Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 877-ՐԴ, 878...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 877-ՐԴ, 878-ՐԴ, 881-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0779/02/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0779/02/10

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Դանիել Ղասաբողլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սաֆուրա Բաղդասարյանի ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` փոխառության 34.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ մինչև պարտավորության փաստացի կատարումը տոկոսներ հաշվեգրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սաֆուրա Բաղդասարյանը պահանջել է Դանիել Ղասաբողլյանից բռնագանձել 34.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտավորության գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվագրել տոկոսներ` մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.04.2011 թվականի որոշմամբ Դանիել Ղասաբողլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դանիել Ղասաբողլյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 878-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի գնահատել պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված մի շարք ապացույցներ, մասնավորապես` կողմերի միջև կնքված առաջին գրավոր ստացականը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև կնքված գրավոր պարտավորագիրը, որով պատասխանողը ստանձնել է պարտավորություն վերցրած 17.000 ԱՄՆ դոլարը չվերադարձնելու դեպքում վերադարձնել կրկնակին` 34.000 ԱՄՆ դոլար, չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 878-րդ հոդվածներից և չի համապատասխանում տվյալ իրավական նորմերով կարգավորվող հարաբերություններին, կնքվել է ստրկացուցիչ վիճակում և ինքնին որևէ իրավաբանական ուժ չունի: Դրանով ընդամենը հաստատվում է Դանիել Ղասաբողլյանի պարտքի գոյությունը: Այսինքն` օրենսդիրը իրավական է համարել այնպիսի պարտավորությունները, որոնցում ֆիքսված կլինի պարտքը, կամ դրա դիմաց տրվող տոկոսները, այն էլ հստակ սահմանափակումներով, որպեսզի երաշխավորի նաև պարտք վերցնողի իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել, այն փոփոխել և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դանիել Ղասաբողլյանի կողմից գրված պարտավորագրի համաձայն` Դանիել Ղասաբողլյանը 20.10.2009 թվականին Սաֆուրա Բաղդասարյանից վերցրել է 17.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել 30.10.2009 թվականին, չվերադարձնելու դեպքում պարտավորվել է վերադարձնել կրկնակին` 34.000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրել է (հատոր 1-ին, գ.թ. 14):

2) Դանիել Ղասաբողլյանի կողմից վերը նշված պարտավորագրով ստանձնած պարտավորությունն ամբողջությամբ և պարտավորագրով սահմանված ժամկետում չի կատարվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ի և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Նույն օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն` փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

i

Նույն օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:

Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսները վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ`

1) Փոխառուն պարտավոր է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը).

2) փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը.

3) փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ ընդհանուր իրավասության դատարանը գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում, արձանագրելով, որ պատասխանողի կողմից տրված պարտավորագիրը հայցը բավարարելու առումով պատշաճ ապացույց է, գտել է, որ հայցապահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ հոդվածների պահանջներից և իրավացիորեն հայցը բավարարել է ամբողջությամբ:

Մինչդեռ, սույն գործի փաստերից հետևում է, որ Դանիել Ղասաբողլյանի կողմից տրվել է պարտավորագիր, համաձայն որի` վերջինս 20.10.2009 թվականին Սաֆուրա Բաղդասարյանից վերցրել է 17.000 ԱՄՆ դոլար գումար և պարտավորվել է այն վերադարձնել 30.10.2009 թվականին, չվերադարձնելու դեպքում պարտավորվել է վերադարձնել կրկնակին` 34.000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրել է: Դանիել Ղասաբողլյանը չի կատարել պարտավորագրով ստանձնած իր պարտավորությունները:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ի կետի ուժով փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու համաձայնության սահմանումն առոչինչ է (տվյալ գործով փոխառության պայմանագրով պարտավորության կատարումը նախատեսված ժամկետում ուշացնելու համար սահմանվել էր տույժ վճարելու համաձայնություն) (տես` «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի հայցն ընդդեմ Արմեն Գրիգորյանի, Կարապետ և Հռիփսիկ Վարդանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-241 (ՎԴ) որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև կնքված փոխառության պարտավորագրում նախատեսված 17.000 ԱՄՆ դոլար գումարի ժամանակին չվերադարձման դեպքում 34.000 ԱՄՆ դոլար վերադարձնելու պարտավորության վերաբերյալ համաձայնությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին կետի ուժով առոչինչ է:

 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դանիել Ղասաբողլյանից հօգուտ Սաֆուրա Բաղդասարյանի պետք է բռնագանձել փոխառության պայմանագրով նախատեսված 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես փոխառության գումար, ինչպես նաև 20.10.2009 թվականից մինչև 31.10.2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, իսկ 31.10.2009 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը` այդ գումարի նկատմամբ հաշվարկված` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ԵԷԴ/0779
Որոշում