Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻ ...

 

 

040.1015.100909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 1015-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1717-Ն որոշման 1-ին կետը` կանոնադրությունը հաստատելու մասով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերակազմակերպելու, «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը «մասնագիտական» բառից հետո լրացնել «ինչպես նաև լրացուցիչ» բառերով.

2) որոշման 5-րդ կետի «զ» ենթակետը «հրատարակչական» բառից հետո լրացնել «-տպագրական» բառով.

3) որոշման 5-րդ կետի «է» ենթակետը «սովորողների» բառից հետո լրացնել «և աշխատողների» բառերով.

4) որոշման 5-րդ կետի «ը» ենթակետը «ուսուցման» բառից հետո լրացնել «և այլ դասընթացների» բառերով.

5) որոշման 5-րդ կետի «ժա» ենթակետը «մշակութային» բառից առաջ լրացնել «ուսումնամարզաառողջարարական» բառով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի օգոստոսի 27-ի

N 1015-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական և այլ բնագավառներում ուսումնառության կազմակերպմանը: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական (ավագ դպրոց), միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրեր:

(1-ին կետը փոփ. 07.07.11 թիվ 942-Ն որոշում)

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

i

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային, կրթական ու գիտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված իրավունքներ և պարտականություններ:

Համալսարանը «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարան», «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Տեմպ» հենակետային վարժարան» և «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:

(3-րդ կետը փոփ. 07.07.11 թիվ 942-Ն որոշում)

4. Համալսարանը կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել նաև ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները համալսարանում չեն գործում` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, ուսանողական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:

6. Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

7. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և մեդալ:

8. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «ՀՊՃՀ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` «Գօսուդարստվենիյ ինժեներնիյ ունիվերսիտետ Արմենիի (Պօլիտեխնիկ)» գօսուդարստվեննայա նեկօմմերչեսկայա օռգանիզացիյա.

4) ռուսերեն կրճատ` «ԳԻՈՒԱ» ԳՆՕ.

5) անգլերեն լրիվ` «State Engineering University of Armenia (Polytechnic)» state noncommercial organization.

6) անգլերեն կրճատ` «SEUA» SNCO:

9. Համալսարանի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 0009, Տերյան 105:

10. Համալսարանն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում և Կապանում:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Համալսարանի հիմնական նպատակներն են`

1) կրթական և գիտական ծրագրերի ստեղծումը, իրականացումը և ծառայությունների մատուցումը` Հայաստանի Հանրապետության տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական կարիքները բավարարելու նպատակով.

2) ուսանողներին` կյանքին, կարիերայի ընտրությանը, մասնագիտական առաջընթացին նախապատրաստելը` փոփոխվող սոցիալ-տնտեսական միջավայրում գործելու համար.

3) նպաստավոր միջավայրի ստեղծումը` անհատի համակողմանի զարգացման, ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակման համար:

12. Համալսարանի հիմնական խնդիրներն են`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության, կրթության զարգացումը գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.

3) բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների և բարձրագույն որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական և այլ բնագավառներում.

4) տեխնիկական և այլ գիտությունների բնագավառներում գիտական, գիտամեթոդական հետազոտությունների և ինովացիոն ծրագրերի իրականացումը.

5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

6) ուսումնական և գիտատեխնիկական գրականության ստեղծումն ու հրատարակումը, բնակչության շրջանում գիտելիքների տարածումը.

7) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

13. Առաջադրված խնդիրներին համապատասխան` համալսարանն իրավասու է`

1) որոշելու իր կառուցվածքը, սահմանված կարգով ստեղծելու ֆակուլտետներ, բաժանմունքներ, ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ հիմնադրի որոշմամբ` ունենալու նաև հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.

2) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, ընդունելություն և ուսումնական գործընթաց, այլ բուհերից ուսանողների տեղափոխում համալսարան և համալսարանից` այլ բուհեր, ընդունելություն` երկրորդ մասնագիտությամբ ուսուցման, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերով.

3) ընտրելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերը, կարգը և պարբերականությունը.

4) պետական կրթական չափորոշիչների համաձայն մշակելու և հաստատելու մասնագիտությունների ու մասնագիտացումների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը.

5) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ, սահմանելու համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.

6) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ, իրականացնելու ուղղակի, երկկողմանի ու բազմակողմանի կապեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների, գիտական և այլ կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու համատեղ աշխատանքներ`

ա. մասնագետների վերապատրաստում,

բ. ուսանողների և ասպիրանտների ուսուցում ու փոխանակում,

գ. դասախոսների որակավորման բարձրացում և փոխանակում,

դ. բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցում,

ե. մշակութային, լուսավորչական և այլ գործունեություն.

7) մասնակցելու և իրականացնելու տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրեր, կատարելու գիտական հետազոտություններ, կազմակերպելու գիտաժողովներ և արշավախմբեր.

8) որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը և բաշխումը, այդ թվում` գիտամանկավարժական կազմի համալրումը.

9) սահմանելու պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական և գիտական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակելու ընտրության ընթացակարգերը և անցկացնելու ընտրություններ.

10) ապահովելու սովորողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներին.

11) իրականացնելու հրատարակչական գործունեություն, ստեղծելու հրատարակչություն և տպարան.

12) իրականացնելու ֆինանսական կառավարում` ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, ուսման վարձի փոխհատուցումը, ուսանողական նպաստների տրամադրումը, համալսարանի պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.

13) ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները` ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգն ու չափերը, սահմանելու անվանական կրթաթոշակներ.

14) ստեղծելու ուսումնամարզաառողջարարական բազաներ, մանկապարտեզ, սննդի, առաջին բժշկական օգնության և այլ սոցիալական օբյեկտներ:

14. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև` լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

5) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

6) հրատարակչական-տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) սովորողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

8) համակարգչային ծրագրերի ու լեզուների ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

9) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

10) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

11) ուսումնամարզաառողջարարական, մշակութային գործունեության ծավալում:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ` համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

16. Լիազոր պետական մարմինը`

1) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ.

2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

3) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները.

4) իրականացնում է վերահսկողություն համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս համալսարանի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

17. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 32 է:

18. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային միավորները`

1) կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել համալսարանի ցանկացած աշխատող.

2) համալսարանի կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

3) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

19. Համալսարանի ուսանողների ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները`

1) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

2) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ստորաբաժանումներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.

3) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

20. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

21. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

22. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

23. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարեկան 2 անգամ` հունիսին և դեկտեմբերին: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

24. Նիստերը համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում:

25. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

26. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող: Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

27. Խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի և մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգերն ու կազմակերպում ռեկտորի և մասնաճյուղի տնօրենի ընտրությունները.

3) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է համալսարանի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը և դրանում կատարվելիք փոփոխությունները.

4) քննարկում և սահմանված կարգով հիմնադրի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կանոնադրությունը կամ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.

5) քննարկում և ընդունում է համալսարանի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը, տալիս հաջորդ ուսումնական տարվա համար ռազմավարական ծրագրից բխող հանձնարարականներ.

6) քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն` քննարկում և գնահատում է համալսարանի տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

28. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները.

3) խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին.

4) հաշվետու է խորհրդի առջև.

5) խորհրդի որոշմամբ իրականացնում է խորհրդի` իրեն փոխանցված լիազորությունները:

29. Խորհրդի անդամներն իրավասու են`

1) մասնակցելու խորհրդի նիստերին` վճռական ձայնի իրավունքով.

2) ընտրելու և ընտրվելու խորհրդի հանձնախմբերում.

3) մասնակցելու այլ հանձնախմբերի աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ:

30. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

1) իր դիմումի համաձայն.

2) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.

3) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.

4) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

5) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

31. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

32. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 18-22-րդ կետերի պահանջներին համապատասխան:

33. Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

34. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, նիստերը գումարվում են ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

35. Համալսարանի գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում է համալսարանի` ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության պլանների նախագծերը և ընդունում որոշումներ.

3) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների` դրանք ներկայացնելով լիազորված պետական մարմին.

4) ըստ կրթական ծրագրերի` որոշում է սովորողների ամփոփիչ ատեստավորման պահանջները` համաձայն կրթական չափորոշիչների.

5) հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակը.

6) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի, բաժանմունքի և ամբիոնի վարիչների ընտրությունների կարգերը.

7) կազմակերպում է պրոֆեսորադասախոսական կազմի և ստորաբաժանումների ղեկավարների թափուր պաշտոնատեղերի թեկնածուների մրցութային ընտրությունը.

8) ներկայացնում է առաջարկություններ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ստեղծելու վերաբերյալ, ինչպես նաև ընդունում է որոշումներ ֆակուլտետներ, բաժանմունքներ, ամբիոններ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու մասին.

9) սահմանում և շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, ներկայացնում թեկնածություններ` գիտական կոչումների, հանրապետական ու միջազգային մրցանակների և պարգևների համար.

10) քննարկում և հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը.

11) քննարկում է համալսարանի մասնաճյուղերի տարեկան գործունեության մասին հաշվետվությունները, հաստատում հաջորդ ուսումնական տարվա համար աշխատանքային պլանները.

12) քննարկում է համալսարանի միջազգային կապերի ուղղությունները, համագործակցության ծրագրերը և միջազգային պայմանագրերի նախագծերը.

13) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող և համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպմանն առնչվող այլ լիազորություններ.

14) քննարկում և հաստատում է ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը:

36. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը:

37. Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի տնօրենները, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական գիտական ընկերության նախագահը, ֆակուլտետների դեկանները և բաժանմունքների վարիչները: Ի պաշտոնե, ինչպես նաև ռեկտորի կողմից առաջադրված անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են` ներառյալ ուսանողական խորհրդի նախագահը, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համալսարանի ուսանողական խորհուրդը: Գիտական խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից` գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված համամասնություններով և կարգով:

38. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե գիտական խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունել:

39. Համալսարանի զարգացման հիմնական ուղղությունները մշակելու և գիտական խորհրդի գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով գիտական խորհրդին կից, նրա որոշմամբ, ստեղծվում են մշտական հանձնաժողովներ, որոնց կազմերը հաստատում է ռեկտորը` 3-5 տարի ժամկետով: Հանձնաժողովների կառուցվածքը և աշխատակարգը սահմանվում են գիտական խորհրդի կանոնակարգով:

40. Ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որն իր կանոնակարգի համաձայն և իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի ընթացիկ գործունեությանը վերաբերող բոլոր հարցերը:

41. Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ուսումնամեթոդական վարչության պետը, գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդական, գլխավոր հաշվապահը, արհեստակցական միության և ուսանողական խորհրդի նախագահները, մասնաճյուղերի տնօրենները, ֆակուլտետների դեկանները, բաժանմունքների վարիչները և ռեկտորի որոշմամբ` համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

42. Համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարումը, իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան, իրականացնում է համալսարանի գործադիր մարմինը` ռեկտորը: Ռեկտորն ընտրվում է համալսարանի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ` 5 տարի ժամկետով, և այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

43. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական ստաժ, դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը:

44. Ռեկտորի ընտրությունները կազմակերպվում են համալսարանի խորհրդի կողմից սահմանված բաց մրցույթի կարգով` գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների 2/3 ձայները, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

45. Ռեկտոր ընտրված անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված մարմնի ղեկավարը:

46. Համալսարանի ռեկտորը`

1) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, գիտաարտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի ու ռեկտորատի նիստեր.

4) համալսարանի խորհրդին է ներկայացնում տարեկան հաշվետվություն համալսարանի գործունեության վերաբերյալ.

5) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

6) սույն կանոնադրությանը համապատասխան` կնքում է աշխատանքային պայմանագրեր մասնաճյուղերի տնօրենների, ֆակուլտետների դեկանների, բաժանմունքների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների հետ.

7) արձակում է հրամաններ, այդ թվում` ուսանողների ընդունելության, նրանց կուրսից կուրս փոխադրելու, տեղափոխելու, ուսումնառության դադարեցման, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճաններ շնորհելու մասին, տալիս դրանց կատարման համար պարտադիր հրահանգներ և ցուցումներ, վերահսկում դրանց կատարումը.

8) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի հիմնարկների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները.

9) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ` կնքում է խոշոր գործարքներ.

10) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

47. Համալսարանի մասնաճյուղի տնօրենն ընտրվում է համալսարանի խորհրդի նիստում` բաց մրցույթով, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, և պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

48. Համալսարանի պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի հրամանով և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) իրականացնում են համալսարանի (մասնաճյուղի) գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարումը` ռեկտորի հրամաններին համապատասխան: Ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ դրանք վաղակետ դադարեցվելու դեպքում պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) շարունակում են իրենց պարտականությունների կատարումը` պաշտոնակատարի կարգավիճակով` մինչև նոր ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) ընտրությունը:

49. Համալսարանի ռեկտորը (մասնաճյուղի տնօրենը) և պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) իրավունք ունեն կատարելու վճարովի գիտամանկավարժական աշխատանք` համատեղության կարգով: Լիազորությունների ժամկետի ավարտից հետո նրանք համալսարանում ապահովվում են իրենց գիտամանկավարժական որակավորմանը համապատասխան պաշտոնով:

50. Համալսարանի ռեկտորը (մասնաճյուղի տնօրենը) գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին (մասնաճյուղին) պատճառված վնասի համար:

51. ՈՒսումնական ստորաբաժանման (ֆակուլտետի, բաժանմունքի, ամբիոնի) ղեկավարի ընտրության կարգը սահմանվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված համապատասխան կանոնակարգերով: Ընտրված անձի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Համալսարանում նույն անձին չի թույլատրվում միաժամանակ զբաղեցնել 2 ղեկավար պաշտոն:

52. Համալսարանը մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում հնգամյա ռազմավարական (ստրատեգիական) ծրագրեր, որոնցով սահմանվում են համալսարանի հիմնական նպատակները, դրանց իրականացման միջոցառումների ցանկը: Ռազմավարական ծրագիրը լիազորված մարմնի կողմից համալսարանի գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմնական ծրագրային փաստաթուղթն է:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

53. Համալսարանի և նրա մասնաճյուղերի կառուցվածքը սահմանվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ: Համալսարանի (մասնաճյուղի) կառուցվածքային ստորաբաժանումներն են համարվում ֆակուլտետները, բաժանմունքները, ամբիոնները, գրադարանը, տպարանը, գիտական կենտրոններն ու լաբորատորիաները և այլ ստորաբաժանումներ:

54. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասություններն ու գործունեության սկզբունքները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնակարգերով, որոնք հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:

55. Մասնաճյուղը համալսարանի տարածաշրջանային կառուցվածքային ստորաբաժանումն է, որը համալսարանի անունից լիազորված է իրականացնելու բարձրագույն մասնագիտական, ինչպես նաև այլ կրթական ծրագրեր` տարածաշրջանի կրթական և գիտական պահանջները բավարարելու համար:

56. Մասնաճյուղն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական ակտերով, համալսարանի և իր կանոնադրություններով:

57. Համալսարանի ֆակուլտետը համալսարանի (մասնաճյուղի) ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական ստորաբաժանումն է, որն իրականացնում է մասնագետների պատրաստումը` մեկ կամ մեկից ավելի հարակից մասնագիտությունների գծով, և (կամ) ընդհանուր կրթության առանձին բաղադրամասերի ուսուցումը:

58. Ֆակուլտետն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է ռեկտորի հրամանով` գիտական խորհրդի առաջարկությամբ:

59. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, ուսումնական և գիտական լաբորատորիաներից: Ֆակուլտետն ինքնուրույն տնօրինում է իրեն հատկացված արտաբյուջետային ֆինանսական միջոցները:

60. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և ֆակուլտետի դեկանը:

61. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալը (տեղակալները), ֆակուլտետների ամբիոնների վարիչները, առաջատար պրոֆեսորները և դոցենտները, ինչպես նաև ֆակուլտետի գիտամանկավարժական կազմի այլ ներկայացուցիչներ, ֆակուլտետի արհեստակցական կազմակերպության ղեկավարը և ուսանողներ: ՈՒսանողական համակազմի ներկայացուցիչները պետք է կազմեն խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսը: Ֆակուլտետի խորհրդի թվաքանակը և ցուցակային կազմը հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից` 5 տարի ժամկետով:

62. Ֆակուլտետի խորհուրդը`

1) քննարկում և համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի կանոնակարգը.

2) կազմակերպում է ֆակուլտետի դեկանի ու ամբիոնի վարիչի թափուր տեղերի թեկնածուների առաջադրումը և պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնատեղերի թեկնածուների մրցութային ընտրությունը.

3) գիտական խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կազմում ամբիոններ և այլ ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ.

4) քննարկում և ընդունում է ֆակուլտետի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը, հաստատում ֆակուլտետի ֆինանսական միջոցների տարեկան նախահաշիվը, ֆակուլտետի տարեկան աշխատանքային պլանը.

5) առաջադրում է ֆակուլտետի ներկայացուցիչներ համալսարանի գիտական խորհրդի կազմում.

6) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանն առնչվող այլ հարցեր.

7) ֆակուլտետի խորհրդի աշխատանքն իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի համար կազմված աշխատանքային պլանի համաձայն: Աշխատանքային պլանը ֆակուլտետի խորհրդի քննարկումից հետո հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից: Ֆակուլտետի խորհրդի ուսումնական և գիտական գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Թափուր պաշտոնատեղերի տեղակալման և գիտական կոչումների շնորհման նպատակով թեկնածուների վերաբերյալ որոշումներն ընդունվում են փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ.

8) խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում ֆակուլտետի դեկանի կողմից հաստատվելուց հետո: Ֆակուլտետի խորհրդի նիստերն արձանագրվում են:

63. Ֆակուլտետը ղեկավարում է ֆակուլտետի դեկանը, ով բաց մրցութային հիմունքներով ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով: Ընտրված թեկնածուին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը` մինչև 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի և դեկանի գործունեության ոլորտները և իրավասությունները սահմանվում են ֆակուլտետի կանոնակարգով: Ֆակուլտետի դեկանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ: Ֆակուլտետի դեկանի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

64. Համալսարանի բաժանմունքը համալսարանի` սեփական գիտամանկավարժական կազմ չունեցող կառուցվածքային ստորաբաժանում է, որն ստեղծվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ` ուսուցման առանձին ձևերի և աստիճանների, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրերի կազմակերպման համար: Բաժանմունքի կառուցվածքը, իրավասությունը, գործունեության սկզբունքները կարգավորվում են համալսարանի բաժանմունքի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:

65. Բաժանմունքի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժանմունքի վարիչը, ում բաց մրցույթով ընտրում է համալսարանի գիտական խորհուրդը, և պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը` 5 տարի ժամկետով: Բաժանմունքի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

66. Ամբիոնը համալսարանի կամ ֆակուլտետի ուսումնական և գիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը, միավորելով մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում է որոշակի ուսումնական մասնագիտության (մասնագիտացման) կամ ուսումնական պլանի որոշակի մասի ուսուցումը և համապատասխան ուսումնամեթոդական ու գիտահետազոտական գործընթացը:

67. Ըստ ենթակայության` համալսարանում կարող են լինել ֆակուլտետային ամբիոններ և համահամալսարանական ամբիոններ:

68. Ամբիոնն ստեղծվում ռեկտորի հրամանով` գիտական խորհրդի որոշմամբ, որին ամբիոնի ստեղծման առաջարկություն է ներկայացնում ֆակուլտետը (մասնաճյուղը): Ամբիոնը գործում է սույն կանոնադրությանը և համալսարանի ամբիոնի կանոնակարգին համապատասխան:

69. Ամբիոնը մշակում է իր կողմից իրականացվող մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանները և այդ պլաններով նախատեսվող առարկայական ծրագրերը, իրականացնում է դրանց համապատասխան ուսումնական գործընթաց, մասնակցում արտադրական և հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագրային կապեր հաստատելու գործընթացին, առաջադրում թեկնածություններ` ֆակուլտետի դեկանի ու ամբիոնի վարիչի և պրոֆեսորադասախոսական կազմի թափուր տեղի համար, ստեղծում է իր պրոֆիլին բնորոշ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ հրատարակություններ:

70. Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, ով բաց մրցութային հիմունքներով ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով` ամբիոնի նիստի և ֆակուլտետի խորհրդի առաջադրմամբ: Ընտրված թեկնածուն ռեկտորի կողմից նշանակվում է ամբիոնի վարիչի պաշտոնում` 5 տարի ժամկետով, և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Ամբիոնի վարիչը, որպես կանոն, իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

71. Ամբիոնի ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

72. Համալսարանում իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթություն` բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով, և հետբուհական մասնագիտական կրթություն` հետազոտողի ծրագրով:

73. Համալսարանն իրականացնում է նաև հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրեր:

74. Համալսարանում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերն իրականացվում են առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատ) ձևերով:

75. Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

76. Համալսարանում բարձրագույն կրթության առաջին աստիճանում` բակալավրիատում, ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով, առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող քաղաքացիների դիմումներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի և նրա կողմից հաստատված մասնագիտությունների ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության և հավասարության սկզբունքների կիրառմամբ:

77. Համալսարանը դիմորդներին ծանոթացնում է իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին, որի մասին տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

78. Համալսարանն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի ձևաթուղթը հրապարակվում է համալսարանի ընդունելության հայտարարության հետ միասին և տրամադրվում է դիմորդներին:

79. Համալսարանն իրավունք չունի փոփոխություն կատարելու ուսանողի հետ կնքած պայմանագրում:

80. Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի` մագիստրատուրայի մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ` գիտական խորհրդի հաստատած կանոնակարգով:

81. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի և մասնագիտությունների ցանկի:

82. Համալսարանի սովորողին տրվում է ուսանողական (ասպիրանտական) տոմս և ստուգման գրքույկ:

83. Հայցորդությանը վերաբերող փաստաթղթերը ձևակերպվում են թեկնածուական ատենախոսության համար գիտական թեմայի առկայության հիման վրա:

84. Դոկտորանտուրային վերաբերող փաստաթղթերը ձևակերպվում են գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի և դոկտորական ատենախոսության համար գիտական թեմայի առկայության հիման վրա:

85. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:

86. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով: Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային տևողությունը, ուսումնական տարվա սկիզբն ու վերջը որոշվում են համապատասխան պետական կրթական չափորոշիչներով:

87. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) ու լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկա, ինչպես նաև ուսանողի ինքնուրույն աշխատանք:

88. ՈՒսուցման բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը տարբերակվում են` համաձայն ուսումնական մասնագիտությունների, որոնց ցանկը` իրականացվող յուրաքանչյուր հիմնական կրթական ծրագրի համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում կարող են ստեղծվել մասնագիտացումներ:

89. Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որը որոշում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների ու առարկաների, ինչպես նաև տարեկան ուսումնական ժամանակացույցով:

90. Համալսարանի` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով ակադեմիական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

91. ՈՒսումնական պլանները կազմում են համալսարանի ֆակուլտետները` ամբիոնների մասնակցությամբ, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և հաստատվում են համալսարանի գիտական խորհրդի կողմից ու ներկայացվում պետական լիազորված մարմնին:

92. Ըստ նշանակության` ուսումնական առարկաները (դասընթացները) դասակարգվում են երկու խմբի` պարտադիր ուսուցման առարկաներ և ընտրովի առարկաներ (էլեկտիվներ):

93. ՈՒսումնական առարկաների նպատակները, բովանդակությունը, տրամաբանական հաջորդականությունը, փոխադարձ կապը, երաշխավորվող գրականությունը, ուսումնական պլանով հատկացված ժամաքանակի բաշխումը` ըստ պարապմունքների ձևերի, և քննական պահանջները սահմանվում են համալսարանի համապատասխան ամբիոնների կողմից կազմվող առարկայական ծրագրերով, որոնք հաստատում է նշված աշխատանքները համակարգող պրոռեկտորը:

94. ՈՒսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները ենթակա են ստուգման և գնահատման` ըստ գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի:

95. Համալսարանի ուսանողներին, ովքեր կատարել են ուսումնական պլանի բոլոր պահանջները, թույլատրվում է մասնակցել ամփոփիչ պետական ատեստավորմանը, որն իրականացվում է պետական քննությունների և (կամ) դիպլոմային (ավարտական) աշխատանքի պաշտպանության միջոցով: Պետական քննությունն իրականացվում է ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական առարկաների ուսումնառության ավարտից հետո և նախորդում է դիպլոմային (ավարտական) աշխատանքի պաշտպանությանը:

96. Դիպլոմային (ավարտական) աշխատանքի և մագիստրոսական ատենախոսության պաշտպանության իրավունք վերապահվում է համապատասխան կրթական ծրագրով սովորող այն անձանց, ովքեր լրիվ ծավալով ուսումնասիրել ու հանձնել են մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները, անցել են պահանջվող բոլոր պրակտիկաներն ու հանձնել պետական ամփոփիչ քննություն:

97. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառությունն ավարտած և համալսարանի` ամփոփիչ պետական ատեստավորում անցած անձանց սահմանված կարգով շնորհվում է որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում որակավորման շնորհված աստիճանը հաստատագրող ավարտական փաստաթուղթ` համապատասխան ներդիրով`

1) բակալավրի դիպլոմ.

2) մագիստրոսի դիպլոմ.

3) բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ.

4) հետազոտողի դիպլոմ:

98. Ավարտական փաստաթղթում նշվում են մասնագիտությունը (մասնագիտացումը) և վերջինիս հավատարմագրված լինելու փաստը:

99. Կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

100. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է համալսարանի սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):

101. Տվյալ աստիճանի ավարտական փաստաթղթի առկայությունը համալսարանում հաջորդ աստիճանի կրթական ծրագրով ընդունելության պարտադիր պայման է:

102. Բարձրագույն մասնագիտական կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթությունը ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթության ստացում:

103. Համալսարանում գիտամանկավարժական կադրերի պատրաստումը` ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և համալսարանի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն:

104. Գիտական աստիճաններ շնորհում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

105. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

106. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումն ու հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

107. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

108. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով համալսարանը կազմակերպում է որակի ներքին և արտաքին գնահատման գործընթաց, հրապարակում է որակի գնահատման և (կամ) հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները, ինչպես նաև որակի գնահատման ընթացիկ արդյունքները:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

109. Համալսարանի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

110. Համալսարանում սահմանվում են գիտամանկավարժական կազմ` պրոֆեսորադասախոսական կազմ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, ավագ դասախոս, դասախոս) և գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:

111. Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոնների նշանակումը կատարվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական կազմի աշխատողի հետ կարող է կնքվել նոր պայմանագիր` մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության գնահատման հիման վրա:

112. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն.

1) համալսարանի կանոնադրությամբ և ուսումնական ստորաբաժանումների կանոնակարգերով սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի (մասնաճյուղի) խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում ու համալսարանի ընտրովի այլ մարմիններում և պաշտոններում.

2) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը.

3) բողոքարկելու համալսարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) իրենց մասնագիտական գործունեության համար ունենալու անհրաժեշտ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ.

5) ընտրելու գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք կատարելու իրենց ընտրած մեթոդներով.

6) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

7) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ.

8) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային կամ համալսարանի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից` համալսարանի կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան:

113. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության և համալսարանի ներքին կարգապահական կանոնների դրույթները.

2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, իրականացվող գիտական հետազոտությունների որակը և արդյունավետությունը.

4) ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.

5) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ, զարգացնել պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

6) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.

7) նպաստել համալսարանի հեղինակության բարձրացմանը:

114. Գիտական և ուսումնամեթոդական բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ, պարգևներ, պատվավոր կոչումներ` ըստ համալսարանի գիտական խորհրդի հաստատած կարգի: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում են հատուկ մրցանակներ:

115. Համալսարանի աշխատողների, այդ թվում` վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի ներքին կարգապահական կանոններով:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

116. Համալսարանի սովորողներ են համարվում միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու համար համալսարան ընդունված անձինք:

117. Համալսարանի սովորողն իրավունք ունի`

1) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում մասնակցելու իր կրթության բովանդակության պլանավորմանը, պարտադիր և ոչ պարտադիր (էլեկտիվ) ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը, ստանալու գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

2) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում և ցանկացած այլ բուհում.

3) սովորելու անհատական պլաններով, այդ թվում` ուսուցման կրճատված տևողությամբ, մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.

4) մասնակցելու ուսուցման որակի ապահովման և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության գնահատման գործառույթներին.

5) անվճար օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

6) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություններ և այլն) և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.

7) սահմանված կարգով մասնակցելու համալսարանի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմինների աշխատանքներին.

8) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

9) օգտվելու ուսման տարեկան վարձի` մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում` անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, նպաստ, ինչպես նաև ուսանողական վարկ.

11) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերին, համալսարանի հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների մասին.

12) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ ունենալու արձակուրդ` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.

13) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

14) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքում` համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

15) փոխադրվելու մեկ այլ բուհ, այդ թվում` օտարերկրյա պետությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

16) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով:

118. ՈՒսման վճարի փոխհատուցում` նպաստի ձևով, տրվում է մրցույթի արդյունքներով համալսարան ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի թվին և կարգին համապատասխան:

119. Գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագծի դրսևորելու համար ուսանողներին տրվում է պետական կրթաթոշակ, որը տալու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

120. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի համալսարանում վերականգնվելու` պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

121. Համալսարանի ուսանողներն պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները.

2) տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.

3) կատարել համալսարանի կանոնադրության և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականություններն ու պահանջները.

4) հաճախել ուսումնական պլանով նախատեսված բոլոր պարապմունքներին.

5) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:

122. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Պայմանագրով նախատեսված ժամկետներում ուսման վարձը չվճարելու դեպքում պայմանագրի գործողությունը դադարեցվում է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

123. ՈՒսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլաններով ու ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, համալսարանի տարածքում և նրա սահմաններից դուրս խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

124. Չի թույլատրվում ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

125. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: ՈՒսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ուսանողական խորհրդի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:

126. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները համալսարանի գիտամանկավարժական և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են սույն կանոնադրության 102-րդ կետով սահմանված իրավունքներից:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

127. Համալսարանի գույքը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով հանձնված անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում ստեղծված ու ձեռք բերված գույքից:

128. Համալսարանն ունի սեփականության իրավունք ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, համալսարանի գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

129. Համալսարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին ու իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

130. Համալսարանը կարող անժամկետ և անհատույց օգտագործել հիմնադրի կողմից իրեն ամրացված ցանկացած գույք: Համալսարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

131. Համալսարանի միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից`

1) հիմնադրի կողմից համալսարանին սեփականության կամ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության գույք,

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներ.

3) վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական-տպագրական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություններից գոյացած միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած նվիրատվություններ, բարեգործական, հովանավորչական, նպատակային ներդրումներ և կտակված գույք.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:

132. Համալսարանի գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

2) պայմանագրերից գոյացած միջոցները.

3) հիմնադրամների` ներառյալ արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն.

4) դրամաշնորհները.

5) գիտական, հրատարակչական, խորհրդատվական և օրենքով չարգելված այլ գործունեությունից գոյացած միջոցները.

6) գիտական արդյունքների ներդրումից և իրացումից գոյացած միջոցները:

133. Համալսարանի գործունեության գիտական և գիտատեխնիկական արդյունքների տնօրինման, տիրապետման և օգտագործման պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

134. Համալսարանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին ինքնուրույն ձևավորում է աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:

135. Համալսարանն ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձևը և համակարգը, լրավճարների, հավելումների, պարգևատրումների և նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաև բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը:

136. Համալսարանի աշխատողին աշխատավարձը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառնական պարտականությունների և աշխատանքների կատարման համար:

137. Համալսարանի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

138. Հաստատության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

 

IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

139. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

140. Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2009
N 1015-Ն
Որոշում