Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 174-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ՀՅՔՐԴ2/0149/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՀՅՔՐԴ2/0149/01/08

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

Դատավորներ` Ա. Հովհաննիսյան

Ս. Չիչոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ դիմողի      Տ. Մուրադյանի

                   ներկայացուցիչ

 

    2010 թվականի մայիսի 4-ին                  Երևան  քաղաքում

դռնբաց դատական նիստում, քննելով Կամո Սիմակի Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ Կ. Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2008 թվականի հունվարի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69100108 քրեական գործը` «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Ալավերդի» մասնաճյուղի կառավարիչ Կ. Կիրակոսյանի կողմից յուրացում կատարելու փաստի առթիվ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Կ. Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, նշված բանկի մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետ Կարեն Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, վարկային մասնագետ Յուրի Խալաթյանին, հաշվապահներ Հերմինե Զավարյանին, Կարինե Կարապետյանին, գանձապահ Լուսինե Միքայելյանին, ավագ գանձապահ Արմեն Վերանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով:

2008 թվականի նոյեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան:

2. 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով 2009 թվականի փետրվարի 27-ին Կ. Կիրակոսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ ընդդատության փոխանցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացրել Կ. Կիրակոսյանի, Յու. Խալաթյանի, Հ. Զավարյանի, Կ. Կարապետյանի, Ա. Վերանյանի և Լ. Միքայելյանի մասով քրեական գործի վարույթը կարճելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Կ. Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: Դատավճռում նշվել է, որ գործով քաղաքացիական հայց չի ներկայացվել:

3. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռի դեմ 2009 թվականի դեկտեմբերի 26-ին վերաքննիչ բողոք է բերել Կ. Կիրակոսյանը:

Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 24-ին որոշում է կայացրել Կ. Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Կ. Կիրակոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է` «Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Կարեն Սահակյանը 29.03.2004 թ-ից աշխատելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Ալավերդի» մասնաճյուղում որպես ոսկերիչ-մասնագետ, օգտվելով մասնաճյուղի աշխատակիցների մոտ իր ձեռք բերած վստահությունից, 2006 թ-ի սեպտեմբեր ամսից մինչև 2007 թ-ի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնաճյուղի նախկին վարկառուների վարկային փաթեթներից պատճենահանել, ստացել է թվով 42 անձի անձնագրերի պատճեններ, դրանցով կազմել է բանկին ուղղված կեղծ դիմումներ այն մասին, որ իբր նշված քաղաքացիները ցանկանում են ոսկու գրավով ապահովված վարկեր ստանալ: Կ. Սահակյանը նախապես տարբեր առևտրի կետերից ձեռք է բերել դեղին գույնի ցածրարժեք մետաղներից պատրաստված 152 կտոր էժանագին տարբեր զարդեր և առարկաներ և դրանք ներկայացրել «Ալավերդի» մասնաճյուղ որպես ենթադրյալ վարկառուների կողմից գրավադրված ոսկյա զարդեր: Ենթադրյալ հաճախորդներին մասնաճյուղի աշխատակիցների մոտ ներկայացնելով իբրև իրական վարկառուներ և գրավատուներ, որոնք իր ընկերներ-բարեկամներ-ծանոթներն են և տարբեր պատճառներով չեն կարող անձամբ ներկայանալ բանկ, բանկի նախկին վարկառուների` իր տրամադրության տակ եղած անձնագրերի պատճեների տվյալներով կազմել է գրավի հանձնման և ընդունման կեղծ ակտեր, որոնցում իր կողմից փաստացի գրավադրված տարբեր մետաղներից ցածրարժեք զարդերի և առարկաների փոխարեն նշել է 237 կտոր ոսկյա զարդեր: Ապա ակտերում ենթադրյալ հաճախորդների փոխարեն կեղծ ստորագրություններ է կատարել, նախապես վարկային մասնագետ Յու. Խալաթյանից վերցրած կապարակնիքներով կապարակնքել ոսկու պարկերը: Ենթադրյալ հաճախորդների անունից կազմել թվով 59 վարկային և գրավի պայմանագրեր, դրանցում կատարելով կեղծ ստորագրություններ, պայմանագրերն ու ակտերը Յու. Խալաթյանի կողմից ստորագրվելուց հետո, այդ փաստաթղթերը ներկայացրել է հաշվապահներ Հ. Զավարյանին և Կ. Կարապետյանին, որոնք առանց հաճախորդների ներկայությունը ստուգելու, ենթադրյալ վարկառուների անվամբ հաշիվներ են բացել և կազմել դրամարկղի ելքի օրդերներ, որոնցում նույնպես կատարել է կեղծ ստորագրություններ: Այնուհետև ավագ գանձապահ Ա. Վերանյանին և գանձապահ Լ. Միքայելյանին է հանձնել գրավի առարկա հանդիսացող ոսկու կապարակնքված պարկերը և դրամարկղի ելքի օրդերները և դրամարկղից ստացել բանկին պատկանող 27.138.000 ՀՀ դրամ գումար և այն ամբողջությամբ ծախսել իր անձնական կարիքների համար: Հետագայում ոչ այդ և ոչ էլ դրանից գոյացած 673.200 ՀՀ դրամ վարկային տոկոսները բանկին չի վերադարձրել: 13.09.2007 թ-ին մասնաճյուղի կառավարիչ Կ. Կիրակոսյանը, պարզելով, որ այդ վարկային գործերում առկա է վարկի մարման ժամկետի խախտումով գործ, ստուգել է այդ գործը և գրավադրված ոսկեղենի պարկը: Կ. Կիրակոսյանը ակնհայտորեն պարզել է, որ գրավադրված ոսկեղենը կեղծ է, հրավիրել է մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին, որտեղ խորհրդակցության ընթացքում կասկած է առաջացել, որ կան նմանատիպ այլ գործեր: Հրավիրելով այդ պահին մասնաճյուղից բացակայող ոսկերիչ-մասնագետ Կ. Սահակյանին, Կ. Կիրակոսյանը պարզել է, որ վերջինս կեղծ ոսկեղենի գրավադրմամբ բանկից հափշտակել է շուրջ 85.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կ. Կիրակոսյանը, առանց վերադասին տեղեկացնելու կատարված հանցագործության մասին, իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկել բանկին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Նա իր անձնական միջոցներով վերականգնել է ամբաստանյալ Կ. Սահակյանի մեղքով բանկին պատճառված ամբողջ վնասը, միաժամանակ Կ. Սահակյանից վերցրել է գրավոր փաստաթուղթ 85.000 ԱՄՆ դոլար իրեն պարտք լինելու մասին» (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, 466-467 էջեր):

6. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 28-ի դատական նիստի ժամանակ Կ. Կիրակոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` խնդրելով իրեն ճանաչել քաղաքացիական հայցվոր և կայացվելիք դատավճռով Կ. Սահակյանից հօգուտ իրեն բռնագանձել 26.200.000 ՀՀ դրամ: Առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, 446-447 էջեր):

7. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռի դեմ Կ. Կիրակոսյանը 2009 թվականի դեկտեմբերի 26-ին վերաքննիչ բողոք է բերել: Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի որոշմամբ Կ. Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և քրեական գործը նշանակվել է դատական քննության (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, 449-502, 504 էջեր):

8. Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 24-ին որոշում է կայացրել Կ. Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին` իր որոշումը պատճառաբանելով հետևյալ կերպ. «(...) Բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` բաց է թողնվել առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի կանոններով հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից:

Դատական նիստում պարզվեց, որ մինչ օրս բողոքաբերի կողմից դատարանին չի ներկայացվել բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատական ակտը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, էջ 515):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի պահանջները:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ իր վերաքննիչ բողոքն ընդունելով վարույթ և նշանակելով դատական քննության` Վերաքննիչ դատարանն այնուհետև թողել է այն առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, ինչից բողոքաբերը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասով, իրավասու էր վերականգնել դատավճռի բողոքարկման ժամկետը, քանի որ գործը գտնվել է իր վարույթում և ըստ էության քննել իր վերաքննիչ բողոքը:

10. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ, այնուհետև փաստարկել է, որ իր կողմից նշված նորմին համապատասխան քաղաքացիական հայց է ներկայացվել Առաջին ատյանի դատարանում ընդդեմ Կ.Սահակյանի, մինչդեռ դատարանը որևէ որոշում ներկայացված քաղաքացիական հայցի մասով չի կայացրել, ինչը հանգեցրել է քաղաքացիական հայցի մասով ոչ ճիշտ դատական ակտի կայացմանը:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք առանց քննության թողնել իր վարույթում գտնվող գործով վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ բողոքաբերի կողմից չի ներկայացվել բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի համապատասխան դատական ակտը:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(...) վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից (...)»:

14. Համեմատական վերլուծության ենթարկելով նախորդ կետում մեջբերված իրավանորմերը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ դրանք բովանդակում են տարբեր իրավական ընթացակարգեր: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա վարույթն իրականացնող վերադաս դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ քննարկել և լուծել բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը քննարկվում է բացառապես իրավասու անձի միջնորդության հիման վրա:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավանորմերը հակասության մեջ չեն, քանի որ գործում են տարբեր հիմնապայմաններում: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնը գործում է այն պարագայում, երբ գործն արդեն իսկ գտնվում է վերադաս դատարանի վարույթում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասը գործում է այն պարագայում, երբ համապատասխան բողոքարկումը դեռ իրականացված չէ:

15. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ. Կիրակոսյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ, և քրեական գործը նշանակվել է դատական քննության (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Կ. Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բաց թողնված ժամկետի վերականգնման հարցն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում պարզաբանել է բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգը և նշելով, որ. «(...) բողոքաբերի կողմից դատարանին չի ներկայացվել բողոքարկման բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատական ակտը» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), այն թողել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

16. Սույն որոշման 15-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 14-րդ կետում շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանզի քրեական գործը գտնվել է Վերաքննիչ դատարանի վարույթում, ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճռի բողոքարկման ժամկետը վերականգնելու հարցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով եղել է Վերաքննիչ դատարանի իրավասության շրջանակներում: Այս պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր իր որոշման մեջ լուծում տալ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման հարցին:

Հետևաբար, սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր առանց քննության թողնել իր վարույթում գտնվող գործով բերված վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ բողոքաբերի կողմից չի ներկայացվել բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի համապատասխան դատական ակտը:

17. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` դրանք հիմք են կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

18. Առաջին ատյանի դատարանի կողմից քաղաքացիական հայցի մասով սխալ դատական ակտ կայացնելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը) Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանն ըստ էության չի իրականացրել Կ. Կիրակոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Կամո Սիմակի Կիրակոսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.05.2010
N ՀՅՔՐԴ2/0149/01/08
Որոշում