետհամարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 24 շենքի մոտ, ճանապարհի երթևեկելի գոտում խախտել է ՃԵԿ-ի պահանջները և չենթարկվելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջներին` դիմել է փախուստի: Այնուհետև, ժամը 22.00-ի սահմաններում, Գևորգ Շահինյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 34 շենքի դիմաց նշված հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանի, նույն վաշտի առաջին դասակի ՃՊԾ տեսուչներ Միքայել Ստեփանյանի, Արծրուն Մինասյանի և Սմբատ Քառյանի հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` շուրջ 30 րոպե հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչը զուգորդվել է նաև Մերուժան Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով և հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական

հանգամանքները

 

8. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել 2008 թվականի օգոստոսի 7-ին: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ նյութերն ընդունել է վարույթ և նշանակել դատական ստուգման 2008 թվականի օգոստոսի 25-ին` ժամը 16.00-ին:

9. 2008 թվականի օգոստոսի 25-ին Լոռու մարզի դատախազության դատախազ Խ. Մուրադյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան այն մասին, որ քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Սուրիկի Շահինյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

10. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտը սահմանափակվում է նախաքննության ավարտով, հետևաբար քրեական գործի նախաքննությունն ավարտվելու և գործը դատարան ուղարկվելու պահից տվյալ դատարանն է իրավասու քննարկել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Նշված պատճառաբանությամբ վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ առանց քննության է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

11. Բողոքում նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Սակայն վերաքննիչ դատարանը, չկիրառելով վերը նշված հոդվածը, խախտել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությունը, 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը:

Դատարանը դատական ստուգման չի ենթարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերության, 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի և դատավարական նորմի համադրումը թույլ է տալիս մեկնաբանելու, որ ստորադաս դատարանի` կալանավորման մասին որոշումը բողոքարկելու միջոցով վերադաս դատարանում ստուգման ենթարկելու իրավունքը պատկանում է յուրաքանչյուր կալանավորված անձի: Հետևաբար, վերադաս դատարանի պոզիտիվ պարտականությունն է ստուգման ենթարկել անձին կալանավորելու մասին որոշումը, անկախ նրանից` գործի նախաքննությունն ավարտվել է, թե` ոչ:

i

12. Բողոքում նշվում է նաև, որ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Դատարանը վերաքննիչ բողոքը կարող է թողնել առանց քննության, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի սպառիչ ցանկը, սակայն վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության վերոհիշյալ հոդվածով չնախատեսված հիմքով:

13. Բողոք բերած անձը գտնում է, որ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 381-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և ընդունել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 381-րդ հոդվածների մեկնաբանության մասին.

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Նշված հոդվածի իմաստով վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվող ակտերը վերանայող դատարան, որի խնդիրն է նշված ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումը:

Ընդհանուր իրավասության դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման կայացումը և վերջիններիս` վերաքննության կարգով վերանայումը իրականացվում են տարբեր դատավարական գործառույթների շրջանակներում: Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտում, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումների` վերաքննության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակումը` ելնելով այն հանգամանքից` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե գործի դատական քննության փուլում գտնվող գործի շրջանակներում են դրանք բողոքարկվել, անթույլատրելի է: Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն արտահայտված է Ա. Ղավալյանի գործով 28.11.2008 թ. որոշման մեջ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պարտավոր էր պատասխանել իր առջև դրված մի հարցի` արդյոք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին հիմնավոր և օրինական է, թե` ոչ:

15. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ խախտել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է: Փաստորեն, վերաքննիչ դատարանը նախ` ըստ էության չքննելով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը` չի ապահովել կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացումը, և երկրորդ` այդ հարցը չի քննել ողջամիտ ժամկետում և չի կատարել անհապաղ որոշում կայացնելու իր պարտականությունը:

Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իր արտահայտությունն է ստացել Ա. Ղավալյանի գործով 28.11.2008 թ. որոշման մեջ: Նշված որոշման մեջ նաև Վճռաբեկ դատարանն այն կարծիքն է արտահայտել, որ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հարցը քննելու իրավասություն ունեցող դատարանի կողմից առանց օրենքով նախատեսված հիմքերի, կամայականորեն վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցնում է դատարանի մատչելիության իրավունքի /արդարադատության մատչելիության իրավունքի/ խախտմանը, որը նախատեսված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով:

16. Գործի նյութերից երևում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչի միջնորդությունը, Գևորգ Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք 2 ամիս ժամկետով, և մերժվել է Գ. Շահինյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը: Իսկ 2008 թվականի օգոստոսի 25-ին Գևորգ Շահինյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նույն դատարան: Փաստորեն, համաձայն վերաքննիչ դատարանի որոշման, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է կրկին անգամ դատական ստուգման ենթարկեր իր իսկ կողմից կայացված` մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը, սակայն նշված դատարանը նման իրավասություն չունի: Այդպիսի լիազորությամբ օժտված է միայն վերաքննիչ դատարանը, այսինքն` առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությունը վերապահված է բացառապես քրեական վերաքննիչ դատարանին:

i

Դատավարական իրավունքի վերը նշված խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն, դատական ակտը բեկանելու հիմք են (տե՛ս Ա. Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի 28.11.2008 թ. որոշումը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N ԼԴ/0162/06/08
Որոշում