Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 36-ՐԴ, 37-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 36-ՐԴ, 37-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական          Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1325/02/09

    դատարանի որոշում                                                2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1325/02/09

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդուհի Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդուհի Ոսկանյանի ընդդեմ Քրիստինե, Նարինե և Վարդան Մանուկյանների` Աշոտ Մանուկյանի կողմից կենդանության օրոք Մարինա Ոսկանյանի նկատմամբ հայրությունը ճանաչելու փաստը հաստատելու և այդ փաստը հաստատելու հիմքով Աշոտ Մանուկյանի ժառանգական գույքի 1/4 բաժնի նկատմամբ Մարինա Ոսկանյանի կողմից ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Վարդուհի Ոսկանյանը պահանջել է հաստատել Աշոտ Մանուկյանի կողմից կենդանության օրոք Մարինա Ոսկանյանի նկատմամբ հայրությունը ճանաչելու փաստը և այդ փաստը հաստատելու հիմքով Աշոտ Մանուկյանի ժառանգական գույքի 1/4 բաժնի նկատմամբ Մարինա Ոսկանյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 14.12.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդուհի Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Քրիստինե, Նարինե և Վարդան Մանուկյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես այն, որ Աշոտ Մանուկյանը Երևանի Էրեբունու շրջանի ժողդատարանի 06.06.1996 թվականի վճռի հիման վրա ամուսնալուծվել է նախկին կնոջից: 1996 թվականից Աշոտ Մանուկյանը գտնվել է քաղաքացիական ամուսնական հարաբերությունների մեջ Վարդուհի Ոսկանյանի հետ: 18.05.1998 թվականին ծնվել է նրանց դուստր Մարինա Ոսկանյանը, որի խնամքով և դաստիարակությամբ զբաղվել է Աշոտ Մանուկյանը, ինչը հաստատվում է մի շարք ապացույցներով:

Սակայն, Վերաքննիչ դատարանը «երեխայի հայր ճանաչելու համար միակ վերաբերելի ապացույց է համարել երեխայի հոր գրավոր հայտարարությունը», մինչդեռ սույն պարագայում պետք է հաշվի առնել անձի սուբյեկտիվ վերաբերմունքը երեխայի նկատմամբ, որը կարող էր դրսևորվել ոչ միայն գրավոր նամակներով և հայտարարություններով, այլ նաև օրենքով սահմանված այլ ապացույցներով, ինչպես նաև անձի որոշակի գործողություններով, որոնք հիմք են տալիս հստակորեն ասելու /հիմնավորելու/, որ տվյալ անձը հանդիսանում է երեխայի հայրը և իրեն ընդունում է որպես երեխայի հայր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.12.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, որի արդյունքում կայացրել է հիմնավորված որոշում: Ելնելով վերոգրյալից` ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Մարինա Ոսկանյանի առողջական վիճակով և դաստիարակության հարցերով համապատասխանաբար պոլիկլինիկա ու դպրոց հաճախելու և հետաքրքրվելու, ընդհանրապես այդ երեխայի նկատմամբ հոգատար ու հայրական վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ մյուս փաստաթղթերը, հայցվորի կողմից հարցաքննված վկաների հայտարարություններն ու ցուցմունքները վկայում են միայն Աշոտ Մանուկյանի մարդկային պահվածքի և երեխաների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Էրեբունու շրջանի ժողդատարանի 06.06.1996 թվականի վճռի հիման վրա Արուսյակ Հակոբյանը և Աշոտ Մանուկյանն ամուսնալուծվել են (1-ին հատոր, գ.թ.105):

2) Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովվի տեղեկանքի համաձայն` Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը 07.07.1996 թվականին պսակադրվել են Քանաքեռի սուրբ Հակոբ եկեղեցում (հատոր 1-ին, գ.թ. 19):

3) Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի բնակ-կոմունալ բաժնի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի համաձայն` 1996 թվականից Երևանի Քանաքեռ 10-րդ փողոցի թիվ 4/6 տանը Վարդուհի Ոսկանյանի հետ համատեղ բնակվել են նրա ամուսին Աշոտ Մանուկյանը և 1998 թվականին ծնված նրանց դուստր Մարինա Ոսկանյանը (հատոր 1-ին, գ.թ. 10):

4) Մարինա Աշոտի Ոսկանյանը ծնվել է 18.05.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ.7):

5) Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տեղամասի մանկաբույժի 22.07.2008 թվականին տրված թիվ 86 տեղեկանքի համաձայն` Մարինա Ոսկանյանը 11 տարի գտնվել է բժշկական հսկողության տակ և որպես երեխայի ծնողներ ճանաչել է Աշոտ Մանուկյանին և Վարդուհի Ոսկանյանին (հատոր 1-ին, գ.թ. 21):

6) Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղեկանքի համաձայն` Մարինա Աշոտի Ոսկանյանը սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում, դպրոցի տնօրինությունն Աշոտ Մանուկյանին ճանաչել և ընդունել է որպես երեխայի հայր, Աշոտ Մանուկյանը «պարբերաբար ներկայացել է դպրոց, հետաքրքրվել երեխայի ուսման առաջադիմությամբ, երկարօրյա պարապմունքներից հետո տարել տուն: Հայրը հաճախ էր հպարտանում, հիանում իր դուստր Մարինայով, ուրախանում նրա հաջողություններով» (հատոր 1-ին, գ.թ. 20):

7) Հարևանների և բարեկամների կողմից տրված 28.07.2009 և 17.09.2009 թվականների հայտարարությունների համաձայն` Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը 1996 թվականից համատեղ բնակվել են Քանաքեռ թիվ 10 փողոց 4/6 տանը (հատոր 1-ին, գ.թ.12-17, 59-64):

8) Առկա են լուսանկարներ, որտեղ Աշոտ Մանուկյանը պատկերված է Մարինա Ոսկանյանի, Վարդուհի Ոսկանյանի, բարեկամների և ընկերների հետ ընտանեկան միջավայրում (հատոր 1-ին, գ.թ 73-74):

9) Աշոտ Մանուկյանը մահացել է 04.07.2009 թվականին (հատոր 2-րդ, գ.թ 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով կենդանության օրոք որպես երեխայի հայր հանդես գալու փաստը` սահմանելով երեխայի հայրության որոշման դատական կարգ: Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ընդունվել է երեխայի հայրության ճանաչման փաստը:

Դատարանը Վարդուհի Ոսկանյանի հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 1996 թվականից Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը գտնվել են ամուսնական փոխհարաբերությունների մեջ և բնակվել են Վարդուհի Ոսկանյանի տանը, համատեղ բնակվելու և ընդհանուր տնտեսություն վարելու ժամանակ 1998 թվականին ծնվել է Մարինա Աշոտի Ոսկանյանը, ում խնամքով և դաստիարակությամբ զբաղվել է Աշոտ Մանուկյանը, ինչը հաստատվում է գործով ձեռք բերված մի շարք ապացույցներով:

Վերաքննիչ դատարանը Քրիստինե, Նարինե, Վարդան Մանուկյանների վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Աշոտ Մանուկյանն իր կենդանության օրոք չի ընդունել երեխայի հայրությունը, և գործով ներկայացված ապացույցները «սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ ստույգ չեն ապացուցում, որ հանգուցյալ Աշոտ Մանուկյանը կենդանության օրոք իրեն ճանաչել է Մարինա Ոսկանյանի հայրը, թե ոչ»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի հիմքում դրված փաստերի թույլատրելիության և վերաբերելիության տեսանկյունից էական նշանակություն չունենալու հանգամանքը և չի տրվել դրանց հիմնավորումները, անտեսվել է վկաների կողմից տրված վկայությունները, միևնույն ժամանակ հիմնվելով գործով ներկայացված նույն ապացույցների և փաստերի վրա` կատարել է այլ եզրահանգումներ: ՈՒսումնասիրության առարկա են դարձել գործում ներկայացված ոչ բոլոր փաստերը:

Սույն գործի փաստերի համաձայն` երեխայի ծնվելուց առաջ Վարդուհի Ոսկանյանը և Աշոտ Մանուկյանը բնակվել են համատեղ (դեռևս 1996 թվականից) և վարել են ընդհանուր տնտեսություն, միասին դաստիարակել և խնամել են երեխային: Բարեկամների, հարևանների և այլ անձանց մոտ Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը հանդես են եկել որպես ամուսիններ, իսկ Աշոտ Մանուկյանը որպես Մարինա Ոսկանյանի հայր (հատոր 1-ին, գ.թ.12-17, գ.թ. 20, 59-64, 73-74):

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Մանուկյանն իր բոլոր գործողություններով` հարևանների, բարեկամների մոտ, դպրոցում և բուժհաստատություններում բացահայտ ներկայացել է որպես Մարինա Ոսկանյանի հայր, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս արձանագրելու, որ Աշոտ Մանուկյանը փաստացի Մարինա Ոսկանյանի նկատմամբ ճանաչել է հայրություն:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2010
N ԵԷԴ/1325/02/09
Որոշում