Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Քրեական գործ թիվ ՎԲ-03/08

քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռ

քրեական գործ թիվ 262/04

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

դատավորներ` Ա. Դանիելյան,

Ժ. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                              Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              

                                              ք. Երևանում

 

2008 թվականի փետրվարի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Կարեն Լյովայի Մարկոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 22-ի դատավճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Կարեն Լյովայի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2004 թվականի փետրվարի 23-ի դատավճռով Կարեն Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 11 (տասնմեկ) տարի ժամկետով:

Կարեն Մարկոսյանի պաշտպանի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2004 թվականի հուլիսի 22-ի դատավճռով` քաղաքացիական հայցի մասով փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը` մասնակիորեն բավարարելով տուժողի իրավահաջորդ և քաղաքացիական հայցվոր Ս. Հարությունյանի վերաքննիչ բողոքը, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց բավարարման:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վերոհիշյալ դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:

i

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիման վրա, 2008 թվականի հունվարի 21-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

2003 թվականի մայիսի 14-ին սույն գործով դատապարտյալ Արայիկ Խաչատրյանը հայտնել է Կարեն և Թաթուլ Մարկոսյաններին նույն թաղամասի բնակիչ Ալիկ Հարությունյանի կողմից իր հասցեին անվայելուչ արտահայտություն անելու մասին և առաջարկել հարցը պարզելու համար գնալ նրանց տուն:

Արայիկ Խաչատրյանը և Կարեն Մարկոսյանը մտնելով տան բակ, դուրս են կանչել Ալիկ Հարությունյանի եղբորը` Հովհաննես Հարությունյանին: Փողոց են դուրս եկել նաև Ալիկ Հարությունյանը, նրա ընկեր Ռոման Հակոբյանը և ազգական Արսեն Ալեքսանյանը:

Հեռանալով Հարությունյանների տան դարպասից 30-40 մետր, Արայիկ Խաչատրյանը վրդովված հարցրել է, թե ինչու է Ալիկ Հարությունյանը իր հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տվել: Արսեն Ալեքսանյանն ու Հովհաննես Հարությունյանը խնդրել են հարցը քննարկել մեկ այլ օր, քանի որ այդ օրը Ալիկ Հարությունյանի ծննդյան օրն է: Արայիկ Խաչատրյանի հետ այդտեղ եկած և քիչ հեռու կանգնած Արմեն Մելտոնյանը արել է արհամարհական արտահայտություն, ինչից հետո իրարանցում է սկսվել և վիճաբանությունը վերածվել է կռվի: Խմբով կռվել են Արայիկ Խաչատրյանը, Կարեն և Թաթուլ Մարկոսյանները` մի կողմից, և Հովիկ, Ալիկ Հարությունյաններն ու Ռոման Հակոբյանը` մյուս կողմից: Այդ ընթացքում Արայիկ Խաչատրյանն ու Թաթուլ Մարկոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ու կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հայհոյանքներ են տվել, իսկ Կարեն Մարկոսյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Հովհաննես Հարությունյանի սրտի շրջանին: Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է, որ նա արդեն մահացած է:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Ըստ բողոք բերած անձի` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները «ճիշտ չեն գնահատել վիճաբանության առիթը, հանցագործության կատարման շարժառիթը և իրական դրդապատճառները` արարքի իրավական որակման հարցում հանգելով ակնհայտ սխալ եզրակացության», դատարանները Կ. Մարկոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որակելու փոխարեն «սխալ կարգով» որակել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

2. Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է Կարեն Մարկոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը բեկանել և փոփոխել` արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և «նրան դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է, և այն պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

Արարքի ճիշտ քրեաիրավական գնահատման համար խիստ կարևոր է հանցագործության շարժառիթի բացահայտումը հատկապես այն դեպքերում, երբ այն ընդգրկված է քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի դիսպոզիցիայում, որպես տվյալ հանցակազմի պարտադիր հատկանիշ:

Մասնավորապես` արարքը որպես խուլիգանական դրդումներով կատարված կամ հասարակ սպանություն որակելու հարցում վճռորոշ նշանակություն ունի հանցագործության շարժառիթների, ինչպես նաև սուբյեկտիվ կողմը բնութագրող այլ հատկանիշների մանրակրկիտ ուսումնասիրությունը: Արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունի` արդյոք սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով, թե այդպիսի դրդումների բացակայության պայմաններում:

Հանցավորի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով այն դեպքում, երբ սպանության հիմնական շարժառիթը խուլիգանական է, այսինքն` հանցավորի գործողություններում գերակայում է հասարակական կարգի նկատմամբ արհամարհանքը, այլ կերպ` երբ սպանությունը տեղի է ունենում որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն և դրանով արտահայտվում է հանցավորի անհարգալից, արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ:

Հակառակ դրան, սպանությունը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով այն դեպքում, երբ հանցագործության հիմնական շարժառիթը խուլիգանական չէ, և բացակայում են սպանության հանցակազմը ծանրացնող կամ մեղմացնող այլ հանգամանքներ:

Նշված հարցում ճիշտ եզրահանգման կարելի է գալ սպանության պահին հանցավորի գործողությունների բնույթի, մինչև սպանությունը և դրա կատարումից հետո նրա վարքագծի վերլուծության հիման վրա:

Սույն գործով դատաքննության արդյունքում թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանները հաստատված են համարել այն հանգամանքը, որ երկուստեք ծեծկռտուքի վերածված վիճաբանության առիթը և պատճառը եղել են տուժողի եղբոր` Ալիկ Հարությունյանի և դատապարտյալ Կարեն Մարկոսյանի ընկեր Արայիկ Խաչատրյանի լարված հարաբերություններն ու դրանց պարզաբանումը: Դատավճիռներով հաստատվել է նաև, որ ծեծկռտուքը սկսվել է վիճաբանության մասնակից Ա. Մելտոնյանի անվայելուչ արտահայտությունից, ի պատասխան որի` տուժողի եղբայր Ալիկ Հարությունյանը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Կարեն Մարկոսյանի ընկեր Արայիկ Խաչատրյանին: Այնուհետև Կարեն Մարկոսյանը, տեսնելով, որ Հովհաննես Հարությունյանը իր հերթին հարվածում է եղբորը, դանակով հարվածել է նրան:

Այսպիսով, թե առաջին ատյանի և թե վերաքննիչ դատարանները հաստատված են համարել այն, որ կռվի վերածված վիճաբանությունը ծագել է ոչ թե չնչին առիթով` խուլիգանական դրդումներով, այլ Արայիկ Խաչատրյանի և տուժողի եղբայր Ալիկ Հարությունյանի միջև մինչ այդ ձևավորված անձնական լարված փոխհարաբերությունները պարզելու առիթով: Ընդ որում, վեճի նախաձեռնողը Կարեն Մարկոսյանը չի եղել:

Վերաքննիչ դատարանի դատավճռով հաստատված է համարվել այն, որ «Կարեն Մարկոսյանը իմացել է Հարությունյանների հետ պարզաբանման ենթակա հարցի էությունը», իսկ այդ ընթացքում Կարեն Մարկոսյանի կողմից Հովհաննես Հարությունյանին դանակով հարվածելը եղել է ոչ թե «առանց էական պատճառի», խուլիգանական դրդումներով, ինչպես գնահատել է դատարանը, այլ փոխադարձ վիճաբանության և ծեծկռտուքի պայմաններում, ավելին` տուժող Հովհաննես Հարությունյանի կողմից իր եղբորը հարվածելուց հետո:

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները ճիշտ չեն գնահատել վիճաբանության առիթը, հանցագործության կատարման շարժառիթը և իրական դրդապատճառները` արարքի իրավական որակման հարցում հանգելով ակնհայտ սխալ եզրակացության: Հետևաբար, ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանը, Կարեն Մարկոսյանի արարքը որակելով որպես խուլիգանական դրդումներով կատարված սպանություն, քրեական օրենքը ճիշտ չեն կիրառել: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի` «Քրեական օրենքի (...) ոչ ճիշտ կիրառումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (...) այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ այն հոդվածի կամ հոդված այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի (...) սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին»:

i

Դրանով իսկ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված` ապացույցների գնահատմանը ներկայացվող օրենսդրական պահանջը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի` դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում է ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իր ներքին համոզմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Մարկոսյանի արարքը սխալ է որակվել որպես խուլիգանական դրդումներով սպանություն. նրա արարքում առկա են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի, այլ նշված հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, որով էլ Կարեն Մարկոսյանը պետք է մեղավոր ճանաչվեր և դատապարտվեր: Նկատի ունենալով, որ Կարեն Մարկոսյանի կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանրային վտանգավորության աստիճանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված արարքի համեմատ փոքր է, վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանաբար պետք է մեղմացվի:

Կ. Մարկոսյանի նկատմամբ նշանակվող պատիժը մեղմացնելու հարցում Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև ստորադաս դատարանների դատավճիռներով հաստատված այն հանգամանքները, որ նա նախկինում արատավորված ու դատված չի եղել, խնամքին ունի մանկահասակ երեխա, զղջացել է կատարածի համար և ֆիզիկապես վատառողջ է` տառապում է սրտի բնածին արատով և թոքային հիվանդություններով:

Ելնելով վերը շարադրվածից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Մարկոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա պետք է մասնակիորեն` Կարեն Մարկոսյանի կատարած արարքի իրավական որակման և պատժի մասով բեկանել և փոփոխել` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Քննվող բողոքի կապակցությամբ խուլիգանական դրդումներով սպանության հանցակազմի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արարքի իրավական որակման և պատժի մասով Կարեն Լյովայի Մարկոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 22-ի դատավճիռը բեկանել և այն փոփոխել` Կարեն Լյովայի Մարկոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 9 /ինը/ տարի ժամկետով:

2. Դատավճռի մնացած մասը թողնել անփոփոխ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

դատավորներ` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2009
N ՎԲ-03/08
Որոշում