Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԱՆԴ/0126/02/09
 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԱՆԴ/0126/02/09

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

                   Դատավորներ` Կ. Հակոբյան

                                                 Տ. Նազարյան      

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ  Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

    

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Գալստյանի և Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քնքուշ Գալստյանի ընդդեմ Կարինե Գալստյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քնքուշ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Կարինե Գալստյանի և իր միջև կնքված 01.08.1996 թվականի նվիրատվության պայմանագիրը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կարինե Գալստյանը և Ելենա Գրեչկոն:

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Քնքուշ Գալստյանը:

 

i

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքի`

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի քննությանը մասնակից չի դարձրել Ելենա Գրեչկոյին, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է որոշում:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը առանց Ելենա Գրեչկոյին գործին մասնակից դարձնելու անվավեր է ճանաչել 01.08.1996 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, համաձայն որի` Քնքուշ Գալստյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին այն պարագայում, երբ Ելենա Գրեչկոն այժմ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանի սեփականատերն է:

Վերոգրյալի հիման վրա Ելենա Գրեչկոն պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

Ըստ Կարինե Գալստյանի վճռաբեկ բողոքի`

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 600-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ վիճելի բնակարանի օտարման պարագայում Քնքուշ Գալստյանը կդառնա անօթևան, ինչը կառաջացնի կենսամակարդակի էական իջեցում:

Մինչդեռ նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ և չի պարունակում որևէ պայման` գույքը ապագայում հանձնելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա Կարինե Գալստյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Կարինե Գալստյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Քնքուշ Գալստյանի բնակարանը չի հանձնվել և չէր կարող հանձնվել Կարինե Գալստյանին, քանի որ այն ազատելու մտադրություն Քնքուշ Գալստյանը չի ունեցել և չունի: Քնքուշ Գալստյանը կնքել է նվիրատվության պայմանագիր իրեն հոգալու և խնամելու պայմանով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 01.08.1996 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագրի համաձայն` Քնքուշ Գալստյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին (1-ին հատոր, գ.թ. 6):

2. 27.03.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Կարինե Գալստյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի, թիվ 5 շենքի 56 բնակարանը վաճառել է Գարիկ Վարդանյանին (ներկայացվել է Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքին կից):

3. 11.05.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գարիկ Վարդանյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը վաճառել է Ելենա Գրեչկոյին (ներկայացվել է Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքին կից):

4. 13.05.2009 թվականի թիվ 2455337 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանի նկատմամբ գրանցվել է Ելենա Գրեչկոյի սեփականության իրավունքը (ներկայացվել է Ելենա Գրիչկոյի վճռաբեկ բողոքին կից):

5. Ելենա Գրեչկոն սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Սույն գործով Քնքուշ Գալստյանը վիճարկում է 01.08.1996 թվականին կնքված բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, որով Քնքուշ Գալստյանը իրեն պատկանող Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին: Կարինե Գալստյանը նշված բնակարանը 27.03.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառել է Գարիկ Վարդանյանին, իսկ վերջինս էլ 11.05.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով` Ելենա Գրեչկոյին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Ելենա Գրեչկոյի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Այսինքն` Ելենա Գրեչկոն զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:

i

Այսպիսով, Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ինչ վերաբերում է Կարինե Գալստյանի վճռաբեկ բողոքին, ապա Ելենա Գրեչկոյի գործին մասնակից չդարձվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանում առկա փաստարկներին չի անդրադառնում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2010
N ԵԱՆԴ/0126/02/09
Որոշում