Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ, 26-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ, 26-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/1797/05/09

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1797/05/09

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Լ. Սոսյան

                       Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Նոր Նորքի հարկային տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ «Կոստանդյան Եղբայրներ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի Խորհրդայինի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Տեսչության հայցի ընդդեմ Ընկերության տնօրեն Աննա Վանեցյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 23.03.2009 թվականի թիվ 2300359 ակտը:

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերության տնօրեն Աննա Վանեցյանից 2.200.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի 27.04.2010 թվականի որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.08.2010 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է, իսկ Տեսչության հայցի մասով գործի վարույթը կարճվել է` այդ մասով վերջինիս կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.03.2011 թվականի որոշմամբ Տեսչության բողոքը մերժվել է, և Դատարանի 24.08.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «ա», «բ», «գ», «դ», «ե», «ը» կետերը, 26-րդ հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը, 94-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 38-րդ, 63-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ Կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ստուգման ընթացքում ստուգող տեսուչները կազմել են արձանագրություն այն մասին, որ իրենք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) ներկայացրել են «Երևան Տրանս» ՓԲԸ-ից ստացված տեղեկությունները, սակայն վերջինս հրաժարվել է դրանց ծանոթանալուց և բացատրություններ տալուց, ինչի արդյունքում այդ արձանագրությունը ստորագրել են միայն ստուգող տեսուչները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ վիճարկվող ակտի մեկ օրինակը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին է առաքվել առանց նշված տեղեկությունների, և դա վիճարկվող ակտի անվավերության հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է միայն ակտը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին հանձնելու պահանջ, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտի բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը վարչական ակտի հետ միաժամանակ չհանձնելը կամ ուշ հանձնելը չի կարող ազդել վարչական ակտի գործողության վրա և այդ պատճառով ակտի իրավաչափությունը վիճարկելու հիմք հանդիսանալ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հիմնավորմանը, որ վերոգրյալ արձանագրությունն այլ անձանց կողմից չի ստորագրվել, և այն ըստ էության կազմել են միայն ստուգում իրականացնող անձինք, ապա նշված հիմնավորումն անհիմն է, քանի որ ստուգման հանձնարարագրում չընդգրկված անձինք իրավունք չունեին մասնակցել ստուգման ընթացակարգին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ուղեգիրը ոչ պետական ուղևորատար տրանսպորտի շահագործման համար տրված ձևաթուղթ է, որը տրվում է յուրաքանչյուր մեքենայի համար անվանական և որտեղ նշվում է, թե տվյալ մեքենան ամսվա ընթացքում քանի օր է աշխատել և քանի անգամ է դուրս եկել երթուղի, իսկ յուրաքանչյուր օրվա վերջում երթուղու կարգավորողը դրա վրա կատարում է համապատասխան նշագրում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 31.03.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 12.03.2009 թվականի թիվ 2300359 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների (ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան` 01.03.2006 թվականից մինչև ստուգման ավարտ), վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու

(ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան` 12.04.2000 թվականից մինչև ստուգման ավարտ) ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 15):

2) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 23.03.2009 թվականին կազմել է թիվ 2300359 ակտը, որով Ընկերությանը հաստատագրված վճարների և սոցիալական վճարների գծով առաջադրվել է 9.803.100 ՀՀ դրամի պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 17-22):

3) Նշված ստուգումն իրականացնող անձինք 23.03.2009 թվականին կազմել են արձանագրություն այն մասին, որ իրենք այցելել են Ընկերության գործունեության հասցեով` ստուգման համար հիմք հանդիսացող տվյալներին և ստացված տեղեկություններին Ընկերությանը ծանոթացնելու նպատակով, սակայն որպես Ընկերության տնօրենին փոխարինող պաշտոնատար անձ հանդես եկած Գագիկ Կոստանդյանը հրաժարվել է ներկայացված տվյալների և տեղեկությունների վերաբերյալ բացատրություն տալուց (հատոր 1-ին, գ.թ. 29):

4) «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 գրությամբ, ի պատասխան Տեսչության պետի 23.02.2009 թվականի թիվ 708 գրության, հայտնվել է, որ Երևանի քաղաքապետի 08.11.2005 թվականի թիվ 2384-Ա և 28.04.2006 թվականի թիվ 649-Ա որոշումների համաձայն` Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 119 և թիվ 115 երթուղիների սպասարկման իրավունքները հատկացվել են Ընկերությանը: Նշված երթուղիների սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի մեքենաքանակները սահմանվել են համապատասխանաբար 20 և 24 միավորներ: Միաժամանակ, հայտնվել է, որ 01.01.2009 թվականից մինչև 23.02.2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար հատկացվել են սահմանված մեքենաքանակներով ուղեգրեր (հատոր 1-ին, գ.թ. 24ա, 27):

5) «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրությամբ, ի պատասխան Տեսչության պետի 16.03.2009 թվականի թիվ 1030 գրության, ներկայացվել է Ընկերության կողմից սպասարկվող թիվ 115 և թիվ 119 երթուղիներում շահագործվող մեքենաներն ըստ դեղին հիմնագույնի համարանիշերի և այդ մեքենաներին ամրակցված վարորդների ցանկը: Միաժամանակ, Տեսչության պետը տեղեկացվել է, որ 01.01.2009 թվականից մինչև 23.02.2009 թվականն ընկած ժամանակահատվածում երթուղիներում շահագործվող բոլոր մեքենաների համար հատկացվել են համապատասխան ուղեգրեր (հատոր 1-ին, գ.թ. 25-26, 61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի համաձայն` ստուգումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն` վարչական մարմինը գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաև այդ ակտի բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը:

Նույն մասի 5-րդ պարբերության համաձայն` նշված փաստաթղթերը վարչական ակտի հետ միաժամանակ չհանձնելը կամ ուշ հանձնելը չի կարող ազդել վարչական ակտի գործողության վրա և այդ պատճառով ակտի իրավաչափությունը վիճարկելու հիմք դառնալ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկային մարմինը հարկ վճարողի նկատմամբ հարկային պարտավորության հաշվարկման և գանձման հիմքում կարող է դնել միայն այնպիսի տեղեկություններ, որոնց վերջինս հնարավորություն է ունեցել ծանոթանալ և տալ բացատրություններ, ինչը տնտեսվարող սուբյեկտի իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է: Սակայն հարկային մարմնի կողմից հարկ վճարողին այդպիսի հնարավորության ապահովման գործընթացում որևէ առանձնահատուկ ընթացակարգ սահմանված չէ, և հարկային մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է ձգտի առավելագույնս պահպանել տնտեսվարող սուբյեկտի իրավունքները և շահերը: Միաժամանակ, հարկային մարմնի կողմից ստուգման ակտի հասցեատիրոջը դրա բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը չհանձնելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ ակտի իրավաչափությունը վիճարկելու համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ հարկային մարմինը որպես «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 և 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրություններին ծանոթանալու տնտեսվարող սուբյեկտի հնարավորությունն ապահովելուն ուղղված միջոցառում մատնանշել է 23.03.2009 թվականին կազմված արձանագրությունն այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) ներկայացվել են «Երևան Տրանս» ՓԲԸ-ից ստացված տեղեկությունները, սակայն վերջինս հրաժարվել է դրանց ծանոթանալուց և բացատրություններ տալուց:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ նշված արձանագրությամբ որևէ կերպ չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Ընկերությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ վերոգրյալ տեղեկություններին և դրանց վերաբերյալ տալ բացատրություններ, քանի որ այդ արձանագրությունը կազմվել է շահագրգիռ անձանց կողմից առանց վկաների կամ ընթերակաների մասնակցության:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ հարկային մարմինն Ընկերության լսվելու իրավունքը կարող էր ապահովել նաև «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 և 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրությունները փոստային առաքման ծառայության միջոցով ուղարկելով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ եզրահանգումն անհիմն է, քանի որ հարկային մարմնի կողմից հարկ վճարողին հարկային պարտավորության հաշվարկման հիմքում դրված տեղեկություններին ծանոթացնելու և դրանց վերաբերյալ վերջինիս կողմից բացատրություններ տալու հնարավորության ապահովման գործընթացում որևէ առանձնահատուկ ընթացակարգ սահմանված չէ, և հարկային մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է ձգտի առավելագույնս պահպանել տնտեսվարող սուբյեկտի իրավունքները և շահերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության պետի 12.03.2009 թվականի թիվ 2300359 հանձնարարագրի հիման վրա ստուգում իրականացնող անձինք 23.03.2009 թվականին կազմել են արձանագրություն այն մասին, որ իրենք այցելել են Ընկերության գործունեության հասցեով` ստուգման համար հիմք հանդիսացող տվյալներին և ստացված տեղեկություններին Ընկերությանը ծանոթացնելու նպատակով, սակայն որպես Ընկերության տնօրենին փոխարինող պաշտոնատար անձ հանդես եկած Գագիկ Կոստանդյանը հրաժարվել է ներկայացված տվյալների և տեղեկությունների վերաբերյալ բացատրություն տալուց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությանը «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 և 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրություններին ծանոթացնելու և դրանց վերաբերյալ վերջինիս կողմից բացատրություններ տալու հնարավորության ապահովման գործընթացում Տեսչության նկատմամբ կոնկրետ գործողություններ իրականացնելու, այդ թվում նաև` վկաներ կամ ընթերականեր ներգրավելու պարտականություն որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգումն իրականացնող անձինք, կազմելով 23.03.2009 թվականի արձանագրությունը, ապահովել են Ընկերության կողմից հարկային պարտավորության հաշվարկման հիմքում դրված տեղեկություններին ծանոթանալու և դրանց վերաբերյալ բացատրություններ տալու իրավունքի իրացումը, իսկ այդ արձանագրության հավաստիությունը հերքող որևէ ապացույց գործում առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է և որևէ իրավական հիմք չունի Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ նշված արձանագրությամբ որևէ կերպ չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Ընկերությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ վերոգրյալ տեղեկություններին և դրանց վերաբերյալ տալ բացատրություններ, քանի որ այդ արձանագրությունը կազմվել է շահագրգիռ անձանց կողմից առանց վկաների կամ ընթերակաների մասնակցության:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Տեսչության կողմից սույն գործով վիճարկվող ակտի հասցեատիրոջը` Ընկերությանը, դրա բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը չհանձնելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վիճարկվող ակտի իրավաչափությունը վիճարկելու համար:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է հարկային օրենսդրության և սոցիալական վճարումների կատարումը կարգավորող օրենսդրության հարաբերակցության խնդրին` նշելով, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է նույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Նշված նորմերից հետևում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կանոնը սոցիալական վճարների օրենսդրության նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է միայն հարկային պարտավորության հաշվարկման և գանձման գործընթացին, որը կարգավորվում է հարկային օրենսդրությամբ (իրավական հիմնավորումները տե'ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ Կարինե Բաբայանի` 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կարինե Բաբայանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության` 22.10.2008 թվականի թիվ 1003227 ակտն օրենքին հակասող և անվավեր ճանաչելու և որպես հետևանք` վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 08.12.2008 թվականի թիվ 075887 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշում, վարչական գործ թիվ ՎԴ/0308/05/09):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է գործում եղած բոլոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է նաև այն հիմնավորումը, որ Ընկերության նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկման հիմք հանդիսացող փաստական հանգամանքները հարկային մարմինը հաստատված է համարել` հիմք ընդունելով «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 և 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրություններով ներկայացված տեղեկություններն այն մասին, որ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 115 և թիվ 119 երթուղիների սպասարկման իրավունքները հատկացվել են Ընկերությանը, և որ այդ երթուղիների սպասարկման համար շարժակազմի մեքենաքանակները սահմանվել են համապատասխանաբար 24 և 20 միավորներ: Սակայն վերոգրյալ հանգամանքները չէին կարող հարկային մարմնին ինքնաբերաբար հանգեցնել այնպիսի դիրքորոշման, որ Ընկերությունը ստուգումն իրականացնելու պահին փաստացի գործել է և թվով 44 մեքենաներով ապահովել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 115 և թիվ 119 երթուղիների սպասարկումը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ինչի արդյունքում հանգել է չպատճառաբանված ներքին համոզման, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 և 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրություններով, բացի Վերաքննիչ դատարանի վկայակոչած տեղեկություններից, Տեսչության պետը տեղեկացվել է նաև, որ 01.01.2009 թվականից մինչև 23.02.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից սպասարկվող թիվ 115 և թիվ 119 երթուղիներում շահագործվող բոլոր մեքենաների (ընդհանուր` 44 միավոր) համար հատկացվել են համապատասխան ուղեգրեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 և 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրություններում պարունակվող` 01.01.2009 թվականից մինչև 23.02.2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից սպասարկվող թիվ 115 և թիվ 119 երթուղիներում շահագործվող բոլոր մեքենաների համար ուղեգրեր հատկացնելու վերաբերյալ տեղեկությունները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են և գնահատման առարկա չեն դարձել, սակայն նշված տեղեկությունները սույն գործի լուծման համար ունեն էական նշանակություն, քանի որ դրանց միջոցով Տեսչությունը հիմնավորում է վերոգրյալ ժամանակահատվածում Ընկերության փաստացի աշխատելու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 23.03.2009 թվականի թիվ 2300359 ակտի հիմքում դրված «Երևան Տրանս» ՓԲԸ-ի 02.03.2009 թվականի թիվ Հ-221 և 16.03.2009 թվականի թիվ Հ-285 գրություններով պարունակվող բոլոր տեղեկությունները հետազոտելու, գնահատելու և միայն դրա արդյունքում նշված ակտի իրավաչափությունը պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ՎԴ/1797/05/09
Որոշում