Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ, 44- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 79

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ, 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 74-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՈՒսումնասիրելով քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 26.09.2011թ. թիվ 2408 կից գրությամբ ներկայացված 26.09.2011թ. «Նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կապակցությամբ պարզաբանում ստանալու մասին» թիվ 2404 դիմումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզեց.

1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 26.09.2011թ. թիվ 2408 կից գրությամբ ներկայացրել է թիվ 2404 դիմումը` «Նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կապակցությամբ պարզաբանում ստանալու մասին»:

Ներկայացված դիմումում նշել է.

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում սահմանված է` ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը:

Ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ կետում սահմանված է`

6. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով` վերադաս հանձնաժողովի կնքած գրանցամատյան:

Սակայն, նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ և 75-րդ հոդվածի 6-րդ կետերով սահմանված չէ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում արձանագրված, այդ թվում` նախընտրական քարոզչության կարգի խախտումների մասին, ի հակառակ նրան, որ սահմանված են նորմեր տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում արձանագրված խախտումների մասին:

Այսպիսով, ակնհայտ հակասություն կա ԸՕ 18-րդ հոդվածի 8-րդ ու 44-րդ հոդվածի 6-րդ կետերով սահմանված դրույթների և ԸՕ 74-րդ հոդվածի 8-րդ ու 75-րդ հոդվածի 6-րդ կետերով սահմանված դրույթների միջև և անհրաժեշտություն կա այդ խնդրի պաշտոնական պարզաբանման համար:

Այդ կապակցությամբ, ներկայացնում է սույն խնդրով ԸՕ 74-րդ հոդվածի 8-րդ ու 75-րդ հոդվածի 6-րդ կետերով սահմանված դրույթների (որպես լրացում) իր պարզաբանումների տարբերակը`

«74-րդ հոդվածի 8-րդ և 75-րդ հոդվածի 6-րդ կետերում համապատասխանաբար պետք է կարդալ նաև` Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (Կենտրոնական ընտրական հանձնաժողովը)... ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (հանձնաժողովների) գրանցամատյանում (գրանցամատյաններում) արձանագրված խախտումների մասին որոշումը (որոշումները)... ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով, խնդրում է սույն խնդրով տալ պաշտոնական պարզաբանում:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է.

«Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, ինչպես նաև ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ` տալով խախտումը դադարեցնելու համար 3 օրը չգերազանցող ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում խախտումը չդադարեցնելու դեպքում հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:

Նշված իրավանորմը սահմանում է պահանջ պահպանելու նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը, ինչպես նաև այդ կարգի նկատմամբ հսկողության իրականացման եղանակներն ու կարգի խախտման հետևանքները:

Նույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.

«Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով` վերադաս հանձնաժողովի կնքած գրանցամատյան:

Գրանցամատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Նշված իրավանորմը սահմանում է գրանցամատյանի ձևը, ինչպես նաև սահմանում լիազորություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար` սահմանելու գրանցամատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն.

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է ընտրատարածքում քվեարկության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:

Նշված իրավանորմը, ըստ էության, սահմանում է այն կարգը, որին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է ամփոփի ընտրատարածքում քվեարկության արդյունքները և ընդունի որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասն էլ սահմանում է, որ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:

Նշված իրավանորմը, ըստ էության, սահմանում է այն կարգը, որին համապատասխան կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ամփոփի ընտրության արդյունքները և ընդունի որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.

«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»:

Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի վերոհիշյալ իրավադրույթներից յուրաքանչյուրը կանոնակարգում է խիստ որոշակի իրավահարաբերություններ: Դրանցում առկա չէ որևէ հակասություն և չի էլ կարող առկա լինել, քանի որ չնայած այն հանգամանքին, որ վկայակոչված իրավանորմերը կարգավորում են ընտրական գործընթացին վերաբերող հարաբերություններ, սակայն իրենցով կարգավորվող հարաբերության օբյեկտով և առարկայով պայմանավորված, յուրաքանչյուր իրավանորմ կարգավորում է խիստ որոշակի և մյուսի հետ չնույնացվող կամ չհամընկնող հարց:

Վերոգրյալով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը, 44-րդ հոդվածի 6-րդ մասը և նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ մասը, 75-րդ հոդվածի 6-րդ մասը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթների, հակասություն չեն պարունակում: Նշված դրույթները հստակ են և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման:

Ավելին, քննարկվող դիմումով որպես դիմումատուի ներկայացրած պարզաբանման տարբերակ, ներկայացվել է.

«...սույն խնդրով ԸՕ 74-րդ հոդվածի 8-րդ ու 75-րդ հոդվածի 6-րդ կետերով սահմանված դրույթների (որպես լրացում) իմ պարզաբանումների տարբերակը`

74-րդ հոդվածի 8-րդ և 75-րդ հոդվածի 6-րդ կետերում համապատասխանաբար պետք է կարդալ նաև` Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (Կենտրոնական ընտրական հանձնաժողովը)... ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (հանձնաժողովների) գրանցամատյանում (գրանցամատյաններում) արձանագրված խախտումների մասին որոշումը (որոշումները)... ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:

Ներկայացվածով, ինչպես ինքը` դիմումատու Թորոսյանն է նշում, առաջարկվում է, ըստ էության լրացում կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ և 75-րդ հոդվածի 6-րդ մասերում, ինչը ոչ միայն չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներից, այլև դիմումով ներկայացված պահանջը հանդիսանում է հակասահմանադրական պահանջ, քանզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն էլ` Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը»:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը, 44-րդ հոդվածի 6-րդ մասը և նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ մասը, 75-րդ հոդվածի 6-րդ մասը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթների, հակասություն չեն պարունակում: Նշված դրույթները հստակ են և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
06.10.2011
N 79
Պաշտոնական պարզաբանում