Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 61-ՐԴ, 62-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 61-ՐԴ, 62-ՐԴ ԵՎ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԱՆԴ/0091/01/09  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԱՆԴ/0091/01/09

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Ե. Դարբինյան    

                       Ա. Հովհաննիսյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ղուկասյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    2011 թվականի հուլիսի 13-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի մարտի 1-ի որոշման դեմ մեղադրողի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Անհայտ անձի կողմից Սերգեյ Ռոլանդի Այվազյանին դիտավորությամբ որովայնի շրջանի թափանցող վերք պատճառելու փաստի առթիվ 2009 թվականի ապրիլի 27-ին Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 17110409 քրեական գործը:

2009 թվականի ապրիլի 28-ին Անդրանիկ Ավետիսյանը ձերբակալվել է:

2009 թվականի ապրիլի 30-ին Անդրանիկ Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Արա Սաֆարյանին և Սերգեյ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2. 2009 թվականի օգոստոսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճռով Անդրանիկ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: Նշանակված պատժի մեջ հաշվակցվել է նրա կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 18 (տասնութ) օր ժամկետը, և նա վերջնական դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի 9 (ինն) ամիս 12 (տասներկու) օր ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արա Սաֆարյանը և Սերգեյ Այվազյանը:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Ա. Ավետիսյանի պաշտպանը:

Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ամբաստանյալ Ա. Ավետիսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրողը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

5. Նոր քննության արդյունքում կայացված Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով Անդրանիկ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: Նշանակված պատժի մեջ հաշվակցվել է նրա կալանքի տակ գտնվելու երկու ամիս տասնութ օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի 9 (ինն) ամիս 12 (տասներկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Ա. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արա Սաֆարյանը և Սերգեյ Այվազյանը, որոնց վերաբերյալ դատավճիռը չի բողոքարկվել:

6. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի մարտի 1-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:

7. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրողը:

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունվել:

2011 թվականի մայիսի 16-ին ամբաստանյալ Ա. Ավետիսյանի պաշտպանը վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել և խնդրել է մեղադրողի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը` թողնել անփոփոխ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

8. Անհայտ անձի կողմից Սերգեյ Այվազյանին դիտավորությամբ որովայնի շրջանի թափանցող վերք պատճառելու փաստի առթիվ 2009 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 1):

9. 2009 թվականի ապրիլի 27-ին Սերգեյ Այվազյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին` անհայտ անձի կողմից դանակով իր որովայնի շրջանին հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու մասին (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 3):

10. 2009 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Սերգեյ Այվազյանը ճանաչվել է տուժող (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 12):

Որպես տուժող հարցաքննվելիս Ս. Այվազյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ավան, Դուրյան թաղամասի 38 շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում անհայտ անձը հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել իրեն (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջեր 13-15):

11. Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետին հասցեագրված` Նոր Նորքի քննչական բաժնի պետի գրությունից երևում է, որ վերջինս խնդրել է հանձնարարել ձեռնարկելու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 16):

12. 2009 թվականի ապրիլի 28-ին դեպքի վայրի զննություն կատարելու ժամանակ Անդրանիկ Ավետիսյանը հայտարարել է, որ 2009 թվականի ապրիլի 27-ին` ժամը 01:00-ից 01:30-ի սահմաններում, Ավան, Չարենցի թաղամասի 12-րդ շենքի բակում իրեն անծանոթ տղաների հետ կռվի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է նրանցից մեկին (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջեր 26-27):

13. Վերաքննիչ դատարանը Ա. Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ նշել է նաև, որ նա հանրորեն վտանգավոր արարքը կատարել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ, հանցագործությունը բացահայտվել է նրա խոստովանական ցուցմունքների միջոցով, օգնել է նախաքննության մարմնին հանցագործության մանրամասները բացահայտելուն, գտնվում է զորակոչային տարիքում և դատարանում պատրաստակամություն է հայտնել մեկնելու ժամկետային զինվորական ծառայության (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, էջ 46):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

14. Ըստ բողոքի հեղինակի` Ա. Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը թույլատրելի համարելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Ա. Ավետիսյանի նկատմամբ 3 տարի ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այն պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանն օբյեկտիվ ստուգման ու գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, հաշվի չի առել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, բնույթը, որոնք բարձրացնում են ամբաստանյալի կատարած հանցագործության վտանգավորության աստիճանը: Բողոքաբերը նշել է նաև, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նրա` ժամկետային զինվորական ծառայության մեկնելու նպատակահարմարությունը:

Արդյունքում, բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ Ա. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում ամբաստանյալի կատարած հանցագործության ծանրությանը, չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխմանն ու պատժի ենթարկված անձի ուղղվելուն:

15. Ելնելով վերոգրյալից բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի մարտի 1-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` Ա. Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը պատշա՞ճ է արդյոք գնահատել գործի փաստական հանգամանքները:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(...)»:

i

19. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել մի շարք որոշումներում: Մասնավորապես, Հ. Բաղդասարյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրվել է, որ «(...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (...)» (տե՛ս Հուսիկ Սուրենի Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշման 24-րդ կետը):

Մեկ այլ` Դ. Հովհաննիսյանի վերաբերյալ գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը: (...)» (տե՛ս Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 12-րդ կետը, ինչպես նաև mսtatis mսtandis, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ՎԲ-124/07, ԵԱՔԴ/0078/01/09, ԵԱՔԴ/0120/01/09 և մի շարք այլ որոշումներ):

20. Հիմք ընդունելով նախորդ կետում և համապատասխանաբար նաև վկայակոչված որոշումներում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ միաժամանակ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը: Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը Ա. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի է առել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներ, մասնավորապես.

ա) Ա. Ավետիսյանի կողմից հանրորեն վտանգավոր արարքը հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարելը,

բ) հանցագործությունը Ա. Ավետիսյանի խոստովանական ցուցմունքների միջոցով բացահայտելը,

գ) Ա. Ավետիսյանի` զորակոչային տարիքում գտնվելը և ժամկետային զինվորական ծառայության մեկնելու պատրաստակամություն հայտնելը (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

22. Նախորդ կետում թվարկված հանգամանքներից առաջինի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «հանցանքների պատահական զուգորդում» հասկացությունը գնահատողական կատեգորիա է և որոշվում է միայն դատարանի կողմից` գործի բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ հետազոտելու արդյունքում: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ, ի թիվս այլոց, հանգամանքների պատահական զուգորդում կարող են լինել.

1. իր կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատման կապակցությամբ անձի մոլորությունը,

2. հանցավոր արարքներ կատարող անձանց խմբում մեկ անգամ պատահական գտնվելն ու այդ խմբի կողմից կատարված հանցագործությանը մեկ անգամ մասնակցելը,

3. մեղսագրվող հանցանքի կատարումն անձին ակնհայտորեն բնորոշ չլինելը,

4. հանցանքի կատարումը հոգեճնշող վիճակում, արտակարգ կամ այլ հանգամանքների ազդեցության տակ:

23. Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքներից երկրորդի, այն է` հանցագործությունը Ա.Ավետիսյանի խոստովանական ցուցմունքների միջոցով բացահայտելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են մեղայականով ներկայանալը (...)»:

Մեղայականով ներկայանալը նշանակում է, որ անձը կամավոր ներկայանում է իրավապահ մարմիններին (ոստիկանություն, դատախազություն և այլն) և հայտնում է իր կողմից միանձնյա կամ այլ անձի հետ կատարած հանցագործության մասին: Այլ կերպ` մեղայականով ներկայացած անձը կամավոր, անկեղծ խոստովանություն է անում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին բանավոր կամ գրավոր կերպով հայտնում իր կողմից կամ իր մասնակցությամբ կատարված հանցագործության մասին: Հնարավոր են իրավիճակներ, երբ հանցագործություն կատարած անձը չի կարող անձամբ ներկայանալ և հայտնել հանցագործության մասին, և Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում հեռախոսով կամ փոստով հաղորդումները ևս պետք է դիտվեն որպես մեղայականով ներկայանալ:

Շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե կատարված հանցագործության փաստով հարուցված քրեական գործով այդ հանցանքը կատարած անձը պարզված չէ, ապա հանցանք կատարած անձի կողմից դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնելը ևս պետք է դիտվի որպես մեղայականով ներկայանալ:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործը հարուցվել է անհայտ անձի կողմից Ս. Այվազյանին մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, որպես տուժող հարցաքննվելիս Ս. Այվազյանը չի նշել, թե ով է իրեն մարմնական վնասվածք պատճառել: Գործի նյութերից երևում է նաև, որ հանցանք կատարած անձին հայտնաբերելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել (տե՛ս սույն որոշման 8-11-րդ կետերը): Մինչդեռ ամբաստանյալ Ա. Ավետիսյանն ինքը կամավոր հայտնել է վարույթն իրականացնող մարմնին, որ Ավան, Չարենցի թաղամասի 12-րդ շենքի բակում իրեն անծանոթ տղաների հետ կռվի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է նրանցից մեկին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս հետևություն անել այն մասին, որ Ա. Ավետիսյանն ըստ էության ներկայացել է մեղայականով` ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի իմաստով:

24. Սույն որոշման 18-23-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործի փաստական հանգամանքները: Մասնավորապես, իր որոշման մեջ շարադրված հետևությունները Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հիմնավորել կոնկրետ ապացույցներով, մինչդեռ Ա. Ավետիսյանի կողմից արարքը հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարելը հիմնավորող փաստական տվյալները դատարանի որոշման մեջ բացակայում են: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի նշել, թե գործում առկա ինչ հանգամանքների հետազոտման արդյունքում է հանգել այն հետևության, որ իրեն մեղսագրվող արարքը Ա. Ավետիսյանը կատարել է հանգամանքների պատահական զուգորդմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը Ա. Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննելիս անտեսել է հանցանք կատարելուց հետո նրա վարքագծին վերաբերող, օբյեկտիվորեն գոյություն ունեցող և սույն որոշման 23-րդ կետում նշված հանգամանքները: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող` մեղայականով ներկայանալու հանգամանքը քննության առարկա դարձնելու փոխարեն Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել է` «հանցագործությունը բացահայտվել է հենց նրա խոստովանական ցուցմունքների միջոցով, օգնել է նախաքննության մարմնին հանցագործության մանրամասները բացահայտելուն»:

Վերը նշված հարցերի քննարկումը և պարզաբանումն էական նշանակություն կարող է ունենալ Ա. Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս:

25. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից որպես Ա. Ավետիսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հաշվի առնված այն հանգամանքին, որ վերջինս գտնվում է զորակոչային տարիքում և պատրաստակամություն է հայտնել մեկնել ժամկետային զինվորական ծառայության, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պետք է քննության առնվի Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշման 18-24-րդ կետերում շարադրված և վերլուծված հանգամանքների ընդհանուր համատեքստում:

26. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հարցը քննելիս և լուծելիս Վերաքննիչ դատարանը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չի կատարել, չի վերլուծել և չի գնահատել գործում առկա, օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստական տվյալները: ՈՒստի Ա. Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացման: Դա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված դատավարական իրավունքի խախտումը, որն ազդել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, դատական ակտը բեկանելու հիմք է: ՈՒստի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ղուկասյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.07.2011
N ԵԱՆԴ/0091/01/09
Որոշում