040.1280.161109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1280-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և որոշման N 3 հավելվածը.
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Յուրաքանչյուր եռամսյակի (բացառությամբ 2009 թվականի չորրորդ եռամսյակի) ընթացքում տրամադրված` հսկիչ-դրամարկղային մեքենաների հատուկ համարներ պարունակող և սույն կարգին համապատասխան իրականացված վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում բոնուսներ տրամադրող մարմին ներկայացնելու դեպքում կտրոնների խմբաքանակների համար հաշվարկվում և վճարվում է բոնուս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված չափերով:»,
բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
i
«12.1. Բոնուսներ տրամադրող մարմնի կողմից կտրոնների խմբաքանակների համար հաշվարկվում է բոնուս` հետևյալ դեպքերում և կարգով`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձը բոնուս ստանալու համար կարող է կազմել և ներկայացնել հիսունից մինչև հինգ հարյուր (ներառյալ) կտրոն պարունակող խմբաքանակ, որոնց վրա արտացոլված գործարքների ընդհանուր արժեքների հանրագումարը չպետք է պակաս լինի հարյուր հազար դրամից.
2) ներկայացված խմբաքանակում չեն կարող ներառվել հետևյալ գործունեության տեսակների համար կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները`
ա. բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառք,
բ. ավտոտրանսպորտային միջոցների գազալցում (գազալիցքավորում)
գ. շահումով խաղերի և խաղատների կազմակերպում,
դ. համակարգչային խաղերի կազմակերպում,
ե. բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում,
զ. ավտոտրանսպորտային գործունեություն,
է. վարսավիրական ծառայությունների մատուցում,
ը. լուսանկարչական լաբորատորիաների գործունեություն,
թ. ավտոկանգառների գործունեություն,
ժ. կապի բնագավառում կոմիսիոներների և գործակալների գործունեություն (բացառությամբ մանրածախ վաճառքի կամ բնակչությանը ծառայությունների մատուցման),
ժա. կրթության բնագավառ.
3) խմբաքանակում ներառված կտրոնների դարձերեսները պետք է ստորագրված լինեն միայն ներկայացնող անձի կողմից.
4) ներկայացված խմբաքանակի համար բոնուսը հաշվարկվում է խմբաքանակում ներառված կտրոնների վրա արտացոլված գործարքների արժեքների հանրագումարի մեկ տոկոսի չափով:»,
i
գ. 14-րդ կետում «անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով» բառերը փոխարինել «անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)» բառերով, և կետից հանել «անձնագրի կամ» բառերը,
դ. 18.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18.1. Հայաստանի Հանրապետության տարածքում 2009 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձինք վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով կարող են մինչև 2009 թվականի նախավերջին աշխատանքային օրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն: Ֆիզիկական անձինք բոնուսներ ստանալու նպատակով տեսչություն են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (խմբավորելով ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման N 3 հավելվածում նշված խմբաքանակների և գործարքների ընդհանուր արժեքի նվազագույն չափերի, ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին), անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Ներկայացված խմբաքանակներով կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևով միջնորդագիր` հաշվարկված բոնուսն ստանալու նպատակով բանկ ներկայացնելու համար: Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու համար մինչև 2009 թվականի վերջին աշխատանքային օրը բանկ են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով հարկային մարմնի կողմից տրված միջնորդագիրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բանկերի կողմից բոնուսների վճարումներ չեն կատարվում: Սույն կետում նշված ֆիզիկական անձինք բոնուսներ ստանալու համար կարող են մինչև 2009 թվականի վերջին աշխատանքային օրը ներկայանալ նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ բոնուսներ հաշվարկելու և տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր: Ֆիզիկական անձինք բոնուսների հաշվարկման նպատակով բանկ են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (խմբավորելով ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման N 3 հավելվածում նշված խմբաքանակների և գործարքների ընդհանուր արժեքի նվազագույն չափերի, ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին) և անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Ներկայացված խմբաքանակները բանկերի կողմից ստուգվելուց հետո սույն կարգի պահանջները բավարարող կտրոնների համար հաշվարկվում և կտրոնները ներկայացնող ֆիզիկական անձին է տրամադրվում բոնուսը: Խմբաքանակները կամ խմբաքանակում ներառված կտրոնները սույն կարգին չհամապատասխանելու դեպքում վերադարձվում են ներկայացնողին: Անչափահաս ֆիզիկական անձանց բոնուսը տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչներին: Խմբաքանակում ներառված կտրոնների դարձերեսները պետք է ստորագրված լինեն միայն այն ներկայացնող անձի կողմից: Կտրոնների դարձերեսներին չպետք է լինեն մեկից ավելի ստորագրություններ: Բոնուսներ հաշվարկող և տրամադրող բանկի ու հարկային մարմնի միջև իրականացվում է ներկայացված խմբաքանակների, դրանցում ներառված կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների մասին տեղեկատվության փոխանակում` բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրին համապատասխան: Բոնուսներ հաշվարկող և տրամադրող բանկերի անվանումները և բանկերի բաժանմունքների գտնվելու վայրերի հասցեները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:»,
i
ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.2-րդ, 18.3-րդ և 18.4-րդ կետերով.
«18.2. Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով սույն կարգի պահանջները բավարարող` վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները (բացառությամբ 2009 թվականի չորրորդ եռամսյակում տրամադրված կտրոնների) կարող են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը ներկայացնել բոնուսներ տրամադրող մարմին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր: Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով բանկ են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (խմբավորելով ժամանակագրական կարգով, ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին) և անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Կտրոնների դարձերեսներին չպետք է լինեն մեկից ավելի ստորագրություններ: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բոնուսի հաշվարկման և տրամադրման համար դիմումներ չեն ընդունվում:
18.3. Ներկայացված խմբաքանակները բանկերի կողմից ստուգվելուց հետո սույն կարգի պահանջները բավարարող կտրոնների համար հաշվարկվում և կտրոնները ներկայացնող ֆիզիկական անձին է տրամադրվում բոնուսը: Ներկայացված խմբաքանակները կամ խմբաքանակում ներառված կտրոնները սույն կարգին չհամապատասխանելու դեպքում վերադարձվում են ներկայացնողին: Անչափահաս ֆիզիկական անձանց բոնուսը տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչներին:
18.4. Բանկի ու հարկային մարմնի միջև իրականացվում է բոնուսներ ստանալու համար ներկայացված խմբաքանակների, դրանցում ներառված կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների մասին տեղեկատվության փոխանակում:»,
i
զ. 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը լրացնել «կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) սույն կարգի 12.1-ին կետի պահանջները չբավարարող խմբաքանակներ և կտրոններ, ինչպես նաև չեղյալ համարված, վերադարձի կամ կրկնօրինակի կտրոններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ ենթակետի «բ» և «ե» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ