Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ, 163-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ, 163-ՐԴ, 274-ՐԴ, 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0805/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0805/02/08                          2009 թ.

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆայել Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոմիդաս Հարթունյանի ընդդեմ Ռաֆայել Մկրտչյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և սեփական տարածքից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գոմիդաս Հարթունյանը պահանջել է պարտավորեցնել Ռաֆայել Մկրտչյանին ազատել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, նրան վտարել այդ տարածքից և որպես դրա հետևանքի կիրառում` նրա ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել իր ամբողջ գույքը բնեղենով:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 03.09.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆայել Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գոմիդաս Հարթունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 274-րդ, 277-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ռաֆայել Մկրտչյանը Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեում գտնվող «Ագուր Քոմփ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրենն է:

Ընկերությունը հիմնադրվել է 21.05.2004 թվականին: Ընկերության մասնակիցներն են Ռաֆայել Մկրտչյանը 30% բաժնեմասով, Գոմիդաս Հարթունյանը` 40% բաժնեմասով և Գուրգեն Մարտիրոսյանը` 30% բաժնեմասով: Ընկերության իրավաբանական և գտնվելու հասցեն կողմերի համաձայնությամբ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեն է:

Վերաքննիչ դատարանը գործին մասնակից չի դարձրել Ընկերությանը: Իր դեմ հայցը ներկայացվել է որպես ֆիզիկական անձի: Նշված հասցեի անշարժ գույքն ինքը տիրապետում է օրինական հիմունքներով:

Դատարանը վճիռ կայացնելիս դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից և վճռել է պարտավորեցնել իրեն ազատել վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքը` այն հանձնելով սեփականատիրոջ տնօրինմանը: Մինչդեռ, նշված հասցեի անշարժ և շարժական գույքի մեծ մասը հանդիսանում է Ընկերության սեփականությունը:

Բացի այդ, վեճը կայանում է նրանում, որ ինքը շինության բանալիները չի տրամադրում Գոմիդաս Հարթունյանին: Դատարանում տրված իր ցուցմունքում ինքը նշել է, որ հրաժարվում է շինության բանալին հանձնել Գոմիդաս Հարթունյանի փաստաբանին, քանի որ նա օժտված չէ նման լիազորությունով: Իր ցուցմունքը դատարանի կողմից խեղաթյուրվել է և դիտվել որպես Գոմիդաս Հարթունյանին շինության բանալին հանձնելուց հրաժարվելը, սակայն ինքն Ընկերության մուտքի բանալիի մեկ օրինակը հանձնել է Գոմիդաս Հարթունյանին:

Դատարանի 16.06.2008 թվականի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմամբ արգելանք է դրվել Ընկերությանը սեփականության իրավունքով և իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

05.05.2004 թվականի առուվաճառքի պայմանագրով Գոմիդաս Հարթունյանը Պարույր Գրիգորյանից գնել է Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: 13.05.2004 թվականին գրանցել է իր իրավունքը և ստացել է թիվ 1130402 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Փոխադարձ համաձայնությամբ իրենք հիմնադրել են «Ագուր Քոմփ» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Ռաֆայել Մկրտչյանը: Ընկերության մասնակիցներն են Ռաֆայել Մկրտչյանը 30% բաժնեմասով, Գոմիդաս Հարթունյանը` 40% բաժնեմասով և Գուրգեն Մարտիրոսյանը` 30% բաժնեմասով: Ընկերության իրավաբանական և գտնվելու հասցեն իր համաձայնությամբ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեն է գրանցվել: Նշված հասցեում բարելավումները կատարվել են իր միջոցներով: Ռաֆայել Մկրտչյանը նշված հասցեի անշարժ գույքն ապօրինի է տիրապետում, և իրեն զրկել է իր սեփականությունից:

Վերոգրյալի հիման վրա Գոմիդաս Հարթունյանը պահանջել է մերժել վճռաբեկ բողոքը` անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի 22.12.2008 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 05.05.2004 թվականի շինության և հողամասի առուվաճառքի պայմանագրով Պարույր Գրիգորյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեի շինությունը` 217.5 քմ և հողամասը` 0,20125 հա մակերեսներով վաճառել է ԱՄՆ-ի քաղաքացի Գոմիդաս Կարապետի Հարթունյանին (հատոր 1-ին, գ.թ. 8):

2. 05.05.2004 թվականի շինության և հողամասի առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքները ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանումում գրանցվել է 13.05.2004 թվականին, և Գոմիդաս Հարթունյանին տրվել է թիվ 1130402 սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 14):

3. Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության մասնակիցներ են Ռաֆայել Մկրտչյանը 30% բաժնեմասով, Գոմիդաս Հարթունյանը` 40% բաժնեմասով և Գուրգեն Մարտիրոսյանը` 30% բաժնեմասով (հատոր 1-ին, գ.թ. 47):

4. 31.05.2004 թվականին տրված իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03 Ա 062906 վկայականի համաձայն` Ընկերության իրավաբանական և գտնվելու հասցեն Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեն է, և Ընկերության տնօրենն է Ռաֆայել Մկրտչյանը (հատոր 1-ին, գ.թ. 56):

5. Ընկերության կանոնադրության 1.6-րդ կետի համաձայն` Ընկերության գտնվելու վայրն է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամաս շենք 41/1 հասցեն: Նույն կանոնադրության 7-րդ կետի 7.4-րդ ենթակետի համաձայն` Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարությունն իրականացնում է գործադիր մարմինը (այսուհետ` Տնօրեն) (հատոր 1-ին, գ.թ. 40-45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան, իսկ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընկերության գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ:

Ընկերության կանոնադրության 1.6-րդ կետի համաձայն` Ընկերության գտնվելու վայրն է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենք 41/1 հասցեն:

Նույն կանոնադրության 7-րդ կետի 7.4.-րդ ենթակետի համաձայն` Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարությունն իրականացնում է գործադիր մարմինը (այսուհետ` Տնօրեն):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամաս շենք 41/1 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերն է Գոմիդաս Հարթունյանը, Ընկերության իրավաբանական հասցեն և գտնվելու վայրը Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 41/1 հասցեն է, Ռաֆայել Մկրտչյանը Ընկերության տնօրենն է:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենք 41/1 հասցեում գտնվող անշարժ գույքը տիրապետում և օգտագործում է Ընկերությունը: Մինչդեռ, սույն հայցը ներկայացվել է ընդդեմ Ռաֆայել Մկրտչյանի, որը պատշաճ պատասխանող չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 22.12.2008 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ԵԱԴԴ/0805/02/08
Որոշում