Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0002/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0002/02/08

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահագն Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Աշոտ Սարգսյանի հայցի ընդդեմ Վարդան Հայրապետյանի, Լուսինե և Սոնա Մխիթարյանների` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, ինչպես նաև Վահագն Ղազարյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` պետական մարմնի գործողությունը վիճարկելու և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Սարգսյանը պահանջել է առանձնացնել Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի 1/3 բաժինը:

Դիմելով դատարան` Վահագն Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի 05.11.2007 թվականի թիվ 04-248 գրությունը և պարտավորեցնել կատարելու 04.04.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 05.12.2007 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.01.2008 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործն ըստ տարածքային և առարկայական ընդդատության կանոնների ուղարկվել է ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարան (այսուհետ` Դատարան):

Դատարանի 24.06.2008 թվականի վճռով Աշոտ Սարգսյանի հայցը բավարարվել է, իսկ Վահագն Ղազարյանի հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 24.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ստորադաս դատարանի կայացրած վճիռը, որով փաստվել է, որ Վ. Ղազարյանի հայցի մասով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով մերժվել է հայցապահանջը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով քննված գործը և սույն գործը նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով չեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 01.11.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով գործին մասնակցող անձինք են հայցվորներ Լուսինե ու Սոնա Մխիթարյանները, պատասխանող Վահագն Ղազարյանը, երրորդ անձինք Վարդան Հայրապետյանը և Աշոտ Սարգսյանը: Վեճի առարկան է նոտարական կարգով վավերացված 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը: Հիմքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

Սույն գործով Վահագն Ղազարյանի հայցն ուղղված է Կադաստրի դեմ, վեճի առարկան վարչական ակտի վիճարկումը և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելն է, իսկ հիմքը` Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-65(ՎԴ) և 18.05.2007 թվականի թիվ 3-659 (Ա) որոշումներով հաստատված պետական մարմնի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանումն ու կիրառումն է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 01.11.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքը, որ Աշոտ Սարգսյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող պահեստ-սառնարանների իր բաժինն օրենքով սահմանված կարգով 04.04.2005 թվականին վաճառել է Վահագն Ղազարյանին: Այսինքն` դադարել է Աշոտ Սարգսյանի սեփականության իրավունքը վեճի առարկա գույքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը Վահագն Ղազարյանի հայցի մասով բերված վերաքննիչ բողոքը մերժելիս անտեսել է Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում ընդունած որոշումները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 17.03.2005 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1120887 վկայականի համաձայն` Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող պահեստ-սառնարանները սեփականության իրավունքով պատկանել են Աշոտ Սարգսյանին և Վարդան Հայրապետյանին 1/3-ական ու Լուսինե և Սոնա Մխիթարյաններին` 1/6-ական բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

2. Նոտարական կարգով վավերացված 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրով Աշոտ Սարգսյանը, Վարդան Հայրապետյանը, Լուսինե և Սոնա Մխիթարյանները Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող պահեստ-սառնարանները վաճառել են Վահագն Ղազարյանին (հատոր 1-ին, գ.թ. 53-54):

3. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 01.11.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել են Գեղանուշ Խաչատրյանի հայցն ընդդեմ Աշոտ Սարգսյանի, երրորդ անձինք Վահագն Ղազարյանի, Լուսինե և Սոնա Մխիթարյանների` 03.06.2004 թվականի առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, Աշոտ Սարգսյանի հայցն ընդդեմ Վահագն Ղազարյանի` 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, Լուսինե և Սոնա Մխիթարյանների հայցն ընդդեմ Վահագն Ղազարյանի, երրորդ անձինք Վարդան Հայրապետյանի և Աշոտ Սարգսյանի` նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջի մասին, Բավական Սարգսյանի հայցն ընդդեմ Վահագն Ղազարյանի, Աշոտ Սարգսյանի, երրորդ անձինք Կոտայքի նոտարական տարածքի նոտարի` 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 14-21):

Նշված վճռով հաստատվել է, որ «Վահագն Ղազարյանը շարունակում է տիրապետել վիճելի գույքը` վիճելի անշարժ գույքի դարպասների վրա առկա կողպեքը տեղադրվել է Վահագն Ղազարյանի կողմից, բանալիները ևս գտնվում են վերջինիս մոտ, որպիսի հանգամանքն ընդունվել է նաև Գեղանուշ Խաչատրյանի լիազորված անձի կողմից, սակայն Լուսինե և Սոնա Մխիթարյանների կողմից դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Վահագն Ղազարյանի կողմից գործարքից ծագող իրավունքների գրանցումից հրաժարվելու հանգամանքը, մինչդեռ դա պարտավոր էր անել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 պահանջի համաձայն: Փաստորեն, Վահագն Ղազարյանը շարունակում է տիրապետել իրեն փոխանցված վիճելի անշարժ գույքը, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ սպառված չեն արտադատական կարգով կամ քաղաքացիական դատավարական այլ վարույթի կարգով 04.04.2005 թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Վահագն Ղազարյանին փոխանցված սեփականության իրավունքի պետական գրանցման հնարավորությունները վիճարկելու հարցը»: Ավելին, նշված վճռով հաստատվել է նաև, որ Աշոտ Սարգսյանի, Վարդան Հայրապետյանի, Լուսինե և Սոնա Մխիթարյանների ու Վահագն Ղազարյանի միջև կնքված նոտարական կարգով վավերացված 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջներին համապատասխան և այն անվավեր կամ առոչինչ ճանաչելու հիմքեր առկա չեն (հատոր 1-ին, գ.թ 14-21):

5. Վահագն Ղազարյանին հասցեագրված 05.11.2007 թվականի Կադաստրի թիվ 04-248 գրությամբ մերժվել է 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված 30-օրյա ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 52):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 01.11.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը կայացվել է ըստ Լուսինե և Սոնա Մխիթարյանների հայցի ընդդեմ Վահագն Ղազարյանի, երրորդ անձինք Վարդան Հայրապետյանի և Աշոտ Սարգսյանի` նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջի մասին քաղաքացիական գործով: Նշված գործին մասնակցող անձինք են հայցվորներ Լուսինե և Սոնա Մխիթարյանները, պատասխանող Վահագն Ղազարյանը, երրորդ անձինք Վարդան Հայրապետյանը և Աշոտ Սարգսյանը: Վեճի առարկան է նոտարական կարգով վավերացված 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը, հիմքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

Մինչդեռ ըստ Վահագն Ղազարյանի հայցի ընդդեմ Կադաստրի` պետական մարմնի գործողությունը վիճարկելու և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործով մասնակցող անձինք են հայցվոր Վահագն Ղազարյանը և պատասխանող Կադաստրը: Վեճի առարկան է պետական մարմնի գործողության վիճարկումը և 04.04.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն Կադաստրին պարտավորեցնելը: Հիմքը` ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով որպես նույնանման փաստական հանգամանքներով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 65(ՎԴ) և 18.05.2007 թվականի թիվ 3-9(Ա) որոշումների հիմնավորումները:

Փաստորեն, օրինական ուժի մեջ մտած վճռով և սույն քաղաքացիական գործով վեճը նույն անձանց միջև չէ, նույն առարկայի մասին չէ, ինչպես նաև միևնույն հիմքով չէ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր նախկին որոշումներում անդրադարձել է անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման հարցին (տե՛ս Արմեն Շահբազյանի և Քրիստինա Տոնոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի գործողությունը վիճարկելու մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-65(ՎԴ)):

Վճռաբեկ դատարանը մի շարք օրենքների և իրավական ակտերի մեկնաբանման արդյունքում հանգել է այն եզրակացության, որ անշարժ գույքի վերաբերյալ կնքված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու 30-օրյա ժամկետը իրավական հետևանքներ չառաջացնող է, հետևաբար Կադաստրը, 30-օրյա ժամկետը բաց թողած լինելու հիմքով մերժելով անձի սեփականության իրավունքը գրանցելու մասին դիմումը, սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ինչի արդյունքում մերժել է անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը այնպիսի հիմքով, որպիսին նախատեսված չէ նույն օրենքի 43-րդ հոդվածով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, քանի որ մեկ հայցի բավարարումը բացառում է մյուսի բավարարումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ամբողջությամբ ուղարկել նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N ՀՅՔԴ4/0002/02/08
Որոշում