Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ԵՎ ՀՀ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74-ՐԴ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԼԴ/0009/11/11

վերաքննիչ քրեական

դատարանի որոշում

գործ թիվ ԼԴ/0009/11/11

Նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ դատախազ                    Ա. Նաղդալյանի

 

    2011 թվականի հոկտեմբերի 20-ին                   Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ Լոռու մարզի դատախազության դատախազ Ա.Նաղդալյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի նոյեմբերի 30-ին Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 33107210 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Վարույթն իրականացնող մարմնի 2011 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Արամայիս Յուրիկի Ղալաչյանը և Յուրի Արամայիսի Ղալաչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Վերգուշ Խաչատրյանը ճանաչվել է տուժող:

2. Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ.Սահակյանի 2011 թվականի մարտի 24-ի` «Քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ խմբի կազմում բռնություն գործադրելով և գույքը վնասելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Յուրի Արամայիսի Ղալաչյանի նկատմամբ թիվ 33107210 գործով քրեական հետապնդումը դադարեցվել է իրադրության փոփոխման հիմքով:

Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ.Սահակյանի 2011 թվականի մարտի 24-ի որոշման դեմ տուժող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը Լոռու մարզի դատախազության դատախազ Ա.Նաղդալյանի 2011 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. Տուժող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը 2011 թվականի ապրիլի 29-ին բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ.Սահակյանի 2011 թվականի մարտի 24-ի որոշումը վերացնելու խնդրանքով:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 16-ի որոշմամբ տուժող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժվել է:

4. Տուժող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ բողոքը բավարարել է. բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 16-ի որոշումը` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել գործով տուժող Վ.Խաչատրյանի իրավունքների խախտումը:

5. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Լոռու մարզի դատախազության դատախազ Ա.Նաղդալյանը:

2011 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը դատախազ Ա.Նաղդալյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Արամայիս և Յուրի Ղալաչյաններին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2010 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Արամայիս Յուրիկի Ղալաչյանը Արջուտ գյուղում գտնվող իր ամառանոցի հարևանությամբ բնակվող Ռոբերտ Մանուկյանից հարևանի հողամասից իր տուն խողովակներով ջուր անցկացնելու հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար իր որդիներ Յուրի Ղալաչյանի և Արտյոմ Մայիլյանի հետ գնացել են Ռոբերտ Մանուկյանի տան մոտ, գիշերվա ուշ ժամին արթնացրել նրան և կնոջը` Վերգուշ Խաչատրյանին, խախտել նրանց անդորրը, պահանջել բացել տան դարպասները:

Մերժում ստանալուց հետո Արամայիս Ղալաչյանն անհիմն վիճաբանել է Ռ.Մանուկյանի և Վ.Խաչատրյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրանց հասցեին, իսկ Յուրի Ղալաչյանը քարերով հարվածել է դարպասների և տան պատերին, ծեծի ենթարկել Վ.Խաչատրյանին` շուրջ 10-15 րոպե խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ (տե՛ս Նյութեր, էջեր 6-7, 66-67):

7. Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ.Սահակյանի 2011 թվականի մարտի 24-ի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Նկատի ունենալով, որ Յուրի Արամայիսի Ղալաչյանն առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցագործություն, բնութագրվում է դրական, նպատակահարմար չէ քրեական պատասխանատվության ենթարկել միաժամանակ և հորը, և որդուն, իրադրության փոփոխման հետևանքով նրա անձը և կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, ուստի նրա ուղղումը հնարավոր է առանց քրեական պատասխանատվության ենթարկելու» (տե՛ս Նյութեր, էջեր 14-15):

8. Առաջին ատյանի դատարանը, Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ.Սահակյանի` «Քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին» որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Քրեական գործն ըստ մեղադրանքի Արամայիս Յուրիկի Ղալաչյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: (...) Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ.Սահակյանը հայտնել է, որ Յուրի Ղալաչյանը միացել է հոր կողմից արդեն սկսած խուլիգանությանը, փորձել է հարթել վեճը, ինչպես միջադեպի, այնպես էլ նախաքննության ընթացքում, որը դիտվել է իրադրության փոփոխում: Արամայիս Յուրիկի Ղալաչյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մուտք է եղել դատարան և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-293-րդ հոդվածներով նախատեսված կարգով կայացվել են քրեական գործը վարույթ ընդունելու և դատական քննության նշանակելու վերաբերյալ որոշումներ: Ներկայումս գործը գտնվում է դատաքննության փուլում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե գործի նյութերում բացակայում է վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» (տե՛ս Նյութեր, էջ 25):

9. Առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Յուրի Ղալաչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Այսպես` որոշման մեջ նշված Յուրի Ղալաչյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերից մեկը` «միաժամանակ և հորը, և որդուն քրեական պատասխանատվության ենթարկելու աննպատակահարմարությունը», չի տեղավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված պայմանների մեջ: Քրեական հետապնդման մարմինը անձին քրեական պատասխանատվությունից ազատելու այդպիսի հայեցողությամբ օժտված չէ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ որոշման մեջ նախաքննության մարմնի կողմից որևէ կերպ չի պատճառաբանվել իրադրության փոփոխման և դրա արդյունքում` Յու.Ղալաչյանի և նրա արարքի հանրորեն վտանգավոր լինելը դադարելու մասին հետևությունը: Նշված որոշմամբ չի հիմնավորվել, թե կոնկրետ ինչ իրադրություն է փոփոխվել և ինչում է դրսևորվել դրա արդյունքում Յու.Ղալաչյանի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը դադարելը: (...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը ներկայացված բողոքը բավարարելու հիմքերի բացակայության մասին հետևության հիմքում դրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, (...) Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Արամայիս Յուրիկի Ղալաչյանի վերաբերյալ քրեական գործն արդեն իսկ ուղարկվել է դատարան և ընդունվել դատարանի վարույթ ու նշանակվել դատական քննության: Այսինքն` առաջին ատյանի դատարանը, առանց ներկայացված բողոքի փաստարկների վերլուծություն կատարելու, բողոքարկված որոշման օրինականության վերաբերյալ իր հետևությունն ըստ էության հիմնավորել է նրանով, որ քրեական գործն ըստ մեղադրանքի Ա.Ղալաչյանի ուղարկվել է դատարան, որն էլ չհայտնաբերելով մինչդատական վարույթում թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտում` այն նշանակել է դատական քննության: Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել: Այսինքն` դատարանը նաև դատական քննության նախապատրաստական փուլում չէր կարող անդրադառնալ տվյալ գործով այլևս չմեղադրվող անձի մասով քննության օրինականությանը և գործը չնշանակել դատական քննության այն պատճառաբանությամբ, որ տվյալ գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է օրենքի խախտմամբ» (տե՛ս Նյութեր, էջեր 70-71):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

11. Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ոչ օբյեկտիվ, դրանում սխալ են մեկնաբանված և ճիշտ չեն կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածները:

Մասնավորապես, իրադրության փոփոխում հասկացությունը պարզաբանելիս Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ իրադրության փոփոխում կարող է դիտվել միայն այն իրավիճակը, երբ պետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում տեղի են ունեցել հասարակական կյանքի սոցիալ-տնտեսական, քաղաքական կամ հոգևոր պայմանների փոփոխություններ: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանի վերոնշյալ սահմանափակ ձևակերպումը չի բխում օրենքի տառացի մեկնաբանությունից և սահմանափակում է քրեական հետապնդման մարմնի` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները:

12. Ըստ բողոքաբերի` ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածների համակարգային մեկնաբանությունը հետևյալն է. իրադրության փոփոխման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի քննիչը (դատախազը) հանգի ողջամիտ հետևության առ այն, որ`

ա) տվյալ քրեական գործի կապակցությամբ փաստերի և հանգամանքների մի համակցություն փոփոխվել է և վերածվել է մեկ այլ համակցության,

բ) քրեական գործի քննության ընթացքում առաջացել են (ի հայտ են եկել) գործին վերաբերող նոր իրադրություն կամ նոր փաստեր, կամ առկա փաստերին տրվել են նոր գնահատականներ: Նշված նոր իրադրության պայմաններում նպատակահարմար չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

Մեջբերված դատողության հիման վրա բողոք բերած անձը եզրահանգել է, որ իրադրության փոփոխման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելն իրավաչափ է, եթե քննիչը, դատախազը ողջամտորեն համոզված են, որ վերը նշված պայմաններն առկա են: Ըստ բողոքաբերի` նշված երկու պայմանն էլ սույն գործով առկա են, հետևաբար քննիչը, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով, պահպանել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջները:

13. ՈՒստի, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 16-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրադրության փոփոխման դեպքում հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

i

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը ճի՞շտ է մեկնաբանել ու կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածներով նախատեսված` իրադրության փոփոխման դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ դրույթները:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն` «Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (...) 74-րդ հոդված[ով] նախատեսված դեպք[ում]»:

Մեջբերված նորմերի համակարգային վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառման հիմքն արդեն փոփոխված իրադրությունում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու աննպատակահարմարությունն է:

17. Վկայակոչված քրեաիրավական դրույթի իմաստով իրադրությունը քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների այն վիճակն է, որոնց անձը ներգրավված է եղել հանցանքի կատարման պահին: ՈՒստի, իրադրության փոփոխությունը` որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք, հասարակական հարաբերությունների այդ վիճակի որակական, կայուն փոփոխությունն է, որը տեղի է ունեցել որևէ իրադարձության հետևանքով:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածն ամրագրում է իրադրության փոփոխման դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու երկու ինքնուրույն տեսակ`

1. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է անձը,

2. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է արարքը:

Ընդ որում, իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերոնշյալ տեսակներից յուրաքանչյուրի կիրառումը թույլատրելի է, եթե անձին մեղսագրվող հանցանքը ոչ մեծ կամ միջին ծանրության է և կատարվել է առաջին անգամ:

19. Իրադրության փոփոխման հետևանքով անձի` հանրության համար վտանգավորության կորուստը ենթադրում է այնպիսի փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցանք կատարած անձը դադարում է հանրության համար վտանգավոր լինելուց: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանցագործությունից հետո անձի կյանքի և գործունեության պայմաններում կատարված փոփոխությունները զրկում են նրան հասարակական հարաբերություններին այնպիսի վնաս պատճառելու հնարավորությունից, ինչպիսին նա պատճառել է նախքան այդ փոփոխությունները: Այլ կերպ` կատարված փոփոխությունները պետք է էականորեն նվազեցնեն նոր հանցանք կատարելու` անձի օբյեկտիվ հնարավորությունը:

Իրադրության փոփոխման հետևանքով հանցավոր արարքի հանրային վտանգավորության կորուստը ենթադրում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը դադարում է հանրության համար վտանգ ներկայացնելուց` անկախ այն բանից, որ տվյալ պահին գործող քրեական օրենսգրքով այդ արարքը դեռևս համարվում է հանցավոր:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ իրադրության փոփոխման հետևանքով անձի կամ արարքի հասարակական վտանգավորության դադարման հիմքը չի կարող կիրառվել այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձը գործուն զղջում է կամ որևէ ձևով հարթում է պատճառած վնասը, քանի որ դրանք քրեական պատասխանատվությունից ազատելու ինքնուրույն հիմքեր են:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 16-19-րդ կետերում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարագայում դատարանը, դատախազը և քննիչը պետք է հաջորդաբար քննության առնեն և համապատասխան որոշմամբ հստակորեն պարզաբանեն հետևյալ հարցերը`

1. հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը,

2. նոր (փոփոխված) իրադրությունը,

3. իրադարձությունը, որի հետևանքով տեղի է ունեցել իրադրության փոփոխությունը,

4. հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը,

5. պատճառական կապը նոր (փոփոխված) իրադրության և հանցանք կատարած անձի կամ արարքի հանրային վտանգավորության կորստի միջև:

21. Սույն որոշման նախորդ կետում շարադրված են իրադրության փոփոխման հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքի կիրառման բովանդակային երաշխիքները, իսկ սույն կետում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ հիմքի կիրառման ընթացակարգային երաշխիքներին: ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դատարանը, դատախազը և քննիչը կարող են և ոչ թե պարտավոր են իրադրության փոփոխման հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից: Այլ կերպ` իրադրության փոփոխման հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը թողնված է դատարանի, դատախազի և քննիչի հայեցողությանը: Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ գտնում է, որ իրադրության փոփոխման հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը չի կարող դուրս լինել դատական վերահսկողությունից (դատարանի կողմից կայացված լինելու պարագայում` վերադաս դատական վերահսկողությունից), քանի որ հայեցողության կամայական գործադրումն իրավական պետությունում չի կարող իրավաչափ համարվել:

22. Սույն որոշման 20-21-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը չափազանց լայն և անընդունելի է համարում խնդրո առարկա իրավանորմերի` բողոքի հեղինակի փաստարկած մեկնաբանությունը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Այդպիսի մեկնաբանման պարագայում իրադրության փոփոխման հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքի կիրառումն ապահովված չէր լինի բովանդակային երաշխիքներով:

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արամայիս և Յուրի Ղալաչյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Իրադրության փոփոխման հիմքով Յուրի Ղալաչյանին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին քննիչի որոշումը պատճառաբանված է այն հանգամանքով, որ նա առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցագործություն, բնութագրվում է դրական, ինչպես նաև նպատակահարմար չէ քրեական պատասխանատվության ենթարկել միաժամանակ և հորը, և որդուն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Տուժողի ներկայացուցչի բողոքի հիման վրա քննության առնելով նախաքննության մարմնի վերոնշյալ որոշումը` Առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը` պատճառաբանելով, որ Յուրի Ղալաչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Մասնավորապես, նրան քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշման մեջ նշված հիմքերից մեկը` «միաժամանակ և հորը, և որդուն քրեական պատասխանատվության ենթարկելու աննպատակահարմարությունը», չի տեղավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված պայմանների մեջ: Բացի այդ, նախաքննության մարմնի կողմից չի պատճառաբանվել իրադրության փոփոխման և դրա արդյունքում` Յու.Ղալաչյանի և նրա արարքի հանրային վտանգավորության դադարման վերաբերյալ հետևությունը: Մասնավորապես, չի հիմնավորվել, թե կոնկրետ ինչ իրադրություն է փոփոխվել և ինչում է դրսևորվել դրա արդյունքում Յու.Ղալաչյանի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության դադարումը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

24. Սույն որոշման 15-21-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը հիմնավորված չէ, քանզի այն պատճառաբանությունը, որ «միաժամանակ և հորը, և որդուն քրեական պատասխանատվության ենթարկ[ելը] նպատակահարմար չէ», անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորում չէ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն ըստ էության ճիշտ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածներով նախատեսված` իրադրության փոփոխման դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ դրույթները:

25. Հետևաբար, սույն գործի քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի խախտում թույլ չի տվել, այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 16-ի որոշումը բեկանելու և վարույթն իրականացնող մարմնին տուժող Վ.Խաչատրյանի իրավունքների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.10.2011
N ԼԴ/0009/11/11
Որոշում