Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 316-ՐԴ, 10-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 316-ՐԴ, 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                                 ԵՇԴ/0029/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՇԴ/0029/01/08

Նախագահող դատավոր` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ա. Պողոսյան, Ա. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

ք. Երևանում

 

2009 թվականի փետրվարի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

i

1. 2008 թ. ապրիլի 22-ին Գարուշ Նորիկի Մադաթյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2008 թ. ապրիլի 22-ին Գ. Մադաթյանը ձերբակալվել է: 2008 թ. ապրիլի 25-ին Գ. Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. ապրիլի 25-ի որոշմամբ Գ. Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: 2008 թ. ապրիլի 28-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գ. Մադաթյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել է գրավով: Նույն օրը գրավի գումարը մուծվել է, և Գ. Մադաթյանն ազատ է արձակվել: 2008 թ. մայիսի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, կիրառելով արագացած դատաքննություն, 2008 թ. հունիսի 17-ի դատավճռով Գ. Մադաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել և դատապարտել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի:

3. 2008 թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. հունիսի 17-ի դատավճռի դեմ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազության դատախազ Մ. Հակոբյանի կողմից վերաքննիչ բողոք է բերվել:

2008 թ. հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է` Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. 2008 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թ. հուլիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

i

2008 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով բողոքն ընդունել է վարույթ:

2009 թ. փետրվարի 13-ին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալի պաշտպան Թ. Ալեքսանյանը` խնդրելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թ. հուլիսի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Գարուշ Մադաթյանը, բնակվելով Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 50/1 շենքի 6-րդ հարկի 30 բնակարանում, ճանաչել և հարևանական նորմալ հարաբերությունների մեջ է գտնվել նույն շենքի 4-րդ հարկի 18 բնակարանում միայնակ բնակվող Քրիստինե Կարապետյանի հետ:

6. 2008 թ. ապրիլի 22-ին ժամը 02.30-ի սահմաններում Գ. Մադաթյանը, միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում տուն վերադառնալիս, շուրջ 40 րոպե թակել է Ք. Կարապետյանի բնակարանի մուտքի դուռը: Վերջինս, դուռը չբացելով, զանգահարել է իր համակուրսեցի, ոստիկանության Կենտրոնի բաժնի տեղամասային տեսուչ, վկա Էդուարդ Տիտիզյանին և տեղեկացրել տեղի ունեցողի մասին:

Է. Տիտիզյանն ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խնդրել ոստիկանության աշխատակիցներ ուղարկել հիշյալ հասցեով:

Ոստիկանության բաժնում ստացված ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ի օպեր-լիազոր, տուժող Վահան Էվինյանը, տեսուչ Խաչատուր Թորոսյանը և հերթապահ մասի վարորդ-ոստիկան Գևորգ Եզակյանը:

7. Գ. Մադաթյանը, նկատելով ոստիկանության աշխատակիցներին, փորձել է խուսափել նրանց հետ հանդիպելուց և բարձրացել է շենքի 6-րդ հարկ: Չհասցնելով բացել իր բնակարանի մուտքի դուռը` նա թաքնվել է հարթակի մութ անկյունում, սակայն ոստիկանության աշխատակիցները նրան գտել են և կատարվածը պարզելու նպատակով հրավիրել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գ. Մադաթյանը հրաժարվել է ոստիկանության բաժին գնալ և, չենթարկվելով ահազանգով ժամանած և իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, 5-րդ հարկի աստիճանահարթակում վեճի է բռնվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ի օպեր-լիազոր, տուժող Վ. Էվինյանի հետ, որի ընթացքում վերջինիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` գլխով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքին, մեջքին և մարմնի այլ մասերին` պատճառելով աջ բազկի շրջանի արնազեղման և կրծքավանդակի շրջանի քերծվածքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտնում է, որ ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները Գ. Մադաթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չեն առել նրա կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը:

Ի հիմնավորումն ասվածի` նշվում է, որ Գ. Մադաթյանի գործողությունների ագրեսիվությունը, հանցանքը ոգելից խմիչք օգտագործած վիճակում կատարելը վկայում են մեղադրյալի արարքի հասարակական բարձր վտանգավորության մասին, և ընդհանուր իրավասության դատարանի մատնանշած` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (բնակության վայրում դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, հանցանքը խոստովանելը և կատարվածի համար զղջալը) չեն նվազեցնում նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

9. Բողոքաբերը գտնում է նաև, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, որի դեմ Գ. Մադաթյանը ոտնձգել է: Ընդգծվում է, որ Գ. Մադաթյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը կոչված է պաշտպանելու պետական կառավարման բնականոն կենսագործունեությանն ուղղված այն հասարակական հարաբերությունները, որոնք ծավալվում են իշխանության մարմինների և քաղաքացիների միջև: Իշխանության ներկայացուցիչների դեմ կատարվող հանցագործությունները ոչ միայն խախտում են կառավարման նորմալ գործընթացը, այլ նաև թույլ չեն տալիս իշխանության ներկայացուցիչներին իրականացնել իրենց իշխանական լիազորությունները` հեղինակազրկելով թե՛ իշխանությունը, թե՛ նրա ներկայացուցիչներին:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերող անձը գտնում է, որ Գ. Մադաթյանի նկատմամբ նշանակված պատիժը ակնհայտ մեղմ լինելու պատճառով անարդարացի է: Նա կարծիք է արտահայտում այն մասին, որ Գ. Մադաթյանի նկատմամբ պետք է նշանակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով սահմանված պատիժներից առավել խիստը` ազատազրկումը, քանի որ նշված հանցագործության համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակները` տուգանքը կամ կալանքը, չեն կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը:

i

Բողոք բերող անձի կարծիքով` Գ. Մադաթյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածների խախտմամբ, ուստի նա պահանջում է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թ. հուլիսի 15-ի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին.

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում Գ. Մադաթյանի նկատմամբ առավել կամ նվազ խիստ պատժատեսակ և (կամ) պատժաչափ ընտրելիս հաշվի առնվել են արդյոք նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի սանկցիան այլընտրանքային է, այն հնարավորություն է տալիս դատարանին, ելնելով կոնկրետ հանցագործության հանրային վտանգավորության բնույթից և աստիճանից, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` ընտրելով հոդվածի սանկցիայով նախատեսված պատժատեսակներից որևէ մեկը` տուգանք, կալանք կամ ազատազրկում:

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:

14. Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը:

15. Արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում Վճռաբեկ դատարանը կարևորում է խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը:

16. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում նշվում է, որ Գ. Մադաթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նրա կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը դիտել է հանցանքը ալկոհոլային հարբած վիճակում կատարած լինելը, իսկ որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ` բնակության վայրում դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, հանցանքը խոստովանելը և կատարածի համար զղջալը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում Գ. Մադաթյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանի մասին նշումն իր արտացոլումը չի գտել դատարանի նշանակած պատժատեսակում և պատժաչափում: Գ. Մադաթյանի նկատմամբ նվազ խիստ պատիժ նշանակելիս ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել Գ. Մադաթյանի կողմից հանցանքի կատարման եղանակը և հանցագործությամբ պատճառված վնասի չափը, մասնավորապես այն, որ Գ. Մադաթյանը ալկոհոլային հարբածության վիճակում շուրջ 40 րոպե տևողությամբ թակել է միայնակ բնակվող հարևանուհու դուռը, անհանգստացրել նրան, որի պատճառով վերջինս ստիպված է եղել դիմել ոստիկանություն, իսկ ոստիկանների ժամանելուց հետո նա ոչ միայն չի ենթարկվել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, այլև վեճի է բռնվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ի օպեր-լիազոր, տուժող Վ. Էվինյանի հետ, որի ընթացքում գլխով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքին, մեջքին և մարմնի այլ մասերին:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ. Մադաթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր անդրադառնալ նրա արարքի սոցիալական հետևանքներին, ինչպես նաև հաշվի առնել հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը:

18. Վճռաբեկ դատարանի կարծիքով, ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանները որոշում կայացնելիս ճիշտ չեն գնահատել Գ. Մադաթյանի արարքի հանգամանքները, սխալ են կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչն էլ հանգեցրել է նրա նկատմամբ ակնհայտ մեղմ լինելու պատճառով անարդարացի պատժի նշանակման:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս բեկանել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ակտերը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

19. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

i

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.02.2009
N ԵՇԴ/0029/01/08
Որոշում