Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ, 24-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/4226/05/10

    դատարանի որոշում                                              2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4226/05/10

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Գ. Ղարիբյան

                       Ա. Սարգսյան

                                

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                            

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Մանուկ Սիմոնյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.07.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` 06.10.2010 թվականի թիվ 1010841 ակտի 1-ին կետը` ներված պարտավորություն համարելու հիմքով շահութահարկի գծով 17.760.200 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորության առաջադրման մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 06.10.2010 թվականի թիվ 1010841 ակտի 1-ին կետը` ներված պարտավորություն համարելու հիմքով շահութահարկի գծով 17.760.200 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորության առաջադրման մասով:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 17.760.200 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 02.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.07.2011 թվականի որոշմամբ Դատարանի 02.03.2011 թվականի վճռի դեմ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 02.03.2011 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 27-րդ, 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն` պարզելով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում բացակայել է հետագա տարիների հաշվետվությունների հիման վրա պարտավորության ներման փաստը պարզելու անհրաժեշտությունը: Այսինքն` տվյալ դեպքում պետք է պարզվեր միայն այն հանգամանքը, թե 2005 թվականի ընթացքում պարտավորության ներում կատարվել է, թե` ոչ, և դրանից բխող շահութահարկի գումար պակաս հաշվարկվել է, թե` ոչ: Իսկ պարտքը տվյալ ժամանակահատվածում ներված լինելը հիմնավորող ապացույց չկա և չի հիշատակվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.07.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ վարչական դատարանի` 04.06.2010 թվականի թիվ ՎԴ/4711/05/09 օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1005246 ակտի 1-ին կետը` ներված պարտավորություն համարելու հիմքով շահութահարկի գծով 17.760.200 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորության առաջադրման մասով: Նշված վճռով հաստատված են համարվել հետևյալ փաստերը.

- Ընկերության նկատմամբ պարտքից հրաժարվելու դիմումը 15.08.2006 թվականին ներկայացրել է Աղասի Սիմոնյանը, ով Ընկերության տնօրեն կամ հիմնադիր չի եղել, ուստի նրա դիմումը որևէ իրավաբանական ուժ չունի,

- Ընկերության ներկայացրած 2005 թվականի հաշվեկշիռը` ներկայացված 15.08.2006 թվականին, ստորագրված է Աղասի Սիմոնյանի կողմից, որը պարտավորության ներումը հաստատող փաստաթուղթ համարվել չի կարող,

- պարտավորությունից կարող է ազատել պարտատերը, որպիսին Աղասի Սիմոնյանը չի հանդիսացել, ներման առնչությամբ գրավոր գործարքը բացակայում է (հատոր 1-ին, գ.թ. 16-19):

2) Կոմիտեի նախագահի 16.06.2010 թվականի թիվ 1010841 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգման արդյունքներով 06.10.2010 թվականի թիվ 1010841 ակտի 1-ին կետի 2-րդ դրվագով Ընկերությանը շահութահարկի գծով առաջադրվել է 17.760.200 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` ներառյալ տույժերի և տուգանքների գումարները: Ակտով արձանագրվել է, որ «Ընկերության կողմից 2005 թվականի համար ներկայացված տարեկան հաշվապահական հաշվեկշռի (ձև 1) 380 տողում նախորդ (2004թ.) տարվա վերջին «կարճաժամկետ փոխառությունները» կազմել են 21.665.000 ՀՀ դրամ, իսկ նույն ձևի 440 տողում «կարճաժամկետ կրեդիտորական» պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին), նախորդ (2004թ.) տարվա վերջին կազմել են 19.686.000 ՀՀ դրամ: Հաշվետու տարվա (2005թ.) վերջին նշված պարտավորությունները, ընդամենը` 41.351.000 ՀՀ դրամ (21.665.000+19686.000), զրոյացվել են, փոխարենը նույն գումարի չափով աճել է ընկերության սեփական կապիտալը (հաշվեկշիռ (ձև 1) տող 330): 2005 թվականի «Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն» (ձև 3)-ի 050, 051 և 052 տողերում «բաժնետերերի (սեփականատերերի) հետ գործարքներ բաժնետոմսերի, բաժնեմասերի գծով» մասում ընկերության կողմից ձեռագիր նշված է «հիմնադիրը հրաժարվել է ներդրումից և կարճ փոխառությունից, փակվել է բոլոր պարտք պահանջները», որից հետո նույն գումարի չափով փակվել են ընկերության «կուտակած վնասները», ինչպես նաև բացասական «պահուստային կապիտալը»: Արդյունքում ընկերության սեփական կապիտալն աճել է և կազմել 3.039.000 ՀՀ դրամ: Նույն ժամանակաշրջանի համար ներկայացված «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության» (ձև 4) համաձայն` ընկերությունը 2005 թվականի ընթացքում դրամական միջոցների շարժ դրամարկղով և բանկային հաշիվներով չի ունեցել: Այսպիսով, ընկերությունը պարտավորությունների ներումը ձևակերպել է որպես շահույթ, սակայն 2005 թվականի շահութահարկի հաշվարկում նշված գումարը 41.351.000 ՀՀ դրամի չափով չի արտացոլել որպես շահույթ (հատոր 1-ին, գ.թ. 22-24):

3) Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի 08.12.2005 թվականի թիվ 006 ներդիրի համաձայն` Ընկերության տնօրենն է Վահան Սիմոնյանը (հատոր 1-ին, գ.թ. 124):

4) Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի 27.10.2006 թվականի թիվ 008 ներդիրի համաձայն` Ընկերության տնօրենն է Աղասի Սիմոնյանը (հատոր 1-ին, գ.թ. 123):

5) 2005 թվականի համար 01.01.2006 թվականի դրությամբ «Հաշվապահական հաշվեկշիռը», «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը», «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը», «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները» Տեսչությանը ներկայացվել են 15.08.2006 թվականին: Նշված հաշվապահական փաստաթղթերը ստորագրված են Աղասի Սիմոնյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 42-62):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ «թիվ ՎԴ/4711/05/09 վարչական գործով` ըստ հայցի Տեսչության ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ընկերության ընդդեմ Տեսչության` 03.08.2009 թվականի թիվ 1005246 ակտի 1-ին կետը` ներված պարտավորություն համարելու հիմքով շահութահարկի գծով 17.760.200 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի 04.06.2010 թվականի վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ «Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն» (ձև-3)-ի 050, 051 և 052 տողերում, «բաժնետերերի հետ գործարքները բաժնետոմսերի, բաժնեմասերի գծով» մասում Ընկերության կողմից ձեռագիր նշված «հիմնադիրը հրաժարվել է ներդրումից և կարճ փոխառությունից, փակվել է բոլոր պարտք-պահանջները» նշել է Աղասի Սիմոնյանը, ով գրառում կատարելու պահին և մինչ այդ էլ չէր հանդիսացել Ընկերության ոչ հիմնադիր և ոչ էլ տնօրեն, ուստի նշված հայտարարությունը որևէ իրավաբանական ուժ չունի»: Միաժամանակ Դատարանը նշել է, որ «Ընկերության հիմնադիր կամ տնօրեն հանդիսանալու փաստը հաստատող վերաբերելի ապացույց կարող է հանդիսանալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված համապատասխան տեղեկանքը: ... ներկայացված հաշվետվությունները նույնպես ստորագրված են Աղասի Սիմոնյանի կողմից և, հետևաբար, ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար Ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել, եթե դրանք ներկայացված են համապատասխան լիազորություններ չունեցող անձի կողմից»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ «գործով վեճի լուծման համար հանգուցային նշանակություն ունեցող փաստն այն է, թե արդյո՞ք վերստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում տեղի է գտել պարտավորությունների ներում: Շարադրված դատողություններից էլ հետևում է, որ 2005 թվականի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերը պատշաճ ապացույց չեն հանդիսանում պարտավորությունների ներման փաստն ապացուցելու համար: Սակայն այդ փաստը, որ արձանագրված է վերստուգման ակտի 1-ին կետով, նաև չի հերքված: Իսկ բողոքաբեր Տեսչության կողմը, որպես այդ փաստը հիմնավորող ապացույցներ, թե առաջին ատյանի կարգով գործի քննության և թե բողոքով դատաքննության ընթացքում հղում է կատարել Ընկերության հետագա տարիների հաշվապահական և ֆինանսական հաշվետվություններին, և այդ փաստարկը դրել է վերաքննիչ բողոքի հիմքում: Ընդ որում, շահութահարկով վերստուգման ժամանակաշրջան է հանդիսացել 01.01.2004-31.12.2008 թվականները, իսկ սույն գործով որպես գրավոր ապացույցներ ներկայացված են ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները միայն 2005 և 2006 թվականների համար: 2005 թվականինը, ինչպես նշվեց, պատշաճ չեն: Սակայն 2006 թվականի հաշվետվությունները նույնպես ենթակա չեն գնահատման որպես պատշաճ, քանի որ դրանք ևս ստորագրված չեն այդ ժամանակ Ընկերության տնօրեն հանդիսացող Աղասի Սիմոնյանի կողմից, այլ ստորագրված են բաժնետեր Վահան Սիմոնյանի կողմից, և հարկային մարմին են ներկայացվել 19.04.2007 թվականին, իսկ Վահան Սիմոնյանն Ընկերության տնօրենն է հանդիսացել 08.12.2005-27.06.2006 թվականներին: Այսինքն` քննարկվող առումով հետաքրքրություն են ներկայացնում հետագա հաշվետվությունները: Առաջին ատյանի կարգով գործի դատաքննության ընթացքում

(տե՛ս 16.02.2011 թվականի դատական նիստի ձայնագրառումը) Տեսչության ներկայացուցիչները հայտարարել են (պատշաճ միջնորդություն չեն ձևակերպել), որ իրենց հնարավորություն տրվելու դեպքում կներկայացնեն հաջորդ տարիների ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները, որոնցով հիմնավորվում է վերոնշյալ պարտավորությունների ներման փաստը» և գտել է, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված ի պաշտոնե գործելու իր լիազորությունից ելնելով, պարտավոր է եղել Տեսչության ներկայացուցիչներից պահանջելու նշված ապացույցների ներկայացումը:

Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել և հիմնավորել, թե 2005-2006 թվականներին հաջորդող տարիների ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները, որոնցով ըստ Տեսչության ներկայացուցիչների հիմնավորվում է պարտավորության ներման փաստը, ինչպիսի ազդեցություն կարող էին ունենալ վիճարկվող ակտի իրավաչափությունը հաստատելու համար, քանի որ 06.10.2010 թվականի թիվ 1010841 ակտի վիճարկվող դրվագով արձանագրված խախտումը և այդ հիմքով առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունը վերաբերում է 2005 թվականին ներված պարտավորությանը և նույն թվականի շահութահարկին, ինչը նշանակում է, որ ակտի վիճարկվող դրվագի անվավերության հիմքերի առկայության կամ բացակայության հարցը պարզելու համար պետք է պարզել, թե 2005 թվականի ընթացքում ակտով արձանագրված 41.351.000 ՀՀ դրամ պարտավորության ներում եղել է, թե ոչ, և 2005 թվականի շահութահարկը պակաս հաշվարկվել է, թե ոչ: Այսինքն` տվյալ դեպքում կարևոր է ոչ թե այն հանգամանքի պարզումը, թե ամբողջ ստուգվող ժամանակահատվածում պարտավորության ներում, հետևաբար նաև շահութահարկի պակաս հաշվարկում եղել է, թե ոչ, այլ կարևոր է ակտի կազմման հիմք հանդիսացող, այն է` 2005 թվականի ընթացքում պարտավորության ներման փաստի և դրանից բխող 2005 թվականի շահութահարկի գումարը պակաս հաշվարկված լինելու հանգամանքի պարզումը: Իսկ այն, որ 2005 թվականի ընթացքում պարտավորության ներում չի եղել, հաստատված է ՀՀ վարչական դատարանի 04.06.2010 թվականի թիվ ՎԴ/4711/05/09 օրինական ուժի մեջ մտած վճռով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Մանուկ Սիմոնյան» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.07.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 02.03.2011 թվականի վճռին:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ՎԴ/4226/05/10
Որոշում