Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/0568/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0568/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի Արաբկիրի 1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ «Խառատյան» անհատական ձեռնարկության (այսուհետ` Ձեռնարկություն)` 576.693 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ձեռնարկությունից 576.693 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռում նշել է, որ Ձեռնարկության պարտավորությունը հայտնաբերվել է ավելի վաղ` մինչև երեք տարին լրանալը, և միաժամանակ կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը տվյալ դեպքում կիրառելի չէ: Մասնավորապես, Ձեռնարկության կողմից «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջով նոր ելակետային տվյալներ չներկայացնելու, ինչպես նաև գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում-հայտարարություն չներկայացնելու հետևանքով Տեսչությունը, ղեկավարվելով նշված օրենքի 12-րդ հոդվածով, հիմք ընդունելով ներկայացված վերջին ելակետային տվյալների վերաբերյալ 29.03.1999 թվականի հայտարարությունը, կատարել է հաստատագրված վճարի հաշվարկ մինչև 26.12.2008 թվականը:

Նշված խնդրի վերաբերյալ առկա է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1150(ՏԴ) որոշումը:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցի առարկան ոչ թե Ձեռնարկության կատարած խախտման փաստի հայտնաբերումն է, այլ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» կետի և «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջների չկատարման արդյունքում պետական բյուջեի հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունն է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.06.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության «Պարտավորության առաջացման վերաբերյալ» տեղեկանքի համաձայն` 18.12.2008 թվականի դրությամբ հաստատագրված վճարի գծով Ձեռնարկության պարտավորությունը կազմում է 576.693 ՀՀ դրամ, որից ապառք` 366.318 ՀՀ դրամ, տույժ` 210.375 ՀՀ դրամ (գ.թ. 6-9):

2) Հաստատագրված վճարի գծով Ձեռնարկության պարտավորությունը հաշվարկվել է 2000 թվականի հուլիս-2008 թվականի նոյեմբեր ամիսների համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի

(իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն` հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում` նույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի (իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն` հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվել (տե՛ս, Շահումյանի հարկային տեսչություն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի` 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1150 (ՏԴ)/2007 որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ 29.03.1999 թվականին Ձեռնարկությունը Տեսչություն է ներկայացրել հաստատագրված վճարների տվյալների գրանցման մասին դիմում-հայտարարություն: Նշված հայտարարության հիման վրա Տեսչությունը հաշվարկել է հաստատագրված վճարներ` միաժամանակ կատարելով հաստատագրված վճարի գծով տույժի հաշվարկ` 2000 թվականի հուլիս ամսից մինչև 2008 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ տույժի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ Ձեռնարկության կողմից թույլ տրված խախտումը Տեսչության կողմից հայտնաբերվել է դեռևս 2000 թվականին, այսինքն` Տեսչությունը պատշաճ կերպով իրականացրել է հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու` օրենքով նախատեսված պարտավորությունը: Մինչդեռ, Դատարանը, մերժելով հայցը, անտեսել է այն հանգամանքը, որ հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի խախտման փաստը Տեսչության կողմից հայտնաբերվել է 2000 թվականին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի 1 հարկային տեսչության հայցը բավարարել` «Խառատյան» անհատական ձեռնարկությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 576.693 ՀՀ դրամ, որից ապառք` 366.318 ՀՀ դրամ, տույժ` 210.375 ՀՀ դրամ:

2. «Խառատյան» անհատական ձեռնարկությունից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 11.534 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 17.301 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ՎԴ/0568/05/09
Որոշում