Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Երևան  քաղաքի Կենտրոն և  Նորք-Մարաշ     Քաղաքացիական գործ թիվ 3-24 (Ա)

    համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռ                        2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-1455/2006 թ.

Նախագահող դատավոր` Ս. Արամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի հունվարի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Մարգարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.05.2006 թվականի թիվ 2-1455/2006թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Մարգարյանի ընդդեմ Աշոտ Մարգարյանի` բաժնային սեփականության գույքից բաժինն առանձնացնելու և փոխհատուցում վճարելով` սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Արմեն Մարգարյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Աշոտ Մարգարյանի` Երևանի Կոմիտաս փողոցի թիվ 42 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Մարգարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Արմեն Մարգարյանը:

Վճռաբեկ բողոք բերած անձը ներկայացրել է վճռաբեկ բողոքի լրացում:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ կայացնելիս պետք է պատշաճ ձևով տեղեկացներ պատասխանողին դատական նիստի ժամանակի և վայրի մասին և միայն այդ պայմաններում իրավունք ունենար գործը լսելու պատասխանողի բացակայությամբ: Դրա արդյունքում խախտվել է պատասխանողի դատական պաշտպանության և սեփականության իրավունքը:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Բողոքին պատասխան ներկայացրած անձը գտնում է, որ բողոքի պատճառաբանությունը դատարանի վճիռը բեկանելու հիմք չէ, քանի որ 24.11.2005 թվականին վիճելի բնակարանի վերաբերյալ նույն դատարանում քննության է առնվել քաղաքացիական գործ, որով որպես հայցվոր հանդես է եկել Աշոտ Մարգարյանը: Նշված գործով ներկայացված հայցադիմումում Աշոտ Մարգարյանն իր հասցեն նշել է` Դեմիրճյան փակուղի, տուն 4: Հետևաբար, ինքն իր հայցադիմումում նույնպես նշել է այդ հասցեն, որի սեփականատերը նշված Աշոտ Մարգարյանն է, և նա հաշվառված է այնտեղ: 24.11.2005 թվականի դատական նիստին մասնակցել է Աշոտ Մարգարյանի ներկայացուցիչը և նա տեղյակ է եղել դատական գործընթացին, ինչպես նաև սույն գործով ներկայացված հայցին:

Նշված հիմնավորմամբ վճռաբեկ բողոքին պատասխան ներկայացրած անձը գտել է, որ դատարանը գործը քննության է առել և վճիռ կայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն:

 

2.2 Վճռաբեկ բողոքի լրացումը.

 

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի լրացումով ներկայացրել է հետևյալ փաստարկները.

Պատասխանողի կողմից վերը նշված քաղաքացիական գործով որպես հայցվորի հայցադիմումում իր հասցեն նշելը և դատարանի կողմից այդ գործով վճիռ կայացնելը որևէ կապ չի կարող ունենալ քննվող սույն հայցի հետ, քանի որ դրանք տարբեր գործեր են, տարբեր ժամանակներում ներկայացված հայցեր, տարբեր հայցի առարկաներով և տարբեր հայցվորներ և այդ հանգամանքը դատարանին չէր կարող իրավունք տալ գործը լսելու պատասխանողի բացակայությամբ` կոպիտ ձևով խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Հայցվորի կողմից 09.08.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած թիվ 2-1455/2006 վճռի հիման վրա, որը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ, որի հետևանքով խախտվել է նաև գլխավոր օրենքի` ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի պահանջները: Պատասխանողը ապօրինի կերպով զրկվել է իր բաժնային սեփականության իրավունքից, ինչն էլ վերջինիս համար առաջացրել է ծանր հետևանքներ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 2006 թվականից Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 42 շենքի թիվ 33 բնակարանում հաշվառված են Արմեն Մարգարյանը և Աշոտ Մարգարյանը:

2) դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել 2006 թվականի մայիսի 23-ին:

3) 08.04.2006 թվականին դատարանը Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 42 շենքի թիվ 33 բնակարանի հասցեով պատասխանողին ուղարկել է հայցադիմումը և կից նյութերը` սահմանված կարգով առարկություններն ու այն հաստատող փաստաթղթերը դատարան ուղարկելու համար: Միաժամանակ պատասխանողին ուղարկվել է ծանուցում դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

4) Պատասխանողին ուղարկված ծրարը փոստի կողմից վերադարձվել է դատարանին:

5) Կենտրոն համայնքի ղեկավարի տեղակալի` դատարանին հասցեագրված 18.05.2006 թվականի թիվ 23/35-122-162 գրությամբ հայտնվել է, որ Աշոտ Մարգարյանին հնարավոր չէ ծանուցել քաղաքից բացակայելու պատճառով:

6) ՌԴ Բալաշիխա քաղաքի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի բժշկի կողմից տրված 15.10.2006 թվականի թիվ 4774 տեղեկանքի համաձայն` Աշոտ Մարգարյանը 23.11.2005 թվականից մինչև 20.02.2006 թվականը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ մինչ 15.10.2006 թվականը գտնվել է ամբուլատոր բուժման մեջ (ներկայացվել է բողոքին կից):

7) Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի տոմսի համաձայն` 16.10.2006 թվականին Աշոտ Մարգարյանի ներկայացուցիչը ժամանել է Հայաստանի Հանրապետություն (ներկայացվել է բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Նշված նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն նույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն է ընձեռում դատարանին պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում գործը քննել պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո: Տվյալ դեպքում դատարանում ստացվել է Կենտրոն համայնքի ղեկավարի տեղակալի` դատարանին հասցեագրված 18.05.2006 թվականի թիվ 23/35-122-162 գրությունը, որով հայտնվել է, որ Աշոտ Մարգարյանին հնարավոր չէ ծանուցել քաղաքից բացակայելու պատճառով:

Սակայն, սույն գործի փաստերից ելնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, խախտել է պատասխանողի ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, ինչպես նաև 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Սույն եզրահանգումն ունի հետևյալ հիմնավորումը. պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը դատաքննության մասին ծանուցելու` օրենսդրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այս երկու սուբյեկտների ենթադրյալ կապը պատասխանող ֆիզիկական անձի հետ հնարավոր է և իրատեսական, և ողջամտորեն ենթադրելի է, որ այս սուբյեկտներից որևէ մեկը կարող է անձի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ դատաքննության մասին:

Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելիս դատարանը պետք է ողջամտորեն գնահատի օրենսդրի այս կարգավորման նպատակի իրագործելիության հնարավորությունը` տվյալ գործի փաստերից ելնելով: Նման գնահատման ողջամիտ չափորոշիչներ կարող են լինել, մասնավորապես` համայնքի ղեկավարի և դրա բնակիչների համայնքային կապերի ակտիվության մակարդակը, վերջին հայտնի աշխատավայրից անձի հեռանալու ժամկետը և այլ հանգամանքներ:

Բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել կամ ի չիք դարձնել` անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքը:

Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում:

Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ:

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն:

Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.05.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.01.2007
N 3-24(Ա)
Որոշում