Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 34...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 345-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0208/02/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0208/02/10

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան

                                          

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                       

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Թաիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Տավուշի մարզի Աղավնավանքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Փայլակ Արշակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Փայլակ Արշակյանից բռնագանձել 1.290.000 ՀՀ դրամ պարտքի գումար և 26.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 22.02.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.06.2011 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.02.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը և 345-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների պատշաճ գնահատում: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել թվով 9 դիմումները, որոնք պատասխանող Փայլակ Արշակյանը, ներկայացնելով հայցվորին որպես դրանցում նշված հեռախոսահամարների քարտերի ստացող, հայցվորի հանդեպ պարտավորվել է կատարել որոշակի գործողություն` վճարել գումար:

Մինչդեռ ապացույցների պատշաճ ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը կհանգեր այն եզրակացությանը, որ Փայլակ Արշակյանը Կազմակերպության հանդեպ ստանձնել է որոշակի պարտականություն, որը մինչ այսօր չի կատարել:

Չնայած Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2010 թվականի թիվ ՏԴ1/0120/02/10 վճռով որոշվել է Կազմակերպությունից հօգուտ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 3.486.271 ՀՀ դրամ` որպես մատուցված բջջային հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքի գումար, սակայն այն չի դիտել փաստական տվյալ` Կազմակերպության խախտված իրավունքի վերականգնմանն ուղղված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի և Կազմակերպության միջև 06.02.2007 թվականին կնքվել է շարժական կապի ծառայությունների մատուցման պայմանագիր:

2. VivaCell գործընկեր Գ բջջային կապի «Կորպորատիվ բաժանորդ» դառնալու համար 14.04.2009 թվականին թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 դիմումների համաձայն` Փայլակ Արշակյանը «Կորպորատիվ բաժանորդ» փաթեթի մասնակից է և Կազմակերպությանը հատկացված փաթեթից պատշաճ կարգով ստացել է 89 հատ հեռախոսահամարների քարտեր: Նշված դիմումներով Փայլակ Արշակյանը պարտավորվել է ժամանակին կատարել բոլոր համապատասխան վճարումները կապված 89 հեռախոսահամարների հետ (հատոր 1-ին, գ. թ. 13-21):

3. ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2010 թվականի թիվ ՏԴ1/0120/02/10 վճռով որոշվել է Կազմակերպությունից հօգուտ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 3.486.271 ՀՀ դրամ` որպես մատուցված բջջային հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքի գումար, և 69.725 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք (հատոր 1-ին, գ. թ. 6-7):

4. Նշված վճռով Կազմակերպությունից «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության օգտին բռնագանձված գումարի մեջ ներառված են նաև պատասխանողի կողմից ստացած 89 հատ հեռախոսահամարների համար մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումարները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտապանը պարտավոր է ամբողջությամբ կատարել պարտավորության բովանդակությունից և օրենսդրությունից բխող բոլոր պարտավորությունները:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2010 թվականի թիվ ՏԴ1/0120/02/10 վճռով որոշվել է Կազմակերպությունից հօգուտ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 3.486.271 ՀՀ դրամ` որպես մատուցված բջջային հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքի գումար, և 69.725 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք, իսկ VivaCell գործընկեր Գ բջջային կապի «Կորպորատիվ բաժանորդ» դառնալու համար 14.04.2009 թվականին թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 դիմումներով Փայլակ Արշակյանը դարձել է «Կորպորատիվ բաժանորդ» փաթեթի մասնակից և Կազմակերպությանը հատկացված փաթեթից պատշաճ կարգով ստացել է 89 հատ հեռախոսահամար և պարտավորվել է ժամանակին կատարել բոլոր համապատասխան վճարումները` կապված 89 հեռախոսահամարների օգտագործման հետ:

Վերը նշված օրինական ուժի մեջ մտած վճռով հայցվորից «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության օգտին բռնագանձված գումարի մեջ ներառված է նաև պատասխանողի կողմից ստացված 89 հատ հեռախոսահամարների համար մատուցված ծառայությունների դիմաց նրա կողմից չվճարված գումարները:

Վերաքննիչ դատարանն, անդրադառնալով բողոքաբերի այն պատճառաբանությանը, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը, վերլուծելով նշված կետի պահանջները, եզրակացրել է, որ վնասի հասկացության տակ օրենսդիրը ներառել է մի քանի վավերապայմաններ միաժամանակ նշելով, որ քննարկվող պարագայում բողոքաբերի փաստարկը վերաբերում է ապագայում հայցվորի կողմից կատարվելիք ծախսերին:

Վերաքննիչ դատարանը, համադրելով վերը նշված փաստերը, գտել է, որ Կազմակերպության պահանջը` 1.290.000 ՀՀ դրամ Փայլակ Արշակյանից բռնագանձելու մասին վերաբերում է միայն գույքային վնասին, որ Կազմակերպությունը կարող է կրել, երբ ի կատար ածվի դատարանի 24.06.2010 թվականի դատական ակտը: Ընդ որում, այդ գումարն իր բովանդակային կազմով ոչ թե ձևավորվել է որպես Փայլակ Արշակյանի կողմից Կազմակերպության սուբյեկտիվ իրավունքների խախտման վերականգնմանն ուղղված դրամական ծախսերի, այլ Կազմակերպության գույքային հավանական նվազեցման փոխհատուցում, ինչը ենթակա է որակման որպես հավանական իրական վնաս, քանի որ վերը նշված դատական ակտը դեռևս չի կատարվել:

Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի կանոնը վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Կազմակերպության կողմից դեռևս չի կատարվել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2010 թվականի թիվ ՏԴ1/0120/02/10 վճիռը, որի հիման վրա արձանագրել է, որ վերջինս չի կրել գույքային վնաս, չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2010 թվականի թիվ ՏԴ1/0120/02/10 վճռի կատարման փաստից, Փայլակ Արշակյանը խախտել է դիմումներով ստանձնած պարտավորությունը, այն է` սահմանված ժամկետներում չի կատարել բոլոր համապատասխան վճարումները կապված 89 հեռախոսահամարների օգտագործման հետ, որի հետևանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Կազմակերպության վրա դրվել է այդ թվում պատասխանողի կողմից ստացված և նրա կողմից օգտագործված հեռախոսահամարների համար մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումարները վճարելու պարտավորությունը:

Այսինքն` տվյալ դեպքում Փայլակ Արշակյանը, չկատարելով իր կողմից օգտագործված հեռախոսահամարների համար անհրաժեշտ վճարումներ, դրանով իսկ խախտել է Կազմակերպության իրավունքները` նրան պատճառելով վնաս, որի հետևանքով Կազմակերպությունը իր խախտված իրավունքները վերականգնելու համար պարտավոր է կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված հատուցումները:

Վերոգրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 345-րդ հոդվածների սխալ մեկնաբանման և չկիրառման մասին վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր են:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԳԴ4/0208/02/10
Որոշում