Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանի որոշում
ՎԴ/2166/05/09
 2010 թ.
Վարչական գործ թիվ  ՎԴ/2166/05/09 
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան 

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի` Ընկերության կողմից ներկայացված հայտարարագիրը մերժելու, ներմուծված ապրանքը ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթներին համապատասխան չձևակերպելու վերաբերյալ Կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և Կոմիտեի նշված գործողությունների արդյունքում Ընկերության համար առաջացած հետևանքները վերացնելու, այն է` ավել վճարված 157.000 ՀՀ դրամը հօգուտ Ընկերության գանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ընկերության ներկայացրած հայտարարագիրը մերժելու և ներմուծած ապրանքը ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթներին համապատասխան չձևակերպելու Կոմիտեի գործողությունները, ինչպես նաև վերացնել Կոմիտեի գործողությունների արդյունքում Ընկերության համար առաջացած հետևանքները, այն է` հօգուտ Ընկերության գանձել ավել վճարված 157.000 ՀՀ դրամը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերության ներկայացրած հայտարարագիրը մերժելու և ներմուծած ապրանքը ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթներին համապատասխան չձևակերպելու Կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով: Մնացած մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 9-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ մաքսային օրենսգրքի 81-րդ, 83-րդ, 87-րդ, 88-րդ, 96-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ 15.04.2009 թվականին Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը կազմվել և Ընկերությանն է տրամադրվել մերժման եզրակացություն, որով հիմնավորվել է, որ Ընկերության կողմից 08.04.2009 թվականի թիվ C-1908 բեռնային մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքի մաքսային արժեքը հնարավոր չէ հաշվարկել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածին համապատասխան, քանի որ այդ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում մատակարարման պայմանը նշված է «DDU-Երևան», սակայն առանձին տողերով նշված չեն դրա տեղափոխման ծախսերը: Մասնավորապես` տեղափոխող կազմակերպության կողմից տրված փաստաթղթում առանձին նշված է տրանսպորտային տեղափոխման արժեքը` 460 եվրո, ինչը 08.04.2009 թվականի թիվ C-1908 բեռնային մաքսային հայտարարագրում արտացոլված չէ: Մաքսային մարմնին Ընկերության ներկայացրած 18.03.2009 թվականի թիվ EW50367 հաշիվ-ապրանքագրով մատակարարման պայմանը նշված է «DDU-Երևան»: «Ինկոտերմս 2000»-ի համաձայն` «DDU» առաքման պայմանի դեպքում վաճառողը համարվում է ապրանքների մատակարարումը պատշաճ կատարած, երբ նա ապրանքները հասցրել է գնորդի պետությունում նշանակված վայր: Այս պայմանի դեպքում վաճառողն իր վրա է կրում մինչև նշանակման վայր ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը, իր հաշվին կնքում է փոխադրման պայմանագիր` մինչև բեռի նշանակման վայր: Տվյալ դեպքում Ընկերությունը հայտարարագրման ժամանակ ներկայացրել է «Բայսբարթ» ՍՊԸ-ի կողմից 18.03.2009 թվականին տրված թիվ EW50367 նախնական հաշիվ-ապրանքագիրը, որի համաձայն` ներմուծված ապրանքի գինը կազմել է 11.500 եվրո: Միաժամանակ փոխադրող «Globalsped GMBH» ընկերության կողմից տրամադրվել է փաստաթուղթ, որի համաձայն` մատակարար «Բայսբարթ» ՍՊԸ-ի կողմից «DDU» առաքման պայմանով սահմանված կարգով մինչև գնորդի պետությունում նշանակման վայր ապրանքի փոխադրման գումարը կազմել է 460 եվրո, որն Ընկերությունը պետք է վճարի մինչև 18.04.2009 թվականը: Նշվածն Ընկերության կողմից 08.04.2009 թվականին ներկայացված թիվ C-1908 բեռնային մաքսային հայտարարագրում արտացոլված չէ:

i

Այսպիսով, ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթում` հաշիվ-ապրանքագրում, առանձին տողերով մինչև ՀՀ մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական և այլ համանման ծախսերը նշելու պահանջը կրում է իմպերատիվ բնույթ և հայտարարատուի կողմից ենթակա է կատարման: Նման դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը 17.04.2009 թվականի թիվ ՎԴ/0578/05/08 որոշմամբ:

Նշվածից հետևում է, որ Դատարանի հետևություններն անհիմն են, և Դատարանը սույն գործով չի կատարել օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.11.2009 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Կոմիտեն, բողոքում վկայակոչելով ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի չի առել նշված նորմի պահանջն այն մասին, որ կատարված ծախսերի առանձին տողերով նշումը պարտադիր է, եթե այն նախատեսված է առաքման (մատակարարման) պայմաններով, մինչդեռ «DDU-Երևան» պայմանով նման պահանջ նախատեսված չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերությունը 31.03.2009 թվականի թիվ 2009/33/9419 փոխադրման ամփոփագրով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 245 կիլոգրամ ընդհանուր քաշով սարքավորումներ, որոնք Ընկերության կողմից հայտարարագրվել են 08.04.2009 թվականի թիվ C-1908 բեռնային մաքսային հայտարարագրով (գ.թ. 5, 11):

2) Նշված փոխադրման ամփոփագրով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ապրանքը ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ձևակերպելու համար Ընկերությունը 02.04.2009 թվականին դիմել է Կոմիտե, որին ի պատասխան` Կոմիտեի 06.04.2009 թվականի գրությամբ Ընկերությանը տեղեկացվել է, որ 31.03.2009 թվականի թիվ 2009/33/9419 փոխադրման ամփոփագրով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ապրանքի մաքսային արժեքը չի կարող որոշվել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, քանի որ այդ ապրանքն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում` «DDU-Երևան» առաքման պայմանով նախատեսված լինելու դեպքում, առանձին տողերով նշված չեն դրա` մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման համար կատարված ծախսերը, որոնց առկայությունը պարտադիր է ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով (գ.թ. 8, 10):

3) Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան 15.04.2009 թվականի մերժման եզրակացության համաձայն` «Ընկերության կողմից 31.03.2009 թվականի թիվ 2009/33/9419 փոխադրման ամփոփագրով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ապրանքի, որը հայտարարագրվել է 08.04.2009 թվականի թիվ C-1908 բեռնային մաքսային հայտարարագրով, մաքսային արժեքը հնարավոր չէ հաշվարկել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածին համապատասխան, քանի որ այդ ապրանքն ուղեկցող փաստաթղթերում (հաշիվ-ապրանքագրում) մատակարարման պայմանը

նշված է «DDU-Երևան», բայց առանձին տողով չի երևում դրա տեղափոխման ծախսերը: Տեղափոխող կազմակերպության կողմից տրված փաստաթղթում երևում է ապրանքի արժեքն առանձին, իսկ ապրանքի տրանսպորտային տեղափոխման արժեքն առանձին` 460 եվրո, ինչը նշված բեռնային մաքսային հայտարարագրում արտացոլված չէ» (գ.թ. 9):

4) Ընկերության կողմից 31.03.2009 թվականի թիվ 2009/33/9419 փոխադրման ամփոփագրով ՀՀ մաքսային տարածք ներմուծված ապրանքն ուղեկցող 18.03.2009 թվականի թիվ EW50367 հաշիվ-ապրանքագիրը նշում չի պարունակում մինչև ՀՀ մաքսային սահմանը նշված ապրանքը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման ծախսերը, իսկ այդ ապրանքը փոխադրող «Globalsped GMBH» ընկերության կողմից տրամադրված փաստաթղթում մինչև գնորդի պետությունում նշանակման վայր ապրանքի փոխադրման արժեքը նշված է 460 եվրո, որը պետք է վճարվեր մինչև 18.04.2009 թվականը (գ.թ. 14-15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն` այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

ՀՀ մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից:

ՀՀ մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերի համաձայն` մաքսային արժեքը ներառում է` արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը, մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացվի ապրանքների ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը (հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ), որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի (անվանումը, առկայության դեպքում` ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը), տեղերի քանակի, չափի միավորի, միավորի արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում առանձին տողերով` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերի, կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի (բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի), ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված և ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարների մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով, եթե մաքսային մարմինները չունեն բավարար հիմքեր նույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթուղթն անարժանահավատ ճանաչելու համար:

ՀՀ մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` հայտարարատուի որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունվում, եթե հայտարարատուն չի ներկայացնում ապրանքների` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործարքի գնի մեթոդով ապրանքի մաքսային արժեքի որոշման համար հայտարարատուն պետք է ներկայացնի ապրանքի ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթը, որը վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում առանձին տողերով պետք է պարունակի նաև մինչև ՀՀ մաքսային սահմանն ապրանքը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման ծախսերը: Նշված պահանջը պարտադիր է և չի կարող համարվել ձևական: Հետևաբար այն չպահպանելու դեպքում ապրանքի տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը համարվում են չներկայացված, և հայտարարատուի որոշած մաքսային արժեքը որպես հիմք չի ընդունվում (իրավական հիմնավորումը տես նաև` ըստ Արսեն Վահրամյանի հայցի ընդդեմ Կոմիտեի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` Կոմիտեի եզրակացությունն անվավեր ճանաչելու, վերջնահաշվարկ կատարելու և 241.630 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով

i

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ/0578/05/08(2009 թ.) որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ապրանքի տեղափոխման, փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման հետ կապված ծախսերը «DDU-Երևան» առաքման պայմանով ներառված են ապրանքի տրանսպորտային տեղափոխման արժեքի (460 եվրո) մեջ, իսկ նշված առաքման պայմանով նախատեսված չէ մինչև ՀՀ մաքսային սահմանն ապրանքի տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերի առանձին տողերով նշումը:

Արդյունքում Դատարանը եզրակացրել է, որ այն դեպքում, երբ առաքման պայմանով նախատեսված չէ ապրանքի` մինչև ՀՀ մաքսային սահմանը տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման ծախսերի առանձին տողերով նշումը, Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան 15.04.2009 թվականի մերժման եզրակացությունն անհիմն է, և այն միտում ունի միայն ձևական պահանջների պահպանման նպատակով Ընկերությանը ծանրաբեռնել լրացուցիչ պարտականություններով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում մինչև ՀՀ մաքսային սահմանն ապրանքի տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման ծախսերն առանձին տողերով նշելու պարտականությունը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Ընկերությունը գործարքի գնի մեթոդով ապրանքի մաքսային արժեքի որոշման համար, առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու պայմաններում չի կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը, ինչի արդյունքում Կոմիտեն ապրանքի տեղափոխման համար Ընկերության կատարած փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը համարել է չներկայացված և իրավացիորեն Ընկերության որոշած մաքսային արժեքը հիմք չի ընդունել:

Այսպես, Ընկերությունը 31.03.2009 թվականի թիվ 2009/33/9419 փոխադրման ամփոփագրով ՀՀ մաքսային սահման ներմուծած 245 կիլոգրամ ընդհանուր քաշով սարքավորումները հայտարարագրել է 08.04.2009 թվականի թիվ C-1908 բեռնային մաքսային հայտարարագրով: Սակայն այդ հայտարարագրի հետ ներկայացված ապրանքի ձեռքբերման համար արտահանման երկրում վճարման փաստաթուղթ հանդիսացող 18.03.2009 թվականի թիվ EW50367 հաշիվ-ապրանքագիրն առանձին տողերով չի պարունակում մինչև ՀՀ մաքսային սահմանն ապրանքը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման ծախսերը: Մինչդեռ վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված էր նշված ապրանքի տեղափոխումը մինչև ՀՀ մաքսային սահմանը:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.11.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. «Եվրոմոթորս» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2010
N ՎԴ/2166/05/09
Որոշում