Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0071.290110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2010 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «է» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների ցանկին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամանակացույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 29-ի

N 71-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ

 

Երևան 2009 թ.

 

Բացատրագիր

կենդանատեսակների գնահատման համար օգտագործված կատեգորիաների

վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության կենդանիների տեսակների առկա վիճակը գնահատվել է համաձայն Բնության Պահպանության Միջազգային Միության կողմից մշակված սանդղակի («Կարմիր ցուցակի կատեգորիաներ և չափորոշիչներ» IUCN, 2001, տարբերակ 3.1), որին համապատասխան տեսակները գնահատվել են ըստ անհրաժեշտ չափանիշների` դրանց թվաքանակի, աշխարհագրական տարածվածության, որակական մի շարք ցուցանիշների, բազմացման առանձնահատկությունների և այլն: Դրա հիման վրա տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաները.

1. Անհետացած տեսակ (EX): Տաքսոնը համարվում է անհետացած, եթե չկա որևէ կասկած, որ դրա վերջին առանձնյակը վերացել է: Տաքսոնը գնահատվում է անհետացած, եթե հայտնի և/կամ ենթադրվող բնակմիջավայրի ողջ պատմական արեալում տարբեր ժամանակահատվածների ընթացքում /սեզոնային, տարեկան, օրական/ հետևողական ուսումնասիրության արդյունքում ոչ մի առանձնյակ չի հայտնաբերվել:

2. Տարածաշրջանում անհետացած տեսակ /RE/: Տաքսոնը համարվում է տարածաշրջանում անհետացած, եթե չկա որևէ կասկած, որ դրա վերջին առանձնյակը այդ տարածքից վերացել է: Այն դեպքում, եթե տաքսոնը նախկինում պարբերաբար ներթափանցում էր տարածաշրջան, այն նույնպես համարվում է անհետացած, եթե տարածաշրջանի վայրի բնությունից վերացել է դրա վերջին առանձնյակը:

3. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR): Տաքսոնը համարվում է «Կրիտիկական վիճակում գտնվող», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Կրիտիկական վիճակում գտնվող» կատեգորիայի որևէ չափանիշով

(A-E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման չափազանց բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

4. Վտանգված տեսակ (EN): Տաքսոնը համարվում է «Վտանգված տեսակ», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Վտանգված տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A-E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման շատ բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

5. Խոցելի տեսակ (VU): Տաքսոնը համարվում է «Խոցելի տեսակ», երբ ամենամեծ հավանականությամբ ցույց է տրված, որ այն որոշվում է «Խոցելի տեսակ» կատեգորիայի որևէ չափանիշով (A-E) և, հետևաբար, դիտվում է որպես անհետացման բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ:

6. Տվյալների անբավարարություն (DD): Տաքսոնը պատկանում է «Տվյալների ամբավարարություն» կատեգորիային, երբ առկա տեղեկությունները դրա թվաքանակի և/կամ արեալի մասին անհամապատասխան են անհետացման ռիսկի ուղղակի կամ անուղղակի գնահատման համար: Այդ կատեգորիայի տաքսոնը կարող է լինել լավ ուսումնասիրված, իսկ կենսաբանությունը` լավ հայտնի, սակայն դրա առատության և/կամ տարածման վերաբերյալ համապատասխան տվյալները գնահատման համար կարող է լինեն անբավարար: «Տվյալների ամբավարարություն» կատեգորիան չի հանդիսանում անհետացման սպառնալիքի կատեգորիա: Տաքսոնի ընդգրկումը այդ կատեգորիայում ցույց է տալիս, որ պահանջվում են ավելի շատ տեղեկություններ, և ընդունվում է, որ ապագա ուսումնասիրությունները կարող են հնարավոր դարձնել նրա պատկանելիությունը անհետացման սպառնալիքի որևէ կատեգորիայում ընդգրկելու համար:

 

ԲԱԺԻՆ I
ԱՆՈՂՆԱՇԱՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

 

ՀՀ Կարմիր գրքի անողնաշարավոր կենդանիների ցանկ

 

Տիպ Փափկամարմիններ - Mollusca

Դաս Փորոտանիներ - Gastropoda

Կարգ Սկավառակաոտանիներ - Discopoda

Ընտանիք Բիթինիդներ - Bithyniidae

1. Տրոշելի խխունջ - Bithynia troscheli Paasch,1842 - CR B2a.

Ընտանիք Լիթոգլիֆիդներ - Lithoglyphidae

2. Ակրամովսկու շադինիա - Shadinia akramovskii (Shadin, 1952) - CR B2a.

Կարգ Նստաչքավորներ - Basommatophora

Ընտանիք Աքրոլոքսիդներ - Acroloxidae

3. Լճային խխունջ - Acroloxus lacustris (Linnaeus, 1758) - RE.

Ընտանիք Տափակ խխունջներ - Planorbidae

4. Կատարավոր խխունջ - Planorbis carinatus (O.F. Muller, 1774) - CR B1a+B2a.

5. Սպիտակաբերան խխունջ - Anisus leucostomus (Millet, 1813) - RE.

6. Սպիտակ խխունջ - Gyraulus albus (O.F. Muller, 1774) - EN B 1a+B2a.

7. Հարթ խխունջ - Gyraulus laevis (Alder, 1838) - EN B1a+B2a.

8. Կանոնավոր խխունջ - Gyraulus regularis (Hartmann, 1841) - CR B2a.

Կարգ Ցողունաչքավորներ - Stylommatophora

Ընտանիք Նեղ խխունջներ - Vertiginidae

9. Սյունաձև խխունջ - Columella columella (Martens, 1853)- CR B2a.

10. Նեղ խխունջ - Vertigo angustior Jeffreys, 1830 - CR B1a+ B2a; IUCN (ver 2.3) - LR/CD; Annex II

Ընտանիք Օրկուլիդներ - Orculidae

11. Խճաքարային խխունջ - Orculella ruderalis Akramowski, 1947- CR B1a+B2a.

12. Բուլղարական խխունջ - Orculella bulgarica (P.Hesse, 1915)- CR B1a+ B2a.

Ընտանիք Էնիդներ - Enidae

13. Սանդղաձև խխունջ - Turanena scalaris (Naegele, 1902) - CR B2a. -

Ընտանիք Կլաուզիլիդներ - Clausiliidae

14. Ակրամովսկու խխունջ - Euxina akramowskii (Likharev, 1962) - CR B1a+ B2a.

Դաս Երկփեղկներ - Bivalvia

Կարգ Աստարտիդներ - Astartida

Ընտանիք Պիզիդիիդներ - Pisidiiidae

15. Սեղմված խխունջ - Musculium strictum (Normand, 1844) - CR B2a.

16. Անանդալեի խխունջ - Odhneripisidium annandalei (Prashad, 1925) - CR B2a.

Տիպ Հոդվածոտանիներ - Arthropoda

Դաս Միջատներ - Insecta

Կարգ Ճպուռներ - Odonata

Ընտանիք Լեսթիդներ - Lestidae

17. Մեծաչք ճպուռ - Lestes macrostigma (Eversmann, 1836) - VU B 1b+B 2b

18. Սիմպեկմա ճպուռ - Sympecma paedisca (Brauer, 1877) - VU B 1b+B 2b

Ընտանիք Նետիկներ - Coenagrionidae

19. Նետիկ զինված - Coenagrion armatum (Charpantier, 1840) - CR B 1a + B 2a.

20. Նետիկ նրբագեղ - Coenagrion scitulum (Rambur, 1842) - EN B2a.

21. Վան Բրինկի նետիկ - Coenagrion vanbrinkae Lohmann, 1993 - VU B 1b+B 2b.IUCN (ver.3.1) - DD

22. Լինդենի նետիկ - Erythromma lindeni (Selys, 1840) - CR B2a; KK CCCP

Ընտանիք Պլատիքնեմիդներ - Platycmenididae

23. Չպուռ տափակաոտ - Platycnemis pennipes (Pallas, 1771)-EN B 1a + 2a.

Ընտանիք Շերեփագիներ - Aeshnidae

24. Կապույտ ճպուռ - Aeshna cyanea (Mueller 1764) - EN B2a

25. Սղոցակիր ճպուռ - Aeshna serrata Hagen, 1856 - EN B2a.

26. Թամբակիր ճպուռ - Hemianax ephippiger (Burmeister, 1839) - EN B 1ab(iii)+B2ab(iii)

Ընտանիք Գոմֆիդներ - Gomphidae

27. ՈՒբադչի ճպուռ - Gomphus ubadschii Schmidt, 1953 - VU B 1b+B 2b

28. Նմանաձև ճպուռ - Onychogomphus assimilis fulvipennis (Schneider, 1845) - VU B 1b+B 2b; IUCN (ver 3.1) VU A2ac+3c KK CCCP

Ընտանիք Իսկական ճպուռներ - Libellulidae

29. Ճահճային ճպուռ - Leucorrhinia pectoralis (Charpentier, 1825) - CR B1a+ B2a; Annex II

30. Սևծովյան ճպուռ - Libellula pontica Selys, 1887 - EN B B2ab(iii); IUCN (ver 3.1) NT; KK CCCP

31. Սաբինա ճպուռ - Orthetrum sabina (Drury, 1773) - EN B2a

32. Տափակ ճպուռ - Sympetrum depressiusculum (Selys, 1841) - EN B 1a+ B2a

33. Ճպուռ-ծառա - Crocothemis servilia (Drury, 1773) - EN B 1a+B 2a

 

Կարգ ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք Մորեխներ - Acrididae

34. Մորեխ ելունդավոր - Nocarodes nodosus Mistschenko, 1951 - CR B2a

35. Մորեխ հայկական - Gomphocerus armeniacus (Uvarov, 1931) - VU B 1a +B 2a.

Ընտանիք Հաստածղրիդներ - Bradyporidae

36. Հաստածղրիդ լայնացած - Bradyporus dilatatus Stal, 1875 - EN B 1a+B2a.

Ընտանիք Ծղրիդներ - Tettigoniidae

37. Սղոցապոչ անդրկովկասյան - Poecilimon geoktshaicus Stshelkovnikov, 1910 - EN B 1a+B2a.

38. Սղոցապոչ հայկական - Poecilimonella armeniaca Uvarov, 1921 - EN B 1a+B2a.

39. Ֆիտոդրիմադուզա հայկական - Phytodrymadusa armeniaca Ramme, 1939 - EN B 1a+B2a.

40. Սատունինի սկոտոդրիմադուզա - Scotodrymadusa satunini Uvarov, 1916 - CR B 1ab(iii)+ 2ab(iii).

41. Ռյոզելի երկգույն ծղրիդ - Bicolorana roeseli Hagenbach, 1822 - CR B1a.

42. Սագա տափաստանային - Saga pedo Pallas, 1771 - CR B1a+B2a; IUCN (ver 2.3.) VU B1+2bd; Annex II.

 

Կարգ Հավասարաթևեր - Homoptera

Ընտանիք Հսկա որդաններ - Margarodidae

43. Արարատյան որդան կարմիր - Porphyrophora hammelii Brandt, 1833 - CR B1b(i,ii,iii) + 2ab(i,ii,iii); KK CCCP

 

Կարգ Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք Գնայուկ բզեզներ - Carabidae

44. Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ - Procerus scabrosus fallettianus Cavazzutti, 1997 -VU B 1ab(iii)+B 2ab(iii)

45. Սևանյան գնայուկ - Dyschirius sevanensis Khnzorian, 1962 - EN B 1a+B2a

46. Դարչնագույն առվակային գնայուկ - Trechus infuscatus Chaudoir, 1850 - CR B2a

47. Ստեփանավանյան առվակային գնայուկ - Duvalius stepanavanensis Khnzorian, 1963 - CR B2a

48. Յացենկո-Խմելեվսկու առվակային գնայուկ - Duvalius yatsenkokhmelevskii (Khnzorian, 1960) - CR B2a

49. Խնձորյանի գնայուկ - Deltomerus khnzoriani Kurnakov, 1960 - CR B2a

50. Ալեքսանդրի գնայուկ - Chylotomus alexandri Kalashian, 1999 - CR B2a

51. Տոնական գնայուկ - Poecilus festivus (Chaudoir, 1868) - VU B 1b(iii)+B 2b(iii).

52. Արենիական գնայուկ - Pristonychus arenicus Kalashian, 1979 - CR B2a

Ընտանիք Խոլեվիդներ - Cholevidae

53. Քալաշյանի մրջնասեր բզեզ - Philomessor kalashiani Khnzorian, 1988 - CR B1a+ B2a

Ընտանիք Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

54. Հայկական բնդեռիկ - Glaphyrus calvaster Zaitzev, 1923 - EX

55. Կովկասյան բնդեռիկ - Glaphyrus caucasicus Kraatz, 1887 - EN B 1ab(iii)+B2ab(iii)

56. Ռուբենյանի բնդեռիկ - Adoretus rubenyani Kalashian, 2002 - CR B1a+ B2a

57. Ռեյթերի հացաբզեզ - Anisoplia reitteriana Semenov, 1903 - EN B 1ab(iii)+B2ab(iii)

58. Կովկասյան փառավոն - Pharaonus caucasicus (Reitter, 1893) - CR (B1ab(ii, iii, v), B2ab (ii, iii, v)

59. Արաքսյան բնդեռ - Tanyproctus araxidis Reitter, 1901 - EN B 1a+B2a

60. Վեդիական բնդեռ - Tanyproctus vedicus Kalashian,1999 - CR B1a+ B2a

61. Մեդվեդևի բնդեռիկ - Pseudopachydema medvedevi Khnzorian, 1971 - CR B1a+ B2a

Ընտանիք Չրխկաններ - Elateridae

62. Զարդավոր չրխկան - Aeoloides figuratus (Germar, 1844) - CR B2a

63. Սևագլուխ չրխկան - Drasterius atricapillus (Germar, 1824) - CR B2a

64. Սանրաբեղ չրխկան - Ctenicera pectinicornis (Linnaeus, 1758)- VU B1b

65. Արաքսյան չրխկան - Cardiophorus araxicola Khnzorian, 1970 - CR (B1ab(ii, iii, v), B2ab (ii, iii, v)

66. Կեղծ խոտային չրխկան - Cardiophorus pseudogramineus Mardjanian, 1977 - EN B1a

67. Սոմխետական չրխկան - Cardiophorus somcheticus Schwarz, 1896 - CR B1+ B2a

68. Փոքր չրխկան - Craspedostethus permodicus (Faldermann, 1835) - VU B 1b(iii)+B 2b(iii)

Ընտանիք Ոսկեբզեզներ - Buprestidae

69. Մորթիավոր ոսկեբզեզ - Acmaeoderella pellitula (Reitter, 1890) - EN B 1a+B 2a

70. Կարճամարմին ոսկեբզեզ - Anthaxia breviformis Kalashian, 1988 - CR B1a+.2a

71. Հպարտ ոսկեբզեզ - Anthaxia superba Abeille de Perrin, 1900 - CR B1a

72. Աղաբաբյանի ոսկեբզեզ - Sphaerobothris aghababiani Volkovitsh & Kalashian, 1998 - CR Ba +B2a

73. Գեղարդյան ոսկեբզեզ - Sphenoptera geghardica Kalashian & Zykov, 1994 - EN B 1ab(iii)

74. Խնձորյանի ոսկեբզեզ - Sphenoptera khnzoriani Kalashian, 1996 - CR B2a

Ընտանիք Թարախահաններ - Meloidae

75. Թամբակուրծք թարախահան - Mylabris sedilithorax Sumakov, 1924 - EN B 1a

Ընտանիք Ծաղկեփոշեկերներ - Alleculidae

76. Նմանաձև ծաղկեփոշեկեր - Cteniopus persimilis Reitter, 1890 - CR B1a

77. Հայկական ծաղկեփոշեկեր - Isomira armena Khnzorian, 1976 - EN B1a

Ընտանիք Սևամարմիններ - Tenebrionidae

78. Օրդուբադյան սևամարմին - Adelphinus ordubadensis Reitter 1890 -EN B1a

79. Հայկական սևամարմին - Armenohelops armeniacus Nabozhenko, 2002 - EN B1a

80. Երևանյան սևամարմին - Cylindronotus erivanus (Reitter, 1901) - EN B1a

81. Բոգաչևի սևամարմին - Ectromopsis bogatchevi (Khnzoryan, 1957) - CR B2a b(iii)

82. Սևամարմին աքսորված - Entomogonus amandanus Reitter, 1901

83. Նեղ սևամարմին - Laena constricta Khnzorian, 1957 - EN B 1ab(iii) + B2ab(iii)

84. Սեմյոնովի սևամարմին Cyphostethe semenovi Reitter, 1895 - EN B 1ab(iii)+B2ab(iii)

Ընտանիք Երկարաբեղիկներ - Cerambycidae

85. Կապանյան երկարաբեղիկ - Cortodera kaphanica Danilevsky, 1985 - EN B 1a

86. Կաղնու մեծ երկարաբեղիկ - Cerambyx cerdo acuminatus Motschulsky, 1852 - VU B 1a+B 2a; IUCN (ver 2.3) VU A1c+2c; Annex II; KK CCCP (C. c. cerdo Linnaeus, 1758)

87. Ալպյան ռոզալիա - Rosalia alpina (Linnaeus, 1758) - EN B 1a+B2a; IUCN (ver 2.3)

VU A1c+2c; Annex II; KK CCCP

88. Աղաբաբյանի երկարաբեղիկ - Asias aghababiani Danilevsky, 1999 - CR Ba +B2a

89. Կազիկոպորանյան երկարաբեղիկ - Dorcadion kasikoporanum Pic, 1902 - CR B1a

90. Երկգիծ երկարաբեղիկ - Dorcadion bistriatum Pic, 1898 - EN B 1a+B2a

91. Գորբունովի երկարաբեղիկ - Dorcadion gorbunovi Danilevsky, 1985 - EN B 1a

92. Կիսափայլ երկարաբեղիկ - Dorcadion semilucens Kraatz, 1873 - EN B 1a+B2a

93. Մոխրագույն երկարաբեղիկ - Dorcadion cineriferum Suvorov, 1909 - EN B 1a+B2a

94. Սևլճյան երկարաբեղիկ - Dorcadion sevliczi Danilevsky, 1985 - CR B1a

95. Քալաշյանի երկարաբեղիկ - Conizonia kalashiani Danilevsky, 1992 - CR B1a

96. Պիկի երկարաբեղիկ - Phytoecia pici Reitter, 1892 - EN B 1a

97. Կոռոստելյովի երկարաբեղիկ - Agapanthia korostelevi Danilevsky, 1985 - EN B 1a+B2a

Ընտանիք Տերևակերներ - Chrysomelidae

98. Արաքսյան տերևակեր - Cryptocephalus araxicola Khnzorian, 1968 - EN B 1ab(iii)

Ընտանիք Փղիկներ կամ Երկարակնճիթներ - Curculionidae

99. Ռիխտերի փղիկ - Cyclobaris richteri Ter-Minasian, 1955 - CR B 1ab(iii)+B2ab(iii)

100. Զարմանահրաշ փղիկ - Baris mirifica Khnzorian, 1958 - CR B 1ab(iii)+B2ab(iii)

Կարգ Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք Առագաստաթիթեռներ - Papilionidae

101. Մնեմոզինա կամ սև ապոլոն - Parnassius mnemosyne rjabovi Sheljuzhko, 1935 - VU B 1a. AnnexII

102. Ապոլոն - Parnassius apollo kashtshenkoi Sheljuzhko, 1908 - VU B 1a; IUCN (ver 2.3, VU A1cde); Annex II

103. Ալեքսանոր առագաստաթիթեռ - Papilio alexanor orientalis Romanoff, 1884 - VU B 1ab(iii)+B 2ab(iii); AnnexII

Ընտանիք Ճերմակաթիթեռներ -Pieridae

104. Բոուդենի ճերմակաթիթեռ - Artogeia bowdeni (Eitschberger, [1984]) - EN B1a + B2ab(iii)

105. Ավրորինա դեղնաթիթեռ - Colias aurorina Herrich-Schaffer, [1850] - VU B 1b(iii)+B 2b(iii)

106. Կանաչավուն դեղնաթիթեռ - Colias chlorocoma Christoph, 1888 - VU B 1ab(iii)+B 2ab(iii)

Ընտանիք Սատիրներ - Satyridae

107. Աֆրիկական փրոթերեբիա - Proterebia afra hyrcana (Staudinger, 1901). VU B 1a+B2a

Ընտանիք Նիմֆալիդներ - Nimphalidae

108. Բրենթիս Ինո - Brenthis ino schmitzi Wagener, 1983 - VU B 1a+B2a

109. Վեդիական մելիթեա Melitaea vedica Nekrutenko, 1975 - EN B 1a+B2a

Ընտանիք Կապտաթիթեռներ - Lycaenidae

110. Տարազույգ կապտաթիթեռ - Thersamonolycaena dispar rutila (Werneburg, 1864) - CR B1a+B2a

111. Ռոմանովի թոմարես - Tomares romanovi (Christoph, 1882) - VU B 1ab(iii)+B 2ab(iii)

112. Ալկոն կապտաթիթեռ - Maculinea alcon monticola (Staudinger, 1901) - VU B 1a+B2a

113. Արիոն կապտաթիթեռ - Maculinea arion zara Jachontov, 1935 VU B 1a+B2a;

IUCN (ver 2.3, LR/NT), AnnexII

114. Մթնշաղային կապտաթիթեռ - Maculinea nausithous (Bergstrasser, [1779]) - VU B 1a+B2a; IUCN (ver 2.3, LR/NT); AnnexII

115. Անդրկովկասյան կապտաթիթեռ - Plebejus transcaucasicus (Rebel, 1901) - EN B1a+B2ab(iii)

116. Դիանա կապտաթիթեռ - Neolysandra diana (Miller, 1923) - EN B1a+B2a

117. Դամոնիդես կապտաթիթեռ - Agrodiaetus damonides (Staudinger, 1899) - CR B1ab(i,ii,iii)+B 2b (i,ii,iii)

118. Երևանյան կապտաթիթեռ - Agrodiaetus eriwanensis Forster, 1960 - EN B1a+B2a

119. Հուբերտի կապտաթիթեռ - Agrodiaetus huberti Carbonell, 1993 - EN B1a+B2a

120. Իֆիգենիա կապտաթիթեռ - Agrodiaetus iphigenia araratensis De Lesse, 1957 - EN B1a+B2a

121. Անտեսված կապտաթիթեռ - Agrodiaetus neglectus Dantchenko, 2000 - EN B1a+B2a

122. Նինայի կապտաթիթեռ - Agrodiaetus ninae Forster, 1956 - EN B2a

123. Սուռակովի կապտաթիթեռ - Agrodiaetus surakovi Dantchenko et Lukhtanov, 1994 - EN B1a+B2a

124. Թուրքական կապտաթիթեռ - Agrodiaetus turcicus Koջak, 1977 - EN B2a

Ընտանիք Իլիկաթիթեռներ - Sphingidae

125. Կպչուկի իլիկաթիթեռ - Hyles hippophaes caucasica (Denso, 1913) - VU B 1a+B2a; IUCN (ver 2.3, DD); AnnexII

126. Պրոզերպինա իլիկաթիթեռ - Proserpinus proserpina (Pallas, 1772) - VU B 1a+B2a; IUCN (ver 2.3, DD); AnnexII.

Ընտանիք Երկրաչափ թիթեռներ - Geometridae

127. Ավետյանի երկրաչափ թիթեռ - Cidaria avetianae Wardikian,1974 - EN B 1a+B2a

128. Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ - Eupithecia alexandriana Wardikian, 1972 - EN B 1a+B2a

129. Սերգեյի երկրաչափ թիթեռ - Eupithecia sergiana Wardikian,1972 - CR B2a

130. Համլետի երկրաչափ թիթեռ - Eupithecia hamleti Wardikian, 1985 - CR B2a

131. Կուզնեցովի երկրաչափ թիթեռ - Ortholitha kuznetzovi Wardikian, 1957 - EN B 1a+B2a

Ընտանիք Արջաթիթեռներ - Arctiidae

132. Կարելինի մռայլ արջաթիթեռ - Axiopoena karelini Mռnռtriռs, 1842 - VU B 1a+B 2a

Կարգ Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք Մեգախիլիդներ - Megachilidae

133. Մգաթև մեղու - Lithurge fuscipenne Lepeletier, 1841 - VU B 1a+B 2a

134. Մեղու Դեսեպտորիա - Megachile deseptoria Peres, 1884 - VU B 1a+B 2a

135. Մոմախոտի մեղու - Osmia cerinthides F. Morawitz, 1876 - VU B 1a+B 2a

136. Մազոտ մեղու - Archianthidium pubescens Morawitz, 1872 - CR B2a

Ընտանիք Անթոֆորիդներ - Anthophoridae

137. Մոխրագույն մեղու - Anthophora cinerea Frieze, 1919 - VU B 1a+B 2a

138. Ամրակազմ մեղու -Anthophora robusta Klug, 1845 - VU B 1a+B 2a

139. Երկարալեզու մեղու -Tetralonia macroglossa Illiger, 1806 - EN B2a

140. Մանուշակագույն մեղու-ատաղձագործ - Xylocopa violacea Linnaeus, 1758 - VU B 1a+B 2a

Ընտանիք Իսկական մեղուներ - Apidae

141. Իշամեղու հայկական - Bombus armeniacus Radoszkovski, 1877 - VU B1a+B2a.

142. Իշամեղու մարգագետնային - Bombus pratorum Linnaeus, 1761 - VU B 1a+B 2a

143. Իշամեղու գետնային - Bombus terrestris Linnaeus, 1758 - VU B 1a+B 2a

144. Իշամեղու ձնափայլ - Bombus niveatus Kriechbaumer, 1870 - VU B 1a+B 2a

145. Պորչինսկու իշամեղու - Bombus portshinskii Radoszkowsky, 1884 - VU B 1a+B 2a

146. Իշամեղու ալագյոզյան - Bombus alagesianus Skorikov, 1937 - EN B 1a

147. Իշամեղու դաղեստանյան - Bombus daghestanicus Radoszkowsky, 1888 - VU B 1a+B 2a

Ընտանիք Մրջյուններ - Formicidae

148. Ռավազինիի մրջյուն - Myrmica ravasinii Finzi, 1923 - EN B 1a+B 2a

149. Կարմրավում մրջյուն - Manica rubida (Latreille, 1802) - EN B 1a+B 2a

150. Կիսաատամ մրջյուն - Crematogaster subdentata (Mayr, 1877) - EN B 2a

151. Ջուլիայի մրջյուն - Diplorhoptrum juliae Arakelian, 1991- CR B2a

152. Հարթ մրջյուն - Tetramorium levigatus Karawajew, 1926 - CR B2a

153. Մախմալ մրջյուն - Cataglyphis machmal Radtschenko & Arakelian, 1991 - CR B2a

Կարգ Երկթևեր - Diptera

Ընտանիք Գիշաճանճեր - Asilidae

154. Հսկա գիշաճանճ - Satanas gigas Evermann, 1885 - VU B 1ab(iii)+B 2ab(iii); KK CCCP

155. Երևանյան գիշաճանճ - Machimus erevanensis V. Richter, 1963 - EN B 1ab(iii) +B2ab(iii)

 

Ծանուցում`

Annex II - տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում

 

IUCN - տեսակը ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում

 

KK CCCP - տեսակը ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում

 

Փորոտանիներ - Gastropoda

 

1. Տրոշելի խխունջ

Bithynia troscheli Paasch,1842

Կարգ` Սկավառակաոտանիներ - Discopoda

Ընտանիք` Բիթինիդներ - Bithyniidae

 

Կարգավիճակը: Սառցային շրջանի ռելիկտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին բարձր կոնաձև է, բավականին լայն, դեղնա-եղջերագույն, կրային կափարիչով, խեցու բարձրությունը մինչև 8,5 մմ է:

Տարածվածությունը: Եվրոպա, Արևմտյան Սիբիր, Ղազախստան, Կովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Գեղարքունիքի մարզ, Մասրիկ գետ` Սևանա լիճ թափվելու հատվածում:

Ապրելավայրերը: Գետի արագահոս ափամերձ շրջաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Կենդանիները նստում են բույսերի ստորջրյա մասերի վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բարձր չէ, թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Մասրիկ գետի հիդրոլոգիական ռեժիմի խախտում և ջրի աղտոտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի սահմաններում տեսակի տարածման շրջանի բնապահպանական ռեժիմի խստացում, Մասրիկ գետի ջրի որակի հսկողություն, գետի հունի վերին հատվածներում տեղակայված բնակավայրերում մաքրման համակարգերի ներդրում:

 

2. Ակրամովսկու շադինիա

Shadinia akramovskii (Shadin, 1952)

Կարգ` Սկավառակաոտանիներ - Discopoda

Ընտանիք` Լիթոգլիֆիդներ - Lithoglyphidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով և կտրատված ապրելավայրերով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին բարձր կոնաձև է, մինչև 4,5 մմ բարձրությամբ, պտույտները ուռչած են, մոխրավարդագույն, ելանցքի մոտ կրային կափարիչով:

Տարածվածությունը: Իրան, Իրաք, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատյան հարթավայրի մի քանի կետերից` Արմավիրի (Սև ջուր գետի ակունքներ` Արատաշեն գյուղի մոտակայքում) և Արարատի (Արևաբույր և Ջրահովիտ գյուղերի շրջակայք) մարզերում:

Ապրելավայրերը: Հզոր աղբյուրներ և դրանցից սկիզբ առնող գետակների վերին հոսանքներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Տարածման վայրերում բավականին բարձր է, թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Գետերի հիդրոլոգիական ռեժիմի խախտում` պայմանավորված մելիորատիվ աշխատանքներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

3. Լճային խխունջ

Acroloxus lacustris (Linnaeus, 1758)

Կարգ` Նստաաչքավորներ - Basommatophora

Ընտանիք` Աքրոլոքսիդներ - Acroloxidae

 

Կարգավիճակը: Հայաստանում, հավանաբար, անհետացած է, վերջին անգամ հավաքվել է 1929 թ-ին: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայում գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Խեցին առանց պարույրագծի է, գլխարկանման: Խեցու երկարությունը (ելանցքը) մինչև 8 մմ է` երկու անգամ մեծ իր լայնությունից և երեք անգամ` բարձրությունից: Գագաթը գտնվում է խեցու ձախ կողմում:

Տարածվածությունը: Արևմտյան Սիբիր, Ալթայ, Միջին Ասիա, Եվրոպա, Հյուսիսային Իրան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է միայն Սևանա լճում` Սևան ք. մոտ:

Ապրելավայրերը: Լճեր, լճակներ, հարթավայրային գետերի ափամերձ մասեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Հանդիպում են բույսերի ջրասույզ ցողունների և տերևների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: 1929 թ-ից հետո Հայաստանում չի հավաքվել:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի մակարդակի իջեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

4. Կատարավոր խխունջ

Planorbis carinatus (O.F. Muller, 1774)

Կարգ` Նստաաչքավորներ - Basommatophora

Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae

 

Կարգավիճակը: Կրճատվող թվաքանակով հազվագյուտ, սառցային շրջանի ռելիկտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին սկավառակաձև է, բավականին խոշոր (խեցու բարձրությունը մինչև 3 մմ է, լայնությունը` 18 մմ), արագ աճող պտույտներով, որոնց թիվը հասնում է հինգի, վերջին պտույտի ծայրամասում, բարձրության մեջտեղում` լավ արտահայտված սուր կատարով:

Տարածվածությունը: Եվրոպա, Արևմտյան Սիբիր, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանա լճի ավազան: Նախկինում ապրում էր հենց լճում (հայտնի էր լճի հյուսիս-արևելյան ափամերձ տարածքից` Ծափաթաղ և Արեգունի գյուղերի միջև ընկած հատվածում), սակայն մակարդակի իջեցումից հետո հավաքներում չի հանդիպել: Լճից դուրս հանդիպման միակ վայրն Արգիչիի գետահովիտն է` Վաղաշեն գյուղի քոչավայրերից վեր:

Ապրելավայրերը: Լճի ափամերձ բուստափակ հատվածներ, ներկայում` լեռնահովիտով թույլ թեքությամբ հոսող գետը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Կենդանիները հանդիպում են բույսերի ստորջրյա մասերի վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը կտրուկ կրճատվել է: Դատելով նստվածքներում եղած դատարկ խեցիներով, նախկինում մեծաթիվ էր Սևանա լճի բուստափակ հատվածներում: Արգիչի գետում ներկայացված է եզակի առանձնյակներով:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի ապրելավայրերի չորացում` պայմանավորված Սևանա լճի մակարդակի իջեցմամբ: Արգիչի գետի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն և աղտոտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

5. Սպիտակաբերան խխունջ

Anisus leucostomus (Millet, 1813)

Կարգ` Նստաաչքավորներ - Basommatophora

Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae

 

Կարգավիճակը: Հայաստանում, հավանաբար, անհետացել է, վերջին հավաքն եղել է 1925 թվին: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայում գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Խեցին սկավառակաձև է, 6 դանդաղ աճող պտույտներով: Վերջին պտույտն` ելանցքի մոտ ներքևում, 1,5 անգամ նախավերջինից լայն է: Խեցու բարձրությունը մինչև 1,2 մմ է, լայնությունը` 7 մմ:

Տարածվածությունը: Եվրոպա, Սիբիր` մինչև Բայկալ և Լենա գետի ավազան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն մեկ կետից` Փարաքար գյուղի մոտակայքից (Արմավիրի մարզ):

Ապրելավայրերը: Ժամանակավոր, ամռանը չորացող, մանր ջրամբարներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայաստանից հավաքված է ընդամենը մեկ նմուշ:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի ապրելավայրերի ոչնչացում` պայմանավորված լանդշաֆտի գյուղատնտեսական յուրացմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի որոնում նախկին տարածման շրջանում, հայտնաբերման դեպքում` կլիմայավարժեցում «Խոր-Վիրապ» արգելավայրի տարածքում:

 

6. Սպիտակ խխունջ

Gyraulus albus (O.F. Muller, 1774)

Կարգ` Նստաաչքավորներ - Basommatophora

Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ, ընդհատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին սկավառակաձև է, բաց գունավորված, 4,5 արագ աճող պտույտներով: Վերջին պտույտն` ելանցքի մոտ վերևից, երկու անգամ նախավերջինից լայն է: Խեցու մակերեսը պարուրաձև կողերից կազմված պարզ ցանցաձև նախշով է և ավելի բարակ, շեղ դասավորված գծերով: Խեցու լայնությունը մինչև 6 մմ է, բարձրությունը` մինչև 2 մմ:

Տարածվածությունը: Եվրոպա, Արևմտյան Սիբիր, Ալթայ, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Գեղարքունիքի (Սևանա լիճ` Սևան ք. մոտ և նախկին Գիլլի լճի տեղում գտնվող ջրանցքներ) և Լոռու (Ստեփանավան ք. շրջակայքում գտնվող լճակ) մարզերից:

Ապրելավայրերը: Խոշոր լճակներ, լճեր և գետեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Կենդանիները հանդիպում են ջրասույզ բուսականության վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Փոքրաքանակ է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի ջրի բաց թողում և դրա հետ կապված տեսակի գոյատևման պայմանների փոփոխություն: Այլ ջրամբարներում, որտեղ հանդիպում է տեսակը` հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

7. Հարթ խխունջ

Gyraulus laevis (Alder, 1838)

Կարգ` Նստաաչքավորներ - Basommatophora

Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին սկավառակաձև է, դեղնավուն-եղջերագույն: Խեցու մակերեսն առանց պարուրաձև մանրագծերի է, հարթ, 4 արագ աճող պտույտներով: Վերջին պտույտը` ելանցքի մոտ վերևից, 1,8 անգամ նախավերջինից լայն է: Խեցու լայնությունը մինչև 4 մմ է, բարձրությունը` մինչև 1 մմ:

Տարածվածությունը: Եվրոպա, Արևմտյան Աֆրիկա, Արևմտյան Սիբիր, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Սևանա լճի մոտակայքում գտնվող ոչ խոշոր ջրամբարներից` Սևան ք. և Նորաշեն գ. մոտակայքից, Հրազդան գետի ակունքներից:

Ապրելավայրերը: Աղբյուրամերձ ճահիճներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Տարածման վայրերում բավականաչափ բարձր էր: Հայաստանում վերջին 50 տարիների ընթացքում չի հավաքվել:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի խախտում` պայմանավորված Սևանա լճի մակարդակի իջեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի հայտնաբերման դեպքում ջրամբարների պահպանություն:

 

8. Կանոնավոր խխունջ

Gyraulus regularis (Hartmann, 1841)

Կարգ` Նստաաչքավորներ - Basommatophora

Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae

 

Կարգավիճակը: Ծայրաստիճան սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին շատ փոքր է (երկարությունը չի գերազանցում 2 մմ-ը)` սկավառակաձև է, եղջերագույն, 3,5 բավականին արագ աճող պտույտներով: Ելանցքի վերևում գտնվող վերջին պտույտը նախավերջինից 1,5 անգամ լայն է: Խեցու մակերեսը հարթ է:

Տարածվածությունը: Եվրոպա, Կովկաս` տեղ-տեղ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է միայն Մեղրի քաղաքի մոտակայքում (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը` Աղբյուրամերձ ճահիճ` լեռնային գետի մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Միակ հայտնի պոպուլյացիան կազմված է մի քանի հարյուր առանձնյակներից: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարի հիդրոլոգիական ռեժիմի խախտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

9. Սյունաձև խխունջ

Columella columella (Martens, 1853)

Կարգ` Ցողունաչքավորներ - Stylommatophora

Ընտանիք` Նեղ խխունջներ - Vertiginidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, սառցային շրջանի ռելիկտ: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին սյունաձև է, վերին կարճ կլորացած մասով: Խեցու բարձրությունը մինչև 2,8-3,5 մմ է, լայնությունը` 1,3-1,5 մմ: Պտույտները 6,5-8 են, խիստ ուռուցիկ, ելանցքի մոտ առանց ատամիկների:

Տարածվածությունը: Հյուսիսային Եվրոպա, Կենտրոնական Եվրոպայի լեռներ, Սիբիր, Ղրիմ` Յայլա, Հայաստան, Միջին Ասիայի լեռներ, Հյուսիսային Ամերիկա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն մեկ կետից` Քաջարան քաղաքի մոտակայքից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Վերին անտառային և ենթալպյան գոտիների արոտավայրեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, կենդանիները հանդիպում են խոտաբույսերի վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի են եզակի նմուշներ: Թվաքանակի փոփոխության միտումներն ուսումնասիրված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, արոտավայրերի հերկում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում «Քաջարան» արգելավայրի տարածքի մեջ:

 

10. Նեղ խխունջ

Vertigo angustior Jeffreys, 1830

Կարգ` Ցողունաչքավորներ - Stylommatophora

Ընտանիք` Նեղ խխունջներ - Vertiginidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է, Հայաստանում ներկայացված է միակ ռելիկտային պոպուլյացիայով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2a: Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3)`»LR/cd» կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Խեցին կարճ գլանաձև է, ձախ-ոլորված, շատ բարակ և համաչափ կողաձև մանրագծված, կարմրաշագանակագույն, 4,5-5 ուռուցիկ պտույտներով, վերջին պտույտը դեպի ներքև խիստ նեղացած է, խոշոր հիմքային ելուստով, ծոծրակի վրա երկար և խորը երկայնակի ակոսով: Խեցու բարձրությունը մինչև 1,6-1,8 մմ է, լայնությունը` 0,8-0,9 մմ:

Տարածվածությունը: Եվրոպա, Հայաստան, Հյուսիսային Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է միայն Լոռու մարզում` նախկին Լոռու սովխոզում և Ստեփանավան ք. մոտակայքում:

Ապրելավայրերը: Խոնավ մարգագետիններ` խոտերում և մամուռում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Պարզված չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի են ոչ մեծ թվով առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի ապրելավայրերի մելիորացիա:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերին բնության հուշարձանների կարգավիճակի սահմանում:

 

11. Խճաքարային խխունջ

Orculella ruderalis Akramowski, 1947

Կարգ` Ցողունաչքավորներ - Stylommatophora

Ընտանիք` Օրկուլիդներ - Orculidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին փոքր է (բարձրությունը մինչև 6 մմ, լայնությունը` մինչև 2,25-2,5 մմ), 8-9 գրեթե տափակ պտույտներով, ելանցքի մոտ երկու ատամիկներով` մեկական վերին և ստորին կողմերում:

Տարածվածությունը` Հայաստանի էնդեմիկ տեսակ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Գնիշիկ գյուղի շրջակայքից (Վայոց Ձորի մարզ):

Ապրելավայրերը: Լեռնատափաստանային գոտու չորային արոտավայրեր` 1600-1800 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, կենդանիները հանդիպում են քարերի և խճաքարերի, ինչպես նաև լեռնային ապարների ճեղքերում և բարձաձև փշոտ կիսաթփերի տակ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Տարածման տիպիկ վայրերում բավականին բարձր է: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, արոտավայրերի հերկում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

12. Բուլղարական խխունջ

Orculella bulgarica (P.Hesse, 1915)

Կարգ` Ցողունաչքավորներ - Stylommatophora

Ընտանիք` Օրկուլիդներ - Orculidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով, հազվագյուտ, հավանաբար, ռելիկտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին բավականին ուռուցիկ է, գլանաձև, վերին կարճ կոնաձև հատվածով: Խեցու բարձրությունը մինչև 6,5-8,0 մմ է, լայնությունը` 3,0-3,2 մմ, պտույտների թիվը` 8-9,5, ելանցքի վերին հատվածում մեկ ատամով: Խեցին ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտելիս` հայտնաբերվում է նաև կոնաձև թմբիկ:

Տարածվածությունը: Իսպանիա, Բուլղարիա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի են միայն մեռած առանձնյակներ, որոնք հավաքվել են Մասրիկ գետի արտանետումներից` Սևանա լճի մոտ, որտեղ, հավանաբար, բերվել են ջրի հոսքով մոտակա լանջերից:

Ապրելավայրերը: Տափաստանամարգագետիններ` ալպյան կամ ենթալպյան գոտիներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի հայտնաբերում և դրանց` ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

13. Սանդղաձև խխունջ

Turanena scalaris (Naegele, 1902)

Կարգ` Ցողունաչքավորներ - Stylommatophora

Ընտանիք` Էնիդներ - Enidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին կոնաձև է, բարձրությունը մինչև 6,5-7,0 մմ, լայնությունը` 3,5-4,0 մմ, պտույտների թիվը` 5,5-6,0, ելանցքի հատվածում առանց ատամների:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևմտյան Իրան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միակ ապրելավայրից` Գնիշիկ գ. շրջակայքից (Վայոց Ձորի մարզ):

Ապրելավայրերը: Քսերոֆիլ նոսրանտառներ` ուղղաբերձ ժայռերի ճեղքեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Պոպուլյացիան կազմված է հարյուրավոր առանձնյակներից: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

14. Ակրամովսկու խխունջ

Euxina akramowskii (Likharev, 1962)

Կարգ` Ցողունաչքավորներ - Stylommatophora

Ընտանիք` Կլաուզիլիդներ - Clausiliidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին խոշոր չափի է, իլիկաձև, 12,5 պտույտներով, շագանակագույն, սպիտակ կարով, մակերեսը խիտ կողաձև-խծբծված, կողերի միջև հեռավորությունը հավասար է դրանց լայնությանը, ելանցքից դեպի հետ` հիմնային մեկ ողնուցով: Խեցու բարձրությունը մինչև 22,25 մմ է, լայնությունը` 5,25 մմ:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միակ տեղանքից` Խուստուպ լեռան հյուսիսային լանջերից` Կապան քաղաքից դեպի հարավ (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Կաղնու և բոխու անտառներ` ժայռաճեղքեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Չափավոր մեծաքանակ է: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Միջավայրի պայմանների փոփոխություն` պայմանավորված անտառահատումներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

Երկփեղկ փափկամարմիններ - Bivalvia

 

15. Սեղմված խխունջ

Musculium strictum (Normand, 1844)

Կարգ` Աստարտիդներ - Astartida

Ընտանիք` Պիզիդիիդներ - Pisidiidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ ռելիկտային տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին փոքր է (երկարությունը մինչև 4,2 մմ, լայնությունը` 3,7 մմ), կարճ ձվաձև, խիստ ուռչած: Վերին ծայրը շատ կարճ է, ուռուցիկ, նկատելիորեն առանձնացած խեցու մյուս մասերից:

Տարածվածությունը: Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Վրաստան (Բորժոմի շրջակայք), Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն մեկ կետից` Ջան լճից (Գորիս ք. շրջակայք, Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Բարձրլեռնային լիճ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Տարածման վայրում բավականին բազմաթիվ է: Թվաքանակի տատանումների միտումներ բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարի աղտոտում և հիդրոլոգիական ռեժիմի խախտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ջրամբարի վիճակի հսկողություն, անհրաժեշտության դեպքում` դրա շրջակայքում մարդու տնտեսական գործունեության սահմանափակում:

 

16. Անանդալեի խխունջ

Odhneripisidium annandalei (Prashad, 1925)

Կարգ` Աստարտիդներ - Astartida

Ընտանիք` Պիզիդիիդներ - Pisidiidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Խեցին փոքր է (երկարությունը մինչև 2,6 մմ, լայնությունը` 1,8 մմ), կարճ ձվաձև, ուռուցիկ, շատ նուրբ և գրեթե կանոնաձև մանրագծված, մոխրագույն, փայլատ:

Տարածվածությունը: Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իսրայել, Իրան, Աֆղանստան, Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն մեկ կետից` Մեղրի ք. շրջակայքից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Աղբյուրից սնվող գետամերձ ճահճիկ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնաբերված են քիչ քանակությամբ առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարի հիդրոլոգիական ռեժիմի խախտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

Միջատներ - Insecta

 

17. Մեծաչք ճպուռ

Lestes macrostigma (Eversmann, 1836)

Կարգ Ճպուռներ - Odonata

Ընտանիք Նետիկներ - Coenagrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1b+B 2b:

Համառոտ նկարագրությունը: Բարեկազմ մարմնով, փոքր չափի ճպուռ է (մարմնի երկարությունը 40-47 մմ), կուրծքը, փորիկի հիմքը և գագաթն երկնագույն են` քիչ թե շատ լավ արտահայտված մետաղական փայլով, փորիկի միջնամասի հատվածները մուգ կանաչ են` պղնձե փայլով: Պտերոստիգման շատ խոշոր է:

Տարածվածությունը: Միջերկրական ծովի երկրներ, Հարավային Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիր, Միջին Ասիա, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է Արարատի (Երասխ և Սիս գյուղերի մոտակայք) և Սյունիքի (Ներքին Հանդ գյուղի մոտակայք) մարզերում:

Ապրելավայրերը: Գտնվել է լճացած ջրերով ոչ մեծ ջրամբարների մոտ, հայտնի է կիսաանապատային և անտառային գոտիներից:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում են խիտ ճահճային բուսականությամբ ծանծաղ ջրերում, աղակալած ներքին ճահճացումներում, տափաստանային լճերում: Զարգացման շրջանը միամյա է: Հայաստանի պայմաններում թռիչքը դիտվել է մայիս-հունիս ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրաստիճան հազվադեպ են, հայտնի են եզակի առանձնյակներ: Փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն` պայմանավորված մելիորատիվ աշխատանքներով, գյուղատնտեսական նպատակներով տեղանքի յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արարատյան հարթավայրում տեսակի տարածման վայրերի բացահայտում և պահպանում:

 

18. Սիմպեկմա ճպուռ

Sympecma paedisca (Brauer, 1877)

Կարգ Ճպուռներ - Odonata

Ընտանիք Նետիկներ - Coenagrionidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1b+B 2b:

Համառոտ նկարագրությունը: Բարեկազմ մարմնով, փոքր չափի ճպուռ է (մարմնի երկարությունը 36-39 մմ), գունավորումը դեղնադարչնագույն է, գլխի վերին մասը, կրծքի և փորիկի տերգիտների միջնամասերը սովորաբար քիչ թե շատ լավ արտահայտված մետաղական փայլով և բավականին լայն շագանակագույն զոլով են: Տարածվածությունը: Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայից մինչև Ճապոնիա, Առաջնային Ասիայում և Կովկասում ներկայացված է մեկուսացած օջախներով:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տավուշի (Դիլիջան ք. մոտակայք), Արմավիրի (Բագարան գ.), Արագածոտնի (ք.Աշտարակ, Արագած լեռ` Անտառուտ և Բյուրական գգ. մոտ, Արայի լեռ), Կոտայքի (Գողթ և Գառնի գգ. մոտակայք), Արարատի (Արտաշատ ք., Երասխ, Արմաշ գգ. մոտակայք), Վայոց Ձորի (Եղեգնաձոր և Վայք քք. մոտակայք) մարզերից, Երևան քաղաքից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Տարբեր լանդշաֆտային գոտիների լճացած ջրերով ջրամբարներ` 900 - 2000 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում են լճացած ջրերով տարբեր տիպի ջրամբարներում: Ձմեռում է հասուն միջատը, ձվադրումը 2-3 ամիսների ընթացքում, նոր սերնդի առանձնյակները դուրս են թռչում հուլիս-սեպտեմբեր ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ոչ մեծաքանակ տեսակ է: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն, ջրամբարների աղտոտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արագած լեռան հարավային լանջերին և Արայի լեռան տարածքում ԲՀՊՏ-ների ստեղծում, Արմաշի ձկնաբուծական տնտեսություններին բնապահպանական կարգավիճակի սահմանում:

 

19. Նետիկ զինված

Coenagrion armatum (Charpantier, 1840)

Կարգ Ճպուռներ - Odonata

Ընտանիք Նետիկներ - Coenagrionidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ հազվագյուտ տեսակ է, մեկուսացած ռելիկտային պոպուլյացիա: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B 1a + B 2a:

Համառոտ նկարագրությունը: Բարեկազմ մարմնով, փոքր չափի ճպուռ է (մարմնի երկարությունը 30-32 մմ), կրծքի կողքային մասերը, փորիկի 1-3-րդ և 8-րդ հատվածները բաց երկնագույն են, կրծքի վերին մասը, փորիկի միջին հատվածները, ինչպես նաև 1-3-րդ ու 8-10-րդ հատվածների բծերը և տրամակապերը` սևաբրոնզագույն են:

Տարածվածությունը: Եվրոպա` Անգլիայից դեպի արևելք մինչև Կամչատկա, Մոնղոլիա: Կովկասում ներկայացված է ռելիկտային պոպուլյացիաներով:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Արփի լճի շրջակայքից (Շիրակի մարզ):

Ապրելավայրերը: Ծանծաղ տարածքներ` Carex, Equisetum և նմանատիպ այլ բույսերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում են լճացած ջրերով, սովորաբար ափամերձ բուսականությամբ հարուստ մեզոտրոֆ ջրամբարներում: Զարգացումը տևում է մեկ տարի: Հայաստանում հայտնաբերվել է հուլիսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ տեսակ է, հայտնաբերվել է մեկ անգամ: Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն, ճահիճների մելիորացիա:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արփի» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում ազգային պարկի արգելոցային գոտու տարածքի մեջ:

 

20. Նետիկ նրբագեղ

Coenagrion scitulum (Rambur, 1842)

Կարգ Ճպուռներ - Odonata

Ընտանիք Նետիկներ - Coenagrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով ծայրահեղ հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Բարեկազմ մարմնով, փոքր ճպուռ է (մարմնի երկարությունը 30-32 մմ), գունավորումն երկրագույն է, կրծքի վերին մասը սև է` մեկ զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլերով, փորիկի հատվածները տարբեր լայնությամբ սև գույնի օղակներով են, 6-րդ, 7-րդ, 10-րդ հատվածները գրեթե լրիվ սև են, 8-րդն ու 9-րդը` գրեթե ամբողջությամբ երկնագույն: Պտերոստիգման խոշոր է:

Տարածվածությունը: Միջերկրական ծովի երկրներ` դեպի արևելք մինչև Հյուսիսային Իրան, Վրաստան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է հայտնաբերման միակ վայրից` Ալդարա գյուղի շրջակայքից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Կիսաանապատային գոտու տաք, երբեմն դանդաղահոս ջրավազաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում են տաք, ջրաճահճային բուսականությամբ հարուստ ջրավազաններում: Ձվադրում են լողացող բուսականության վրա: Թռիչքը` մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը, երբեմն շարունակվում է մինչև սեպտեմբեր, զարգացումը տևում է մեկ տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրահեղ հազվադեպ է: Հայտնի են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

21. Վան Բրինկի նետիկ

Coenagrion vanbrinkae Lohmann, 1993

Կարգ Ճպուռներ - Odonata

Ընտանիք Նետիկներ - Coenagrionidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a: Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 3.1.) «Անբավարար տվյալներ» DD կարգավիճակով:

Համառոտ նկարագրությունը: Բարեկազմ մարմնով, փոքր ճպուռ է (մարմնի երկարությունը 30-32 մմ), գունավորումը վառ երկրագույն է, կրծքի վերին մասը սև է` մեկ զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլերով, փորիկի հատվածները տարբեր լայնությամբ սև գույնի օղակներով են, որոնք լայնանում են առջևից դեպի հետ` մինչև 7-րդ հատվածը, 8-րդ հատվածը գրեթե ամբողջությամբ երկնագույն է, 10-րդը` սև գույնի: Էգը կանաչաերկնագույն է կամ դեղնականաչավուն` արուի նախշին գրեթե նման սև նախշով:

Տարածվածությունը: Թուրքիա, Իրան, Վրաստան և Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Շիրակի (Գյումրի քաղաքի շրջակայք), Արմավիրի (Տարոնիկ գ. մոտ), Արարատի (Մասիս ք., ՈՒրցի լեռնաշղթայի հարավային լանջեր` Սուրենավան գ. մոտակայք), Սյունիքի (գ. Վագուդիի մոտ) մարզերից և Երևանի շրջակայքից:

Ապրելավայրերը: Թույլ հոսող ջրով ջրամբարներ, ջրանցքներ, առուներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թռչում է գարնանը` մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը: Գերադասում է բազմացման վայրերը` ջրի մերձակայքը: Զարգացման ցիկլը տևում է մեկ տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բնակության վայրերում հաճախակի է հանդիպում: Փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարների աղտոտում և հիդրոլոգիական ռեժիմի խախտում` պայմանավորված մելիորատիվ աշխատանքներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

22. Լինդենի նետիկ

Erythromma lindenii (Selys, 1840)

Կարգ Ճպուռներ - Odonata

Ընտանիք Նետիկներ - Coenagrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով ծայրահեղ հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a: Գրանցված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Փոքր ճպուռ է (մարմնի երկարությունը 30-34 մմ): Գունավորումն երկնագույն է, երբեմն կանաչավուն շողշողյունով, ունի սև զարդանախշ: Արուի գունավորումն ավելի վառ է, կրծքի վերին մասը սև գույնի է` զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլերով, փորիկի 2-6-րդ հատվածները նետաձև են, սև բծերով, 7-8-րդ հատվածները վերևից համարյա ամբողջությամբ սև են, 9-րդն երկնագույն է, 10-րդը վերին մակերեսի վրա ունի սև գույնի զոլ: Սեռահասուն էգի փորիկի միայն միջին 3-4 հատվածներն են երկնագույն, մյուսները ձիթապտղականաչ են կամ դեղնավուն:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն մեկ տեղավայրից` Տարոնիկ գյուղի շրջակայքից (Արմավիրի մարզ):

Ապրելավայրերը: Հոսող և կանգնած ջրով, թթվածնի հարուստ պարունակությամբ ջրամբարներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում հայտնաբերվել է հուլիսին, արեալի մյուս հատվածներում թռիչքը դիտվում է մայիսի վերջից մինչև սեպտեմբերի կեսերը: Զարգացման ցիկլը տևում է 1 տարի: Ձվադրում են ջրային բուսականության վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրահեղ հազվադեպ է, հանդիպել է մեկ անգամ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարների աղտոտում և հիդրոլոգիական ռեժիմի խախտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի հայտնաբերում և պահպանում:

 

23. Չպուռ տափակաոտ

Platycnemis pennipes (Pallas, 1771) - 150

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Պլատիքնեմիդներ - Platycnemididae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով ծայրահեղ հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր չափի գեղակազմ ճպուռ է (մարմնի երկարությունը 35- 37 մմ): Արուն բաց երկնագույն է, էգը` կրեմագույն կամ դեղին` կանաչավուն շողշողյունով: Կուրծքը վերևից մուգ գույնի է, ունի բաց գունավորված երկու զույգ երկայնական զոլեր: Փորիկի 1-6-րդ հատվածների հետին եզրին կան փոքր սև բծեր, 7-9-րդ հատվածները վերևից սև են` նեղ, երկնագույն միջին զոլով, 10-րդ հատվածը երկնագույն է` երբեմն կողքերին զույգ սև բծերով: Ոչ սեռահասուն առանձնյակներն ունեն շատ բաց գունավորում, փորիկի մուգ զարդանախշը թույլ է արտահայտված:

Տարածվածությունը: Եվրոպա` Անգլիայից դեպի արևելք մինչև Ենիսեյ գետը, Փոքր Ասիա, Կովկաս և Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ք. Երևանից (Քանաքեռ` Հրազդան գետի մոտ) և Արզնի քաղաքի շրջակայքից (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Դանդաղ հոսող կամ կանգնած ջրերով ջրավազաններ, այդ թվում արհեստական ջրամբարներ` ջրանցքներ և ձկնաբուծական լճակներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են խիտ բուսականությամբ ծածկված, թույլ հոսող և կանգնած ջրով ջրամբարներում: Ձվադրում են լողացող բուսականության վրա: Թռչում են հունիսին-հուլիսի սկզբին, ավելի քիչ քանակներով հանդիպում են նաև օգոստոսին: Զարգացման ցիկլը տևում է 1 տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրավազանների հիդրոլոգիական ռեժիմի խախտում և աղտոտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Հրազդան գետի կիրճում ԲՀՊՏ-ի ստեղծում, ինչը նախատեսված է Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծով:

 

24. Կապույտ ճպուռ

Aeshna cyanea (Mueller 1764)

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Շերեփագիներ - Aeshnidae

 

Կարգավիճակը: Արեալի ռելիկտային հատվածում գտնվող ծայրահեղ հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր ճպուռ է (մարմնի երկարությունը 67-76 մմ): Գունավորումը սև է` երկնագույն, բաց կանաչավուն կամ դեղնականաչավուն զարդանախշով, կուրծքը վերևից բաց գույնի բծերով է, կրծքի կողքերը` լայն, շեղ դասավորված, բաց գույնի զոլերով, փորիկի հատվածների բծերը կարճ են և լայն, իսկ 9-10-րդ հատվածները միացած են մեկ ամբողջական տրամակապով:

Տարածվածությունը: Եվրոպա, Ալժիր, դեպի արևելք` մինչև ՈՒրալ: Կովկասում և Անդրկովկասում գտնվում են տեսակի արեալի ռելիկտային հատվածները:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Պարզ լճի շրջակայքից` Դիլիջան քաղաքի մոտ (Տավուշի մարզ):

Ապրելավայրերը: Հայաստանում հանդիպում է անտառային գոտու կանգնած ջրով ոչ մեծ ջրամբարներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում է կանգնած ջրով ոչ մեծ ջրամբարներում, 2 տարվա ընթացքում: Ձվադրում է ջրի ափամերձ շրջանում, երբեմն խոնավ մամուռի մեջ: Եվրոպայում թռիչքը դիտվում է հունիսի սկզբից մինչև հոկտեմբեր: Հայաստանում հայտնաբերվել է օգոստոսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի է հայտնաբերման միայն մեկ նշում: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում ազգային պարկի արգելոցային գոտու տարածքի մեջ:

 

25. Սղոցակիր ճպուռ

Aeshna serrata Hagen, 1856

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Շերեփագիներ - Aeshnidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է, հանդիսանում է տեսակի հիմնական արեալից հեռու գտնվող, մեկուսացած ռելիկտային պոպուլյացիա: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Շատ խոշոր ճպուռ է (մարմնի երկարությունը 71-86 մմ): Արուների մարմինն ունի ընդհանուր երկնագույն ֆոն, իսկ էգերինը` կանաչա-երկնագույն, որի վրա թե էգերի, թե արուների մոտ կա սև և սպիտակ գույնի զարդանախշ: Գունավորմամբ տեսակը ընդհանուր առմամբ նման է Aeshna cyanea-ին:

Տարածվածությունը: Հյուսիսային Եվրոպա (Շվեդիա, Ֆինլանդիա): Սիբիրում` ՈՒրալի արևելյան լանջերից մինչև Տոմսկ, Հյուսիսային Ղազախստան, Մոնղոլիա: Հյուսիս-Արևելյան Թուրքիայի (Վանա լիճ), Հարավ-Արևմտյան Վրաստանի (Ախալքալակի բարձրավանդակ) և Հայաստանի տարածքների պոպուլյացիաները համարվում են ռելիկտային:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Արդենիս գյուղի մոտ գտնվող Գելլի լճի տարածքից (Շիրակի մարզ):

Ապրելավայրերը: Կովկասում հանդիպում է բարձրլեռնային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թրթուրի զարգացումը տևում է 2-3 տարի` ջրաճահճային հարուստ բուսականությամբ, ճահճացած, թթու ռեակցիայով ջրերում: Արեալի այլ հատվածներում կարող է հանդիպել նաև թույլ աղիավուն, կանգնած ջրով ջրամբարներում: Թրթուրները կարող են երկար գոյատևել ջրից դուրս պայմաններում: Եվրոպայում թռչում են հուլիսին-սեպտեմբերին: Հայաստանում հայտնաբերվել են օգոստոսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրահեղ հազվադեպ է, հայտնի է հայտնաբերման մեկ գրանցում: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արփի» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի տարածքի գոտիավորման ընթացքում տեսակի բնակավայրերի ընդգրկում արգելոցային գոտու տարածքի մեջ:

 

26. Թամբակիր ճպուռ

Hemianax ephippiger (Burmeister, 1839)

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Շերեփագիներ - Aeshnidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է, ներկայացված է արեալի սահմանաեզրին գտնվող մեկուսացած պոպուլյացիայով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab(iii)+2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Խոշոր ճպուռ է (մարմնի երկարությունը 61-66 մմ): Գունավորումը դեղնադարչնագույն կամ ավազագույն է, արուի փորիկի երկրորդ հատվածն ունի վառ կապույտ, իսկ էգինը` մանուշակագույն բիծ, որը մասամբ անցնում է 3-րդ հատվածի վրա: Փորիկի հատվածներն ունեն մուգ շագանակագույն, անհարթ լայնակի զոլ և նեղ, մուգ գունավորված միջհատվածային օղեր:

Տարածվածությունը: Հյուսիսային Աֆրիկայի անապատներ, Միջերկրական ծովի երկրներ, դեպի արևելք` մինչև Հյուսիսային Հնդկաստան և Միջին Ասիա, Կովկաս (Գլխավոր լեռնաշղթա), Վրաստան և Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատյան հարթավայրի որոշ կետերից` Արմավիրի (գգ. Եղեգնավան, Արաքս, Արազապ, Մարգարա) և Արարատի (Արարատ ք. մոտ) մարզերից:

Ապրելավայրերը: Կիսաանապատային գոտու մանր, տաք, հաճախ` ժամանակավոր, ջրամբարներ և լճեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թռչում են մթնշաղին, երբեմն` դեպի լույսի աղբյուր: Եվրոպայում հանդիպում են գլխավորապես մարտի վերջին և հոկտեմբերին, Հայաստանում` հուլիսին (ձվադրման պահին) և օգոստոսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ոչ մեծաքանակ, տեղ-տեղ հանդիպող տեսակ է: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Տարածքի գյուղատնտեսական նպատակներով յուրացում, ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն` պայմանավորված, գլխավորապես, մելիորատիվ աշխատանքներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արարատյան դաշտում տեսակի զարգացման վայրերի հայտնաբերում և պահպանում:

 

27. ՈՒբադչի ճպուռ

Gomphus ubadschii Schmidt, 1953

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Գոմֆիդներ - Gomphidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` VU B1b+B2b:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի ճպուռ է (մարմնի երկարությունը 50-53 մմ): Գունավորումը բաց դեղին կամ սպիտակավուն է, լավ արտահայտված սև նախշով: Կուրծքը երեք զույգ սև գույնի զոլերով է, փորիկի հատվածների կողքերին ձգվում են լայն սև գույնի զոլեր` միջին գծով տեղադրված բաց գունավորված երկայնակի բծերով:

Տարածվածությունը: Վրաստանից և Թուրքիայից մինչև Սիրիա, Իրան և Միջին Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Արարատյան դաշտից` Արմավիրի (գ. Մարգարա) և Արարատի (գ. Բուրաստան) մարզերից:

Ապրելավայրերը: Ավազային, տղմոտ հատակով խոշոր գետեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում են համեմատաբար դանդաղ հոսացող խոշոր գետերում: Թրթուրը բնակվում է տղմավազային հատակին, զարգացման շրջանը տևում է 3-4 տարի: Հասուն առանձնյակները հանդիպում են ավազոտ ափերին: Հայաստանում թռիչքը դիտվել է հունիսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրահեղ հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ: Փոփոխության միտումները պարված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Գետերի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն` պայմանավորված հիդրոշինարարությամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի հայտնաբերում և պահպանում:

 

28. Նմանաձև ճպուռ

Onychogomphus assimilis fulvipennis (Schneider, 1845)

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Գոմֆիդներ - Gomphidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է, ոչ մեծ, կտրատված, հավանաբար, ռելիկտային արեալով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1b+B2b: Տեսակը ընդգրկված էր ԲՊՄՄ-ի Կարմիր ցուցակում (ver 3.1.) որպես «Խոցելի» VU B1a+B2a: Ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի ճպուռ է (մարմնի երկարությունը 50-55 մմ), սևադեղնավուն հակադիր գունավորմամբ: Վերին շրթունքն ունի լավ արտահայտված սև գույնի եզրակ: Կրծքի կողքերը սև գույնի լայն զոլերով են, փորիկի տերգիտները` կողքերին երկար, նեղ ելուստներ ունեցող սև բծերով:

Տարածվածությունը: Հայտնի է Առաջավոր Ասիայից, Կովկասի և Հարավային Թուրքմենիայի մի շարք մեկուսացած տեղավայրերից:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տավուշի (Իջևան ք. շրջակայք), Վայոց Ձորի (Վայք ք. և Գետափ ու Վերնաշեն գյուղեր) և Սյունիքի (Քարահունջ գյուղ) մարզերից:

Ապրելավայրերը: Մասամբ ստվերոտ և հաճախ սառը նախալեռնային գետեր` ինչպես կիսաանապատային, այնպես էլ անտառային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թռչում են հունիս-հուլիս ամիսներին, հանդիպում են գետերի ափերին, հաճախ նստում են քարերի վրա: Ձվերը դնում են դանդաղ հոսացող ջրի մեջ: Զարգացումը տևում է 2-3 տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են առանձին առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Գետերի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն` պայմանավորված հիդրոշինարարությամբ, ջրի աղտոտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում «Իջևան» արգելավայրի տարածքի մեջ, գետերի վրա` որտեղ բնակվում է տեսակը, հիդրոշինարարության սահմանափակում:

 

29. Ճպուռ ճահճային

Leucorrhinia pectoralis (Charpentier, 1825)

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Իսկական ճպուռներ - Libellulidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ հազվագյուտ տեսակ է: Հանդիսանում է տեսակի արեալի սահմանագծին գտնվող ռելիկտային պոպուլյացիա: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a: Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի, գեղակազմ ճպուռ է (մարմնի երկարությունը 24- 27 մմ): Մարմինը մուգ կապույտ է` ավելի բաց գույնի նախշազարդով: Կուրծքը վերևից ծածկված է կարմրաշագանակագույն կամ դեղնավուն բծերով: Փորիկի հատվածների վրա` վերևից, կան դրանց մակերեսի մեծ մասը ծածկող կարմրավուն կամ դեղնավուն խոշոր բծեր, 7-րդ հատվածը միշտ մեծ դեղին բծով է:

Տարածվածությունը: Եվրոպա` Ֆրանսիայից ու Շվեդիայից դեպի արևելք` մինչև Արևմտյան Սիբիր և Ալթայ: Թուրքիայում, Կովկասում և Անդրկովկասում ներկայացված է ռելիկտային օջախներով:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ):

Ապրելավայրերը: Ճահճացած տորֆահողեր, անտառային գոտում` ջրային և ջրամերձ բուսականությամբ ոչ մեծ լճեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Եվրոպայում թռչում են ապրիլի վերջից մինչև հուլիսի սկիզբը: Հայաստանում գտնվել են հուլիսին: Ձվադրում են` նետելով ձվերը ջրի մեջ: Թրթուրը զարգանում է կանգնած ջրով, մեծամասամբ, ճահճացած ջրամբարներում: Զարգացումը տևում է 2 տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի ապրելավայրերի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն` պայմանավորված ճահիճներում մելիորատիվ աշխատանքներով և տորֆի արտահանումներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ստեփանավան քաղաքի շրջակայքում ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

30. Սևծովյան ճպուռ

Libellula pontica Selys, 1887

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Իսկական ճպուռներ - Libellulidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B B2ab(iii): Ընդգրկված է ԲՊՄՄ-ի (ver 3.1.) Կարմիր ցուցակում որպես «Վտանգված վիճակին մոտ գտնվող» NT: Գրանցված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի ճպուռ է (մարմնի երկարությունը շուրջ 45 մմ): Մարմինը կարմրավուն կամ շիկակարմրավուն է, փորային տերգիտների միջին գծի երկայնքով կան փոքրիկ բծեր: Սեռահասուն արուի մարմինը կապույտ փոշեծածկով է: Փորիկի վերին մասով ձգվում է նեղ, սև գույնի զոլ, որը փոքր-ինչ լայնանում է առջևից դեպի հետ: Թևերի հիմքում կան ոչ մեծ, շագանակագույն մգացումներ:

Տարածվածությունը: Թուրքիա, դեպի արևելք` մինչև Միջին Ասիա, դեպի հարավ` մինչև Հյուսիսային Իսրայել:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Մասիս քաղաքի շրջակայքից (Արարատի մարզ):

Ապրելավայրերը: Եղեգով աճած ջրանցքներ և գետեր կիսաանապատային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թռչում են ամառվա առաջին կեսին: Ձվադրում են ջրի մեջ` փորիկի ծայրով հարվածելով ջրի մակերեսին: Թրթուրը զարգանում է մեկ տարվա ընթացքում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրահեղ հազվադեպ է: Հայտնի է մեկ հայտնաբերման փաստ:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն և աղտոտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի զարգացման վայրերի հայտնաբերում և պահպանում:

 

31. Ճպուռ Սաբինա

Orthetrum sabina (Drury, 1770)

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Իսկական ճպուռներ - Libellulidae

 

Կարգավիճակը: Արեալի սահմանաեզրին գտնվող հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի, շատ բարեկազմ մարմնով ճպուռ է (մարմնի երկարությունը 45-48 մմ): Գունավորումը հիմնականում սև է, բաց դեղնավուն զարդանախշով` երբեմն կանաչավուն երանգով: Կուրծքը կողքերից ունի շեղ դասավորված, նեղ, բաց գույնի զոլեր: Փորիկը սև միջնագծով է, որը 4-6րդ հատվածների վրա առջևի մասում և հետևից խիստ լայնացած է, 7-9-րդ հատվածները գրեթե ամբողջությամբ սև են, 10-րդը` մեծ մասամբ բաց գունավորված:

Տարածվածությունը: Կովկասից դեպի հարավ և արևելք` մինչև Ճապոնիա և Ավստրալիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Սյունիքի մարզից` Մեղրի քաղաքի և Ալդարա գյուղի մոտակայքից:

Ապրելավայրերը: Հայաստանում կիսաանապատային գոտու կանգնած և դանդաղ հոսող ջրով ջրամբարներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում է թույլ հոսանքով բավականին տաք ջրամբարներում: Թռիչքը` ապրիլ-հոկտեմբեր ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են առանձին հայտնաբերումներ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն և ջրամբարների աղտոտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

32. Տափակ ճպուռ

Sympetrum depressiusculum (Selys, 1841)

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Իսկական ճպուռներ - Libellulidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Անհետացող»` EN B 1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր ճպուռ է (մարմնի երկարությունը 32-37 մմ): Էգի և ոչ սեռահասուն արուների գունավորումը դեղին է` վերևից փոքր-ինչ ավելի մուգ, սեռահասուն արուների մարմնի վերին մասը կարմիր է, փորիկի 4-8-րդ հատվածների կողքերին կան սև գույնի, նեղ, եռանկյունաձև երկայնակի բծեր:

Տարածվածությունը: Ալժիր, Եվրոպա` Հոլանդիայից և Ֆրանսիայից դեպի արևելք` Սիբիրի հարավով մինչև Խաբարովսկ և Մանջյուրիա, տեղ-տեղ հանդիպում է Միջին Ասիայում, Ադրբեջանում և Հայաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Սյունիքի մարզից` Կապան քաղաքի և Արծվանիկ գյուղի շրջակայքից:

Ապրելավայրերը: Բնորոշ է կանգնած ջրերով ջրավազաններին, Հայաստանում հանդիպում է անտառային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են, սովորաբար, բավականին խոշոր, բայց ոչ խորը ջրամբարներում` ներառած ջրածածկ դաշտերը: ՈՒնի գաղթելու ձգտում և կարող է հանդիպել նաև ջրից հեռու վայրերում: Եվրոպայում թռիչքը դիտվում է հունիսից մինչև նոյեմբեր ամիսներ, Հայաստանում թռիչքը գրանցվել է հուլիսին: Ընդունակ է տարվա ընթացքում տալ 2 սերունդ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

33. Ճպուռ-ծառա

Crocothemis servilia (Drury, 1773)

Կարգ` Ճպուռներ - Odonata

Ընտանիք` Իսկական ճպուռներ - Libellulidae

 

Կարգավիճակը: Արեալի սահմանաեզրին գտնվող ծայրահեղ հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի ճպուռ է (մարմնի երկարությունը շուրջ 34-37 մմ): Էգերի և ոչ սեռահասուն արուների մարմնի գունավորումը քիչ թե շատ մուգ ոսկեդեղնավուն է, սեռահասուն արուներինը` վառ կարմիր: Փորիկի հատվածների (բացի 10-րդից) միջնագծի երկարությամբ վերևից ձգվում է նեղ, փոքր-ինչ անհավասար, մուգ գույնի զոլ:

Տարածվածությունը: Հարավային Ասիա, արեալի արևելքում հասնում է Ճապոնիա, արևմուտքում` Հարավ-Արևելյան Թուրքիա և Իսրայել, Անդրկովկասում հայտնի են մեկուսացած օջախներ:

Տարածվածությունը Հայաստանում: Գտնվել է միայն Մեղրի քաղաքի մոտակայքում (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Գրեթե բոլոր տաք, կանգնած ջրերով բաց ջրամբարներ: Հայաստանում հայտնաբերվել է Արաքս գետի մոտ գտնվող լճակից:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգանում է ջրաճահճային հարուստ բուսականությամբ տաք, կանգնած ջրերով ջրամբարներում: Զարգացման ցիկլը, ինչքանով հայտնի է, տևում է մեկ տարի: Հայաստանում հասուն առանձնյակները գրանցվել են հունիսին: Գերադասում են ափամերձ բուսականություն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրահեղ հազվադեպ է, հայտնի է հայտնաբերման մեկ փաստ: Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրամբարների աղտոտում թունաքիմիկատներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայր հանդիսացող լճակին տալ Բնության հուշարձանի կարգավիճակ:

 

34. Մորեխ ելունդավոր

Nocarodes nodosus Mistschenko, 1951

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Մորեխներ - Acrididae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր մարմնով (արուի մարմնի երկարությունը 19,2-22,5 մմ է, էգինը` 36,5-48,5 մմ) և ամուր ու անհարթ ծածկույթներով անթև մորեխ է: Գունավորումը` մոխրագույն-շագանակագույն, մոխրագույն, դեղնա-շագանակագույն:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ տեսակ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատի մարզի մի շարք կետերից (Վեդի ք. շրջակայք, Քաղցրաշեն գյուղի մոտակայք, Գոռավանի ավազուտներ):

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ, ավազոտ անապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բուսակեր են, բազմակեր: Ձմեռում են հավանաբար թրթուրները և հասուն առանձնյակները, հայտնվում են մարտ-ապրիլ ամիսներին, զուգավորվում են մայիս-հունիսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է` հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, վտանգված չոր էկոհամակարգերում անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի բնապահպան ռեժիմի խստացում, անասունների արածեցման արգելում:

 

35. Մորեխ հայկական

Gomphocerus armeniacus (Uvarov, 1931)

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Մորեխներ - Acrididae

 

Կարգավիճակը: Սահմանափակ, մասնակի ընդհատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a +B 2b:

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի մորեխիկ է (արուի մարմնի երկարությունը 12,5-17,2 մմ է): Գունավորումը կանաչ է, ճակատն երբեմն խոշոր մուգ պուտով է: Վերնաթևերը և թևերը լավ են զարգացած, երկու սեռերի վերնաթևերն էլ միագույն են` գագաթային հատվածից դեպի առաջ գորշագույն ջղերով և թույլ սպիտակ պուտիկով, էգինը` երբեմն նաև մուգ պտերով: Թևերը թափանցիկ են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Շիրակի (գգ. Վարդաղբյուր, Ջաջուռ, Արթիկ, Փոքրաշեն), Արագածոտնի (գ. Քուչակ, Արագած լեռան լանջեր), Կոտայքի (Գեղարդ, Ծաղկաձոր, Հանքավան, Ակնալիճ), Գեղարքունիքի (ք. Սևան, գ. Շորժա, Արգիչիի գետահովիտ) և Սյունիքի (Ողջի գետի վերին հոսք, Տաշտուն գ. շրջակայք) մարզերից:

Ապրելավայրերը: Ալպյան և ենթալպյան գոտիների (1300-1500 մ ծ.մ.բ.), մարգագետիններ և գորգեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թրթուրները դուրս են գալիս հունիսի կեսին, հասուն անհատները հանդիպում են հուլիսի սկզբից, զանգվածաբար` օգոստոսին, հազվադեպ կարող են հանդիպել նաև սեպտեմբերին: Հետսաղմնային զարգացումը տևում է 45-55 օր: Բուսակեր են, բազմակեր:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հանդիպում են եզակի առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան», «Արփի» և «Արևիկ» ազգային պարկերում և «Քաջարան» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արփի» և «Արևիկ» ազգային պարկերի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

36. Հաստածղրիդ լայնացած

Bradyporus dilatatus Stal, 1875.

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Հաստածղրիդներ - Bradyporidae

 

Կարգավիճակը: Ընդհատված, ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Շատ խոշոր, ծանրաքաշ մարմնով ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 55,0-65,0 մմ է, էգինը` 41,0-70,0 մմ, ձվադրինը` 11,0-13,0 մմ): Գունավորումը սև է` բրոնզագույն փայլով, առաջնամեջքի հետին մասը և փորիկի կողքերով ձգվող երկու երկայնակի զոլերը կանաչ են կամ կանաչագորշագույն: Վերնաթևերը խիստ թերզարգացած են` թաքնված առաջնամեջքի եզրի տակ:

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Հյուսիս-Արևմտյան Իրան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Շիրակի (Արփի լճի հարակից տափաստաններ, Ամասիա ք. շրջակայք), Կոտայքի (Հրազդան ք., Ֆոնտան և Գառնի գգ. շրջակայք) և Գեղարքունիքի (Սեմյոնովկա գ. շրջակայք) մարզերում:

Ապրելավայրերը: Զարգացած ճիմածածկով լեռնատափաստաններ` 1500-2100 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բուսակեր են, բազմակեր: Հասուն առանձնյակները հանդիպում են հուլիս-օգոստոս ամիսներին, գետնի վրա սողում են ցերեկը` բացի ամենաշոգ ժամերից:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հյուսիսային Հայաստանում տեղ-տեղ բազմաքանակ են, Կենտրոնական Հայաստանում հազվադեպ է, նվազող թվաքանակով:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արփի» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

37. Սղոցապոչ անդրկովկասյան

Poecilimon geoktshaicus Stshelkanovtsev, 1910

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Ծղրիդներ - Tettigoniidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է, հայտնի է փոքրաքանակ հավաքներից: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 15,0-21,0 մմ է, էգինը` 20,0-26,0 մմ, ձվադրինը` 8,0-9,0 մմ): Արուի վերնաթևերը կարճացած են` մասամբ մտնում են փորիկի առաջին տերգիտի ծայրի տակ: Գունավորումը գորշագույն, կանաչավուն կամ դեղնավուն է, առաջնամեջքը` կողային երկայնակի կարմրա-դարչնագույն զոլերով` արուներինը ամբողջական, էգերինը` կարճացած:

Տարածվածությունը: Դաղստան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Նկարագրված է Սևանա լճի մոտակայքից (ավելի ստույգ տվյալներ չկան), այստեղ հետագայում չի գտնվել, հայտնի է նաև Տավուշի մարզից (Բագրատաշեն գ. շրջակայք):

Ապրելավայրերը: Տափաստանային գոտի, անտառային գոտու ստորին տափաստանացած հատվածներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասուն առանձնյակները հանդիպում են հունիսին: Հետսաղմնային զարգացումը տևում է 45-55 օր: Բուսակեր են, բազմակեր, Վրաստանում տեսակը նշված է որպես գյուղատնտեսական մշակաբույսերի (հացահատիկային, կարտոֆիլի, լոբու) երկրորդական վնասատու:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայաստանում հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի նմուշներ, թվաքանակի փոփոխության միտումները պարզաբանված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, խոպան հողերի հերկում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Ընդունված չեն, հավանաբար հանդիպում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

38. Սղոցապոչ հայկական

Poecilimonella armeniaca Uvarov,1921

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Ծղրիդներ - Tettigoniidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 12,0- 14,5 մմ է, էգինը` 17,0-19,0 մմ, ձվադրինը` 5,5-7,0 մմ): Արուների վերնաթևերը կարճացած են, մասամբ մտնում են փորիկի առաջին տերգիտի ծայրի տակ, էգերինը շատ փոքր են և թաքնված առաջնամեջքի ծայրի տակ: Գունավորումը տարատեսակ է` կարմրա-դեղին, կարմրա-գորշագույն, կարմրա-կանաչ:

Տարածվածությունը: Հայաստան, Հյուսիս-Արևելյան Թուրքիա (Ղարս վիլայեթ):

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Վայոց Ձորի մարզից (Բարձրունի և Կեչուտ գգ. շրջակայք):

Ապրելավայրերը: Լեռնատափաստան` 1500-2000 մ ծ.մ.բ., երբեմն թափանցում են ցանքերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասուն առանձնյակները հանդիպում են հունիս-հուլիս ամիսներին: Բուսակեր են, բազմակեր:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը չափավոր բարձր է, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

39. Ֆիտոդրիմադուզա հայկական

Phytodrymadusa armeniaca Ramme, 1939

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Ծղրիդներ - Tettigoniidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր չափի ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 25,0- 30,0 մմ է): Գունավորումը միատար կանաչա-դեղնավուն է: Երկու սեռերի վերնաթևերն էլ թերզարգացած են` արուինը հասնում է փորիկի 3-րդ, իսկ էգինը` 2-րդ տերգիտին:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Նկարագրված է Շենավան գ. շրջակայքից (Արմավիրի մարզ): Հայտնի է նաև Արարատի (Ասնի լքված գ.) և Սյունիքի (Մեղրի, Ագարակ քք., Քարահունջ գ.) մարզերից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ` մինչև 1100 մ ծ.մ.բ., բարձր բուսականությամբ և թփուտներով տեղամասեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասուն միջատները հանդիպում են հուլիս-օգոստոս ամիսներին: Բուսակեր են, բազմակեր:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հանդիպում են եզակի առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի յուրացում, վտանգված չոր Էկոհամակարգերում` անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

40. Սատունինի սկոտոդրիմադուզա.

Scotodrymadusa satunini (Uvarov, 1916)

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Ծղրիդներ - Tettigoniidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ, հնարավոր է անհետացած տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Մարմինը միջին մեծության է (արուի մարմնի երկարությունը 24,0 մմ է, էգինը` 23,0-26,0 մմ, ձվադրինը` 10,0-13,0 մմ): Գունավորումը գորշագույն, մոխրագույն-գորշագույն կամ շագանակագույն է: Երկու սեռերի վերնաթևերն ել խիստ կարճացած են, հազիվ են երևում առաջնամեջքի եզրի տակից:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Հյուսիս-Արևմտյան Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր Երևանից (այստեղ հավանաբար անհետացել է) և Արմավիրի մարզից (Փարաքար գ. և Այղր լճի շրջակայք):

Ապրելավայրերը: Կիսաանապատային գոտու ցածրադիր տեղամասեր` 845-1100 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թրթուրները հավանաբար դուրս են գալիս մայիսին: Բարձր հասակի թրթուրները և հասուն միջատները հավաքվել են հունիսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի է 1920 թ-ին հավաքված եզակի նմուշներից:

Վտանգման հիմնական գործոնները: Տարածքի գյուղատնտեսական յուրացում, քաղաքակենտրոնացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

41. Ռյոզելի երկգույն ծղրիդ

Bicolorana roeseli Hagenbach, 1822

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Ծղրիդներ - Tettigoniidae

 

Կարգավիճակը: Արեալի սահմանաեզրում գտնվող մեկուսացած պոպուլյացիա է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 16,0 մմ է, էգինը` 17,0 մմ, ձվադրինը` 6,0-7,0 մմ): Գունավորումը ժանգագույն-դեղին է կամ դեղնա-կանաչավուն, վերնաթևերը սովորաբար կարճացած են` արուներինը չեն հասնում փորիկի գագաթին, էգերինը` փորիկի կենտրոնին, հազվադեպ հանդիպում են նաև լավ զարգացած վերնաթևերով և թևերով առանձնյակներ:

Տարածվածությունը: Եվրոպա, Կովկաս, Վրաստան, Հայաստան` դեպի արևելք մինչև Արևմտյան Սիբիր, Հյուսիսային և Արևելյան Ղազախստան և Հյուսիսային Մոնղոլիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միակ ապրելավայրից` Հանքավան գ. շրջակայքից (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Անտառի վերին եզր`1800-1900 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բուսակեր են: Թրթուրները դուրս են գալիս հունիսի սկզբին, հասուն առանձնյակները` հուլիս-օգոստոս ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հանդիպում են եզակի առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, խոտհունձ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Հանքավան» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի տարածքում տեսակի տարածման վայրերում արածեցման և խոտհունձի սահմանափակում:

 

42. Սագա տափաստանային

Saga pedo Pallas, 1771

Կարգ` ՈՒղղաթևեր - Orthoptera

Ընտանիք` Ծղրիդներ - Tettigoniidae

 

Կարգավիճակը: Արեալի սահմանաեզրին գտնվող չափազանց հազվագյուտ տեսակ է, հայտնի է եզակի հայտնաբերմամբ, հավանաբար անհետացել է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2a: Տեսակը ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում (ver 2.3.) «Խոցելի»

(Vulnerable B1+2bd) կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում: Ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում: Համառոտ նկարագրությունը: Խոշոր չափի խիստ ձգված մարմնով ծղրիդ է (մարմնի երկարությունը 53,0-72,0 մմ է, ձվադրինը` 25,0-38,0 մմ): Գունավորումը դեղին կամ դեղնա-կանաչավուն է: Վերնաթևերը և թևերը գրեթե ամբողջությամբ հետզարգացած են և թաքնված են առաջնամեջքի ծայրի տակ:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայի տափաստաններ, Հյուսիսային Կովկաս, Վրաստան, Հայաստան, դեպի արևելք` մինչև Արևմտյան Սիբիր և Ղազախստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է եզակի հավաքով Չկալովկա գյուղից` Սևանա լճի մոտ (Գեղարքունիքի մարզ):

Ապրելավայրերը: Լեռնատափաստան:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են կուսածնությամբ: Արուները հայտնաբերված չեն: Դարանակալ գիշատիչ է, սնվում է այլ տեսակի խոշոր մորեխներով և ծղրիդներով, ակտիվ է ցերեկը, բայց ձվադրում է երեկոյան ժամերին կամ վաղ գիշերը: Զարգացումը զուգակցվում է 8 մաշկափոխություններով: Հայաստանից հայտնի առանձնյակը հավաքվել է սեպտեմբերին, արեալի այլ մասերում հանդիպում են սկսած հուլիսից:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայաստանից հայտնի է մեկ նմուշ:

Վտանգման հիմնական գործոնները: Տարածքի յուրացում, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Հավանաբար պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Բացահայտել տեսակի հնարավոր ապրելավայրերը:

 

43. Արարատյան որդան կարմիր

Porphyrophora hammelii Brandt

Կարգ` Հավասարաթևեր - Homoptera

Ընտանիք` Հսկա որդաններ - Margarodidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ, կրճատվող արեալով և նվազող թվաքանակով հազվագյուտ էնդեմիկ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1b(i,ii,iii)+2ab(i,ii,iii): Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Բնորոշ է խիստ արտահայտված սեռական երկձևություն: Հասուն էգն անթև, ձվաձև, մուգ բալի գույն ունեցող, դանդաղաշարժ, փոքր միջատ է (մարմնի երկարությունը` 2-12 մմ է, քաշը` 2-100 մգ): Մարմինը հատվածավորված է, սակայն չունի հստակ բաժանում գլխի, կրծքի և փորիկի: Ոտքերը կարճ են, թույլ զարգացած: Աչքերը պարզ տիպի են, բեղիկները 11-12-հատվածանի: Արուն չափերով շատ ավելի փոքր է էգից (մարմնի երկարությունը` 2-4.5 մմ, քաշը` 06-3,4 մգ), մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքի և փորիկի, կուրծքն օժտված է մուգ կարմիր, առաջնային երիզ ունեցող մեկ զույգ թափանցիկ թևերով: ՈՒնեն բարդ ֆասետային խոշոր աչքեր, բեղիկները կազմված են 13 հատվածներից, ոտքերն երկար են, հարմարված համեմատաբար արագ տեղաշարժվելուն: Մարմինը մուգ կարմիր գույնի է, վերջին հատվածի մեջքային կողմից դուրս են գալիս մարմնի երկարությունը 2-2,5 անգամ գերազանցող արծաթագույն մոմային թելերից կազմված 2 փնջեր:

Տարածվածությունը: Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է:

Տարածվածությունը Հայաստանում: Արարատի և Արմավիրի մարզեր` Արարատյան հարթավայրի աղուտներ: 20-րդ դարի կեսերին արեալը կազմում էր 10000 հա, 1990 թ. տվյալներով ընդամենը 2000 հա էր և բաղկացած էր իրարից տարանջատված փոքր (մինչև մի քանի հեկտար), և 2 համեմատաբար մեծ` մեկը` Արազապ (200 հա), մյուսը` Ջրարատ (17 հա) գյուղերի մոտակայքում (Արմավիրի մարզ) գտնվող հատվածներից:

Ապրելավայրերը: Ապրում են կերային բույսերի առկայությամբ աղուտներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բուսակեր, օլիգոֆագ տեսակ է, որը սնվում է միայն երկու տեսակի բույսերով` որդանախոտով (Aeluropus) և եղեգով (Phragmites): Ապրիլ-մայիս ամիսներին դուրս են գալիս թրթուրները` թափառողները, բարձրանում են հողի մակերես, գտնում կերաբույսը և սնվում մինչև օգոստոս-սեպտեմբեր: Սնման ամբողջ ընթացքում թրթուրը մնում է կպած բույսին: Մայիսի վերջին կատարվում է մաշկափոխություն և առաջանում են ցիստեր: Օգոստոսի երկրորդ կեսից ցիստերի մի մասից սկսում են դուրս գալ արու թրթուրները, որոնք արտաքինից նման են հասուն էգերին, բայց չափերով շատ ավելի փոքր են: Որոշ ժամանակ անց դրանք կրկին անցնում են հողի մեջ, որտեղ ձևավորվում են հարսնյակ-նիմֆերը: Այդ ամբողջ ժամանակահատվածում էգերի թրթուրները շարունակում են սնվել և աճել կերաբույսերին կպած ցիստերում: Ցիստերից դուրս գալուց հետո էգերը անմիջապես բարձրանում են հողի մակերևույթ և սպասում արուներին: Հասուն արուները ձևափոխությունից հետո մի քանի օր մնում են հողում, որի ընթացքում աստիճանաբար ձևավորվում են նրանց թևերը: Շարժուն դառնալուց հետո արուները դուրս են գալիս հողի մակերևույթ: Հասուն էգերը և արուները մասսայաբար դուրս են գալիս հողի մակերևույթ սեպտեմբերից մինչև հոկտեմբերի կեսերը, վաղ առավոտյան` ժամը 6-ից մինչև 11-ը: Այդ ընթացքում կատարվում է նրանց զուգավորումը, որից հետո արուները սատկում են, իսկ բեղմնավորված էգերը անցնում են հողի մեջ և 1-5 սմ խորության վրա սկսում արտադրել նուրբ մոմային թելեր ու պատրաստել յուրօրինակ թավշոտ բոժոժ` ձվապարկ, որտեղ էլ ձվադրում են, որից հետո նրանք էլ են սատկում: Ձմեռում են ձվերը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Տարածման վայրերում թվաքանակը բարձր է, սակայն պոպուլյացիայի թվաքանակը ընդհանուր առմամբ խիստ նվազել է` պայմանավորված արեալի զգալի կրճատմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Աղուտների ինտենսիվ յուրացում, մելիորատիվ աշխատանքների իրականացում, հողերի սեփականաշնորհում, անասունների չկարգավորված արածեցում: Հաշվի առնելով արեալի առանձնահատկությունները` դրա սահմանափակ, մասնատված և հողահանդակներով շրջապատված լինելը, կլիմայի հնարավոր փոփոխությունները կարող են առավել մեծ վտանգ ներկայացնել այս տեսակի համար: Հիդրոլոգիական ռեժիմի հետագա փոփոխությունը` ինչպես տեսակի տարածման վայրերում, այնպես էլ շրջակա հողահանդակներում, կարող է հանգեցնել նրա ապրելավայրերի ոչնչացմանը և հետևաբար` նաև միջատի բնաջնջմանը:

Պահպանության իրականացվող միջոցառումները: 1986 թ-ին հատուկ այս տեսակի պահպանության նպատակով ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը: Մշակված է արհեստական պայմաններում միջատի բազմացման մեթոդ:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում:

 

44. Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ

Carabus (Procerus) scabrosus fallettianus Cavazzutti, 1997

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Փոքր արեալով հազվադեպ ենթատեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU 1ab(iii)+B 2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Խոշոր բզեզ է (մարմնի երկարությունը 47-60 մմ), ունի ձգված ուռուցիկ մարմին: Մարմնի վերին մասը սովորաբար մետաղական փայլով է` կապույտ, կապտականաչ, կապտամանուշակագույն, հազվադեպ` գրեթե սև, կապույտ փայլով, մարմնի ստորին մասը սև է: Վերնաթևերը կոպիտ խիտ թմբիկներում են:

Տարածվածությունը: Հայաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հավանաբար նաև Ադրբեջանի հարակից տարածքներ:

Տարածվածությունը Հայաստանում: Սյունիքի մարզ (Գորիս, Խնձորեսկ, Կապան, Տանձավեր, Շիշկերտ, Քաջարան, Լիճք):

Ապրելավայրերը: Անտառներ և հետանտառային էկոհամակարգեր` 1100-2200 մ ծ.մ.բ., ինչպես նաև այգիներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են տարվա ողջ ընթացքում տաք եղանակին` գարնանից մինչև աշուն: Օրվա ընթացքում ակտիվությունը կախված է տարվա ժամանակից` հով եղանակին ակտիվ են ցերեկը, շոգ եղանակին` մթնշաղին և գիշերը: Բզեզներն ու թրթուրները սնվում են խխունջներով (գլխավորապես Helix lucorum տեսակով) և կողինջներով:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը կայուն ոչ բարձր է, տարբեր տարիներին դիտվում են աննշան տատանումներ` հավանաբար պայմանավորված կլիմայական պայմաններով:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառային էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված մասնավորապես ապօրինի անտառահատումներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում: Պահպանության առաջարկվող միջոցառումները: Սյունիքի մարզի անտառային էկոհամակարգերի բարվոք վիճակի ապահովում:

 

45. Սևանյան գնայուկ

Dyschirius sevanensis Khnzorian, 1962.

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Փոքր արեալով տեսակ է, միոցենյան մերձափնյա ֆաունայի ռելիկտ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B 2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր բզեզ է (մարմնի երկարությունը 4,8-5,5 մմ), ունի նեղ, խիստ ուռուցիկ, փայլուն մարմին: Մարմնի գունավորքումը սև է, շատ թե քիչ արտահայտված պղնձագույն շողշողյունով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանա լճի ափ (Շորժա գյուղի մոտակայք, ք. Մարտունի, ք. Սևան, Մասրիկ գետի գետաբերան):

Ապրելավայրերը: Ավազոտ լողափեր` անմիջապես ջրագծի մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզներն ու թրթուրներն ապրում են խոնավ ավազում` փորելով նեղ անցքեր: Սնվում են հավանաբար մանր խեցգետնակերպերով և նրանց դիերով:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը տեղ-տեղ կայուն բարձր է:

Վտանգման հիմնական գործոնները: Լողափերի վրա ռեկրեացիոն ազդեցություն, որը հանգեցնում է ավազի խտացմանը: Ջրափնյա գծի կտրուկ փոփոխություններ, ինչը հավանական է` կապված Սևանա լճի մակարդակի բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացման հետ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Սևանա լճի մակարդակի բարձրացման ընթացքում պոպուլյացիայի վիճակի հսկողություն:

 

46. Դարչնագույն առվակային գնայուկ

Trechus infuscatus Chaudoir, 1850.

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր բզեզ է (մարմնի երկարությունը 3,5 մմ), ունի չափավոր ձգված թույլ ուռուցիկ մարմին: Մարմինը կարմրադարչնագույն է, գլուխը և վերնաթևերը սովորաբար ավելի մուգ են գունավորված, քան առաջնակուրծքը:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Արագած լեռան հարավային լանջի Քարի լճի շրջակայք:

Ապրելավայրերը: Ալպյան մարգագետիններ` 2900-3000 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են քարերի տակ` հուլիսի վերջին - օգոստոսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը կայուն ոչ բարձր է:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցման հետևանքով ալպյան մարգագետինների դեգրադացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Հանդիպում է «Արագածի ալպյան» արգելավայրի տարածքում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նշված արգելավայրում իրական բնապահպան ռեժիմի ապահովում:

 

47. Ստեփանավանյան առվակային գնայուկ

Duvalius stepanavanensis Khnzorian, 1963.

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր բզեզ է (մարմնի երկարությունը 3-3,5 մմ), ունի նեղ տափակացած մարմին, աչքեր չունի: Գունավորումը բաց դեղին է:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Ստեփանավան քաղաքի մոտակայքում (Լոռու մարզ):

Ապրելավայրերը: Արջալեռան հյուսիսային լանջի անտառի աղբյուր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզներն ապրում են փափուկ կավաավազահողում, ոչ խորը թաղվելով (մինչև 2-3 սմ խորության վրա) հոսուն ջրով հագեցած հողի մեջ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Աղբյուրի` որի մոտ ապրում է տեսակը, հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում: Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անհրաժեշտ է աղբյուրին և հարակից տարածքներին սահմանել բնության հուշարձանի կարգավիճակ և իրականացնել աղբյուրի հիդրոլոգիական ռեժիմի հսկողություն:

 

48. Յացենկո-Խմելևսկու առվակային գնայուկ

Duvalius yatsenkokhmelevskii (Khnzorian, 1960).

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր բզեզ է (մարմնի երկարությունը 6,5 մմ), ունի ձգված, չափավոր ուռուցիկ մարմին, ծածկույթները փայլուն են, կարմրագորշավուն:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Իջևան քաղաքի շրջակայքից (Տավուշի մարզ):

Ապրելավայրերը: Բնակվում է սաղարթավոր անտառում` աղբյուրի մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են մայիս-հունիս ամիսներին` գերխոնավ հողերում և անտառային փռվածքում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Աղբյուրի, որի մոտ բնակվում է տեսակը, հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Հանդիպում է «Իջևան» պետական արգելավայրի տարածքում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի իրական բնապահպան ռեժիմի ապահովում, աղբյուրի հիդրոլոգիական ռեժիմի հսկողություն:

 

49. Խնձորյանի գնայուկ

Deltomerus khnzoriani Kurnakov, 1960.

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր բզեզ է (մարմնի երկարությունը 10-12 մմ), բարեկազմ, տափակած, չափավոր փայլուն մարմնով: Գունավորումը կարմրադարչնագույն է:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Ջերմուկ քաղաքից 3300 մ դեպի հյուսիս-արևելք «Սարեր Սարցալի» տեղանք:

Ապրելավայրերը: Հանդիպում է ալպյան մարգագետիններում` 3100-3300 մ ծ.մ.բ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հայտնաբերված են ձնե կույտերի մոտ` քարերի տակ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, փոփոխության միտումները հայտնաբերված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների արածեցման հետևանքով էկոհամակարգի հավանական դեգրադացում: Տեսակի ապրելավայրերի կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման շրջանի ընդգրկում նախատեսվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

50. Ալեքսանդրի գնայուկ

Chylotomus alexandri Kalashian, 1999

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվադեպ տեսակ է, ոչ մեծ` առավելապես միջինասիական ցեղի ամենաարևմտյան ներկայացուցիչն է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր բզեզ է (մարմնի երկարությունը 13--16,5 մմ), նեղ, բավականին ուռուցիկ մարմնով: Մարմնի վերին մասի գունավորումը վառ կապույտ մետաղական է, փայլուն, մարմնի ստորին մասը սև է:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միակ մեկուսացած պոպուլյացիա, որը գտնվում է Օձասար լեռան հարավային լանջին` Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մոտ:

Ապրելավայրերը: Ֆերուլայի (Ferula sp.) մացառուտներով քարքարոտ լանջեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են մայիսի վերջին հունիսի առաջին կեսին, ցերեկը թաքնվում են քարերի տակ, մթնշաղին, հնարավոր է նաև գիշերը, դուրս են գալիս գետնի մակերես և բարձրանում Ferula բույսի պտղաբեր թփերի վրա, որի սերմերով էլ սնվում են բզեզներն ու թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը կայուն ոչ բարձր է:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն: Ներկայում տարածքը վարձակալության է տրված մասնավոր անձի, ինչն էլ բացառում է իրավիճակի հսկողությունը:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» պետական ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Պոպուլյացիայի ապրելավայրերում բնության հուշարձանի կարգավիճակով ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

51. Տոնական գնայուկ

Poecilus festivus (Chaudoir, 1868)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1b(iii)+B 2b(iii):

Համառոտ նկարագրությունը: Ձգված, չափավոր ուռուցիկ մարմնով ոչ խոշոր բզեզ է (մարմնի երկարությունը 11-13 մմ): Մարմնի վերին մասն ունի վառ գունավորում` մետաղական կանաչ, հաճախ ոսկեգույն շողշողյունով, որն ավելի ցայտուն է արտահայտված առաջնամեջքի վրա, հազվադեպ կապտականաչ է գունավորված: Մարմնի ստորին մասը սև է:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևելյան Թուրքիա, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հայտնաբերված է Երևանում (Ջրվեժ և Նուբարաշեն ավանների մոտ), «Էրեբունի» պետական արգելոցում, ինչպես նաև Տիգրանաշեն (Արարատի մարզ) և Ռինդ (Վայոց Ձորի մարզ) գյուղերի մոտակայքում:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են ապրիլ-հունիս ամիսներին` քարերի տակ, գերազանցապես ռելիեֆի փոս ընկած հատվածներում, որտեղ ավելի երկար է պահպանվում հողի խոնավությունը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է, հանդիպում են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Երևան քաղաքի անմիջական մոտակայքում (Ջրվեժի կիրճ) լանդշաֆտների փոխակերպումներ, էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների չկարգավորված արածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նուբարաշեն ավանի շրջակայքում արգելավայրի ստեղծում, ինչը նախատեսված է Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծով:

 

52. Արենիական գնայուկ

Pristonychus arenicus Kalashian, 1979

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Գնայուկ բզեզներ - Carabidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ մեծ բզեզ է (մարմնի երկարությունը 14,5-15,5 մմ), ունի բարեկազմ, չափավոր ուռուցիկ, թույլ փայլով մարմին: Մարմնի գունավորումը կարմրագորշագույն է` բացից մինչև մուգ:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Մագելի» քարանձավից (Վայոց Ձորի մարզ):

Ապրելավայրերը: Ապրում է կարստային քարանձավում, մուտքից 10-30 մ հեռավորության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Քարանձավասեր (տրոգլոֆիլ) տեսակ է: Բզեզները հանդիպում են ամբողջ տարվա ընթացքում: Սնվում են, հավանաբար, Niptus holosericeus Faldermann տեսակի բզեզներով և նրանց թրթուրներով, որոնք մեծ քանակությամբ հանդիպում են այստեղ ապրող մի քանի տեսակի չղջիկների կղանքի վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը կայուն է, չափավոր բարձր:

Վտանգման հիմնական գործոնները: Քարանձավի` որպես զանգվածային տուրիզմի օբյեկտ, հավանական օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Մագելի» քարանձավին բնության հուշարձանի կարգավիճակի սահմանում:

 

53. Քալաշյանի մրջնասեր բզեզ

Philomessor kalashiani Khnzorian, 1988

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Խոլեվիդներ - Cholevidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Երկարավուն, ձվաձև մարմնով, բաց սպիտակադեղնավուն գունավորմամբ մանր բզեզ է (մարմնի երկարությունը շուրջ 3 մմ):

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տեղեր (Արագածոտնի մարզ) գյուղի շրջակայքի Արագած լեռան հարավային լանջից:

Ապրելավայրերը: Լեռնային տափաստան:

Կենսաբանության առանձնահատկությունները: Մրջնակեր տեսակ է, հանդիպում է Messor structor Latreille տեսակի մրջնանոցում: Բզեզների հավաքը կատարվել է մայիսի վերջին հունիսի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, հայտնի են եզակի նմուշներ, փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Տափաստանային էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անասունների արածեցման կարգավորում:

 

54. Հայկական բնդեռիկ

Glaphyrus calvaster Zaitzev, 1923

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Անհետացած տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով համապատասխանում է «Անհետացած»` EX կարգավիճակին:

Համառոտ նկարագրությունը: ՈՒռուցիկ, փոքր ինչ սրացած ձվաձև մարմնով միջին չափի բզեզ է (մարմնի երկարությունը 14-16 մմ): Գունավորումը կապույտ մետաղական է, վերնաթևերն երբեմն կարմրագորշագույն են: Արուի հետին ազդրերը խիստ հաստացած են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր Էջմիածնի և Փարաքարի շրջակայքից, վերջին անգամ հայտնաբերվել է 1932 թ.:

Ապրելավայրերը: Հանդիպել է թեթև կավաավազային հողերով յուրահատուկ անապատային էկոհամակարգում, որը ներկայում լրիվ հերկված է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզները հավաքվել են մայիսի երկրորդ կեսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բարձր չէ, ընդհանուր թվաքանակը նվազել է և շարունակում է նվազել` պայմանավորված ապրելավայրերի կրճատմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակին բնորոշ Էկոհամակարգերի իսպառ վերացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անհնար է պահպանել:

 

55. Կովկասյան բնդեռիկ

Glaphyrus caucasicus Kraatz, 1887

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Ցածր թվաքանակով, տարածման փոքր և կրճատվող շրջաններով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1ab(iii)+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: ՈՒռուցիկ, փոքր ինչ սրացած, ձվաձև մարմնով ոչ մեծ բզեզ է (մարմնի երկարությունը 10-13 մմ): Մարմինը մուգ գորշագույն է, շատ թե քիչ արտահայտված կանաչ մետաղական շողշողյունով, վերնաթևերը դեղին մազապատ զոլերով են: Արուի հետին ազդրերը խիստ հաստացած են:

Տարածվածությունը: Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում տարածված էր Երևանից մինչև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանները, ներկայում հավաստիորեն հայտնի է «Էրեբունի» արգելոցից և «Գոռավանի ավազուտներ» արգելավայրից` Վեդի քաղաքի մոտ, ինչպես նաև ՈՒրծի լեռնաշղթայի հարավային լանջերից` Սուրենավան գյուղի մոտ:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսանապատներ, ավազոտ անապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հունիսին - հուլիսի սկզբին, թռիչքը ցերեկն է, այցելում են տարբեր տեսակի բարդածաղկավորների ընտանիքին պատկանող փշոտ խոտաբույսերի բույլերը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, ընդհանուր թվաքանակը նվազել է և շարունակում է նվազել` պայմանավորված ապրելավայրերի կրճատմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Անապատների և կիսաանապատների յուրացում, անասունների չկարգավորված արածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում, անասունների արածեցման կանխում:

 

56. Ռուբենյանի բնդեռիկ

Adoretus rubenyani Kalashian, 2002

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Ձվաձև, ուռուցիկ մարմնով, ոչ շատ մեծ բզեզ է (մարմնի երկարությունը 9,5-13,5 մմ): Մարմինը բաց գույնի է` գորշ դեղին, առաջնամեջքը վերնաթևերից փոքր ինչ մուգ է, գլուխը գորշ կարմիր է:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արաքս գյուղի (Արմավիրի մարզ) և Արմաշ գյուղի շրջակայքից (Արարատի մարզ):

Ապրելավայրերը: Արարատյան հարթավայրի աղուտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները դեպի լույսի աղբյուր են թռչում հունիսի երկրորդ կեսին - օգոստոսի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը, հավանաբար, բարձր չէ, դեպի լույսի աղբյուր թռչում են մեկական առանձնյակներ, փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի յուրացում (այդ թվում նաև աղուտների մելիորացիա) և օգտագործում լճակային տնտեսություններ ստեղծելու նպատակով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անհրաժեշտ է անցկացնել «Խոր-Վիրապ» արգելավայրի տարածքի հետազոտում` տեսակի հայտնաբերման նպատակով, բացակայության դեպքում` տեսակի ներկա տարածման որոշ հատված առանձնացնել որպես հատուկ պահպանվող տարածք:

 

57. Ռեյթերի հացաբզեզ

Anisoplia reitteriana Semenov, 1903

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Տարածման և ապրելու փոքր և կրճատվող շրջաններով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1ab(iii)+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Լայն ձվաձև, փայլուն մարմնով, ոչ մեծ չափի բզեզ է (մարմնի երկարությունը 9 -11 մմ): Մարմինը սև է, վերնաթևերը կարմրագորշավուն:

Տարածվածությունը: Արաքս գետի հովիտ (Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Թուրքիա` Անի):

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր Երևանի և Էջմիածնի շրջակայքից, որտեղ, հավանաբար, անհետացել է` պայմանավորված լանդշաֆտի փոխակերպմամբ: Ներկայում հայտնի է «Էրեբունի» արգելոցից, Վեդի քաղաքից ոչ հեռու գտնվող Գոռավանի ավազուտների տարածքից և Երասխի շրջակայքից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ, ավազոտ անապատներ` խոտածածում փետրախոտի (Stipa) ներկայությամբ հատվածներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հունիսին, թռիչքը ցերեկն է, սովորաբար հանդիպում են փետրախոտի վրա, թրթուրները զարգանում են արմատների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Չխախտված ապրելավայրերում բավականին բարձր է, ընդհանուր թվաքանակը նվազել է և շարունակում է նվազել` պայմանավորված ապրելավայրերի կրճատմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Չոր և կիսաչոր տարածքների գյուղատնտեսական նպատակներով յուրացում, անասունների արածեցում, Հայաստանի առավել խիտ բնակեցված տարածքներում քաղաքակների թվի ավելացում և ենթակառուցվածքի զարգացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում պահպանության ռեժիմի խստացում, արածեցման կանխում:

 

58. Կովկասյան փառավոն

Pharaonus caucasicus (Reitter, 1893)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Ցածր թվաքանակով և կրճատվող արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR (B1ab(ii, iii, v), B2ab (ii, iii, v):

Համառոտ նկարագրությունը: Լայն ձվաձև, փայլուն, սև մարմնով ոչ շատ մեծ բզեզ է (մարմնի երկարությունը 9,0 մմ), վերնաթևերը սպիտակադեղնավուն են, փայլուն:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում հայտնի էր Երևանի, Էջմիածնի և Փարաքարի շրջակայքերից, որտեղ հավանաբար անհետացել է` պայմանավորված անապատների յուրացմամբ: Ներկայում հայտնի է միայն Գոռավանի ավազուտներից` Վեդի քաղաքի մոտ:

Ապրելավայրերը: Ջուզգունի (Calligonum polygonoides L.) թփուտներով ավազոտ անապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են մայիսի վերջին հունիսի առաջին կեսին, թռիչքը ցերեկն է, այցելում են բույսերի ծաղիկները` հիմնականում ջուզգունի: Թրթուրն ապրում է հողում, զարգացումը հավանաբար տևում է մեկ տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: 1980-ական թվականների սկզբերին շատ մեծաքանակ էր, դիտվում էր բզեզների պարսում ջուզգունի ծաղկող թփերի վրա: Ներկայում թվաքանակը խիստ կրճատվել է, հանդիպում են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների արածեցում, վառելանյութի համար ջուզգունի թփերի հատում, Ճանապարհաշինություն, մինչև վերջերս` նաև շինարարական նպատակներով ավազահանում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում, արածեցման կանխում:

 

59. Արաքսյան բնդեռ

Tanyproctus araxidis Reitter, 1901

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված» EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խիստ ուռուցիկ, ձվաձև, թույլ փայլով մարմին ունեցող բզեզ է (մարմնի երկարությունը 9-13 մմ): Գունավորումը բաց կարմրագորշավուն կամ շիկակարմիր է, առաջնամեջքը վերնաթևերից երբեմն փոքր ինչ մուգ է:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում հայտնի էր Փարաքար գյուղի շրջակայքից, որտեղ հավանաբար անհետացել է` պայմանավորված լանդշաֆտների փոխակերպմամբ: Ներկայում հանդիպում է Վեդի քաղաքի շրջակայքում` Գոռավանի ավազուտներում, ինչպես նաև Մեղրի քաղաքի մոտակայքում:

Ապրելավայրերը: Ավազոտ անապատներ, տարբեր տեսակի կիսաանապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թռիչքը մայիսին-հունիսի առաջին կեսին, թռչում են դեպի լույսի աղբյուր: Թրթուրը զարգանում է հողում, զարգացման շրջանը հավանաբար տևում է մեկ տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, դեպի լույս թռչում են եզակի առանձնյակներ: Սկսած 1980 թ. սկզբից դիտվում է թվաքանակի աննշան նվազում:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների արածեցում, մինչև վերջերը Գոռավանում նաև շինարարական նպատակներով ավազահանում, ճանապարհաշինություն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում, արածեցման կանխում:

 

60. Վեդիական բնդեռ

Tanyproctus vedicus Kalashian,1999

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Ձվաձև, խիստ ուռուցիկ, թույլ փայլով մարմին ունեցող ոչ մեծ բզեզ է (մարմնի երկարությունը 6-9 մմ): Գունավորումը բաց կարմրա-գորշագույնից մինչև մուգ գորշագույն է, գերակշռում են մուգ գունավորված առանձնյակները:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Վեդի քաղաքի շրջակայքի արևմտյան մասեր, ՈՒրծի լեռնաշղթայի հարավային լանջ` Սուրենավան գյուղի մոտ:

Ապրելավայրերը: Օշինդրի (Artemisia fragrans) գերակայությամբ քարքարոտ կիսաանապատ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են մայիսի երկրորդ - հունիսի առաջին կեսերին, թռիչքը ցերեկն է, երեկոյան հաճախ նստած են լինում օշինդրի և այլ խոտաբույսերի թփերի գագաթներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականաչափ բարձր է, փոփոխության միտումները հաստատված չեն` պայմանավորված կարճաժամկետ դիտումներով:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցման հետևանքով էկոհամակարգերի դեգրադացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տարածման սահմաններում` Բոզ-բուրուն բլրից դեպի հարավ գտնվող կիրճում, արգելավայրի կամ բնության հուշարձանի կարգավիճակով ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

61. Մեդվեդևի բնդեռիկ

Pseudopachydema medvedevi Khnzorian, 1971

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով շատ հազվագյուտ տեսակ է, Արևելյան Կովկասի էնդեմիկ սեռին պատկանող երկու տեսակներից մեկն է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Էգը մանր բզեզ է (մարմնի երկարությունը 9 մմ), ունի խիստ ուռուցիկ, դեպի հետ ձվաձև լայնացող, թույլ փայլով մարմին: Գունավորումը շիկակարմրավուն-կարմիր է, գլուխը և առաջնամեջքը վերնաթևերից նկատելիորեն մուգ են: Արուն հայտնի չէ:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Գառնի գյուղի շրջակայք:

Ապրելավայրերը: Չոր լեռնատափաստան:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզները հավաքվել են փուխր կավահողում օգոստոսին` հողը փորելիս:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի են եզակի նմուշներ:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի գյուղատնտեսական յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման շրջանում չհերկված հողերի պահպանում:

 

62. Զարդավոր չրխկան

Aeoloides figuratus (Germar, 1844)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Չրխկաններ - Elateridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Համառոտ նկարագրությունը: Փոքր բզեզ է (մարմնի երկարությունը 4,5-5,5 մմ): Մարմինը մուգ գորշագույն է, վերջույթները` բաց գորշավուն, առաջնամեջքը` կարմրագորշագույն` ոչ ցայտուն արտահայտված սև բծով, վերնաթևերը մուգ գորշագույն են` երկու դեղին գագաթնային և երկու վատ արտահայտված եզրերով հիմնային բծերով:

Տարածվածությունը: Անդրկովկաս, Առաջավոր և Միջին Ասիա, Իրան, Աֆղանստան, Իրաք, Արաբական թերակղզի:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տավուշի (քք. Իջևան, Բերդ, գգ. Աճարկուտ և Բագրատաշեն), Արմավիրի (Փշատավան գ. շրջակայք) և Սյունիքի (Մեղրի գետի ափ` Մեղրի ք. մոտ) մարզերից:

Ապրելավայրերը: Հոսուն ջրի լողափ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են խոնավ ավազում և մանր հղկված գետաքարերում` ջրի մոտ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հավաքներ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Մելիորատիվ և հիդրոշինարարական գործունեության հետևանքով ջրային ռեժիմի խախտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

63. Սևագլուխ չրխկան

Drasterius atricapillus (Germar, 1824)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Չրխկաններ - Elateridae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր բզեզ է (մարմնի երկարությունը 5-6 մմ): Մարմինը մուգ գորշագույն է, վերջույթները բաց գունավորված, առաջնամեջքի վրա կան կողմնային երկայնակի դասավորված բծեր, վերնաթևերի վրա կան երկու կամ չորս թույլ արտահայտված եզրերով բծեր: Մազածածկը բաց գույնի է: Առաջնամեջքի հետին անկյուններն ունեն մեկ կատար:

Տարածվածությունը: Ղրիմ, Կովկաս, Թուրքիա, Միջին Ասիա, Հյուսիսարևմտյան Չինաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Սյունիքի մարզից (Մեղրի գետի ափ` Մեղրի ք. մոտ):

Ապրելավայրերը: Հոսող ջրերի մոտ գտնվող լողափ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են խոնավ ավազում և մանր հղկված գետաքարերում` ջրի մոտ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հավաքներ, թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Մելիորատիվ և հիդրոշինարարական գործունեության հետևանքով ջրային ռեժիմի խախտում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

64. Սանրաբեղ չրխկան

Ctenicera pectinicornis (Linnaeus, 1758)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Չրխկաններ - Elateridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի «` VU B 1b:

Համառոտ նկարագրությունը: Միջին մեծության բզեզ է (մարմնի երկարությունը 14-19 մմ): Մարմինը մուգ կանաչ կամ մուգ կապույտ է, մետաղական փայլով, բեղիկները սև են, առանց փայլի, ոտքերը` գորշագույն կամ կարմրագորշագույն, վերնաթևերը` երբեմն բաց գունավորված զոլով:

Տարածվածությունը: Գրեթե ամբողջ Եվրոպա, Կովկաս, Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Վանաձոր ք. (Լոռու մարզ), Դիլիջան ք. (Տավուշի մարզ), Հանքավան գյուղի (Կոտայքի մարզ) շրջակայքերից:

Ապրելավայրերը: Անտառային, անտառատափաստանային գոտիներ` խիտ խոտածածկով անտառածածկ հատվածներ և բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թրթուրն ամենակեր է (պոլիֆագ), զարգանում է հողում, հանդիպում է անտառածածկ տեղերում: Հայաստանի պայմաններում զարգացումը հավանաբար տևում է երկու տարի: Հասուն բզեզների թռիչքը` մայիս-հունիս ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հանդիպում է տեղ-տեղ:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառահատումներ, չկարգավորված ռեկրեացիոն ծանրաբեռնվածություն, որը հանգեցնում է հողի պնդեցման:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան գոտում ռեկրեացիոն ակտիվության հսկողություն:

 

65. Արաքսյան չրխկան

Cardiophorus araxicola Khnzorian, 1970

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Չրխկաններ - Elateridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1ab(ii, iii, v), B2ab (ii, iii, v):

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 4,5-6 մմ): Մարմինը սև է, վերնաթևերը ծղոտագույն` կարի մոտ մգացած զոլով, հազվադեպ` յուրաքանչյուր վերնաթևի սկավառակի վրա ունենում են մեկական մուգ բիծ, բեղիկների հատվածների հիմքերը, ոտքերի սրունքները և թաթերը ավելի բաց են գունավորված:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Գոռավանի ավազուտներից` Վեդի ք. մոտ (Արարատի մարզ):

Ապրելավայրերը: Ջուզգունի (Calligonum polygonoides L.) մացառուտներով ավազոտ անապատ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են հունիսին-հուլիսի սկզբին` խոտաբույսերի վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է, փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների արածեցում, ճանապարհաշինություն, մինչև վերջին ժամանակները` շինարարական նպատակներով ավազահանում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում, տեսակի ապրելավայրերում անասունների արածեցման կանխում:

 

66. Կեղծ խոտային չրխկան

Cardiophorus pseudogramineus Mardjanian, 1977

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Չրխկաններ - Elateridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 6-8,3 մմ): Մարմինը սև է, առաջնամեջքը` կարմիր, վերջույթները` մուգ գորշագույն: Մարմնի վերին մասի մազիկներն երկգույն են, խառը, ներքևի մասինը` միագույն են, բաց գունավորված:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր ք. Երևանից, այստեղ հավանաբար անհետացել է: Ներկայում հանդիպում է Գողթ գ. շրջակայքում` Գեղարդի վանքի մոտ (Կոտայքի մարզ), Եղեգնաձորի ք. և Արենի գ. մոտակայքում (Վայոց Ձորի մարզ), ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Ապրելավայրերը: Չոր լեռնատափաստան:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են թեթև հողերով տարածքներում, որտեղ հունիս-հուլիս ամիսներին խոտածածկի վրա հավանաբար կատարվում է թրթուրների զարգացումը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են ոչ բազմաքանակ նմուշներ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

67. Սոմխետական չրխկան

Cardiophorus somcheticus Schwarz, 1896

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Չրխկաններ - Elateridae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 5,3-5,9 մմ): Մարմինը և բեղիկները սև են, առաջնամեջքը` կարմիր, ոտքի առջևի եզրին չհասնող ձվաձև կամ խաչաձև սև բծով, ազդրերը կարմրագորշագույն են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Նկարագրված է «Սոմխեթից» (Schwarz, 1896), ներկայում հավաստի հայտնի է Իջևան ք. շրջակայքից (Տավուշի մարզ):

Ապրելավայրերը: Սաղարթավոր անտառների բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են հունիսի վերջին - հուլիսին` հովանոցազգի բույսերի ծաղիկների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է, հայտնի են եզակի նմուշներ:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառային էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված ապօրինի անտառահատումներով, չկարգավորված ռեկրեացիայի հետևանքով հողերի պնդացում:

Պահպանության իրականացվող միջոցառումներ: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում «Իջևան» պետական արգելոցի տարածքի մեջ:

 

68. Փոքր չրխկան

Craspedostethus permodicus (Faldermann, 1835)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Չրխկաններ - Elateridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1b(iii)+B 2b(iii):

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 4,5-6,4 մմ): Մարմինը և վերջույթները բաց գորշագույն են, վերնաթևերը երբեմն բաց դեղին են: Մազածածկն ունի բաց գունավորում, մազիկներն երկար են:

Տարածվածությունը: Կովկաս, Հյուսիսային Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր ք. Երևանից, ներկայում հանդիպում է Հացավան գյուղի մոտակայքում (Կոտայքի մարզ), Գոռավանի ավազուտներում` Վեդի ք. մոտ (Արարատի մարզ) և Մեղրի ք. շրջակայքում (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի անապատներ և կիսաանապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները թռչում են դեպի լույսի աղբյուր հունիսին-հուլիսի առաջին կեսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հանդիպում է հատուկենտ:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի բնապահպան ռեժիմի խստացում, արածեցման կանխում:

 

69. Մորթիավոր ոսկեբզեզ

Acmaeoderella pellitula (Reitter, 1890)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ոսկեբզեզներ - Buprestidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր բզեզ է (մարմնի երկարությունը 4,5-6,5 մմ), խիստ ուռուցիկ, ձգված մարմնով: Մարմինը քիչ փայլուն է, սև գույնի` լավ արտահայտված, բրոնզագույն շողշողյունով: Վերնաթևերը մետաղական կապույտ են, հազվադեպ` կապտամանուշակագույն:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Հացավան գյուղի շրջակայքից (Կոտայքի մարզ), Գոռավանի ավազուտներից` Վեդի քաղաքի մոտ (Արարատի մարզ) և Մեղրի քաղաքի շրջակայքից (Սյունիքի մարզ), ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Ավազոտ անապատներ, տարբեր տեսակի կիսաանապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները թռչում են մայիսին-հուլիսի սկզբին, որպես լրացուցիչ սնունդ օգտագործում են հազարտերևուկների (Achillea) ծաղկաբույլերը, թրթուրների կերային բույսերը հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Չոր և կիսաչոր խոցելի տարածքներում անասունների չկարգավորված արածեցում, դրանց գյուղատնտեսական նպատակներով յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի բնապահպան ռեժիմի խստացում, արածեցման կանխում:

 

70. Կարճամարմին ոսկեբզեզ

Anthaxia breviformis Kalashian, 1988

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ոսկեբզեզներ - Buprestidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով շատ հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+ B2a:

Համառոտ նկարագրությունը: Տափակ, բավականին նեղ մարմնով մանր բզեզ է (մարմնի երկարությունը 4,5 մմ): Գունավորումը մուգ կանաչ է, մարմնի ստորին մասը գրեթե սև է, վերնաթևերը կեղտոտ կարմիր գույնի են` հստակ սահմաններ չունեցող մուգ կանաչ բծով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Նռնաձոր գյուղի շրջակայքից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Գիհու նոսրանտառներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, հայտնաբերվել են ապրիլի վերջին` ծաղիկների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի չեն, հայտնաբերված է մեկ նմուշ` տիպը:

Վտանգման հիմնական գործոնները: Բնակավայրերի մոտ վառելիք ձեռք բերելու նպատակով բնափայտաթփային բուսականության հատում: Անասունների` հատկապես այծերի, չկարգավորված արածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

71. Հպարտ ոսկեբզեզ

Anthaxia superba Abeille de Perrin, 1900

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ոսկեբզեզներ - Buprestidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a:

Համառոտ նկարագրությունը: Տափակ, նեղ մարմնով բզեզ է (մարմնի երկարությունը 6,5- 7,5 մմ): Գունավորումը բրոնզագույն է` պղնձակարմրավուն շողշողյունով, վերնաթևերը մեծ են, հստակ սահմաններ չունեցող սև բծով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հավաստիորեն հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Վարդազգիների մասնակցությամբ չոր նոսրանտառներ:

Կենսաբանության առանձնահատկություններ: Բզեզները հանդիպում են մայիսի երկրորդ - հունիսի առաջին կեսերին` նուշի (Amygdalus fenzliana) մատղաշ ծառերի վրա, որի ճյուղերում էլ զարգանում է թրթուրը: Զարգացումը միամյա է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բնակավայրերում վառելանյութի համար նուշի ծառերի հատում, անասունների` հատկապես այծերի, չկարգավորված արածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

72. Աղաբաբյանի ոսկեբզեզ

Sphaerobothris aghababiani Volkovitsh & Kalashian, 1998

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ոսկեբզեզներ - Buprestidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR Ba +B2a:

Համառոտ նկարագրությունը: Տափակ, ոչ լայն մարմնով ոչ խոշոր բզեզ է (մարմնի երկարությունը 10,5-13,5 մմ): Գունավորումը բրոնզագույն է` պղնձակարմրավուն կամ պղնձականաչավուն փայլով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Չոր նոսրանտառներ` նուշի գերակայությամբ վարդազգիների կամ գիհու մասնակցությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հունիսի վերջին հուլիսի առաջին կեսին, թռիչքը ցերեկն է, նստում են տափաստանամորու (Ephedra major) փշերի վրա, որի բների արմատամերձ հատվածում էլ զարգանում են թրթուրները: Զարգացումը, հավանաբար միամյա է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը չափավոր բարձր է, փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների` հատկապես այծերի, չկարգավորված արածեցում: Տեղանքի` որպես պոչհանքի հավանական օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

73. Գեղարդյան ոսկեբզեզ

Sphenoptera geghardica Kalashian & Zykov, 1994

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ոսկեբզեզներ - Buprestidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Բավականին ուռուցիկ, նեղ, փայլուն մարմնով, ոչ մեծ բզեզ է (մարմնի երկարությունը 6-8,5 մմ): Գունավորումը մետաղական բրոնզագույն է` թույլ պղնձակարմրավուն շողշողյունով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է Գողթ գյուղի շրջակայքում` Գեղարդ վանքի մոտ (Կոտայքի մարզ) և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Ապրելավայրերը: Քարքարոտ կիսաանապատ, ֆրիգանա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հուլիսի երկրորդ կեսին - օգոստոսի սկզբին` Tanacetum argyrophyllum բույսի վրա, որի արմատներում էլ զարգանում է թրթուրը: Զարգացումը հավանաբար միամյա է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին բարձր է, փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված չկարգավորված արածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Առաջարկվող պահպանության միջոցառումները: Գողթ գյուղի շրջակայքում բիոտոպի վրա ռեկրեացիոն ճնշման վերահսկում և անասունների արածեցման կարգավորում:

 

74. Խնձորյանի ոսկեբզեզ

Sphenoptera khnzoriani Kalashian, 1996

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ոսկեբզեզներ - Buprestidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: ՈՒռուցիկ, լայն ձվաձև, դեպի հետ կտրուկ նեղացող մարմնով միջին մեծության բզեզ է (մարմնի երկարությունը 17 մմ): Ծացկույթները փայլուն են, բրոնզագույն, թույլ պղնձակարմրավուն շողշողյունով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Վեդի քաղաքի շրջակայքից (Գոռավանի ավազուտներ):

Ապրելավայրերը: Հավաքվել է ավազոտ անապատի և աղուտաբույսերի (Salsola spp.) ու օշինդրի (Artemisia fragrans) գերակայությամբ հարակից քարքարոտ կիսաանապատի սահմանաեզրին:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Տիպային նմուշը հայտնաբերվել է հուլիսի վերջին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Պարզված չեն: Հայտնի է մեկ նմուշ` տիպը:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված մարդու տնտեսական գործունեությամբ, առաջին հերթին` անասունների արածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի բնապահպան ռեժիմի խստացում, արածեցման արգելում:

 

75. Թամբակուրծք թարախահան

Mylabris sedilithorax Sumakov, 1924

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Թարախահաններ - Meloidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a:

Համառոտ նկարագրությունը: Նեղ, զուգահեռակող, ուռուցիկ, սև մարմնով, ոչ մեծ չափի բզեզ է (մարմնի երկարությունը 5-10 մմ): Վերնաթևերը բաց գույնի են` սպիտակավուն կամ դեղնավուն, մի քանի մանր սև բծերով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Ծաղկունյաց լեռնաշղթա` Ծաղկաձորից մինչև Հանքավան, Ապարան, Արագած լեռան հարավային լանջեր` Անտառուտ գյուղի մոտ, Սևան քաղաքի շրջակայք:

Ապրելավայրերը: Լեռնատափաստան և ենթալպյան մարգագետիններ` անտառի վերին եզրի մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզները հանդիպում են հուլիս-օգոստոս ամիսներին բույսերի` առավել հաճախ Scabiosa սեռի ներկայացուցիչների ծաղիկների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը չափավոր բարձր է, փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների չկարգավորված արածեցմամբ: Տեսակի ապրեվայրերի կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Հանքավան» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի պահպանության ռեժիմի ապահովում, տարածման այլ հատվածներում` արածեցման կարգավորում:

 

76. Նմանաձև ծաղկեփոշեկեր

Cteniopus persimilis Reitter, 1890

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ծաղկեփոշեկերներ - Alleculidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ձվաձև մարմնով մանր բզեզ է (մարմնի երկարությունը 6-8 մմ): Արուի մարմինը նեղ է, էգինը` համեմատաբար լայն: Մարմնի գունավորումը բաց գորշագույնից մինչև սև գորշագույն է, ոտքերը դեղնավուն են:

Տարածվածությունը: Հայաստան, հնարավոր է նաև Արաքս գետի թուրքական ափ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արաքս գետի ափից` Մարգարա և Արաքս գյուղերի մոտակայք (Արմավիրի մարզ):

Ապրելավայրերը: Արաքս գետի երկայնքով տուգայան բուսականություն:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզները հանդիպում են հունիս-հուլիս ամիսներին` առափնյա խիտ բուսականության վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, հանդիպում են եզակի առանձնյակներ: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Արաքս գետի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն` պայմանավորված ջրային շինարարությամբ, տեղ-տեղ` ավազի արտահանում շինարարական նպատակներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում, հավանաբար հանդիպում է «Խոր վիրապ» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արաքս գետի միջին հոսքի տուգայան բուսականությամբ ծածկված հատվածներին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

77. Հայկական ծաղկեփոշեկեր

Isomira armena Khnzorian, 1976

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Ծաղկեփոշեկերներ - Alleculidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ լայն ձվաձև մարմնով մանր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 5-6,5 մմ): Գունավորումը բացից մինչև մուգ գորշագույն, ոտքերը բաց գորշագույն են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Իջևան քաղաքի շրջակայք և Թեղուտ գյուղ` Հաղարծին վանքի մոտ (Տավուշի մարզ):

Ապրելավայրերը: Լայնասաղարթ անտառների բացատներ և անտառեզրեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզները հանդիպում են հունիս-հուլիս ամիսներին` հովանոցազգի բույսերի ծաղիկների և ծաղկող թփերի վրա: Զարգանում են հավանաբար հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը չափավոր բարձր է: Փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ապօրինի հատումների հետևանքով անտառային էկոհամակարգերի դեգրադացում: Հողի վերին շերտի կարծրացում` պայմանավորված չկարգավորված ռեկրեացիոն ծանրաբեռնվածության հետ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում և «Իջևան» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ապօրինի անտառահատումների կանխում: Տեսակի տարածման վայրերում ռեկրեացիոն ծանրաբեռնվածության կարգավորում:

 

78. Օրդուբադյան սևամարմին

Adelphinus ordubadensis Reitter 1890

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Սևամարմիններ - Tenebrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Համառոտ նկարագրությունը: Մանր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 6-8,5 մմ), չափավոր ուռուցիկ, թույլ փայլուն մարմնով, նեղ առաջնամեջքով և գրեթե զուգահեռակող, չափավոր լայն վերնաթևերով, գունավորումն ամբողջովին սև է, վերնաթևերը կարող են լինել գորշագույն կամ շիկակարմիր, երբեմն` սև երկայնակի զոլով:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր ք. Երևանից (առանց ավելի հստակ նշումների), հանդիպում է Երևանի մոտակայքում` Ջրվեժ ավանի մոտ գտնվող կիրճում, ինչպես նաև Հացավան գյուղի շրջակայքում (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ, չոր լեռնատափաստան:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են մայիսին-հուլիսին` ցերեկը քարերի տակ, մթնշաղին բարձրանում են բուսականության վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է, հանդիպում են հատուկենտ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի քայքայում` պայմանավորված քաղաքային ենթակառուցվածքի զարգացմամբ, հողերի գյուղատնտեսական յուրացմամբ, անասունների չկարգավորված արածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերում անասունների արածեցման կարգավորում, չհերկված հողահատվածների պահպանում:

 

79. Հայկական սևամարմին

Armenohelops armeniacus Nabozhenko, 2002

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Սևամարմիններ - Tenebrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով տեսակ է, Հայաստանի էնդեմիկ սեռի ներկայացուցիչ: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի բզեզ է (մարմնի երկարությունը 9-14 մմ), չափավոր ուռուցիկ, ձգված, դեպի հետ խիստ լայնացած մարմնով: Գունավորումը կարմիրից մինչև սևագորշագույն է, ծածկույթները չափավոր փայլուն են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Կոտայքի մարզից (Ջրվեժ, Գառնի, Գողթ գյուղերի շրջակայք), Արագած լեռան հարավային լանջերից (Տեղեր, Անտառուտ գյուղեր), Արայի լեռից` Եղվարդ գյուղի մոտ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, ինչպես նաև Լուսաշող գյուղի մոտակայքից (Արարատի մարզ) և Գնիշիկ գյուղից (Վայոց ձորի մարզ)):

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի լեռնատափաստաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են քարերի տակ` մայիսին-հուլիսի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, հանդիպում են տեղ-տեղ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի քայքայում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ, խոպան հողերի հերկում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արայի լեռան առավել քիչ դեգրադացված հատվածներում ԲՀՊՏ-ի ստեղծում, տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

80. Երևանյան սևամարմին

Cylindronotus erivanus (Reitter, 1901)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Սևամարմիններ - Tenebrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի բզեզ է (մարմնի երկարությունը 8,5-11,5 մմ), բավականին լայն, չափավոր ուռուցիկ, ձվաձև, դեպի հետ թեթևակի լայնացող մարմնով, գունավորումը` սևագորշագույնից մինչև սև, ծածկույթները` չափավոր փայլուն:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ք. Ծաղկաձորից, Արզական և Հանքավան գյուղերից (Կոտայքի մարզ), Բյուրականի շրջակայքից և Արայի լեռան հարավային լանջերից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի լեռնատափաստաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են մայիսին-հունիսի սկզբին` քարերի տակ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է, հանդիպում են տեղ-տեղ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի դեգրադացում` պայմանավորված անասունների արածեցմամբ, խոպան հողերի հերկում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արայի լեռան առավել քիչ դեգրադացված հատվածներում ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

81. Բոգաչևի սևամարմին

Ectromopsis bogatchevi (Khnzoryan, 1957)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Սևամարմիններ - Tenebrionidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a b(iii):

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 4,5-5,5 մմ), նեղ ձվաձև, ուռուցիկ մարմնով: Գունավորումը կարմրագորշագույնից մինչև սևագորշագույն է, ծածկույթները չափավոր փայլուն են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Նուբարաշեն, «Էրեբունի» պետական արգելոց:

Ապրելավայրերը: Կարմիր կավահողերով անապատ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն, բզեզները հանդիպում են գարնանը` մարտի վերջից մինչև հունիսի սկիզբը, քարերի տակ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Չափավոր բարձր է, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների արածեցում, էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված քաղաքային ենթակառուցվածքի զարգացմամբ, հողերի գյուղատնտեսական յուրացմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նուբարաշեն ավանի շրջակայքում ԲՀՊՏ-ի ստեղծում, ինչը նախատեսված է Երևանի զարգացման գլխավոր հատակագծով:

 

82. Աքսորված սևամարմին

Entomogonus amandanus Reitter, 1901

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Սևամարմիններ - Tenebrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a:

Համառոտ նկարագրությունը: Թույլ փայլով, երկարավուն մարմին ունեցող միջին չափի բզեզ է (մարմնի երկարությունը 18-22 մմ), վերնաթևերը ձվաձև են, գունավորումը` գրեթե միատար սև:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Մեղրիի էկոռեգիոնի մի շարք տեղերից` Մեղրի ք. մոտակայքից (Կալադաշ լեռան հարավային լանջ) և Շվանիձոր գյուղից դեպի հյուսիս (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Հանդիպում է նոսր անտառներում: Մեղրիի մոտ հայտնաբերվել է գիհու, Շվանիձորում` կաղնու նոսրանտառում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզների հավաքը կատարվել է մայիս-հունիս ամիսներին` մեծ քարերի տակ, հողի մակերեսին, երբեմն` բարձրանում են խոտերի և թփերի վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է, հայտնի են սակավաթիվ նմուշներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնակելի տարածքներում վառելիքի համար խոտաթփային բուսականության հատում, անասունների, հատկապես` այծերի չկարգավորված արածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

83. Նեղ սևամարմին

Laena constricta Khnzorian, 1957

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Սևամարմիններ - Tenebrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1ab(iii)+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Նեղ, թեթևակի ուռուցիկ, թույլ փայլով, մանր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 3,5-4 մմ): Գունավորումը կարմրագորշագույնից մինչև մուգ գորշագույն է:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատյան հարթավայրի մի շարք կետերից` Երևանի շրջակայքից (գգ. Նուբարաշեն, Ջրվեժ, «Էրեբունի» պետական արգելոց), Կոտայքի (գ. Հացավան) և Արարատի (գ. Երասխ) մարզերից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ` ինչպես աղուտային, այնպես էլ տափաստանաբուսային:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզները հանդիպում են ապրիլ-հունիս ամիսներին` քարերի տակ, գիշերը թռչում են դեպի լույսի աղբյուր:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը կայուն ոչ բարձր է:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի գյուղատնտեսական յուրացում, խոցելի չոր էկոհամակարգերում անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նուբարաշեն ավանի շրջակայքում արգելավայրի ստեղծում` ինչպես և նախատեսված է Երևանի զարգացման գլխավոր հատակագծով:

 

84. Սեմյոնովի սևամարմին

Cyphostethe semenovi Reitter, 1895

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Սևամարմիններ - Tenebrionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1ab(iii)+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Տափակ, նեղ ձվաձև մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 10,5-13,5 մմ է): Գունավորումը սև է, վերջույթները սովորաբար մուգ շագանակագույն են, ծածկույթները` սև, չափավոր փայլուն:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատի մարզից` Սուրևնավան գ. շրջակայք և Գոռավանի ավազուտներից` Վեդի ք. մոտ:

Ապրելավայրերը: Օշինդրային կիսաանապատներ և ավազային անապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են մայիսի կեսից մինչև օգոստոս, գարնանը ակտիվ են ցերեկը, ամռանը շոգ եղանակին` մթնշաղին: Բարձրանում են խոտաբույսերի ցողունների վրա, սնվում են մեռած բուսական մնացորդներով: Զարգացման առանձնահատկությունները հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, հանդիպում են բզեզների եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, հողերի գյուղատնտեսական յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի բնապահպան ռեժիմի խստացում, արածեցման արգելում:

 

85. Կապանյան երկարաբեղիկ

Cortodera kaphanica Danilevsky in Danilevsky&Miroshnikov, 1985

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a:

Համառոտ նկարագրությունը: Ձգված, չափավոր ուռուցիկ մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 8,5-11 մմ): Մարմինը սև է, սովորաբար պատված է խիտ, ավելի հազվադեպ` նոսր, մոխրագույն մազածածկով, վերնաթևերն երբեմն դարչնագույն են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Խուստուփ և Կապուտջուխ լեռնազանգվածներ (Շիշկերտ, Մեղրիի լեռնանցք, Քաջարան):

Ապրելավայրերը: Անտառից վեր ենթալպյան մարգագետիններ, երբեմն անտառի վերին եզրի մոտ գտնվող բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հունիսին` տերեփուկի ծաղիկների վրա, որի արմատներում էլ հավանաբար զարգանում են թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին բարձր է: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված չկարգավորված արածեցմամբ: Տեսակի ապրեվայրերի կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

86. Կաղնու մեծ երկարաբեղիկ

Cerambyx cerdo acuminatus Motschulsky, 1852

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B 2a: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3) «Խոցելի» կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում: C. c. cerdo Linnaeus, 1758 ենթատեսակը գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր չափի բզեզներ են (մարմնի երկարությունը 25-55 մմ). Գունավորումը ձյութի (կուպրի) նման սև է, վերնաթևերի ծայրերը` դարչնագույն սև, գորշ կամ շագանակագույն: Արուների բեղիկները մարմնից զգալիորեն երկար են` էգերինը հասնում կամ փոքր-ինչ անցնում են վերնաթևերի գագաթը:

Տարածվածությունը: Միջերկրածովային շրջան, Հարավային և Միջին Եվրոպա, Առաջավոր Ասիա, Կովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Տեղ-տեղ հանդիպում է ծերացած կաղնու անտառներում` մինչև 1800 մ բարձրության վրա, Հայաստանի հարավում` մինչև 2300 մ ծ.մ.բ.:

Ապրելավայրերը: Լեռնային անտառներ` կաղնու մասնակցությամբ և ծերացած, փչացած բներով ծառերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ապրում են կաղնու, ավելի հազվադեպ նաև շագանակենու, հաճարենու և այլ լայնասաղարթ ծառատեսակների վրա: Բզեզները թռչում են հունիսից մինչև օգոստոս, հանդիպում են ծորացող հյութով ծառերի բների, հաստ բներով կերային ծառերի և փչակների վրա, որտեղ էլ կատարվում է զուգավորումը և ձվադրումը: Ձվադրում են կեղևի ճեղքերում, երբեմն կեղևակերների թռիչքային անցքերում: Թրթուրները սկզբնական շրջանում զարգանում են արտաբնափայտում` լուբում, այնուհետև անցնում են բնամիջուկ, բայց խուսափում են փտած և վարակված բնափայտից: Զարգացման ամբողջ շրջանը տևում է 4 տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հյուսիսային և կենտրոնական շրջաններում հազվադեպ է հանդիպում, ավելի տարածված է Սյունիքի մարզում:

Վտանգման հիմնական գործոնները: Թրթուրների զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատում, որը տարածման ողջ տարածքում սովորական անտառատնտեսական գործունեությամբ պայմանավորված ծերացած և թուլացած ծառերի հատումների հետևանք է:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցներում և մի շարք արգելավայրերում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անտառներում որոշ քանակությամբ ծերացած, փչացած բներով ծառերի պահպանում` հատկապես արգելավայրերում:

 

87. Ալպյան ռոզալիա

Rosalia alpina (Linnaeus, 1758)

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3) «Խոցելի» կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում: Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր և միջին չափի բզեզներ են (մարմնի երկարությունը 15-40 մմ), մոխրագորշագույն, երբեմն երկնագույն շողշողյունով, վերնաթևերը սև բծերով են: Բեղիկները մարմնից երկար են` արուներինը 1,5 անգամ, էգերինը` աննշան:

Տարածվածությունը: Եվրոպա (հյուսիսում մինչև Հարավային Շվեդիա), Մերձավոր Արևելք, Կովկաս, Անդրկովկաս, ՈՒկրաինա, Մոլդովա, Բելառուսիա, Ռուսաստան, հավանաբար նաև Ղազախստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տավուշի (Կիրանց գ., Հաղարծին վանք` Տեղուտ գ. մոտ) և Սյունիքի (Շիկահող գ. մոտ) մարզերից:

Ապրելավայրերը: Հաճարենու և թեղու առկայությամբ հին, գերազանցապես լեռնային անտառներ, որտեղ կան խիստ թուլացած, չորացող, ցրտահարված և փչացող բներով ծառեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հունիսից մինչև օգոստոս ամիսները, հիմնականում արևոտ եղանակին, ծառերի բների վրա, որտեղ էլ զուգավորվում են և ձվադրում կեղևի ճեղքերում: Զարգացումը կատարվում է 2-3 տարվա ընթացքում` կախված բնափայտի վիճակից, եղանակից և այլն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ծայրաստիճան հազվադեպ է, վերջին անգամ Հյուսիսային Հայաստանում հավաքվել է 1970-ական թվականներին, Շիկահողում միակ առանձնյակը հանդիպել է 2005 թ.

Վտանգման հիմնական գործոնները: Թրթուրների զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատում, որը ծերացած և թուլացած ծառերի հատումների հետևանք է` պայմանավորված տարածման ողջ տարածքում սովորական անտառատնտեսական գործունեությամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անտառներում, հատկապես` արգելավայրերում, որոշ քանակությամբ ծերացած, փչացած բներով ծառերի պահպանում:

 

88. Աղաբաբյանի երկարաբեղիկ

Asias aghababiani Danilevsky, 1999

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a +B2a:

Համառոտ նկարագրությունը: Զուգահեռակող, նեղ մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 10,5-11,5 մմ): Ծածկույթները չափավոր փայլուն են, մարմինը` սև, վերնաթևերը մուգ` կարմիր, սև նախշով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից` Արծվաքար կիրճից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Ինչպես նուշի գերակայությամբ վարդազգիների, այնպես էլ գիհու ընդգրկմամբ չոր նոսրանտառներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հունիսի երկրորդ կեսին - հուլիսի սկզբին, թռիչքը ցերեկն է, նստում են տափաստանամորու (Ephedra major) փշերի վրա, որի բներում էլ զարգանում է թրթուրը: Զարգացումը հավանաբար ընթանում է մեկ տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը չափավոր բարձր է: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների, հատկապես` այծերի չկարգավորված արածեցում: Տեսակի տարածման վայրերի` որպես ամբարապոչերի օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

89. Կազիկոպորանյան երկարաբեղիկ

Dorcadion kasikoporanum Pic, 1902

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին ձգված մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 10,5-14 մմ): Վերնաթևերն առաջնամեջքից փոքր ինչ լայն են, նեղ ձվաձև` էգինը ավելի լայն, քան արուինը: Մարմինը սև է, փայլուն, վերնաթևերը կարի երկայնքով ունեն սպիտակ մազային նեղ զոլ, ոտքերը կարմիր են:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևելյան Թուրքիա (հայտնի է միայն հայտնաբերման տիպային` Կազիկոպորանի, տեղավայրից), Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Արայի լեռան հարավային լանջեր (Արագածոտնի և Կոտայքի մարզեր):

Ապրելավայրերը: Լեռնատափաստանային և ենթալպյան գոտու հարավային լանջեր` 1900-2500 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները գետնին սողում են ցերեկը` ապրիլի վերջից մինչև հուլիսի սկիզբը: Զարգացումը հավանաբար ընթանում է հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը կայուն ոչ բարձր է: Հանդիպում են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցում: Տեսակի տարածման շրջանների կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արայի լեռան առավել քիչ դեգրադացված հատվածներում ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

90. Երկգիծ երկարաբեղիկ

Dorcadion bistriatum Pic, 1898

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին ձգված մարմնով ոչ խոշոր բզեզ է (մարմնի երկարությունը 10-15 մմ): Վերնաթևերն առաջնամեջքից փոքր ինչ լայն են, նեղ ձվաձև` էգինը ավելի լայն, քան արուինը: Մարմինը սև է, վերնաթևերն ունեն գրեթե հավասարաչափ խիտ թավշյա ծածկույթ` հիմնականում բաց մոխրագույն կամ արծաթագույն, սպիտակ մերձկարային զոլով, որն առանձնացած է հիմնական ծածկույթից սև զոլով, վերնաթևերի կողքերը ևս սև զոլով են:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Դարալագյազի լեռնաշղթա (Բարձրունի գ. մոտ) և Զանգեզուրի լեռնաշղթայի ծայրհյուսիսային հատված (ՈՒղեձորի և Սիսիանի լեռնանցքեր), Ղարաբաղի բարձրավանդակ (Սև լճի մոտ):

Ապրելավայրերը: Լեռնատափաստան, ալպյան և ենթալպյան գոտիների հարավային լանջեր` 2200-2700 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները գետնին սողում են ցերեկը` ապրիլի վերջից մինչև հուլիսի կեսերը: Զարգացումը ընթանում է հավանաբար հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին բարձր է: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցում: Տեսակի տարածման շրջանների կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում: Տեսակի տարածման վայրերում գտնվող «Սև լիճ» արգելավայրը գործնականապես չի ընդգրկում տեսակի բիոտոպերը:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նշված արգելավայրի տարածքի մեջ տեսակի ալպյան բիոտոպերի ընդգրկում:

 

91. Գորբունովի երկարաբեղիկ

Dorcadion gorbunovi Danilevsky in Danilevsky&Miroshnikov, 1985

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին ձգված մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 11-14,5 մմ): Վերնաթևերն առաջնամեջքից փոքր ինչ լայն են, նեղ ձվաձև` էգինը ավելի լայն, քան արուինը: Մարմինը սև է, վերնաթևերը գրեթե հավասարաչափ խիտ բաց մոխրագույն կամ արծաթագույն թավշյա ծածկույթով են, կողային եզրերի երկայնքով ձգվող սև զոլով:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Դարալագյազի լեռնաշղթա և Զանգեզուրի լեռնաշղթայի ծայրհյուսիսային հատված: Հայտնաբերվել է Գնիշիկ գյուղի (Վայոց Ձորի մարզ), Տաթև և Անգեղակոթ (Սյունիքի մարզ) գյուղերի մոտակայքում:

Ապրելավայրերը: Լեռնատափաստանային, ալպյան և ենթալպյան գոտիներ` 1800-2200 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները գետնին սողում են ցերեկը` ապրիլի վերջից մինչև հուլիսի կեսերը: Զարգացումը ընթանում է հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին բարձր է: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցում: Տեսակի տարածման շրջանների կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

92. Կիսափայլ երկարաբեղիկ

Dorcadion semilucens Kraatz, 1873

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին ձգված մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 10,5-16,5 մմ): Վերնաթևերն առաջնամեջքից փոքր ինչ լայն են, նեղ ձվաձև` էգինը ավելի լայն, քան արուինը: Մարմինը սև է, վերնաթևերն ունեն գրեթե հավասարաչափ խիտ թավշյա ծածկույթ, ծածկույթի հիմնական գունավորումը գորշագույնից կամ բաց դարչնագույնից մինչև կեղտոտ սպիտակ է, կարի երկայնքով և կողքերով ձգվում են բավականին լայն սպիտակ զոլեր:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևելյան Ադրբեջան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական հատվածներ, հայտնաբերված է Ճամբարակի և Ջիլի մոտ:

Ապրելավայրերը: Ալպյան և ենթալպյան գոտիներ` 2100-2800 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները սողում են ցերեկը` մայիսի սկզբից մինչև օգոստոսի կեսերը: Զարգացումը ընթանում է հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցում: Տեսակի տարածման շրջանների կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում: Հանդիպում են «Սևան» ազգային պարկի բուֆերային գոտում, որը չունի սահմանափակ բնօգտագործման իրական ռեժիմ:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման շրջանի մի մասին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

93. Մոխրագույն երկարաբեղիկ

Dorcadion cineriferum Suvorov, 1909

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին ձգված մարմնով, ոչ խոշոր բզեզ է (մարմնի երկարությունը 12-15 մմ): Վերնաթևերն առաջնամեջքից փոքր ինչ լայն են, նեղ ձվաձև` էգինը ավելի լայն, քան արուինը: Մարմինը սև է, վերնաթևերն ունեն բաց մոխրագույն կամ արծաթագույն գրեթե հավասարաչափ խիտ թավշյա ծածկույթ, նրանց ծալված եզրերը մգացած են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանի լեռնաշղթայի արևելյան մաս:

Ապրելավայրերը: Ալպյան և ենթալպյան մարգագետիններ` 2200-2800 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները գետնին սողում են ցերեկը` մայիսի սկզբից մինչև հուլիսի կեսերը, առանձին առանձնյակներ` մինչև օգոստոսի սկիզբ: Զարգացումը ընթանում է հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցում: Պոպուլյացիայի մի մասին սպառնում է նրա տարածման վայրերի որոշ հատվածներում լեռնարդյունաբերության զարգացումը:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում: Հանդիպում է «Սևան» ազգային պարկի բուֆերային գոտում, որը չունի սահմանափակ բնօգտագործման իրական ռեժիմ:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման գոտու մի մասին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

94. Սևլճյան երկարաբեղիկ

Dorcadion sevliczi Danilevsky in Danilevsky&Miroshnikov, 1985

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին ձգված մարմնով ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 10,2-15 մմ): Վերնաթևերն առաջնամեջքից փոքր ինչ լայն են, նեղ ձվաձև` էգինը ավելի լայն, քան արուինը: Մարմինը սև է, վերնաթևերն ունեն գրեթե հավասարաչափ խիտ, բաց մոխրագույն կամ արծաթագույն թավշյա, առանց զոլերի ծածկույթ:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Սև լճի շրջակայք` Գորիս քաղաքից դեպի հյուսիս (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Ալպյան մարգագետիններ` 2650-3000 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները գետնին սողում են ցերեկը` մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը, առանձին անհատներ` մինչև օգոստոսի սկիզբը: Զարգացումը ընթանում է հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցման պատճառով տեղի ունեցող Էկոհամակարգերի դեգրադացում: Ապրեվայրերի կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով տեղի ունեցող ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում: Տեսակի տարածման վայրերում գտնվող «Սև լիճ» արգելավայրը գործնականապես չի ընդգրկում տեսակի բիոտոպերը:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նշված արգելավայրի սահմաններում տեսակի ալպյան բիոտոպերի ներառում:

 

95. Քալաշյանի երկարաբեղիկ

Conizonia kalashiani Danilevsky, 1992

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a:

Համառոտ նկարագրությունը: Նեղ, դեպի հետ փոքր ինչ նեղացող մարմնով, ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 10,5 մմ): Մարմինը պատված է մազիկների խիտ ծածկույթով, առաջնամեջքի վրա` դարչնագույն, երեք բաց գունավորված զոլերով, վերնաթևերի վրա` անհավասարաչափ կեղտոտ սպիտակ:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Արայի լեռան հարավային լանջեր` Եղվարդ ավանից դեպի հյուսիս-արևելք (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Լեռնատափաստան` հարավային լանջեր, 2200 մ ծ.մ.բ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայտնի չեն: Բզեզները գտնվել են մայիսի վերջին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների չկարգավորված արածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արայի լեռան առավել քիչ դեգրադացված հատվածներում ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

96. Պիկի երկարաբեղիկ

Phytoecia pici Reitter, 1892

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 10-16 մմ): ՈՒնի ձգված, ուռուցիկ, զուգահեռ կողքերով, սև գույնի մարմին, ոտքերը կարմիր են, միջին և հետին ազդրերը` սևացած ծայրերով:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Հացավան գյուղի շրջակայք (Կոտայքի մարզ), «Խոսրովի անտառ» պետական արգելոց, Վայք քաղաքի շրջակայք (Վայոց Ձորի մարզ):

Ապրելավայրերը: Կիսաանապատ և Ֆրիգանա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները թռչում են ցերեկը` մայիսի վերջից մինչև հունիսի կեսերը: Հանդիպում են Johrenia paucijuga տեսակի բույսի վրա, որում էլ հավանաբար զարգանում են թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, պատահական է հանդիպում:

Վտանգման հիմնական գործոնները: ԲՀՊՏ-ներից դուրս` անասունների չկարգավորված արածեցման հետևանքով էկոհամակարգերի դեգրադացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման բիոտոպերի ընդգրկում «Գերգեր» արգելավայրի տարածքի մեջ:

 

97. Կոռոստելյովի երկարաբեղիկ

Agapanthia korostelevi Danilevsky in Danilevsky&Miroshnikov, 1985

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Երկարաբեղիկներ - Cerambycidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Նեղ, զուգահեռակող մարմնով, ոչ խոշոր բզեզ է (մարմնի երկարությունը 9-14,5 մմ): Մարմինը սև է, առաջնամեջքն երեք դեղնավուն մազապատ զոլերով, վերնաթևերը պատված են խիտ մազիկներով, ունեն մոխրավուն տեսք:

Տարածվածությունը: Հայաստան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Լեռնատափաստան, Ֆրիգանա` 1600-2200 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են հունիսին-հուլիսի սկզբին Scorzonera pulchra բույսի ցողունների վրա, որտեղ էլ, ըստ երևույթի, զարգանում է թրթուրը: Զարգացումը ընթանում է հավանաբար մեկ տարի:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը չափավոր բարձր է: Փոփոխության միտումները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

98. Արաքսյան տերևակեր

Cryptocephalus araxicola Khnzorian, 1968

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Տերևակերներ - Chrysomelidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1ab(iii):

Համառոտ նկարագրությունը: ՈՒռուցիկ, փայլուն մարմնով, մանր չափի բզեզ է (մարմնի երկարությունը 2,2-2,6 մմ է): Գունավորումը դեղնավուն է, առաջնամեջքի վրա մեծ լղոզված սահմաններով սևա-գորշագույն բծով, վերնաթևերի կարը ու հիմքը մգացած են, գագաթնային 1/3 հատվածում թույլ արտահայտված տրամակապով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Ջրվեժ ավանի շրջակայքից (Կոտայքի մարզ) և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ և Atraphaxis spinosa L. կերաբույսի մասնակցությամբ ֆրիգանա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են ամառվա կեսին` հունիսի վերջին - հուլիսին, Atraphaxis spinosa L. տեսակի թփերի վրա, որտեղ էլ հավանաբար զարգանում է թրթուրը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ են, հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի գյուղատնտեսական յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ջրվեժ ավանի շրջակայքում տեսակի տարածման վայրերին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

99. Ռիխտերի փղիկ

Cyclobaris richteri Ter-Minasian, 1955

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Փղիկներ կամ Երկարակնճիթներ - Curculionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B 1ab(iii)+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի բզեզ է (մարմնի երկարությունը 5-7 մմ է): Մարմինը կարմրագորշագույն է, թույլ փայլով, բարակ բաց գույնի մազիկներով: Կնճիթիկը կարճ է և լայն: Վերնաթևերը լայն ձվաձև են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Նուբարաշեն ավանի շրջակայքից (Երևան քաղաքի հարավ-արևելյան ծայրամաս):

Ապրելավայրերը: Կարմիր ավազներով անապատ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են վաղ գարնանը` մարտին-ապրիլի սկզբին, քարերի տակ: Կենսաբանության առանձնահատկությունները պարզված չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումներ:` Ծայրահեղ հազվադեպ է, հայտնի են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Քաղաքակենտրոնացում և հողերի գյուղատնտեսական յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նուբարաշեն ավանի շրջակայքում ԲՀՊՏ-ի ստեղծում, ինչը նախատեսված է Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծով:

 

100. Զարմանահրաշ փղիկ

Baris mirifica Khnzorian, 1958

Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ - Coleoptera

Ընտանիք` Փղիկներ կամ Երկարակնճիթներ - Curculionidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B 1ab(iii)+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Փոքր չափի բզեզ է (մարմնի երկարությունը շուրջ 3 մմ է): Մարմինը բավականին նեղ է, զուգահեռակող, ծածկված է խիտ թեփուկներով, որոնք լրիվ թաքցնում են ծածկույթները և ստեղծում լավ արտահայտված նախշ` կազմված սևագորշագույն, կարմրագորշագույն և սպիտակ բծերից:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Նուբարաշեն ավանի շրջակայքից (Երևան քաղաքի հարավ-արևելյան ծայրամաս):

Ապրելավայրերը: Կարմիր ավազներով անապատ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բզեզները հանդիպում են մայիսին-հունիսի սկզբին` Salsola sp. բույսի վրա, որի արմատներում էլ հավանաբար կատարվում է թրթուրի զարգացումը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Մեծաքանակ չէ, հանդիպում են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Քաղաքակենտրոնացում և հողերի գյուղատնտեսական յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Նուբարաշեն ավանի շրջակայքում ԲՀՊՏ-ի ստեղծում, ինչը նախատեսված է Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծով:

 

101. Մնեմոզինա կամ սև ապոլոն

Parnassius mnemosyne rjabovi Sheljuzhko, 1935

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Առագաստաթիթեռներ - Papilionidae

 

Կարգավիճակը: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a: Տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 30-35 մմ), արուների թևերի ընդհանուր գուներանգն ալրասպիտակ է, էգերինը` կիսաթափանցիկ, երբեմն մուգ փոշեծածկով: Առջևի թևերը սկավառակային (դիսկալ) հատվածում ունեն 2 սև պտեր, ապեքսի վրա` կիսաթափանցիկ, մոխրագույն պտեր: Հետին թևերն 2-3 ավելի բաց գունավորված պտերով են` հետին հատվածում սև թեփուկներով փոշեծածկված:

Տարածվածությունը: Եվրոպա, Կովկաս, Փոքր և Միջին Ասիա, Իրան, Աֆղանստան, Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետությունում լայն տարածված է: Հայտնի է Շիրակի (Աշոցք գյուղի շրջակայք,) Գեղարքունիքի (Սևանի լեռնանցք), Տավուշի (Դիլիջան քաղաքի շրջակայք), Կոտայքի (Արզաքան, Գեղադիր, Գողթ, Հանքավան գգ. շրջակայք), Վայոց Ձորի (Ջերմուկ քաղաքի, Գնիշիկ գյուղի շրջակայք), Սյունիքի (Լիճք, Շվանիձոր գյուղերի շրջակայք, Կալեր և Վանք լքված գյուղեր) մարզերից, Արագած և Արայի լեռներից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Լեռնատափաստանային գոտու մարգագետիններ, անտառային բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` մայիսի կեսից մինչև հուլիսի կես: Թրթուրները զարգանում են Corydalis ցեղի լոկալ տեսակների վրա (Corydalis persica, Corydalis angustifolia): Ձմեռում են ձվի կամ առաջին հասակի թրթուրների փուլում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Անտառային պոպուլյացիաների թվաքանակը կայուն է և բավականաչափ բարձր, անտառահատ բիոտոպերում` ցածր է և ենթարկվում է զգալի տատանումների:

Վտանգման հիմնական գործոնները: Ինքնաթիռներով անտառային տարածքների մշակում թունաքիմիկատներով, անտառային բիոտոպերից դուրս` անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Դիլիջան» ու «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում նախատեսվող «Ջերմուկ» և «Գնիշիկ» ԲՀՊՏ-ների տարածքում, Արայի լեռան վրա ԲՀՊՏ-ի ստեղծում: Անտառի տերևակեր վնասատուների դեմ ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում:

 

102. Ապոլոն

Parnassius apollo kashtshenkoi Sheljuzhko, 1908

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Առագաստաթիթեռներ - Papilionidae

 

Կարգավիճակը: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A1cde: Տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում: Համառոտ նկարագրություն: Խոշոր չափի թիթեռ է (արուի առջևի թևի երկարությունը 40-50 մմ, էգինը` 45-55 մմ), արուների թևերի ընդհանուր գուներանգը ալրասպիտակ է, էգերինը` դեղնակրեմավուն: Թևերի հետին եզրը թափանցիկ է և զուրկ թեփուկներից: Առջևի թևերի վրա կան տարբեր մեծության 5 սև պտեր, հետին թևերի վրա` 2 խոշոր կարմիր պտեր` սև օղակով և սպիտակ միջուկներով, թևերի անկյունային մասում տեղադրված են ավելի փոքր և միմյանց կպած 2-ական մոխրագույն պտեր:

Տարածվածությունը: Եվրոպա, դեպի արևելք և հարավ-արևելք` մինչև Հարավային Սիբիր, Մոնղոլիա և Տյան-Շան, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Գեղարքունիքի (ք. Սևան, գ. Սեմյոնովկա), Տավուշի (ք. Դիլիջան), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր), Վայոց Ձորի (Ջերմուկ ք., Գնիշիկ գ. շրջակայք), Սյունիքի (Լիճք, Շիշկերտ գգ. շրջակայք, ք. Քաջարան, Փխրուտ լքված գ.) մարզերից, Արայի լեռից:

Ապրելավայրերը: Նոսրանտառներ, վերին անտառեզրեր, սուբալպյան գոտում` քարքարոտ սարալանջեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հունիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Էգերը ձվադրում են Sedum caucasicum` թրթուրների կերաբույսի շուրջը` սուբստրատի վրա: Ձմեռում են ձվի կամ առաջին հասակի թրթուրների փուլում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականաչափ բարձր է: Մարդու գործունեությամբ չվնասված վայրերում` բավականին բարվոք:

Վտանգման հիմնական գործոնները: Ինքնաթիռների միջոցով անտառային տարածքների մշակում թունաքիմիկատներով, էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան», «Սևան» ու «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում կազմակերպվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ: Անտառի տերևակեր վնասատուների դեմ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում` ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ:

 

103. Ալեքսանոր առագաստաթիթեռ

Papilio alexanor orientalis Romanoff, 1884

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Առագաստաթիթեռներ - Papilionidae

 

Կարգավիճակը: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1ab(iii)+B 2ab(iii). Տեսակը ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 35-58 մմ), բնորոշ է սեռական երկձևություն: Էգերի թևերի ընդհանուր գուներանգը բաց դեղին է, արուներինը` օքրադեղնավուն: Առջևի թևերի վրա կան ծայրային և 2 լայնակի սև զոլեր, ինչպես նաև սկավառակային (դիսկալ) և կենտրոնական (մեդիալ) գծեր: Հետին թևերի եզրը բնահատուկ կտրատված է` նեղ, երկար ելուստներով, ունեն լայն` վերևից դեղին և երկնագույն թեփուկներով ծածկված, արտաքին լայնակի, և նեղ` հիմքային, զոլեր:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա, Փոքր և Միջին Ասիա, Իրան, Աֆղանստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արագած, Հատիս և Արայի լեռների հարավային լանջերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, Կոտայքի (Արզական, Գառնի, Գեղադիր, Ջրվեժ), Վայոց Ձորի (Վայք, Գնիշիկ) և Սյունիքի (Մեղրի) մարզերի մի շարք վայրերից:

Ապրելավայրերը: Կիսաանապատներ, կսերոֆիտներ` 1000-2000 մ ծ.մ.բ., անտառի վերին եզրի քարքարոտ հատվածներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարվա ընթացքում տալիս են մեկ սերունդ, թռիչքը` մայիսի կեսից մինչև հուլիսի կեսը: Ձվադրում են Ferula orientalis, Ferula

rigidula բույսերի կոկոնների և ծաղիկների վրա: Բարձր հասակի թրթուրները սնվում են հիմնականում գիշերը, ցերեկը թաքնվում են բույսի տերևանութային կամ ստորին մասերում: Ձմեռում են հարսնյակները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին բարձր է, մարդու գործունեությամբ չվնասված վայրերում վիճակը բավականաչափ բարվոք է: Նկատվում են թվաքանակի խիստ տատանումներ` պայմանավորված կերաբույսի վեգետացիոն շրջանի տևողությամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները` Տեսակի ապրելավայրերի ընդգրկում կազմակերպվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ, Արայի լեռան վրա ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

104. Բոուդենի ճերմակաթիթեռ

Artogeia bowdeni (Eitschberger, [1984])

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Ճերմակաթիթեռներ - Pieridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 17-20 մմ), արուների թևերի ընդհանուր գուներանգը սպիտակ է, գագաթնամասի թևթևակի մգացումով և M3-Cu1 խորշիկում մուգ կետով, էգերինը` մինչև ջղերի դիսկալ մասը մուգ հիմքային փոշեծածկով: Հետին թևերի ստորին մասը` դեղնակիտրոնագույն, մոխրագույն-կանաչ հիմքային փոշեծածկով է, առջևի թևերինը` մաքուր սպիտակ, ապեքսի գագաթը` կիտրոնագույն:

Տարածվածությունը: Հյուսիս-արևելյան Թուրքիա, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Արագած լեռան ժայռային հատվածից:

Ապրելավայրերը: Ժայռային գոտու մեկուսացած ալպյան բացատներ` 2900-3200 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Ձվադրում են կերաբույս հանդիսացող Arabis caucasica լոկալ տեսակի բույսի տերևների վրա: Ձմեռում են հարսնյակները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բավականաչափ բարձր է` զգալի տատանումներով տարբեր տարիներին:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում: Ալպյան գոտու մակերեսի կրճատում` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա` լանջով ի վեր տեղաշարժմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արագածի ալպյան» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի բնապահպան ռեժիմի խստացում, չկարգավորված արածեցման կանխում:

 

105. Ավրորինա դեղնաթիթեռ

Colias aurorina Herrich-Schaffer, [1850]

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Ճերմակաթիթեռներ - Pieridae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1b(iii)+B 2b(iii).

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 25-35 մմ է, էգերինը` 35-40 մմ): Արուների թևերի ընդհանուր գուներանգը օքրագույն է, հաճախ ուժեղ մանուշակագույն փայլով, էգերը սպիտակ կամ նարնջագույն են, առջևի թևերի գագաթը և հետին թևերի արտաքին եզրը և դիսկալ պուտը սև են, իսկ հետին թևերինը` նարնջագույն: Արուների թևերի ստորին մասը հիմնականում դեղին գույնի է, էգերինը` դեղնականաչավուն:

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Կովկաս, Իրան, Հարավ-Արևմտյան Թուրքմենստան:

Տարածվածությունը Հայաստանում: ՈՒնի լայն տարածում: Հայտնի է Գեղարքունիքի (ք. Սևան, գ. Շորժա), Կոտայքի (Ջրվեժ, Գեղադիր, Մեղրաձոր, Արզական, Գառնի), Վայոց Ձորի (Գնիշիկ), Սյունիքի (Լիճք, Շվանիձոր, Գուդեմնիս, Վանք և Կալեր լքված գ.) մարզեր, Արագած և Արայի լեռներից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Քսեռոֆիտներ և անտառի ու տրագանտների վերին սահմանում գտնվող տափաստանացած հատվածներ` տրագանտների ինտրուզիաներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը: Թրթուրները զարգանում են տրագանտային աստրագալի (Astragalus microcephalus) վրա: Ձմեռում են երրորդ-չորրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բավականաչափ բարձր է` զգալի տատանումներով տարբեր տարիներին:

Վտանգման հիմնական գործոնները: Արոտների համար տրագանտային ֆորմացիաների խարակում, տափաստանների հերկում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ, Արայի լեռան վրա ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

106. Կանաչավուն դեղնաթիթեռ

Colias chlorocoma Christoph, 1888

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Ճերմակաթիթեռներ - Pieridae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1ab(iii)+B 2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 25-30 մմ է, էգերինը` 30-37 մմ), արուների թևերի ընդհանուր գուներանգը դեղին է, տարբեր պոպուլյացիաներում` կիտրոնագույնից մինչև նարնջագույն, էգերը սպիտակ են, երբեմն դեղնավուն երանգով, առջևի թևերի գագաթը և հետին թևերի արտաքին եզրը սև է, առջևի թևերի դիսկալ պուտը սև է, հետին թևերինը` դեղնա-նարնջագույն: Ստորին մակերեսի հիմնական գույնը դեղնականաչ է:

Տարածվածությունը: Թուրքիա, Իրան, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է Կենտրոնական Հայաստանում, հայտնի է «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, Արարատի (Լուսաշող և ՈՒրցալանջ գգ. շրջակայք) և Վայոց Ձորի (Գնիշիկ, Խաչիկ, Մարտիրոս, Խնձորուտ գգ.) մարզերից:

Ապրելավայրերը: Տրագանտներ և տափաստաններ`1600- 2400 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` մայիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը: Զարգանում են Onobrychis cornuta բույսի վրա: Ձմեռում են, ենթադրաբար, 4-րդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բավականաչափ բարձր է` զգալի տատանումներով տարբեր տարիներին:

Վտանգման հիմնական գործոնները: Արոտավայրերի տրագականտային ֆորմացիաների խաթարում, տափաստանների հերկում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ:

 

107. Աֆրիկական փրոթերեբիա

Proterebia afra hyrcana (Staudinger, 1901).

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Սատիրներ - Satyridae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 16-20 մմ), թևերի ընդհանուր գուներանգը մուգ շագանակագույն է, գագաթնամասն ավելի բաց է գունավորված` մինչև բաց բեժադարչնագույն: Առջևի և հետին թևերն առանձնահատուկ կարմիր պտերի տրամակապով են, պտերի միջուկը սև է, կենտրոնը` սպիտակ, հետին թևերի ստորին մակերեսին ջղերը սպիտակ փոշեծածկով են:

Տարածվածությունը: Եվրոպա, Բալկաններ, Փոքր Ասիա, Ղազախստան, Հարավ-Արևմտյան Թուրքմենստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Կոտայքի (Ծաղկաձոր, Բջնի), Սյունիքի (Շվանիձորից դեպի հյուսիս) մարզերից, Արայի լեռից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Քարքարոտ տափաստաններ, ալպյան գոտու տափաստանացած մարգագետիններ` 1800-2200 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` ապրիլի վերջից մինչև մայիսի վերջը: Ձվադրում են, ենթադրաբար Stipa arabica կերաբույսի վրա: Ձմեռում են բարձր հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Տափաստանային էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում կազմակերպվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ, Արայի լեռան վրա ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

108. Բրենթիս Ինո

Brenthis ino schmitzi Wagener, 1983

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Նիմֆալիդներ - Nymphalidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 16-18 մմ), թևերի ընդհանուր գուներանգը մուգ կարմրաաղյուսագույն է, առջևի և հետին թևերը` սեռին բնորոշ սև պտերի տրամակապերով:

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Հարավային Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տավուշի (Իջևան ք. շրջակայք), Գեղարքունիքի (Շորժա), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր) և Սյունիքի (Քաջարան ք. շրջակայք, լքված գ. Փխրուտ) մարզերից:

Ապրելավայրերը: Ենթալպյան մարգագետիններ, անտառի վերին եզրի բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հուլիսի սկզբից մինչև օգոստոսի սկիզբը: Կենսաբանության առանձնահատկությունները Հայաստանի պայմաններում հայտնի չեն: Թրթուրների հավանական կերաբույսը Filipendula ulmaria տեսակն է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բարձր չէ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում «Արզաքան-Մեղրաձոր» պետական արգելավայրի և «Զանգեզուր» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ:

 

109. Վեդիական մելիթեա

Melitaea vedica Nekrutenko, 1975

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Նիմֆալիդներ - Nymphalidae

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a.

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 16-18 մմ), թևերի ընդհանուր գուներանգը դեղնաօքրագույն է, առջևի և հետին թևերը` սեռին բնորոշ սև պտերի տրամակապերով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ճյուղավորման էնդեմիկ է, հայտնի է «Խոսրովի անտառ» պետական արգելոցից (Գառնիի և Վեդիի հատվածներ) և Երանոս լեռանը անմիջապես հարող տարածքներից:

Ապրելավայրերը: Միջնալեռների աղքատ քսեռոֆիլային բուսականությամբ խճաքարային-կավային փլվածքներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` մայիսի կեսից մինչև հունիսի սկիզբը: Թրթուրները զարգանում են Serratula serratuloides բույսի տերևների վրա: Ձմեռում են երրորդ-չորրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Համեմատաբար բարձր է` զգալի տատանումներով տարբեր տարիներին:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Երանոս լեռան վրա գտնվող տեսակի ապրելավայրերի ընդգրկում «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքի մեջ:

 

110. Տարազույգ կապտաթիթեռ

Thersamonolycaena dispar rutila (Werneburg, 1864)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+B2a: Ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում (ver 2.3) «Համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում» LR/nt կարգավիճակով, ինչպես նաև Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր թիթեռ է (արուի առջևի թևերի երկարությունը 16- 19 մմ է, էգինը` 18-22 մմ), արուի թևերի ընդհանուր գուներանգն ալ կարմիր է` նեղ սև երիզով և դիսկալ մանրագծերով, էգի առջևի թևերն ալ կարմիր են` սև եզրային երիզով, պոստդիսկալ, դիսկալ և միջին բծերով, հետին թևերը գորշագույն են` միմյանց միացած մարգինալ պտերից կազմված կարմիր զոլով, հետին թևերի հակառակ` ստորին կողմը, մոխրա-երկնագույն է` պոստդիսկալ և մարգինալ բծերով, առջևի թևերը բաց կարմիր են` լավ զարգացած դիսկալ և պոստդիսկալ պտերի շարքերով, արտաքին եզրը բաց մոխրագույն է:

Տարածվածությունը: Եվրոպա, Կովկաս, Ադրբեջան (Սևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջ), Թուրքիա (Սևծովյան ափ), Միջին Ասիա, Սիբիր, Հեռավոր Արևելք:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Ռոմանովի ամփոփագրում նշված միակ վայրից` «Lischk» (Զանգեզուրի լեռնաշղթա):

Ապրելավայրերը: Բացատներ անտառում, մեզոֆիլ մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանի պայմաններում կենսաբանության առանձնահատկությունները հայտնի չեն: Եվրոպայում զարգացման ընթացքում տալիս են երեք սերունդ: Առաջին սերնդի հասուն առանձնյակները հայտնվում են մայիսի վերջին: Ձվադրում են Rumex hydrolapathum, Rumex crispus բույսերի տերևների և ցողունների վրա: Ձմեռում են 3-4-րդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Տվյալներ չկան:

Վտանգման հիմնական գործոնները: Տվյալներ չկան:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի հավանական ապրելավայրերի (Սևանի լեռնաշղթայի հարավային լանջեր, Մեղրիի լեռնաշղթա) հետազոտում, տեսակի հայտնաբերման դեպքում` այդ տարածքներին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

111. Ռոմանովի թոմարես

Tomares romanovi (Christoph, 1882)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1ab(iii)+B 2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15-17 մմ է, էգերինը` 16-19 մմ), արուների թևերի ընդհանուր գուներանգը սևագորշագույն է` առջևի թևերի դիսկալ և հետին թևերի անալ մասում վառ կարմիր պուտով, հետին թևերի ստորին մակերեսը բաց կանաչ է` մետաղական փայլով:

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Անդրկովկաս, Իրան, Հարավ-Արևմտյան Թուրքմենստան:

Տարածվածությունը Հայաստանում: Կենտրոնական և Հարավային Հայաստան: Հայտնի է Կոտայքի (Գառնի, Գեղադիր, Հացավան, Ջրվեժ գյուղեր, Հատիս լեռ), Վայոց Ձորի (Արտավան), Արարատի (ՈՒրցալանջ), Սյունիքի (Շվանիձոր գ. շրջակայք) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Կիսաանապատներ, չոր մարգագետիններ, տափաստաններ, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներ` 1300-2200 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` մայիսի կեսից մինչև հունիսի վերջը: Ձմեռում են հարսնյակները: Թրթուրները զարգանում են Astragalus finitimus բույսի ծաղկաբույլերում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Չխախտված ցենոզներում թվաքանակը համեմատաբար բարձր է` խիստ կախված է կերաբույսի պոպուլյացիայի խտությունից:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, հողերի գյուղատնտեսական յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: Ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ անտառի տերևակեր վնասատուների դեմ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում:

 

112. Ալկոն կապտաթիթեռ

Maculinea alcon monticola (Staudinger, 1901)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15-19 մմ է, էգերինը` 13-18 մմ): Արուն վերևից փայլատ մանուշակագույն է` արտաքին եզրի մգացումով, լավ արտահայտված դիսկալ և հետդիսկալ պտերի շարքով: Էգը վերևից միատար մուգ շագանակագույն է` թույլ արտահայտված դիսկալ պուտով: Թևերի ստորին մակերեսը միատար մուգ մոխրագույն է` դիսկալ և հետդիսկալ սև պտերից կազմված լավ արտահայտված նախշով:

Տարածվածությունը: Եվրոպա, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր, Փոքր Ասիա, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Շիրակի (Ջաջուռի լեռնանցք) Տավուշի (Դիլիջան և Իջևան քք. շրջակայք, Աճարկուտ գ.), Կոտայքի (Արզական), Վայոց Ձորի (Գնիշիկ գ. շրջակայք), Սյունիքի (Քաջարան ք. շրջակայք, գ. Շվանիձոր) մարզերից, Արագած լեռան հարավային լանջերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Չոր մարգագետիններ, բացատներ, քարքարոտ տափաստաններ` 1400-2300 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Էգը ձվադրում է Gentiana cruciata բույսի ծաղկաբույլերի մեջ: Երկրորդ-երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են: Ձմեռումից հետո ավարտում են սնվելը` ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին: Հարսնյակավորվում են մրջնանոցում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի հերկում, կերաբույսի ծաղկման շրջանում խոտհունձ, ինքնաթիռներով անտառային տարածքների մշակում թունաքիմիկատներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և ազգային պարկերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ: Ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ անտառի տերևակեր վնասատուների դեմ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում:

 

113. Արիոն կապտաթիթեռ

Maculinea arion zara Jachontov, 1935

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Տեսակը գտնվում է արեալի սահմանաեզրին: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a, ընդգրկված է ԲՊՄՄ (ver 2.3) «Համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում» LR/nt կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 16-18 մմ է, էգերինը` 15-20 մմ): Արուն վերևից մուգ կապույտ գույնի է` արտաքին եզրը խիստ մգացած է, լավ արտահայտված է դիսկալ և հետդիսկալ պտերի շարքը: Էգի նախշը նույնն է, սակայն ավելի լավ է արտահայտված: Թևերի ստորին մակերեսը մոխրագույն է` դիսկալ և հետդիսկալ սև պտերի լավ արտահայտված նախշով: Լավ է արտահայտված նաև բազալային փոշեծածկը:

Տարածվածությունը: Եվրոպա, Կովկաս, Փոքր Ասիա, Միջին Ասիա, Ղազախստան` մինչև Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Լայն տարածում ունի: Հայտնի է Շիրակի (Աշոցքի շրջակայք) Գեղարքունիքի (Սևան քաղաքի շրջակայք, Շորժա), Տավուշի (Սարիգյուղ, Ջուջևան գյուղերի շրջակայք), Կոտայքի (Արզական, Մեղրաձոր, Գողթ, Գառնի գյուղերի շրջակայք), Վայոց Ձորի (Գնիշիկ գյուղի շրջակայք, Արտավան), Սյունիքի (Քաջարան քաղաքի շրջակայք, Կուրիս, Շվանիձոր գյուղեր, Պխրուտ լքված գյուղ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Չոր մարգագետիններ, անտառների բացատներ, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հունիսի կեսից մինչև հուլիսի վերջը: Էգը ձվադրում է Oryganum vulgare բույսի ծաղիկների մեջ: Երկրորդ-երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են: Ձմեռումից հետո ավարտում են սնվելը` ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին: Հարսնյակավորվում են մրջնանոցում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բավականաչափ բարձր է` թվաքանակի միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի հերկում, կերաբույսի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձ, անասունների գերարածեցում, ինքնաթիռներով անտառային տարածքների մշակում թունաքիմիկատներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ: Ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ անտառի տերևակեր վնասատուների դեմ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում:

 

114. Մթնշաղային կապտաթիթեռ

Maculinea nausithous (Bergstrasser, [1779])

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Ընդհատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a): Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3) «Համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում» LR/nt կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 13-16 մմ է, էգերինը` 12-15 մմ): Արուի թևերը վերևից մուգ կապույտ են` խիստ մգացած արտաքին լայն եզրով, լավ արտահայտված են դիսկալ և հետդիսկալ պտերի շարքերը: Էգը վերևից միատար մուգ շագանակագույն է` թույլ արտահայտված դիսկալ պուտով: Թևերի ստորին մակերեսը միատար մուգ շագանակագույն է` դիսկալ և հետդիսկալ սև պտերի լավ արտահայտված նախշով:

Տարածվածությունը: Եվրոպա, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ոչ շատ տեղերից` Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ), Սեմյոնովկա և Շորժա գյուղերից (Գեղարքունիքի մարզ) և Ծաղկաձորից (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Մարգագետիններ, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներ` 2000-2300 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Էգը ձվադրում է Sanguisorba officinalis բույսի ծաղիկների մեջ: Երկրորդ-երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են: Ձմեռումից հետո ավարտում են սնվելը` ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին: Հարսնյակավորվում են մրջնանոցում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի հերկում, կերաբույսի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձ, անասունների գերարածեցում, ինքնաթիռներով անտառային տարածքների մշակում թունաքիմիկատներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում «Արզաքան-Մեղրաձոր» արգելավայրի տարածքի մեջ: Ինքնաթիռներով անտառների մշակման ժամանակ անտառի տերևակեր վնասատուների դեմ ընտրողական ազդեցությամբ թունաքիմիկատների օգտագործում:

 

115. Անդրկովկասյան կապտաթիթեռ

Plebejus transcaucasicus (Rebel, 1901)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առաջնաթևի երկարությունը 12-15 մմ), թևերի ընդհանուր երանգը մանուշակագույն է, մետաղական փայլով, ստորին թևերի վրա` եզրային սև գույնի պտերի շարքով, անալ մասի երիզը կարմիր գույնի է: Էգը մուգ գույնի է` միայն բազալային մասում է կապույտ, թևերի ստորին մակերեսի երանգը մոխրագույն է` թեթևակի կանաչավուն բազալային փոշեծածկով, դիսկալային պուտը և դիսկալային ու սուբմարգինալ պտերը բնորոշ են ցեղին, հետին թևերի սուբմարգինալ շարքի պտերի միջուկը մետաղական փայլփլուկներով է:

Տարածվածությունը: Հարավային Անդրկովկաս, Հյուսիս-Արևմտյան Թուրքիա, Հյուսիս-Արևմտյան Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Կոտայքի (Հացավան, Ջրվեժ), Արարատի (Գոռավանի ավազուտներ` Վեդի քաղաքի մոտ) և Սյունիքի (Ագարակ քաղաքի շրջակայք, Շվանիձոր գյուղ) մարզերից:

Ապրելավայրերը: Կավային և ավազոտ անապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարվա ընթացքում տալիս են մի քանի սերունդ: Էգը ձվադրում է կերաբույսի` Alhagi persarum -ի տերևների (ամառային սերունդ) և ցողունի մերձարմատային մասի վրա (գարնանային սերունդ):

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Չխախտված բիոտոպերում բավականաչափ բարձր է, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Վտանգված չոր էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների չկարգավորված արածեցմամբ: Հողերի գյուղատնտեսական յուրացում: Լեռնագործություն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները` «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: «Գոռավանի ավազուտներ» արգելավայի պահպանության ռեժիմի խստացում:

 

116. Դիանա կապտաթիթեռ

Neolysandra diana (Miller, 1923)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առաջնաթևի երկարությունը 12-15 մմ): Արուի թևերի ընդհանուր երանգն երկնագույն է` մետաղական փայլով, եզրի մգացումը շատ ուժեղ է արտահայտված, երբեմն` հասնում է դիսկալ մասին: Էգը մուգ է գունավորված, թևերի բազալային մասը ծածկված է կապույտ փոշեհատիկներով, ունեն լավ արտահայտված դիսկալ մանրագծիկ: Հետին թևերի ստորին մակերեսի հիմնական երանգը կապտա-կանաչավուն է` մետաղական փայլով, առաջնաթևերինը` մոխրագույն, պոստդիսկալ շարքերը խիստ թերզարգացած են:

Տարածվածությունը: Հայտնի են միայն երկու պոպուլյացիաներ` Հյուսիս-Արևմտյան Թուրքիայից (Ղարս) և դիտարկվող` հայկականը:

Տարածվածությունը Հայաստանում: Կոտայքի մարզ` Գեղադիր, Ձորաղբյուր գյուղերի շրջակայք, Հատիս լեռ:

Ապրելավայրերը: Ենթալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, ձմեռում են հարսնյակները: Էգը ձվադրում է Vicia sp. բույսի կոկոնների մեջ, որտեղ էլ զարգանում է թրթուրը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը ցածր է` խիստ տատանումներով տարբեր տարիներին:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, խոտհունձ, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերում ԲՀՊՏ-ների ստեղծում (արգելավայրերի կամ բնության հուշարձանների կարգավիճակով), արածեցման կարգավորում:

 

117. Դամոնիդես կապտաթիթեռ

Agrodiaetus damonides (Staudinger, 1899)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով ծայրահեղ հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1ab(i,ii,iii)+B 2b (i,ii,iii):

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15-20 մմ), թևերի ընդհանուր երանգն երկնագույն` մետաքսային փայլով, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ` հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագծով, հետին թևերի դիսկալ բիծը և հետդիսկալ բծերի շարքը խիստ թերզարգացած են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի են մի քանի նմուշներ` Մեղրի գետի աջափնյա մասից:

Ապրելավայրերը: Տրագանտներ, ֆրիգանա` լեռնային գոտու ցածր և միջին գոտիներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` մայիսի կեսից մինչև հունիսի կեսը, կենսաբանության մանրամասները հայտնի չեն, թրթուրների հավանական կերաբույսը Astragalus ordubadensis տեսակն է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի են եզակի հայտնաբերումներ, վերջին նմուշները հավաքվել են 1973 թվականին, հավանաբար, անհետացել է:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի ապրելավայրերում հանքարդյունահանում, վերջին նմուշները նշվել են մինչև Ագարակի հանքի շահագործումը:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի հետազոտում, հայտնաբերման դեպքում` ապրելավայրերում ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

118. Երևանյան կապտաթիթեռ

Agrodiaetus eriwanensis Forster, 1960

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 12-15 մմ), թևերը դարչնագույն են` դեղնավուն երանգով, արուի առջևի թևերը` առանձնահատուկ անդրոկոնիալ դաշտերով, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ` հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագծիկով: Հավաստի որոշումը հնարավոր է տեսակին հատուկ` CN=32-34, կարիոտիպի հիման վրա:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևմտյան Թուրքիա, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Կենտրոնական Հայաստան, հայտնի է Արագած լեռան հարավային լանջերից, «Խոսրովի անտառ» արգելոցի Գառնիի հատվածից, Գնիշիկ գյուղի շրջակայքից:

Ապրելավայրերը: Տրագանտներ, անտառի վերին սահմանի չոր մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հունիսի կեսից մինչև հուլիսի կեսը: Կերաբույսերը և կենսաբանության առանձնահատկությունները հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Չխախտված բիոտոպերում բավականաչափ բարձր է: Թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

119. Հուբերտի կապտաթիթեռ

Agrodiaetus huberti Carbonell, 1993

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15-20 մմ), թևերի ընդհանուր երանգն երկնագույն է` մետաղական փայլով, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ` հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագծով: Տեսակի հավաստի որոշումը հնարավոր է տեսակին հատուկ` CN=35-37, կարիոտիպի հիման վրա:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևմտյան Թուրքիա, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Կենտրոնական և Հարավային Հայաստան, հայտնաբերվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում (Գառնիի և Վեդիի հատվածներ), Վայոց Ձորի (Մարտիրոս, Խնձորուտ, Գնիշիկ) և Սյունիքի (Քաջարան, Փխրուտ լքված գյուղ) մարզերում:

Ապրելավայրերը: Տրագանտներ, անտառի վերին եզրի չոր մարգագետիններ և տափաստաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հունիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Թրթուրը զարգանում է Astragalus brachycarpus, Astragalus prilipkoanus բույսերի տերևների վրա: Ձմեռում են երրորդ կամ չորրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին ցածր է, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» և «Զանգեզուր» ԲՀՊՏ-ների տարածքի մեջ:

 

120. Իֆիգենիա կապտաթիթեռ

Agrodiaetus iphigenia araratensis De Lesse, 1957

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15-20 մմ), թևերի ընդհանուր երանգն երկնագույն է` մետաքսային փայլով, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ` հետին թևերի վրա լավ արտահայտված, դիսկալ ուղղությամբ լայնացող սպիտակ մանրագծով: Տեսակի հավաստի որոշումը հնարավոր է տեսակին հատուկ` CN=14 կարիոտիպի հիման վրա:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա, Թուրքիա, Հարավային Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Վայոց Ձորի (Աղնջաձոր և Գնիշիկ գյուղերի շրջակայք) և Սյունիքի (Բիչենեկի լեռնանցքից դեպի հյուսիս գտնվող լանջեր):

Ապրելավայրերը: Չոր ենթալպյան մարգագետիններ, անտառի վերին եզրի բացատներ`1400-2200 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հուլիսի վերջից մինչև հուլիսի վերջը: Թրթուրը զարգանում է նախնական որոշմամբ Onobrychis cadmea բույսի տերևների վրա: Ձմեռում են երկրորդ-երրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ:

 

121. Անտեսված կապտաթիթեռ

Agrodiaetus neglectus Dantchenko, 2000.

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 18-22 մմ), թևերի ընդհանուր երանգը կապույտ է` մետաղական փայլով, եզրի մգացումը շատ ուժեղ է արտահայտված, երբեմն հասնում է մինչև թևի միջին մասը, էգը դարչնագույն է, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ` հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագծով: Հավաստի որոշումը հնարավոր է տեսակին հատուկ` CN=25, կարիոտիպի հիման վրա:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Սյունիքի մարզ` Մեղրիի լեռնաշղթայի հարավային լանջեր` Լիճք գյուղի մոտ և Շվանիձոր գյուղից դեպի հյուսիս:

Ապրելավայրերը: Անտառի վերին եզրի չոր մարգագետիններ` 1400-1900 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Թրթուրը զարգանում է Astragalus robustus բույսի լոկալ ձևի տերևների վրա: Ձմեռում են երկրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Բավականին ցածր է, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, ենթակառուցվածքի զարգացում (ճանապարհաշինություն):

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

122. Նինայի կապտաթիթեռ

Agrodiaetus ninae Forster, 1956

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ, կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15-20 մմ է, թևերի ընդհանուր երանգն երկնագույն է` մետաքսային փայլով, ջղերի դիսկալ ծայրերը սև փոշեծածկով են, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագծով, հետին թևերի դիսկալ պուտը և հետդիսկալ պտերի շարքը լավ են զարգացած:

Տարածվածությունը: Հայաստան, Վրաստան, Հյուսիս-Արևելայն Թուրքիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ոչ շատ տեղերից` Շիրակի (Ջաջուռի լեռնանցք), Կոտայքի (Գեղարդի վանք` Գողթ գյուղի մոտ), Գեղարքունիքի (Շորժա) և Վայոց Ձորի (Վայք ք. շրջակայք, Մարտիրոս, Գնիշիկ գյուղեր) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնիի հատվածից:

Ապրելավայրերը` Գիհու նոսրանտառներ, տրագանտներ` 1300-2300 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հուլիսի սկզբից մինչև օգոստոսի կես: Թրթուրը զարգանում է Astragalus brachycarpus, Astragalus subrobustus վեգետացիան ավարտած բույսերի տերևների և ծաղկաբույլերի վրա: Ձմեռում են առաջին հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Չափավոր բարձր է` խիստ տատանումներով տարբեր տարիներին, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ:

 

123. Սուռակովի կապտաթիթեռ

Agrodiaetus surakovi Dantchenko et Lukhtanov, 1994

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 17-19 մմ), թևերի ընդհանուր գունավորումն երկնագույն` մետաքսային երանգով, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ` հետին թևերի վրա լավ արտահայտված, սպիտակ մանրագծով: Հավաստի որոշումը հնարավոր է տեսակին հատուկ` CN=50, կարիոտիպի հիման վրա:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևմտյան Թուրքիա, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Կենտրոնական Հայաստան, հայտնի է Կոտայքի (Գեղադիր, Գառնի գգ. շրջակայք), Վայոց Ձորի (Մարտիրոս, Խնձորուտ, Գնիշիկ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Տրագանտներ, անտառի վերին եզրի չոր մարգագետիններ և տափաստաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ` հունիսի կեսից մինչև օգոստոսի կեսը: Թրթուրը զարգանում է Astragalus brachycarpus բույսի տերևների վրա: Ձմեռում են երկրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, խոտհունձ, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ:

 

124. Թուրքական կապտաթիթեռ

Agrodiaetus turcicus Koջak, 1977

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Կապտաթիթեռներ - Lycaenidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2a:

Համառոտ նկարագրությունը: Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առջևի թևի երկարությունը 15-20 մմ), թևերի ընդհանուր երանգը կապույտ է` մանուշակագույն նրբերանգով, թևերի ստորին մակերեսը` սեռին բնորոշ` հետին թևերի վրա լավ արտահայտված դիսկալ ուղղությամբ լայնացող սպիտակ զոլով: Առջևի թևերի ստորին մակերեսի պտերի դիսկալ շարքը խիստ կորացած է: Հավաստի որոշումը հնարավոր է տեսակին հատուկ` CN=24, կարիոտիպի հիման վրա:

Տարածվածությունը: Հյուսիս-Արևելյան Թուրքիա, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ոչ շատ տեղերից` Ջաջուռի լեռնանցքից (Շիրակի մարզ), Մարտունի քաղաքի շրջակայքից (Գեղարքունիքի մարզ), Գնիշիկ, Խնձորուտ, Մարտիրոս գյուղերի շրջակայքից (Վայոց Ձորի մարզ):

Ապրելավայրերը: Համեմատաբար մեզոֆիլ ենթալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս են մեկ սերունդ, թռիչքը` հունիսի վերջից մինչև հուլիսի վերջը: Թրթուրը զարգանում է նախնական որոշմամբ Onobrychis cadmea բույսի տերևների վրա: Ձմեռում են երկրորդ-երրորդ հասակի թրթուրները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին ցածր է, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Խոպան հողերի հերկում, խոտհունձ, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ:

 

125. Կպչուկի իլիկաթիթեռ

Hyles hippophaes caucasica (Denso, 1913)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Իլիկաթիթեռներ - Sphingidae

 

Կարգավիճակը: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a: Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3) DD «Տվյալներն անբավարար են» կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 60-75 մմ), թևերի ընդհանուր գուներանգը ձիթամոխրագույն է, միջնամասում` սեռին բնորոշ` լայնակի զոլի տեսք ունեցող բաց գույնի հատվածով: Հետին թևերը վառ վարդագույն են, հիմքին մոտ` սև, արտաքին երիզը կեղտոտ մոխրագույն է, ծոպերիզը` սպիտակ:

Տարածվածությունը: Եվրոպայի հարավային մաս, դեպի արևմուտք` Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի հարավով մինչև Տյան-Շան և Պամիր: Փոքր Ասիա, Իրան, Միջին Ասիա, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Լայն տարածված է Կենտրոնական և Հարավային Հայաստանում: Հայտնաբերված է Արագածոտնի (գ. Բյուրական), Կոտայքի (Գառնի, Հացավան), Արարատի (ՈՒրցաձոր գյուղի շրջակայք), Վայոց Ձորի (Ջերմուկ քաղաք, Գնիշիկ, Արփի գյուղերի մոտ) և Սյունիքի (Մեղրի) մարզերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Անապատներ, կիսաանապատներ, գիհու նոսրանտառներ, ճանապարհների երկայնքով անտառաշերտեր, քաղաքների և ավանների պուրակային գոտիներ, Eleagnus angustigolia տեսակի մացառուտներով, ակտիվ մարդկային գործունեությունից զուրկ ռուդեռալ լանդշաֆտների հատվածներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զարգացման ընթացքում տալիս են 2-3 սերունդ, թիթեռները թռչում են մայիսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ: Ամառային-աշնանային սերունդների թվաքանակն ավելի բարձր է: Ձվադրում են Eleagnus angustigolia բույսի տերևների վրա, որտեղ էլ զարգանում են թրթուրները: Ակտիվ չվող տեսակ է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականաչափ բարձր է` մեծ տատանումներով տարբեր տարիներին:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

126. Պրոզերպինա իլիկաթիթեռ

Proserpinus proserpina (Pallas, 1772)

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Իլիկաթիթեռներ - Sphingidae

 

Կարգավիճակը: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B2a: Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3) «Տվյալներն անբավարար են» `DD կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի հավելված II-ում:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 20-25 մմ), առջևի թևերի ընդհանուր գուներանգը կանաչ կամ մոխրագույն կանաչ է, հետին թևերինը` դեղին, սև գույնի արտաքին եզրով:

Տարածվածությունը: Եվրոպա, դեպի արևելք և հարավ-արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր և Տյան-Շան, Փոքր Ասիա,Կովկաս, Անդրկովակս:

Տարածվածությունը Հայաստանում: Լայն տարածված է Կենտրոնական և Հարավային Հայաստանում, հայտնաբերվել է Արագած լեռան հարավային լանջերում, Կոտայքի (Արզական և Հացավան գյուղերի մոտակայք), Արարատի (Վեդի ք. շրջակայք), Վայոց Ձորի (Գնիշիկ գ. մոտ) և Սյունիքի (Քաջարան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Կուրիս, Լեղվազ) մարզերում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Ապրելավայրերը: Հանդիպում է գրեթե բոլոր բարձրունքային գոտիներում, բացի ալպյանից` գործնականապես բոլոր բիոտոպերում, որտեղ կան համապատասխան մեզոֆիլ հատվածներ` առվակների, գետերի, ճահճացած ցածրավայրերի, ոռոգման և ջրաքաշ ջրանցքերի երկայնքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում տեսակը սննդային կապի մեջ է գտնվում Epilobium hirsutum բույսի հետ: Էգը երիտասարդ բույսի միջին հատվածներում տերևների ստորին մասի վրա դնում է 1-3 ձու: Տարվա ընթացքում տալիս են մեկ սերունդ: Թիթեռների թռիչքը պայմանավորված է տեղանքի բարձրությամբ և տևում է ապրիլի վերջից մինչև հուլիսի վերջը: Թիթեռներն ակտիվ են` սկսած մթնշաղից և գրեթե ողջ գիշերը: Լուսաթակարդներով դժվար են բռնվում: Թթրթուրները հանդիպում են հունիսից մինչև օգոստոսի վերջը սեպտեմբերի կեսը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը բավականին բարձր է` մեծ տատանումներով տարբեր տարիներին:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: Տեսակի ապրելավայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքի մեջ:

 

127. Ավետյանի երկրաչափ թիթեռ

Cidaria avetianae Wardikian,1974

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Երկրաչափ թիթեռներ - Geometridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Թևերի բացվածքը 17-21 մմ է: Բեղիկները պարզ տիպի են, խոզանաձև: Շոշափուկները սև են: Գլուխը, կուրծքը և փորիկը պատված են սև, սպիտակափառ թեփուկներով: Թևերը սպիտակավուն-մոխրագույն են, առջևինները` հազիվ նշմարվող միջին բծով: Հետին թևերն առջևիններից ավելի բաց են գունավորված:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Տավուշի (Գետիկ գետի կիրճի վերին հատված) և Սյունիքի (Գորիս ք., Գեղանուշ և Նռնաձոր գգ. մոտ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնիի հատվածից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի չոր նոսրանտառներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թիթեռները թռչում են մայիս-հունիս ամիսներին և օգոստոսի վերջին, թռչում են դեպի լույսի աղբյուր: Հավանաբար տալիս են 2 սերունդ: Կերաբույսերը հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Վորոտան» ԲՀՊՏ-ի տարածքի մեջ:

 

128. Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ

Eupithecia alexandriana Wardikian, 1972

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Երկրաչափ թիթեռներ - Geometridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Թևերի բացվածքը 19 մմ է: Առջևի թևերի հետին եզրից սկիզբ առնող տրամակապը չի հասնում թևի առջևի եզրին, գագաթը բաց գունավորված աղեղնաձև զոլով է: Ավելի բաց գունավորված միջին բջջի գագաթին տեղադրված է երկար նեղ բիծ: Հետին թևերն ավելի միատար են գունավորված, պատված են մուգ մոխրագույն թեփուկներով, ունեն փոքր միջին բիծ: Ծոպերը միագույն են: Թևի նախշը թույլ է արտահայտված:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ք. Երևանից (հավաքված է Կենդանաբանական և Բուսաբանական այգիներում) և Կոտայքի մարզից (Ծաղկաձոր ք. շրջակայք):

Ապրելավայրերը: Հայտնի չեն, թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տալիս է երկու սերունդ, թիթեռները թռչում են մայիսին և սեպտեմբերին, կենսաբանության այլ առանձնահատկություններ հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ:

Վտանգման հիմնական գործոններ: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վերաբերյալ ստույգ տեղեկությունների և կենսաբանության առանձնահատկությունների պարզաբանում, որից հետո` տեսակի տարածման վայրերի պահպանում:

 

129. Համլետի երկրաչափ թիթեռ

Eupithecia hamleti Wardikian, 1985

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Երկրաչափ թիթեռներ - Geometridae

 

Կարգավիճակը: Չափազանց սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Թևերի բացվածքը 16-17 մմ է: Բեղիկները թելաձև են: Առջևի և հետևի թևերը միագույն են, պատված են բաց մոխրագույն թեփուկներով: Երկու թևերի միջնամասում տեղադրված է մեկական պուտ: Առաջնաթևերի միջնապուտը ձգված է լայնակի ուղղությամբ, հետին թևերինը` կլորավուն է:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն ք. Երևանից (Կենդանաբանական այգի):

Ապրելավայրերը: Հայտնի չեն, թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կենսաբանության այլ մանրամասները հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վերաբերյալ ստույգ տեղեկությունների և կենսաբանության առանձնահատկությունների պարզաբանում, որից հետո` տեսակի տարածման վայրերի պահպանում:

 

130. Սերգեյի երկրաչափ թիթեռ

Eupithecia sergiana Wardikian,1972

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Երկրաչափ թիթեռներ - Geometridae

 

Կարգավիճակը: Չափազանց սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Թևերի բացվածքը 17 մմ է: Գլուխը, մեջքը և փորիկը պատված են մուգ թեփուկներով: Առջևի թևերի վրայով ձգվում է բաց գունավորված ալիքաձև նեղ տրամակապ: Թևի տրամակապի միջին մասում կա հետզհետե վերացող սև գիծ: Միջին բջջի գագաթին տեղադրված է նեղ, երկարավուն բիծ: Թևի հիմքն առանց նախշի է: Ծոպերը զոլավոր են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն ք. Երևանից (Կենդանաբանական այգի):

Ապրելավայրերը: Հայտնի չեն, թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր: Կենսաբանության առանձնահատկությունները: Թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր սեպտեմբերին: Կենսաբանության այլ մանրամասներ հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վերաբերյալ ստույգ տեղեկությունների և կենսաբանության առանձնահատկությունների պարզաբանում, որից հետո` տեսակի տարածման վայրերի պահպանմանը ուղղված միջոցառումների մշակում:

 

131. Կուզնեցովի երկրաչափ թիթեռ

Ortholitha kuznetzovi Wardikian, 1957

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Երկրաչափ թիթեռներ - Geometridae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Թևերի բացվածքը 30 մմ է: Առջևի թևերի նախշը կազմված է սպիտակ, ալիքաձև եզրային զոլից և լայն, մուգ գունավորված, սպիտակ երիզով, ընդհատվող, լայնակի տրամակապից: Ոտքերը բարակ են, հետին սրունքները` 1 զույգ խթանով: Գլուխը, կուրծքը և փորիկը ծածկված են մուգ գույնի մարմնին կպած թեփուկներով: Բեղիկները սանրաձև են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է ք. Երևանից (Կենդանաբանական այգի) և Սյունիքի մարզից (Սիսիան ք. մոտակայք):

Ապրելավայրերը: Հայտնի չեն, թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր:

Կենսաբանության առանձնահատկությունները: ՈՒշ աշնանային տեսակ է, թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր հոկտեմբերին, կենսաբանության այլ առանձնահատկություններ հայտնի չեն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բացահայտված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վերաբերյալ ստույգ տեղեկությունների և կենսաբանության առանձնահատկությունների պարզաբանում, որից հետո` տեսակի տարածման վայրերի պահպանությանն ուղղված միջոցառումների մշակում:

 

132. Կարելինի մռայլ արջաթիթեռ

Axiopoena karelini Mռnռtriռs, 1842

Կարգ` Թեփուկաթևեր կամ Թիթեռներ - Lepidoptera

Ընտանիք` Արջաթիթեռներ - Arctiidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1ab(iii)+B 2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Խոշոր չափի թիթեռ է (առջևի թևի երկարությունը 45-48 մմ): Առջևի թևերը սև ածխագույն են` մետաքսային շողշողյունով, հետին թևերն աղյուսագույն կարմիր են, իսկ արտաքին եզրը` կարմրամոխրագույն: Օձիկը կարմիր է, փորիկը` կարմրագորշագույն` սև ծայրով:

Տարածվածությունը: Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս (ք.Սոչի), Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Իրաք:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Երևան քաղաքից (Հրազդան գետի կիրճ, Կենդանաբանական այգի և այլն), Տավուշի (ք.Նոյեմբերյան), Կոտայքի (ք. Աբովյանի շրջակայք), Արարատի (Վեդի ք. մոտակայք) և Սյունիքի (ք. Մեղրի) մարզերից:

Ապրելավայրերը: Չորասեր (քսերոֆիլ) բուսականությամբ լեռնային հատվածներ` 600-1000 մ ծ.մ.բ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարվա ընթացքում տալիս են մեկ սերունդ, թիթեռները թռչում են մթնշաղին և գիշերը` հունիս-հուլիս ամիսներին, որից հետո անցնում են դիապաուզայի: Դիապաուզայի ընթացքում ցերեկը թաքնվում են փոքր քարանձավներում և ժայռերի ճեղքերում, ավարտից հետո` օգոստոսին-սեպտեմբերին, վերսկսում են թռիչքը, այդ ժամանակ էլ ձվադրում են:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Ամենուրեք ցածր է: Քիչ թե շատ մեծ թվով առանձնյակներ հայտնաբերվում են միայն քարանձավներում:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում և թրթուրների կերակրման համար պիտանի տարածքների յուրացում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերում արածեցման սահմանափակում: Հրազդան գետի կիրճում ԲՀՊՏ-ի ստեղծում, ինչը նախատեսված է Երևան քաղաքի զարգացման գլխավոր հատակագծով:

 

133. Մգաթև մեղու

Lithurge fuscipenne Lepeletier, 1841

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մեգախիլիդներ - Megachilidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B 2a:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր մեղու է, էգի մարմնի երկարությունը 16-19 մմ է, արուինը` 14-15 մմ: Վերին ծնոտները նեղ են` գագաթին երկատամնավոր: Էգի գլուխը պատված է սպիտակ կարճ մազիկներով, երեսի վրա կա եղջյուրանման մեծ ելուստ, մեջքի վրա` կնճիռներ և կետեր, փորիկի 1-5-րդ տերգիտների ծայրերին` սպիտակ կարճ մազիկներ, հետանցքի ծոպերիզը սևա-շագանակագույն է: Արուի 3-6-րդ տերգիտների հիմքի վրա կան մուգ մազիկներ, 7-րդ տերգիտը փշաձև է, սրածայր:

Տարածվածությունը: Արևմտյան Պալեարկտիկայի միջին լայնություններ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Երևանից, Շիրակի (Գյումրի ք. մոտակայք), Կոտայքի (գ.Արտավազ) և Վայոց Ձորի (գ. Արենի) մարզերից:

Ապրելավայրերը: Կիսաանապատային և տափաստանային լանդշաֆտներ, գետամերձ մարգագետիններ և այգիներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են, թռիչքը` հուլիս-օգոստոս ամիսներին, այցելում են գերազանցապես Asteraceae ընտանիքին պատկանող բույսերի ծաղիկները, բնակալում են չոր բնափայտում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ են, հանդիպում են ոչ մեծ քանակով առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի յուրացում, գերարածեցում, տնտեսություններում լայն ազդեցությամբ միջատասպանների կիրառում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում նախատեսվող «Գնիշիկ» ազգային պարկի տարածքում: Տնտեսություններում ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

 

134. Մեղու Դեսեպտորիա

Megachile deseptoria Peres, 1884

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մեգախիլիդներ - Megachilidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B 2a:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի մեղու է, մարմնի երկարությունը` 12-13 մմ: Էգի երեսկալը ծածկված է սպիտակ մազիկներով, եզրը ուղիղ է: Գլխի գագաթն աչքերի հետևի հատվածում պատված է ցրված կետերով, փորիկի 1-2 տերգիտներն երկար բաց գույնի մազիկներով են, 2-5 րդ տերգիտների եզրերը` կարճ մազիկներից կազմված զոլով, 6-րդը` կլորավուն սպիտակ թաղիքե պուտով: Արուի 2-րդ տերգիտը սպիտակ մազիկներով ծածկված կողային բծերով է, 6-րդ տերգիտը կոպիտ քարթավոր է` եռանկյունաձև կամ փոքր-ինչ կլորավուն կտրվածքով:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա, Անդրկովկաս, Միջին Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Երևանից, Մուսալեռ գ. շրջակայքից (Արմավիրի մարզ), «Խոսրովի անտառ» արգելոցից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի անապատներ և կիսաանապատներ, բլուրների կսեռոֆիտ լանջեր, մարգագետիններ, անտառեզրեր, գետամերձ հովիտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են, թռիչքը` մայիսից մինչև օգոստոս, բնակալում են պատրաստի խոռոչներում, որտեղ տերևների կտորներից պատրաստում են սերունդը կերակրելու համար խորշեր: Կերաբույսերն են` Thymus serpyllum L., Zygophyllum fabago L. և այլ տեսակներ:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Թվաքանակը մեծ չէ, հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի հերկում, միջատասպանների ոչ խելամիտ օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տնտեսություններում ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

 

135. Մոմաբույսի մեղու

Osmia cerinthides F. Morawitz, 1876

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մեգախիլիդներ - Megachilidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1a+B 2a:

Համառոտ նկարագրությունը: Էգի գլուխը և կուրծքը պատված են գորշագույն, փորիկի 1-3 րդ տերգիտները` շիկակարմիր, 6-րդը` սև մազիկներով: Այտերը կոշտացած հաստացումով են, երեսկալի կողքերին կան երկար եղջերանման ելուստներ, առջևի եզրի միջնամասում` եռանկյունաձև ատամիկ: Արուի երեսը սև է, կուրծքը պատված է դեղնա-մոխրագույն մազիկներով, 6-րդ տերգիտի գագաթնային եզրը ուղիղ է, 7-րդինը` կլորավուն:

Տարածվածությունը: Արևելյան Միջերկրայք, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր Երևանից, այստեղ հավանաբար անհետացել է: Հայտնաբերված է Արագածոտնի (Բյուրական գ. շրջակայք), Կոտայքի (Արզնի գ. մոտակայք) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնիի հատվածից:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, գետամերձ հովիտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են, թռիչքը` մայիս-հուլիս ամիսներին, բնակալում են պատրաստի խոռոչներում: Այցելում են գլխավորապես Hypericum, Jasminum, Leontodon սեռերին պատկանող բույսերի ծաղիկները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի յուրացում, գերարածեցում, ոչ ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արագած լեռան հարավային լանջին ԲՀՊՏ-ի ստեղծում: Տնտեսություններում ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

 

136. Մազոտ մեղու

Archianthidium pubescens Morawitz, 1872

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մեգախիլիդներ - Megachilidae

 

Կարգավիճակը: Հանրապետությունում ծայրահեղ սահմանափակ, մեկուսացած արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես «Անհետացող»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր մեղու է, մարմնի երկարությունը 15-17 մմ է: Էգի երեսկալը գրեթե երկու անգամ լայն է իր երկարությունից: Երեսկալը, երեսի կողքերը, ճակատկալի եռանկյունաձև բիծը և աչքերի հետևի բծերը դեղին են: Միջնակրծքի կողքերն անկյունաձև դեղին բծերով են, տերգիտները` կողային դեղին բծերով: Արուի ճակատկալը և միջնակրծքի կողքերն առանց դեղին բծերի են, փորիկի 6-րդ տերգիտը` ձգված կողմնային անկյուններով, 7-րդ տերգիտն ունի եռոտնուկի տեսք:

Տարածվածությունը: Արևելյան Միջերկրայք, Անդրկովկաս, Թուրքմենիստանի հարավային շրջաններ, հավանաբար նաև Հյուսիսային Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի էր միայն Արագած լեռան հարավային լանջից (Անտառուտ և Բյուրական գգ. և Ամբերդ ամրոցի փլատակների մոտ)

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, կսեռոֆիտ նոսրանտառներ և թփուտներ` 1800-2200 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են, թռիչքը` հուլիսին: Հանդիպում է Lamiaceae բույսերի ծաղիկների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների չկարգավորված արածեցմամբ, կերաբույսերի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արագած լեռան հարավային լանջին ԲՀՊՏ-ի ստեղծում: Տեսակի տարածման վայրերում անասունների արածեցման կարգավորում:

 

137. Մոխրագույն մեղու

Anthophora cinerea Frieze, 1919

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Անթոֆորիդներ - Anthophoridae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի մեղու է, մարմնի երկարությունը 11-13 մմ է: Գլուխն առջևից սև գույնի է, երեսկալը հարթ փայլուն զոլով: Բոլոր ոտքերի թաթերը մուգ գույնի են, հետին թաթերի 1-ին հատվածն արտաքինից ծածկված է արծաթափայլ մազիկներով, մեջքի և փորիկի 1-3-րդ տերգիտների մազիկներն երկար են, անհավասար, տերգիտները բաց գույնի տրամակապերով: Արուի գլուխն առջևից սև գույնի է, երեսը, գլխի ներքևի մասը, փորիկի 1-2-րդ հատվածները ծածկված են մոխրագույն մազերով, 2-4-րդ տերգիտները սպիտակ մազերից կազմված գագաթնային տրամակապով են:

Տարածվածությունը: Եվրոպայի հարավ-արևելք, Անդրկովկաս, Թուրքմենստան, Ղազախստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Գեղարքունիքի (Սևան ք. մոտ), Կոտայքի (Գողթ գ. շրջակայք` Գեղարդ վանքի մոտ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի լեռնատափաստաններ` 1500-2000 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են: Բազմակեր են: Հայաստանի պայմաններում թռիչքը դիտվում է հունիսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի յուրացում, անասունների գերարածեցում, լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

 

138. Ամրակազմ մեղու

Anthophora robusta Klug, 1845

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Անթոֆորիդներ - Anthophoridae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ, կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր մեղու է, մարմնի երկարությունը 15-17 մմ է: Երեսկալը ծածկված է կարճ մոխրագույն, կուրծքը` դեղին մազիկներով, փորիկի 1-3-րդ տերգիտների ծայրերին կան լայն, սպիտակ մազիկներից կազմված շերտեր:

Տարածվածությունը: Հյուսիսային Աֆրիկա, Առաջնային Ասիա, Արևելյան Եվրոպա, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Գեղարքունիքի (Սևան ք. մոտ), Արագածոտնի (Արագած լեռան հարավային լանջեր` Ամբերդ ամրոցի փլատակների մոտ), Կոտայքի (Արզական գ.մոտ) և Սյունիքի (Մեղրի ք.մոտ) մարզերից:

Ապրելավայրերը: Լեռնատափաստան և ենթալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են: Բազմակեր են: Թռիչքը դիտվում է հունիսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Շատ հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված գերարածեցմամբ և խոտհունձով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արևիկ»ազգային պարկերում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արագած լեռան հարավային լանջին ԲՀՊՏ-ի ստեղծում, «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

139. Երկարալեզու մեղու

Tetralonia macroglossa Illiger, 1806

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Անթոֆորիդներ - Anthophoridae

 

Կարգավիճակը: Շատ փոքր, կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2a:

Համառոտ նկարագրությունը: Միջին չափի մեղու է, մարմնի երկարությունը 10-13 մմ է: Մարմինը խիտ մազածածկով է, փորիկի 2-3-րդ տերգիտներին կան խիտ մազերից կազմված բաց գույնի տրամակապեր, էգի 6-րդ տերգիտը սովորաբար ծածկված է շիկակարմիր մազիկներով: Արուների մարմինը վերևից ծածկված է դեղնագորշավուն մազիկներով, որոնք մեջքի վրա ավելի երկար են, երեսկալի գագաթնային եզրը բաց գույնի է, 6-7-րդ տերգիտների կողքերն ատամնավոր են:

Տարածվածությունը: Կենտրոնական և Հարավային Եվրոպա, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Երևանի շրջակայքից (հին հավաքներ) և Գեղարքունիքի մարզից (Արեգունի գ. շրջակայք)

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ, չոր լեռնատափաստաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են, թռիչքը` հունիս-օգոստոս ամիսներին, հանդիպում են Malvaceae, Asteraceae ընտանիքներին պատկանող բույսերի ծաղիկների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Շատ հազվադեպ է, հայտնի են եզակի առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

140. Մանուշակագույն մեղու-ատաղձագործ

Xylocopa violacea Linnaeus, 1758.

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Անթոֆորիդներ - Anthophoridae

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a: Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Շատ խոշոր մեղու է, մարմնի երկարությունը 20-23 մմ է: Մարմինը սև գույնի է, մետաղական մանուշակագույն փայլով: Վերին շրթունքը ծածկված է շիկակարմիր մազիկներով: Բեղիկների վերևի մասը սև գույնի է, ներքևինը` շիկակարմիր, ոտքերը սև են: Թևերը մուգ գույնի են: Էգի հետին սրունքի արտաքին մասը պատված է երկու շարք մանր սուր ատամիկներով: Արուի բեղիկների վերին հատվածը ծռված է, հետին ոտքերի կոնքն ատամիկով է:

Տարածվածությունը: Հյուսիսային Աֆրիկա, Միջերկրայքի երկրներ, Կենտրոնական Ասիա, Ղրիմ, Կովկաս, Անդրկովկաս, Կոպետդագ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատի (գ. Երասխ), Կոտայքի (գ. Արտավազ), Սյունիքի (ք. Կապան) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Կիսաանապատայինից մինչև տափաստանային գոտի, հանդիպում է այգիներում, ճամփեզրերին, նոսրանտառներում և բնակելի վայրերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միայնակ մեղուներ են: Թռիչքը դիտվում է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, բազմակեր են, սնվում են տարբեր ընտանիքներին պատկանող բույսերի ծաղիկներով: Բները պատրաստում են, փորելով անցքեր չոր բնափայտում (այդ թվում նաև շինությունների): Անցքերում սարքում են առանձին խորշիկներ, որտեղ էգը դնում է ծաղկափոշու և նեկտարի պաշար և մեկական ձու: Աշնանը կատարվում է թրթուրների հարսնյակավորում: Այստեղ էլ` խորշիկներում, ձմեռում են դուրս եկած հասուն միջատները:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բնակալման համար պիտանի տեղերի կրճատում` պայմանավորված չորացած ծառերի հատմամբ և շինությունների փայտե կոնստրուկցիաների մետաղականով փոխարինմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Էկոհամակարգերում չորացած ծառերի մասնակի հատում:

 

141. Իշամեղու հայկական

Bombus armeniacus Radoszkovski, 1877

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Իսկական մեղուներ - Apidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով և կրճատվող թվաքանակով հազվագյուտ տեսակ է: Ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Ինչպես և բոլոր իշամեղուների` այս տեսակի ընտանիքը կազմված է էգերից, աշխատավոր առանձնյակներից` ավելի փոքր չափերի չբեղմնավորված էգերից, և արուներից: Էգերի և աշխատավոր առանձնյակների փորիկը կազմված է 6 տերգիտներից, բեղիկները 12-հատվածանի են, ունեն խայթ: Արուների փորիկը կազմված է 7 տերգիտներից, բեղիկները 13-հատվածանի են, խայթ չունեն: Բոլոր իշամեղուների մարմինը պատված է ծածկույթները թաքցնող խիտ փրչոտ մազիկներով: Տվյալ տեսակի մեջքի առջևի մասը, վահանիկը և փորիկը ծածկված են դեղին մազիկներով: Մեջքի վրա` թևերի միջև, կա լայն, սև գույնի տրամակապ:

Տարածվածությունը: Եվրոպայի հարավ-արևելք` Մոլդովայից դեպի արևելք մինչև Ղազախստան և Ենիսեյի վերին հոսանք, Փոքր Ասիա, Կովկաս, Միջին Ասիայի լեռներ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Կենտրոնական Հայաստանի մի շարք վայրերից` Գեղարքունիքի (Գավառ ք.), Արագածոտնի (գ.Քուչակ) և Կոտայքի (գ. Գառնի, Գեղարդի վանք` Գողթ գ. մոտ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի լեռնատափաստաններ, անտառատափաստան, գետամերձ մարգագետիններ` 1500-2000 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական մեղուներ են, ընտանիքը մեծաքանակ չէ` կազմված է 50-100 առանձնյակներից: Ձմեռած բեղմնավորված էգերը գարնանը բույն են կառուցում` գլխավորապես քարերի տակ, երբեմն` կրծողների լքված բներում, և կերակրում են աշխատավոր առանձնյակների առաջին խմբաքանակը` չբեղմնավորված էգերին: Հետագայում սերնդի խնամք են տանում աշխատավոր առանձնյակները, իսկ էգը ձվադրում է: Գարնանը և ամռանը դուրս են գալիս միայն աշխատավոր առանձնյակներ: Ամռան վերջին բնում հայտնվում են նաև էգեր ու արուներ: Նրանք դուրս են թռչում բնից և բեղմնավորվում, որից հետո արուները սատկում են, իսկ էգերը ձմեռում` մեկ-մեկ: Ընտանիքը ևս մահանում է: Հայաստանում թռիչքը նկատվում է մայիս-օգոստոս ամիսներին: Բազմակեր են:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է, թվականակը կրճատվում է ամբողջ արեալով:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի յուրացում, Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների չկարգավորված արածեցմամբ, անասնակեր մշակաբույսերը վնասատուներից պաշտպանելու նպատակով թունաքիմիկատների օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Մշակված չեն:

 

142. Իշամեղու մարգագետնային

Bombus pratorum Linnaeus, 1761

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Իսկական մեղուներ - Apidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ, ընդհատվող արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Էգերի և աշխատավոր առանձնյակների մեջքն առջևից դեղին է, մյուս մասերում` սև, փորիկի 4-5-րդ տերգիտները նարնջագույն մազիկներով են: Արուի մեջքի առջևի մասը դեղին մազիկներով է, վահանիկը սև է, հաճախ դեղին մազիկների խառնուրդով, 1-ին և 3-4-րդ տերգիտները` սև, փորիկի ծայրը` դեղին մազիկներով են:

Տարածվածությունը: Եվրոպա, դեպի արևելք` մինչև Արևմտյան Սիբիրի հարավ և Ալթայ, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Գեղարքունիքի (Շորժա գ. մոտակայք), Կոտայքի (Արզական գ.) մարզերից:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, անտառեզրեր, բացատներ, մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, զարգացման ցիկլը նման է B. armeniacus -ի զարգացման ցիկլին: Թռիչքը նկատվում է ապրիլ-օգոստոս ամիսներին: Լայն պոլիֆագ է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հանդիպում են տեղ-տեղ` ոչ մեծաթիվ առանձնյակներ, թվականակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, անտառային տարածքների մշակում լայն ազդեցությամբ թունաքիմիկատներով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Արզաքան-Մեղրաձոր» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի բնապահպանական ռեժիմի խստացում, անտառային հատվածում միջատասպանների օգտագործման սահմանափակում:

 

143. Իշամեղու գետնային

Bombus terrestris Linnaeus, 1758

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Իսկական մեղուներ - Apidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ, ընդհատվող արեալով հազվադեպ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Էգերի և աշխատավոր առանձնյակների մեջքի առջևի մասը ծածկված է դեղին կամ բաց օքրագույն մազիկներով, կամ ամբողջ մեջքը սև է, սպիտակ մազիկների խառնուրդով, փորիկի 2-րդ տերգիտը դեղին մազիկներով է, 4-5- րդը` սպիտակ, վերջին ստերնիտները` սպիտակավուն մազիկներով: Արուի գլխի գագաթի հետին ծայրը և կրծքի կողքերի միջնամասերը ծածկված են սև մազիկներով, մեջքի առջևի մասը և 2-րդ տերգիտը` դեղին, վահանիկը, 1-ին և 3-րդ տերգիտները` սև, վերջին տերգիտները` սպիտակ մազիկներով:

Տարածվածությունը: Միջերկրայք, Միջին և Հարավ-Արևմտյան Եվրոպա, դեպի արևելք` մինչև Արևմտյան Ղազախստան, Կովկաս, Անդրկովկաս, Կոպետդագի, ՏյանՇ անի լեռներ: Ներմուծված է Նոր Զելանդիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Լոռու (Վանաձոր ք. մոտակայք) և Կոտայքի (Արզական գ. շրջակայք, Թեժ լեռան հարավային լանջեր) մարզերում:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, ալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, զարգացման ցիկլը նման է B. armeniacus-ի զարգացման ցիկլին: Բները կառուցում է հողում: Թռիչքը նկատվում է մայիս-օգոստոս ամիսներին: Լայն պոլիֆագ է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Մեծաքանակ չեն, հանդիպում են տեղ-տեղ, թվականակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի յուրացում, անասնակեր մշակաբույսերի տարածքների մշակում միջատասպաններով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արզաքան-Մեղրաձոր» պետական արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում մոտակայքում գտնվող Կովկասի ռոդոդենդրոնի կամ «Հանքավան» արգելավայրի տարածքի մեջ: Տնտեսություններում ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

 

144. Իշամեղու ձնափայլ

Bombus niveatus Kriechbaumer, 1870

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Իսկական մեղուներ - Apidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ, ընդհատված արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Էգի և աշխատավոր առանձնյակների մեջքի առջևի մասը, վահանիկը և փորիկի 1-2-րդ տերգիտները ծածկված են սպիտակ, մեջքի միջնամասը և 3-րդ տերգիտը` սև, 4-5-րդ տերգիտները` նարնջագույն մազիկներով: Արուի գլուխը սև մազիկներով է` երեսկալի վրա սպիտակ մազիկների փնջով: Մեջքի առջևի մասը, վահանիկը, փորիկի 1-2 տերգիտները ծածկված են սպիտակ մազիկներով, մեջքի միջնամասը և 3-րդ տերգիտը` սև, փորիկի ծայրը` կարմրավուն կամ նարնջագույն մազիկներով:

Տարածվածությունը: Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ տեսակ է, հայտնի է Հյուսիսային Թուրքիայից, Հյուսիս-Արևմտյան Իրանից և Հայաստանից:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Գեղարքունիքի (ք. Սևանի մոտակայք), Կոտայքի (գ. Արտավազ), Սյունիքի (Մեղրի ք. մոտակայք) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ապրելավայրերը: Տափաստանային գոտի` 1000-2000 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկություններ: Հասարակական կյանք վարող միջատներ են, կենսական ցիկլով նման են B. armeniacus տեսակին: Պոլիֆագ են: Թռիչքը դիտվում է մայիս-օգոստոս ամիսներին: Բները պատրաստում են հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է ամբողջ արեալում: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցում, տեսակի կերաբույսերով զբաղեցրած տարածքների մշակում լայն ազդեցությամբ միջատասպաններով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անասունների արածեցման կարգավորում, ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

 

145. Պորչինսկու իշամեղու

Bombus portshinskii Radoszkowsky, 1884

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Իսկական մեղուներ - Apidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Առաջնամեջքը և վահանիկը ծածկված են դեղին մազիկներով, միջնամեջքը սև տրամակապով է, փորիկի 2-րդ տերգիտը սև մազիկներով է, 4-5-րդը` սպիտակ կամ դեղնա-մոխրագույն: Կրծքի կողքերը ծածկված են բաց դեղին մազիկներով:

Տարածվածությունը: Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ տեսակ է, հայտնի է Կովկասից, Հյուսիսային Թուրքիայից, Հյուսիս-Արևմտյան Իրանից և Հայաստանից:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է Կենտրոնական Հայաստանում` Գեղարքունիքի (ք. Սևանի մոտակայք), Կոտայքի (գ. Արտավազ, Կոտայք, Աղվերանի կիրճ` Արզաքան գ. մոտ) և Արագածոտնի (ք. Ապարան) մարզերից:

Ապրելավայրերը: Լեռնատափաստանային լանդշաֆտներ, լեռնային անտառներ, ենթալպյան և ալպյան գոտիներ` մարգագետիններ և բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, կենսական ցիկլով նման են B. armeniacus տեսակին: Բազմակեր են: Թռիչքը դիտվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին: Բները պատրաստում են հողում:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ է: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառային տարածքների մշակում լայն ազդեցությամբ միջատասպաններով:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակին բնորոշ բիոտոպերի ընդգրկում «Արզաքան-Մեղրաձոր» պետական արգելավայրի տարածքի մեջ: Ընտրողական ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

 

146. Իշամեղու ալագյոզյան

Bombus alagesianus Skorikov, 1937

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Իսկական մեղուներ - Apidae

 

Կարգավիճակը: Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a:

Համառոտ նկարագրությունը: Էգի և աշխատավոր առանձնյակների այտերը կարճ են` ծամիչների հիմքի հատվածում դրանց երկարությունը փոքր է լայնությունից: Ճակատը դեղին մազիկներից կազմված փնջիկով է: Առաջնամեջքը և վահանիկը ծածկված են դեղին, միջնամեջքը` սև, փորիկի տերգիտները` մասամբ սև, 4-5-րդը` կարմրա-նարնջագույն մազիկներով: Արուի առաջնամեջքը, վահանիկը և փորիկի 2-րդ տերգիտը դեղին մազիկներով են, միջնամեջքը և 3-րդ տերգիտը` սև:

Տարածվածությունը: Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ է, հայտնի է Հյուսիսային Թուրքիայից, Հյուսիս-Արևմտյան Իրանից և Հայաստանից:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Արագած լեռան հարավային լանջերից:

Ապրելավայրերը: Ենթալպյան և ալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, կենսական ցիկլով նման են B. armeniacus տեսակին: Կերաբույսերը հայտնի չեն: Թռիչքը դիտվում է հունիս-օգոստոս ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Շատ հազվադեպ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Մարգագետնային էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արագածի ալպյան» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի տարածքում բնապահպան ռեժիմի ապահովում: Տեսակի տարածման այլ վայրերում` անասունների արածեցման կարգավորում:

 

147. Իշամեղու դաղեստանյան

Bombus daghestanicus Radoszkowsky, 1888

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Իսկական մեղուներ - Apidae

 

Կարգավիճակը: Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:

Համառոտ նկարագրությունը: Առաջնամեջքը, վահանիկը, փորիկի 1-2-րդ տերգիտները ծածկված են սպիտակ մազիկներով: Միջնամեջքը սև տրամակապով է: Էգի և աշխատավոր առանձնյակների երեսկալը և ճակատը սպիտակ մազիկների փնջով են, 4-5-րդ տերգիտները` դեղնա-նարնջագույն մազիկներով: Արուի 3-րդ տերգիտը սև մազիկներով է, 5-6-րդը` նարնջագույն:

Տարածվածությունը: Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հյուսիսային և Կենտրոնական Հայաստանում, հայտնի է Շիրակի (Գյումրի ք. շրջակայք), Գեղարքունիքի (Սևան ք., Զոլաքար գ. մոտակայք) և Կոտայքի (Ծաղկաձոր ք. և Լեռնանիստ գ. մոտ) մարզերից:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, տափաստաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, կենսական ցիկլով նման են B. armeniacus տեսակին: Բազմակեր են: Թռիչքը դիտվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Մեծաքանակ չէ, հանդիպում է տեղ-տեղ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի գյուղատնտեսական յուրացում, անասունների գերարածեցում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերում անասունների արածեցման կարգավորում:

 

148. Ռավազինիի մրջյուն

Myrmica ravasinii Finzi, 1923

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մրջյուններ - Formicidae

 

Կարգավիճակը: Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B 2a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին խոշոր մրջյուններ են, աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 5,9-6,5 մմ է, էգերինը` 7,8-8,1 մմ, արուներինը` 6,5-7,0 մմ: Աշխատավոր մրջյունների գլուխը և առաջնամեջքը կարմրավուն են, փորիկը` մգացած է, սեռական առանձնյակները գրեթե միատար մուգ գորշագույն կամ սև են:

Տարածվածությունը: Ալբանիա, Հարավսլավիա, Թուրքիա, Վրաստան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է միայն Կենտրոնական Հայաստանում` Արզական և Աղավնաձոր գյուղերի մոտակայքում (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Անտառեզր, կաղնու անտառի բացատ` 1700-1800 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, գաղութները բաղկացած են մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար առանձնյակներից: Բները պատրաստում են քարերի տակ: Թևավոր սեռական առանձնյակները հայտնաբերվել են օգոստոսին: Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով, օգտագործում են նաև լվիճների մեղրացողը:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ են: Հայտնի են մի քանի գաղութներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառահատումներ: Անտառտնտեսություններում լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արզաքան-Մեղրաձոր» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում, անտառային սեկտորում միջատասպանների օգտագործման սահմանափակում:

 

149. Կարմրավում մրջյուն

Manica rubida (Latreille, 1802)

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մրջյուններ - Formicidae

 

Կարգավիճակը: Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1a+B 2a:

Համառոտ նկարագրությունը: Բավականին խոշոր մրջյուններ են, աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 5,5-7,5 մմ է, էգերինը` 9-11 մմ, արուներինը` 8- 8,5 մմ: Գունավորումը` բաց կարմրա-գորշագույն:

Տարածվածությունը: Եվրոպայի լեռներ (Ալպեր, Հարց, Ապենիններ, Սուդետներ Կարպատներ, Բալկաններ), Թուրքիա, Կովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է միայն Կենտրոնական Հայաստանում` Կոտայքի (Արտավազ գյուղի մոտակայք) և Արագածոտնի (Ապարան քաղաքի մոտակայք) մարզերում:

Ապրելավայրերը: Ենթալպյան մարգագետիններ` 2000-2500 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ: Բները պատրաստում են քարերի տակ և հողում: Թևավոր սեռական առանձնյակները հայտնաբերվել են մրջնանոցներում հունիսին: Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ են, հայտնի են մի քանի գաղութներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Տեսակի տարածման վայրերի ընդգրկում «Հանքավան» արգելավայրի տարածքում, արգելավայրի սահմաններից դուրս` տեսակի ապրելավայրերում անասունների արածեցման կարգավորում:

 

150. Կիսաատամ մրջյուն

Crematogaster subdentata (Mayr, 1877)

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մրջյուններ - Formicidae

 

Կարգավիճակը: Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 2a:

Համառոտ նկարագրությունը: Մանր մրջյուններ են, աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 2,8-3,1 մմ է: Գլուխը և առաջնամեջքը բաց կարմրա-գորշագույն են, փորիկը` մուգ կարմրա-գորշագույն:

Տարածվածությունը: Թուրքիա, Անդրկովկաս, Իրան, Աֆղանստան, Միջին Ասիա, Հարավային Ղազախստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Երևան քաղաքից և Մեղրի քաղաքի շրջակայքից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Երևանում հանդիպում է այգիներում, Մեղրիում հայտնաբերվել է Մեղրի գետի գետամերձ ցենոզում` 700 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ: Բները պատրաստում են ծառերի մահացած բներում, ճյուղերում և սաղարթավոր ծառերի կեղևի տակ: Հայաստանի պայմաններում թևավոր սեռական առանձնյակների հայտնվելու ժամանակը հայտնի չէ: Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնաբերված են մի քանի գաղութներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Չորացած ծառերի, մահացած բների և ճյուղերի հատում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

151. Ջուլիայի մրջյուն

Diplorhoptrum juliae Arakelian, 1991

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մրջյուններ - Formicidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Շատ մանր մրջյուններ են, աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 1,5-1,9 մմ է, էգերինը` 5,2-5,5 մմ, արուներինը` 4,2-4,6 մմ: Աշխատավոր մրջյունների գունավորումը բաց դեղնավուն է, սեռական առանձնյակները փոքր-ինչ մուգ են գունավորված` բաց գորշագույն են:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն գտնվելու տիպային տեղավայրից` Աղվերանի կիրճից` Արզաքան գյուղի մոտ (Կոտայքի մարզ):

Ապրելավայրերը: Կաղնու անտառներ` բացատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են: Բները պատրաստում են քարերի տակ: Սեռական առանձնյակները հայտնաբերվել են օգոստոսին:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ են, հայտնաբերված են եզակի գաղութներ:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառահատումներ: Անտառտնտեսություններում լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արզաքան-Մեղրաձոր» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի պահպանության ռեժիմի խստացում, անտառային սեկտորում միջատասպանների օգտագործման սահմանափակում:

 

152. Հարթ մրջյուն

Tetramorium levigatus Karawajew, 1926

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մրջյուններ - Formicidae

 

Կարգավիճակը: Հանրապետությունում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Շատ մանր մրջյուններ են, աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 1,8-2,2 մմ է, գունավորումը բաց դեղնա-գորշագույն, գլուխը և կուրծքը շատ բաց գույնի են, փորիկը փոքր-ինչ մուգ է:

Տարածվածությունը: Անդրկովկաս, Թուրքմենստանի հարավ (Կոպետդագի լեռներ):

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է միայն Սյունիքի մարզից (Մեղրի քաղաքի և Լեղվազ գյուղի շրջակայք):

Ապրելավայրերը: Գիհու նոսրանտառներ` 800-1000 մ ծ.մ.բ.:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ: Բները պատրաստում են քարերի տակ: Սեռական առանձնյակները հայտնաբերվել են մրջնանոցում հունիսին: Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի են եզակի գաղութներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Պարզված չեն:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

153. Մախմալ մրջյուն

Cataglyphis machmal Radtschenko et Arakelian, 1991

Կարգ` Թաղանթաթևեր - Hymenoptera

Ընտանիք` Մրջյուններ - Formicidae

 

Կարգավիճակը: Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2a:

Համառոտ նկարագրությունը: Հայտնի են միայն աշխատավոր առանձնյակները: Միջինից մինչև շատ խոշոր մեծության մրջյուններ են (մարմնի երկարությունը` 5,8-11 մմ): Գլուխը և կուրծքը կարմրա-գորշագույն են, փորիկը` սևա-գորշագույն: Ծածկույթների ցցված մազիկները սպիտակ են կամ ոսկեգույն, ծոծրակը` ավելի քան 6 զույգ ցցված մազիկներով:

Տարածվածությունը: Հայաստանի էնդեմիկ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է Հատիս լեռան հարավային լանջին` Ակունք գյուղից դեպի հյուսիս-արևելք:

Ապրելավայրերը: Ֆրիգանա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հասարակական միջատներ են: Բները պատրաստում են հողում: Սեռական առանձնյակների հայտնվելու ժամկետները հայտնի չեն: Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հայտնի են եզակի գաղութներ: Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Էկոհամակարգերի դեգրադացում` պայմանավորված անասունների գերարածեցմամբ:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անասունների արածեցման կարգավորում, տեսակի տարածման վայրերում բնության հուշարձանի կարգավիճակով ԲՀՊՏ-ի ստեղծում:

 

154. Հսկա գիշաճանճ

Satanas gigas Eversmann, 1885

Կարգ` Երկթևեր - Diptera

Ընտանիք` Գիշաճանճեր - Asilidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B 1ab(iii)+B 2ab(iii): Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:

Համառոտ նկարագրությունը: Խոշոր գիշաճանճ է (մարմնի երկարությունը 38-50 մմ է): Երեսը, ճակատը, մարմինը և գլխի հետին մակերեսը պատված են արծաթագույն-սպիտակ խիտ փոշեծածկով: Ոտքերը սևա-գորշագույն են` ծածկված մարմնին կպնող խիտ սպիտակ մազիկներով: Թևերը թափանցիկ են, ջղերը չեն հասնում թևի ծայրին: Փորիկը սև է` տերգիտների կարմրա-գորշագույն հետին եզրերով:

Տարածվածությունը: Նախկին ԽՍՍՀ-ի Եվրոպական մասի հարավ, Անդրկովկաս, Ղազախստան, Միջին Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Իրան, Մոնղոլիա, Հյուսիսային Չինաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատյան դաշտում, Արմավիրի (Հոկտեմբեր գյուղի մոտակայք), Արարատի (Մասիս և Վեդի քաղաքների, Արմաշ, Գոռավան, Սուրենավան գյուղերի մոտակայք) մարզերից:

Ապրելավայրերը: Տարբեր տեսակի կիսաանապատներ, ավազոտ անապատ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թռիչքը դիտվում է հունիս-հուլիս ամիսներին, ակտիվ գիշատիչ է, որսում է ճպուռներ, բզեզներ և այլ խոշոր միջատներ: Էգը ձվադրում է հողի մեջ, այստեղ էլ զարգանում են թրթուրները: Զարգացումը միամյա է:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ տեսակ է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Նկատվում է թվաքանակի կրճատման միտում:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի գյուղատնտեսական յուրացում, թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արգելավայրի բնապահպան ռեժիմի խստացում: Արարատյան հարթավայրում` տեսակի ապրելավայրերին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում:

 

155. Երևանյան գիշաճանճ

Machimus erevanensis V. Richter, 1963

Կարգ` Երկթևեր - Diptera

Ընտանիք` Գիշաճանճեր - Asilidae

 

Կարգավիճակը: Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B 1ab(iii)+B2ab(iii):

Համառոտ նկարագրությունը: Խոշոր գիշաճանճ է (մարմնի երկարությունը 18,5-22 մմ է): Երեսը, ճակատը և գլխի գագաթի մասը պատված են արծաթագույն-սպիտակ խիտ փոշեծածկով: Ճակատի վրա` բեղիկներից վեր, կա եռանկյունաձև, սև, փայլուն բիծ: Միջնամեջքը պատված է դեղնա-մոխրագույն փոշեծածկով, ոտքերը խիտ սպիտակ մազիկներով են, թևերը` թափանցիկ:

Տարածվածությունը: Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Նկարագրված է Երևանից (Արեշ)` այստեղ հավանաբար անհետացել է: Հայտնի է նաև Արարատ (Արարատի մարզ) և Մեղրի քաղաքներից (Սյունիքի մարզ):

Ապրելավայրերը: Արաքս գետի հովիտի էֆեմերա-օշինդրային կիսաանապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Թռիչքը դիտվում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր, ակտիվ գիշատիչ է, որսում է ճանճեր (Musca sp.), ոչ խոշոր բզեզներ, մեղուներ և այլն:

Թվաքանակը և դրա փոփոխության միտումները: Հազվադեպ են, հանդիպում են եզակի առանձնյակներ: Վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կրճատման միտում:

Վտանգման հիմնական գործոնները: Հողերի գյուղատնտեսական յուրացում, թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործում:

Պահպանության իրականացվող միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Արարատյան հարթավայրի անապատային հատվածներում` տեսակի ապրելավայրերին ԲՀՊՏ-ի կարգավիճակի սահմանում: «Արևիկ» ազգային պարկի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերի ընդգրկում արգելոցային գոտու մեջ:

 

ԲԱԺԻՆ II
ՀՀ Կարմիր գրքի ողնաշարավոր կենդանիների ցանկ

 

Դաս` Ոսկրային ձկներ, Osteichties

Կարգ` Սաղմոնակերպեր, Salmoniformes

Ընտանիք` Սաղմոնայիններ - Salmonidae Cuvier, 1816

1. Իշխան - Salmo ischchan Kessler, 1877

ա) Ենթատեսակ` Ձմեռային իշխան - Salmo ischchan ischchan Kessler, 1877 - աշխարհում անհետացած (EX)

բ) Ենթատեսակ` Բոջակ - Salmo ischchan danilewkskii, Jakovlew 1927 - աշխարհում անհետացած (EX)

գ) Ենթատեսակ` Ամառային բախտակ - Salmo ischchan aestivalis, Fortunatov 1927 - CR A2cd

դ) Ենթատեսակ` Գեղարքունի - Salmo ischchan gegarkuni, Kessler, 1877 - CR A2cd

Կարգ` Ծածանակերպեր, Cypriniformes

Ընտանիք` Ծածանազգիներ - Cyprinidae

2. Սևանի կողակ - Varicorhinus capoeta sevangi, Filippi, 1865 - VU A1cd

3. Սևանի բեղլու - Barbus goctschaicus, Kessler, 1877 - VU A2cd

4. Հաշամ - Aspius aspius, Eichwald, 1831 - VU B1ab(iii)

5. Հայկական կարմրակն - Rutilus rutilus schelkovnikovi, Derjavin, 1926 - EN B1ab(iii)+2ab(iii)

6. Քուռի քառթակ - Gobio persus, Gunter, 1899 - DD

7. Առաջավորասիական ծական - Sabanejewia aurata, Filippi, 1863 - DD:

 

Դաս` Երկկենցաղներ, Amphibia

Կարգ Պոչավորներ, Caudata

Ընտանիք Սալամանդրներ - Salamandridae

8. Փոքրասիական տրիտոն - Ommatotriton ophryticus, Berthold,1846 - CR B2ab (iii,v):

Կարգ Անպոչ երկկենցաղներ, Anura

Ընտանիք Սխտորագորտեր - Pelobatidae

9. Սիրիական սխտորագորտ - Pelobates syriacus, Boettger, 1889 - VU B2ab (ii, iii):

 

Դաս Սողուններ, Reptilia

Կարգ Կրիաներ, Testudines

Ընտանիք` Ցամաքային կրիաներ - Testudinidae

10. Միջերկրածովային կրիա - Testudo graeca, Linnaeus, 1758 - VU A2cd, B1a+2ab (iii) Վերնակարգ Թեփուկավորներ, Squamata

Կարգ Մողեսներ, Sauria

Ընտանիք Ագամաներ - Agamidae

11. Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ - Phrynocephalus orvathi, Mehely, 1894 - CR A2c; B2 ab (i, ii, iii)

Ընտանիք Սցինկեր - Scincidae

12. Չեռնովի մերկաչք - Ablepharus chernovi, Darevsky, 1953 - CR A2ac; B2ab(ii,iii)

13. Առաջավորասիական մաբույա - Trachylepis septemtaeniata, Reuss, 1834 - VU B1ab(iii)+2ab(iii):

14. Երկարաոտ սցինկ - Eumeces schneideri, Daudin, 1802 - VU B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք Իսկական մողեսներ - Lacertidae

15. Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ - Eremias arguta transcaucasica, Darevsky, 1953-CR A2c; B2ab (ii, iii)

16. Անդրկովկասյան մողեսիկ - Eremias pleskei, Bedriaga, 1907 - CR B2ab (ii, iii)

17. Փոքրասիական մողես - Parvilacerta parva, Boulenger, 1887 - CR A2ac

18. Մարգագետնային մողես - Darevskia praticola, Eversmann,1834 - VU B1ab(iii)+2a

19. Դալի մողես - Darevskia dahli, Darevsky, 1957 - EN B1a+2a

20. Ռոստոմբեկովի մողես - Darevskia rostombekovi, Darevsky 1957 - EN B2ab (ii, iii)

21. Սպիտակափոր մողես - Darevskia unisexualis, Darevsky, 1966 - VU B1a

 

Կարգ Օձեր, Serpentes

Ընտանիք Լորտուներ - Colubridae

22. Անդրկովկասյան սահնօձ - Zamenis hohenackeri, Strauch, 1873 - VU B1ab (iii)

23. Պարսկական պսևդոցիկլոֆիս - Pseudocyclophis persicus, Anderson,1872 - CR B2ab (i, ii, iii)

24. Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս - Rhynchocalamus melanocephalus satunini, Nikolsky,1899 - VU B2ab (i, iii)

25. Կովկասյան կատվաօձ - Telescopus fallax, Fleschmann, 1831 - VU B1ab (iii)

Ընտանիք Իժանման օձեր կամ իժեր - Viperidae

26. Դարևսկու իժ - Vipera (Pelias) darevskii Vedmederja, Orlov et Tuniyev, 1986 - CR B2ab(ii,iii)

27. Հայկական լեռնատափաստանային իժ - Vipera (Pelias) eriwanensis, Reuss, 1933 - VU B1ab(iii, v)

28. Հայկական իժ կամ Ռադդեի իժ - Vipera (Montivipera) raddei, Boettger, 1890 - VU B1a+ 2b (ii, iii):

 

Դաս` Թռչուններ, Aves

Կարգ` Սուզականմաններ, Podicipediformes

Ընտանիք` Սուզակներ, Podicipedidae

29. Մոխրաայտ սուզակ - Podiceps grisegena, Boddaert, 1783 - VU D1

Կարգ` Թիաոտայիններ, Pelecaniformes

Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae

30. Վարդագույն հավալուսն - Pelecanus onocrotalus, Linnaeus,1758 - VU B1ab(iii)

31. Գանգրափետուր հավալուսն - Pelecanus crispus, Bruch, 1832 - EN D

Ընտանիք` Ձկնկուլներ, Phalacrocoracidae

32. Մեծ ձկնկուլ - Phalacrocorax carbo, Linnaeus, 1758 - VU B1ab(iii)

33. Փոքր ձկնկուլ - Phalacrocorax pygmeus, Pallas, 1773 - VU B1ab(iii)+2a

Կարգ` Արագիլանմաններ, Ciconiiformes

Ընտանիք Արագիլներ, Ciconidae

34. Սև արագիլ - Ciconia nigra, Linnaeus, 1758 - VU D1

Ընտանիք` Եգիպտահավեր Threskiornitidae

35. Քաջահավ - Plegadis falcinellus, Linnaeus, 1766 - VU

Ընտանիք Տարգալակտուցներ, Plataleidae

36. Տարգալակտուց - Platalea leucorodia, Linnaeus, 1758 - EN D

 

Կարգ` Ֆլամինգոյանմաններ, Phoenicopteriformes

Ընտանիք Ֆլամինգոներ, Phoenicopteridae

37. Սովորական ֆլամինգո - Phoenicopterus roseus, Pallas, 1811 - DD

 

Կարգ` Սագանմաններ, Anseriformes

Ընտանիք Բադեր, Anatidae

38. Թշշան կարապ - Cygnus olor, J.F. Gmelin, 1789 - VU B1ab(iii)+2a

39. Ճչան կարապ - Cygnus cygnus, Linnaeus, 1758 - VU B1ab(iii)+2a

40. Փոքր կարապ - Cygnus bewickii, Yarrell, 1830 - VU B1ab(iii)+2ab (iii)

41. Սպիտակագլուխ բադ կամ սավկա - Oxyura leucocephala, Scopoli, 1769 - EN A2bcde+4bcde

42. Մոխրագույն սագ - Anser anser, Linnaeus,1758 - VU D1

43. Կարմրախածի սագ - Branta ruficollis, Pallas, 1769 - EN A2bcd+3bcd+4bcd

44. Կարմիր բադ -Tadorna ferruginea, Pallas, 1764 - VU B1ab(iii)+2ab(iii)

45. Խայտաբադ -Tadorna tadorna, Linnaeus,1758 - VU B1ab(iii)+2ab(iii)

46. Լայնակտուց բադ - Anas clypeata, Linnaeus, 1758 - VU B1ab(iii)+2ab(iii)

47. Մարմարյա մրտիմն - Marmaronetta angustirostris, Menetries, 1832 - END

48. Սպիտակաաչք սուզաբադ - Aythya nyroca, Guldenstadt, 1770 - VU D1

49. Ծվվան սագ -Anser erythropus, Linnaeus, 1758 - VU A2bcd+3bcd+4bcd

50. Սպիտակաճակատ սագ - Anser albifrons, Scopoli, 1769 - VU B1ab(iii)+2ab(iii)

51. Տուրպան - Melanitta fusca, Linnaeus,1758 - DD

Կարգ` Բազեանմաններ, Falconiformes

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

52. Կարմիր ցին - Milvus milvus, Linnaeus,1758 - EN B1a; D

53. Սպիտակապոչ արծիվ - Haliaeetus albicilla, Linnaeus, 1758 - EN B1a; D

54. Գառնանգղ /մորուքավոր անգղ/ - Gypaetus barbatus, Linnaeus, 1758 - VUD1

55. Գիշանգղ - Neophron percnopterus,Linnaeus, 1758 - EN A2bcde+3bcde+4bcde:

56. Սպիտակագլուխ անգղ - Gyps fulvus, Hablizl, 1783 - VU D1

57. Սև անգղ - Aegipus monachus, Linnaeus, 1766 - EN D

58. Օձակեր արծիվ - Circaetus gallicus, J.F. Gmelin, 1788 - VU D1

59. Տափաստանային մկնաճուռակ - Circus macrourus, S.G. Gmelin, 1771 - EN B1ab(iii)+2ab(iii); D1

60. Մարգագետնային մկնաճուռակ - Circus pygargus, Linnaeus, 1758 - VU D1

61. Եվրոպական ճնճղաճուռակ - Accipiter brevipes, Severtzov, 1850 - VU B1ab(iii)+2ab(iii)

62. Ցախաքլորավորս - Accipiter gentilis, Linnaeus, 1758 - VU B1ab(iii)+2ab(iii); D1

63. Փոքր ենթարծիվ - Aquila pomarina, C.L. Brehm, 1831 - VU D1

64. Մեծ ենթարծիվ - Aquila clanga, Pallas, 1811 - VU C2a(ii)

65. Տափաստանային արծիվ - Aquila nipalensis, Hodgson, 1833 - VU C2a(i); D1

66. Բլրային արծիվ - Aquila helica, Savigny, 1809 - VU C2a(ii)

67. Քարարծիվ - Aquila chrysaetos, Linnaeus, 1758 - VU D1

68. Գաճաճ արծիվ - Hieraaetus pennatus, J.F. Gmelin, 1788 - VU D1

Ընտանիք` Ջրարծիվներ, Pandionidae

69. Ջրարծիվ - Pandion haliaetus, Linnaeus 1758 - VU D1

Ընտանիք` Բազեներ, Falconidae

70. Տափաստանային հողմավար բազե - Falco naumanni, Fleischer, 1818 - VU A2bce+3bce+4bce

71. Կարմրաոտ բազե - Falco vespertinus, Linnaeus, 1766 - VU B1ab(iii)+2ab(iii); D1

72. Աղավնաբազե - Falco columbarius, Linnaeus, 1758 - DD

73. Միջերկրածովային բազե - Falco biarmicus, Temminck, 1825 - DD

74. Բալոբան - Falco cherrug, J.E. Gray, 1834 - EN A2bcd+3cd+4bcd

75. Սապսան -Falco peregrinus, Tunstall, 1771 - VU D1

Կարգ` Հավանմաններ, Galliformes

Ընտանիք Մարեհավեր, Tetraonidae

76. Կովկասյան մարեհավ - Tetrao mlokosiewiczi, Taczanowski, 1875 - VU D1

Ընտանիք` Փասիաններ, Phasianidae

77. Անապատային կաքավ - Ammoperdix griseogularis, Brandt, 1843 - VU D1

78. Վայրի հնդկահավ (ՈՒլար) - Tetraogallus caspius, S.G. Gmelin, 1784 - VU B1a+2a; C2a(i); D

79. Թուրաջ - Francolinus francolinus, Linnaeus, 1766 - DD

80. Անդրկովկասյան փասիան - Phasianus colchicus, Linnaeus, 1758 - DD

 

Կարգ` Կռունկանմաններ, Gruiformes

Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae

81. Գեղանի կռունկ - Anthropoides virgo,Linnaeus, 1758 - VU B1ab(iii)+2ab(iii)

82. Մոխրագույն կռունկ - Grus grus, Linnaeus, 1758 - EN D

Ընտանիք` Ջրահովվիկներ Rallidae

83. Մարգահավ - Crex crex, Linnaeus, 1758 - VU B1ab(iii)+2ab(iii)

84. Սուլթանական հավ - Porphyrio porphyrio, Linnaeus, 1758 - DD

Ընտանիք` Արոսներ, Otididae

85. Փոքր արոս - Tetrax tetrax, Linnaeus, 1758 - VU B2ab(iii); Ca(i); D1

86. Մեծ արոս - Otis tarda,Linnaeus, 1758 - VU A2c+3c+4c

 

Կարգ` Քարադրանմաններ, Charadriiformes

Ընտանիք` Կտցար-կաչաղակներ, Haematopodidae

87. Կտցար-կաչաղակ Haematopus ostralegus, Linnaeus, 1758 -VU B1ab(iii)

Ընտանիք` Քարադրներ, Charadriidae

88. Ծովային քարադր-Charadrius alexandrinus, Linnaeus, 1758 - VU D1

89. Հաստակտուց քարադր-Charadrius leschenaultii, Lesson, 1826 - EN B1a+B2a; Ca(i); D

90. Ճախրուկ - Chettusia gregaria, Pallas, 1771 - EN B1a+B2a; Ca(i); D

91. Սպիտակապոչ եղտյուրիկ - Chettusia leucura,M.N.K. Lichtenstein, 1823 - VU D1

Ընտանիք` Մորակտցարներ, Scolopacidae

92. Մեծ իլիկակտցար - Limosa limosa, Linnaeus, 1758 - VU A2b

93. Մեծ արորիկ - Numenius arquata, Linnaeus, 1758 - VU A2b

94. Կրկնակտցար - Gallinago media, Latham, 1787 - VU B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք` Բզակտուցներ, Recurvirostridae

95. Ոտնացուպիկ - Himantopus himantopus, Linnaeus, 1758 - VU D1

96. Բզակտուց - Recurvirostra avosetta, Linnaeus, 1758 - VU D1

Ընտանիք` Ծիծառակտցարներ, Glareolidae

97. Մարգագետնային ծիծառակտցար - Glareola pratincola, Linnaeus, 1766 - VU D1

98. Տափաստանային ծիծառակտցար -Glareola nordmanni, J. G. Fischer, 1842 - VU B1ab(iii)+2ab(iii); D1

Ընտանիք` Որորներ, Laridae

99. Հայկական որոր - Larus armenicus, Buturlin, 1934 - VU B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք` Ջրածիծառներ, Sternidae

100. Որորակտուց ջրածիծառ -Sterna nilotica, J.F. Gmelin, 1789 - VU D1

101. Փոքր ջրածիծառ - Sterna albifrons, Pallas, 1764 - VU D1

102. Սպիտակաայտ ջրածիծառ - Chlidonias hybrida, Pallas, 1811 - VU D1

 

Կարգ` Դռլոնանմաններ, Pterocliformes

Ընտանիք` Դռլոններ, Pteroclididae

103. Սևափոր դռլոն - Pterocles orientalis,Linnaeus, 1758 - VU B1ab(iii)+2ab(iii); C2a(i); D1

Կարգ` Բվանմաններ, Strigiformes

Ընտանիք` Բվեր, Strigidae

104. Բվեճ - Bubo bubo,Linnaeus, 1758 - VU B1a; C2a(i); D1

105. Թավշաոտ բու - Aegolius funereus,Linnaeus, 1758 - VU D1

Կարգ` Ներկարարանմաններ, Coraciiformes

Ընտանիք` Մեղվակերներ, Meropidae

106. Կանաչ մեղվակեր - Merops persicus, Pallas, 1773 - VU B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք` Ներկարարներ, Coraciidae

107. Ներկարար - Coracias garrulus,Linnaeus, 1758 - VU B1ab(iii)

Կարգ` Փայտփորանմաններ, Piciformes

Ընտանիք` Փայտփորներ, Picidae

108. Սև փայտփոր - Dryocopus martius,Linnaeus, 1758 - VU D1

 

Կարգ` Ճնճղուկանմաններ, Passeriformes

Ընտանիք` Խաղտտնիկներ, Motacillidae

109. Դեղնագլուխ խաղտտնիկ - Motacilla citreola, Pallas, 1776 - VU D1

Ընտանիք` Շամփրուկներ, Laniidae

110. Կարմրակատար շամփրուկ, Lanius senator,Linnaeus, 1758 -VU B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae

111. Սպիտակափող սոխակ, Irania gutturalis, Guռrin, 1843 - DD

112. Շիկապոչ քարաթռչնակ - Oenanthe xanthoprymna, De Filippi, 1863- EN B1a+2a; D

Ընտանիք` Շահրիկներ, Sylviidae

113. Սոխականման ճռիկահավ - Locustella luscinioides,Savi, 1824 -EN B1a+2a

114. Հնդկական եղեգնաթռչնակ - Acrocephalus agricola,Jerdon, 1845- EN B1a+2a

Ընտանիք` Ճանճորսներ, Muscicapidae

115. Կիսասպիտակավիզ ճանճորս - Ficedula semitorquata,Homeyer, 1885 - DD

Ընտանիք` Երաշտահավեր, Paridae

116. Միջերկրածովային երաշտահավ - Parus lugubris, Temminck, 1820 - VU B1ab(iii)+2ab(iii); C1a(i)

Ընտանիք` Սիտեղներ, Sittidae

117. Մեծ ժայռային սիտեղ - Sitta tephronota, Sharpe, 1872 - VU B1ab(iii)+2ab(iii)

118. Կարմրաթև մագլցող - Tichodroma muraria, Linnaeus, 1766 -DD

Ընտանիք` Դրախտապաններ, Emberizidae

119. Ժայռային դրախտապան - Emberiza buchanani, Blyth, 1844 - VU B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք` Սերինոսներ, Fringillidae

 

120. Անապատային խածկտիկ - Rhodopechys githaginea, Lichtenstein, 1823 - DD

121. Անապատային խածկտիկ - Rhodopechys mongolica, Swinhoe, 1870 - DD

122. Խաչկտուց - Loxia curvirostra, Linnaeus, 1758 - DD

Ընտանիք` Ճնճղուկներ, Ploceidae

123. Իսպանական ճնճղուկ - Passer hispaniolensis,Temminck, 1820 - VU B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք` Ճայեր, Corvidae

124. Ալպիական ճայ - Pyrrhocorax graculus, Linnaeus, 1766 - EN D

 

Դաս` Կաթնասուններ, Mammals

Կարգ` Միջատակերներ, Insectivora

Ընտանիք` Ոզնիակերպեր, Erinaceidae

125. Լայնականջ ոզնի - Erinaceus (Hemiechinus) auritus, Gmelin, 1770 - EN B1ab(iii)+2ab(iii)

Ընտանիք` Գետնափորներ, Soricidae

126. Շելկովնիկովի Կուտորա - Neomys schelkovnikovi Sat., 1913 - EN B1a+2a

127. Պստիկ սպիտակատամ - Suncus etruscus Savi, 1822 - VU B2a (ii)

 

Կարգ` Ձեռքաթևավորներ, Chiroptera

Ընտանիք` Պայտաքթայիններ, Rhinolophidae

128. Հարավային պայտաքիթ - Rhinolophus euryale, Blasius, 1853 - VU B1ab+2a

129. Մեհելիի պայտաքիթ չղջիկ - Rhinolophus mehelyi, Matschie, 1901 - VU B1a+2ab(iii)

130. Բլազիի պայտաքիթ - Rhinolophus blasii Peters, 1866 - EN B1a+2a

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

131. Սովորական երկարաթև չղջիկ - Miniopterus schreibersi, Kuhl, 1819 - VU B1ab(iii)+2ab(iii)

132. Արաքսյան գիշերաչղջիկ - Myotis schaubi araxenus, Dahl 1947 - EN B1a+2a

133. Հայկական գիշերաչղջիկ - Myotis hajastanicus, Argyropulo. 1939 - CR B1a+D

134. Բեխշտեյնի գիշերաչղջիկ - Myotis bechsteinii, Kuhl, 1818 - VU B1a

135. Ասիական լայնականջ չղջիկ - Barbastella leucomelas, Gretzschmar, 1830 - VU B1ab(iii)

136. Գորշ ականջեղ - Plecotus auritus L., 1758 - VU B1a

Ընտանիք` Բուլդոգայիններ, Molossidae

137. Ծալքաշուրթ լայնականջ չղջիկ - Tadarida teniotis Rafinesque, 1819 - DD

Կարգ` Կրծողներ, Rodenta

Ընտանիք` Վայրենակերպեր, Hystricidae

138. Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ - Histrix indica Kerr, 1792 Ենթատեսակ` Histrix indica hirsutirostris Brandt,1835 - VU B2a

Ընտանիք` Ավազամկնանմաններ, Gerbillidae

139. Դալի ավազամուկ - Meriones dahli Shidlovski, 1962 - RE

Ընտանիք` Մկնիկանմաններ, Sicista

140. Հայկական մկնիկ - Sicista armenica Sokolov et Baskevich,1988 - EN B1a

Ընտանիք` Սկյուռանմաններ, Sciuridae

141. Փոքրասիական գետնասկյուռ - Spermophilus xanthoprymnus, Bennet 1835 - EN B2ab (ii, iii, iv)

Ընտանիք` Համստերանմաններ, Cricetidae

142. Շիդլովսկու դաշտամուկ - Microtus (Sumeriomys) schidlovskii, Argyropulo, 1933 - EN B1ab (ii, iii, v)

Ընտանիք` Ճագարամկնանմաններ, Allactagidae

143. Փոքր ճագարամուկ - Allactaga elater, Lichtenstein, 1825 Ենթատեսակ` Արալիխի փոքր ճագարամուկ, Allactaga elater aralychensis Satunin, 1901 - EN B1ab (ii, iii, iv)

 

Կարգ` Գիշատիչներ, Carnivora

Ընտանիք` Արջեր, Ursidae

144. Գորշ արջ - Ursus arctos Linnaeus,1758 - VU B1 b(iii)

Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae

145. Խայտաքիս -Vormela peregusna (Guldenstaedt, 1770) - VU A2c+B1 b(iii)

146. Ջրասամույր - Lutra lutra (Linnaeus,1758) - EN D

Ընտանիք` Կատվազգիներ, Felidae

147. Անտառակատու - Felis silvestris Schreber,1777 Ենթատեսակ` Եվրոպական անտառակատու, Felis silvestris silvestris Schreber, 1775 - VU B1ab(iii)

148. Ընձառյուծ - Panthera pardus, Linnaeus, 1758 Ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ Panthera pardus ciscaucasica (Satunin, 1914) = պարսկական ընձառյուծ Panthera pardus saxicolor Pocock, 1927 - CR C2a(i) + D

149. Մանուլ - Otocolobus manul (Pallas, 1776) - RE

Ընտանիք` Բորենիներ, Hyenidae

150. Բորենի - Hyaena hyaena (Linnaeus, 1758) - RE

 

Կարգ` Զույգասմբակավորներ, Artiodactila

Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae

151. Բեզոարյան այծ - Capra aegagrus Erxleben, 1777 - VU C2a(i)

152. Հայկական մուֆլոն - Ovis orientalis gmelinii (Blyth, 1841) - EN D:

Ընտանիք` Եղջերուներ Cervidae

 

153. Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ, Cervus elaphus maral Gray, 1840 - CR D:

 

ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ, OSTEICHTIES

 

1. Իշխան, Salmo ischchan Kessler, 1877

 

Կարգ` ՍԱՂՄՈՆԱԿԵՐՊԵՐ, SALMONIFORMES

 

Ընտանիք` Սաղմոնայիններ, Salmonidae Cuvier, 1816

 

Պոլիմորֆ տեսակ է` ներկայացված չորս էկոլոգիական ռասսաներով /ենթատեսակներով/:

 

ա) Ենթատեսակ` Ձմեռային իշխան, Salmo ischchan ischchan Kessler, 1877

 

Կարգավիճակը: Աշխարհում անհետացած, Սևանի իշխանի էնդեմիկ գեներատիվ-լճային ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Անհետացած»` EX:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է եղել միայն Սևանա լճում: Հայաստանից դուրս չի հանդիպել:

Ապրելավայրերը: Բնակվել և սնվել է առավելապես Փոքր և Մեծ Սևանի առափնյա շրջանում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սեռահասուն էր դառնում 3-5 տարեկան հասակում: Ձվադրում էր 6-8 մ խորություններում, խոշոր, խճաքարային գրունտերում, նոյեմբերից մինչև մարտ: Սնվում էր հիմնականում համարիդներով, փափկամարմիններով, ջրային միջատների թրթուրներով, հասուն առանձնյակները` նաև մանր ձկներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև XX դարի 70-ական թթ-րը բազմաքանակ, արդյունաբերական նշանակություն ունեցող ենթատեսակ էր, որի տարեկան որսը կազմում էր 200-250 տոննա: Վերջին հավաստի որսը կատարվել է 1982 թ-ին Մեծ Սևանի հյուսիս-արևելյան ափերի մոտ:

Վտանգման հիմնական գործոնները: Անհետացման հիմնական գործոնն էր ձվադրավայրերի չորացումը լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով և որսագողությունը: 1970-1980 թթ-ին կատարվել են արհեստական վերարտադրման անհաջող փորձեր, սակայն աշխատանքները ընդհատվել են լճում վայրի արտադրողների բացակայության պատճառով:

Պահպանության միջոցառումները: 1978 թ-ից որսն արգելված է: Պահպանվում էր «Սևան» ազգային պարկում:

 

Իշխան, Salmo ischchan Kessler, 1877

 

Կարգ` ՍԱՂՄՈՆԱԿԵՐՊԵՐ, SALMONIFORMES

 

Ընտանիք` Սաղմոնայիններ, Salmonidae Cuvier, 1816

 

բ) Ենթատեսակ` Բոջակ, Salmo ischchan danilewkskii, Jakovlew 1927

 

Կարգավիճակը: Աշխարհում անհետացած, Սևանի իշխանի էնդեմիկ ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Անհետացած»` EX:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է եղել միայն Սևանա լճում: Հայաստանից դուրս չի հանդիպել:

Ապրելավայրերը: Բնակվել և սնվել է Սևանա լճում` լճի պելագիալի հատուկ տեղամասերում` ավլախներում: Գերադասում էր մեծ խորությունները (15-40 մ), հիմնականում մերձհատակային ձուկ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սեռահասուն էր դառնում 3-5 տարեկանում: Բեղունությունը` 400-600 ձկնկիթ: Ձվադրում էր 3-4 մ-ից մինչև 35-40 մ խորություններում` խոշոր հարթ խճաքարերում, խոշոր ավազում, ստորջրյա աղբյուրների դուրս գալու տեղերում` ապարների (տրավերտին) վրա, նոյեմբերից մինչև մարտ: Սնվում էր հիմնականում համարիդներով և դաֆնիաներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև XX դարի 70-ական թթ-րի կեսերը բազմաքանակ, խոշոր ենթատեսակ էր, որի տարեկան որսը կազմում էր 100 տոննա: Վերջին հավաստի որսը կատարվել է 1986 թ-ին:

Վտանգման հիմնական գործոնները: Անհետացման հիմնական գործոնն էր ձվադրավայրերի չորացումը լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով և որսագողությունը: Արհեստական վերարտադրման փորձեր չեն կատարվել:

Պահպանության միջոցառումները: 1978 թ-ից որսն արգելված է: Պահպանվում էր «Սևան» ազգային պարկում:

 

Իշխան, Salmo ischchan Kessler, 1877

 

Կարգ` ՍԱՂՄՈՆԱԿԵՐՊԵՐ, SALMONIFORMES

 

Ընտանիք` Սաղմոնայիններ, Salmonidae Cuvier, 1816

 

գ) Ենթատեսակ` Ամառային բախտակ, Salmo ischchan aestivalis, Fortunatov 1927

 

Կարգավիճակը: Սևանի իշխանի անհետացող, տեղային տարածվածություն ունեցող էնդեմիկ ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2cd:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է միայն Սևանա լճում: Հայաստանից դուրս չի հանդիպում: Հանրապետությունում ապրանքային իշխանաբուծության օբյեկտ է:

Ապրելավայրերը: Բնակվում և սնվում է Սևանա լճում, ձվադրում` գետերում, մասամբ` լճում: Գեներատիվ լճա-գետային ենթատեսակ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սեռահասուն է դառնում 3-7 տարեկանում: Ձվադրում է հիմնականում աղբյուրային սնուցում ունեցող վտակներում, ապրիլից մինչև հունիս: Պոպուլյացիայի ոչ մեծ մասը ձվադրում է լճում, ձվադրման գետերի ենթագետաբերանային տեղամասերում կամ ստորջրյա աղբյուրներում: Սնվում է հիմնականում համարիդներով, ցամաքային միջատների թրթուրներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև XX դարի 70-ական թթ-րի կեսերը բազմաքանակ, արդյունաբերական նշանակություն ունեցող ենթատեսակ էր, որի տարեկան որսը կազմում էր 100 տոննա: 2004-2006 թթ-ին բազմացման, միգրացիաների ժամանակ բռնվել է մոտ 20 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Անհետացման հիմնական գործոններն են ձվադրման գետերի ծանծաղացումը, ջրի օգտագործումը և աղտոտումը, ինչպես նաև լճային ձվադրավայրերի չորացումը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Մշակված են արհեստական բազմացման մեթոդները: Ներկայումս վերարտադրվում է առավելապես արհեստականորեն` ապրանքային իշխանաբուծական տնտեսությունների արտադրողների օգնությամբ վայրի պոպուլյացիայի թվաքանակի վերականգնման նպատակով: Ապրանքային ձկնաբուծության օբյեկտ է, տարեկան աճեցվում է մինչև 10 տոննա ամառային բախտակ: 1978 թ-ից որսն արգելված է: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է հատուկ վերահսկողություն սահմանել բնակավայրերում և ձվադրավայրերում, ինչպես նաև կազմակերպել ձկնաբուծական տնտեսություններից մեծ քանակությամբ ձեռք բերված մանրաձկների բացթողում Սևանա լիճ:

 

Իշխան, Salmo ischchan Kessler, 1877

 

Կարգ` ՍԱՂՄՈՆԱԿԵՐՊԵՐ, SALMONIFORMES

 

Ընտանիք` Սաղմոնայիններ, Salmonidae Cuvier, 1816

 

դ) Ենթատեսակ` Գեղարքունի, Salmo ischchan gegarkuni, Kessler, 1877

 

Կարգավիճակը: Սևանի իշխանի անհետացող, տեղային տարածվածություն ունեցող էնդեմիկ ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2cd:

Տարածվածությունը: Կլիմայավարժեցված է Իսիկ-Կուլ լճում (Ղրղզստան):

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճում:

Ապրելավայրերը: Բնակվում է ավազաքարային գրունտերով լճի 25-30 մ խորություն ունեցող տեղամասերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գեներատիվ-լճային ենթատեսակ է: Ձվադրման հիմնական գետերն են Գավառագետը, Ծակքարը, Մաքենիսը, Մասրիկը: Սեռահասուն դառնում է 3-5 տարեկանում: Ձվադրում է հոկտեմբեր-հունվարին: ՈՒնեցել է երկու բիոտիպեր` a և B, որոնք իրարից տարբերվում էին ձվադրման ժամկետներով և տեղերով: Բեղունությունը` 1000-2000 ձկնկիթ: Սնվում է ջրային անողնաշարավորներով, խոշոր առանձնյակները` մանր ձկներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև XX դարի 60-ական թթ-րը մեկ այլ տեսակի` ձմեռային բախտակի հետ մեկտեղ ներկայացրել է արդյունաբերական ձկնաբուծության հիմնական օբյեկտ: Վերջին տարիներին թվաքանակը խիստ կրճատվել է և պահպանվում է հիմնականում արհեստական վերարտադրության հաշվին:

Վտանգման հիմնական գործոնները: Անհետացման հիմնական պատճառներն են եղել ձվադրային գետերի ջրային ռեժիմի փոփոխությունը, աղտոտումը, բնական վերարտադրման պայմանների խախտումը, որսագողությունը լճում և ձվադրային գետերում:

Պահպանության միջոցառումները: Մշակված են արհեստական բազմացման մեթոդները: Ներկայումս վերարտադրվում է առավելապես արհեստականորեն` ապրանքային իշխանաբուծական տնտեսությունների արտադրողների օգնությամբ` արդյունաբերական մասշտաբներով ապրանքային աճեցման նպատակով: Ներկայումս հանրապետության ձկնաբուծարաններում տարեկան աճեցվում է մինչև 10-15 տոննա ապրանքային ձուկ: 1978 թ-ից որսը Սևանա լճում արգելված է: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է հատուկ վերահսկողություն սահմանել բնակավայրերում և ձվադրավայրերում, ինչպես նաև կազմակերպել ձկնաբուծական տնտեսություններից մեծ քանակությամբ ձեռք բերված մանրաձկների բացթողում Սևանա լիճ:

 

2. Սևանի կողակ, Varicorhinus capoeta sevangi (Filippi, 1865)

 

Կարգ` ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ, CYPRINIFORMES

 

Ընտանիք` Ծածանազգիներ, Cyprinidae

 

Կարգավիճակը: Քուռի կողակի էնդեմիկ ենթատեսակ է կրճատվող թվաքանակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A1cd:

Տարածվածությունը: Հայաստանից դուրս փորձեր են արվել կլիմայավարժեցնելու Վրաստանի և Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մարզի ջրավազաններում:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է Սևանա լճում: ՈՒնի լճային, լճա-գետային և գետային ձևեր: Գետային ձևը պահպանվել է միայն Արգիճի գետի միջին հոսանքում:

Ապրելավայրերը: Բնակվում է Սևանա լճի ծանծաղուտային հատվածներում` մինչև 10 մ խորություն: Ձմռանը մտնում է 30-40 մ խորություններում եղած փոսերի մեջ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Արուները սեռահասուն են դառնում 2-3, իսկ էգերը` 5-7 տարեկանում: Ձվադրում են լճում և ձվադրային գետերում հունիս-հուլիսին: Բեղունությունը` 15-20 հազ. ձկնկիթ: Սնվում են դետրիտով և ջրային բույսերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում լճի արդյունաբերական նշանակություն ունեցող հիմնական տեսակներից էր, որի որսը տարեկան կազմում էր 300-500 տոննա: Ներկայումս պաշարները հյուծված են, թվաքանակը շարունակում է կտրուկ կրճատվել:

Վտանգման հիմնական գործոնները: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, ջրի աղտոտումը և բնական վերարտադրության պայմանների վատթարացումը` ոռոգման նպատակով ձվադրային գետերի ջրերի օգտագործման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: 1995 թ-ից որսը Սևանա լճում արգելված է: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Մշակված են վայրի արտադրողներից ստացված մեկ տարեկան մանրաձկների աճեցման մեթոդները: Անհրաժեշտ է ձեռք առնել գործուն միջոցառումներ ձվադրային միգրացիաների և թրթուրների վերադարձի ընթացքում տեսակի պահպանման և հիմնական ձվադրային գետերի ջրային ռեժիմի կարգավորման համար:

 

3. Սևանի բեղլու, Barbus goctschaicus Kessler

 

Կարգ` ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ, CYPRINIFORMES

 

Ընտանիք` Ծածանազգիներ, Cyprinidae

 

Կարգավիճակը: Խոցելի, տեղային տարածվածությամբ և կրճատվող թվաքանակով էնդեմիկ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2cd:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է Սևանա լճում և որոշ վտակներում: Սևանա լճի ավազանից դուրս չի հանդիպում: ՈՒնի լճային, լճա-գետային և գետային ձևեր:

Ապրելավայրերը: Զբաղեցնում են մինչև 10 մ խորություններում լճի ծանծաղուտային տեղամասերը: Ձմռանը մտնում է 30 մ խորություններում եղած փոսերի մեջ: Լճի որոշ վտակներում առաջացնում է գետային բիոտիպեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սեռահասուն են դառնում 3-6 տարեկանում, էգերը հասունանում են արուներից 1-2 տարի ուշ: Բեղունությունը` 3-20 հազ. ձկնկիթ: Ձվադրում են հունիս-օգոստոսին: Ավելի մանր գետային ձևը, որն ունի սակավ բեղունություն, պահպանվել է գործնականում միայն Արգիճի գետի միջին հոսանքում: Սնվում է մերձհատակային օրգանիզմներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում բազմաքանակ տեսակ էր, որն ուներ արդյունաբերական նշանակություն: Տարեկան որսը չէր գերազանցում 20-25 տոննայից: Ներկայումս պոպուլյացիայի, և հատկապես լճային բիոտիպի, թվաքանակը խիստ կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Վտանգման հիմնական գործոններն են լճային բիոտիպի հիմնական ապրելավայրերի և ձվադրավայրերի չորացումը, լճի մակարդակի իջեցումը, հիմնական ձվադրային գետերի ջրի աղտոտումը, ձվադրման ժամանակ ոռոգման նպատակով ջրերի օգտագործումը, ինչպես նաև լճում, ձվադրային գետերում և գետային ձևի բնակեցման վայրերում որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Արհեստական բազմացում չի կատարվել, արհեստական վերարտադրության մեթոդները մշակված չեն: 1981 թ.-ից որսը Սևանա լճում արգելված է: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Անհրաժեշտ է սահմանել բնական վերարտադրության վերահսկողություն և մշակել տեսակի արհեստական վերարտադրության մեթոդները, ինչպես նաև պահպանության խիստ ռեժիմ սահմանել տեսակի ապրելավայրերում:

 

4. Հաշամ Aspius aspius, Eichwald, 1831

 

Կարգ` ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ, CYPRINIFORMES

 

Ընտանիք` Ծածանազգիներ, Cyprinidae

 

Կարգավիճակը: Հայաստանի տարածքում հազվադեպ, կրճատվող թվաքանակով և արեալով տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Քուռ և Արաքս գետերի համակարգում, ինչպես նաև Կասպից ծովում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի սահմաններում հիմնականում բնակվող ձևը հանդիպում է Արաքս, Ախուրյան, Որոտան, Մեծամոր գետերում: Նախկինում լճային ձև է առաջացրել Արփի լճում: Ներկայումս Արփի լճի տեղում ջրավազանի կառուցման հետևանքով այդ պոպուլյացիան անհետացել է:

Ապրելավայրերը: Հոսքի միջին և մեծ արագությամբ գետերի պելագիալ շերտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնակվող ձուկ է: Ակտիվ գիշատիչ է, սնվում է հիմնականում մանր ձկներով: Սեռահասուն դառնում են 5-6 տարեկանում` 45 սմ մարմնի երկարության և 2,5 կգ զանգվածի դեպքում: Բազմանում են մարտ-ապրիլին, ջրի 12-14oC ջերմաստիճանի պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում եղել է բավականին տարածված տեսակ: Հիմնական ջրառատ գետերի վրա հիդրոտեխնիկական կառույցների կառուցման հետևանքով թվաքանակը և արեալը խիստ կրճատվել են: Ներկայումս հազվադեպ հանդիպում է գարնանը, Արաքս գետի վտակների գետաբերանների ստորին մասերում:

Վտանգման հիմնական գործոնները: Գետերի ջրային ռեժիմի փոփոխումը գետերի ջրի չկարգավորվող օգտագործման հետևանքով, աղտոտումը, բնական վերարտադրության պայմանների վատթարացումը, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Չի պահպանվում: Սիրողական ձկնորսության օբյեկտ է: Արհեստական բազմացում չի կատարվել: Հիդրոտեխնիկական կառույցներում անհրաժեշտ է նախատեսել ձկնանցումների տեղեր և մաքրման սարքավորումներ, ինչպես նաև սահմանել պահպանության ռեժիմ բոլոր ապրելավայրերում:

 

5. Հայկական կարմրակն, Rutilus rutilus schelkovnikovi, Derjavin, 1926

 

Կարգ` ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ, CYPRINIFORMES

 

Ընտանիք` Ծածանազգիներ, Cyprinidae

 

Կարգավիճակը: Տեղային տարածվածություն ունեցող, կրճատվող թվաքանակով էնդեմիկ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab(iii)+2ab(III):

Տարածվածությունը: Հայաստանից դուրս չի հանդիպում:

Տարածվածությունը Հայաստանում: Մեծամոր գետը և դրա հետ կապված ջրանցքների և լճերի համակարգը:

Ապրելավայրերը: Գետերի և լճերի դանդաղ հոսքով տեղամասերը, ջրային բուսականության մացառուտները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ապրող տեսակ է: Սեռահասուն դառնում է 2 տարեկանում: Ձվադրումը մասնաբաժնային է` մարտ-ապրիլին: Էվրիֆագ է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում բազմաքանակ, ձվադրման շրջանում առաջացնում էր մեծ կուտակումներ: Ներկայումս անհետացել է ավազահանքերի տեղերում առաջացած մանր դրենաժային ջրանցքներից և լճերից: Մեծամոր գետի հունի երկայնքով, հատկապես ստորին հոսանքում, դարձել է հազվադեպ:

Վտանգման հիմնական գործոնները: Գետերի ջրային ռեժիմի փոփոխումը ջրերի չկարգավորվող օգտագործման հետևանքով, ջրի և ապրելավայրերի աղտոտումը, բնական վերարտադրության պայմանների խանգարումը, ինվազիոն ձկնատեսակների մրցակցային ազդեցությունը, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Չի պահպանվում: Սիրողական ձկնորսության օբյեկտ է: Արհեստական վերարտադրություն չի կատարվել: Անհրաժեշտ է վերականգնել ապրելավայրերը և սահմանել պոպուլյացիայի պահպանության հատուկ ռեժիմ:

 

6. Քուռի քառթակ, Gobio persus, GՖnter, 1899

 

Կարգ` ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ, CYPRINIFORMES

 

Ընտանիք` Ծածանազգիներ, Cyprinidae

 

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Քուռ և Արաքս գետերի ավազաններում, ՈՒրմիա լճի վտակում` Հադերչայում:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է եղել Հայաստանի բոլոր գետերում, բացի Սևանա լճի ավազանից:

Ապրելավայրերը: Գետերի ավազային կամ ավազատիղմային տեղամասերը ջրի դանդաղ հոսքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանի տարածքում գործնականորեն ուսումնասիրված չէ: Բենթոսային օրգանիզմներով սնվող մերձհատակային տեսակ է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տասնամյակներում թվաքանակը կտրուկ նվազել է: Ներկայումս ձկնաբանական հավաքներում չի հանդիպում:

Վտանգման հիմնական գործոնները: Ինվազիոն ձկնատեսակների մրցակցային ազդեցությունը, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Չի պահպանվում: Արհեստական վերարտադրություն չի կատարվել:

 

7. Առաջավորասիական ծական, Sabanejewia aurata, Filippi, 1863

 

Կարգ` ԾԱԾԱՆԱԿԵՐՊԵՐ, CYPRINIFORME

 

Ընտանիք` Ծածանազգիներ, Cyprinidae

 

Կարգավիճակը: Անհետացող, ոչ բավարար չափով ուսումնասիրված տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Սև, Կասպից և Արալ ծովերի ջրամբարներում:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է Քուռ և Արաքս գետերի հետ կապված բոլոր ջրամբարներում:

Ապրելավայրերը: Գետերի և ջրավազանների դանդաղ հոսքով և տիղմային հատակով տեղամասերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սնվում է մանր հատակային ջրային օրգանիզմներով: Ակտիվ է մթնշաղային և գիշերային ժամերին: Հայաստանի տարածքում կենսաբանությունն ուսումնասիրված չէ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Եզակի առանձնյակներ բռնվել են 40- ականների վերջին Տարոնիկ գյուղի մոտ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Արհեստական վերարտադրություն չի կատարվել:

 

ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ, AMPHIBIA

 

8. Փոքրասիական տրիտոն, Ommatotriton ophryticus (Berthold,1846),

Կարգ ՊՈՉԱՎՈՐՆԵՐ, CAUDATA

 

Ընտանիք Սալամանդրներ, Salamandridae

 

Կարգավիճակը: Տեղային ռելիկտային պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում: Տեսակը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի և Վրաստանի Կարմիր գրքերում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (iii,v):

Տարածվածությունը: Իսրայել, Լիբանան, Սիրիա, Փոքր Ասիա, Արևմտյան Կովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է 400-600 մ2 մակերես ունեցող երեք փոքր լճակներում, որոնք գտնվում են խառն անտառի ստորին եզրին մոտ, 900-1200 մ ծ.մ.բ. բարձրության վրա, Ախթալա, Օձուն և Դսեղ գյուղերի շրջակայքում:

Ապրելավայրերը: Հանդիպում են, հիմնականում, ասեղնատերև, ինչպես նաև խառը և լայնատերև անտառներում, լեռների լանջերին, որտեղ ձևավորում են ծայրամասային պոպուլյացիաներ աշխարհագրական իզոլյատների տեսքով: Բնակեցնում են առավելապես տարբեր տեսակի կանգուն և թույլհոսանքային ջրավազանները (լճեր, արհեստական լճակներ, ջրանցքեր, ճահիճներ և այլն), որտեղ առկա է թաքստոց և ձվադրավայր ծառայող ջրային բուսականություն: Այդ ջրավազանների մակերեսը տատանվում է 1-500 մ2, խորությունը` 0,1-3 մ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ամառը և ձմեռն անց են կացնում ցամաքում` գտնելով թաքստոցներ փտած կոճղերի կեղևի, քարերի տակ և ժայռերի ճեղքերում: Գարնանը և ամռան սկզբին մնում են մաքուր, հոսող և կանգուն անտառային ջրավազաններում` հարուստ ջրային բուսականությամբ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, փափկամարմիններով, միջատներով և որդերով: Բազմանում են ապրիլ-մայիսին: Ձվադրում են 50 սմ խորության վրա` առանձին բաժիններով, օրեկան 1-53 ձու, 2-11 օր ինտերվալներով: Սեռահասուն են դառնում 3-5 տարեկանում: Կյանքի տևողությունը ենթատեսակի արեալի տարբեր հատվածներում 8-21 տարի է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը բնության մեջ կազմում է 1500- 1800 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքրասիական տրիտոնի թվաքանակի վրա բացասականորեն են ազդում անտառների քայքայումը, մանր ջրավազանների ոչնչացումը, անասունների գերարածեցումը, արդյունաբերական աղտոտումը, թունաքիմիկատների օգտագործումը: Պոպուլյացիայի համար լուրջ վտանգ է ներկայացնում տրիտոնների զանգվածային ապօրինի որսը` տրիտոններին տերարիումների սիրահարներին վաճառելու նպատակով:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի II հավելվածում: Մշակված են լաբորատոր պայմաններում տեսակի բազմացման և աճեցման մեթոդները: 2001 թ-ին Դիլիջանի շրջանի Պարզ լճում բաց են թողնվել լաբորատոր պայմաններում ստացված 70 առանձնյակներ:

Անհրաժեշտ է ապրելավայրերին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի` արգելավայրի կարգավիճակ:

 

9. Սիրիական սխտորագորտ, Pelobates syriacus Boettger, 1889,

Դաս` ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ, AMPHIBIA

 

Կարգ` ԱՆՊՈՉ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ, ANURA

 

Ընտանիք` Սխտորագորտեր, Pelobatidae

 

Կարգավիճակը: Հազվադեպ, նեղ արեալային, քանակապես կրճատվող տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (ii, iii):

Տարածվածությունը: Սիրիա, Պաղեստին, Իսրայել, Փոքր Ասիա, Բալկանյան թերակղզի, Կովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է հարավ-արևելյան շրջաններում: Շատ հազվադեպ հանդիպում է հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում` Ջրվեժ, Առինջ, Ողջաբերդ (Կոտայքի մարզ), Ռինդ (Վայոց Ձորի մարզ) գյուղերում, Սիսիանի (Սյունիքի մարզ) տարածաշրջանում:

Ապրելավայրերը: Հանդիպում է անտառածածկ, տափաստանային և կիսաանապատային նախալեռներում և լեռնային հարթավայրերում, համեմատաբար բաց լանդշաֆտներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է բացառապես փորող, գիշերային կենսակերպ: Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջից մինչև մայիսի կեսերը չցամաքող, բուսականությամբ հարուստ լճերում, արհեստական լճակներում և եղեգնուտային ճահիճներում: Հասուն առանձնյակները կարճ ժամանակ մնում են ջրում ձվադրելու համար, որից հետո դուրս են գալիս ցամաք: Էգը ձվադրում է ջրասուզված բույսերի տերևների վրա, իսկ դրա բացակայության դեպքում` ջրավազանի հատակին: Ձվակույտն իրենից ներկայացնում է երկու հաստ պարան` 5500- 6500 ձվերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1956 թ-ի հաշվառումների համաձայն, Վայոց Ձորի մարզում, ջրավազանի ափին 1 կմ երթուղու վրա հաշվառվել է 5-6 առանձնյակ: Ներկայումս քանակությունը խիստ կրճատվել է, իսկ որոշ տեղերում սխտորագորտը լիովին վերացել է:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրավազանների չորացումը և աղտոտումը, տարածքների յուրացումը գյուղատնտեսական գործունեության նպատակով և բնական ապրելավայրերի քայքայումը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի II հավելվածում: Տեսակի տարածման վայրերը չեն պահպանվում: 1985-1986 թթ-ին Ազատի ջրամբարում (Արարատի մարզ) բաց է թողնվել լաբորատոր պայմաններում աճեցված 1500 առանձնյակ, որտեղ պոպուլյացիան գտնվում է բարվոք վիճակում: Անհրաժեշտ է ապրելավայրերին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի` արգելավայրի կարգավիճակ:

 

ՍՈՂՈՒՆՆԵՐ, REPTILIA

 

10. Միջերկրածովային կրիա, Testudo graeca (Linnaeus, 1758),

Կարգ ԿՐԻԱՆԵՐ, TESTUDINES

 

Ընտանիք Ցամաքային կրիաներ, Testudinidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 2.3) «Խոցելի»` VU A1cd» կարգավիճակով: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2cd; B1a+2ab (iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Աֆրիկա (Մարոկկոյից մինչև Լիբանան), Հարավային Եվրոպա (Իտալիա, Հարավային Իսպանիա, Բալկաններ), Հարավ-Արևմտյան Ասիա (Թուրքիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Հորդանան, Իսրայել), կղզիներ Մայորկա, Կիպրոս, Սարդինիա, Սիցիլիա, Կանարներ: Հյուսիսային Եվրասիայում հանդիպում է Սև ծովի ափամերձ գոտում` ք. Անապայից մինչև ք. Սուխում, ինչպես նաև ավելի լայն տարածքում` Արևելյան Վրաստանում, Ադրբեջանում, Դաղստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության հյուսիս-արևելյան մասում տարածված է T.g.ibera ենթատեսակը, իսկ հարավային մասում (Արաքս գետի հովտում)` T.g.armeniaca ենթատեսակը: T.g.armeniaca ենթատեսակի արեալը տարանջատված է մի քանի պոպուլյացիաների, որոնք գտնվում են Արարատյան հարթավայրում և Հայաստանի ծայր հարավում` Մեղրու շրջանում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է տարբեր ապրելավայրեր` չոր տափաստաններ, սարալանջեր` ծածկված աղքատ խոտածածկով, թփուտներով, նոսրանտառով կամ լեռնային անտառով, ինչպես նաև ցածրադիր անտառներ և այգիներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են ապրիլից մինչև նոյեմբերի կեսերը: Ձմեռում են, սովորաբար, աղվեսների և գորշուկների բներում: Սնվում են հյութալի խոտաբույսերով և քիչ քանակությամբ անողնաշարավորներով: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսից սկսած, մեկ սեզոնի ընթացքում ձվադրում են երեք անգամ` ձվերը թաքցնելով հողում փորած փոսի մեջ (2-8 ձու): Ինկուբացիան` 2-3 ամիս: Սեռահասուն են դառնում կյանքի 12-14 տարում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում մոտավոր քանակությունը կազմում է 900-1000 առանձնյակ: 10 հա մակերեսին հանդիպում է 1-5 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Հիմնական բնորոշ ապրելավայրերի յուրացումը (հատկապես Հայաստանի հարավային մասում) և ապօրինի, անվերահսկելի որսը որսագողերի կողմից:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, ինչպես նաև որոշ պետական արգելավայրերում (Բողաքար, Գոռավանի ավազուտներ, Իջևան և այլն): Պահվում է աշխարհի բազմաթիվ կենդանաբանական այգիներում և տերարիումիստների մոտ: Հաջողությամբ բազմացվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում:

Գրանցված է «Անհետացման եզրին կանգնած վայրի ֆաունայի և ֆլորայի տեսակների վաճառքի վերաբերյալ» Միջազգային կոնվենցիայի (.....) ցուցակում, ինչպես նաև Բեռնի Կոնվենցիայի II հավելվածում:

Պահպանվող տարածքներից դուրս գտնվող հիմնական ապրելավայրերը վերցնել պահպանության տակ: ՈՒժեղացնել հսկողությունը կրիաների ապօրինի որսի նկատմամբ: Անհրաժեշտ է կազմակերպել կրիաների վերարտադրությունը քայքայված պոպուլյացիաները վերականգնելու նպատակով:

 

11. Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Phrynocephalus horvathi (Mehely, 1894),

Վերնակարգ ԹԵՓՈՒԿԱՎՈՐՆԵՐ, SQUAMATA

 

Կարգ ՄՈՂԵՍՆԵՐ, SAURIA

 

Ընտանիք Ագամաներ, Agamidae

 

Կարգավիճակը: Նախկինում դիտարկվել է որպես P. helioscopus-ի ենթատեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A2c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2c; B2ab (i, ii, iii):

Տարածվածությունը: Ադրբեջան, Հյուսիս-Արևելյան Թուրքիա մինչև Արևելյան Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի են առանձին պոպուլյացիաներ Արաքս գետի հովտում: Պահպանվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի, Արմավիրի, Էջմիածնի տարածաշրջաններում և Արտաշատի ու Արարատի մարզերի առանձին տեղամասերում:

Ապրելավայրերը: Բնակվում է նոսր քսերոֆիտ (չորասեր) բուսածածկով ավազուտային և աղուտային կիսաանապատներում` աքիլեյան, աղուտային, տեղ-տեղ օշինդրային բուսականության առկայությամբ, 800-1050 մ ծ.մ. բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս են գալիս մարտի սկզբին, և ակտիվությունը շարունակվում է մինչև նոյեմբեր: Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանր բզեզներ, նեպուկներ, ճաճնճերի թրթուրներ, սարդեր և այլն): Մեկ տարում ձվադրում է 2-3 անգամ: Ձվակույտում` 2-7 ձու: Բնության մեջ կյանքի տևողությունը` մինչև 3 տարի:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Համաձայն գրականության տվյալների, տարածված է եղել Արարատյան հարթավայրի մեծ մասում` տակիրային կիսաանապատներում և կիսաանապատային ավազուտների ռելիկտային կղզյակներում: Բոլոր այդ լանդշաֆտները ներկայումս ենթարկվում են ուժեղ մարդածին ճնշմանը, որը տարեց-տարի ավելի է ուժեղանում: Արդյունքում կլորագլխի բնական ապրելավայրերի տարածքն ամենուրեք կրճատվում է: Այսօր հայտնի են Արաքս գետի հովտում պահպանված միայն 6 պոպուլյացիաներ, որոնցում թվաքանակը խիստ փոքր է: «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում խտությունը կազմում է 1-2, ք. Արմավիրի շրջակայքում` 1-2, գ. Բաղարանի շրջակայքում` 2-3 առանձնյակ 1 հա վրա: Արարատի շրջանի ավազուտներում այն կազմում է 1,5-2, իսկ Արմավիրի շրջանում` 2-3 առանձնյակ 1 հա վրա:

 

Վտանգման հիմնական գործոնները: Արարատյան հարթավայրի կիսաանապատների լայնածավալ մշակումը գյուղատնտեսության կուլտուրաներ ցանելու նպատակով, հողերի ոռոգումը, գյուղերի ընդլայնումը, ճանապարհների և արհեստական ջրավազանների ստեղծումը հանգեցրեցին այս տեսակի հայտնի պոպուլյացիաների մեծ մասի քայքայմանը և անհետացմանը: Վտանգ են ներկայացնում նաև անասունների գերարածեցումը և ապօրինի, անվերահսկելի որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր» արգելավայրերում: Որոշակի պայմաններ ստեղծելու դեպքում հնարավոր է բազմացումը տերարիումներում:

Անհրաժեշտ է ցանկապատել արգելավայրերի տարածքներն անասունների արածեցումը կանխելու համար և անցկացնել միջոցառումներ` քայքայված պոպուլյացիաների վերականգնման ուղղությամբ:

 

12. Չեռնովի մերկաչք, Ablepharus chernovi Darevsky, 1953

Կարգ ՄՈՂԵՍՆԵՐ, SAURIA

 

Ընտանիք Սցինկեր, Scincidae

 

Կարգավիճակը: Խիստ սակավաթիվ, նեղ արեալային անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2ac; B2ab(ii,iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Եվրասիայի տարածքում հանդիպում է միայն Կենտրոնական Հայաստանում, Թուրքիայում (Անատոլիայի հարավային և կենտրոնական մասերը) և Հյուսիսային Սիրիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակվում է միայն Հրազդան գետի միջին հոսանքի հովտում: Հայտնի են տարանջատված պոպուլյացիաներ Քարաշամբ, Բջնի և Թեղենիք գյուղերի շրջակայքում: Պոպուլյացիաների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3-4 կմ2:

Ապրելավայրերը: Բնակվում է թեք սարալանջերի քարքարոտ տարախոտա-հացազգիներով ծածկված լեռնա-քսերոֆիտ տափաստաններում: Հանդիպում է նաև բուսածածկից համարյա զուրկ լեռնային ապարների ջարդվածքներում: Հիմնականում հանդիպում է մանր քարերի արանքում, որոնց տակ անց է կացնում ժամանակի մեծ մասը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս են գալիս մարտի վերջին: Շոգ, չոր ամիսներին թաքնվում են խորը թաքստոցներում և հողի մակերես դուրս գալիս սեպտեմբերին: Սնվում են մանր թաղանթաթևավորներով, մրջյուններով, երկթևավորներով, բզեզներով և սարդերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ընդհանուր թվաքանակը 250-300 առանձնյակ է: Գարնանը 1 հա մակերեսին` քարերը շրջելով, կարելի է գտնել 1-2 մողես (1985 թ-ի տվյալներ): Տեսակի տարածման շրջանը վերջին տարիներին ենթարկվել է ինտենսիվ մարդածին փոփոխմանը, և վերջին տարիների բազմաթիվ որոնումներն այս շրջանում ապարդյուն էին: Ներկայումս տեսակի տարածման մի շարք տեղամասեր լիովին քանդված են և յուրացված:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը և շինարարական աշխատանքները գգ. Քարաշամբի, Արզականի, Թեղենիքի և Բջնիի ընդլայնման նպատակով: Զգալի դեր են խաղում նաև այդ գյուղերի շրջակայքում լեռնային տափաստանների օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, որը հանգեցրել է ցենոզի ընդհանուր փոփոխմանը:

Պահպանության միջոցառումները: Տեսակի բնակեցման տարածքը չի պահպանվում:

Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել ապրելավայրերը և դրանց տալ հատուկ պահպանվող տարածքների` արգելավայրերի կարգավիճակ:

 

13. Առաջավորասիական մաբույա, Trachylepis septemtaeniata Reuss, 1834

Կարգ ՄՈՂԵՍՆԵՐ, SAURIA

 

Ընտանիք Սցինկեր, Scincidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Data Defficient» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի» VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևելքում, Հարավային Իրանում, Իրաքում, Բախրեյնում, Հյուսիսային Օմանում, Էրիթրեիայում, Թուրքմենստանում, Անդրկովկասում: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենիայի հարավով:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է քք. Երևանի, Եղեգնաձորի, Արարատի և Մեղրու, գգ. Արենիի, Ագարակի, Լեհվազի, Վեդու, Աստազուրի, Ասնիի, Ջրվեժի շրջակայքից, ինչպես նաև ՈՒրցի լեռնաշղթայից:

Ապրելավայրերը: Լեռների և նախալեռների նոսր, չորասեր բուսականությամբ ծածկված քիչ թե շատ թեք լանջեր: Բիոտոպերին բնորոշ են կիրճերի քարքարոտ լանջերի վրա գտնվող մայրական ապարների ելքերը, մեծ քարերի կույտերը և քանդվող ճեղքերը: Տեղ-տեղ հանդիպում են այգիներում, լքված և կիսաքանդված շինություններում: Չոր կամ միջին խոնավությամբ, քարքարոտ, թաքստոցներով հարուստ բիոտոպեր 500-1400 մ ծ.մ. բարձրության վրա: Որպես թաքստոցներ, սովորաբար, օգտագործում են ժայռերի ճեղքերը, դատարկությունները քարերի տակ, հազվադեպ` կրծողների բները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս են գալիս մարտի վերջին: Սնվում են տարբեր անողնաշար կենդանիներով: Զուգավորումը դիտվում է մայիսի սկզբին կեսերին: Հուլիսի սկզբին էգը ծնում է 3-8 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Պոպուլյացիաների թվաքանակը և խտությունը անհավասարաչափ է և տարեց-տարի ենթարկվում է զգալի տատանումների: Առավել բազմաքանակ են հարավի պոպուլյացիաները (ք. Մեղրու և գգ. Ագարակի ու Ըռնաձորի /Նյուվադի/ շրջակայք): Այստեղ թվաքանակը կայուն է և քիչ է ենթարկվում տատանումների ավելի մեղմ ձմեռվա շնորհիվ: Չոր բիոտոպերում` ոչ ավելի, քան 8 տարատարիք առանձնյակ 1 հա վրա: Հայաստանի տարածքի մեծ մասում մաբույայի թվաքանակը խիստ կրճատված է, որոշ տեղերում մողեսը դարձել է շատ հազվադեպ, իսկ Արարատի լայնարձակ հարթավայրում տեսակը գործնականում անհետացել է:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը գյուղատնտեսության նպատակներով, լանդշաֆտների ձևափոխումը: Նախալեռնային գոտում` անասունների գերարածեցումը, աղբյուրների հոսքային ռեժիմի փոփոխումը, որը բերում է բնական բիոտոպերի ձևափոխման: Անօրինական որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ուժեղացնել անօրինական որսի վերահսկողությունը:

 

14. Երկարաոտ սցինկ, Eumeces schneideri (Daudin, 1802)

Կարգ ՄՈՂԵՍՆԵՐ, SAURIA

 

Ընտանիք Սցինկեր, Scincidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի» VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տեսակը լայնորեն տարածված է Հյուսիսային Աֆրիկայից և Առաջավոր Ասիայից մինչև Հյուսիս-Արևմտյան Հնդկաստան: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Հարավային Դաղստանով, Վրաստանով, Հայաստանով, Հարավային ՈՒզբեկստանով, Տաջիկստանով և Թուրքմենիայով: Դեպի հարավ տարածվում է մինչև Պաղեստին և Սիրիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնի է Արարատյան հարթավայրից, Արփա գետի կիրճից, Արաքս գետի հովտից և հանրապետության հարավային նախալեռնային շրջաններից:

Ապրելավայրերը: Խիստ քարքարոտ, չորասեր բուսականությամբ կիսաանապատային տեղանքում` 400-1500 մ ծ.մ. բարձրության վրա: Գոռավան գյուղի շրջակայքում մտնում է նաև ամրացված ավազուտների տեղամասեր, տեղ-տեղ հանդիպում է գետամերձ մացառուտներում: Չոր տափաստանների գոտում բնակեցնում է տարբեր ժայռային գոյացումները, ավելի հազվադեպ հանդիպում է հարթ տեղամասերում, ավազամկների և այլ կրծողների գաղութների մոտ: Հաճախ բնակվում է այգիներում և հարակից տարածքներում` քարե ցանկապատերի վրա, դատարկված և կիսաքանդված շինություններում, գոմերում: Որպես թաքստոց օգտագործում է ժայռափոսերը, խորշերը քարերի տակ, հողի խորը ճեղքերը, կրծողների բները: Փափուկ հողում երբեմն կարող է փորել 150 սմ երկարությամբ և 60 սմ խորությամբ սեփական բներ, որոնց մուտքը տեղադրվում է թփերի կամ խոշոր քարերի հիմքում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանն ակտիվ են առավելապես ցերեկը, ամռանը` առավոտյան կամ երեկոյան: Ամռան վերջում հողի մակերես ընդհանրապես դուրս չեն գալիս, ենթադրվում է, որ ամռանը քուն են մտնում: Սնվում է տարբեր անողնաշար կենդանիներով, առավելապես` միջատներով, ինչպես նաև բուսական կերով` հատապտուղներով, պտուղներով, սերմերով: Ձվադրում է հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին: Ձվակույտում` 6-9 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չնայած լայն տարածմանը Հայաստանի սահմաններում արեալի մեծ մասում թվաքանակը բավականին փոքր է: Հրազդան գետի կիրճում մայիսի վերջում 175 x 150 մ չափերով տեղամասում հաշվառվել է 3 մողես: Նման խտությամբ բնորոշվում են պոպուլյացիաները գգ. Մեծամորի, Կոշի, Ջրվեժի, Վերին Դվինի, Նարեկի, ՈՒրցաձորի շրջակայքում: Հանրապետության հարավում նախալեռնային գոտում պոպուլյացիաները համեմատաբար լավ վիճակում են: Մեղրու տարածաշրջանում 1 հա տարածության վրա հունիսի առաջին տասնօրյակում հաշվառվել են 12 տարատարիք առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը գյուղատնտեսության նպատակներով, լանդշաֆտների ձևափոխումը, անօրինական որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է ուժեղացնել անօրինական որսի վերահսկողությունը:

 

15. Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, Eremias arguta transcaucasica Darevsky, 1953,

Ընտանիք Իսկական մողեսներ, Lacertidae

 

Կարգավիճակը: Խիստ սակավաթիվ, հիմնական արեալից կտրված, միայն Հայաստանում հանդիպող անհետացող ենթատեսակ է: Ենթատեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A2c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2c; B2ab (ii, iii):

Տարածվածությունը: Տեսակը լայնորեն տարածված է Հյուսիս-Արևելյան Ռումինիայից` արևմուտքում, մինչև Հարավ-Արևմտյան Մոնղոլիա և Հյուսիս-Արևմտյան Չինաստան` արևելքում, ինչպես նաև մինչև Թուրքիա և Իրան` հարավում: Հյուսիսային Եվրասիայի սահմաններում հանդիպում է Մոլդովայում, ՈՒկրաինայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Ղազախստանում, Միջին Ասիայի երկրներում, Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Միակ հայտնի պոպուլյացիան գտնվում է Սևանա լճի հարավային ափին, գ. Նորադուզի շրջակայքում:

Ապրելավայրերը: Բնակվում է Նորադուզի ավազուտներում: Հանդիպում է ինչպես փուխր, այնպես էլ կարծր հողերով տեղամասերում` բնակեցնելով Սևանա լճի ջրավազանի լեռնաքսերոֆիտ տափաստանները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Էգը դնում է 1-12 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1961 թ-ին գ. Մարտունու շրջակայքում պահպանված վերջին 27 հասուն մողեսիկները որսվել են նեղ հողաշերտում` դաշտերի և Սևանա լճի ափի միջև և բաց են թողնվել գ. Նորադուզի մոտակայքում: Այդ առանձնյակներն առաջացրել են նոր պոպուլյացիա, որն աստիճանաբար լայնացնում է իր սահմանները: Ներկայումս դրանց թվաքանակը կազմում է 80-150 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Անասունների գերարածեցումը, այս տեսակի ապրելավայրերի մշակումը գյուղատնտեսական նպատակներով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է ցանկապատել չմշակված տեղամասը գ. Նորադուզի շրջակայքում և ուժեղացնել հսկողությունը ենթատեսակի պահպանության համար:

 

16. Անդրկովկասյան մողեսիկ, Eremias pleskei Bedriaga, 1907

Ընտանիք Իսկական մողեսներ, Lacertidae

 

Կարգավիճակը: Նեղ արեալային, քանակապես կրճատվող տեսակ: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A2c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (ii, iii):

Տարածվածությունը: Արևելյան Թուրքիա, Հյուսիս-Արևմտյան Իրան և Արևելյան Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արաքս գետի ձախափնյա հովտում` ք. Էջմիածնից արևմուտք, մինչև Մեղրու լեռնաշղթայի հարավային նախալեռները:

Ապրելավայրերը: Բնակվում է ամրացված ավազուտներում` ջուզգունի, աստրագալի, օշինդրի, իշկաթնուկի և հազվադեպ, հացազգիների առկայությամբ: Երբեմն հանդիպում է քարքարոտ օշինդրային և աղուտային կիսաանապատներում: Որպես թաքստոցներ ծառայում են թփերի հիմքերում գտնվող կարճ (10-15 սմ) բները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռում է սեպտեմբեր-հոկտեմբերից մինչև ապրիլի առաջին կեսը: Սնվում է մրջյուններով, մանր բզեզներով, թաղանթաթևավորներով, երկթևավորներով, թրթուրներով և սարդերով: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլից մինչև հունիսի առաջին կեսը: Ձվադրումը (3-4 ձու) տեղի է ունենում հունիսից մինչև օգոստոսի սկիզբը: Առաջին տարվա ձագերը հանդիպում են հուլիսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին 10-15 տարիներին թվաքանակը կտրուկ կրճատվել է, ոչնչացվել են Արաքս գետի հովտի մի շարք պոպուլյացիաներ: Արարատյան հարթավայրի մեծ մասում ամբողջովին վերացել է:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի յուրացումը գյուղատնտեսության նպատակներով, անասունների գերարածեցումը և լանդշաֆտների ձևափոխումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ցանկապատել «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը:

 

17. Փոքրասիական մողես, Parvilacerta parva Boulenger, 1887,

Ընտանիք Իսկական մողեսներ, Lacertidae

 

Կարգավիճակը: Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR A2ac:

Տարածվածությունը: Լայնորեն տարածված է Փոքր Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Կենտրոնական և Հյուսիսային Հայաստանում, միայն Սպիտակի շրջանի դժվարամատչելի և չմշակված տեղամասերում, Շիրակի մարզի գ. Լանջիկի շրջակայքում: Հայտնաբերված է նաև Տավուշի ջրամբարի հյուսիսային ափերին:

Ապրելավայրերը: Բնակվում է քարքարոտ լեռնա-քսերոֆիտային տափաստանում, երբեմն բարձրանալով լեռների չորասեր նոսր բուսածածկով կմախքային լանջերին:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է երկու անգամ` հունիսի վերջին - հուլիսի սկզբին և հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին: Ձվակույտում` 2-5 ձու: Ձագերը դուրս են գալիս հուլիսի վերջին և սեպտեմբերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1982 թ-ին կատարված հաշվառումները ցույց են տվել, որ 1 հա տարածքում հանդիպում է 2-5 առանձնյակ: Ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի քայքայման հիմնական պատճառներն են բնական ապրելավայրերի տնտեսական յուրացումը և պոպուլյացիաների ոչնչացումը անասունների արածեցմամբ և խոտհունձով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է Բերնի կոնվենցիայով: Պոպուլյացիայի տարածքը չի պահպանվում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Սպիտակի շրջանի և Շիրակի մարզի լեռնաքսերոֆիտային տափաստանների տեղամասերը և այդ տեղամասերում ստեղծել փոքր արգելավայրեր:

 

18. Մարգագետնային մողես, Darevskia praticola (Eversmann,1834),

Ընտանիք Իսկական մողեսներ, Lacertidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտք, Կովկաս, Իրանի հյուսիս-արևմուտք:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի հյուսիսում բնակվում են մեկուսացված պոպուլյացիաներ:

Ապրելավայրերը: Հանդիպում է նախալեռնային, հովտային և լեռնային` առավելապես սաղարթավոր անտառներում, որտեղ մնում է անտառաեզրում և բացատներում, ճանապարհաեզրերում և թփուտներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սնվում է միջատներով` մանր բզեզներով, մրջյուններով, ուղղաթևավորներով, թրթուրներով, սարդերով, որդերով, նպուկներով: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի վերջին: Զուգավորումը` մայիսի վերջին, ձվադրումը (2-6 ձու)` հունիսի կեսերին-հուլիսի կեսերին: Ձագերը դուրս են գալիս օգոստոս-սեպտեմբերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ Էկոհամակարգերի և բիոտոպերի քայքայումը ապօրինի ծառահատումների հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է կատարել տեսակի թվաքանակի հաշվառման և պոպուլյացիայի գնահատման ուսումնասիրություններ:

 

19. Դալի մողես, Darevskia dahli (Darevsky, 1957)

 

Ընտանիք Իսկական մողեսներ, Lacertidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Տարածված է Հյուսիսային Հայաստանի և Հարավային Վրաստանի սահմաններում, մինչև Քուռ գետի նախալեռնային հովտի հյուսիսում:

Տարածվածությունը Հայաստանում: Ժամանակակից արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների, որոնք գտնվում են Հայաստանի հյուսիսում:

Ապրելավայրերը: Հանդիպում է կիրճերի չափավոր չոր լանջերին, ժայռերին` 900-1700 մ ծ.մ.բ. բարձրության վրա, անտառի գոտում, տեղ-տեղ մտնում է նաև լեռնային տափաստանի քարքարոտ տեղամասեր` մնալով անտառաեզրերին, ճանապարհաեզրերին և թփուտներում: Հաճախ բնակվում է անտառածածկ ավերակներում, քարերից սարքված պատնեշներում և շենքերի պատերի վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի սկզբին կեսին: Սնվում է միջատներով, դրանց թրթուրներով, սարդերով, նեպուկներով և անձրևաորդերով: Բազմանում է կուսածնությամբ: Ձվադրումը` հունիսի սկզբին - հուլիսի կեսերին: Ձվակույտում` 2-5 ձու: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի կեսին-սեպտեմբերի վերջին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը մասնատված է մի շարք փոքր, իրարից անջատված հատվածների, որտեղ թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Ճանապարհների վերակառուցումը, միկրոկլիմայի փոփոխումը գետերի ջրահոսքի փոքրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է կատարել տեսակի թվաքանակի հաշվառման և պոպուլյացիայի գնահատման ուսումնասիրություններ:

 

20. Ռոստոմբեկովի մողես, Darevskia rostombekovi Darevsky 1957

Ընտանիք Իսկական մողեսներ, Lacertidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(i,iii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2ab (ii, iii):

Տարածվածությունը: Համեմատաբար սահմանափակ արեալ Հյուսիսային Հայաստանում և Ադրբեջանի հարակից շրջաններում: Հիմնական արեալը զբաղեցնում է Քուռ գետի հովտի միջին աջափնյա հատվածը և աջ վտակների կիրճը` Վրաստանի, Հյուսիսային Հայաստանի և Հյուսիս-Արևմտյան Ադրբեջանի սահմաններում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության տարածքում տեսակի արեալը սահմանազատված է Արարատի բարձրավանդակի անտառային շրջաններով` Հյուսիսային Հայաստանի սահմաններում: Արեալի հարավային սահմանն անցնում է Փամբակ և Աղստև գետերի կիրճերով, Բազումի լեռնաշղթայի երկայնքով` ք. Սպիտակից արևմուտք: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Պապաքարի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան մասով, որտեղ առավել հյուսիսային հայտնաբերման վայրերը հայտնի են Նոյեմբերյանի և Սևքարի շրջակայքից: Բացի այդ, հայտնի է մեկուսացված պոպուլյացիա Սևանա լճի հարավ-արևելյան ափին, գ. Ծովակի շրջակայքում:

Ապրելավայրերը: Տարածված են առավելապես անտառային գոտում, որոշ տեղերում անցնում են լեռնատափաստանային գոտի, 800-1600 մ ծ.մ. բարձրության վրա: Միայն Սևանա լճի ափին հայտնաբերված պոպուլյացիան է բնակվում 2000 մ ծ.մ. բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս մարտի վերջին մայիսի սկզբին: Սնվում է միջատներով և այլ մանր անողնաշար այլ կենդանիներով: Բազմանում է կուսածնությամբ: Ձվադրումը` հունիսի վերջին - հուլիսի սկզբին: Ձվակույտում` 2-4 ձու: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին - սեպտեմբերի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնորոշ բիոտոպերում 1 կմ երկարությամբ երթուղու վրա հանդիպում է 50-60 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Տնտեսական գործունեությունը լեռնատափաստանային գոտում և բնորոշ ապրելավայրերի քայքայումը: Ներկայումս Սևանա լճի ափին գտնվող պոպուլյացիան անհետացող է, քանի որ այստեղ դրա սիմպատրիանտն է D. unisexualis-ը, որը դուրս է մղում D. rostombekovi-ն` լինելով ավելի հարմարված բարձրալեռնային պայմաններին:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում:

 

21. Սպիտակափոր մողես, Darevskia unisexualis (Darevsky, 1966)

Ընտանիք Իսկական մողեսներ, Lacertidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Տարածվածությունը: Տեսակի արեալը մասնատված է մի քանի մեկուսացված պոպուլյացիաների Հայաստանի սահմաններում և Արևելյան Թուրքիայի ու Հարավային Վրաստանի հարակից շրջաններում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի հյուսիսային և կենտրոնական լեռնային շրջանները:

Ապրելավայրերը: Բնակեցնում է լեռնատափաստանային գոտու Ժայռերը, քարերի կույտերը և քարքարոտ լանջերը, 1700-2000 մ ծ.մ.բ. բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի կեսերին մայիսի սկզբին: Սնվում է, հիմնականում բզեզներով և թաղանթաթևավորներով: Բազմանում է կուսածնությամբ: Ձվադրում է հունիսի վերջին - հուլիսի սկզբին: Ձվակույտում` 2-7 ձու: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին - սեպտեմբերի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տեսակի թվաքանակը կայուն է:

Վտանգման հիմնական գործոնները: Հարմար ապրելավայրերի կրճատումը գյուղատնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

 

22. Անդրկովկասյան սահնօձ, Zamenis hohenackeri (Strauch, 1873),

Կարգ ՕՁԵՐ, SERPENTES

 

Ընտանիք Լորտուներ, Colubridae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի, Վրաստանի և Ադրբեջանի Կարմիր գրքերում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab (iii):

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Հյուսիս-Արևմտյան Իրան, Հարավային Լիբանան, Հյուսիսային Իսրայել, Հյուսիսային Օսեթիա, Չեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության հյուսիսային և հարավային մասերում, սակայն հանդիպում է հիմնականում Արաքս գետի հովտի նախալեռնային շրջաններում:

Ապրելավայրերը: Լեռնա-տափաստանային գոտում հանդիպում է քսերոֆիտ թփուտներով և խոտաբույսերով ծածկված քարքարոտ լանջերին, ժայռերի վրա և քարերի ջարդվածքներում: «Խոսրովի անտառ» արգելոցում բնակվում է ժայռերի արանքներում, գիհու նոսր անտառներում: Համբերդ գետի կիրճում հանդիպում է կաղնու նոսր անտառներում, թփուտներում, գետերի ժայռոտ ափերին և կիրճերի լանջերին: Ք. Երևանի շրջակայքում բնակեցնում է լանջերի բաց, քարքարոտ տեղամասերը պտղատու և խաղողի այգիներում, փլատակների և ցանկապատերի միջև: Բարձրանում է մինչև 2200 մ ծ.մ. բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի սկզբում կամ կեսերին: Սնվում է մկնանման կրծողներով, մողեսներով, երիտասարդ առանձնյակները սնվում են միջատներով: Ձվադրումը` հունիսի կեսերին: Ձվակույտում` 3-7 ձու: Ձագերը դուրս են գալիս սեպտեմբերի սկզբին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Գարնանը «Խոսրովի անտառ» արգելոցում 5-ժամյա երթի ընթացքում (6-7 կմ) հանդիպում է 1-2 առանձնյակ: Անօրինական որսի և բնորոշ ապրելավայրերի քանդման հետևանքով, հատկապես ք. Երևանի շրջակայքում, թվաքանակը խիստ կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Ապօրինի որսը, բնորոշ ապրելավայրերի քայքայումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի որսի նկատմամբ:

 

23. Պարսկական պսևդոցիկլոֆիս, Pseudocyclophis persicus (Anderson,1872)

 

Կարգ ՕՁԵՐ, SERPENTES

 

Ընտանիք Լորտուներ, Colubridae

 

Կարգավիճակը: Նեղ արեալային, սակավաթիվ ենթատեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (i, ii, iii):

Տարածվածությունը: Հարավ-Արևելյան Թուրքիա, Հյուսիսային և Արևմտյան Իրաք, Իրան, Աֆղանստան, Պաղեստին և Հյուսիս-Արևմտյան Հնդկաստան` դեպի արևելք մինչև Սինդ և Պենջաբ: Արեալի հյուսիս-արևելյան սահմանն անցնում է Թուրքմենիայի հարավային մասով` Արևմտյան Կոպետ-Դագից կենտրոնական մասով դեպի արևելք, մինչև Սերասխ, որտեղ հայտնաբերվել են համեմատաբար քիչ քանակով նմուշներ:

Տարածվածությունը Հայաստանում: Pseudocyclophis p. persicus ենթատեսակի միակ նմուշը հայտնաբերվել է Մեղրու շրջանի գ. Ագարակից 5 կմ դեպի արևմուտք:

Ապրելավայրերը: Ագարակի առանձնյակը հայտնաբերվել է կիրճի արևմտյան, քարքարոտ լանջին, երկրորդային անտառային ֆորմացիաներով կիսաանապատային գոտում, թփի կողքին, 28-30oC ջերմաստիճանի պայմաններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված կենսակերպ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչ այժմ հայտնաբերվել է միայն մեկ առանձնյակ (արու): Բնության մեջ հանդիպում է խիստ հազվադեպ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է ճշգրտել և քարտեզագրել ապրելավայրերը և ընդգրկել «Արևիկ» ազգային պարկի արգելոցային գոտում:

 

24. Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Rhynchocalamus melanocephalus satunini (Nikolsky,1899)

Կարգ ՕՁԵՐ, SERPENTES

 

Ընտանիք Լորտուներ, Colubridae

 

Կարգավիճակը: Անդրկովկասի առավել հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակներից մեկն է: Հայտնի են շատ քիչ քանակով առանձնյակներ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (i, iii):

Տարածվածությունը: Առաջավոր Ասիա` մինչև Իրանի արևմտյան հատվածը արևելքում, Հայաստանում և Նախիջևանում:

Տարածվածությունը Հայաստանում: Միայն Արաքս գետի հովտում, որտեղ բարձրանում է նախալեռներ, մինչև 1200 մ ծ.մ.:

Ապրելավայրերը: Հանդիպում է միայն օշինդրային կիսաանապատներում, չոր և խիստ քարքարոտ լանջերին, որտեղ կան մերկացած ապարներ և քսերոֆիտ բուսածածկով բազմաթիվ քարաբեկորներ, ինչպես նաև ֆրիգանային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Վարում է թաքնված մթնշաղային կենսակերպ և ցերեկային ժամերին հողի մակերես համարյա դուրս չի գալիս: Կենսաբանությունը գրեթե ուսումնասիրված չէ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնության մեջ այս տեսակի թվաքանակը, հավանաբար, կայուն է: Նախկին ԽՍՀՄ-ի-ի տարածքում որսվել են 7 առանձնյակներ` հիմնականում քաղաքների շրջակայքում, կամ յուրացված հողերի վրա: Մինչ այժմ Անդրկովկասում հայտնաբերվել են 19 առանձնյակներ, որից 17-ը` Հայաստանում և Նախիջևանում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել «Խոսրովի անտառ» արգելոցին սահմանակից ռինխոկալամուսի բնորոշ բիոտոպները` միացնելով այդ տարածքները արգելոցին:

 

25. Կովկասյան կատվաօձ, Telescopus fallax (Fleschmann, 1831),

Կարգ ՕՁԵՐ, SERPENTES

 

Ընտանիք Լորտուներ, Colubridae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab (iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Իրան, Իրաք, Փոքր Ասիայի արևելյան մասը, Հյուսիսային Սիրիա, Ադրբեջան, Դաղստան, Վրաստան, Հայաստան: Տեսակի արեալը ներառում է նաև Բալկանյան թերակղզին, Էգեյան և Միջերկրական ծովերի մի շարք կղզիները, Լիբանանը և Իսրայելը:

Տարածվածությունը Հայաստանում: Հարավում հայտնի է Արաքսի, հյուսիսում` Քուռի հովտից և նախալեռներից:

Ապրելավայրերը: Առավել հաճախ հանդիպում է թփուտներով և խոտաբուսածածկով լեռների քարքարոտ լանջերին, լեռնա-քսերոֆիտային տափաստանների քարքարոտ տեղամասերում, գիհու նոսրանտառներում, մշակված լանդշաֆտներում` պտղատու և խաղողի այգիներում: Հանդիպում է նաև բաց, օշինդրային և աքիլեյան կիսաանապատներում: Չի խուսափում մարդու մոտիկությունից, հաճախ հանդիպում է տների տանիքներում, քարե պատերի ու ցանկապատերի ճեղքերում: Որպես թաքստոց օգտագործում են ժայռերի ճեղքերը, խորշերը քարերի տակ և տարբեր փորող կենդանիների բները: Հայտնի է մինչև 2000 մ ծ.մ. բարձրությունների վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանը դուրս է գալիս մարտի սկզբին կեսերին, ձմեռման է անցնում սեպտեմբերի վերջին - հոկտեմբերին: Հեշտությամբ մագլցում է ծառերի և շենքերի պատերի վրա: Ժամանակի մեծ մասն անց է կացնում քարերի տակ: Սնվում է հիմնականում մողեսներով, երբեմն` կրծողներով: Հայաստանում բազմացման տվյալները բացակայում են: Արեալի այլ հատվածներում էգը դնում է 6-9 ձու, հունիսի վերջին - հուլիսի սկզբում: Ձագերը դուրս են գալիս սեպտեմբերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակն ամենուրեք ցածր է: Գարնանը «Խոսրովի անտառ» արգելոցում ցերեկային երթի ժամանակ կարելի է հանդիպել 1-2 առանձնյակ, այլ վայրերում` ոչ միշտ:

Վտանգման հիմնական գործոնները: Ապօրինի որսը, բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Հայաստանի հյուսիսում գտնվող մեկուսացված պոպուլյացիաները (արգելավայրերի ստեղծում), սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:

 

26. Դարևսկու իժ, Vipera (Pelias) darevskii Vedmederja, Orlov et Tuniyev, 1986

Կարգ ՕՁԵՐ, SERPENTES

 

Ընտանիք Իժանման օձեր կամ իժեր, Viperidae

 

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered B1ab(ii,iii)+2ab(ii,iii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (ii, iii):

Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասը Հայաստանի սահմաններում` մինչև Վրաստանի հետ սահմանը (լ. Աչքասար), 2350-3000 մ ծ.մ.բ. բարձրության վրա:

Տարածվածությունը Հայաստանում: Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան: 2008 թ-ի տվյալներով տարածման արեալը գրավում է ընդամենը 200 հա:

Ապրելավայրերը: Տեսակի բնորոշ բիոտոպերն են հանդիսանում ենթալպյան գոտում գտնվող քարքարոտ լեռնալանջերը և ժայռային ցցվածքները ծածկված տափակ քարերի կույտերով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջը: Սնվում են անողնաշար կենդանիներով և մողեսներով: Զուգավորումը սկսվում է մայիսի կեսերից: Ձվակենդանածին տեսակ է: Ձագերը (5-8) ծնվում են սեպտեմբերի կեսերին: Ծնվելուց անմիջապես հետո սկսվում է մաշկափոխությունը: Բարձրադիր գոտիներում դիտվող ծնվելու ուշ ժամկետները հիմք են տալիս ենթադրելու, որ բնության մեջ նորածիններն անմիջապես անցնում են ձմեռման, իսկ սնվել սկսում են հաջորդ տարվա գարնանը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Պոպուլյացիաների խտությունը բնորոշ բիոտոպերում բավականին բարձր է` 1 հա մակերեսին տարբեր տարիներին հաշվառվել է 10-12 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը: Բարձրադիր մարգագետինների ինտենսիվ յուրացումը, անասունների անվերահսկելի արածեցումը և ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում: «Կովկասում Դարևսկու իժի պահպանման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում 2004 թ-ից սկսած մշակվել և իրականացվում են կոնսերվացիոն միջոցառումներ անհրաժեշտ բիոտոպերի տարանջատման և պահպանության նպատակով: Անհրաժեշտ է սահմանազատել և ցանկապատել տեսակի բնորոշ բիոտոպները և ընդգրկել «Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտում: Սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:

 

27. Հայկական լեռնատափաստանային իժ, Vipera (Pelias) eriwanensis (Reuss, 1933),

Կարգ ՕՁԵՐ, SERPENTES

 

Ընտանիք Իժանման օձեր կամ իժեր, Viperidae

 

Կարգավիճակը: Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable B1ab(iii,v)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii, v):

Տարածվածությունը: Արեալը ներառում է Արևելյան Անդրկովկասի լեռնային շրջանները, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հարակից հյուսիսային հատվածները:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է հանրապետության հյուսիս արևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում, հիմնականում լեռնատափաստանային լանդշաֆտներում և բարձրադիր մարգագետիններում` 1200-3000 մ ծ.մ.բ. բարձրության վրա:

Ապրելավայրերը: Հայաստանում բնակեցնում է խիստ քարքարոտ, լեռնաքսերոֆիտային տափաստանները և ալպիական մարգագետինները: Հանդիպում է նաև լեռնային նոսրանտառներում, լեռնալանջերի քարերի ցրվածքների, սրածայր աստրագալների և այլ չորային բույսերի արանքներում: Հազվադեպ հանդիպում են նաև մշակվող լանդշաֆտներում` քարերի կույտերի տակ: Որպես թաքստոցներ օգտագործում է կրծողների բները, քարերի տակի դատարկությունները, տարբեր թփերի մերձարմատային մասերը, ժայռերի և հողի ճեղքերը և այլն:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը: Սնվում են անողնաշար կենդանիներով և մողեսներով: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին` կախված ապրելավայրի բարձրությունից և ձմեռումից դուրս գալու ժամկետներից: Ձվակենդանածին է: Ձագերի ծնվելը սկսվում է հուլիսի վերջից և տևում մինչև սեպտեմբերի կեսերը: Հղիությունը տևում է 90-130 օր: Ձագերը ծնվում են օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը մեծ չէ, սակայն նախալեռնային բիոտոպերում` կուտակման տեղերում, քարերի ցրվածքներում հանդիպում է մոտ 6-8 առանձնյակ 1 հա վրա: Ընդհանուր առմամբ, թվաքանակը կայուն է, ինչը պայմանավորված է լեռնատափաստանային իժի բարձրադիր գոտիներում տարածվածությամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Մանր եղջերավոր անասունների արածեցումը լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի լեռնամարգագետնային գոտու փոքր հատվածներում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Հայաստանի հյուսիսում գտնվող մեկուսացված պոպուլյացիաները (արգելավայրերի ստեղծում) և ընդլայնել «Խոսրովի անտառ» արգելոցի սահմանները:

 

28. Հայկական իժ կամ Ռադդեի իժ, Vipera (Montivipera) raddei Boettger, 1890,

Կարգ ՕՁԵՐ, SERPENTES

 

Ընտանիք Իժանման օձեր կամ իժեր, Viperidae

 

Կարգավիճակը: Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+2b (ii, iii):

Տարածվածությունը: Արևելյան Անդրկովկաս և Թուրքիայի ու Իրանի հարակից շրջաններ: Անդրկովկասի սահմաններում արեալն անցնում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների հարավային թևերով:

Տարածվածությունը Հայաստանում: Տարանջատված պոպուլյացիաները, որոնց միջև կան տարբեր արգելքներ, կենտրոնացած են Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Բնակվում է լեռնաքսերոֆիտային անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին, 1300-1800 մ ծ.մ.բ. բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500-2700 մ: Երբեմն մտնում է մշակովի դաշտեր, որտեղ մնում է քարերի կույտերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ է ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը: Սեռական ակտիվությունը սկսվում է մայիսի կեսերից և շարունակվում մինչև հունիսի վերջը: Հղիությունը տևում է 150-160 օր: Ձվակենդանածին է: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը: Հայկական իժի էգերի բազմացման ցիկլը բնության պայմաններում կազմում է հիմնականում երկու տարի:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին դիտվում է թվաքանակի կտրուկ նվազում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը` լեռնալանջերը վարելու և շինարարական աշխատանքներ կատարելու, լեռնային անտառները ոչնչացնելու, լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում անասուններ արածեցնելու հետևանքով: Մեծ վնաս է հասցնում նաև ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Տեսակի արեալի աննշան մասը պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Մշակված և փորձարկված են լաբորատոր պայմաններում իժերի պահման և բազմացման մեթոդները:

Անհրաժեշտ է կազմակերպել մի շարք արգելավայրեր Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում և սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:

 

ԹՌՉՈՒՆՆԵՐ, AVES

 

29. Մոխրաայտ սուզակ, Podiceps grisegena Boddaert, 1783

Կարգ` ՍՈՒԶԱԿԱՆՄԱՆՆԵՐ, PODICIPEDIFORMES (PODICEPIFORMES)

 

Ընտանիք` Սուզակներ, Podicipedidae

 

Կարգավիճակը: Նստակյաց, քիչ տարածված տեսակ է, որի քանակությունը կրճատվում է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Սկանդինավյան երկրներում, Ռուսաստանի հյուսիսային շրջաններում, ՈՒկրաինայում, Միջին Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում: Բնադրման շրջանից դուրս հանդիպում է Բրիտանական կղզիներում, Միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում, Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում է Սևանա և Արփի լճերում, Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում, բնադրման շրջանում` Լոռվա սարահարթի լճակներում:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում նախընտրում է առափնյա հարուստ ջրային բուսականությամբ և բաց ջրային մակերեսով լճերը, լճակները և ջրամբարները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները տեղադրում են կոտրված եղեգնի և առափնյա ու ջրային բույսերի մնացորդներին, ափից ոչ հեռու: Բնում` 4-5 ձու, սպիտակավուն, 47-51 մմ: Թխսումը` 27-29 օր: Ձվից դուրս եկած ձագերը հիանալի լողում են և սուզվում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև Սևանա լճի մակարդակի իջեցումը բնադրում էին լճի ջրավազանում: Մինչև 2005 թ-ը 6-10 բնադրող զույգեր հանդիպում էին Արդանիս գյուղի մոտակա լճակում: Այդ լճակում մշկամկների քանակության ավելացման և լճակի ջրերի զգալի տատանումների արդյունքում, դադարեցին բնադրել: Ներկայումս 5-15 բնադրող զույգեր հանդիպում են Լոռվա սարահարթի լճակներում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրման շրջանում ձկնորսների կողմից անհանգստացումը, ջրի մակերեսի տատանումները և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» և «Սևան» ազգային պարկերում: Կազմակերպվում են հանդիպումներ, լճակներին հարող համայնքներում բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է ամբողջ տարվա ընթացքում կազմակերպել թվաքանակի հաշվառումներ: Բացահայտել հնարավոր բնադրավայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Լոռվա սարահարթի լճակները հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք և ուժեղացնել պայքարը որսագողության դեմ չուի շրջանում և ձմռանը:

 

30. Վարդագույն հավալուսն, Pelecanus onocrotalus Linnaeus,1758

Կարգ` ԹԻԱՎՈՏԱՅԻՆՆԵՐ, PELECANIFORMES

 

Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, կրճատվող թվաքանակով տեսակ է, որը գտնվում է անհետացման վտանգի տակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Որպես բնադրող տեսակ հանդիպում է Հարավ-արևելյան Եվրոպայում, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Չինաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հազվադեպ հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում, Արմաշի և հարակից ձկնաբուծական տնտեսությունների լճակներում որպես պատահական չվահյուր: Չուի շրջանում նախկին Գիլլիի լճին հարող Սևանա լճի առափնյա տարածքներում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությունների լճակներում:

Ապրելավայրերը: Ձկնաբուծական լճակներ, լճեր, գետեր: Մարդու տնտեսական գործունեության արդյունքում ապրելավայրերը խիստ փոփոխվել են: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով ոչնչացել են ծանծաղուտները, իսկ Սևանա լճի սառեցումը ձմռանը դարձել է սովորական երևույթ: Երբեմնի ձկան հարուստ պաշարներ ունեցող Արփի լիճը վեր է ածվել ջրամբարի, որի մակարդակի տատանումները հանգեցնում են ձկնային պաշարների աղքատացմանը: Սակայն Արարատյան հարթավայրում, որտեղ լավ զարգացել է ձկնաբուծարանային տնտեսությունը, կերային բազան բավականին հարստացել է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են, սովորաբար, մեծ գաղութներով խուլ լճերում, ընտրելով ափի բաց, հարթ հատվածները եղեգնուտների առկայությամբ: Դնում են 90-106 մմ չափեր ունեցող 2-3 ձու: Թխսումը տևում է 32-35 օր: Ձվից դուրս եկած ձագերը լինում են, սովորաբար, մերկ և անօգնական, սակայն արագ աճում են և 2,5 ամսեկան հասակում ձագերը հասնում են հասուն թռչունների չափերին և կարողանում են թռչել: Հայաստանում չեն բնադրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախկինում, չուի շրջանում թվաքանակը տատանվում էր 1-2,5 հազ. առանձնյակների սահմաններում: Սևանա լճի մակարդակի իջեցման հետ մեկտեղ առափնյա ծանծաղուտները վերացան, ձմռան ամիսներին լճի ջրերը սկսեցին սառցապատվել: Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակների զգալի մասը չորացվեցին: Արդյունքում` Սևանա լճում ներկայումս գրեթե չեն հանդիպում, իսկ Արմաշում ամռանը կերակրման ընթացքում հանդիպում են 20-30 անհատից ոչ ավել: Երևանի կենդանաբանական այգում պահպանվում են 4 վարդագույն հավալուսներ: Անազատ պայմաններում բազմացել են Բեռլինի, Բազելի, Թել-Ավիվի կենդանաբանական այգիներում: 1963-1974 թթ-ին ձվերից դուրս են եկել 11 ձագեր:

Վտանգման հիմնական գործոնները: Արարատյան հարթավայրում, ամռան ամիսներին ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդվելը, ձմռանը` չկարգավորվող որսը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, ինչպես նաև դրան հարող հարևան համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ և ուժեղացնել տեսակի պահպանության անհրաժեշտության պրոպագանդան ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների միջև:

 

31. Գանգրափետուր հավալուսն, Pelecanus crispus Bruch, 1832

Կարգ` ԹԻԱՎՈՏԱՅԻՆՆԵՐ, PELECANIFORMES

 

Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, կրճատվող թվաքանակով տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2ce+3ce+4ce» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Որպես բնադրող տեսակ հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Վրաստանում, Հունաստանում Ռումինիայում, Ռուսաստանում, նախկին Հարավսլավիայում, Թուրքիայում, ՈՒկրաինայում, Միջին Ասիական հանրապետություններից` ՈՒզբեքստանում և Ղազախստանում, Արաբական երկրներից` Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում որպես չվահյուր, գգ. Նորաշենին և Լիճքին հարող ջրային տարածքներում: Ամռան ամիսներին 30-50 առանձնյակների կարելի է հանդիպել Արարատի մարզի Արմաշի և հարակից ձկնաբուծական տնտեսությունների լճակներում: Բնադրման շրջանում հանդիպում է նաև Արփա լճում:

Ապրելավայրերը: Սևանա և Արփի լճերի բաց, խորը, ջրային, բուսականությունից զուրկ տարածքներում, նոսր բուսականությամբ ծանծաղուտներում: Ամռանը, կերակրման նպատակով, պարբերաբար այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ, որոնց զգալի մասի չորացման պատճառով կերային պաշարները զգալիորեն նվազել են, ուստի հանդիպում են միայն ձկնաբուծական լճակներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են գաղութներով: Բնադրումը հայտնի է միայն Արփի լճում, որտեղ կղզյակներում պարբերաբար բնադրում են 2-3 զույգեր: Բույնը. աղուտային, ճյուղերից, խոտաբույսերից, ցամքարը. փափուկ խոտաբույսեր, որորի փետուրներ: Ձվերը. 90-95 մմ, 2-3, սպիտակ: Թխսումը` 32-35 օր: Ձվից դուրս եկած ձագերը լինում են մերկ և անօգնական, սակայն արագորեն աճում են և 2,5 ամսեկանում կարողանում են թռչել:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամռան ամիսներին 30-40 անհատներ հանդիպում են Արփի լճում, Սևանա լճում, չուի ժամանակ` 50-80, Արարատյան հարթավայրում` ձկնաբուծական տնտեսությունների զգալի մասի վերացումը էապես կրճատեց կերակրման բազան, որի հետևանքով կրճատվեց նաև կերակրման համար այցելուների թվաքանակը:

Վտանգման հիմնական գործոնները: Արարատյան հարթավայրում, ամռան ամիսներին, ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդվելը, ձմռանը` չկարգավորվող որսը և որսագողությունը: Սևանա լճում, ջրի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ձևավորվում են պայմաններ այս թռչունների հետագա բնադրման համար: Սակայն լճի գրեթե ողջ տարածքում իրականացվող օրինական և ապօրինի ձկնորսությունը լուրջ անհանգստացնող գործոն է:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 2-ում, CITES-ի Հավելված 1-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, ինչպես նաև դրան հարող հարևան համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է ձկնաբուծական տնտեսություններին հատկացնել դրամական փոխհատուցման միջոցներ թռչունների կողմից ոչնչացված ձկների համար, ինչպես նաև արգելել լճակներում եղած, բնադրման համար նպաստավոր կղզյակներում եղեգնուտի հրդեհումը: Արփի լճում, բնադրման շրջանում արգելել ձկնորսների և զբոսաշրջիկների մուտքը կղզիներ: Լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը ձկնաբուծական տնտեսություններում և համայնքներում: Բնադրման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում:

 

32. Մեծ ձկնկուլ, Phalacrocorax carbo Linnaeus, 1758

Կարգ` ԹԻԱՎՈՏԱՅԻՆՆԵՐ, PELECANIFORMES

 

Ընտանիք` Ձկնկուլներ, Phalacrocoracidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում, Ավստրալիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում լայնորեն տարածված է եղել Հայաստանի ջրամբարներում: Սևանա լճի ավազանում վարում էր նստակյաց կենսակերպ: Մինչև 50-ական թթրը ոչնչացվել է որպես ձկնային տնտեսությունների վնասատու: Ներկայումս հազվադեպ հանդիպում է Սևանա և Արփի լճերում` չուի ժամանակ և ամռանը: Ձմռանը, ոչ ամեն տարի, հանդիպում է Սևանա լճում, Ախուրյանի ջրամբարում և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում:

Ապրելավայրերը: Լճերի ճահճուտների, գետերի, ձկնաբուծական լճակների, փարթամ բուսուտներ: Հանգստի ժամանակ կենտրոնանում են լճափերին: Սևանա լճի մակարդակի իջեցման և Գիլլի լճի չորացման հետևանքով ոչնչացել է բնադրման միակ վայրը: Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են գաղութներով, հաճախ` նաև այլ ջրաճահճային թռչունների հետ: Բույնը տեղադրված է աղուտային, կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում: Ձվերը 51-63,5 մմ, 4-5, բաց-երկնագույն կամ կանաչ: Բազմանում են հունիս-հուլիսին: Թխսումը` 28-30 օր: Ձագերը զարգանում են դանդաղ, սկսում են թռչել 2,5 ամիս հետո:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չուի շրջանում կարելի է հանդիպել 5-10 կամ 20-30 առանձնյակներից կազմված խմբերի, իսկ ձմռանը, Սևանա լճի ավազանում` առանձին անհատների, Ախուրյանի և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում` 20-40 առանձնյակներից կազմված խմբերի:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի ոչնչացումը Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով և ուղղակի ոչնչացումը մարդու կողմից` ապօրինի որսը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, ինչպես նաև դրան հարող հարևան համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է ձկնաբուծական տնտեսություններին հատկացնել դրամական փոխհատուցման միջոցներ թռչունների կողմից ոչնչացված ձկների համար, ինչպես նաև արգելել լճակներում եղած, բնադրման համար նպաստավոր կղզյակներում եղեգնուտի հրդեհումը: Բնադրման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում: Վերականգնել Գիլլի լիճը:

 

33. Փոքր ձկնկուլ, Phalacrocorax pygmaeus Pallas, 1773

Կարգ` ԹԻԱՎՈՏԱՅԻՆՆԵՐ, PELECANIFORMES

 

Ընտանիք` Ձկնկուլներ, Phalacrocoracidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Տարածված է Հարավային Եվրոպայում, Առաջավոր և Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Իրաքում, Անդրկովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում` չուի շրջանում և ամռանը` հազվադեպ: Հիմնականում տարածված է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսությունների լճակներում և Սևջուր գետի եղեգնի բուսուտներում: Բնադրող զույգերի քանակը տատանվում է 200-400 սահմաններում: Ներկայումս հիմնականում ապրում և ձվադրում են Արմաշի ձկնաբուծական տնտեսության լճակներում, մեծ ձկնկուլի հետ համատեղ:

Ապրելավայրերը: Լճեր, ճահճուտներ, գետեր, ձկնաբուծական լճակներ, ճահճային բուսուտներ: Սևջուր գետի (գ. Արաքսի հովիտ) համակարգի ջրաճահճային մացառները և եղեգնուտները: Տնտեսական գործունեության և եղեգնուտների այրման հետևանքով ապրելավայրերը խիստ դեգրադացվել են:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են փոքր գաղութներով (10-20 զույգ), հաճախ` նաև ջրաճահճային այլ թռչունների հետ, Սևջուր գետի (գ. Արաքսի հովիտ) համակարգում: Նստակյաց են: Բույնը աղուտային, կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում, եղեգնի ջարդված ցողունների վրա: Ձվերը` 42,5-53,5 մմ, 4-6, բաց-երկնագույն: Թխսումը` մոտ մեկ ամիս: Ձվից դուրս եկած ձագերը լինում են մերկ և անօգնական, սակայն արագորեն աճում են և 2,5 ամսեկանում կարողանում են թռչել:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չուի և ձմեռման ժամանակ Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում հաշվառվում է 1500-3000 առանձնյակ: Տարեց-տարի նկատվում է բնադրող և ձմեռող անհատների թվաքանակի աճ:

Վտանգման հիմնական գործոնները: Տնտեսական գործունեության և եղեգնուտների հրդեհման հետևանքով բնադրավայրերի ոչնչացումը: Ապօրինի որսը և որսագողությունը ձմռան ամիսներին:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Բնադրման և ձմեռման վայրերին հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է ստեղծել արգելավայր Սևջուր գետի (գ. Արաքսի հովիտ) համակարգում և ուժեղացնել էկոլոգիական դաստիարակության ոլորտում բացատրական աշխատանքները: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տարվա բոլոր շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում: Վերականգնել Գիլլի լիճը:

 

34. Սև արագիլ, Ciconia nigra (Linnaeus, 1758)

Կարգ` ԱՐԱԳԻԼԱՆՄԱՆՆԵՐ, CICONIFORMES

 

Ընտանիք` Արագիլներ, Ciconidae

 

Կարգավիճակը: Քիչ քանակությամբ նեղ տարածված տեսակ է: Ընդգրկված է եղել նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է հյուսիսային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում: Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարվա մեջ բնադրում են մեկ անգամ, դնում են 3-6 ձու: Բազմացումը անազատ պայմաններում գրանցվել է 2007 թ.-ին Խարկովի կենդանաբանական այգում, որտեղ 1 զույգից ստացվել է 3 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ըստ նախնական գնահատման, Հայաստանում կազմում է 2-5 զույգ: Առնվազն 5 անհատ բնադրում է Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի կրճատումը, ինչը կապված է խառն անտառների տարածքների կրճատման և անտառների նոսրացման հետ, հնարավոր է, նաև անհանգստացման գործոնը բնադրման շրջանում:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել անտառային տարածքների օգտագործման կառավարման գործում, բնադրման շրջանում (ապրիլ-հուլիս) արգելել մարդկանց մուտքը անտառ:

 

35. Քաջահավ, Plegadis falcinellus Linnaeus, 1766

Կարգ` ՏԱՌԵՂԱՆՄԱՆՆԵՐ, CICONIIFORMES

 

Ընտանիք` Եգիպտահավեր, Threskiornitidae

 

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայի հյուսիսային շրջաններում, Եվրոպայում և Կովկասում, Փոքր և Միջին Ասիայում, Հարավ Արևմտյան Ասիայի երկրներում, Ավստրալիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Մինչև 50-ականները լայնորեն տարածված է եղել Արաքսի հովտում և Սևանա լճի ավազանում: Ներկայումս հանդիպում է Սևանա լճում, Սևջուրի հովտում, Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում և Արփի լճում:

Ապրելավայրերը: Լճեր, ճահճուտներ, գետափեր, թաց մարգագետիններ, ձկնաբուծական լճակներ: Սևանա լճի ջրավազանում բնադրավայրերը ոչնչացել են` կապված լճի մակարդակի իջեցման հետ: Գ. Սևջուրի համակարգում կան բնադրման բոլոր պայմանները, սակայն ներկայումս բնադրում են միայն առանձին տեղերում` կապված եղեգնուտների մշտապես այրման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է, բնադրում է հարթ եղեգնուտներում, ուռենու մացառներում: Ձվերը` 52 սմ, 4-5, մուգ կանաչաերկնագույն: Թխսումը` 21 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 23 առանձնյակներից կազմված երամ գրանցվել է գարնան չուի ժամանակ Գիլլի լճի շրջանում: գ. Սևջուրի համակարգում բնադրման շրջանում կարելի է հանդիպել 10-20 զույգերի, իսկ Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում` 30- 40 զույգ:

Վտանգման հիմնական գործոնները: Գիլլի լճի և Սևանա լիճը շրջապատող ջրաճահճային տեղամասերի չորացումը, բնադրավայրերում եղեգնուտների այրումը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է ճշգրտել թվաքանակը չուի ժամանակ, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

 

36. Տարգալակտուց, Platalea leucordia Linnaeus,1758

Կարգ` ՏԱՌԵՂԱՆՄԱՆՆԵՐ, CICONIFORMES

 

Ընտանիք` Տարգալակտուցներ, Plataleidae

 

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա,Հյուսիս-Արևելյան Աֆրիկա, Առաջավոր և Փոքր Ասիա, Հնդկաստան, Մոնղոլիա, Չինաստան, Ռուսաստան:

Տարածվածությունը Հայաստանում: 30-40-ականներին հաճախ հանդիպում էր Արաքսի և Սևանա լճի ավազանում: 50-ականներին դեռևս բնադրում էր այստեղ: Ներկայումս չուի ժամանակ հանդիպում են Արփի լճում, Ստեփանավանի գերխոնավ տարածքներում, Ախուրյանի ջրամբարում, իսկ բնադրման շրջանում` նաև Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում:

Ապրելավայրերը: Սևանա լճի ավազանում բնադրման տարածքները ոչնչացվել են` կապված լճի մակարդակի իջեցման հետ: Գ.Սևջուրի գետառում, չնայած բնադրման համար բարենպաստ պայմանների, չի բնադրում: 1972-1973 թթ-ին գարնան չուի ժամանակ գրանցվել են 5-10, Արարատյան հարթավայրում` 10-25 առանձնյակներից կազմված փոքր երամներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները կառուցում են ծառերի, թփերի վրա, կամ եղեգնուտներում: Դնում են 2-3 ձու: Ձագերը դուրս են գալիս 24-25 օր թխսելուց հետո: Ներկայումս հանրապետության տարածքում չի բնադրում:

Վտանգման հիմնական գործոնները: Գիլլի լճի և Արարատյան հարթավայրի ջրաճահճային հատվածների չորացումը, որը հանգեցրել է բնադրավայրերի ոչնչացմանը և կերային բազայի աղքատացմանը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է հաշվառումներ կատարել տարվա բոլոր եղանակներին` կենտրոնացման և բնադրման վայրերը բացահայտելու և պահպանությունը կազմակերպելու նպատակով:

 

37. Սովորական ֆլամինգո, Phoenicopterus roseus Pallas, 1811

Կարգ` ՖԼԱՄԻՆԳՈՅԱՆՄԱՆՆԵՐ, PHOENICOPTERIFORMES

 

Ընտանիք` Ֆլամինգոներ, Phoenicopteridae

 

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Բնադրավայրերը հայտնաբերվում են Կասպից ծովի ավազանից, դեպի արևելք` մինչև Իրան, Աֆղանստան, Յակուտիա, Հեռավոր Արևելք և Հարավ-Արևմտյան Հնդկաստան, դեպի հարավ` մինչև Դաղստան, Ադրբեջան, Թուրքիա, Թունիս, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, դեպի արևմուտք` մինչև Իսպանիա և Ֆրանսիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում` չվահյուր գ. Արաքսի հովտում և Սևանա լճի ավազանում:

Ապրելավայրերը: Սևանա լճի ծանծաղուտներ գ. Նորադուզի շրջակայքում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սովորաբար, բնադրում են գաղութներով, ձվադրում` հունիսի կեսերին: Ձվերը` 1-2: Ձագերը դուրս են գալիս 30-32 օրից: 4 օր հետո լքում են բույնը: Հայաստանում չի բնադրում: Անազատ պայմաններում հաջողությամբ բազմացվել է Անգլիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի կենդանաբանական այգիներում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արարատյան հարթավայրում աշնանը հաշվառվում են 5-10 առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Անօրինական որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է ուժեղացնել պահպանությունը ձմեռման վայրերում:

 

38. Թշշան կարապ, Cygnus olor (J. F. Gmelin, 1789)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Պատահական չվահյուր, հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Տարածման արեալն ընդգրկում է գրեթե ողջ Եվրոպան և Սկանդինավյան երկրները, Ռուսաստանը, Փոքր Ասիան, Անդրկովկասը, Իրանը և Աֆղանստանը, Հնդկաստանի հյուսիսային և Չինաստանի արևելյան շրջանները:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է չուի շրջաններում, իսկ առանձին տարիներին` նաև ձմռանը, Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում:

Ապրելավայրերը: Սովորաբար, գերադասում է առափնյա, խիտ եղեգնուտներով պատված, սակայն բաց ջրային մակերեսով ջրամբարները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են դժվար մատչելի եղեգնի բուսուտներում, ջարդված եղեգնի մնացորդներից և առափնյա ջրաճահճային բույսերից: Ձվերը` սովորաբար, 7-9, բաց կանաչավուն, 105-122 մմ: Թխսումը` 35 օր: Ձվից դուրս եկած ձագերը ջրի վրա հսկվում են ծնողների կողմից, իսկ գիշերն անց են կացնում բներում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հանդիպում է աշնանային և գարնանային չուի շրջաններում 5-10, իսկ ձմռանը` 50-60 առանձնյակներից բաղկացած խմբերով: Հայաստանում միշտ եղել է հազվագյուտ:

Վտանգման հիմնական գործոնները: ՈՒսումնասիրված չէ, հավանաբար, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությանը հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է ձմռանը կազմակերպել լրացուցիչ վերահսկում կարապների հանդիպման վայրերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ: Վերականգնել Գիլլի լիճը:

 

39. Ճչան կարապ, Cygnus cygnus (Linnaeus, 1758)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2a:

Տարածվածությունը: Տարածման արեալն ընդգրկում է ողջ Եվրոպան, Սկանդինավյան երկրները, Ռուսաստանը, Փոքր Ասիան, Անդրկովկասը, Միջին Ասիան, Իրանը, Չինաստանը:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է չուի շրջաններում, իսկ առանձին տարիներին` նաև ձմռանը, Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում:

Ապրելավայրերը: Հանդիպում է առափնյա, խիտ եղեգնուտներով պատված, բաց ջրային մակերեսով ջրամբարներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են առափնյա չոր մասերում, երբեմն, նաև ծանծաղուտներում, օգտագործելով եղեգնի և տարբեր բույսերի ճյուղեր և փայտիկներ: Ձվերը` սովորաբար, 4-6, հազվադեպ` 7, սպիտակ կամ դեղնավուն, 114-126 մմ: Թխսումը` 35-40 օր: Ձվից դուրս եկած ձագերը երկար մնում են ծնողների հետ և միասին էլ կատարում են աշնանային չվերթը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հանդիպում է աշնանային և գարնանային չուի շրջաններում 4-50 առանձնյակներից բաղկացած խմբերով: Հայաստանում միշտ եղել է հազվագյուտ:

Վտանգման հիմնական գործոնները: ՈՒսումնասիրված չէ, հավանաբար, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությանը հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է ձմռանը կազմակերպել լրացուցիչ վերահսկում կարապների հանդիպման վայրերում: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ:

 

40. Փոքր կարապ, Cygnus columbianus Yarrell, 1830

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է, որը ոչ կանոնավոր հանդիպում է չուի և ձմեռման շրջաններում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii): Տարածվածությունը: Եվրասիայի տունդրան` Սկանդինավյան թերակղզուց մինչև Կոլիմայի դելտան, ինչպես նաև Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի արևմտյան կղզիներ:

Տարածվածությունը Հայաստանում: Չուի և ձմեռման շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հազվադեպ` Արարատի մարզում` գ. Արաքսի հովտի ձկնաբուծական տնտեսություններում:

Ապրելավայրերը: Խոշոր արհեստական լճակների և լճերի առափնյա տեղամասերը ջրաճահճային բուսականության առկայությամբ, լճերի ծանծաղուտներ, գետաբերաններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում հանդիպում է չուի և ձմեռման շրջաններում, հաճախ ճչան կարապի հետ` սեպտեմբեր-մարտին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Միշտ հանդիպում է 2-20, հազվադեպ` 60, բացառիկ դեպքերում` մինչև 230 առանձնյակներից կազմված խմբերով:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը, որսագողությունը, մշտապես անհանգստացնելը ձկնորսների կողմից Սևանա լճի ավազանում` ձմեռման վայրերում:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Տեսակը խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել Սևանա լճի ծանծաղուտային տեղամասերը Սևանի ծոցում, ինչպես նաև Գավառագետ և Մասրիկ գետերի գետաբերաններում` արգելելով ձկնորսների մուտքը: Նպատակահարմար է կազմակերպել կարապների ձմեռային կերակրումը լճի այդ հատվածներում:

 

41. Սպիտակագլուխ բադ կամ սավկա, Oxyura leucocephala Scopoli, 1769)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Ռելիկտային տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcde+4bcde» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcde+4bcde:

Տարածվածությունը: Տարածման արեալն ընդգրկում է Պիրենեյան թերակղզու հարավը, Աֆրիկայի հյուսիս-արևմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան, Միջին Ասիան, Պակիստանը, Մոնղոլիան, Չինաստանի հյուսիս-արևմուտքը, Անդրկովկասը:

Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում բնադրել է միայն Սևանա լճի ավազանում, չուի ժամանակ նկատվել է գ. Արաքսի հովտում: 1928-1930 թթ-ին եղել է առավել բազմաքանակ, Սևանա (Շորժա) և Գիլլի լճերում բնադրող տեսակներից մեկը: Ներկայումս Սևանա լճի ավազանում բնադրավայրերը լրիվ ոչնչացել են: Մինչև 1970-ական թվականները դեռևս հանդիպում էին առանձին անհատներ: Վերջին տարիներին չեն գրանցվում: Ներկայումս հանրապետության ողջ տարածքում միակ ապրելավայրն է Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքը, որտեղ և բնադրում են: Բնադրող զույգերի թիվը չի անցնում 20-30 զույգից:

Ապրելավայրերը: Խիտ եղեգնուտներով պատված, սակայն բաց ջրային մակերեսով ձկնաբուծական լճակները: Ներկայումս բնադրավայրերը համարյա ամբողջությամբ ոչնչացել են` ջրի մակարդակի իջեցման և Գիլլի լճի չորացման հետևանքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բույնը. հարթականման, եղեգնից, ցամքարում` աղվափետուր, խիտ եղեգնուտում, փտած ջրաճահճային բույսերի կույտերի վրա: Ձվերը` 5-10, 66-69,5 մմ, խամրասպիտակ: Թխսումը` 27-29 օր: Ձվից դուրս եկած ձագերին, չորանալուց հետո, ծնողները երեկոյան ժամերին ուղեկցում են կերակրվելու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արմաշի ձկնաբուծական տնտեսության լճակներում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում վերջին տարիների ընթացքում, բնադրման շրջանում, հաշվառվում է 20-30 զույգ, և թվաքանակի աճ չի նկատվում:

Վտանգման հիմնական գործոնները: Եղեգնուտների հրդեհումը և արմատահանումը, ինչպես նաև ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, որը մասնավոր սեփականություն է, ինչպես նաև դրան հարող հարևան համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տարվա բոլոր շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ: Վերականգնել Գիլլի լիճը:

 

42. Մոխրագույն սագ, Anser anser (Linnaeus, 1758)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը Հայաստանում կտրուկ կրճատվում է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս և Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Անցած դարի 30-40 թթ-ին լայնորեն տարածված է եղել հանրապետության բոլոր ջրամբարներում: 50-ական թթ-ի տվյալների համաձայն` բնադրել է Սևանա և Արփի լճերում: Սևանա լճի մակարդակի իջեցումից և Գիլլի լճի չորացումից հետո այլևս չի բնադրում, սակայն հանդիպում է գարնանային և աշնանային չուի ժամանակ: Ներկայումս երբեմն հանդիպում է Սևանա և Արփի լճերում և, առավել հաճախ` Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսությունների լճակներում և գերխոնավ տարածքներում, որտեղ և ձմեռում է:

Ապրելավայրերը: Սևանա լճի ջրավազանում լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը ոչնչացել են: Արփա լիճը ջրամբար դարձնելուց հետո անհետացավ ջրաճահճային բուսականությունը, և սագերը դադարեցին այստեղ բնադրել: Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների ստեղծման հետ մեկտեղ վերականգնվեց կերային բազան և ձվադրավայրերը, այժմ հանդիպում են ողջ տարվա ընթացքում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են եղեգնուտի ցողուններից և առափնյա այլ բույսերի ճյուղերից ձկնաբուծական լճակներում գտնվող, փարթամ եղեգնուտով պատված կղզյակներում: Ցամքարը` աղվափետուրներից: Ձվերը` 4-6, բաց հարդագույն, 80-95 մմ: Թխսումը` 25-30 օր: Ձվից դուրս եկած ձագերը հսկվում են ծնողների կողմից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս մոխրագույն սագի 30-50 բնադրող զույգերի կարելի է հանդիպել Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում: Ձմեռող անհատների թիվը տատանվում է 50-150 սահմաններում:

Վտանգման հիմնական գործոնները: Եղեգնուտների հրդեհումը, ինչպես նաև բնադրման շրջանում անհանգստացման գործոնը ու որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Ձկնաբուծական տնտեսությունում, որը դրանց հիմնական բնադրավայրն է, ինչպես նաև դրան հարող հարևան համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է Գիլլի լճի վերականգնումը, Լիճք լճի մակերեսի մեծացումը: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տարվա բոլոր շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

 

43. Կարմրախածի սագ, Branta ruficollis (Pallas, 1769)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, պատահական չվահյուր: Տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcd+3bcd+4bcd» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcd+3bcd+4bcd:

Տարածվածությունը: Զբաղեցնում է տունդրայի և անտառատունդրայի խիստ սահմանափակ տարածք Յամալ թերակղզուց մինչև Թայմիր: Ձմռանը հանդիպում է Անդրկովկասում, Կասպից ծովի ափերին, Իրանում, Միջագետքում:

Տարածվածությունը Հայաստանում: Գրանցվել է ընդամենը երկու անգամ` Սևանա լճի ավազանում (28.01.67 թ.) և Արմաշի ձկնաբուծական լճակներում

(27.10.1989 թ.):

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում հանդիպում է տունդրայի և անտառատունդրայի առավել չոր ու բարձրադիր, ջրին մոտ տարածքներում, ձմռանը` ջրամբարներին մոտ գտնվող տափաստաններում, մշակովի դաշտերում, լճերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են 4-5 զույգերից կազմված գաղութներով, գետերի խոտաբույսերով և թփուտներով պատված թեք ափերին: Ձվերը 63-69 մմ, 3- 6, կաթնագույն կանաչա-կապտավուն երանգով: Երբեմն նույն բնում բնադրում են մի քանի էգեր, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու: Թխսումը` 24-26 օր: Ձվերից դուրս եկած ձագերը խնամվում են երկու ծնողների կողմից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տվյալները բացակայում են:

Վտանգման հիմնական գործոնները: Տվյալները բացակայում են:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում:

 

44. Կարմիր բադ, Tadorna ferruginea (Pallas, 1764)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Նախկինում` տարածված և բազմաքանակ: Վերջին տարիների ընթացքում նկատվում է թվաքանակի նվազում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Աֆրիկայի հյուսիս, Բալկանյան թերակղզի, Փոքր Ասիա, Անդրկովկաս, Իրաք, Իրան, Ռուսաստան, Միջին Ասիա, Աֆղանստան, Չինաստան, Հիմալայներ:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում, Ախուրյանի, Կեչուտի, Սպանդարյանի, Ապարանի և Հրազդանի ջրամբարներում, բարձր լեռնային լճակներում, ինչպես նաև Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում: Հանդիպում է նաև Արագած լեռան վրա (3200 մ ծ.մ.բ.), Գեղամա, Վարդենիսի և Սևանի լեռնաշղթաներում:

Ապրելավայրերը: Խիստ տարաբնույթ են: Բազմացման ավարտից հետո գերադասում է ջրամբարների առափնյա բուսականությունից զուրկ բաց ջրային տարածքները: Գարնանային և աշնանային չուի շրջաններում կերակրվում են հացահատիկային ցանքատարածություններում, ինչպես նաև Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում: Ձմռանը հանդիպում է գ. Արաքսի հովտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են մայիսին, լիճը շրջապատող լեռների լանջերին` ծառերի փչակներում, լքված շինությունների պատերի ճեղքերում, աղվեսների և փորսուղների գետնափոր բներում, արհեստական բներում: Բույնը` ոչ մեծ խորշանման փոսիկ, առանց ցամքարի բաղադրիչների: Ձվերը 60-67 մմ, 8-12, կաթնագույն: Երբեմն նույն բնում բնադրում են մի քանի էգեր, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու: Թխսումը` 27-29 օր: Ձվերից դուրս եկած ձագերն ի վիճակի են շատ արագ վազելով հետևել ծնողներին, մինչև ջրամբար հասնելը: Ձագերի լրիվ զարգացումը տևում է 2 ամիս: Ձագերը հիանալի լողում և սուզվում են, խուսափելով թշնամիներից: Կարմիր բադերը հակում ունեն` կռվելով, խլելու այլ ծնողների ճտախմբերը և համախմբել դրանք իրենց շուրջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրման շրջանում բնադրող զույգերի թվաքանակը տարբեր տարիներին կազմում է 250-1000 զույգ, ձմռանը` 1000-2500 անհատներ: Թվաքանակն ավելանում է գարնանային և հատկապես աշնանային չուի շրջանում: Անցած դարի 70-ական թվականներին միայն Սևանա լճի ավազանում աշնանային չուի շրջանում գրանցվել է 3000-6000 անհատներից կազմված երամներով: Ներկայումս կարմիր բադերի թվաքանակը կազմում է 500-1000 առանձնյակ: Վերջին տարիներին դիտվում է թվաքանակի աստիճանական նվազում, ինչպես բնադրման, այնպես էլ չուի ու ձմեռման շրջաններում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը: Բացասականորեն է ազդում Սևանա լճի սառեցումը ձմռանը: Արփի լճում բնադրման շրջանում վտանգման գործոններից է նաև ձկնորսությունը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Ազգային պարկերի սահմանակից համայնքներում և Արաքս գետի գերխոնավ տարածքներին հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում, բացահայտել բնադրման հնարավոր վայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Չուի շրջանում և ձմռանն ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք:

 

45. Խայտաբադ, Tadorna tadorna (Linnaeus,1758)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Բրիտանական կղզիներ, Միջերկրածովյան երկրներ, Փոքր Ասիա, Եվրոպա, ՈՒկրաինա, Ռուսաստան, Սկանդինավյան երկրներ, Միջին Ասիա, Մոնղոլիա, Չինաստան, Ճապոնիա:

Տարածվածությունը Հայաստանում: Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում և Արաքս գետի գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում գերադասում է բաց ջրային տարածքների ափամերձ բարձրունքները, որտեղ և բնադրում են: Չուի շրջանում կերակրվում են առափնյա ծանծաղուտներում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում: Ձկնաբուծական լճակներ, լճեր: Սևանա լճի մակարդակն իջնելուց առաջ խայտաբադը բնադրել է լճին մոտ գտնվող բներում և ժայռերի ճեղքերում: Ջրաեզրի հեռացման հետևանքով այժմ չի բնադրում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են մայիսին, լիճը շրջապատող լեռների լանջերին` ծառերի փչակներում, լքված շինությունների պատերի ճեղքերում, աղվեսների և փորսուղների գետնափոր բներում: Բույնը` ոչ մեծ խորշանման փոսիկ, առանց ցամքարի բաղադրիչների: Ձվերը 64-70 մմ, 9-12, խամրասպիտակ: Երբեմն նույն բնում բնադրում են մի քանի էգեր, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու: Թխսումը` 27-29 օր: Ձվերից դուրս եկած ձագերն ի վիճակի են շատ արագ վազելով հետևել ծնողներին, մինչև ջրամբար հասնելը: Ձագերի լրիվ զարգացումը տևում է 2 ամիս: Ձագերը հիանալի լողում և սուզվում են, խուսափելով թշնամիներից: Ինչպես և կարմիր բադերը, հակում ունեն` կռվելով, խլելու այլ ծնողների ճտախմբերը և համախմբել դրանք իրենց շուրջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին Սևանա լճում չուի ժամանակ գրանցվել են 2-3 առանձնյակներ: Արարատյան հարթավայրում հաշվառվում է 50-100 խայտաբադ: Ներկայումս հանրապետությունում չի բնադրում: Ձմռանը, ոչ ամեն տարի 10-20 թռչունների կարելի է հանդիպել գ. Արաքսի հովտում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը: Բացասականորեն է ազդում Սևանա լճի սառեցումը ձմռանը: Վտանգման գործոններից է նաև ձկնորսությունը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 1-ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Ազգային պարկի սահմանակից համայնքներում և Արաքս գետի գերխոնավ տարածքներին հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում, բացահայտել բնադրման հնարավոր վայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Չուի շրջանում և ձմռանն ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք:

 

46. Լայնակտուց բադ, Anas clypeata Linneus, 1758

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Կլոր տարի` չվահյուր: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս, Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում և Արաքս գետի գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Մինչև Սևանա լճի մակարդակի իջեցումը, բնադրում էր միայն Սևանա լճի ավազանում: Չուի շրջանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում, Ախուրյանի, Ապարանի, Սպանդարյանի ջրավազաններում: Գերադասում են բաց ջրային մակերեսով և հարուստ ջրային առափնյա բուսականությամբ ջրամբարները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են գետնի վրա, բաց ջրից ոչ հեռու, թփուտային բույսերի տակ: Ձվերը 48-58 մմ, 7-11, խամրասպիտակ: Թխսումը` 22- 23: Ձվերից դուրս եկած ձագերը հիանալի լողում և սուզվում են:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Գարնանային և աշնանային չուի շրջաններում հանդիպում են առավելապես Արաքսի հովտի բնական և արհեստական ջրամբարներում, Սևանա լճի ավազանում` առավել քիչ` 10-15- անհատներ:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի ավազանում բնադրավայրերի բացակայությունը: Արաքսի հովտում` անհանգստացման գործոնը: Վտանգման գործոններից է նաև ձկնորսությունը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի մակարդակի բարձրացման դեպքում, հավանաբար, բնադրավայրերը կվերականգնվեն:

Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում, բացահայտել բնադրման հնարավոր վայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Չուի շրջանում և ձմռանն ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք:

 

47. Մարմարյա մրտիմն, Marmaronetta angustirostris Menetries, 1832

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Հազվագյուտ, քիչ տարածված, բնադրող, չվող: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd+3cd+4cd» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Տարածված է Միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում, Վոլգայի դելտայում, Կասպից ծովի հարավում, Անդրկովկասում, Միջագետքում, Փոքր Ասիայում, Աֆրիկայի հյուսիսում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում և հատկապես Արմաշի ձկնաբուծական տնտեսության լճակներում:

Ապրելավայրերը: Խիտ եղեգնով պատված առափնյա ջրային բուսականությամբ լճակները և ճահճուտները, ինչպես նաև ցամաքող աղուտ լճակների առափնյա տարածքները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները կառուցում են լճակների և կղզյակների առափնյա չոր վայրերում, թփուտների ու խոտաբույսերի տակ: Բույնը փոսիկաձև, ցամքարը` փետուրներով ծածկված չոր խոտաբույսերից: Ձվերը` 7-14, գորշ սպիտակ, 42-50 մմ: Թխսումը` 25-27 օր: Ձվերից դուրս եկած ձագերը խնամվում են մոր կողմից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արմաշի ձկնաբուծական տնտեսության լճակներում և հարակից գերխոնավ տարածքներում վերջին տարիներին հանդիպում են 5-30 բնադրող զույգեր: Նախկինում գարնանային չուի ժամանակ առանձին առանձնյակներ հանդիպում էին Սևանա լճի ավազանում: Ներկայումս չուի շրջաններում 30-50 առանձնյակներ հանդիպում են միայն գ. Արաքսի հովտում:

Վտանգման հիմնական գործոնները: Եղեգնուտների հրդեհում, ինչպես նաև բնադրման շրջանում անհանգստացման գործոնը ու որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Ձկնաբուծական տնտեսությունում, որը դրանց հիմնական բնադրավայրն է, ինչպես նաև դրան հարող համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տարվա բոլոր շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ:

 

48. Սպիտակաաչք սուզաբադ, Aythya nyroca (Gueldenstadt, 1770)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Նստակյաց, քիչ տարածված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Եվրոպայում, Միջերկրածովյան երկրներում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Սահմանափակ քանակությամբ չուի շրջանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, ինչպես նաև Արարատյան հարթավայրի արհեստական ձկնաբուծական լճակներում և գերխոնավ տարածքներում և Ստեփանավանի լճակներում:

Ապրելավայրերը: Նախընտրում է առափնյա եղեգնուտներով պատված և հարուստ ջրային բուսականությամբ ջրավազանները: Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրավայրերը գտնվում էին Գիլլի լճում: Ներկայումս բնադրում է Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են առափնյա եղեգնուտներով պատված և հարուստ ջրային բուսականությամբ ջրավազանների ափերին, առափնյա բույսերի թմբիկների, երբեմն` նաև ջրի վրա: Բնում` 6-14 ձու, բաց դեղնավուն, 45-52 մմ: Թխսումը` 25-27 օր: Ձվից դուրս եկած ձագերը, սովորաբար, կերակրվում են առափնյա եղեգնուտին մոտ և վտանգի դեպքում անմիջապես թաքնվում են եղեգնուտի մեջ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրման շրջանում պարբերաբար հաշվառվում են 5-30 բնադրող զույգեր: Չուի շրջաններում հանդիպում են 50-150 առանձնյակներից կազմված խմբերով: Միշտ եղել է սակավաթիվ:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի բացակայությունը: Արարատյան հարթավայրի արհեստական և բնական լճակներում անհանգստացման գործոնը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի մակարդակի բարձրացման դեպքում հնարավոր է վերականգնել բնադրավայրերը: Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում, որը դրանց հիմնական բնադրավայրն է, ինչպես նաև դրան հարող հարևան համայնքներում կազմակերպվում են հանդիպումներ բնակչության և աշխատակիցների հետ` բնապահպանական իրազեկության բարձրացման նպատակով: Անհրաժեշտ է տարվա բոլոր շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում: Բացահայտել հիմնական բնադրավայրերը և ապահովել դրանց պահպանությունը: Արմաշի ձկնաբուծական տնտեսության ողջ տարածքը հայտարարել որպես կարևորագույն թռչնաբանական տարածք և ուժեղացնել պայքարը որսագողության դեմ չուի շրջանում և ձմռանը:

 

49. Ծվվան սագ, Anser erythropus (Linnaeus, 1758)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnarable A2bcd+3bcd+4bcd» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2bcd+3bcd+4bcd:

Տարածվածությունը: Տարածված է Եվրասիայի տունդրայի գոտում` Սկանդինավյան երկրներից մինչև Չուկոտկա: Ձմեռում է Եվրոպայում, առավել հաճախ` Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Չինաստանի հարավում, Կորեայում, Ճապոնիայում և Անդրկովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի ժամանակ Սևանա լճում և Արաքսի հովտում: Ձմռանը` Արաքսի հովտում, սակայն ոչ ամեն տարի:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում հանդիպում է ոչ միայն տունդրայում, այլև լեռնային լճերում, լեռնային գետերի ստորին մասերում, զառիթափ լեռնային լանջերին: Ձմռանը գերադասում է կերով հարուստ, լայն տեսադաշտով տարածքները, դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրման համար գերադասում են խոտաբույսերով և թփուտներով պատված վայրերը, ժայռուտները: Բնի ցամքարը` առատորեն լցված աղվափետուրներով ծածկված չոր խոտաբույսերից: Ձվերը` 4-8, սպիտակադեղնավուն, 69-87 մմ: Թխսումը` 26-28 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Միշտ եղել է սակավաթիվ: Չուի և ձմեռման ընթացքում` 5-10 առանձնյակ սագերի խմբում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնը ու որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է ձմեռման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում և ապահովել դրանց պահպանումը: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ:

 

50. Սպիտակաճակատ սագ, Anser albifrons (Scopoli, 1769)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Սառուցյալ օվկիանոսի կղզիներում, ափերի տունդրայում` Սպիտակ ծովից մինչև Չուկոտկա, Հյուսիսային Ամերիկայի տունդրայում, Գրենլանդիայում և Իսլանդիայում: Ձմեռում է Եվրոպայում, Ասիայում և Հնդկաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում Սևանա և Արփի լճերում, ինչպես նաև Արաքսի հովտում: Ձմռանը` Արաքսի հովտում, սակայն ոչ ամեն տարի:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում նախընտրում է թփուտային տունդրայի գետերով և լճերով հարուստ վայրերը, ձմռանը` դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրման համար գերադասում են խոտաբույսերով պատված թմբիկները, որոշ դեպքերում` հողի և ավազի վրա: Բնի փոսիկը պատում են նախորդ տարվա չորացած խոտաբույսերով, որի վրա առատորեն փռում են աղվափետուրները: Ձվերը` 3-7, սպիտակավուն, 70-81 մմ: Թխսումը` 26-28 օր: Ձվերից դուրս եկած ձագերն ակտիվ ձևով խնամվում են ծնողների կողմից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Միշտ եղել է սակավաթիվ: Չուի և ձմեռման ընթացքում` 10-20 անհատ, սագերի խմբում:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է ձմեռման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում և ապահովել դրանց պահպանումը: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ:

 

51. Տուրպան, Melanitta fusca (Linnaeus, 1758)

Կարգ` ՍԱԳԱՆՄԱՆՆԵՐ, ANSERIFORMES

 

Ընտանիք` Բադեր, Anatidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ անհետացող տեսակ է, որոշ տեղերում` չվահյուր: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Ասիայի հյուսիս-արևմուտքում, Անդրկովկասում, Փոքր Ասիայում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում: Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է միայն Սևանա լճի ավազանում` գարնանային և աշնանային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում հանդիպում են առափնյա զառիթափ ափերով ջրամբարներում: Բնադրման ավարտից հետո և ձմռանը հանգստանում են ջրամբարների խորջրյա մասերում: Կերակրվում են առափնյա ծանծաղուտներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են ինչպես ափամերձ, խոտածածկ վայրերում` անմիջապես հողի վրա, թփուտների տակ, այնպես էլ քարակույտերի տակ և ափամերձ ժայռերում: Դնում են 6-10 կաթնագույն ձու, 64-70 մմ: Թխսումը 28-30 օր: Ինչպես և կարմիր բադերը, հակում ունեն այլ ծնողներից խլելու նրանց ճտախումբը և համախմբելու իրենց շուրջը: Ձագերը զարգանում են բավականին դանդաղ և թռչել սկսում են սեպտեմբերի կեսերից ոչ շուտ: Սեռահասուն են դառնում կյանքի 2-րդ տարում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մինչև Սևանա լճի մակարդակի իջեցումը համարվում էր սովորական, նստակյաց տեսակ: Ներկայումս չեն բնադրում: Չուի շրջանում հանդիպում են 3-5 առանձնյակներից ոչ ավել:

Վտանգման հիմնական գործոնները: Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը: Բացասականորեն է ազդում նաև Սևանա լճի սառեցումը ձմռանը և գրեթե շուրջօրյա ձկնորսությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց, հավանաբար, կվերականգնվեն նախկին բնադրավայրերը:

Անհրաժեշտ է հաշվառումներ կատարել տարվա բոլոր եղանակներին, բացահայտել բնադրման հնարավոր վայրերը և ապահովել դրանց պահպանությունը:

 

52. Կարմիր ցին, Milvus milvus (Linnaeus, 1758)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` անհետացող տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a; D:

Տարածվածությունը: Արևմտյան Եվրոպա, Թուրքիա, Իրան Հյուսիսային Աֆրիկա, Ռուսաստան, Բելարուս, ՈՒկրայինա, Մոլդովա, Կովկաս (բացի Վրաստանից):

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի սահմաններում բնադրման դեպքեր հավաստիորեն հայտնաբերված չեն: Հավանաբար, բնադրում է հանրապետության հյուսիս-արևելյան մասում` Ղարաբաղի բարձրավանդակի մնացորդային անտառներում: Կարմիր ցինի մեկ առանձնյակ բռնվել է չուի ժամանակ ք. Երևանի շրջակայքում 1949 թ.-ի մայիսի 11-ին:

Ապրելավայրերը: Առավելապես, սաղարթավոր կամ խառն անտառներ, որոնց հերթափոխում են լայն բաց տարածությունները, սովորաբար, 900-1500 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները զբաղեցնելու խիստ օրինաչափություն չի դիտվում, սակայն երբեմն զբաղեցնում են նույն բույնը մի քանի տարի շարունակ: Բները, սովորաբար, տեղադրվում են ծառերի վրա: Բազմացման շրջանը սկսվում է ապրիլի վերջից մինչև հուլիսի վերջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ:

Վտանգման հիմնական գործոնները: Մշտապես եղել է հազվագյուտ:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է բացահայտել և խստորեն պահպանել կարմիր ցինի բնադրավայրերը Հայաստանի սահմաններում:

 

53. Սպիտակապոչ արծիվ, Haliaeetus albicilla Linnaeus, 1758

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` անհետացող, հազվագյուտ ձմեռող և չվահյուր տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a; D:

Տարածվածությունը: Տարածման արեալն ունի բծային բնույթ: Հանդիպում է Ռուսաստանում, Գրենլանդիայում, Հյուսիսային, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Իրանում, Հյուսիս-Արևելյան Չինաստանում, Կորեայում: Ձմեռում է Կասպից և Սև ծովերում, Միջին Ասիայի խոշոր ջրավազաններում, Հեռավոր Արևելքի հարավում, Հարավ-Արևելյան Եվրոպայում,Հարավային Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Գրանցված է Սևանա լճի ավազանի շրջաններում, ք. Երևանի շրջակայքում, ինչպես նաև Սյունիքի մարզում` Որոտան գետի հովտում: Նախկինում սպիտակապոչ արծիվը բնադրել է Հայաստանում, սակայն վերջին տարիներին նկատվել է միայն ձմռանը և չուի ժամանակ:

Ապրելավայրերը: Բնադրավայրերը հայտնաբերվել են Սևանա լճի ավազանում` նախկին Գիլլի լճի շրջակայքի ժայռերում, ինչպես նաև Սիսիանից ոչ հեռու` գ. Որոտանի հովտում: Բնադրավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված Գիլլի լճի չորացման և գ. Որոտանի ջրերի աղտոտման հետ, որը հանգեցրել է կերային պաշարների կտրուկ կրճատմանը և սպիտակապոչ արծվի բների ոչնչացմանը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները սովորաբար տեղադրվում են ծառերի գագաթներին, ավելի հազվադեպ` ժայռերի վրա, որպես կանոն, ձկներով հարուստ ջրավազաններին մոտ: Բնադրումը մարտի առաջին կեսին, բնում` 1-3 ձու: Թխսմանը մասնակցում են ինչպես էգը, այնպես էլ արուն: Թխսումը տևում է մոտ մեկ ամիս: Ձագերը դուրս են գալիս ապրիլին: Թռչող, երիտասարդ թռչուններ նկատվում են հունիսի երկրորդ կեսին-հուլիսի սկզբին: Սնվում են տարբեր տեսակների ձկներով, ջրաճահճային թռչուններով, մանր և միջին չափերի կաթնասուններով, ինչպես նաև լեշով և մսի մնացորդներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է մի քանի ձմեռող, սակայն չբնադրող զույգեր: Նախկին ԽՍՀՄ տարբեր կենդանաբանական այգիներում, համաձայն 1976 թ-ի տվյալների պահվել է 23 թռչուն:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի քայքայումը և ջրամբարների աղտոտումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 1-ում:

Անհրաժեշտ է հանրապետության սահմաններում կատարել սպիտակապոչ արծվի թվաքանակի հաշվառումներ: Կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ` պրոպագանդելով տեսակի պահպանման անհրաժեշտությունը:

 

54. Գառնանգղ (Մորուքավոր անգղ), Gypaetus barbatus Linnaeus, 1758

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացած է Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Մոտ Արևելքի, Փոքր և Միջին Ասիայի լեռներում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում տարածված է համարյա ամբողջ տարածքում, բացի հանրապետության արևմուտքից և հյուսիս-արևմուտքից:

Ապրելավայրերը: Բնադրում է առավելապես, բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` 800-2000 մ ծ.մ.բ. բարձրություններում: Բնադրավայրերը համարյա չեն փոփոխվել, սակայն կերային բազան նկատելիորեն վատթարացել է` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները զբաղեցնելու խիստ օրինաչափություն չի դիտվում, սակայն երբեմն զբաղեցնում են նույն բույնը մի քանի տարի շարունակ: Բները, սովորաբար, տեղադրում են ժայռերի եզրերին կամ ժայռային խորշերում, որտեղ ցերեկային արևի ճառագայթները չեն հասնում: Ձվադրման շրջանը տատանվում է լայն սահմաններում, հավանաբար` հունվարի սկզբից մինչև մարտի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ անգամ` մեկ ձու: Ձագերը դուրս են գալիս փետրվարի երկրորդ կեսին: Կերը հայթայթում է ինչպես բաց լանդշաֆտներում (լեռնային տափաստան, կիսաանապատ, անտառատափաստան), այնպես էլ կիրճերում: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, սակայն երբեմն սնվում է խոշոր եղջերավոր կենդանիների և միջին չափերի կրծողների ու գիշատիչների դիակներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր: Պահվում է Երևանի կենդանաբանական այգում` 4 առանձնյակ, և Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում` 27 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Գառնանգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Պահպանության միջոցառումները: Մեկ զույգը բնադրում է «Խոսրովի անտառ» արգելոցում, երկու մյուս զույգերի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի և գառնանգղին սպանելու վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: ՈՒժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսոդերմիստների սերտիֆիկացման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

 

55. Գիշանգղ, Neophron percnopterus Linnaeus, 1758

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcde+3bcde+4bcde» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcde+3bcde+4bcde:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից և Աֆրիկայից, դեպի արևելք` մինչև Տյան Շան և Պակիստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում:

Ապրելավայրերը: Բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` 800-2000 մ ծ.մ. բարձրություններում:

 

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում են մեկ անգամ` մեկ ձու: Կերը հայթայթում է ինչպես բաց լանդշաֆտներում (լեռնային տափաստան, կիսաանապատ, անտառատափաստան), այնպես էլ կիրճերում: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, սակայն երբեմն սնվում է խոշոր եղջերավոր կենդանիների և գիշատիչների դիակներով` հաճախ հավաքելով դրանք ճանապարհների վրա:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 40-60 բնադրող զույգեր: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում` 8 առանձնյակ, և Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում` 73 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Գիշանգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Պահպանության միջոցառումները: 10 զույգերը բնադրում են «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի և գառնանգղին սպանելու վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: ՈՒժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսոդերմիստների սերտիֆիկացման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

 

56. Սպիտակագլուխ անգղ, Gyps fulvus (Hablizl, 1783)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից` Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայով դեպի հարավ` մինչև Սինայ և Հյուսիս-Արևելյան Պակիստան, Կենտրոնական Ասիա, Տաջիկստան և Ալթայ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքով, բացի հանրապետության հյուսիս-արևմուտքից:

Ապրելավայրերը: Բնադրում է առավելապես, բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` 800-2000 մ ծ.մ. բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում են մեկ անգամ` մեկ ձու: 2007 թ-ին Երևանի Կենդանաբանական այգում գրանցվել է 3 զույգերի բազմացումը, որոնցից ստացվել են երկու ձագեր: Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում գրանցվել է 9 զույգերի բազմացումը, որոնցից ստացվել են երկու ձագեր: Կերը հայթայթում է ինչպես բաց լանդշաֆտներում (լեռնային տափաստան, կիսաանապատ, անտառատափաստան), այնպես էլ կիրճերում: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, սակայն երբեմն սնվում է խոշոր եղջերավոր կենդանիների և այլ խոշոր կենդանիների դիակներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 35-40 բնադրող զույգեր: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում` 15 առանձնյակ, և Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում` 110 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Սպիտակագլուխ անգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Պահպանության միջոցառումները: Առնվազն 5 զույգերը բնադրում են «Խոսրովի անտառ» արգելոցում: Մյուս զույգերի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի և գառնանգղին սպանելու վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: ՈՒժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսոդերմիստների սերտիֆիկացման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

 

57. Սև անգղ, Aegipus monachus (Linnaeus, 1766)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Տարածված է հարավային Եվրոպայում, Կովկասում, Միջին և Կենտրոնական Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում: Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Ազիզբեկովի և Եղեգնաձորի շրջաններում: Դասվում է Հայաստանի նստակյաց, բնադրող թռչունների թվին:

Ապրելավայրերը: Լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերը լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու արիդային նոսրանտառների սահմաններում, սովորաբար, 1200-2000 մ ծ.մ. բարձրություններում: Բնադրավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բույնը, սովորաբար, տեղադրվում է ծառերի վրա, ավելի հազվադեպ` ժայռերի կամ անմիջապես հողի վրա, բլուրների լանջերին: Ձվադրման շրջանը տատանվում է լայն սահմաններում, հավանաբար` փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը: Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է մեկ ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում: Կան տվյալներ, որ կարող են դնել նաև երկու ձու: Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին, ամենաուշ դուրս գալու ժամկետը` հունիսի առաջին կեսը: Թռչող, երիտասարդ թռչուններ նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հավանաբար, չի գերազանցում 50 բնադրող զույգերի:

Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, կերային բազայի վատթարացումը` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է:

Անհրաժեշտ է հանրապետության սահմաններում, այդ թվում «Խոսրովի անտառ» արգելոցում բացահայտել և խստորեն պահպանել տեղադրված սև անգղի բնադրավայրերը:

 

58. Օձակեր արծիվ, Circaetus gallicus (J. F. Gmelin, 1788)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, մասնատված արեալով տեսակ է, կրճատվող թվաքանակով: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Կովկասում, Փոքր Ասիայում, Արևմտյան Սիբիրում, և, հավանաբար, Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է ամենուրեք, բացառությամբ արևմտյան անտառազուրկ շրջաններից:

Ապրելավայրերը: Բնադրում է անտառային շրջաններում (ինչպես խառն, այնպես էլ գիհու նոսրանտառներում): Որսը կատարում է, սովորաբար, բաց տարածքներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ձվակույտում` 1 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական տվյալներով, Հայաստանում հաշվառվում են 10-30 բնադրող զույգեր: 2008 թ-ի տվյալներով Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 4 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Օձակեր արծվի թվաքանակի վրա ազդող բացասական գործոններից է սողունների անվերահսկելի որսը, բնադրման համար հարմար տարածքների յուրացումը, անտառի և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի ընթացքում, թռչունների ապօրինի որսը: Ձվադրման ժամանակ օձակեր արծվին մեծ վնաս են հասցնում վայրի բույսեր հավաքողները և զբոսաշրջիկները: Վերջին տարիներին մեծացել է ձվերի և ձագերի ապօրինի հավաքը որսագողերի կողմից:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» ազգային պարկում: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Հաշվի առնելով պոպուլյացիայի համեմատաբար փոքր թվաքանակը և սպառնացող վտանգների առատությունը, խիստ անհրաժեշտ է կազմակերպել մի շարք միջոցառումներ` ուղղված բնադրավայրերի անմիջական պահպանմանը: Օձակեր արծվի հայտնի և հարմար բնադրավայրերը նպատակահարմար է պահպանել` կազմակերպելով արգելավայրեր կամ ժամանակավոր հանգստի գոտիներ բնակեցված բների շուրջը: Դրական արդյունքներ կարող են տալ նաև հատուկ միջոցառումները, օրինակ` բացատրական աշխատանքը բնակչության շրջանում` ուղղված սողունների զանգվածային ոչնչացման դեմ: Խստացնել անտառային էկոհամակարգերում և գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման վերահսկողությունը: Ավելացնել օձակեր արծվի ապօրինի որսի, ձագեր հավաքելու և բները քանդելու համար տուգանքի չափը:

 

59. Տափաստանային մկնաճուռակ, Circus macrourus (S. G. Gmelin, 1771)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Ողջ տարվա ընթացքում չվահյուր: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab(iii)+2ab(iii); D:

Տարածվածությունը: Հարավ Արևելյան Եվրոպա, Հյուսիսային Ղազախստան և Հարավ Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Նկատվել է Աբովյանի, Արտաշատի, Սևանի և այլ շրջաններում, առավելապես, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում: Տափաստանային մկնաճուռակը դասվում է Հայաստանի բնադրող չվող տեսակների թվին:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, լայնարձակ հարթավայրային հովիտներ, սովորաբար, 800-2000 մ ծ.մ. բարձրություններում: Չուի ընթացքում` տարածված:

Ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված գյուղատնտեսական կարիքների համար դրանց օգտագործման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները դնում են ուղղակի հողի վրա, սովորաբար խիտ խոտաբույսերում ապրիլի երկրորդ կեսին - մայիսի սկզբին: Զարգացումը` 30 օր: Ձագերը դուրս են գալիս հունիսի առաջին կեսին: Թռչող, երիտասարդ թռչուններ հանդիպում են հուլիսի կեսերից: Սնվում են հիմնականում մկանանման կրծողներով և մանր թռչունների ձագերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում ընդհանուր թվաքանակը հայտնի չէ:

Վտանգման հիմնական գործոնները: Ապրելավայրերի զգալի քայքայումը` կապված կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում հողերի ինտենսիվ յուրացման հետ, բների ոչնչացումն ապրելավայրերում անասունների արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տափաստանային մկնաճուռակի պահպանման անհրաժեշտությունը:

 

60. Մարգագետնային մկնաճուռակ, Circus pygargus (Linnaeus, 1758)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Պոպուլյացիայի հիմնական մասը բնակեցնում է Արևելյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիրի տարածքը, հայտնի են հանդիպման առանձին օջախներ Արևմտյան Եվրոպայում և Կովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս-արևմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում: Հայկական պոպուլյացիայի հիմնական մասը բնադրում է «Արփի լիճ» ազգային պարկում:

Ապրելավայրերը: Գերադասում է լեռնամարգագետնային բիոտոպերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է հողի վրա: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ձվակույտում` 2-6, սովորաբար, 3-5 ձու: Կերը հայթայթում է բաց տիպի լանդշաֆտներում: Սնվում է առավելապես մանր կաթնասուններով, մանր թռչուններով, երկկենցաղներով, սողուններով և միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Նախնական գնահատմամբ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգեր: 2008 թ-ի տվյալներով, Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 7 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարգագետնային մկնաճուռակի թվաքանակի վրա բացասաբար է ազդում առանց էկոլոգիական պայմանները հաշվի առնելու հողային ռեսուրսների օգտագործումը, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը կամ սպանելը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է վերանայել հողային ռեսուրսների կառավարման և էկոլոգիական փորձաքննության, ինչպես նաև գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի քաղաքականությունը: ՈՒժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսոդերմիստների սերտիֆիկացման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

 

61. Եվրոպական ճնճղաճուռակ, Accipiter brevipes (Severtzov, 1850)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Քիչ ուսումնասիրված, բնադրող չվող, քիչ տարածված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՊՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Պոպուլյացիայի հիմնական մասը տեղադրվում է Հարավ-Արևելյան Եվրոպայում, բնակվում է նաև Կովկասում և Մերձավոր Արևելքում:

Տարածվածությունը Հայաստանում: Հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում:

Ապրելավայրերը: Գերադասում է անտառները, պտղատու այգիները, գետաձորերը, պուրակները 600-1200 մ ծ.մ. բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սնունդը հայթայթում է կիսաանապատներում և այգիներում: Սնվում է մողեսներով, ուղղաթևավորներով, մանր թռչուններով: Բնադրում է չորային շրջաններում գտնվող գետերի ափերին և այգիներում: Տարեկան ձվադրում են մեկ անգամ: Դնում են 2-3, երբեմն` 4 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրիի շրջանում, համաձայն վերջին տվյալների, հաշվառվում են 20-25 բնադրող զույգեր:

Վտանգման հիմնական գործոնները: Բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Բնադրում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի վերահսկողությունը և ավելացնել տուգանքի չափը: Վերահսկողություն սահմանել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների, ինչպես նաև գիշատիչ թռչունների խրթվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսոդերմիստների սերտիֆիկացման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

 

62. Ցախաքլորավորս, Accipiter gentilis (Linnaeus, 1758)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Քիչ տարածված, նստակյաց տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Սիրիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Անտառային գոտում` գրեթե ամբողջ հանրապետությունում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գերադասում է խիտ անտառները` բացատներով, որսը կատարելով առավելապես անտառներում որտեղ և բնադրում է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական գնահատման համաձայն, ներկայումս Հայաստանում բնության մեջ հանդիպում են մոտ 40-60 զույգեր:

Վտանգման հիմնական գործոնները: Ամենաուժեղ ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ տնային պայմաններում թռչնին պահելու համար: 2008 թ-ին Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվել է 60 առանձնյակ:

Պահպանության միջոցառումները: Առնվազն 3 զույգ բնադրում է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, ինչպես նաև «Խոսրովի անտառ» արգելոցում: Հավանական է այս տեսակի ներկայությունը «Շիկահող» արգելոցում:

Հաշվի առնելով պոպուլյացիայի համեմատաբար փոքր թվաքանակը և սպառնացող վտանգների առատությունը, անհրաժեշտ է կազմակերպել մի շարք միջոցառումներ` ուղղված, ինչպես բնադրավայրերի անմիջական պահպանմանը, այնպես էլ հասարակության կրթությանը: Խստացնել որսագողության համար նշանակվող պատիժը և ավելացնել տուգանքի չափը:

 

63. Փոքր ենթարծիվ, Aquila pomarina, C. L. Brehm, 1831

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՊՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է Կենտրոնական Եվրոպայում, հանդիպում է նաև Հարավ-Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Հյուսիսային Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում տարածված է համարյա ամենուրեք, բացառությամբ` անտառներից զուրկ արևմտյան և հարավ-արևմտյան շրջանների: Ապրելավայրերը: Սաղարթավոր և խառը անտառներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է անտառների ինչպես փոքր հատվածներում, այնպես էլ խոշոր զանգվածներում: Որսը կատարում է բաց տեղանքներում: Չուի ժամանակ հանդիպում է հանրապետության ամբողջ տարածքում` տարբեր լանդշաֆտային գոտիներում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 2 ձու, սակայն հանիբալիզմի հետևանքով կենդանի է մնում միայն մեկ ձագը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին Հայաստանում հաշվառվում են 48-52 զույգեր: Համաձայն 2008 թ-ի տվյալների 2 առանձնյակներ պահվում են Երևանի Կենդանաբանական այգում և 14 առանձնյակներ` Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից ուղղակի հետապնդումը, որսագողությունը, բների ոչնչացումը, հավանաբար, թունաքիմիկատների օգտագործման պետական վերահսկողության բացակայությունը, ինչպես նաև գիշատիչ թռչունների մերձարևելյան շուկայի զարգացումը:

Պահպանության միջոցառումները: Մեկական զույգ պահպանվում «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում և երկուական` «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում:

Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում, «Չվող թռչունների պահպանման մասին» Ռուսաստանի և Հնդկաստանի միջև համաձայնության հավելվածում:

Անհրաժեշտ է անցկացնել մի շարք միջոցառումներ` ուղղված ինչպես բնադրավայրերի պահպանմանը, այնպես էլ բնակչության էկոլոգիական դաստիարակմանը: Մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի, ձագերին բներից հանելու և բները ոչնչացնելու համար:

 

64. Մեծ ենթարծիվ, Aquila clanga Pallas, 1811

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Քիչ քանակությամբ հանդիպող, խոցելի տեսակ, որը հանդիպում է Հայաստանում հիմնականում չուի ընթացքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable C2a(ii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(ii):

Տարածվածությունը: Հանդիպում է Գերմանիայից և Բալկանյան թերակղզուց մինչև Ամուրի հովիտ, Արևելյան Տյան-Շանում, Կովկասում և Հյուսիս-Արևմտյան Հնդկաստանում: Ձմեռում է Հարավ-Արևելյան Անդրկովկասում, Իրանում, Մեսոպոտամիայում, Հնդկաստանում, Բիրմայում, Հարավային Չինաստանում և Եգիպտոսում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է լեռնատափաստանային գոտու նախալեռներում, առավելապես հանրապետության հյուսիսային մասում:

Ապրելավայրերը: Չուի շրջանում գերադասում է բաց տարածքները` դաշտերը, լեռնային տափաստանների և մարգագետինների խոպան հատվածները, երբեմն` ճահճացած հատվածները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Չուի շրջանում կարող է հանդիպել այլ արծիվների հետ նույն խմբերում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հավաստի տեղեկությունները բացակայում են: Տեղ-տեղ հանդիպում է գարնանային (ապրիլ) և աշնանային (սեպտեմբեր-հոկտեմբեր) չուի շրջաններում: Նկատվում է թվաքանակի խիստ կրճատում ամբողջ արեալում:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Որսագողությունը: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում:

Պահպանության միջոցառումները: Հատուկ միջոցառումներ չեն իրականացվում:

Տեսակը խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանության անհրաժեշտությունը:

 

65. Տափաստանային արծիվ, Aquila nipalensis orientalis Hodgson, 1833

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Քիչ քանակությամբ հանդիպող, խոցելի տեսակ, որը հանդիպում է Հայաստանում հիմնականում չուի ընթացքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(i); D1:

Տարածվածությունը: Հանդիպում է Արևելյան Եվրոպայից մինչև Արևելյան Ասիա, Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է տափաստանային գոտում ինչպես չուի ժամանակ, այնպես էլ (ոչ սեռահասուն առանձնյակները) բնադրման շրջանում:

Ապրելավայրերը: Լեռնատափաստաններ, գյուղատնտեսական հողեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չի բազմանում: 2007 թ.-ին, ըստ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի տվյալների, կենդանաբանական այգիներում եղել է 21 բազմացող զույգ, որոնցից ստացվել են 9 ձագեր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հավաստի տեղեկությունները բացակայում են: Հայաստանում 1995 թ.-ին չուի ընթացքում հաշվառվել են մոտ 764 առանձնյակներ: 2008 թ.-ին, համաձայն Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի տվյալների, աշխարհում պահվել են մոտ 190 առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Չուի ժամանակ որսագողությունը` խրտվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է միջոցները կենտրոնացնել տեղի բնակչության էկոլոգիական կրթության վրա: Ավելացնել տուգանքի չափը, որը նախատեսված է տափաստանային արծվի որսի և թռչունների առգրավման համար:

 

66. Բլրային արծիվ, Aquila heliaca Savigny, 1809

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Հայաստանի ֆաունայի համար անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable C2a(ii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(ii):

Տարածվածությունը: Նախկին ԽՍՀՄ Եվրոպական մասի հարավային շրջաններ, Ղազախստան, Ալթայի լեռներ և նախալեռներ, Մինուսինսկի անտառատափաստան, Անդրբայկալ, Անդրկովկաս, Թուրքմենիա, Տաջիկստան, Բալկանյան թերակղզի, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա, Հարավ-Արևմտյան Ասիա: Վերջին տարիներին խիստ կրճատվել են արեալի արևմտյան և հյուսիսային մասերը: Արևելյան պոպուլյացիաները բավականին կայուն են:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հիմնականում գարնանային և աշնանային չուի ժամանակ, հավանաբար, հազվադեպ ձմեռում է հանրապետության տարածքում: 1955 թ.-ին առաջին անգամ բնադրում է հայտնաբերվել Նոյեմբերյանի շրջանում, Այրումի մոտակայքում: Նույն շրջանում գերեզմանաարծիվը բնադրել է 1976 թ.-ին և գրանցվել 1978, 1979 թթ.-ին:

Ապրելավայրերը: Բաց տարածություններով հերթափոխվող նոսրացված անտառներ, այգիներ և բարձրաբուն ծառերի խմբեր գետերի հովիտներում: Ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են` կապված գյուղատնտեսության կարիքների համար դրանց օգտագործման հետևանքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները, որպես կանոն, տեղադրում են բարձր ծառերի վրա, շատ հազվադեպ` գետնին: Բնում` 1-3 ձու, թխսումը` 43 օր: Թխսմանը մասնակցում են երկու ծնողները, սակայն էգի դերն ավելի մեծ է: Ձագերը սկսում են թռչել 2,5 ամսեկան հասակում: Սնվում են մանր կաթնասուններով և թռչուններով, երբեմն` սողուններով, ուղղաթևավորներով, միջատներով, կենդանիների դիակներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, կերային պաշարների կրճատումը, բնադրման պայմանների վատթարացումը, չուի շրջանում թռչուններին սպանելը: Չուի ժամանակ որսագողությունը` խրթվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 1-ում:

Անհրաժեշտ է բացահայտել և խստորեն պահպանել միջերկրածովային բազեի բները Հայաստանի ամբողջ տարածքում: Լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանության անհրաժեշտությունը:

 

67. Քարարծիվ, Aquila chrysaetos (Linnaeus, 1758)

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Իբերիայից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի արևելք` Եգիպտոսով և Փոքր Ասիայով մինչև Կովկաս և Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Նստակյաց: Հանրապետությունում տարածված է համարյա ամենուրեք, խուսափում է ամբողջական անտառային զանգվածներից:

Ապրելավայրերը: Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է ժայռերի վրա: Որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 1-2 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Համաձայն վերջին տվյալների, Հայաստանում բնադրում են 34-38 զույգեր: Պոպուլյացիայում բավականին բարձր է ոչ սեռահասուն առանձնյակների թիվը: Համաձայն 2008 թ.- տվյալների, 7 առանձնյակներ պահվում են Երևանի Կենդանաբանական այգում և 91 առանձնյակներ` Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական Տարածաշրջանային Ասոցիացիայի այլ Կենդանաբանական այգիներում:

Վտանգման հիմնական գործոնները: Ամենաուժեղ բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց կողմից ուղղակի հետապնդումը: Հերթական սպառնացող վտանգ կարող է հանդիսանալ մի կողմից` գիշատիչ թռչունների մերձ-արևելյան շուկայի զարգացումը, ինչը բերում է որսագողությանը, վաճառքի կամ անազատ պայմաններում թռչնին պահելու համար, մյուս կողմից` իրականացվող վերահսկողության և էկոլոգիական կրթության անբավարար վիճակը: Բացասականորեն կարող են ազդել գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում, «Չվող թռչունների պահպանման մասին» Ռուսաստանի և ԱՄՆ, Հնդկաստանի ու Կորեայի միջև երկկողմանի համաձայնությունների հավելվածում: Երեք-չորս զույգեր բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ-երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է անցկացնել մի շարք միջոցառումներ` ուղղված ինչպես բնադրավայրերի պահպանմանը, այնպես էլ բնակչության էկոլոգիական դաստիարակմանը: Մեծացնել տուգանքն ապօրինի որսի, ձագերին բներից հանելու և բները ոչնչացնելու համար: Կարգավորել քարարծվի արեալի սահմաններում թունաքիմիկատների օգտագործումը:

 

68. Գաճաճ արծիվ, Hieraaetus pennatus (J. F. Gmelin, 1788)

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Այս ենթատեսակը բնադրում է Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր արևելյան մասերում` զբաղեցնելով անտառային գոտին:

Ապրելավայրերը: Նախընտրում է բնադրել լայնատերև և համախառն անտառներում, որսի տարածքը հաճախ գտնվում է բաց լեռնատափաստանային գոտում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձվադրում են տարին մեկ անգամ` դնելով 2 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական գնահատմամբ` Հայաստանում թվաքանակը կազմում է 60-80 բնադրող զույգ: Ըստ 2008 թ.-ի տվյալների` Երևանի կենդանաբանական այգում պահվում է 1, իսկ ըստ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի տվյալների` 9 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Գաճաճ արծվի քանակի վրա ազդող գործոններից է մարդու կողմից անմիջական հետապնդվելը: Հաճախ գաճաճ արծիվը դառնում է որսագողերի զոհը: Զարգացման շրջանում անհանգստացնող գործոններ կարող են լինել վայրի բույսեր հավաքողները և զբոսաշրջիկները: Հնարավոր է, որ գաճաճ արծվի թվաքանակի վրա իր ազդեցությունն ունի նաև թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ: Թվաքանակի նվազման պատճառներից կարող են լինել նաև որսագողերի ակտիվությունը վերջին տարիներին, ովքեր կամ բռնում են գաճաճ արծվի ձագերին, կամ որսում են արդեն հասուն թռչուններին` խրտվիլակ պատրաստելու նպատակով:

Պահպանության միջոցառումները: Մոտ 5 զույգ բնադրում է ՀՊՏ-ում, «Դիլիջան» ազգային պարկում, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում:

Կապված պոպուլյացիայի սակավաթվության և սպառնացող վտանգների բազմազանության հետ, անհրաժեշտ է միջոցները կենտրոնացնել բնադրավայրերի պահպանության և տեղի բնակչության կրթության վրա: Անհրաժեշտ է նաև բարձրացնել գաճաճ արծվի բույնը քանդելու և որսի համար օրենքով նախատեսված տուգանքի չափը:

 

69. Ջրարծիվ, Pandion haliaetus (Linnaeus 1758)

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Ջրարծիվներ, Pandionidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Ենթատեսակը հանդիպում է Եվրոպայում` Լապլանդիայից մինչև Միջերկրական ծով, Ասիայում` անտառային բուսականության սահմանից մինչև Կամչատկա և Ճապոնիա արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում: Բացակայում է Կենտրոնական Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է Սևանա լճի մերձափնյա գոտում, Արաքս գետի հովտում և բնական ու արհեստական ջրավազաններին մոտ` հանրապետության տարբեր տարածաշրջաններում:

Ապրելավայրերը: Ջրարծիվը մասնագիտացված ձկնակեր է, հետևապես բնակվում է ջրավազանների մոտ, որոնք պետք է լինեն բավարար չափով պարզ, մինչև 2000 մ ծ.մ.բ. բարձրությունները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է հիմնականում ծառերի, երբեմն` ժայռերի վրա: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 2-3 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը Հայաստանում կազմում մոտ 3-6 զույգ: 2008 թ-ի դրությամբ, Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 3 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայաստանում ջրարծվի թվաքանակի վրա ազդող բացասական գործոններից է մերձհունային բարձրաբուն անտառների հատումը: Բացի այդ, բացասականորեն կարող է ազդել ջրի աղտոտվածությունը և գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքարի ժամանակ թունաքիմիկատների օգտագործումը: Կապված Արարատյան հարթավայրում ձկնաբուծարանների թվի մեծացման հետ, ջրարծիվը բնակչության կողմից կարող է դիտարկվել որպես ձկնային տնտեսությանը վնաս հասցնող տեսակ և, հետևաբար, ենթարկվել հետապնդմանը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում, «Չվող թռչունների պահպանման մասին» Ռուսաստանի և ԱՄՆ, Հնդկաստանի ու Կորեայի միջև երկկողմանի համաձայնությունների հավելվածում: Մեկ զույգը բնադրում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է արգելել մերձհունային բարձրաբուն անտառների հատումը և կանոնակարգել գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը, ինչպես նաև անցկացնել մի շարք միջոցառումներ` ուղղված բնադրավայրերի պահպանմանը և բնակչության էկոլոգիական դաստիարակությանը: Ջրարծիվը հաջողությամբ ռեինտրոդուցվել է այլ վայրերում, նման ծրագրեր կարող են կիրառվել նաև Հայաստանում: Անհրաժեշտ է մեծացնել տուգանքն ապօրինի սպանելու, ձագերին բներից հանելու և ջրարծվի բները ոչնչացնելու համար:

 

70. Տափաստանային հողմավար բազե, Falco naumanni Fleischer, 1818

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Բազեներ, Falconidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է բնադրման տեղային բնույթով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2bce+3bce+4bce» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2bce+3bce+4bce:

Տարածվածությունը: Միջերկրածովային երկրներ, Հյուսիսային Աֆրիկա, Հարավային Եվրոպա, Փոքր Ասիա, դեպի արևելք` մինչև Իրան, Մոնղոլիա և Չինաստան: Ձմեռում է Աֆրիկայում, Արաբիայում, Հնդկաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրավայրերը հայտնաբերված են Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրամբարի շրջակայքում, հավանաբար, տեղ-տեղ բնադրում է Արաքսի հովտում և Հյուսիսային Հայաստանում: Չուի շրջանում հանդիպում է լեռնատափաստանային գոտու նախալեռներում, առավելապես հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում:

Ապրելավայրերը: Բնադրման շրջանում հանդիպում է կիսաանապատում, չոր լեռնային տափաստաններում` ընդհուպ մինչև բարձր լեռնային մարգագետիններ: Չուի շրջանում նախընտրում է բաց լանդշաֆտներ` դաշտեր, լեռնային տափաստանների և մարգագետինների խոպան տեղամասեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստան գալիս են մարտի վերջին - ապրիլին: Բնադրում են գաղութներով կամ առանձին զույգերով: Բները, սովորաբար, տեղադրված են ժայռերին և շինությունների տանիքների տակ: Ձվադրում են (3-8 ձու) ապրիլի կեսերին մայիսին: Թխսում է (28 օր) հիմնականում էգը: Ձագերը դուրս են գալիս հունիսի վերջին - հուլիսի առաջին կեսին: Սնվում են, հիմնականում, անողնաշար կենդանիներով (սարդակերպեր, ուղղաթևավորներ, բզեզներ, ճպուռներ) և մանր ողնաշարավորներով (դաշտային մկներ, գետնափորներ, մողեսներ, երբեմն` ճնճղուկազգիներ): Չուի շրջանում կազմում են 30-50 առանձնյակներից կազմված խմբեր: Աշնանային չուն տեղի է ունենում սեպտեմբեր-հոկտեմբերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը խիստ կրճատվել է` ինչպես ամբողջ արեալում, այնպես էլ Հայաստանում: XX դարի սկզբում սովորական, Արաքսի հովտի կիսաանապատներում բնադրող տեսակ էր, ներկայումս այդ բնադրավայրը հավաստիորեն հայտնի չէն: Հայտնի տվյալներով` Հայաստանում բնադրող զույգերի թիվը չի գերազանցում 25-30-ի:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը, որսագողությունը և բների քանդումը: Տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը: Տեսակի հիմնական սնունդ ներկայացնող միջատների և վնասատու կրծողների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում: Տեսակը խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը ապօրինի որսի նկատմամբ և նվազեցնել անհանգստացման գործոնները բնադրող գաղութների շրջակայքում: Բացահայտել անհայտ գաղութները, կառուցել բների համար արհեստական հիմքեր (խորշեր և ճեղքեր ունեցող պատեր) հանրապետությունում տեսակի ներկա և պատմական արեալի սահմաններում թվաքանակի վերականգնման և վերաբնակեցման նպատակով: Բնադրավայրերի շրջակայքում սահմանել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման վերահսկողություն և կազմակերպել էկոլոգիական կրթության դասընթացներ տեղի բնակչության համար:

 

71. Կարմրաոտ բազե, Falco vespertinus Linnaeus, 1766

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Բազեներ, Falconidae

 

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1:

Տարածվածությունը: Եվրոպա, Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Արտաշատի, Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններ, առավելապես` Արաքս գետի հովտում և վտակներում: Բնադրավայրը հայտնաբերվել են նաև Հրազդանի շրջանի գ. Ծաղկաձորում: Դասվում է Հայաստանի բնադրող, չվող թռչունների թվին:

Ապրելավայրերը: Բնակվում են լայնատարած կիսաանապատային և տափաստանային տեղամասերում անտառակների կամ ծառերի առանձին խմբերի առկայությամբ, հաճախ գետերի հովիտներում կամ այլ ջրամբարների հարևանությամբ, երբեմն` նոսրանտառներում և անտառեզրերում, լեռներում` մինչև 1500 մ ծ.մ.բ. բարձրություններ: Հայաստանում ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են գյուղատնտեսական նպատակով այդ տեղամասերի յուրացման հետևանքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները, սովորաբար, տեղադրված են ծառերի, հազվադեպ` հին շինությունների պատերի կամ տանիքների վրա: Ձվադրում են (2-4, հազվադեպ` 6 ձու) մայիսի երկրորդ կեսին-հունիսի սկզբին: Թխսմանը (28-30 օր) մասնակցում են ե՛ւ էգը, ե՛ւ արուն: Ձագերը դուրս են գալիս հունիսի վերջին - հուլիսի առաջին կեսին: Երիտասարդ թռչուններ նկատվում են մինչև հուլիսի վերջը - օգոստոսի երկրորդ կեսը: Սնվում են, հիմնականում, տարբեր միջատներով, մանր սողուններով և կրծողներով, երբեմն` մանր թռչուններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ: Վերջին տարիներին բնադրման դեպքեր չեն նկատվել:

Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, ապրելավայրերի քայքայումը և կերային պաշարների կրճատումը:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը, հանրապետության սահմաններում բացահայտել և խստորեն պահպանել կարմրաոտ բազեի բնադրավայրերը:

 

72. Աղավնաբազե, Falco columbarius Linnaeus, 1758

 

Ենթատեսակ Falco columbarius aesalon (Tunstall, 1771)

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Բազեներ, Falconidae

Կարգավիճակը: Հազվագյուտ, անհետացող, սակավաթիվ և քիչ ուսումնասիրված տեսակ է, Հայաստանում` չվահյուր և ձմեռող: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Առավելապես չվահյուր` ք. Երևանի շրջակայքում և Հրազդանի շրջանում, նաև ձմեռող:

Ապրելավայրերը: Հիմնականում կիսաանապատային գոտու բաց տարածություններ ծառերի խմբերի առկայությամբ, հաճախ` թփուտների առկայությամբ գետերի հովիտներում: Հայաստանում ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են գյուղատնտեսական նպատակով այդ տեղամասերի յուրացման հետևանքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չի բնադրում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` 2-5 ձու: Սնվում է, հիմնականում, թռչուններով: Անազատ պայմաններում բազմացման վերաբերյալ տվյալներ չկան:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն, սակայն հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ:

Վտանգման հիմնական գործոնները: Վտանգման գործոնները բավարար ուսումնասիրված չեն, սակայն հնարավոր վտանգ է ներկայացնում որսագողությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հաշվառել թվաքանակը ձմեռման վայրերում և հետազոտել մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը և մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի համար:

 

73. Միջերկրածովային բազե, Falco biarmicus Temminck, 1825

Ենթատեսակ Falco biarmicus feldeggi (Schlegel, 1843)

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Բազեներ, Falconidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, քիչ ուսումնասիրված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից մինչև Փոքր Ասիա և Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է կենտրոնական մասում:

Ապրելավայրերը: Լայն կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերի հետ հերթափոխվող ոչ բարձր ժայռոտ լեռներ խորշերի և ժայռեզրերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բույնը. ժայռաքիվերին, խորշերում, ծառերի վրա, կարող է օգտագործել այլ գիշատիչների հին բներ: Ձվերը. 50 մմ, 3-4, սպիտակ, կարմրագորշ պտերով: Բները տեղադրված են ժայռեզրերին և ժայռերի խորշերում, սովորաբար, ուղիղ արևի ճառագայթներից պաշտպանված հատվածներում: Ձվադրում են տարեկան մեկ անգամ, հավանաբար, մարտի առաջին կեսին-ապրիլի սկզբին: Դնում են, սովորաբար, 3-4 ձու: Զարգացումը` մեկ ամիս: Ձագերը դուրս են գալիս ապրիլի վերջին - մայիսի սկզբին: Սնվում են հիմնականում թռչուններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Կերային ռեսուրսները խիստ կրճատվել են, հիմնականում քարակաքավների թվաքանակի կրճատման հետևանքով:Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Հավաստիորեն հայտնի է միայն մեկ զույգի առկայությունը:

Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների հողերի ինտենսիվ յուրացումը գյուղատնտեսական նպատակներով և թունաքիմիկատների օգտագործումը, որը բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա: Բացասական ազդեցություն ունի նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է բացահայտել և խստորեն պահպանել միջերկրածովային բազեի բները Հայաստանի ամբողջ տարածքում: Նվազեցնել մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով:

 

74. Բալոբան, Falco cherrug J. E. Gray, 1834

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Բազեներ, Falconidae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար անհետացող տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered A2bcd+3cd+4bcd» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcd+3cd+4bcd:

Տարածվածությունը: Արևելյան Եվրոպայի տափաստանային և անտառատափաստանային գոտիներ` մինչև Նախակովկաս, Ղազախստան, Միջին Ասիա, Արևմտյան Սիբիր, Ալթայ, Տուվա, Անդրբայկալ:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Երևանի շրջակայքում, Գավառի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թալինի, Էջմիածնի շրջաններում: Հավանաբար, Հայաստանում նստակյաց, բնադրող տեսակ է:

Ապրելավայրերը: Հավանաբար, Ախուրյանի հովտի ժայռային զանգվածները, որոնք շրջապատված են ծառերից զուրկ կիսաանապատային տեղամասերով: Ներկայումս ապրելավայրերն ինտենսիվորեն օգտագործվում են որպես արոտավայրեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները, սովորաբար, տեղադրված են ժայռեզրերին և խորշերում: Հայտնի է բնադրում ծառերի վրա: Ձվադրում են ապրիլին, դնելով 1-6, ավելի հաճախ` 3-4 ձու: Թխսմանը, որը տևում է 30 օր, մասնակցում են ինչպես էգը, այնպես էլ արուն: Ձվադրման շրջանը` 40-45 օր, երիտասարդ թռչուններ նկատվում են հուլիսի առաջին կեսում: Սնվում են միջին չափերի կաթնասուններով և թռչուններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է կազմակերպել տեսակի թվաքանակի հաշվառումներ: Հայտնաբերել և խստորեն պահպանել միջերկրածովային բազեի բները Հայաստանի ամբողջ տարածքում:

 

75. Սապսան, Falco peregrinus Tunstall, 1771

Ենթատեսակ Falco peregrinus brookei (Sharpe, 1873)

 

Կարգ` ԲԱԶԵԱՆՄԱՆՆԵՐ, FALCONIFORMES

 

Ընտանիք` Բազեներ, Falconidae

 

Կարգավիճակը: Նստակյաց տեսակ է: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տվյալ ենթատեսակը փոքր թվաքանակով հանդիպում է Կենտրոնական և Հյուսիս-Արևմտյան Եվրոպայում, Սիրիայում և Լիբանանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է գրեթե ամբողջ տարածքում` զբաղեցնելով ժայռային միջավայրերը:

Ապրելավայրերը: Բնակվում է ժայռերի առկայությամբ տարբեր տիպի բիոտոպներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է ժայռերի վրա` խորշերում կամ ժայռաքիվերին: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ձվակույտում` 2-4 ձու: 2007 թվականի տվյալներով, Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի ցանցում գրանցվել է 5 բազմացող զույգ, որոնցից ստացվել է 7 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նախնական հաշվառմամբ, Հայաստանում սապսանի թվաքանակը կազմում է 60-70 զույգ: Ըստ 2008 թ-ի տվյալների, Կենդանաբանական այգիների Եվրասիական ասոցիացիայի ցանցում պահվում է 48 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Բացասական ազդեցություն ունի վերջերս Արաբական երկրներում առաջացած հետաքրքրությունը սապսանի հանդեպ որպես որսի թռչուն, որը ստեղծում է պոտենցիալ շուկա Հայաստանում և նպաստում որսագողությանը: Բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև միջավայրի թունավորումը հանքային արդյունաբերության թափոններով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով և անտառի վնասատուների դեմ պայքարի հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է ուժեղացնել որսագողության նկատմամբ հսկողությունը, հատուկ պահպանել բնադրավայրերը: Վերանայել անտառի վնասատուների դեմ պայքարի միջոցները և գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը` փոխարինելով այն բնական պայքարի միջոցներով:

 

76. Կովկասյան մարեհավ, Tetrao mlokosiewiczi (Taczanowski, 1875)

 

Կարգ` ՀԱՎԱՆՄԱՆՆԵՐ, GALLIFORMES

 

Ընտանիք` Մարեհավայիններ, Tetraonidae

 

Կարգավիճակը: Անհետացող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Կովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավ արևելյան շրջաններում:

Ապրելավայրերը: Ենթալպյան մարգագետինների սահմանը, կեչու պուրակներ, մրտավարդենու /ռոդոդենդրոն/ մացառներ, 1800-2500 մ ծ. մ. բարձրության վրա: Ձմռանը հանդիպում է առավել ցածր բարձրությունների վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց: Բնադրում է գետնին: Տարեկան մեկ ձվադրում` արեալի տարբեր մասերում, ապրիլի կեսերից մինչև հուլիս: Ձվերի զարգացումը` 21 օրից ավելի: Բույնը` ոչ մեծ փոսիկ գետնի վրա, ցամքարը` խոտաբույսեր, փետուրներ, թփուտների տակ կամ խիտ խոտաբույսերի մեջ: Ձվերը. 51 մմ 2-10, դեղնասպիտակ` կարմրագորշ պտերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Քանակը հստակ որոշելու համար տվյալները բավարար չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրման վայրերի քայքայումը գյուղատնտեսական գործունեության արդյունքում: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Տեսակի արեալի մի մասն ընդգրկված է «Դիլիջան» ազգային պարկի և «Շիկահող» արգելոցի տարածքում:

Խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն որսագողության վրա, ինչպես նաև կիրառել ենթալպյան մարգագետինների օգտագործման էկոլոգիապես ընդունելի եղանակներ:

 

77. Անապատային կաքավ, Ammoperdix griseogularis (Brandt, 1843)

 

Կարգ` ՀԱՎԱՆՄԱՆՆԵՐ, GALLIFORMES

 

Ընտանիք` Փասիաններ, Phasianidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1.

Տարածվածությունը: Մեսոպոտամիայից մինչև Իրան և Ինդ ու Պենջաբ, դեպի հյուսիս հասնում է մինչև Թուրքմենիա և Տաջիկստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է հանրապետության ծայր հարավում, Մեղրիի շրջանում` Իրանի սահմանի մոտ:

Ապրելավայրերը: Աղքատ չորային բուսականությամբ ծածկված Մեղրիի լեռնաշղթայի հարավային քարքարոտ լանջերի ցածր լեռնային շրջանում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց: Բնադրում է հողի վրա: Տարեկան մեկ ձվադրում` արեալի տարբեր մասերում, ապրիլի կեսերից մինչև հուլիս: Ձվակույտում 8-12 ձու: Ձվերի զարգացումը` 21 օրից ավելի:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ոչ կանոնավոր բնադրող տեսակ է, ծայրահեղ փոքր թվաքանակով:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Տեսակի արեալի մի մասն ընդգրկված է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

Խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն որսագողության վրա:

 

78. Վայրի հնդկահավ (ՈՒլար), Tetraogallus caspius (S. G. Gmelin, 1784)

Ենթատեսակ` Tetraogallus caspius caspius (Gmelin, 1784)

 

Կարգ` ՀԱՎԱՆՄԱՆՆԵՐ, GALLIFORMES

 

Ընտանիք` Փասիաններ, Phasianidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ խոցելի տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+2a; C2a(i); D 1:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային և Արևելյան Թուրքիայի, Փոքր Կովկասի և Անդրկովկասի լեռներում, ինչպես նաև Ադրբեջանում և Հյուսիս-Արևելյան Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա բոլոր բարձր լեռնային լանդշաֆտներում, որտեղ կան ժայռային օջախներ:

Ապրելավայրերը: Հանդիպում է բարձր լեռներում` բնակեցնելով ժայռային բեկորներով թեք լանջերը, 2500-3500 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է հողի վրա` ժայռաբեկորների և քարերի ծածկի տակ: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 5-8 ձու: Կերը հայթայթում է լանջերին, սնվում է բուսականությամբ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Զանգեզուրի լեռնաշղթայում խտությունը կազմում է միջին հաշվով 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Վարդենիսի, Փամբակի և Բազումի լեռնաշղթաներում` մոտ երկու անգամ պակաս:

Վտանգման հիմնական գործոնները: ՈՒլարի թվաքանակի վրա բացասականորեն կարող են ազդել անասունների գերարածեցումը, անհանգստացնելը վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից, ինչպես նաև ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում: Գրանցված է «Անհետացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիա»-յի Հավելված 1-ում:

Անհրաժեշտ է վերանայել բարձրադիր գոտիներում անասունների արածեցման մեխանիզմները: Նպատակահարմար է սեզոնային արգելավայրերի, կամ ժամանակավոր հանգստի գոտիների ստեղծումը, ինչպես նաև ապօրինի որսի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը: Խիստ անհրաժեշտ է անցկացնել դասընթացներ բնակչության էկոլոգիական կրթության իրականացման նպատակով:

 

79. Թուրաջ, Francolinus francolinus (Linnaeus, 1766)

 

Կարգ` ՀԱՎԱՆՄԱՆՆԵՐ, GALLIFORMES

 

Ընտանիք` Փասիաններ, Phasianidae

 

Կարգավիճակը: Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Տարածված է Կիպրոս կղզում և Փոքր Ասիայում մինչև Հյուսիսային Իրաք, Հյուսիս-Արևմտյան Իրան և Կասպից ծովի հարավային ափը:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է միայն Մեղրիի շրջանում:

Ապրելավայրերը: Բնակվում է գետերի հովիտներում` խիտ թփուտներում, կամ բարձր խոտերով ծածկված բացատների հետ հերթափոխվող եղեգնուտներում: Մեղրիի շրջանում բնակեցնում է Արաքս գետի մերձհունային հատվածը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց է: Բնադրում է թփուտներում: Սնվում է կանաչ ծիլերով, պտուղներով, սերմերով, միջատներով: Կերը հավաքում է ինչպես գետնից, այնպես էլ ճյուղերից: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են սովորաբար 8-12 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: 2008 թ-ի տվյալներով թուրաջներ պահվում են Երևանի կենդանաբանական այգում:

Վտանգման հիմնական գործոնները: Քանի որ թուրաջի տարածման շրջանը գտնվում է մերձսահմանային գոտում, ապօրինի որսը անհնար է սահմանային ռեժիմի շնորհիվ: Սահմանափակ է նաև մարդու և անասունների կողմից բազմացման շրջանում անհանգստացնելը:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հետազոտություններ կատարել պոպուլյացիայի վրա մարդածին գործոնի ազդեցությունը պարզելու համար և անցկացնել բնապահպանական իրազեկության բարձրացման դասընթացներ սահմանապահ զորքերում:

 

80. Անդրկովկասյան փասիան, Phasianus colchicus (Linnaeus, 1758)

 

Կարգ` ՀԱՎԱՆՄԱՆՆԵՐ, GALLIFORMES

 

Ընտանիք` Փասիաններ, Phasianidae

 

Կարգավիճակը: Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է, Հայաստանի պայմաններում` սակավ ուսումնասիրված: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Կովկասից մինչև Հեռավոր Արևելք:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է բացառապես Սյունիքի մարզի հարավ-արևմտյան և հարավային մասերի մերձսահմանային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնակվում է ցածրադիր նախալեռնային գոտում, խիտ թփուտներում, ինչպես նաև եղեգնուտներում: Վարում է թաքնված կենսակերպ, վտանգի դեպքում արագ վազքով փախչում է կամ կտրուկ թռչում մացառուտների եզրով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանի տարածքում հավաստի բնադրավայրեր հայտնի չեն, չնայած, կան դրա կողմնակի, ինչպես նաև բանավոր վկայությունները` թռչուններին ձագերի հետ հանդիպելու մասին հունիսի կեսերին և վերջում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Կապանի շրջանում խտությունը կազմում է մոտ 0,05 թռչուն 1 հա-ին, իսկ Մեղրիի շրջանում, Արաքսի գետի երկայնքով այն մոտ 1,5 անգամ բարձր է: 2008 թ-ին հայտնի է անազատ պայմաններում մեկ արու պահելու դեպք:

Վտանգման հիմնական գործոնները: Փասիանի թվաքանակի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ բազմացման շրջանում վայրի բույսեր և պտուղներ հավաքողների կողմից անհանգստացնելը, ինչպես նաև ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Ապրելավայրերի տեղամասերի մի մասը պահպանվում է պետական սահմանների պահպանության ռեժիմով, քանի որ այն գտնվում է Մեղրիի շրջանի մերձսահմանային գոտում:

Անհրաժեշտ է հետազոտել տեսակի էկոլոգիան և պոպուլյացիայի համար հնարավոր վտանգները: Վերանայել պետական սահմանների պահպանության ապահովման ձևերը` բացառելով խիտ մացառուտների սեզոնային հրդեհումը վերահսկվող տարածքներում: Ստեղծել ժամանակավոր հանգստի գոտիներ և անցկացնել սահմանապահ զորքերի ու բնակչության շրջանում բնապահպանական իրազեկության բարձրացման դասընթացներ:

 

81. Գեղանի կռունկ, Arthropoides virgo Linneus, 1758

 

Կարգ` ԿՌՈՒՆԿԱՆՄԱՆՆԵՐ, GRUIFORMES

 

Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` քիչ տարածված, չվող, հազվագյուտ տեսակ է: որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Աֆրիկա, Իսպանիայից` մինչև Բայկալ, Մոնղոլիա, Միջին Ասիա, Փոքր Ասիա, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Առավելապես հանդիպում են հանրապետության կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Հանրապետությունում հանդիպում են միայն աշնանային և գարնանային չուի շրջաններում 200-300 առանձնյակներից կազմված երամներով: Հանգստի համար օգտագործում են վարելահողերը և գյուղատնտեսական ցանքատարածությունները:

Ապրելավայրերը: Բնակվում է քարքարոտ, ցածր խոտածածկով կիսաանապատներում, նախալեռնային տափաստաններում և գյուղատնեսական ցանքատարածություններում, արոտավայրերում, մարգագետիններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են հողի վրա, չոր վայրերում, բայց ջրին մոտ, որը կարող է լինել առվակ, լիճ կամ ճահճուտ, հաճախ` նաև բնակավայրերի մոտ: Ձվերը` 2, 81-94 մմ, մուգ կաթնագույն, մակերեսային դեղնա-դարչնագույն բծերով: Թխսումը` մոտ 30 օր: Ձվից դուրս եկած ձագերը, չորանալուց հետո ի վիճակի են հետևելու ծնողներին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում են 200-300 առանձնյակներից բաղկացած երամներով, որոնք հանգստի համար օգտագործում են առավելապես Սևանի ավազանի ցանքատարածությունները:

Վտանգման հիմնական գործոնները: Վաղ գարնան շրջանում, եղանակի կտրուկ փոփոխման հետևանքով կարող են ցրտահարվել:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է կազմակերպել հաշվառում չուի շրջաններում, իսկ անբարենպաստ պայմանների ժամանակ` կերակրում:

 

82. Մոխրագույն կռունկ, Grus grus (Linnaeus, 1758)

 

Կարգ` ԿՌՈՒՆԿԱՆՄԱՆՆԵՐ, GRUIFORMES

 

Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` քիչ տարածված տեսակ է, որի թվաքանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Եվրոպայից մինչև Միջին Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Նախկինում մշտապես բնադրել է Սևանա լճի ջրավազանում, գլխավորապես` Գիլլի լճի եղեգնուտներում: Վերջին տարիներին բնադրավայրերը հայտնաբերվել են Աշոցքի, Տավուշի և Ստեփանավանի շրջաններում:

Ապրելավայրերը: Համեմատաբար փոքր մակերևույթ ունեցող լճեր ճահճացած ափերով եղեգնուտների և ջրային այլ բույսերի առկայությամբ, ինչպես նաև այդ լճերի շրջակայքում եղած խոնավ մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանը Հայաստան են գալիս մարտի վերջին - ապրիլի սկզբին: Բները պատրաստում են ծառերի մանր ճյուղերից և տարբեր խոտաբույսերի չորացած ցողուններից: Ապրիլի կեսին-մայիսի սկզբին դնում են 2, հազվադեպ` 3 ձու: Երբեմն մայիսի վերջին ձվադրում են երկրորդ անգամ: Ձագերը դուրս են գալիս մայիսի վերջին - հունիսի սկզբին: Ձագերի խնամքին և կերակրելուն մասնակցում է ինչպես էգը, այնպես էլ արուն: Հուլիսի երկրորդ կեսին ձագերը սկսում են թռչել: Աշնանային չուն սկսվում է օգոստոսի երկրորդ կեսին և շարունակվում մինչև հոկտեմբերի կեսը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Աշոցքի շրջանում ամեն տարի բնադրում են 2-3, Տավուշի շրջանում` 4-5, Ստեփանավանի շրջանում` 2 զույգեր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում բնադրում են, հավանաբար, մոխրագույն կռունկի մոտ 10 զույգեր:

Վտանգման հիմնական գործոնները: Թվաքանակի վրա բացասական ազդեցություն են թողնում ճահճացած տարածքների չորացումը և մարգագետինների ինտենսիվ օգտագործումը որպես արոտավայրեր:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել բնադրավայրերը Աշոցքի, Տավուշի և Ստեփանավանի շրջաններում:

 

83. Մարգահավ, Crex crex (Linnaeus, 1758)

 

Կարգ` ԿՌՈՒՆԿԱՆՄԱՆՆԵՐ, GRUIFORMES

 

Ընտանիք` Ջրահովվիկներ, Rallidae

 

Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Արևմտյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հանրապետության հյուսիսում:

Ապրելավայրերը: Բնադրում է լեռնա-մարգագետնային, մարգագետնա-տափաստանային բիոտոպերում: Ապրելավայրերը յուրացվում են գյուղատնտեսական նպատակներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 8- 12 ձու: Հայտնի են կրկնակի ձվադրման երևույթներ` կորսվածի փոխարեն:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Համաձայն 2009 թ-ի տվյալների, Խարկովի Կենդանաբանական այգում պահվում է մեկ առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարգահավի թվաքանակի վրա բացասաբար ազդում են բնադրման շրջանում կատարվող գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև անհանգստության գործոնը անասունների արածեցման (որը ներառում է նաև ուղղակիորեն հասցվող վնասը հովիվների շների կողմից) և վայրի խոտաբույսեր հավաքելու ժամանակ: Հնարավոր է նաև ապօրինի որսը կաքավի պաշտոնական որսի շրջանում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիտորինգի պլանում, վերանայել տեսակի հանդիպման վայրերում հողային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը` ստեղծելով սեզոնային հանգստի գոտիներ կամ արգելավայրեր: Անհրաժեշտ է նաև մեծացնել տուգանքի չափը և կազմակերպել էկոլոգիական իրազեկության բարձրացման դասընթացներ:

 

84. Սուլթանական հավ, Porphyrio porphyrio (Linnaeus, 1758) Ենթատեսակ` Porphyrio porphyrio caspius (Hartert, 1917)

 

Կարգ` ԿՌՈՒՆԿԱՆՄԱՆՆԵՐ, GRUIFORMES

 

Ընտանիք` Ջրահովվիկներ, Rallidae

 

Կարգավիճակը: Սակավ ուսումնասիրված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից և Հյուսիսային Աֆրիկայից մինչև Առաջավոր և Հարավային Ասիա, Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է Սևանա լճի հարավ-արևմտյան ափի երկայնքով, Արաքսի հովտում` Արարատի շրջանում և հանրապետության ծայր հարավում` Մեղրիի շրջանում:

Ապրելավայրերը: Բնակվում է եղեգնուտի խիտ մացառուտներում` բնական ջրամբարների, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսությունների ծանծաղուտային ափերի երկայնքով:

Ապրելավայրերի տարածքի կրճատումը կապված է բնակչության համար հանգստի գոտիներ, լողափեր, ձկնաբուծական տնտեսություններ ստեղծելու և գյուղատնտեսական կարիքների համար այդ տարածքների յուրացման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է 1-2 անգամ` դնելով 3-5 ձու: Հայտնի են կրկնակի ձվադրման երևույթներ` կորսվածի փոխարեն: Կան տվյալներ Մոսկվայի, Բաքվի և Մինսկի Կենդանաբանական այգիներում սուլթանական հավերի բազմացման վերաբերյալ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 2008 թ-ի տվյալներով, Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 73 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Սուլթանական հավի թվաքանակի վրա բացասականորեն ազդում է անհանգստացնելու գործոնը ձկնաբուծական լճակների շահագործման ընթացքում, մասնավորապես` ջրի մակարդակի հաճախակի տատանումները: Հնարավոր է նաև ապօրինի որսը ջրլող թռչունների պաշտոնական որսի ժամանակահատվածում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում, վերանայել տեսակի հանդիպման վայրերում ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը` ստեղծելով սեզոնային հանգստի գոտիներ կամ արգելավայրեր: Անհրաժեշտ է նաև մեծացնել տուգանքի չափը և կազմակերպել էկոլոգիական իրազեկության բարձրացման դասընթացներ:

 

85. Փոքր արոս, Tetrax tetrax (Linnaeus, 1758)

 

Կարգ` ԿՌՈՒՆԿԱՆՄԱՆՆԵՐ, GRUIFORMES

 

Ընտանիք` Արոսներ, Otididae

 

Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); Ca(i); D1:

Տարածվածությունը: Տեղ-տեղ տարածված է Արևմտյան Եվրոպայում, բնակեցնում է Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպան, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է միայն չուի շրջանում, հիմնականում հանրապետության արևմուտքում:

Ապրելավայրերը: Չուի շրջանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով սովորաբար 3-4 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 2008 թ-ի տվյալներով, Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում են 17 առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր արոսի թվաքանակի նվազեցման վրա չուի շրջանում բացասաբար է ազդում ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Անհրաժեշտ է ուժեղացնել չուի շրջանում ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև մեծացնել տուգանքի չափը և կազմակերպել էկոլոգիական իրազեկության բարձրացման դասընթացներ:

 

86. Մեծ արոս, Otis tarda

 

Կարգ` ԿՌՈՒՆԿԱՆՄԱՆՆԵՐ, GRUIFORMES

 

Ընտանիք` Արոսներ, Otididae

 

Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2c+3c+4c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2c+3c+4c:

Տարածվածությունը: Ենթատեսակի հիմնական մասը բնակեցնում է Իբերիան, Մարոկկոն, Թուրքիան, Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպան, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է միայն չուի շրջանում, հիմնականում` հանրապետության արևմուտքում:

Ապրելավայրերը: Չուի շրջանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 1- 4, սովորաբար` 2-3 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Բավականին կանոնավոր հանդիպում է չուի շրջանում: 2008 թ.-ի տվյալներով, Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում են 36 առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Թվաքանակի վրա բացասաբար է ազդում ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 1-ում:

Անհրաժեշտ է ուժեղացնել չուի շրջանում թռչուններին բռնելու և ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը և մեծացնել տուգանքի չափը: Խիստ անհրաժեշտ է բարձրացնել բնակչության բնապահպանական իրազեկության մակարդակը:

 

87. Կտցար-կաչաղակ, Haematopus ostralegus Linnaeus, 1758

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Կտցար-կաչաղակներ, Haematopodidae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` հազվագյուտ, սակավաթիվ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Լայն տարածված է գրեթե ամբողջ երկրագնդի վրա, սակայն թվաքանակը մեծ չե:

Տարածվածությունը Հայաստանում: 30-40-ականների տվյալներով` Հայաստանում հանդիպել է ամենուրեք: 50-ականներին եզակի առանձնյակներ նկատվել են Սևանա լճի ջրավազանում և Արաքս գետի հովտում: Ներկայումս` չվահյուր Սևանա լճի ջրավազանում և Արաքս գետի հովտում:

Ապրելավայրերը: Սևանա և Լիճք (Մարտունու շրջան) լճերի ծանծաղուտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Դնում են 2-4 ձու: Թխսումը տևում է 21-27 օր: Հայաստանում չի բնադրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Եզակի առանձնյակներ հանդիպում են Նախկին Գիլլի և Լիճք լճերի շրջակայքում:

Վտանգման հիմնական գործոնները: Թվաքանակի վրա բացական ազդեցություն են թողել Արարատյան հարթավայրի ճահճացած տարածքների չորացումը և Սևանա լճի ծանծաղուտների անհետացումը` կապված լճի մակարդակի իջեցման հետ:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ` թվաքանակի և տարածվածության արդի վիճակը պարզաբանելու և պահպանության ավելի արդյունավետ միջոցառումեր ձեռնարկելու նպատակով:

 

88. Ծովային քարադր, Charadrius alexandrinus Linnaeus, 1758

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Քարադրներ, Charadriidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, դեպի հարավ` մինչև Կապյան Երկիր, Ցեյլոն, Տասմանիա, ԱՄՆ և Վեստ-Ինդիա ու Չիլիի ափերը:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրում է Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, հավանաբար, նաև մասնատված` Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի շրջակայքում:

Ապրելավայրերը: Աղուտներ, աղային և կավային տեղամասեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է մարտ-ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա: Ձվադրումը` սովորաբար, տարեկան մեկ անգամ` ապրիլ-հունիսին: Դնում են 2-4, սովորաբար, 3 ձու: Զարգացումը` 24-27 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից: Պոպուլյացիան կազմված է, հավանաբար, 30-40 զույգերից:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ: Բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել Արարատի մարզի հայտնի բնադրավայրերը` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

 

89. Հաստակտուց քարադր, Charadrius leschenaultii Lesson, 1826

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Քարադրներ, Charadriidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a; Ca(i); D:

Տարածվածությունը: Թուրքիայից և Հյուսիսային Իրանի անապատներից մինչև Մոնղոլիա:

Տարածվածությունը Հայաստանում: XX դարի սկզբում բնադրել է Արմավիրի մարզի Սարդարապատի տափաստանում:

Ապրելավայրերը: Կավային, աղուտային և խճային անապատներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Չվող, բնադրավայրերում հանդիպում է մարտ-ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա: Բնադրումը մարտի վերջից մինչև ապրիլի կեսերը: Դնում են 2-4, սովորաբար, 3 ձու: Զարգացումը` մոտ 24 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս Հայաստանում բնադրումներ հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն: Սակայն տեսակի փոքր թվաքանակը և մարդու տնտեսական գործունեությունը պատմական բնադրավայրերում կարող էին բացասական ազդեցություն ունենալ Հայաստանում տեսակի պոպուլյացիայի վրա:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է փնտրել բնադրավայրերը Սարդարապատի տափաստանում:

 

90. Ճախրուկ, Chettusia gregaria Pallas, 1771

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Քարադրներ, Charadriidae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է: Նախկին ԽՍՀՄ էնդեմիկ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered A3bc+4bc» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+B2a; Ca(i); D:

Տարածվածությունը: Կղզյակային տարածվածություն ունի Վոլգայի աջափնյա տափաստանային և կիսաանապատային շրջաններից` մինչև Զայսանի գոգվածք և Տարբագատայի Չելիկտինյան հովիտ արևելքում: Չուի ժամանակ հանդիպում է Ղազախստանում, Միջին Ասիայում, ՈՒկրաինայում և Անդրկովկասում: Ձմեռում է Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում, Իրանում, Իրաքում, Հյուսիս-Արևմտյան Հնդկաստանում և Պակիստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Եզակի առանձնյակներ նկատվել են Արաքս գետի հովտում և Գեղամա լեռնաշղթայի լեռնատափաստաններում:

Ապրելավայրերը: ՈՒսումնասիրված չեն:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում են խմբերով, ապրիլի երկրորդ կեսին: Դնում են 4 ձու: Թխսումը տևում է 25 օր: Հայաստանում չի բնադրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Տվյալներ չկան:

Վտանգման հիմնական գործոնները: Մշտապես եղել է սակավաթիվ:

Պահպանության միջոցառումները: Հայաստանում պահպանության հատուկ միջոցառումներ մշակված չեն:

Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ` թվաքանակի և տարածվածության արդի վիճակը պարզաբանելու և պահպանության ավելի արդյունավետ միջոցառումեր ձեռնարկելու նպատակով:

 

91. Սպիտակապոչ եղտյուրիկ, Chettusia leucura (M.N.K. Lichtenstein, 1823)

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Քարադրներ, Charadriidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Տարածված է Կենտրոնական Թուրքիայից, Իրաքից և Իրանից դեպի արևելք մինչև Հարավ-Արևելյան Աֆրիկա, Պակիստան և Հյուսիս-Արևմտյան Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Վերջին տարիներին` հանրապետությունում առաջացնում է գաղութներ: Բնադրավայրերը հայտնաբերված են Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում:

Ապրելավայրերը: Կավային աղուտային տեղամասեր ջրավազանների մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա: Ձվադրումը` տարեկան մեկ անգամ` ապրիլին-մայիսի սկզբին: Դնում են 3, հազվադեպ` 4 ձու: Զարգացումը` 22-24 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում: Պոպուլյացիայում հաշվառվում է, հավանաբար, 30-40 զույգից ոչ ավել:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումն անմիջապես բնադրավայրերի մոտ: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Չեն կիրառվում:

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն բնադրավայրերում` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

 

92. Մեծ իլիկակտցար, Limosa limosa (Linnaeus, 1758)

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Մորակտցարներ, Scolopacidae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2b:

Տարածվածությունը: Տարածված է Իսլանդիայից մինչև Կամչատկա, Սև ծովի հարավային շրջաններում, Անդրկովկասում, Կասպից ծովում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում: Ձմեռում է Եվրոպայում, Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա լճի ավազանում, Արարատյան հարթավայրում:

Ապրելավայրերը: Նախընտրում է գետաբերանները, ճահճուտները, գերխոնավ տարածքները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են ջրին մոտ խոտաբույսերի մեջ, թփուտների տակ: Դնում են բաց կանաչավուն, 48-59 մմ չափեր ունեցող 4 ձու: Թխսումը` 24 օր: Ձագերն աճում են շատ արագ և մեկ ամիս հետո կարողանում են թռչել:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել:

Վտանգման հիմնական գործոնները: Չուի շրջաններում չկանոնավորված որսը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է կանխել չկանոնավորված որսը: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ: Չուի շրջանում կազմակերպել թվաքանակի հաշվառում:

 

93. Մեծ արորիկ, Numenius arquata (Linnaeus, 1758)

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Մորակտցարներ, Scolopacidae

 

Կարգավիճակը: Հայաստանի համար` հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2b:

Տարածվածությունը: Տարածված է Բրիտանական կղզիներից մինչև Մերձբալթիկա, Եվրոպայում, Ղրիմում, Կովկասում, Անդրկովկասում, Մոնղոլիայում: Ձմեռում է Հյուսիսային և արևադարձային Աֆրիկայում, Պարսկական ծովածոցում, Հնդկաստանում, Չինաստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա լճի ավազանում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում:

Ապրելավայրերը: Ճահճուտներ, բաց մարգագետիններ, գերխոնավ տարածքներ, ջրամբարների ափեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են ջրին մոտ խոտաբույսերի մեջ: Դնում են բաց կանաչավուն, 65-66 մմ չափեր ունեցող 4 ձու: Թխսումը` 26-28 օր: Ձագերն աճում են շատ արագ և 1,5 ամիս հետո կարողանում են թռչել:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել:

Վտանգման հիմնական գործոնները: Չուի շրջաններում չկանոնավորված որսը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է կանխել չկանոնավորված որսը: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ: Չուի շրջանում կազմակերպել թվաքանակի հաշվառում:

 

94. Կրկնակտցար, Gallinago media (Latham, 1787)

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Մորակտցարներ, Scolopacidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Սկանդինավյան երկրներում, Եվրոպայում, ՈՒկրայինայում, Ռուսաստանում, Անդրկովկասում: Ձմեռում է Հարավային Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա և Արփի լճերի ավազաններում, Արարատյան հարթավայրում, արհեստական ջրամբարների ափամերձ տարածքներում, Լոռվա մարզում:

Ապրելավայրերը: Նախընտրում է գետաբերանները, լճափերը, ճահճուտները, խոնավ մարգագետինները, գերխոնավ տարածքները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները պատրաստում են ճիմապատ, լավ թաքնված վայրերում: Բնադրում է հողի վրա: Դնում են բաց մոխրագույն, 41-45 մմ չափեր ունեցող 4 ձու: Թխսումը` 22-24 օր: Ձագերն աճում են շատ արագ, մոտ մեկ ամիս հետո հասնում են ծնողների չափերին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել:

Վտանգման հիմնական գործոնները: Չուի շրջաններում չկանոնավորված որսը և որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է կանխել չկանոնավորված որսը: ՈՒժեղացնել պայքարը որսագողության դեմ: Չուի շրջանում կազմակերպել թվաքանակի հաշվառում:

 

95. Ոտնացուպիկ, Himantopus himantopus (Linnaeus, 1758)

Ենթատեսակ` Himantopus himantopus himantopus (Linnaeus, 1758)

 

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Բզակտուցներ, Recurvirostridae

 

Կարգավիճակը: Խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Եվրոպայում և Աֆրիկայում` մինչև Հարավային Եվրոպա, դեպի արևելք` մինչև Մոնղոլիա և դեպի հարավ` մինչև Հարավային Աֆրիկա, Մադագասկար և Ցեյլոն:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հիմնականում բնադրում է Արարատյան հարթավայրում ինչպես նաև Արփի ու Սևանա լճի շրջակայքում:

Ապրելավայրերը: Նախընտրում է կանգնած, դանդաղահոս ջրերը նոսր բուսականությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է բաց ջրային ծանծաղուտ տարածքներում է ոչ մեծ գաղութներով` չոր կամ ճահճացած հողի վրա: Բույնը` գետնին փոքր թմբերի վրա: Ձվադրումը` տարեկան մեկ անգամ` հունիսին: Դնում է 3-4 ձու, ձվերը կորցնելու դեպքում հնարավոր է կրկնակի ձվադրում: Սնվում է հիմնականում ջրային անողնաշար կենդանիներով և դրանց թրթուրներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Համաձայն վերջին հաշվառումների` Հայաստանում գրանցված է 50-70 զույգ: Մոսկվայի կենդանաբանական այգում գտնվում է 6 առանձնյակ, որտեղ հայտնի է անազատ պայմաններում բազմանալու մեկ դեպք:

Վտանգման հիմնական գործոնները: Միշտ եղել է սակավաթիվ: Ձվադրման ժամանակ վնաս են կրում ընտանի անասունների կողմից: Ոտնացուպիկի թվաքանակի վրա ազդում է ճահիճների չորացումը, թունաքիմիկատների օգտագործումը, շրջակա գյուղերի բնակիչների կողմից բնադրման ընթացքում թռչուններին անհանգստություն պատճառելը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է վերանայել ինչպես ճահիճների կառավարումը, այնպես էլ թունաքիմիկատների օգտագործումը, իրականացնելով այն ավելի անվտանգ, էկոլոգիական մեթոդներով` տեսակի և դրա ապրելավայրերի պահպանման համար:

 

96. Բզակտուց Recurvirostra avosetta Linnaeus, 1758

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Բզակտուցներ, Recurvirostraidae

 

Կարգավիճակը: Հայաստանում խիստ հազվագյուտ, սակավաթիվ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Սպորադիկ տարածված է ամբողջ Եվրասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում:

Ապրելավայրերը: Նախկինում բնադրել է Արարատյան հարթավայրի աղի ջրավազանների հարթ ափերին, ինչպես նաև Գիլլի լճում: Ապրելավայրերի վիճակը վերջին տարիներին որոշ չափով լավացել է` կապված Արարատյան հարթավայրի ջրային հանդակների լայնացման հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է չոր, բաց տեղերում, ջրից ոչ հեռու: Ձվադրում է մայիսի կեսերից մինչև հունիսի կեսերը: Դնում է 4 ձու: Թխսումը` մոտ 23 օր: Վերջին տարիներին կրկին բնադրում է Արարատյան հարթավայրում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1969 թ-ի ապրիլի 16-ին Լիճք լճում հանդիպել են մի քանի թռչուններ:

Վտանգման հիմնական գործոնները: Հանրապետությունում միշտ եղել է սակավաթիվ:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Հատուկ միջոցառումներ չեն կիրառվում:

Անհրաժեշտ է ճշգրտել թվաքանակը և տարածումը հանրապետությունում:

 

97. Մարգագետնային ծիծառակտցար Glareola pratincola (Linnaeus, 1766)

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Ծիծառակտցարներ, Glareolidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է, բնադրման տեղային բնույթով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա, Աֆրիկա, Հարավ-Արևմտյան Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Չուի շրջանում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում: Բնադրավայրեր հայտնաբերվել են Արմավիրի (գ. Տարոնիկ), Արարատի (Արմաշի ձկնաբուծական տնտեսություն) և Գեղարքունիքի (Սևանա լիճ) մարզերում:

Ապրելավայրերը: Խոտաբուսածածկով տափաստաններ, կավային և աղուտային տարածքներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է: Հայաստանի բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա, ջրից ոչ հեռու: Ձվադրում է տարեկան մեկ անգամ` ապրիլին - մայիսի սկզբին: Դնում է 3, հազվադեպ` 2 կամ 4 ձու: Թխսումը` մոտ 17-19 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Կանոնավոր բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից: Բնադրող գաղութի թվաքանակը հայտնի չէ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումն անմիջապես բնադրավայրերի մոտակայքում: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Հատուկ միջոցառումներ չեն կիրառվում:

Անհրաժեշտ է ցանկապատել Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում գտնվող բնադրավայրերը` բնադրման շրջանում մարդու և ընտանի խոշոր եղջերավոր անասունների մուտքը կանխելու նպատակով: Կազմակերպել որսորդների և բնակչության էկոլոգիական դաստիարակման դասընթացներ:

 

98. Տափաստանային ծիծառակտցար, Glareola nordmanni J. G. Fischer, 1842

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Ծիծառակտցարներ, Glareolidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ, չուի շրջանում հանդիպող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); D1:

Տարածվածությունը: Դունայի ստորոտների տափաստաններից մինչև Մերձբալթյան տափաստաններ, դեպի հյուսիս` մինչև հարավային Բելոռուսիա, Դոնի միջին հոսանք, Սամարա, Օմսկ, դեպի հարավ` մինչև Նախակովկաս, Աստրախան, Արալյան ծով և Զայսան լիճ: Տեղ-տեղ բնադրում է Ռումինիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Չուի շրջանում հանդիպում է Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Խոտաբուսածածկով տափաստաններ, կավային և աղուտային տարածքներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող երամակները նկատվում են գարնանը (մարտ-ապրիլ), ջրամբարներին մոտ: Հաճախ հանդիպում են քարադրների հետ ընդհանուր խմբերում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրման վերաբերյալ տվյալները ճշգրտման կարիք ունեն: Չվող երամակները նկատվում են ոչ կանոնավոր և, սովորաբար, կազմված են 5-15 առանձնյակներից:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի ամբողջ արեալում նկատվում է թվաքանակի կրճատում: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Չուի շրջանում օգտագործվող տարածքների մի մասը պահպանվում են «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է կազմակերպել որսորդների և բնակչության էկոլոգիական դաստիարակության դասընթացներ:

 

99. Հայկական որոր, Larus armenicus Buturlin, 1934

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Որորներ, Laridae

 

Կարգավիճակը: Բնութագրվում է սահմանափակ արեալով և հեշտ խոցելի բնադրավայրային բիոտոպերով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հայաստան, Արևելյան Թուրքիա, Արևմտյան Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Ամբողջ տարվա ընթացքում հանդիպում է Սևանա լճի ավազանում, այստեղ է գտնվում նաև հիմնական գաղութը: Բնադրում է Արփի լճի կղզիներում: Հանդիպում է գգ. Արաքսի, Հրազդանի և Ախուրյանի հունի երկայնքով: Վերջին տարիներին` կապված Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների զարգացման հետ, դարձել է սովորական տեսակ, սակայն այստեղ չի բնադրում:

Ապրելավայրերը: Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրել է ջրաեզրին մոտ` ուղղաբերձ լանջերին: Բնադրման բարենպաստ պայմաններից բացի, առկա էր հարուստ կերային բազա` շնորհիվ ինչպես լճում ձկների բարձր թվաքանակի, այնպես էլ ձկնամշակման գործարանի թափոնների առկայության: Լճի մակարդակի իջեցումը հանգեցրեց բնադրման պայմանների և կերային բազայի խիստ վատթարացմանը: Սակայն լճի մակարդակի իջեցման շնորհիվ գ. Նորաշենի մոտակայքում առաջացան երկու կղզյակներ, որոնք որորները հաջողությամբ յուրացրեցին որպես բնադրավայր: Ներկայումս որորների սնման համար կարևոր դեր են խաղում սննդային մնացորդները: Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրային հիմնական երկու գաղութները զբաղեցնում են 3,5 հա մակերեսով երկու կղզյակները: Դիտվում է Արփա լճում բնադրող զույգերի թվաքանակի մեծացման միտում: Մայիսի վերջին - հունիսի սկզբին կարելի է հանդիպել ինչպես ձվերով բներ, այնպես էլ կղզյակների մոտ լողացող ձագեր: Կախված տվյալ տարվա պայմաններից` բազմացմանը մասնակցում են 20-86% որորներ: Սովորաբար, դնում են 3, հազվադեպ` 2 կամ 4 ձու: 1965-1970 թթ-ին Սևանա լճի գաղութում հաշվառվել է 60-100 բույն: Առավել բարենպաստ տարիներին հաշվառվում է մինչև 500 բույն: Կախված վտանգման գործոնների առկայությունից` պահպանվում են ձագերի 17-56%-ը:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը խիստ անկայուն է և որոշվում է բնադրման և կերային առկա պայմաններով: Միջինացված տվյալների համաձայն` գարնանն այստեղ հանդիպում է 800, ամռանը` 700, աշնանը` 1000, ձմռանը` 500 առանձնյակ: Սևանա լճի սառեցման դեպքում որորների հիմնական մասը չվում է գ. Արաքսի հովիտ: Առավել բարենպաստ տարիներին ձմեռելուց առաջ որորների թվաքանակը չի գերազանցում 1200 առանձնյակի:

Վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի ոչնչացումը: Մարդու կողմից պատճառվող անհանգստությունը և որորների ուղղակի ոչնչացումը: Բնադրման պայմանների և կերային բազայի վատթարացումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում: Նորաշենի կղզյակները ներգրավվել են արգելոցային գոտում:

Անհրաժեշտ է ապահովել որորների պահպանությունը ինչպես լճում, այնպես էլ աղբանոցների մոտ: Մշտապես անցկացնել բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում:

 

100. Որորակտուց ջրածիծառ, Sterna nilotica (J. F. Gmelin, 1789)

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Ջրածիծառներ, Sternidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հարավային և Միջին Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Ավստրալիա, Ամերիկա:

Տարածվածությունը Հայաստանում: Հավանաբար, բնադրում է Արարատի մարզի Արմաշ ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի նախկին Գիլլի լճի շրջակայքում:

Ապրելավայրերը: Աղուտային, աղային և կավային տեղամասերը` ջրավազանների մոտ: Լեռնատափաստանային լճերը և ճահճացումները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր, արեալի այլ մասերում բնադրում է հողի վրա: Ձվադրումը` ապրիլի վերջին - մայիսի սկզբին: Դնում են 1-4 ձու: Զարգացումը` 22-23 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում բնադրումները հայտնի չեն: Տեսակը հանդիպում է զույգերով, կամ 4-6 առանձնյակներից կազմված խմբերով:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել բնադրավայրերը Արարատի և Գեղարքունիքի մարզերում` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

 

101. Փոքր ջրածիծառ, Sterna albifrons Pallas, 1764

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Ջրածիծառներ, Sternidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հարավային և Միջին Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական և Հարավային Ասիա, Ավստրալիա, Պոլինեզիա:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրում է Արմավիրի և Արարատի մարզերում: Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում:

Ապրելավայրերը: Ջրավազաններին մոտ գտնվող աղուտները, աղային և կավային տեղամասերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է: Հայաստանում` չվող, հանդիպում է ապրիլ-մայիսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր: Բնադրում է հողի վրա: Ձվադրումը` մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը: Դնում են 1-3 ձու: Զարգացումը` 18-22 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերում հանդիպում են առանձին զույգերով կամ 4-6 զույգերից կազմված փոքր գաղութներով, հաճախ` կտցարների հետ խառը գաղութներում: Արարատյան հարթավայրի հարմար բիոտոպերում ամենուրեք հազվադեպ է:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել բնադրավայրերը` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

 

102.Սպիտակաայտ ջրածիծառ, Chlidonias hybrida (Pallas, 1811)

Կարգ` ՔԱՐԱԴՐԱՆՄԱՆՆԵՐ, CHARADRIIFORMES

 

Ընտանիք` Ջրածիծառներ, Sternidae

 

Կարգավիճակը: Հայաստանում մասնատված արեալով բնադրող, սակավաթիվ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հարավային և Միջին Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական և Հարավային Ասիա, Պոլինեզիա:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրում է Արմավիրի, Արարատի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Բնադրում է տափաստանային և կիսաանապատային շրջանների ջրային և մերձջրային բուսականությամբ կանգուն և թույլ հոսքով հարթավայրային ջրավազաններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գաղութային տեսակ է: Հայաստանում չվող, հանդիպում է ապրիլ-մայիսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր: Գաղութները տեղակայվում են բուսականությամբ ջրավազաններում: Բները հաճախ տեղադրված են լողացող տերևների վրա: Ձվադրումը` մայիսի վերջից մինչև հունիսի կեսերը: Դնում են 2-3 ձու: Զարգացումը` 18-20 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Բնադրավայրերում հանդիպում է առանձին զույգերով, կամ ոչ մեծ գաղութներով, հաճախ` այլ ջրածիծառների հետ խառը գաղութներում: Բնորոշ բիոտոպերում ամենուրեք հազվադեպ է կամ սակավաթիվ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ: Բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը տնտեսական գործունեության արդյունքում: Անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ: Որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Բնադրավայրերի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ցանկապատել հարմար բնադրավայրերը` բազմացման շրջանում մարդկանց և անասունների մուտքը կանխելու համար:

 

103.Սևափոր դռլոն, Pterocles orientalis (Linnaeus, 1758)

Կարգ` ԴՌԼՈՆԱՆՄԱՆՆԵՐ, CICONIFORMES

 

Ընտանիք` Դռլոններ, Pteroclididae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); C2a(i); D1:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Իբերիական թերակղզուց, Հյուսիսային Աֆրիկայից և Փոքր Ասիայից, դեպի արևելք` մինչև Իրան-Թուրքիա սահմանը:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերի կիսաանապատներում:

Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատներում` բնակեցնելով համեմատաբար թեք լանջերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է հողի վրա: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 2-3 ձու: Ձվերը կորցնելու դեպքում կրկին ձվադրում է: Սնվում է կանաչ դալար խոտաբույսերով, սերմերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Սևափոր դռլոնի թվաքանակի վրա բացասականորեն կարող է ազդել անասունների գերարածեցումը, ձվադրման շրջանում անհանգստացնելը վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից, ինչպես նաև ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտում` տեսակի արեալի սահմաններում, անասունների արածեցման մեխանիզմները: Նպատակահարմար է սեզոնային արգելավայրերի կամ հանգստի գոտիների ստեղծումը:

Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը և բարձրացնել բնակչության էկոլոգիական իրազեկության մակարդակը:

 

104. Բվեճ, Bubo bubo (Linnaeus, 1758)

Ենթատեսակ` Bubo bubo interpositus (Rothschild and Hartert, 1910)

 

Կարգ` ԲՎԱՆՄԱՆՆԵՐ, STRIGIFORMES

 

Ընտանիք` Բվեր, Strigidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a; C2a(i); D1:

Տարածվածությունը: Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է նոմինատիվ ենթատեսակի տարածման շրջանից դեպի հարավ, Բեսարաբիայում, Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում, Սիրիայում: Հյուսիսային սահմաններն անցնում են մոտավորապես Խարկովի մարզի հարավային մասերով, Կիևի մարզով, Պոդոլիայով, Բեսարաբիայով, Թավրիզյան տափաստաններով, Դնեպրի ստորոտներով: Հանդիպում է նաև Հյուսիսային Կովկասում, դեպի արևելք` մինչև Էրզրում, դեպի հարավ` մինչև Սիրիա, Հյուսիսային Պաղեստին և Հյուսիս-Արևմտյան Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամենուրեք:

Ապրելավայրերը: Նստակյաց է: Լայնորեն տարածված է և բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ 2700 մ ծ.մ.բ. բարձրություններում: Լեռներում կատարում է ուղղահայաց միգրացիաներ` ձմռանը իջնելով հարթավայրեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է քարանձավներում, ժայռերի միջև և խուլ կիրճերում: Որսի դուրս է գալիս մթնշաղին և որս կատարում մինչև լուսաբաց: Սնվում է, առավելապես, կրծողներով և թռչուններով: Նստակյաց: Բնադրում է փչակներում, արեալի այլ հատվածներում հաջողությամբ բնակեցնում է թռչնաբները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 2-4 ձու: Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում 2007 թ.-ին գրանցվել են 13 բազմացող զույգեր,մ որոնցից ստացվել են 16 ձագեր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 2008 թ.-ի տվյալներով, Երևանի Կենդանաբանական այգում պահվում են 9, իսկ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում` 154 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Տվյալները բավարար չեն, սակայն, հավանաբար, բացասական գործոններից է մարդու կողմից ուղղակի հետապնդվելը: Բազմաթիվ են անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը: Հավանաբար, թվաքանակի վրա ազդում է նաև թունաքիմիկատների օգտագործման պետական կարգավորման անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի` կերակրավայրերի, յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար, քանի որ բվեճը խիստ զգայուն է բիոտոպերի փոփոխման նկատմամբ:

Պահպանության միջոցառումները: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է պետական մի շարք արգելոցներում և արգելավայրերում:

Հաշվի առնելով թվաքանակի վերաաբերյալ տվյալների սակավությունը, անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ կատարելու համար: Նկատի ունենալով բազմաթիվ վտանգները, խիստ անհրաժեշտ է մշակել մի շարք միջոցառումներ ինչպես բնադրավայրերը պահպանելու, այնպես էլ բնակչության էկոլոգիական դաստիարակման ուղղությամբ: Անհրաժեշտ է վերանայել բվեճի բնադրավայրերում հողային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի մեթոդները` կիրառելով էկոլոգիապես ավելի անվտանգ միջոցներ: Մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի համար:

 

105. Թավշաոտ բու, Aegolius funereus (Linnaeus, 1758)

Կարգ` ԲՎԱՆՄԱՆՆԵՐ, STRIGIFORMES

 

Ընտանիք` Բվեր, Strigidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ, ռելիկտային տեսակ է, խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Հյուսիսային և Միջին Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա: Caucasicus ենթատեսակը, որը հանդիպում է Հայաստանում, բնակեցնում է Կովկասը և Թուրքիան:

Տարածվածությունը Հայաստանում: «Խոսրովի անտառ» արգելոցում հայտնի են մի քանի մեկուսացված ապրելավայրեր:

Ապրելավայրերը: Ապրում է լեռնալանջերի, ձորակների լայնատերև անտառներում և գետերի հովիտներում, որտեղ կան հին փչակավոր ծառեր:

Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց: Բնադրում է փչակներում, արեալի այլ հատվածներում հաջողությամբ բնակեցնում է թռչնաբները: Տարեկան մեկ ձվադրում` փետրվարից մինչև հունիս, կախված կերային բազայի առկայությունից: Դնում են 1-10, սովորաբար, 3-7 ձու: Զարգացումը` 25-32 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Խիստ հազվագյուտ տեսակ է չբացահայտված տարածմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում:

Տեսակը խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է հայտնաբերել նոր բնադրավայրեր և կատարել միջոցառումներ տեսակին արհեստական բնադրավայրեր-թռչնաբներ գրավելու համար:

 

106. Կանաչ մեղվակեր, Merops persicus Pallas, 1773

Կարգ` ՆԵՐԿԱՐԱՐԱՆՄԱՆՆԵՐ, CORACIIFORMES

 

Ընտանիք` Մեղվակերներ, Meropidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հյուսիս Արևելյան Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Արարատյան հարթավայրի կիսաանապատային տեղանքներ:

Ապրելավայրերը: Կիսաանապատային դարափնյա կամ բլրոտ տեղամասեր: Արեալն աստիճանաբար յուրացվում է գյուղատնտեսական նպատակներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Սովորաբար, փորում են 0,3-0,8 մ խորությամբ բներ դարափին, բլուրներում: Դնում են 5-6: Թխսումը` մոտ 20 օր: Հուլիս-օգոստոսին կարելի է տեսնել թռչող ընտանեկան երամակներ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է:

Վտանգման հիմնական գործոնները: Քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից:

Պահպանության միջոցառումները: Պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը:

 

107. Ներկարար, Coracias garrulus (Linnaeus, 1758) Ենթատեսակ` Coracias garrulus garrulus (Linnaeus, 1758)

 

Կարգ` ՆԵՐԿԱՐԱՐԱՆՄԱՆՆԵՐ, CORACIIFORMES

 

Ընտանիք` Ներկարարներ, Coraciidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից և Եվրոպայից, դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա, Իրան, Հարավ-Արևմտյան Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:

Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում` բնակեցնելով հարաբերականորեն թեք լանջերը քսերոֆիտային բուսականության և ժայռերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 3-6 ձու: Սնվում է, հիմնականում, միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Մեղրիի շրջանում խտությունը կազմում է 0,22 թռչուն 1 հա-ին:

Վտանգման հիմնական գործոնները: Ներկարարի թվաքանակի վրա բացասականորեն ազդում են կիսաանապատների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, որը կրճատում է կերակրավայրերը, և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում:

Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում:

Հաշվի առնելով թվաքանակի վերաբերյալ տվյալների սակավությունը, անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիտորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ - մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները, անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով:

 

108. Սև փայտփոր, Dryocopus martius (Linnaeus, 1758)

Կարգ` ՓԱՅՏՓՈՐԱՆՄԱՆՆԵՐ, PICIFORMES

 

Ընտանիք` Փայտփորներ, Picidae

 

Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Եվրոպա, Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում:

Ապրելավայրերը: Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց է: Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին: Դնում են 1-9, սովորաբար, 4-6 ձու: Զարգացումը` 12-14 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառով:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառների հատումները, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում:

Խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ արգելավայրեր` անտառի բարձրաբուն ծառերի ներառմամբ:

 

109. Դեղնագլուխ խաղտտիկ, Motacilla citreola Pallas, 1776

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Խաղտտնիկներ, Motacillidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Արևելյան Եվրոպա, Ասիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է բնադրավայրում Արփի լճի մոտ և Սևանա լճի ջրավազանում:

Ապրելավայրերը: Բարձրադիր մարգագետինների ջրածածկ տեղամասերում, տեղ-տեղ գյուղերի միջև:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա, կամ շինությունների որմնաքարերում: Սովորաբար, տարեկան մեկ ձվադրում` ապրիլ-հունիսին: Դնում են 4-7 ձու: Զարգացումը` 14-15 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Շիրակի մարզի բնադրավայրերը գտնվում են «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում:

Պահպանման հատուկ միջոցառումների կարիք չունի:

 

110. Կարմրակատար շամփրուկ, Lanius senator (Linnaeus, 1758)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Շամփրուկներ, Laniidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Տարածված է Կիպրոս կղզուց և Լիբանանից դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա և Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է հանրապետության հարավային, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների կիսաանապատային գոտում:

Ապրելավայրերը: Ապրում է կիսաանապատներում և լեռնային չորային տափաստաններում` բնակեցնելով չորային բուսականությամբ ծածկված, համեմատաբար թեք լանջերը` թփերի պարտադիր առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 5-7, սովորաբար, 6 ձու: Սնվում է միջատներով, սողուններով, երբեմն` կրծողներով և մանր ճնճղուկանմաններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրիի շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,34 թռչուն 1 հա-ին:

Վտանգման հիմնական գործոնները: Կարմրակատար շամփրուկի թվաքանակի վրա կարող է բացասականորեն ազդել կիսաանապատների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Հաշվի առնելով թվաքանակի վերաաբերյալ տվյալների սակավությունը, անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիտորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ - մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները, անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Կիրառել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներ:

 

111. Սպիտակափող սոխակ, Irania gutturalis (Guerin, 1843)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae

 

Կարգավիճակը: Սակավաքանակ, քիչ ուսումնասիրված, օլիգոտոպային տեսակ է Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Տարածված է Թուրքիայից դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա և Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հանրապետության կենտրոնական, հարավային և հարավ-արևելյան շրջանների կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:

Ապրելավայրերը: Ապրում է կիսաանապատներում և լեռնային չորային տափաստաններում` բնակեցնելով չորային բուսականությամբ ծածկված, համեմատաբար թեք լանջերը` թփերի և ծառերի պարտադիր առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ: Դնում են 4-5 ձու: Սնվում է առավելապես միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Պոպուլյացիայի խտությունն արեալի տարբեր մասերում խիստ տատանվում է:

Վտանգման հիմնական գործոնները: Սպիտակափող սոխակի թվաքանակի վրա կարող են բացասականորեն ազդել կիսաանապատների և լեռնային տափաստանների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

Հաշվի առնելով թվաքանակի վերաբերյալ տվյալների սակավությունը, անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիտորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ - մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները, անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Կիրառել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործման էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներ:

 

112.Շիկապոչ քարաթռչնակ, Oenanthe xanthoprymna (De Filippi, 1863)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae

 

Կարգավիճակը: Փոքր թվաքանակով, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a; D:

Տարածվածությունը: Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացած է Անդրկովկասում, Իրանի հյուսիսում, Հարավային Տաջիկստանի ու Աֆղանստանի արևելքում և Արևմտյան Պակիստանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը այս տեսակի արեալի ծայրհյուսիսային կետերից մեկն է, հանդիպում է ՈՒրծի լեռնաշղթայում և Մեղրիի շրջանում:

Ապրելավայրերը: Հայաստանում հանդիպում է կիսաանապատներում` բնակեցնելով քարքարոտ լանջերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բները տեղադրվում են ժայռերի նեղ ճեղքերում: Տարեկան ձվադրում է երկու անգամ` դնելով 4-6 ձու: Սնվում են միջատներով, հիմնականում` մրջյուններով, բզեզներով և թրթուրներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրիի շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,23 թռչուն 1 հա վրա:

Վտանգման հիմնական գործոնները: Հայաստանում շիկապոչ քարաթռչնակի թվաքանակի վրա ազդող բացասական գործոններից է մարդու կողմից բնական բիոտոպերի յուրացումը և, հավանաբար, գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Նկատի ունենալով Հայաստանում տեսակի արեալի փոքր չափերը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները, անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև ուժեղացնել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործման վերահսկողությունը:

 

113.Սոխականման ճռիկահավ, Locustella luscinioides (Savi, 1824)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Շահրիկներ, Sylviidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Արեալն ընդհատվող է` Հյուսիսային ծովից և Ալժիրից արևմուտքում մինչև Օբ գետի ջրավազանի վերնամասերը և Տյան-Շանի նախալեռները: Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում:

Ապրելավայրերը: Եղեգնուտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է հողի վրա` ջրաճահճային բուսականության մացառներում: Ձվադրումը, սովորաբար, տարեկան մեկ անգամ` ապրիլ-մայիսին: Դնում են 3-6 ձու: Զարգացումը` 10-14 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բները կարող են ոչնչացվել ձկնաբուծական տնտեսություններում եղեգնուտների այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է կարգավորել եղեգնուտների արհեստականորեն այրելը Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում և դրանք հնարավորինս հարմարեցնել ոչ բնադրման ժամանակաշրջաններին:

 

114. Հնդկական եղեգնաթռչնակ, Acrocephalus agricola (Jerdon, 1845)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Շահրիկներ, Sylviidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ է, սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Փոքր Ասիա, Կովկաս, Հյուսիսային Իրան, Հյուսիսային Հնդկաստան, Հիմալայներ, Չինաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Արմավիրի մարզի Մասիս քաղաքի մոտ, բնադրման վայրում և Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում:

Ապրելավայրերը: Եղեգնուտներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող տեսակ է, բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է եղեգնուտներում, հավանաբար տարեկան երկու անգամ, մայիս-հունիսին: Դնում են 3-6 ձու: Ձվերի զարգացումը` 12 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ:

Վտանգման հիմնական գործոնները: Բները կարող են ոչնչանալ ձկնաբուծական տնտեսություններում եղեգնուտներն այրելու հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է կարգավորել եղեգնուտների այրելը Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում և դրանք հնարավորինս հարմարեցնել ոչ բնադրման ժամանակաշրջաններին:

 

115.Կիսասպիտակավիզ ճանճորս, Ficedula semitorquata (Homeyer, 1885)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Ճանճորսներ, Muscicapidae

 

Կարգավիճակը: Սակավ ուսումնասիրված, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Կովկասում և Հյուսիսային Իրանում, դեպի արևմուտք` տեղ-տեղ, մինչև Բալկաններ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հյուսիսում, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում` բնակեցնելով սաղարթավոր և խառն անտառները:

Ապրելավայրերը: Բնակվում է լայնատերև անտառներում` հին փչակավոր ծառերի պարտադիր առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 3-7 ձու: Սնվում է թռչող միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Մեղրիի շրջանում խտությունը կազմում է 0,09 թռչուն 1 հա վրա:

Վտանգման հիմնական գործոնները: ՈՒսումնասիրված չէ, սակայն ենթադրվում է, որ անտառահատումների հետևանքով ապրելավայրերը կրճատվում են:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հետազոտել պոպուլյացիայի վիճակը և մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել անտառային զանգվածների կառավարման հարցին` ուղղելով այն բնական բիոտոպերի` հին անտառազանգվածների պահպանմանը (հավանաբար, ստեղծելով արգելավայրեր) և անտառատարածքների մասնատման կանխմանը: Անհրաժեշտ է վերանայել անտառօգտագործման հետ կապված էկոլոգիական փորձաքննության անցկացման քաղաքականությունը և ներգրավել տեսակը անտառների կենսաբազմազանության մոնիտորինգի պլանում:

 

116. Միջերկրածովային երաշտահավ, Parus lugubris anatoliae (Temminck, 1820)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Երաշտահավեր, Paridae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii); C1a(i):

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հունաստանի Լեսբոս կղզուց դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա և Հարավային Անդրկովկաս, և դեպի հարավ` մինչև Լիբանան և հյուսիսային Իրաք:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է Մեղրիի շրջանի գիհու նոսրանտառների գոտում:

Ապրելավայրերը: Հանդիպում է գիհու նոսրանտառներում` բնակեցնելով նաև ապրելավայրերին կից այգիներում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է երկու անգամ` դնելով 4-9 ձու: Սնվում է առավելապես միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը բնության մեջ, համաձայն վերջին հաշվառումների, կազմում է 250-350 զույգ:

Վտանգման հիմնական գործոնները: Միջերկրածովային երաշտահավի թվաքանակի վրա բացասաբար կարող են ազդել վերջին տարիներին Մեղրիի շրջանում հաճախակի դարձած անտառային հրդեհները, ինչպես նաև գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ստեղծել հակահրդեհային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա «Արևիկ» ազգային պարկում և պրոպագանդել հրդեհների կանխարգելման անհրաժեշտությունը Մեղրիի բնակչության շրջանում: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներով:

 

117. Մեծ ժայռային սիտեղ, Sitta tephronota obscura Sharpe, 1872

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Սիտեղներ, Sittidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, նեղ արեալային օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հայաստանից մինչև Նախիջևան, դեպի արևելք` մինչև Էլբուրսի լեռնաշղթան, և դեպի հարավ` մինչև Բելուջիստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է առավելապես հանրապետության հարավային և հարավ-արևելյան շրջանների կիսաանապատային գոտում:

Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատներում` բնակեցնելով ժայռային բիոտոպերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 5-8 ձու: Սնվում է առավելապես միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Մեղրիի շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,6 թռչուն 1 հա վրա:

Վտանգման հիմնական գործոնները: Մեծ ժայռային սիտեղի թվաքանակի վրա բացասական ազդեցություն կարող է թողնել գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվնաս մեթոդներով:

 

118.Կարմրաթև մագլցող, Tichodroma muraria (Linnaeus, 1766)

Ենթատեսակ` Tichodroma muraria muraria (Linnaeus, 1766)

 

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Սիտեղներ, Sittidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Արևմտյան Իրան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում` բարձր լեռներում` բնակեցնելով ժայռային բիոտոպերը:

Ապրելավայրերը: Հանդիպում է բարձր լեռներում` բնակեցնելով ժայռային կիրճերը և բարձր ժայռերով հատվածները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան, սովորաբար, ձվադրում է մեկ անգամ` դնելով 4-5 ձու: Սնվում է առավելապես միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Բացասական գործոնների ազդեցությունն ուսումնասիրված չէ:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է ուսումնասիրել մարդածին գործոնների ազդեցությունը` հետագայում տեսակի և դրա ապրելավայրերի պահպանման միջոցառումների պլանավորման համար:

 

119.Ժայռային դրախտապան, Emberiza buchanani Blyth, 1844

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Դրախտապաններ, Emberizidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Անդրկովկասից և Թուրքիայից մինչև Իրան և Թուրքմենիայի հարակից շրջաններ:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի հարավ-արևելյան շրջանների կիսաանապատային տեղանքներում, ինչպես նաև Արագածի և Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին` մինչև 1900 մ ծ.մ. բարձրություններ:

Ապրելավայրերը: Կիսաանապատային գոտու հարաբերականորեն փոքր թեքությամբ լանջերը պարտադիր թփուտների առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գարնանային չուն նկատվել է ապրիլի կեսերին: Բազմանում են մայիսից մինչև հուլիս: Բները պատրաստում են քարերի կամ փոքր թփերի տակ: Առավել ուշ ձվադրմամբ բնում հայտնաբերվում է 3-5 ձու: Էգը թխսում է 13 օր: Ձագերին կերակրում են սերմերով, թիթեռների թրթուրներով, տարբեր միջատներով և դրանց թրթուրներով: Բույնը լքում են 11-13-րդ օրը: Հուլիս-օգոստոսին դիտվում են կրկնակի ձվադրումներ: Թռչող ձագերը հանդիպում են հունիսի կեսերից մինչև օգոստոս: Չվում են սեպտեմբերի առաջին կեսին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Սակավաթիվ է: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Հարմար բիոտոպերում հանդիպումների հաճախականությունը բավականին բարձր է:

Վտանգման հիմնական գործոնները: Կիսաանապատային ապրելավայրերի յուրացումը տնտեսական նպատակներով:

Պահպանության միջոցառումները: Բնադրավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է կատարել տեսակի համալիր ուսումնասիրություններ, ընդգրկելով այն ամենամյա հաշվառումների հիման վրա կատարվող կենսաբազմազանության մոնիտորինգի պլանում: Հաշվի առնելով Հայաստանում այս տեսակի արեալի փոքր չափերը, տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման վտանգը, անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև լայնորեն անցկացնել բացատրական աշխատանքներ տեսակի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ:

 

120. Անապատային խածկտիկ, Rhodopechys githaginea (Lichtenstein, 1823)

 

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Սերինոսներ, Fringillidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Հյուսիսային Աֆրիկա, Փոքր Ասիա, Իսրայելից և Առաջավոր Ասիայից մինչև Պակիստան, Հյուսիս-Արևմտյան Հնդկաստան, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Արարատի մարզի ք. Վեդիի շրջակայքի բնադրավայրում: Առանձին առանձնյակներ նկատվել են Արարատի մարզի այլ մասերում և Կոտայքի մարզում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է նոսր խոտաբույսերով և թփերով ծածկված անապատային խճային լանջերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, բնադրավայրում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է ժայռերի ճեղքերում, մեծ քարերի կույտերում: Տարեկան ձվադրում է երկու անգամ` ապրիլի վերջին - մայիսի սկզբին: Դնում են 4-6 ձու: Զարգացումը` 11-14 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Խիստ սակավաթիվ տեսակ է օջախային բնադրմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ: Ապրելավայրերի փոփոխումը տնտեսական գործունեության արդյունքում:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել արգելավայր ք. Վեդիի շրջակայքում, ներառելով քաղաքի հյուսիսային մասում գտնվող խճային լանջերը և ժայռերը:

 

121.Անապատային խածկտիկ, Rhodopechys mongolica (Swinhoe, 1870)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Սերինոսներ, Fringillidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Հարավային Թուրքիա, դեպի արևելք` Անդրկովկասով, Հյուսիսային Իրանով, Կենտրոնական Ասիայով մինչև Գոբի անապատը:

Տարածվածությունը Հայաստանում: Բնադրավայրը հայտնաբերված է Արարատի մարզի Վեդի քաղաքի շրջակայքում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է սակավ խոտաբույսերով և թփուտներով ծածկված անապատային խճային լանջերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող տեսակ է, բնադրավայրում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր: Բնադրում է ժայռերի ճեղքերում, մեծ քարերի կույտերում: Ձվադրումը` ապրիլի երկրորդ կեսերին: Դնում են 3-8, ավելի հաճախ` 4-6 ձու: Զարգացումը` հավանաբար, 11-14 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին` գաղութային: Խիստ սակավաթիվ տեսակ է` մասնատված և ոչ ամենամյա բնադրմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը: Ապրելավայրերի փոփոխումը տնտեսական գործունեության արդյունքում:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է կազմակերպել արգելավայր Վեդի քաղաքի շրջակայքում` ներառելով քաղաքի հյուսիսում տեղադրված խճային ժայռերը և բլուրները:

 

122.Խաչկտուց, Loxia curvirostra Linnaeus, 1758

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Սերինոսներ, Fringillidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Ղրիմում, Կովկասում, Թուրքիայում և Կիպրոսում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է հյուսիս-արևելքում, բնակեցնելով խառն անտառները:

Ապրելավայրերը: Բնակվում է սոճու պարտադիր առկայությամբ անտառներում, որտեղ սնվում է առավելապես սոճու սերմերով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում են մեկ անգամ, դնելով 3-4 ձու:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Անազատ պայմաններում պահելու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են:

Վտանգման հիմնական գործոնները: Բավարար ուսումնասիրված չէ: Հավանաբար, ապրելավայրերը կրճատվում են անկանոն անտառահատումների, մասնավորապես սոճու հատման հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հետազոտել խաչակտուցի պոպուլյացիայի վիճակը, ինչպես նաև մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով:

 

123.Իսպանական ճնճղուկ, Passer hispaniolensis (Temminck, 1820)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Ճնճղուկներ, Ploceidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայից, Կանարյան և Միջերկրական ծովի ու Հյուսիսային Աֆրիկայի կղզիներից` Փոքր Ասիայով մինչև Աֆղանստան և Հյուսիս-Արևմտյան Հնդկաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Տավուշի մարզի գ. Սևքարի շրջակայքում` բնադրավայրում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է մշակովի լանդշաֆտը` այգիները, բնակավայրերի շրջակայքերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չվող, կամ նստակյաց, ձմռանը հանդիպում է Արաքս գետի հովտի եղեգնուտներում: Տարեկան 2, երբեմն 3 ձվադրում, առաջինը` ապրիլի կեսերին: Դնում են 2-8, ավելի հաճախ` 4-6 ձու: Զարգացումը` հավանաբար, 11-13 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ: Խիստ սակավաթիվ տեսակ է մասնատված արեալով և ոչ ամենամյա բնադրմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակ:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանման հատուկ միջոցառումների կարիք չունի:

 

124. Ալպիական ճայ, Pyrrhocorax graculus (Linnaeus, 1766)

Կարգ` ՃՆՃՂՈՒԿԱՆՄԱՆՆԵՐ, PASSERIFORMES

 

Ընտանիք` Ճայեր, Corvidae

 

Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայի, Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայի, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայի լեռները, Արևմտյան Տիբեթ, Հիմալայներ և Ալթայ:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է մեկուսացված օջախներով Զանգեզուրի լեռնաշղթայում և լեռնաճյուղերում:

Ապրելավայրերը: Բնակեցնում է սուբալպիան և ալպյան շրջանների ժայռերը և դրանց մերձակայքը: Ձմռանը հանդիպում է ցածր լեռնային շրջանում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց և չվող: Բնադրում է ոչ մեծ գաղութներով: Բները պատրաստում է դժվար հասանելի ժայռերում և կիրճերում: Ձվադրումը մայիս-հունիսին: Դնում են 3-6 ձու: Զարգացումը` 18-21 օր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Խիստ սակավաթիվ տեսակ է օջախային բնադրմամբ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն, հավանաբար, փոքր թվաքանակը:

Պահպանության միջոցառումները: Ապրելավայրերի մի մասը ներգրավված է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ»ազգային պարկում: Պահպանվում է «Բողաքար» պետական արգելավայրում:

Պահպանման հատուկ միջոցառումների կարիք չունի:

 

ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ, MAMMALS

 

125. Լայնականջ ոզնի, Erinaceus (Hemiechinus) auritus Gmelin, 1770

Կարգ` ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐ, INSECTIVORA

 

Ընտանիք` Ոզնիակերպեր, Erinaceidae

 

Կարգավիճակը: Հազվադեպ հանդիպող տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Հարավ-Արևելյան Եվրոպա, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիա, Արևմտյան Սիբիր, Հյուսիսային Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզեր, ինչպես նաև Արագածոտնի հարավային և հարավ-արևմտյան շրջանները:

Ապրելավայրերը: Չոր տափաստաններ, կիսաանապատներ, անապատներ: Խուսափում է խիտ բուսածածկով և մշակված տարածություններից: Լեռներում բարձրանում է մինչև 1355 մ ծ.մ.բ. բարձրություններ: Առավել գերադասում է խաղողայգիները, պտղատու այգիները և տնամերձ բանջարանոցները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Մթնշաղագիշերային կենդանիներ են: Սնվում են հիմնականում անողնաշար կենդանիներով (անձրևաորդեր, բզեզներ, ծղրիդանմաններ), ինչպես նաև մողեսներով, ավելի հազվադեպ` մանր կրծողներով և մանր թռչունների ձագերով: Բազմացման շրջանը երկարաձգված է: Հղի էգերը և նորածինները հանդիպում են վաղ գարնանից մինչև ամռան կեսերը: 1-7 ձագերը ծնվում են մերկ և կույր: Ձմռանը քուն են մտնում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Չնայած լայն տարածմանը Հայաստանի սահմաններում արեալի մեծ մասում թվաքանակը բավականին փոքր է: Թվաքանակն առանձին պոպուլյացիաներում շարունակում է կրճատվել:

Վտանգման հիմնական գործոնները: Բնորոշ ապրելավայրերի քայքայումը, խաղողայգիների և պտղատու այգիների ոչնչացումը, ճանապարհներին` մեքենաների անիվների տակ ընկնելու բարձր տոկոսը, ապօրինի որսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:

Ոզնիների հանդիպման վայրերում ճանապարհներին տեղադրել արագությունը սահմանափակող վահանակներ: Խստացնել պատժամիջոցները լայնականջ ոզնու ապօրինի որսի համար:

 

126. Շելկովնիկովի կուտորա, Neomys schelkovnikovi Sat., 1913

Կարգ` ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐ, INSECTIVORA

 

Ընտանիք` Գետնափորներ, Soricidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիա` դեպի արևելք` մինչև Օխոտյան ծով, Կովկաս, Անդրկովկաս, Իրան, Թուրքիա:

Տարածվածությունը Հայաստանում: Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր:

Ապրելավայրերը: Գետերի և գետակների ափերը` ինչպես բարձրադիր գոտիներում (մինչև 2500 մ ծ.մ.բ. բարձրություններ), այնպես էլ կիսաանապատներում և անտառային զանգվածներում: Գերադասում են գետասահանքներով, մացառուտներով հատվածները և նոսր բուսածածկով մերկացած, քարքարոտ ափերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր եղանակներին: Կարող են արագ վազել ջրավազանի հատակով, սուզվել և լողալ: Բազմանում են վաղ գարնանից մինչև ամռան վերջը: Բերում են 4-10 ձագ: Սնվում են տարբեր հոդվածոտանիներով, որդերով, փափկամարմիններով, մանրաձկներով, շերեփուկներով, ձկնկիթով և գորտնկիթով, ինչպես նաև մանր կրծողներով: Հայաստանում կուտորայի էկոլոգիան ուսումնասիրված չէ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Մեծ կուտակումներ չի առաջացնում: Ավելի հաճախ ապրում է առանձին կամ 2-5 առանձնյակներից կազմված փոքր խմբերով: Ջրավազանների աղտոտման և բնական ապրելավայրերի քայքայման պատճառով մի շարք շրջաններում (Հանքավան, Դիլիջան, Իջևան և այլն) թվաքանակը զգալիորեն կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Ջրավազանների աղտոտումը և մարդու տնտեսական գործունեությունը:

Պահպանության միջոցառումները: «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է ազգային պարկերում, արգելոցներում և պահպանվող այլ տարածքներում կուտորայի ապրելավայրերին տալ հատուկ կարգավիճակ` արգելելով այդ տեղամասերում զբոսաշրջիկների հանգստի կազմակերպումը և ձկնորսությունը:

 

127. Պստիկ սպիտակատամ, Suncus etruscus Savi, 1822

Կարգ` ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐ, INSECTIVORA

 

Ընտանիք` Գետնափորներ, Soricidae

 

Կարգավիճակը: Հազվադեպ հանդիպող տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2a (ii):

Տարածվածությունը: Արեալն ընդգրկում է Հարավային Եվրոպան, Արաբական թերակղզին, Իրաքը, Միջին Ասիան, Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան (?):

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերված է Գեղարքունիքի մարզի գգ. Վարդենիսի և Այգուտի մոտակայքում

Ապրելավայրերը: Կիսաանապատներ և լեռնային մարգագետնատափաստաններ, մինչև 2150 մ ծ.մ.բ. բարձրությունը, նոսր բուսականությամբ: Կարող են բնակվել բանջարանոցներում և բնակելի շինություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: ՈՒսումնասիրված չէ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 1915 թ.-ին Հայաստանում հայտնաբերվել է մեկ առանձնյակ, որից հետո` 2000 թ.-ին` 11 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: ՈՒսումնասիրված չէ:

Պահպանության միջոցառումները: Արեալի մի մասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է հետազոտել տեսակի կենսաբանության առանձնահատկությունները և տարածումը հանրապետությունում:

 

128. Հարավային պայտաքիթ, Rhinolophus euryale Blasius, 1853

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Պայտակթայիններ, Rhinolophidae

 

Կարգավիճակը: Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է` սահմանափակ նեղ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab+2a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայից` Հյուսիսային Աֆրիկայից և Փոքր Ասիայից մինչև Կովկաս և Անդրկովկաս, դեպի արևմուտք` մինչև Հարավ-Արևմտյան Թուրքմենիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում տեսակի արեալը սահմանափակվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերով (Արենի, Չիվա, Ելփին, Զառիթափ, Մարտիրոս, Հեր-հեր, Խնձորեսկ գյուղերի և ք. Կապանի շրջակայքեր):

Ապրելավայրերը: Բացառապես լեռնատափաստանային, անտառատափաստանային և անապատային գոտիների քարանձավներում բնակվող տեսակ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվությունը սկսվում է մինչև մութն ընկնելը և շարունակվում մինչև մայրամուտը: Ի տարբերություն այլ պայտաքթայինների` ագրեսիվ չէ: Հունիսի սկզբին էգը ծնում է մեկ ձագ, որը մշտապես մնում է մոր կրծքին կպած: Ձմեռում են ամառային թաքստոցներում: Սնվում են մանր թեփուկաթևավորներով, երկթևավորներով և բզեզներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հանրապետությունում վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու այցելությունները քարանձավներ բազմացման և ձմեռման շրջաններում:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: 2008 թ.-ին Հասարակական կազմակերպությունների միջոցներով Նորավանքի կիրճի «Մագիլի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար:

Անհրաժեշտ է հարավային պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

129. Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Rhinolophus mehelyi Matschie, 1901

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Պայտակթայիններ, Rhinolophidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1)

«Vulnerable A4c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` B1a+2ab(iii):

Տարածվածությունը: Անդրկովկասն այս տեսակի արեալի արևելյան սահմանն է, Հայաստանը` հարավային: Ռումինիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա, Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, Ադրբեջան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1945 թ.-ին, Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում: Ներկայումս դրանց փոքր խմբերին (3-15 առանձնյակ) կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում (Կարմիր Բլուր, Ջրվեժ), Հրազդան գետով դեպի վեր` մինչև գ. Մեղրաձոր (Կոտայքի մարզ): Ընդհանուր առմամբ, տեսակի արեալը ներառում է ք. Գորիսից (գ. Խնձորեսկ) դեպի արևմուտք` մինչև ք. Արմավիր, և ք. Երևանից դեպի հյուսիս` մինչև Իջևանի շրջան (Տավուշի մարզ) տարածքները:

Ապրելավայրերը: Քարանձավներ, անձավներ, տաճարներ, եկեղեցիներ, փլատակներ, նկուղներ, թունելներ, հանքահորեր և այլն: Պայտաքթերին կարելի է հանդիպել ինչպես անտառային զանգվածներում, այնպես էլ կիսաանապատներում:

Ապրելավայրի մոտակայքում պարտադիր է ջրավազանի առկայությունը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են օրվա մութ ժամերին: Ամռան սկզբում էգը ծնում է մեկ ձագ: Սնվում են մանր և միջին չափերի թեփուկաթևավորներով, երկթևավորներով և կարծրաթևավորներով: Երբեմն ձմեռում են ամառային թաքստոցներում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանի ամբողջ տարածքում նկատվում է թվաքանակի զգալի կրճատում, իսկ որոշ տեղերում (Կարմիր Բլուր, Մագիլի, Չայկենդ) մնացել են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու այցելությունները քարանձավներ բազմացման, ձագերի զարգացման և ձմեռման շրջաններում: Եկեղեցիների, շինությունների, կամուրջների, հանքահորերի վերականգնումը կամ քանդումը:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: Նորավանի կիրճի «Մագիլի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար: Մեհելիի պայտաքթի ապրելավայրերին տալ արգելավայրերի կարգավիճակ: Անհրաժեշտ է Մեհելիի պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

130. Բլազիի պայտաքիթ, Rhinolophus blasii Peters, 1866

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Պայտակթայիններ, Rhinolophidae

 

Կարգավիճակը: Հազվադեպ, անհետացող, չուսումնասիրված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայի միջերկրածովային երկրներ, Հյուսիսային Աֆրիկա, Հարավ-Արևմտյան Թուրքմենիա, Հարավային Անդրկովկաս, Իրան: Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը տեսակի արեալի հյուսիսային սահմանն է: Հայտնաբերված է Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի և Իրանին սահմանակից Սյունիքի մարզի հարավում գտնվող երեք քարանձավներում:

Ապրելավայրերը: Հանրապետության լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում բացառապես քարանձավներում ապրող տեսակ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Կենսաբանական առանձնահատկությունները լավ ուսումնասիրված չեն: Էգը տարեկան ծնում է մեկ ձագ: Կեր հայթայթելու համար քարանձավներից դուրս են գալիս մթնշաղին և վերադառնում լուսաբացին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ հանդիպող, քիչ ուսումնասիրված տեսակ է սահմանափակ և նկատելիորեն կրճատվող արեալով:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է Բլազիի պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

131. Սովորական երկարաթև չղջիկ, Miniopterus schreibersi Kuhl, 1819

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Իսպանիա, Աֆրիկա, Մադագասկար, Հնդկաստան, Չինաստան, Միջին Ասիա, Մալայան արշիպելագ, Ճապոնիա, Ավստրալիա, Նոր Գվինեա, Ղրիմ, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է բոլոր շրջաններում, բացի Շիրակի ու Արագածոտնի մարզերից, ինչպես նաև Գեղարքունիքի հյուսիսից: Առավել հաճախ կարելի է հայտնաբերել ք. Երևանում, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Բացառապես քարանձավային տեսակ է: Գերադասում են կարստային ծագում ունեցող լայն, լավ օդափոխվող քարանձավները: Սրանց հաճախ կարելի է հանդիպել այլ հարթաքթայինների և պայտաքթայինների հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմռանը լքում են թաքստոցները և հաճախ չվում հանրապետության սահմաններից դուրս: Ակտիվ են վաղ գարնանից մինչև ուշ աշուն: Թռչում են արագ` միջատներին բռնելով ջրի մակերեսից, ավտոճանապարհներից և այլ բաց տարածություններից (անտառեզրեր, կիրճեր, գյուղերի և քաղաքների հրապարակներ): Մայիսի վերջում - հունիսի սկզբում էգը ծնում է մեկ ձագ: Որոշ դեպքերում ձևավորում են բազմաքանակ մայրական գաղութներ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս թվաքանակը գաղութներում և երկարաթև չղջիկների ընդհանուր թվաքանակը պոպուլյացիաներում զգալիորեն կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից անհանգստացնելը բազմացման և ձագերի զարգացման ընթացքում: Ձմեռման խանգարումը:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: «Մագելի», «Մոզրով» և «Արջի-Մեդվեժյա» քարանձավները փակվել են այցելուների համար:

Անհրաժեշտ է սովորական երկարաթև չղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

132. Արաքսյան գիշերաչղջիկ, Myotis schaubi araxenus Dahl, 1947

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: 1987 թ.-ին այս տեսակը Հայաստանի Կարմիր գրքում գրանցվել է որպես Նատերերի գիշերային չղջիկի (Myotis nattereri) ենթատեսակ` Նատերերի արաքսյան գիշերային չղջիկ: Այսօր այն առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ գիշերային չղջիկների Myotis ցեղի կազմում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Data Deficient» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Հայտնաբերված է միայն Անդրկովկասի հարավում:

Տարածվածությունը Հայաստանում: Վայոց ձորի (Վայքի և Եղեգնաձորի շրջաններ) և Սյունիքի (Կապանի և Մեղրիի շրջաններ) մարզերում:

Ապրելավայրերը: Բնակվում է քարանձավներում, անձավներում, ժայռերի ճեղքերում, ծառերի փչակներում, նկուղներում, տների ձեղնահարկերում, անասնագոմերում և այլն:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հավաստի տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ էգը հունիսի վերջին ծնում է մեկ ձագ: Ապրում են 2-7 առանձնյակներից կազմված փոքր խմբերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է: Սակավաթվության հետևանքով կարող է լիովին անհետանալ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից անհանգստացնելը բազմացման և ձմեռման ընթացքում:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում:

Անհրաժեշտ է Արաքսյան գիշերաչղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

133. Հայկական գիշերաչղջիկ, Myotis hajastanicus, Argyropulo, 1939

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Առաջին անգամ տեսակը նկարագրվել է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափի տարածքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered D» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+D:

Տարածվածությունը: Առաջին անգամ հայտնաբերվել է (2000-2001 թթ.) Սևանա լճի ափին (Գեղարքունիքի մարզ)` Արտանիշի տեղամասի անձավներում, և Ծափաթաղ գյուղի մոտակայքում:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին բռնվել և գրանցվել են դետեկտորի օգնությամբ (Pettersson-200), 11 կմ երկարությամբ տարածքում:

Ապրելավայրերը: Բնորոշ բիոտոպերն են կրա-խճաքարային լանջերն անձավների և ճեղքերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: ՈՒսումնասիրված չէ: Հայտնի է, որ բնակվում են 2000-2300 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է: Արեալի նման սահմանափակությունը դիտվում է առաջին անգամ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը «Սևան» ազգային պարկի սահմաններում գտնվող ապրելավայրերի նկատմամբ: Անհրաժեշտ է Հայկական գիշերաչղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

134. Բեխշտեյնի գիշերաչղջիկ, Myotis bechsteinii Kuhl, 1818

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Տարածվածությունը: Անգլիա, Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Լեհաստան, Հարավային Կովկաս և Անդրկովկաս` ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

Տարածվածությունը Հայաստանում: Առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003 թ.-ին Սյունիքի մարզի հյուսիս-արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թ.-ին` Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում:գ. Խնձորեսկ և ք. Գորիսի շրջակայքը (գգ. Թեղ և Կոռնիձոր):

Ապրելավայրերը: Բնորոշ ապրելավայրերն են անտառապատ լանջերը և լեռնային գետակների կիրճերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ապրում են անհատորեն կամ փոքր խմբերով` առավելապես ծառերի փչակներում, կամ կեղևի տակ, երբեմն` բնակելի շինությունների, ցախատների և գերանածածկ անասնագոմերի տանիքների տակ: Ակտիվ են օրվա մթնշաղին: Կերը բռնում են` թռչելով ծառերի կամ ջրավազանների վրայով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է: Թվաքանակը և պոպուլյացիաների սահմաններն ուսումնասիրված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառների հատումը և թունաքիմիկատներով մշակումը:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության միջոցառումներում ներառել այն ծառերը, որոնց փչակներում բնակվում են չղջիկները:

 

135. Ասիական լայնականջ չղջիկ, Barbastella leucomelas Gretzschmar, 1830

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Անդրկովկասից մինչև Դաղստան, Հարավային Թուրքմենիա, ամբողջ լեռնային Թուրքմենիան և Հիմալայները, մինչև Սի Չուան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանն այս սակավաթիվ տեսակի արեալի արևմտյան սահմանն է: ք. Երևանի շրջակայքը, Կոտայքի մարզ (Գառնի, Գեղարդ, Արզնի, Աբովյան), Վայոց ձորի մարզ (գգ. Արփի, Ելփին, Չիվա, Արենի, Հեր-հեր, Մարտիրոս և այլն), Սյունիքի մարզ (գգ. Խնձորեսկ, Նյուվադի, քք. Մեղրի և Գորիս), Տավուշի և Լոռու մարզեր:

Ապրելավայրերը: Սովորաբար, ապրում և ձմեռում են քարանձավներում և անձավներում, հազվադեպ` տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում: Գերադասում են բնակվել նոսրանտառներում, ջրավազաններին մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Երբեք մեծ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ապրում են անհատորեն կամ փոքր խմբերով (2-7 առանձնյակ): Ակտիվ են օրվա բոլոր մութ ժամերին: Էգը մայիսի վերջին - հունիսի սկզբին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ: Ձմռանն անցնում են ավելի խոր և համեմատաբար տաք թաքստոցներ: Սնվում են ճանճերով, մոծակներով, մանր թիթեռներով և բզեզներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը նկատելիորեն կրճատվում է հյուսիսից դեպի հարավ: Այս տեսակի հանդիպման սովորական վայրերում ևս թվաքանակը կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Բնական հարմար թաքստոցների կրճատումը և քանդումը:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: «Մագիլի» քարանձավը փակվել է այցելուների համար:

Փակել քարանձավները այցելուների համար: Անհրաժեշտ է հարավային պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող «Պտիչյա» և «Չայկենդ» քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

136. Գորշ ականջեղ, Plecotus auritus L., 1758

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ տեսակ է թվաքանակի կրճատման միտումով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա և Սիբիր, Մանչժուրիա, Հյուսիսային Մոնղոլիա, Ալթայ, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները:

Ապրելավայրերը: Բնակվում են տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում: Սրանց կարելի է հանդիպել նաև ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում` մինչև 2450 մ ծ.մ.բ. բարձրությունում: Գերադասում են լեռնատափաստանային, անտառատափաստանային և անտառային բացատները ջրավազաններին մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միասեռ ձմեռող գաղութները կարող են կազմված լինել 170 և ավելի առանձնյակներից: Էգերը երիտասարդ չղջիկների հետ միասին ձմեռում են արուներից առանձնացված: Ակտիվ են գիշերը: թռիչքը սավառնող է: Էգը հունիսի կեսերին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ: Սնվում են մանր թեփուկաթևավորներով, մոծակներով, հաճախ հավաքում է թրթուրներ և մանր թիթեռներ ծառերի ու թփերի ճյուղերից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը նկատելիորեն կրճատվում է: Գաղութներում և պոպուլյացիաներում թվաքանակը ևս կրճատվում է:

Վտանգման հիմնական գործոնները: Հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը, հին փայտյա շինությունների քանդումը:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է գորշ ականջեղի ապրելավայրեր հանդիսացող տեղամասերին տալ արգելավայրերի կարգավիճակ:

 

137. Ծալքաշուրթ լայնականջ չղջիկ, Tadarida teniotis Rafinesque, 1819

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Բուլդոգայիններ, Molossidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ամենուրեք հազվադեպ: Այս տեսակի առանձին առանձնյակներ նշվել են Աֆրիկայի մերձարևադարձային շրջաններում, Եվրոպայում, Ասիայում, կովկասում, Անդրկովկասում լեռնային Ղարաբաղում, Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, արեալի արևմտյան սահմանն է: 1974-1975 թթ.-ին այն նկատվել է Տավուշի մարզում (Բերդ, Ենոքավան, Պապանինո), իսկ 2004 թ.-ին` Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, Լեռնային Ղարաբաղի սահմանին մոտ:

Ապրելավայրերը: Գերադասում է անտառային հատվածները ջրավազաններին մոտ: Զբաղեցնում է ծառերի փչակները, ժայռերի ճեղքերը և ծառերի անջատված կեղևի տակ դատարկությունները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բավարար չափով ուսումնասիրված չէ: Էգերը հունիսին ծնում են մեկ ձագ: Կարող են թռչել ծառերի սաղարթների վրայով, նույնիսկ մինչև արևի մայր մտնելը, և դրանց կարելի է շփոթել ջրածիծառների հետ: Բազմաքանակ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ձևավորում են 2-6 առանձնյակներից կազմված խմբեր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 30 տարի անց հայտնաբերվել է երկրորդ առանձնյակը, որը վկայում է տեսակի խիստ սակավաթվության և խիստ վտանգված լինելու մասին:

Վտանգման հիմնական գործոնները: Հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և էկոլոգիայի խախտումը ապրելավայրերում:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ուսումնասիրել տեսակի կենսաբանական առանձնահատկությունները, ճշգրտել պոպուլյացիայի սահմանները և մշակել պահպանության միջոցառումներ:

 

138. Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ, Hystrix indica Kerr, 1792

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Վայրենակերպեր, Hystricidae Ենթատեսակ` Hystrix indica hirsutirostris Brandt,1835

 

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է խիստ մասնատված արեալով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2a:

Տարածվածությունը: Փոքր, Առաջավոր և Միջին Ասիա, Լևանտ, Արևմտյան Արաբիա, Անդրկովկաս, Հսրավային Ղազախստան, Հնդկաստան, Տիբեթ, Շրի Լանկա: Ենթատեսակը տարածված է Փոքր Ասիայում, Հարավային և Հարավ-Արևելյան Հայաստանում, Արցախում, Թալիշում և, հավանաբար, Ադրբեջանում` Նախիջևանում:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է Սյունիքը, հանդիպում է «Խոսրովի անտառ» արգելոցում, Արդանիշի թերակղզում, 550-1900 մ ծ.մ.բ. բարձրություններում, վայրենակերպի ասեղներ հայտնաբերվել են Վայքում:

Ապրելավայրերը: Գերադասում է տարբեր թփերով և բարձր խոտաբույսերով ծածկված ժայռային բիոտոպերը, հանդիպում է կիրճերում և գետերի հովտում` տամարիքսի թփերով և եղեգնուտներով ծածկված քարքարոտ ու ժայռային ելքերով: Երբեմն հանդիպում է նոսրացված արիդային անտառներում` շիբլյակի մացառուտներում, գիհու նոսրանտառներում, ընտրելով քարքարոտ և ժայռային տեղամասերը: Երբեմն, ժամանակավորապես կարող է բնակվել բանջարանոցների և բոստանների մոտակայքում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Շատ զգույշ է: Վարում է թաքնված կենսակերպ և ցերեկային ժամերին դուրս չի գալիս: Ակտիվ է բացառապես գիշերը: Լեռներում և նախալեռներում, սովորաբար, ինքնուրույն փորում է բավականին բարդ կառուցվածքով, ճյուղավորված, մինչև 20 մ երկարությամբ բներ, սակայն հաճախ բնակվում է քարայրներում և անձավներում, ժայռերի միջև եղած դատարկություններում և քարերի ցրվածքներում: Սնվում է խոտաբույսերով, սոխուկներով, կոճղարմատներով, բանջարաբոստանային կուլտուրաներով, ընկույզներով, վայրի և մշակովի բույսերի պտուղներով և հատապտուղներով: Հաճույքով հավաքում է այգիներում ծառերից թափված պտուղները, սնվում հասած խաղողով: Ձմռանը սնվում է ծառերի կեղևով և տարբեր թփերի ու ծառերի երիտասարդ ընձյուղներով: Քուն չի մտնում, սակայն ձմռանը սակավակտիվ է: Բազմանում է տարեկան մեկ անգամ` գարնանը, սակայն զուգավորման և ձագեր ունենալու ժամկետները կախված են ապրելավայրերի բարձրությունից և տատանվում են մարտից մինչև ապրիլի վերջը: Բերում են 2-4 ձագ, որոնք սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենուրեք հազվադեպ տեսակ է, կրճատվող, մասնատված արեալով և խիստ փոքր թվաքանակով: Նորավանքի պոպուլյացիան անհետացել է, ինչպես և, հավանաբար, Արփա գետի հովտում բնակվող առանձնյակները:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունն արեալի տարածքներում, մասնավորապես, բնական կիրճերի գետակների հունի փոփոխումը և մացառախոզերի բնակության համար հարմար կիրճերում ջրամբարների ստեղծումը, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Սևան» ազգային պարկի Արդանիշի արգելոցային գոտում:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ, նաև նվազեցնել մացառախոզերի ապրելավայրերում անհանգստացնող գործոնների թիվը:

 

139. Դալի ավազամուկ, Meriones dahli Shidlovski, 1962

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք`Ավազամկնանմաններ, Gerbillidae

 

Կարգավիճակը: Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(iii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: Նախիջևան (սահմանամերձ գ. Սադարակի շրջակայք), հավանաբար, Թուրքիայի արալիխյան ավազուտներ: Արաքս գետի ձախափնյա շրջանում տարածման մակերեսը գնահատվում է մոտ 300 հա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում Դալի ավազամուկը հայտնաբերվել է գգ. Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու, Ռանչպարի, Մարգարայի շրջակայքում` ռելիկտային ավազուտներում: Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքում Դալի ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:

Ապրելավայրերը: Ստենոբիոնտ է` տիպիկ պսամոֆիլ: Հայաստանի սահմաններում ապրելավայրերը կապված են ավազուտային, հիմնականում` բլրային, թույլ կապված ավազների հատվածների հետ, 600-1000 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ է կլոր տարի: Ձմռանը ակտիվ է ամբողջ օրվա ընթացքում, մակերես դուրս գալու պարբերականությունը և տևողությունը կապված են եղանակի պայմաններից: Գարնանը և աշնանը սովորաբար, ակտիվ են առավոտյան, ինչպես նաև մթնշաղին և գիշերը: Ամառային ակտիվությունը (մայիսից մինչև սեպտեմբեր) մթնշաղային-գիշերային է: Բները, սովորաբար, տեղադրվում են ավազուտային բլուրներում` ջուզգունի կամ թամարիքսային թփուտների առկայությամբ: Տարբերվում են պաշտպանական, կերային, ձմեռելու և բազմացման բներ: Սնվում են ապրելավայրերի շուրջն աճող տարբեր բույսերով: Ամռանը և ձմռանը հիմնական կերը սերմերն են: Սնվում են նաև միջատներով: Մաշկափոխությունը` տարեկան երկու անգամ: Սեռական ակտիվությունը դրսևորվում է առաջին հերթին ձմեռած, ծեր արուների մոտ: Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին - ապրիլի սկզբին: Հղիության տևողությունը` 20-22 օր: Մեկ տարում տալիս են մինչև 3 սերունդ: Ձագերի թվաքանակը` 2-7 (ավելի հաճախ` 4-6):

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ, սակավաթիվ տեսակ է: Պոպուլյացիայի վիճակը ծայրաստիճան խոցելի է: Հայաստանում տեսակը կանգնած անհետացման եզրին: Ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը: Ենթաարաքսյան պոպուլյացիաների համար` նաև գետի հորդությունները, որոնք ուժեղացել են` կապված կլիմայի փոփոխման հետ:

Պահպանության միջոցառումները: Դալի ավազամուկը «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում պահպանվող օբյեկտներից մեկն է:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անհրաժեշտ է ճշգրտել Դալի ավազամկան արդի կարգավիճակը Հայաստանում, արգելել «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում ցանկացած տնտեսական գործունեությունը: Անհրաժեշտ է նաև ստեղծել կայուն լաբորատոր պոպուլյացիաներ Դալի ավազամկան բազմացման և Հայաստանի նախկին ապրելավայրերում ռեինտրոդուկցման համար:

 

140. Հայկական մկնիկ, Sicista armenica Sokolov et Baskevich,1988

Կարգ ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Մկնիկանմաններ, Sicista

 

Կարգավիճակը: Էնդեմ տեսակ է, փոքր թվաքանակով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(iii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Տարածվածությունը: Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայկական մկնիկը (ընդամենը 9 կենդանիներ) հայտնաբերվել է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների ենթալպյան գոտում, մասնավորապես` դրանց հատման տեղում` գ. Հանքավանի, ք. Կիրովականի շրջակայքում, Մայմեխ լեռան վրա: Կան գրականության տվյալներ Սյունիքում մկնիկի հայտնաբերման մասին, սակայն հետագայում դրանք չեն հաստատվել:

Ապրելավայրերը: Բնակվում է բարձր և խիտ տարատեսակ խոտաբույսերի առկայությամբ ենթալպյան բիոտոպերում` անտառի վերին եզրին, 2000-2200 մ ծ.մ. բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գրեթե հետազոտված չեն: Սնվում են խառը կերով, մեծ մասամբ` կանաչ, սերմեր, պտուղներ: Կարող է նաև սնվել միջատներով և խմել ջուր: Ակտիվությունը, հավանաբար, ինչպես և այլ մկնիկների ակտիվությունը, մթնշաղային-գիշերային է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Սակավաթիվ, հազվադեպ տեսակ է, որը հետազոտման և պահպանման կարիք ունի:

Վտանգման հիմնական գործոնները: Ենթալպյան գոտում մարդու գործունեությունը, մասնավորապես, անասունների արածեցումը, ինչպես նաև կլիմայի արիդացումը (ավելի չորայինի փոփոխվելը):

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է հայտնի բիոտոպերում ստեղծել արգելավայրեր:

 

141. Փոքրասիական գետնասկյուռ, Spermophilus xanthoprymnus Bennet 1835

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Սկյուռանմաններ, Sciuridae

 

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է խիստ մասնատված արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2ab (ii, iii, iv):

Տարածվածությունը: Թուրքիա` Կենտրոնական և Արևելյան Անատոլիա, հավանաբար` Լևանտ:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է հիմնականում Հայաստանի արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջանները: Արագածոտնի, Շիրակի և Լոռվա հարավ-արևմտյան անտառազուրկ տարածքները:

Ապրելավայրերը: Բնակեցնում է նախալեռնային կիսաանապատի վերին մասերը, լեռնային տափաստանը, մարգագետնային տափաստանը և, երբեմն` ենթալպյան գոտու ստորին մասը 1100-2400 մ ծ.մ. բարձրություններում` գերադասելով խոպան հողերը: Գետնասկյուռի ապրելատեղեր կարելի հանդիպել Փամբակի հովտում և Շիրակի հարթավայրում` ցանքատարածքների, դաշտերի ու բանջարանոցների եզրերի մոտ, երբեմն` գյուղական գերեզմաններում, հին, լքված գյուղերի փլատակներում, երկաթուղային գծերի մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հիմնականում բուսակեր է` սնվում է բույսերի ավելի քան 30 տեսակներով: Ձմեռմանն անցնելուց առաջ սնվում է, խիստ ճարպակալում և պահեստում վայրի ու մշակովի հացազգիների մեծ քանակությամբ սերմեր: Ձմեռումից դուրս գալու ժամկետը կախված է ուղղահայաց գոտիականությունից և եղանակից և տատանվում է մարտի սկզբից մինչև ապրիլի վերջը: Արեալի տարբեր մասերում ձմեռման տևողությունը կազմում է 6,5-8,5 ամիս: Գետնասկյուռի բները երկու տեսակի են` պաշտպանական և բազմացման: Բույնը, սովորաբար, գտնվում է 1,5 մ խորության վրա: Ակտիվ են ցերեկային ժամերին: Կերի հայթայթման ժամանակ կարող են անցնել 300-500 մ: Տեղաշարժվում են արագ կրկնավազքերով` օգտագործելով պոչը որպես ղեկ վազքի ուղղությունը փոխելու ժամանակ: Շատ զգույշ են: Իրար հետ հաղորդակցվում են սուլոցով: Զուգավորման ակտիվությունը սկսվում է ձմեռումից դուրս գալուց 5-7 օր հետո և տևում 10-15 օր: Հղիությունը տևում է 28-30 օր: Ձագերը արեալի հյուսիսային մասում ծնվում են, սովորաբար, մայիսին, հարավային մասում` ապրիլի երկրորդ կեսում: Սաղմերի թիվը` կախված էգի տարիքից և ֆիզիոլոգիական վիճակից, հասնում է 2-10 (առավել հաճախ` 4-6): Անբարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող է դիտվել սաղմի ռեզորբցիա (քայքայում):

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալի սահմաններում ֆոնային` ձմեռող տեսակ է, բավականին կայուն թվաքանակով: Միջին թվաքանակն արեալի տարբեր մասերում կազմում է. հյուսիսային և բարձր լեռնային շրջաններում` 0,5-2, արեալի այլ մասերում` 16,8-19,2 առանձնյակ 1 հա վրա: Հայաստանում արեալի մակերեսը կազմում է մինչև 350.000 հա: Տարածման փաստացի շրջանը չի գերազանցում 15-25 հազ. հա, քանի որ բնակեցման վայրերն ունեն ցրված բնույթ և տեղադրված են մարդաբնակ վայրերում, մեկուսացված փոքր (1-30, հազվադեպ` 100 հա) հատվածների տեսքով:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդածին սթրեսը, կլիմայի փոփոխությունները: Արեալի հարավային և կենտրոնական մասերում խոշոր բնակեցման վայրերը կամ լիովին ոչնչացել են, կամ էլ լքվել գետնասկյուռի կողմից` այգիներ ստեղծելու և գյուղատնտեսական նպատակներով տարածքները յուրացնելու հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է պահպանել խոպան հողերի բիոտոպերը:

 

142. Շիդլովսկու դաշտամուկ, Microtus (Sumeriomys) schidlovskii Argyropulo, 1933

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Համստերանմաններ, Cricetidae

 

Կարգավիճակը: էնդեմիկ ենթատեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab (ii, iii, v):

Տարածվածությունը: Կենտրոնական Վրաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Արագածոտնի արևմտյան և հյուսիսային մասեր, Շիրակի մարզի հարավային, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական մասերը, 1400-1700 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Ապրելավայրերը: Չոր-լեռնային, լեռնային և մարգագետնային խոպան տափաստանները, դաշտերի միջակոսները, ցանքատարածությունները, այգիները և բանջարանոցները, որոնք գտնվում են համապատասխան բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանը բնակեցնող, նոմինատիվ ենթատեսակ է, որը մի փոքր խոշոր է Վրաստանում ապրող Microtus (S) schid. goriensis Argyropulo, 1935 ենթատեսակից: Արտաքնապես շատ նման է Փոքր Ասիայում հանդիպող հարթալեռնային դաշտամկանը` Microtus guenthrie: Առաջացնում է գաղութներ: Բներն ավելի հասարակ են, քան հասարակական և սովորական դաշտամկներինը: Սնվում է հիմնականում խոտաբույսերով, սակայն ագրոցենոզներում կարող է սնվել նաև հացահատիկային, տեխնիկական և բանջարոնացային կուլտուրաներով: Բազմացման ցիկլի սկիզբը կապված է գարնան եղանակային պայմաններից և կարող է դիտվել փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը: Հղիության տևողությունը` 22 օր: Հասուն էգը տարեկան կարող է ծննդաբերել մինչև 4 անգամ` բերելով 10-11 (միջինը` 7-8) ձագ: Առաջին սերնդի երիտասարդ էգերը կարող են նույն սեզոնում զուգավորվել և ունենալ մինչև 2 սերունդ, սովորաբար, ավելի քիչ քանակությամբ ձագերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նեղ արեալային էնդեմ ենթատեսակ է կրճատվող թվաքանակով: Սկսած անցած դարի 80-ականների վերջից և, հատկապես 90- ականների կեսերին արեալի սահմաններում թվաքանակը զգալիորեն կրճատվել է, որից հետո` մինչև այսօր, միայն դաշտամկների համար բացառապես բարենպաստ` 2003 թ.-ին տեսակի թվաքանակն առանձին բիոտոպերում մոտ էր թվաքանակի երկարամյա միջին մեծություններին: Որոշ պոպուլյացիաներ, որոնք 70-ական թթ.-ին համարվել են կայուն (օր.` Մաստարինի հարթակում), համարյա անհետացել են:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը և կլիմայի փոփոխությունները, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով վաղ գարնանը և դրանց հաջորդող ուժեղ երաշտներով ամռանը, որն ազդում է դաշտամկների կերային բազայի վրա:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պահպանել խոպան հողերի բիոտոպերը:

 

143. Փոքր ճագարամուկ, Allactaga elater Lichtenstein, 1825

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Ճագարամկնանմաններ, Allactagidae

 

Ենթատեսակ` Արալիխի փոքր ճագարամուկ,

 

Allactaga elater aralychensis Satunin, 1901

 

Կարգավիճակը: Արարատյան հարթավայրի նեղ արեալային էնդեմիկ տեսակ է, խիստ մասնատված արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab (ii, iii, iv):

Տարածվածությունը: Արևմտյան սահմանը` գ. Ախուրյանի ցածրամասերը, հավանաբար, երկու, դեռ չհաստատված, մեկուսացված պոպուլյացիաներ Ղարսի շրջանում, դեպի արևելք` մեկուսահատված Թուրքիայում` Արարատի ստորոտում, հյուսիսային սահմանը` Հայաստանում և Նախիջևանում Արարատյան հարթավայրի նախալեռները` դեպի արևելք, մինչև Յայջի գյուղը: Հարավում` փոքր մեկուսացված Իրանի ք. Մաքուի շրջակայքում:

Տարածվածությունը Հայաստանում: Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզեր` 800-1200 մ ծ.մ.բ. բարձրություններում: Հայտնաբերված է նաև ք. Երևանի շրջակայքում:

Ապրելավայրերը: Կավային և խճաքարային կիսաանապատներ, աղուտներ և փոքր ավազուտներ (տակիրներ), չոր լեռնատափաստանի աղուտային և անապատացած բիոտոպեր, հաճախ աղուտային, ավելի հազվադեպ` օշինդրային բուսական խմբավորումներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայկական արեալի սահմաններում սովորական, սակայն սակավաքանակ տեսակ է: Վարում է բացառապես մթնշաղա-գիշերային ապրելակերպ: Ըստ սնման եղանակի սերմնակեր-կանաչակեր կրծող է, որը, սակայն, գերադասում է սերմերը: Կերաբաժնում հատուկ տեղ են գրավում միջատները: Ձմռանը քուն է մտնում նոյեմբերի կեսերին-վերջին, ձմեռումից դուրս է գալիս մարտի սկզբին - կեսերին: Ձմռան քունը խորը չէ, ընդհատվող, ձմռանը հալոցքի դեպքում կարող է արթնանալ և մի քանի օր ակտիվ լինել: Արևելյան Անդրկովկասում քուն չի մտնում: Բներն ունեն մեկ մուտք, երկարությունը` մինչև 2 մ, բնային խցիկը` 1 մ խորության վրա: Պաշտպանական բներ հազվադեպ են հանդիպում: Տեղաշարժվում է կամ վազքով` կատարելով անհամաչափ թռիչքներ, կամ քայլելով: Բազմացման շրջանը սկսվում է մարտից և ավարտվում նոյեմբերին: Հասուն էգերը ծննդաբերում են 2-3, առաջին տարվա էգերը` 1 անգամ: Ձագերի միջին թվաքանակը` 3-6:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նեղ արեալային էնդեմ ենթատեսակ է կրճատվող թվաքանակով և ապրելավայրերով` օպտիմալ բիոտոպերի ոչնչացման հետևանքով:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը Արարատյան հարթավայրում: Համեմատաբար հարթ խոպան հողերի մշակումը ցանքատարածքներ, բանջարանոցներ և բոստաններ ստեղծելու նպատակով: Այդ հողերում այգիների և ձկնաբուծարանների ստեղծումը: Վայրիացած շների և շնագայլերի թվաքանակի մեծացումը:

Պահպանության միջոցառումները: Փոքր ճագարամկան ոչ մեծ պոպուլյացիաները պահպանվում են «Խոսրովի անտառ» արգելոցում: Հավանաբար, մի քանի առանձնյակներ կան «Էրեբունի» արգելոցում:

Անհրաժեշտ է նաև դեռևս պահպանված ապրելավայրերին տալ արգելավայրերի կարգավիճակ, և կարգավորել վայրիացած շների թվաքանակը համապատասխան տարածքներում և դրանց շրջակայքում:

 

144. Գորշ արջ, Ursus arctos Linnaeus,1758

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Արջեր, Ursidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Գրանցված է եղել նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, սակայն 1972 թ.-ից հետո` որպես անորոշ կարգաբանական ձև, հանվել է: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1 b(iii):

Տարածվածությունը: Շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է 400-500 մինչև 3000 մ ծ.մ. բարձրություններում:

Ապրելավայրերը: Բնակվում է չորային նոսրանտառներում, սաղարթավոր անտառներում, լեռնային մարգագետնատափաստաններում, ենթալպյան և ալպիական մարգագետիններում: Արեալը զգալի չափով ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է: Երբեմն արջերը հարձակվում են վայրի կաթնասունների, ավելի հազվադեպ` ընտանի կենդանիների վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են մայիսին: Հղիությունը տևում է մոտ 7 ամիս: Ձագերը (առավել հաճախ` 2, հազվադեպ` 1 կամ 3-4) ծնվում են բնում դեկտեմբերի վերջից մինչև մարտ: Լավ բազմանում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հայտնի չէ, սակայն կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: Անազատ պայմաններում արջերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չկան: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում:

Անհրաժեշտ է ուժեղացնել բիոտայի վրա մարդածին գործոնների ազդեցության վերահսկողությունը: Անհրաժեշտ է կատարել էկոլոգիական և կարգաբանական հետազոտություններ:

 

145. Խայտաքիս, Vormela peregusna (Guldenstaedt, 1770)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2c+B1 b(iii):

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Հարավ-Արևելյան Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Չինաստան և Մոնղոլիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում, 1000-2000 մ ծ.մ. բարձրություններում: Արեալը և էկոլոգիան բոլորովին ուսումնասիրված չեն:

Ապրելավայրերը: Կիսաանապատներ, լեռնային չոր տափաստաններ, լեռնային մարգագետնատափաստաններ և ենթալպյան մարգագետիններ: Արեալը կապված է խայտաքիսի հիմնական կեր հանդիսացող` կրծողների տարածման շրջանների հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են, հավանաբար, ձմռան վերջում: Հղիությունը տևում է մոտ 2 ամիս, որից հետո` ապրիլ-մայիսին, ծնվում են 4-8 ձագեր: Լավ բազմանում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ: Անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ: Հավանաբար, կրճատվում է բիոտոպերի` որպես գյուղատնտեսական տարածքների, օգտագործման հետ:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի ոչնչացումը: Թվաքանակի աճին խոչընդոտող հիմնական սահմանափակող գործոնը կիսանապատային և լեռնատափաստանային հողերի մշակումն է, դրանց ապրելավայրերում անասունների գարնանային արածեցումը, ինչպես նաև մեծ քանակությամբ պեստիցիդների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցներում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում:

Անհրաժեշտ է կատարել էկոլոգիական և կարգաբանական հետազոտություններ:

Անհրաժեշտ է ուժեղացնել արեալի սահմաններում գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը, դադարեցնել կրծողների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

 

146. Ջրասամույր, Lutra lutra (Linnaeus,1758)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում:

Ապրելավայրերը: Մաքուր ջրով և ձկնապաշարներով հարուստ լճեր, գետեր և գետակներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմացումը սկսվում է ձմռանը-գարնանը: ՈՒնենում են 1-5, ավելի հաճախ` 2-3 ձագեր, որոնք հիմնականում ծնվում են երկու տարին մեկ անգամ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ, սակայն խիստ կրճատված: Անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ: Հավանաբար, կրճատվում է բիոտոպերի` գետերի աղտոտման և հիդրոտեխնիկական կառույցների ստեղծման հետ:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի ոչնչացումը, ջրերի աղտոտումը, ձկների գերորսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան», Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է ուժեղացնել արեալի սահմաններում, ջրավազանների մոտակայքում գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը: Անհրաժեշտ է կատարել էկոլոգիական և կարգաբանական հետազոտություններ:

 

147. Անտառակատու, Felis silvestris Schreber,1777

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կատվազգիներ, Felidae

 

Ենթատեսակ` Եվրոպական անտառակատու, Felis silvestris silvestris Schreber, 1775

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Եվրոպայում, իսկ տեսակը` Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, 700-2500 մ ծ.մ.բ. բարձրություններում: Հավանաբար, մտնում է նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

Ապրելավայրերը: Սաղարթավոր անտառներ, չորային նոսրանտառներ: Հիմնական պայմանը` ապրելավայրում կերային բազայի (կրծողներ, թռչուններ) առատությունն է և խուլ, մարդու ազդեցությունից զուրկ տեղամասերի առկայությունը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմացումը սկսվում է փետրվար-մարտին: Ապրիլ-մայիսին ունենում են 3-8, ավելի հաճախ` 4-5 ձագեր: Հեշտությամբ բազմացվում են անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հայտնի չէ, սակայն կայուն: Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ և հետազոտել անտառակատվի էկոլոգիան հանրապետությունում:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի գոյատևման համար լուրջ վտանգ է ներկայացնում անտառակատվի հիբրիդացումը ընտանի, հատկապես վայրիացած կատուների հետ և մրցակցությունը տափաստանային կատվի (Felis silvestris lybica) հետ: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է կատարել համապատասխան գիտական հետազոտություններ:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և մի քանի արգելավայրերում: Անհրաժեշտ է ուժեղացնել սաղարթավոր անտառների և չորային նոսրանտառների գոտում մարդածին գործոնների ազդեցության (անտառահատումներ, ճանապարհաշինություն և այլն), ինչպես նաև վայրիացած կատուների թվաքանակի կարգավորման վերահսկողությունը:

 

148. Ընձառյուծ, Panthera pardus (Linnaeus, 1758)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կատվազգիներ, Felidae

 

Ենթատեսակ` Կովկասյան ընձառյուծ Panthera pardus ciscaucasica (Satunin, 1914) =

 

Պարսկական ընձառյուծ Panthera pardus saxicolor Pocock, 1927

 

Կարգավիճակը: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i) + D:

Տարածվածությունը: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արևելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է Հարավ-Արևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից (Խոսրով և Խաչաձոր տեղամասեր) մինչև հայ-իրանական սահմանը Գեղամա, Զանգեզուրի, Վայոց Ձորի, Բարգուշատի և Մեղրիի լեռնաշղթաների սահմաններում: Արեալի սահմաններն անցնում են. հյուսիս-արևմուտքում` Ազատ գետով, հյուսիսում` Վարդենիսի լեռնաշղթայով, արևմուտքում` Արարատյան հարթավայրի կիսաանապատային գոտիով, հարավ-արևմուտքում և արևելքում` Ադրբեջանի հետ սահմանագծով և ալպիական մարգագետինների և նիվալ գոտու միջև անցումային գոտիով, հարավում` Արաքս գետով, հայ-իրանական սահմանի երկարությամբ: Մինչև 70-ականների սկիզբը ընձառյուծը բնակվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելքում:

Ապրելավայրերը: Չոր լեռնատափաստաններ, արիդային նոսրանտառներ, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Մարգագետիններն ընձառյուծն օգտագործում է միայն ձնազուրկ ժամանակ տեղափոխվելու համար, քանի որ ձնածածկը կարևոր սահմանափակող գործոն է: Շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ընձառյուծին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու, ինչպես նաև հանգստանալու համար: Բացի այդ, ժայռերը առավել դժվարհասանելի են մարդկանց և ընտանի կենդանիների համար: Բացի բեզոարյան այծերից, որսում են նաև վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Որպես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում ընձառյուծի պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է` հասուն, երիտասարդ առանձնյակները և ձագերը ներառյալ: Պոպուլյացիան բազմացող է և կազմում է համաշխարհային պոպուլյացիայի 0,008-0,01%-ը (մոտ 1300 առանձնյակ): Ընձառյուծի ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2, կամ Հայաստանի տարածքի 25,2%-ը: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2 (9,6%): Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և անցուղիները: Միայն երկու վայրերում` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական ու արևելյան տեղամասում (207.9 կմ2) և գ. Ըռնաձորից (Նյուվադի) դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես: Նշված տեղամասերը գտնվում են արեալի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում և իրարից բաժանված են բավականին նեղ, խաչվող անցուղիների ցանցով: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է անցուղիների գործառնությունից:

Վտանգման հիմնական գործոնները: Առավել վտանգավոր գործոններից է արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է. բույսերի և սնկերի հավաքը, լեռնագործությունը, ճանապարհների կառուցումը, անտառահատումները, անտառային հրդեհները, անասունների արածեցումը: Լեռնային բիոտոպերն իրենց բնույթով միատարր չեն, ինչը խորացնում է արեալի մասնատման բացասական ազդեցությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: 2002 թ-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվում են ընձառյուծի պահպանության և մոնիթորինգի աշխատանքներ:

Անհրաժեշտ է մշակել միջոցառումներ արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր (արգելոցներ, ազգային պարկեր) և մանր (արգելավայրեր) պահպանվող տարածքների ցանցում:

 

149. Մանուլ, Otocolobus manul (Pallas, 1776)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կատվազգիներ, Felidae

 

Կարգավիճակը: Հանրապետության տարածքում, ամենայն հավանականությամբ, անհետացել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: Տարածված է Կենտրոնական Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է միայն երկու կետերում` ՈՒրծի լեռնաշղթայում և Մեղրիի շրջանում, ընդ որում վերջինը` 1935 թ.-ին: Հանդիպման հարակից շրջաններն են Ղարաբաղը, Նախիջևանը և գ. Արաքսին հարող Իրանի տարածքները:

Ապրելավայրերը: Չոր տափաստանները և կիսաանապատները քարազանգվածների և ժայռերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: 1927 թ. մայիսի 19-ին հայտնաբերված էգի արգանդում կային մորթիով ծածկված երեք սաղմեր: Կարող են ունենալ մինչև 10, սովորաբար` 3-4 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի տարածքում այլևս չի հանդիպում: Մյուս կողմից, մանուլը լավ հայտնի է իր թաքնվելու ունակությամբ, որի պատճառով նրան դժվար է հայտնաբերել:

Վտանգման հիմնական գործոնները: Պոտենցիալ վտանգ են ներկայացնում որսագողությունը և բիոտոպերի քայքայումը:

Պահպանության միջոցառումները: Խստացնել արեալի սահմաններում որսագողության և գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը:

 

150. Բորենի, Hyaena hyaena (Linnaeus, 1758)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Բորենիներ, Hyenidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: 1980-ականների սկզբին պահպանվել էր Արևելյան Վրաստանի, Ադրբեջանի հարավ-արևելքի (Զուվադանի ստորոտ, Թալիշի լեռներ) և հյուսիս-արևմուտքի (Մինգեչաուրի ջրավազան) որոշ մասերում:

Տարածվածությունը Հայաստանում: Մինչև 1940-ականները հազվադեպ նկատվում էր Արարատյան հարթավայրի կիսաանապատային լանդշաֆտներում, սակայն հետագայում Հայաստանում բորենու առկայության վերաբերյալ տվյալները բացակայում են: Հանդիպում է Ղարաբաղի և գ. Արաքսի միջև ընկած կիսաանապատային գոտում:

Ապրելավայրերը: Չոր տափաստաններ և կիսաանապատներ: Հայաստանում նման բիոտոպերի մակերևույթն ի սկզբանէ մեծ չի եղել, և դրանք ինտենսիվորեն յուրացվում են մարդու կողմից գյուղատնտեսական նպատակներով, ուստի հանրապետությունում բորենու պահպանման հավանականությունը չնչին է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Կարող են զուգավորվել և ձագեր ունենալ տարվա ցանկացած եղանակին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենայն հավանականությամբ, Հայաստանում այլևս չի բնակվում: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը և բիոտոպերի ոչնչացումը:

Պահպանության միջոցառումները: Տվյալներ չկան:

Խստացնել որսագողության և գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը:

 

151. Բեզոարյան այծ, Capra aegagrus Erxleben, 1777

Կարգ` ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ, ARTIODACTILA

 

Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(i):

Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը:

Տարածվածությունը Հայաստանում: Արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, ՈՒրձի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբեր պահպանվել են Խուստուպ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Ապրելավայրերը: Բնորոշ բիոտոպերն են ժայռային լեռները դժվար հասանելի ժայռերի և չորային նոսրանտառների առկայությամբ: Պարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը: Այծերը պարբերաբար կատարում են ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ: Տարածքային մեծ տեղափոխություններ չեն կատարում` մնալով նույն բիոտոպերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերին: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Այն զգալիորեն գերազանցում է այլ հեղինակների ավելի վաղ տվյալները: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում:

WWF աջակցում է բեզոարյան այծի արիալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ և խստացնել բնապահպանական ռեժիմը:

 

152. Վայրի ոչխար, մուֆլոն Ovis orientalis Gmelin, 1774

Կարգ` ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ, ARTIODACTILA

 

Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae

 

Ենթատեսակ` Հայկական մուֆլոն Ovis orientalis gmelinii (Blyth, 1841)

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1)

«Vulnerable A2cde» կարգավիճակով: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Նախիջևանում, Հայաստանում և Հյուսիս-Արևմտյան Իրանում` մինչև ՈՒրմիա լիճը: Արևմտյան Թուրքիայի սահմանակից շրջանում հանդիպող մուֆլոնի կարգավիճակը պարզ չէ: Ընդհուպ մինչև XX դարի կեսերը մուֆլոնի արեալի կովկասյան և իրանական մասերը փոխկապակցված էին` շնորհիվ գ. Արաքսով կենդանիների միգրացիաների, սակայն հետագայում դրանք ընդհատվեցին սահմանային ինֆրակառուցվածքի ամրացման հետևանքով:

Տարածվածությունը Հայաստանում: Ենթատեսակի արեալը ներառում է ՈՒրծի (Արարատի մարզ), Վայոց Ձորի (գգ. Աղավնաձոր, Խնձորուտ, Մարտիրոս, Բարձրունի), Բարգուշատի և Զանգեզուրի (Սյունիքի շրջանի Դաստակերտ գյուղից դեպի հարավ) լեռնաշղթաները: Ամենայն հավանականությամբ, մուֆլոնի պոպուլյացիան կազմված է իրարից մեկուսացած երկու խմբավորումներից` ՈՒրծ-Վայոց Ձոր և Սյունիք:

Ապրելավայրերը: Լեռնային չոր տափաստաններ գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (ՈՒրծի լեռնաշղթա), ենթալպյան և ալպիական մարգագետիններ (Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ ծ.մ.բ. բարձրություններում: Հայաստանում մուֆլոնը ապրում է մշտապես` չքոչելով ձմռանը, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից: Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս գնահատմամբ, մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում (200 առանձնյակներից ոչ ավել):

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:

WWF աջակցում է մուֆլոնի արիալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ և խստացնել բնապահպանական վերահսկողությունը:

 

153. Ազնվացեղ եղջերու, Cervus elaphus Linnaeus, 1758

 

Կարգ` ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ, ARTIODACTILA

 

Ընտանիք` Եղջերուներ, Cervidae

 

Ենթատեսակ` Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ, Cervus elaphus maral Gray, 1840

 

Կարգավիճակը: Տեսակը և ենթատեսակը ընդգրկված չ.ն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR D:

Տարածվածությունը: Ենթատեսակն հանդիպում է Կովկասի, Փոքր Ասիայի և Հյուսիսային Իրանի լեռնային անտառներում:

Տարածվածությունը Հայաստանում: Արդեն 1954 թ.-ից ազնվացեղ եղջերուն դիտարկվել է որպես Վրաստանից և Ադրբեջանից հանրապետության տարածք պատահականորեն մտած, իսկ մինչ այդ տեսակը լայնորեն տարածված է եղել Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում: 2005 թ.-ին Մեղրիի լեռնաշղթայի հարավային լանջին, գ. Ըռնաձորից (նախկին Նյուվադի) վերև հայտնաբերվել են առնվազն 5-10 տարվա վաղեմության եղջուրներ: Չհաստատված տվյալներով` մի քանի առանձնյակներ հանդիպում են «Դիլիջան» ազգային պարկում, որոնք այստեղ են անցնում, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններից:

Ապրելավայրերը: Լայնատերև լեռնային անտառներ խոտաբուսածածկի առատությամբ և ենթաալպիական մարգագետիններ: Ձմռանն իջնում են նախալեռներ կամ դեպի հարավային լանջեր, նույնիսկ գիհու նոսրանտառներ և չոր տափաստաններ (Մեղրիի լեռնաշղթա): Էկոլոգիապես ազնվացեղ եղջերուն նման է այծյամին, սակայն սննդի հիմնական մասը կազմում է ծառաթփային կերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր), հղիության տևողությունը` 249-269 օր: Բծավոր ձագերը (սովորաբար, մեկ, երբեմն` երկու) ծնվում են մայիս-հունիսին: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հաշվառվում է առանձին անհատներով: Տեսակն իր գոյությունը ներկայումս պահպանում է բացառապես Ադրբեջանից գաղթող առանձնյակների շնորհիվ:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի քայքայումը` անտառահատումների, անասունների արածեցման և լեռնահանքափորության հետևանքով, գայլերի առատությունը:

Պահպանության միջոցառումները: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հարմար անտառային, մասամբ ենթալպյան բիոտոպերը պահպանվում են «Դիլիջան» ազգային պարկում և «Շիկահող» արգելոցում: Մեղրիի լեռնաշղթայի հարավային լանջերը գտնվում են «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: 2006 թ-ի. WWF շրջանակներում կատարվել են դաշտային հետազոտություններ` «Դիլիջան» ազգային պարկի և «Շիկահող» արգելոցի սահմաններում մարալի ռեինտրոդուկցման հնարավորության գնահատման ուղղությամբ:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ, ինչպես նաև անասունների արածեցման և լեռնահանքափորության վերահսկողությունը, զարգացնել «Դիլիջան» ազգային պարկի, «Շիկահող» արգելոցի և հատկապես «Արևիկ» ազգային պարկի նյութատեխնիկական և մասնագիտական բազաները, բարձրացնել բնակչության էկոլոգիական տեղեկացվածությունը և խթանել տեղի բնակչության տնտեսական զարգացումը, որը կարող է նվազեցնել բնական ռեսուրսների օգտագործումը: Նպատակահարմար է ազնվացեղ եղջերուի ռեինտրոդուկցիան «Շիկահող» արգելոցում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2010
N 71-Ն
Որոշում