Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0297.231009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
23.10.2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009356

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնակարգ 2-ը լրացնել 11.7-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«11.7. արտարժույթի տնօրինման նորմատիվ:»:

i

2) Կանոնակարգ 2-ը լրացնել 24.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«24.2. Արտարժույթի տնօրինման նորմատիվը բաղկացած է երկու տարրերից` արտարժութային համախառն դիրք և ըստ առանձին արտարժույթների բաց դիրք:

Արտարժութային համախառն դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 10 տոկոս:

Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 7 տոկոս:»:

i

3) Կանոնակարգ 2-ի 25-րդ կետում «կտրվածքով» բառից հետո լրացնել «, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով» բառերը:

4) Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի «դ» ենթակետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Բացառություն են կազմում այն ներդրումները, որոնց արդյունքում բանկը ձեռք է բերում սույն ենթակետում նշված կազմակերպության կապիտալում 100 տոկոս մասնակցություն` պայմանով, որ ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու կամ բանկին միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին: Այդ ներդրումները չեն նվազեցվում ներդրումը կատարելու պահից 6 ամսվա ընթացքում:»:

i

5) Կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «դ» ենթակետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն` լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ:»:

i

6) Կանոնակարգ 2-ի 29.1-րդ կետի 2-րդ ենթակետը «ենթակա չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

i

7) Կանոնակարգ 2-ի 34.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«34.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,»:

i

8) Կանոնակարգ 2-ի 34.8-րդ կետի վերջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներով, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով և Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով, տվյալ բանկում պահվող (ներառյալ` բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) բանկային ոսկով, Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով ապահովված ակտիվների (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) զուտ հաշվեկշռային արժեքի, ինչպես նաև ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպերի գումարների չափով:»:

i

9) Կանոնակարգ 2-ը լրացնել 53.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«53.1. Պարտադիր պահուստավորման ենթակա չեն բանկի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք համապատասխանում են սույն կանոնակարգի 29.1 կետի երկարաժամկետ ստորադաս փոխառությունների սահմանմանը և ներառվում են բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում:»:

i

10) Կանոնակարգ 2-ը լրացնել 56.1-րդ և 56.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«56.1. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը սույն կանոնակարգի 56.2-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող, բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների (նաև հետհաշվեկշռային) միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի` դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները:

Արտարժութային փակ դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական հավասարությունն է:

Արտարժութային բաց դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական անհավասարությունն է:

Համախառն արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

Արտարժութային երկար դիրք` արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդներին:

Արտարժութային կարճ դիրք` արտարժույթով բանկի պարտավորությունների հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին:

Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:

56.2. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով` ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի:

Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Արտարժույթի տնօրինման նորմատիվը հաշվարկվում է բանկի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ` ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց:»:

2. Կանոնակարգ 2-ի «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ում (այսուհետ Հավելված 3) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Հավելված 3-ի 16-րդ կետի «զ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«զ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի` օրենքով սահմանված իրացման իրավունքի ծագման պահի և գրավի առարկայի հնարավոր իրացման (կամ երրորդ անձի կողմից բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման) ժամկետների միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում 4 աշխատանքային օրը,»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 10-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
14.10.2009
N 297-Ն
Որոշում