Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.0966.030611

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 207-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 հունիսի 2011 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Ա. Մաշինյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 13.01.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշումը, ՀՀ օրենսդրության այլ ակտեր, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի դեկտեմբերի 2-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` սույն գործով վիճարկվող 1-ին և 4-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են.

«Հոդված 1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը

Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն ու Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով:

Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև`

ա) («ա» կետն ուժը կորցրել է 29.11.06 ՀՕ-224-Ն օրենքով).

բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.

գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին»:

Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 207-Ն որոշումն ընդունվել է 2004թ. փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվել է 2004թ. մարտի 2-ին: Այդ որոշումը սահմանում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 672-Ն որոշմամբ թիվ 207-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը 2011թ. մայիսի 5-ին ընդունված «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» թիվ 668-Ն որոշմամբ վերակարգավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները` այդպիսի օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում ընդգրկելով նաև «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրով նախատեսված այլ կատեգորիայի անձանց:

2. Դիմող կողմը վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ ներկայացնելով փաստարկներ` գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները: Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994թ. ԱՊՀ համաձայնագրի գործողությունը տարածվում է քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների հաշմանդամների ու մասնակիցների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների և անձանց այն դասերի վրա, որոնց, համաձայն նշված համաձայնագրին կից 1-ին հավելվածի, տրամադրված են արտոնություններ նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ: Այսպիսով, ինչպես եզրակացնում է դիմող կողմը, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արտոնությունները չպետք է պակաս լինեն նշված համաձայնագրին կից 2-րդ հավելվածով սահմանված արտոնությունների և երաշխիքների ծավալից:

Միաժամանակ, ըստ դիմող կողմի, վերոհիշյալ համաձայնագրի համակարգային վերլուծությունից բխում է, որ սահմանված արտոնությունների մեծ մասի կիրառման ապահովման համար պահանջվում է ներպետական մակարդակով համապատասխան իրավական ակտի ընդունում` արտոնության կիրառման կարգի նախատեսմամբ: Բացի դրանից, համաձայնագրին կից 2-րդ հավելվածով սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք ընդհանրապես տեղ չեն գտել ՀՀ օրենսդրության մեջ կամ իրավահավասարության սկզբունքի խախտմամբ առանձին սոցիալական խմբերի համար սահմանվել են մասնակիորեն` հակասելով հանաձայնագրի պահանջներին: Ըստ դիմող կողմի` համապատասխան արտոնություններ սահմանող նորմատիվ դրույթները հակասում են ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին` նաև արտոնությունների բովանդակության համապատասխանության տեսանկյունից:

Դիմող կողմը գտնում է նաև, որ համաձայնագրի կիրառման բնագավառում առկա են նաև բազմաթիվ օրենսդրական բացեր և հակասություններ, մասնավորապես, 1994թ. ԱՊՀ համաձայնագրի 1-ին հավելվածով թվարկված բազմաթիվ դասերի անձինք, այդ թվում` 1994թ. ԱՊՀ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետում նշվածները, չեն ներառվել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձանց ցանկում: Միևնույն ժամանակ, նշված անձինք իրավակիրառական պրակտիկայում դիտվում են որպես պատերազմի վետերաններին կամ հաշմանդամ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում են ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս համար սահմանված արտոնություններից (բացառությամբ ամենամսյա պատվովճարի, որն օրենքով նախատեսված է միայն Հայրենական մեծ պատերազմին մասնակցած անձանց համար):

3. Պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշման համաձայն` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 4-րդ հոդվածում առկա իրավակարգավորումը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածում ամրագրված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին, քանի որ «օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն իբրև զուտ ձևական հավասարություն, այլ իբրև իրավունքների ու ազատությունների օրենսդրական կարգավորման գնահատման սահմանադրական չափանիշ և, այս առումով, չպետք է բացառել այդ սկզբունքի կիրառման տարբեր դրսևորումների հնարավորություն, երբ ձևական հավասարության հաստատումը կարող է հանգեցնել նյութական անհավասարության: Մասնավորապես, տնտեսական և սոցիալական իրավունքների ու ազատությունների ձևական հավասարության դեպքում որոշակի կատեգորիայի սուբյեկտներ կարող են հայտնվել անհավասար կարգավիճակում...: Իրավահավասարության սկզբունքի խախտում կհամարվեր, երբ միևնույն կարգավիճակն ունեցող անձը ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որևէ հիմքով զրկվեր արտոնությունից կամ առավելությունից: Մինչդեռ օրենքը առանց որևէ բացառության միևնույն կատեգորիայի անձանց համար սահմանում է հավասար արտոնություններ և առավելություններ»:

Ըստ պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի, վերոհիշյալ օրենքի վիճարկվող դրույթը չի հակասում նաև ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված յուրաքանչյուրի` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքին, քանի որ «տվյալ դեպքում օրենքով սահմանվել են արտոնություններ և առավելություններ որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ: Ընդ որում, օրենքում նշված կատեգորիայի անձանց սոցիալական ապահովության իրավունքի իրականացման եղանակներն ու մեխանիզմները նախատեսված են այլ օրենքներով...»: Ըստ ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշման` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասին, քանզի օրենքի վիճարկվող դրույթի պարագայում իրավունքների սահմանափակման թույլատրելի կամ ոչ թույլատրելի շրջանակների մասին խոսել չի կարելի, քանի որ տվյալ պարագայում առկա է ոչ թե երաշխավորված իրավունք և դրա սահմանափակում, որը պետք է համապատասխանի սահմանափակման միջազգայնորեն սահմանված շրջանակներին, այլ առկա է որոշակի կատեգորիայի անձանց համար օրենքով սահմանված արտոնություն:

Ըստ պատասխանող կողմ ներգրավված ՀՀ կառավարության դիրքորոշման` «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման վիճարկվող դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 37-րդ, 40-րդ հոդվածներին և 43-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ «ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են որոշակի արտոնություններ հավասարապես բոլոր նրանց համար, ովքեր ունեն հաշմանդամ վետերանների և նրանց հավասարեցված անձանց կարգավիճակ», և որ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածն իր ամբողջական արտացոլումն է գտել վերոհիշյալ իրավական ակտերում: ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասին վիճարկվող դրույթների անհամապատասխանության վերաբերյալ ՀՀ կառավարությունը գտնում է, որ իրավական այդ ակտերով սահմանվում են ոչ թե սահմանափակումներ, այլ տրամադրվում են արտոնություններ որոշակի կատեգորիայի անձանց համար, և այդպիսիք չեն կարող դիտարկվել որպես հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներ:

4. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականությունը գնահատելիս հիմք ընդունել.

- ՀՀ միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժի և դրանցում ամրագրված նորմերի կիրառելիության սահմանադրական իրավակարգավորման բովանդակությունը,

- միջազգային պայմանագրերով և օրենքներով սահմանված` մարդու և քաղաքացու այլ իրավունքների ու ազատությունների երաշխավորման անհրաժեշտության սահմանադրական սկզբունքը,

- անձանց իրավունքները (այդ թվում` արտոնությունները) իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը բացառապես օրենքով սահմանելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջը,

- մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննությունը կամ դրա ընթացքում վիճարկվող իրավական ակտի կամ դրա դրույթի վերացման կամ ուժը կորցնելու իրավական հետևանքների վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի պահանջը:

Սույն գործի առարկայի շրջանակներում վետերանների սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունների միջազգային իրավական կարգավորումն իրականացվում է «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրով, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից: Այդ համաձայնագրի, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի և դրանց կատարումն ապահովելու կոչված` սույն գործով վիճարկվող ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման, ինչպես նաև սոցիալական ապահովության բնագավառի ՀՀ օրենսդրության այլ ակտերի համադրված վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես` հիշյալ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետով նախատեսված անձինք, որոնց համար վերոնշյալ միջազգային համաձայնագրի համաձայն (2-րդ հոդված) պետք է նախատեսվեին արտոնություններ, դուրս են մնացել այդպիսի իրավակարգավորման շրջանակից: ՀՀ օրենսդրությունը նաև մասնակիորեն է անդրադարձել վերոհիշյալ համաձայնագրով նախատեսված արտոնությունների ողջ ծավալին:

5. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Սահմանադրաիրավական այդ նորմի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ միջազգային պայմանագրերը նորմատիվ իրավական ակտեր են, որոնք ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, այսինքն` բովանդակում են իրավակարգավորման համապատասխան բնագավառի սուբյեկտների համար վարքագծի պարտադիր կանոններ, ունեն ՀՀ օրենքներից և իրավական այլ ակտերից առավել բարձր իրավաբանական ուժ, ենթակա են պարտադիր կատարման ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ողջ տարածքում:

Օրենքի նկատմամբ ՀՀ միջազգային պայմանագրերի գերակայության սահմանադրական սկզբունքն ամրագրված է ՀՀ գործող օրենսդրության բազմաթիվ ակտերում, այդ թվում` նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում, որն ուղղակիորեն սահմանել է, որ «Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ նորմատիվ դրույթի բովանդակությունից ոչ միայն բխում է անձանց իրավունքների իրացման ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները հատկապես օրենքով կարգավորելու, այլև այդ հարաբերությունները լիարժեք և, առաջին հերթին` իրավունքի սկզբունքներին համապատասխան կարգավորելու սահմանադրաիրավական պահանջ:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն Սահմանադրությամբ ամրագրված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ: ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն հիշյալ իրավակարգավորումը սահմանափակման ենթակա չէ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի իրավունքներից և ազատություններից (այդ թվում` արտոնություններից) օգտվելը նույնպես անձի իրավունք է, որը ենթակա է երաշխավորման ու պաշտպանության ներպետական օրենսդրությամբ: Միաժամանակ, օրենքով և իրավական այլ ակտերով չեն կարող բացառվել միջազգային որևէ պայմանագրով նախատեսված իրավունքներ ու ազատություններ (այդ թվում` արտոնություններ) կամ սահմանափակվել այդպիսիք:

ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և իրավակիրառական պրակտիկայում դրանց միակերպ ընկալումն ապահովելու անհրաժեշտության հետ միաժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է նաև Սահմանադրության նորմերի անմիջական գործողության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի սկզբունքային պահանջը և դրա անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

6. Անդրադառնալով «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի խնդիրն է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում օրենքով նախատեսել անհրաժեշտ իրավակարգավորումներ` ապահովելու համար այդ պարտավորությունների կատարումը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, հետևաբար` նաև ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքին համապատասխան, որոնք միտված լինեն ոչ միայն պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու, այլև անձանց իրավունքները երաշխավորված պաշտպանելու նպատակին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրի դրույթների ոչ լիարժեք իրացումը պայմանավորված է ոչ թե վերոհիշյալ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականության խնդրով, այլ իրավակիրառական պրակտիկայում այդ նույն օրենքի 3-րդ հոդվածի նորմատիվ պահանջի անտեսմամբ:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-668 որոշմամբ (5-րդ կետ) արձանագրել է, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքը սահմանելով «Հայրենական մեծ պատերազմի վետերաններ» հասկացությունը, չի անդրադարձել համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2.3. կետում նշված անձանց, և որ իրավակիրառական պրակտիկայում «պատերազմի վետերաններ» հասկացությունը մեկնաբանելիս` անվերապահորեն պետք է հիմք ընդունել նաև համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2.3. կետի դրույթները: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես վկայում է իրավակիրառական պրակտիկան, ՍԴՈ-668 որոշման հիշյալ պահանջը չի իրացվել: Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում հիշյալ օրենքի 3-րդ հոդվածի նորմատիվ պահանջը պետք է հաշվի առնվի ոչ միայն «պատերազմի վետերաններ» հասկացության, այլև անձանց նկատմամբ համաձայնագրով նախատեսված արտոնությունները լրիվ ծավալով կիրառելու առնչությամբ: Անդրադառնալով պատասխանող կողմի (ՀՀ կառավարություն) հայտնած այն դիրքորոշմանը, համաձայն որի` «ՀՀ Սահմանադրական դատարանի 28.11.2006թ. թիվ ՍԴՈ-668 որոշման 5-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները նորից հաշվի առնելու անհրաժեշտություն չկա», սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վերահաստատելով ՍԴՈ-943 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, իրավակիրառական պրակտիկան պարտավոր է հաշվի առնել իրավական ակտերի (դրանց առանձին դրույթների) սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ պրակտիկայի ձևավորումը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

7. ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարությունն ընդունում է որոշումներ` ապահովելու համար նաև միջազգային պայմանագրերի և օրենքների կատարումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ կառավարության սահմանադրական պարտականությունն է իր որոշմամբ սահմանել «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրի, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի դրույթների կատարման կարգն ու պայմանները` այնպիսի ծավալով ու բովանդակությամբ, ինչպիսին անմիջականորեն բխում է այդ ակտերից և Սահմանադրությամբ ու օրենքներով իրեն վերապահված լիազորություններից` հաշվի առնելով նաև սահմանադրական դատարանի ՍԴՈ-668 որոշման 5-րդ կետում արտահայտված դիրքորոշումը:

Վերոհիշյալ համաձայնագրի և օրենքի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության այլ ակտերի դրույթների համադրված վերլուծությունը վկայում է, որ 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը լիարժեք պայմաններ չի նախատեսել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նրանց հավասարեցված անձանց, զոհված զինծառայողների ընտանիքների` ՀՀ միջազգային պայմանագրով և «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների և երաշխիքների ամբողջական իրացումն ապահովելու համար: ՀՀ կառավարությունը չի անդրադարձել նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-668 որոշման կատարման ապահովմանը: Մասնավորապես` կառավարության հիշյալ որոշման իրավակարգավորման շրջանակներից դուրս են թողնվել ՀՀ միջազգային համաձայնագրով պատերազմի հաշմանդամ համարվող որոշակի թվով անձինք (հիշյալ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետ), որոնք նախկինում օգտվել են պատերազմի հաշմանդամների համար նախատեսված արտոնություններից: ՀՀ կառավարության 05.02.2004թ. թիվ 207-Ն որոշմամբ նախկին որոշումները ուժը կորցրած ճանաչելով և հիշյալ անձանց համար դրամական փոխհատուցում չնախատեսելով` տեղի է ունեցել նրանց` ՀՀ միջազգային պարտավորություններով նախատեսված իրավունքի արգելափակում: Ընդ որում, ՀՀ դատական պրակտիկան նույնպես փաստել է, որ պատերազմի հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ քաղաքացիների պահանջը հստակ իր լուծումն է ստացել «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրում, սակայն հենվելով ՀՀ կառավարության` սույն գործով վեճի առարկա որոշման վրա` չի բավարարվել քաղաքացիների հայցադիմումը` իրենց արտոնությունները պահպանելու կամ դրամական փոխհատուցում տալու հարցով:

ՀՀ սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող կողմի դիրքորոշումը` ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման սահմանադրականության վերաբերյալ, գտնելով, որ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 6-րդ (1-ին և 4-րդ մասեր), 42-րդ (1-ին մաս), 44-րդ, 85-րդ (2-րդ մաս) հոդվածներով, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարությունը պարտավոր էր իր որոշմամբ ապահովել Հայրենական մեծ պատերազմի վետերանների և նրանց հավասարեցված անձանց սոցիալ-տնտեսական արտոնությունների գործողությունը կամ դրանց դրամական փոխհատուցումը` նաև այն կատեգորիայի անձանց համար, որը նախատեսված է հիշյալ համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն իր` 2011թ. մայիսի 5-ի թիվ 672-Ն որոշմամբ սույն գործով վիճարկվող թիվ 207-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչել: Իր` 2011թ. մայիսի 5-ին ընդունված «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» թիվ 668-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը վերակարգավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգի հետ կապված` 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունները: Նման օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում ընդգրկվել են նաև «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրով նախատեսված անձանց:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ կետով, 63-րդ, 64-րդ և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 4-րդ հոդվածները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին (2-րդ մաս), 85-րդ հոդվածին (2-րդ մաս), 43-րդ հոդվածին (2-րդ մաս) հակասող ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշումը` «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ շրջանակներում կնքված և Հայաստանի Հանրապետության համար 1996 թվականի փետրվարի 26-ից ուժի մեջ մտած համաձայնագրի 1-ին հավելվածի 2.3 կետում նշված անձանց իրավունքների իրացման կարգ չնախատեսելու և այդ իրավունքներն արգելափակելու մասով` հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանական մասի 6-րդ և 7-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները և ի գիտություն ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 հունիսի 2011 թվականի

ՍԴՈ-966

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.06.2011
N ՍԴՈ-966
Որոշում