Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական  Վարչական գործ թիվ ՎԴ/0560/05/09

    և  վարչական պալատի որոշում                                2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0560/05/09

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի       

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի          

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ «Յուժսնաբ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` Կոմիտեի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 19.12.2008 թվականի թիվ 24/4 որոշումը վերացնելու և Կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 12.11.2008 թվականի թիվ 1101053 ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 26.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ընկերության վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Հանձնաժողովի 19.12.2008 թվականի թիվ 24/4 որոշումը և անվավեր ճանաչել Տեսչության 12.11.2008 թվականի թիվ 1101053 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի 26.08.2009 թվականի որոշմամբ Դատարանի 19.06.2009 թվականի վճռի դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը Հանձնաժողովի 19.12.2008 թվականի թիվ 24/4 որոշումը վերացնելու և Տեսչության 12.11.2008 թվականի թիվ 1101053 ակտն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ նշված ակտի կազմման և դրանով առաջադրված պարտավորության համար հիմք էր Տեսչության ավագ հարկային տեսուչների կազմած գույքագրման արձանագրությունը («30.10.2008թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը), որը թույլատրելի ապացույց չէր, քանի որ այն ձեռք էր բերվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «թ» ենթակետի պահանջների խախտմամբ, սակայն Դատարանը վճիռը կայացրել է առանց գույքագրման ակտ կազմելու գործողություններին իրավական գնահատական տալու:

Մինչդեռ, Վարչական դատարանի 15.03.2010 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է և ոչ իրավաչափ է ճանաչվել Կոմիտեի նախագահի 27.10.2008 թվականի թիվ 1101053 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում ստուգում իրականացնելիս Տեսչության ավագ հարկային տեսուչների կողմից գույքագրման վերաբերյալ «30.10.2008թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը կազմելուն ուղղված գործողությունները, իսկ Վճռաբեկ դատարանի 14.07.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված վճռի դեմ Տեսչության վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցել դատական ակտի վերանայման վարույթ, բեկանել Դատարանի 19.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 27.10.2008 թվականի թիվ 1101053 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում (գ.թ. 12):

2) Տեսչության ավագ հարկային տեսուչները 30.10.2008 թվականին կազմել են «Գույքագրման ակտ N» փաստաթուղթը (գ.թ. 19-20):

3) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 12.11.2008 թվականին կազմել է թիվ 1101053 ակտը, որով արձանագրվել է, որ հիմնվելով Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների տեսականու վրա և համեմատելով դրանք գույքագրմամբ պահեստում առկա ապրանքների մնացորդների հետ` պարզվել է, որ Ընկերությունն իրեն պատկանող պահեստային տարածքից` Դավիթաշեն 108 հասցեից, առաքել կամ տեղափոխել է (գիրք թիվ 582) 38.560.000 ՀՀ դրամի ապրանքներ, որոնք չեն գրանցվել առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում, և դուրս չի գրվել համապատասխան հաշիվ-ապրանքագիր: Նույն ակտով Ընկերության նկատմամբ առաջադրվել է 9.640.000 ՀՀ դրամի պարտավորություն (գ.թ. 13):

4) Հանձնաժողովի 19.12.2008 թվականի թիվ 24/4 որոշմամբ Տեսչության 12.11.2008 թվականի թիվ 1101053 ակտը թողնվել է անփոփոխ (գ.թ. 17-18):

5) ՀՀ վարչական դատարանի` 15.03.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը, բավարարելով Ընկերության հայցը (ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի նախագահի 27.10.2008 թվականի թիվ 1101053 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում ստուգում իրականացնելիս Տեսչության ավագ հարկային տեսուչների կողմից գույքագրման վերաբերյալ «30.10.2008թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը կազմելուն ուղղված գործողությունները), պատճառաբանել է, որ Տեսչության աշխատակիցների կողմից գույքագրման վերաբերյալ «30.10.2008 թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը կազմելուն ուղղված գործողությունները կատարվել են ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 02.06.2000 թվականի թիվ 102 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման» կարգի պահանջների խախտումներով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, 26.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով Ընկերության վճռաբեկ բողոքը, հաստատել է Դատարանի 19.06.2009 թվականի վճռի պատճառաբանությունները:

Մասնավորապես` Դատարանը, 19.06.2009 թվականի վճռով մերժելով Ընկերության հայցը, պատճառաբանել է, որ Ընկերության պնդումն այն մասին, որ գույքագրման ակտն իրեն չի տրամադրվել, անհիմն է, քանի որ այն դրվել է Տեսչության 12.11.2008 թվականի թիվ 1101053 ակտի հիմքում, իսկ այն հանձնվել է Ընկերության տնօրենին: Այսպիսով, Տեսչության 12.11.2008 թվականի թիվ 1101053 ակտը կազմվել է օրենքի պահանջների պահպանմամբ: Ինչ վերաբերում է Հանձնաժողովի 19.12.2008 թվականի թիվ 24/4 որոշումը վերացնելու Ընկերության պահանջին, ապա այն ևս անհիմն է, քանի որ նշված որոշման համար հիմք է օրինական ստուգման ակտը:

Սույն վճռաբեկ բողոքին կից Ընկերությունը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի` 15.03.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Վարչական դատարանը, 15.03.2010 թվականի վճռով բավարարելով Ընկերության հայցը (ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի նախագահի 27.10.2008 թվականի թիվ 1101053 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում ստուգում իրականացնելիս Տեսչության ավագ հարկային տեսուչների կողմից գույքագրման վերաբերյալ «30.10.2008թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը կազմելուն ուղղված գործողությունները), պատճառաբանել է, որ Տեսչության աշխատակիցների կողմից գույքագրման վերաբերյալ «30.10.2008թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը կազմելուն ուղղված գործողությունները կատարվել են ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 02.06.2000 թվականի թիվ 102 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման» կարգի պահանջների խախտումներով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի` 15.03.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի նախագահի 27.10.2008 թվականի թիվ 1101053 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում ստուգում իրականացնելիս Տեսչության ավագ հարկային տեսուչների կողմից գույքագրման վերաբերյալ «30.10.2008թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը կազմելուն ուղղված գործողությունների ոչ իրավաչափ ճանաչումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք է, քանի որ նշված վճռով հաստատվում է, որ Տեսչության ավագ հարկային տեսուչ Հ. Ներսեսյանի և հարկային տեսուչ Կ. Սրապիոնյանի կողմից գույքագրման վերաբերյալ «30.10.2008թ.» թվագրված «Գույքագրման ակտ N» վերնագրված փաստաթուղթը կազմելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ են, իսկ այդ փաստաթուղթը դրվել է Տեսչության 12.11.2008 թվականի թիվ 1101053 ակտի հիմքում, ապա Հանձնաժողովի 19.12.2008 թվականի թիվ 24/4 որոշմամբ նշված ակտը թողնվել է անփոփոխ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ՎԴ/0560/05/09
Որոշում