Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0081/11/09   

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0081/11/09

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2010 թվականի փետրվարի 12-ին                           Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2007 թվականի փետրվարի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 16202307 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2007 թվականի հունվարի 17-ին Ժորա Հարությունյանի կողմից Լաուրա Գարեգինի Զարյանին առևանգելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմինը 2007 թվականի մայիսի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2007 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու և նախաքննությունը շարունակելու մասին:

Ժ. Հարությունյանի և նրա պաշտպան Կ.Գրիգորյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացրել բողոքը հիմնավորված ճանաչելու և դատախազի որոշումը վերացնելու մասին:

2. 2008 թվականի օգոստոսի 14-ին Լ. Զարյանի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման հարցի պարզաբանման նպատակով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 26-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2007 թվականի մայիսի 9-ի որոշումը վերացվել է, և նախաքննությունը շարունակելու նպատակով գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի մարտի 23-ին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Տուժող Լ. Զարյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 12-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2009 թվականի մարտի 23-ի որոշումը վերացնելու մասին:

3. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի օգոստոսի 11-ին կրկին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոգրյալ որոշումը Լ.Զարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, որը 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ մերժվել է:

2009 թվականի հոկտեմբերի 7-ին Լ. Զարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:

4. Լ. Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանելու մասին: Նախաքննության մարմնի 2009 թվականի օգոստոսի 11-ի և դատախազի 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումները վերացվել են, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերսկսել թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը:

5. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունվարի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Սույն գործով Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ բովանդակությամբ. «Քրեական գործով տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի վերաքննիչ բողոքը բավարարել:

«Բողոքը քննության առնելու մասին» Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թ. հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանել` «Քրեական հետապնդում չիրականացնելու ու քրեական գործով վարույթը կարճելու մասին» ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ ՔՎ բաժնի պետ Ա. Այվազյանի 11.08.2009 թ. և «Տուժողի բողոքը մերժելու մասին» ՀՀ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի տեղակալ Ա. Դավթյանի 03.09.2009 թ. որոշումները վերացնել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերսկսելու թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը: (...)»:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի էական խախտում, որն արտահայտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 18-րդ, 23-րդ, 290-րդ, 385-րդ, 393-395-րդ հոդվածների սխալ կիրառմամբ և ազդել է գործի ելքի վրա:

8. Բողոքի հեղինակը նշում է, որ դատարանն իրավասու չէ որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, հետևաբար Վերաքննիչ դատարանը, նման որոշում կայացնելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավունք է վերապահել բացառապես դատախազին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանել է, որ նշված որոշման դեմ բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, թույլ է տվել ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված օրինականության սկզբունքի խախտում:

9. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ Վերաքննիչ դատարանն ակնհայտորեն հանդես է եկել մեղադրանքի կողմում` խախտելով քրեադատավարական օրենքով երաշխավորված անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքները, իր պատճառաբանությունները հիմնավորել է օրենքի պահանջներից և քրեական գործի նյութերից չբխող հանգամանքներով:

Ըստ բողոքաբերի` քրեական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ Լ.Զարյանի որևէ իրավունք կամ ազատություն չի խախտվել, հետևաբար հիշատակված որոշումը վերացնելու հիմքերը բացակայել են:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. տուժող Լ. Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին:

12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական (...) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (...)»:

13. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է և դատախազական հսկողության հետ համատեղ կոչված է ապահովելու նախաքննության մարմնի գործողությունների ու որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը, սակայն, դատախազական հսկողության համեմատ ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք իրենց հերթին պայմանավորում են վերահսկողության օբյեկտի (առարկայի), վերահսկողության իրականացման ընթացակարգի (դատավարական ձևի), ընդունվող որոշումների և դրանց իրավական նշանակության տարբերությունները:

Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են: Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով: Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման մեջ:

14. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, տուժող Լ. Զարյանի վերաքննիչ բողոքը ճանաչելով հիմնավորված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), այսինքն` կայացրել է ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ:

15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում շարադրված դատողությունները`

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (...)»:

Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված և սույն որոշման 9-րդ կետում շարադրված` նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.02.2010
N ԵԿԴ/0081/11/09
Որոշում