Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

040.0195.270212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2012 թվականի N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների (հարկային և մաքսային) վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 941-Ն որոշման NN 1, 2 և 3 հավելվածները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 23-ի

N 195-Ն որոշման

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՏԵՍԼԱԿԱՆ, ԱՐԺԵՔՆԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՆՊԱՏԱԿ 1. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՆՊԱՏԱԿ 2. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՆՊԱՏԱԿ 3. ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՆՊԱՏԱԿ 4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ, ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն փաստաթղթի նպատակն է նկարագրել հարկային մարմնի առաջիկա բարեփոխումների հիմնական ուղղությունները: Փաստաթուղթը հանդիսանում է հարկային վարչարարության 2008-2011 թթ. ռազմավարության ծրագրին հաջորդող ռազմավարությունը: Փաստաթղթում սահմանվել են հարկային մարմնի առաքելությունը, երկարաժամկետ հատվածում հարկային վարչարարության զարգացման հեռանկարը` տեսլականը, իր առաքելությանը հասնելուն ուղղված թվով 4 ռազմավարական նպատակներ, յուրաքանչյուր նպատակին հասնելուն ուղղված, իրագործման ենթակա ենթանպատակներ:

Հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը` ռազմավարության հիմնական նպատակները և համապատասխան խնդիրները լայնորեն ու ակտիվորեն քննարկվել են հանրության, գործարար ու պրոֆեսիոնալ միությունների հետ: Այն տեղադրված է եղել հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև ներկայացվել է միջազգային կազմակերպությունների կարծիքին: Ստացված առաջարկությունները մշակվել են ու նպաստել փաստաթղթի վերջնական ամփոփմանը:

Հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարության փաստաթղթի մշակման ժամանակ որպես ուղենիշ դիտարկվել է ՀՀ նախագահի 18.05.2011 թ. թիվ ՆԿ-92-Ն կարգադրությամբ հաստատված հարկային համակարգի բարեփոխումների 2011-2013 թթ. ծրագիրը: Հաշվի են առնվել նաև հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թթ. ծրագրի արդյունքները: Բացի այդ, հաշվի առնելով, որ նմանատիպ խոշոր ծրագիրը զուգակցվում է այլ ծրագրերի հետ, ապա բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել այն համապարփակ և իրատեսական դարձնելու համար: Մանրամասն դիտարկվել և հաշվի են առնվել հայաստանյան բոլոր հարակից այլ ծրագրերը (ինչպես օրինակ Կայուն զարգացման ծրագիրը, ՀՀ միջնաժամկետ ծախսերի եռամյա ծրագիրը, ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագիրը), միջազգային կազմակերպությունների կողմից հարկային վարչարարական հարցերով վերջին տարիների զեկույցներում տեղ գտած առաջարկությունները:

Միաժամանակ, հարկային վարչարարության 2012-2014թթ. ռազմավարության կատարողականության ամփոփ գնահատական ունենալու համար փաստաթղթով սահմանվել են ռազմավարական նպատակներին հասնելուն ուղղված խնդիրների ակնկալվող արդյունքները և կատարողականության ցուցանիշները, որոնք հնարավորություն է ընձեռելու որոշել, թե արդյոք հարկային մարմինը կարողացել է հասնել իր նպատակներին և թե արդյոք իր իրականացրած փաստացի գործողությունները համապատասխանել են իր առաքելությանը և նպատակներին: Բացի այդ նկարագրվել են այն ռիսկերը և ենթադրությունները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել այն միջավայրի մասին, որում առաջիկա 3 տարում պետք է իրագործվի այս ծրագիրը:

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, ՏԵՍԼԱԿԱՆ, ԱՐԺԵՔՆԵՐ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովում` հարկային օրենսդրության ամբողջական ու համահավասար կիրառման և առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով:

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Տնտեսական զարգացումներին և կատարվող փոփոխություններին զուգընթաց հարկային մարմինը ևս վերանայում է վարչարարական բարեփոխումների քայլերն այն իմաստով, որ դրանք համահունչ լինեն ՀՀ կառավարության գործունեության սկզբունքներին և բխեն ՀՀ տնտեսության զարգացման 2012-2014 թթ. միտումներից: Առաջիկա տարիներին հարկային եկամուտների ապահովումը կատարվելու է ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման` հաշվի առնելով տնտեսական աճի տեմպը, հարկման բազայի հետ կապված փոփոխությունները, ինչպես նաև հարկ վճարողների կողմից իրենց հարկային պարտավորությունների կամավոր կատարման պատրաստակամությունը:

Հարկային վարչարարության կատարելագործման ուղղությամբ քաղաքականության ռազմավարությունը պետք է ուղղված լինի երկարաժամկետ հեռանկարում հարկային վարչարարության արմատապես նոր համակարգ ունենալուն: Այս տեսանկյունից խիստ անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը զգա պետության ուղղակի օժանդակությունը` հարկային պարտավորությունների կատարման գործընթացում: Այդ առումով հարկային վարչարարության համակարգն ուղղված կլինի հարկ վճարողներին բարձրորակ ծառայություններ մատուցելով, որը կհանգեցնի ինքնագնահատման համակարգի արմատավորմանը:

Միաժամանակ, հարկային վարչարարության շարունակական կատարելագործումը և օրինազանց հարկատուների դեմ անողոք պայքարը կհանդիսանա հարկային մարմնի կարևորագույն խնդիրներից մեկը:

Այսպիսով երկարաժամկետ հատվածում հարկային մարմնի համար հարկային վարչարարության զարգացման հեռանկարն է (տեսլականը)

Միջազգայնորեն մրցունակ հարկային մարմնի ձևավորում` ապահովելով.

- հարկ վճարողներին բարձրորակ ծառայությունների մատուցում,

- արդյունավետ հարկային հսկողություն` հարկային պարտավորությունների կատարումից խուսափող հարկ վճարողների բացահայտում և պատասխանատվության անվերապահ կիրառում,

 

ԱՐԺԵՔՆԵՐ

 

Այս ռազմավարությամբ սահմանվում են այն արժեքները, որոնք հարկային մարմնի համար կհանդիսանան ուղենիշ` հարկային ծառայող-հարկ վճարող շփման ժամանակ:

Օրինականություն - հարկային մարմինը կլինի հետևողական և իր գործողությունների ժամանակ կառաջնորդվի բացառապես գործող օրենսդրական նորմերով` խստագույն պահպանելով հարկային ծառայողի էթիկայի կանոնները.

Օբյեկտիվություն - հարկային մարմինը կլինի անաչառ, արդար, վստահելի կառույց հարկ վճարողների համար` որդեգրելով օրենսդրության համահավասար կիրառման սկզբունքը բոլոր հարկ վճարողների համար.

Թափանցիկություն - հարկային մարմինը կլինի թափանցիկ իր գործողություններում, կապահովի հարկ վճարողներին ժամանակին իրազեկումը` ստեղծելով վստահության մթնոլորտ վերջիններիս շրջանում.

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

ՆՊԱՏԱԿ I. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

 

Հանդիսանալով հարկային վարչարարության 2008-2011 թթ. ռազմավարության ծրագրով սահմանված առաջնային նպատակ, հարկային մարմինը այդ ժամանակահատվածում զգալի աշխատանքներ իրականացրեց հարկերի կամավոր վճարման (ինքնագնահատման) սկզբունքի ներդրման ուղղությամբ: Նախատեսված արդյունքին հասնելու նպատակով աշխատանքները տարվում էին հետևյալ ուղղություններով.

- Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացում, հիշեցում-ծանուցումների ավտոմատացված համակարգի ներդրում

- Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում

- Պարզաբանումների տրամադրման մեխանիզմների կատարելագործում

Վերը նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների արդյունքում հարկային մարմինը առաջին անգամ հաստատեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման 2009-2011 թթ. հայեցակարգ, որի հիման վրա սկսվեցին աշխատանքները, ստեղծվեց էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխման խորհուրդ, որն ապահովում էր հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ընդհանուր քաղաքականության մշակումն ու իրագործումը, վերջինիս զարգացման գերակայությունների ամրագրումը: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակով ստեղծվեցին թվով 19 աշխատանքային խմբեր` համապատասխան ծրագրերի տեխնիկական առաջադրանքների մշակման համար: Արդյունքում, 2010 թ. հունվարից հարկային մարմինը սկսեց հարկային հաշվետվություններ ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնական գործարկումը: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու պայմանագրի կնքման, էլեկտրոնային ծածկագրերի տրամադրման նպատակով իր աշխատանքները սկսեց էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոնը: Սա ինքնահայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված կարևորագույն քայլ էր:

Հարկ վճարողների բարձրորակ ծառայությունների մատուցման նպատակով, հարկային մարմինը հաստատեց հարկ վճարողների սպասարկման 2009-2011 թթ. ռազմավարությունը, որի հիմնական նպատակը հարկ վճարողների շրջանակում հարկերի կամավոր վճարման (ինքնագնահատման) սկզբունքի ամրապնդումն էր` ի հաշիվ հարկային վարչարարության ընթացակարգերի պարզեցման, օրենսդրության միատեսակ կիրառման, հարկային կարգապահության մակարդակի, հարկերի վճարումից խուսափողների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման: Սահմանված ռազմավարության ներքո տարված աշխատանքները հիմնականում ընթանում էին հետևյալ ուղղություններով.

- Հարկ վճարողների սպասարկման ոլորտում արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ներդրում,

- Հարկ վճարողների սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների ընդլայնում.

Նշված ուղղությունների ներքո կատարված կարևորագույն քայլը հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծումն էր, որոնց գործարկմամբ բարձրացվեց հարկ վճարողների հարկերի վճարման և հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը, հարկային օրենսդրության վերաբերյալ բացատրական աշխատանքների մակարդակը, ընդլայնվեցին իրազեկման բնույթի մատուցվող ծառայությունները` ապահովելով սպասարկման ծառայությունների միասնականությունը և հասանելիությունը:

Քայլեր ձեռնարկվեցին պարզաբանումների ինստիտուտի բարելավման ուղղությամբ: Արդեն 2010 թ.-ից սկսեց գործել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման նոր կարգ, ինչի արդյունքում հստակեցվեցին պարզաբանումների տրամադրման հիմքերը, կանոնները, սահմանվեց պարտադիր պահանջ` պարզաբանման ենթակա հարցերը ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելու վերաբերյալ, ապահովվեց նաև տրամադրված պարզաբանումների հրապարակայնությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:

2008-2011 թթ. ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակներում կատարված աշխատանքներին զուգահեռ` վեր են հանվել հարկ վճարողների սպասարկման, ինքնագնահատման համակարգի ամբողջական կիրառման ապահովմանն ուղղված որոշակի խնդիրներ:

Դրանք են.

1) Միջազգային պրակտիկայում ընդունված դրույթ է, որ ինչքան բարձր է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը, այնքան ավելի բարձր է ինքնահայտարարագրման մակարդակը: Ներկայումս հարկ վճարողների ակնկալիքները սպասարկման ոլորտից բավականին բարձր են, և այս տեսանկյունից հարկային մարմինը դեռևս չի կարողանում ապահովել ամբողջական, ժամանակին և որակյալ սպասարկում:

Առաջարկվող լուծումներ: Քայլեր ձեռնարկել ոչ միայն հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնման, այլ նաև որակի բարձրացման ուղղությամբ` պարբերաբար գնահատելով հարկ վճարողների գոհունակության մակարդակը:

2) Հարկային մարմինը հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին զուգահեռ դեռևս խնդիր ունի հարկ վճարողներին արդիական տեղեկատվության տրամադրման գործում` տարատեսակ լրատվամիջոցների, ինտերնետային կայքի, սպասարկման կենտրոնների, տպագիր հրապարակումների միջոցով:

Առաջարկվող լուծումներ: Մշակել հարկ, վճարողներին ժամանակին, պարբերաբար իրազեկման սխեմա` ապահովելով հարկ վճարողների ժամանակին տեղեկացվածության աստիճանի բարձրացումը: Ընդլայնել հարկ վճարողներին սպասարկող կենտրոնների թիվը, վերջիններիս հնարավորությունները և հատկացվող միջոցները:

3) Կարևոր խնդիր է էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ընդունման համակարգի ընդլայնումը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողների մոտ, հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգից օգտվելը խրախուսող միջոցառումների մշակում:

Առաջարկվող լուծումներ: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգի կատարելագործում, լայնածավալ քարոզարշավ ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողների շրջանակում:

Նպատակ 1-ի ուղղությամբ 2012-2014 թթ. հիմնական անելիքները:

Հարկային մարմինը առաջիկա 2012-2014 թթ. ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակում առաջնահերթությունը տալու է հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը, ինչը կհանգեցնի հարկերի կամավոր վճարման սկզբունքի արմատավորմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկերի կամավոր վճարման համակարգի ներդրումը արդյունավետ վարչարարություն կիրառող հարկային մարմին ունենալու կարևորագույն հիմքն է: Սա հնարավորություն կընձեռի հարկային մարմնին նվազագույն կերպով միջամտել հարկերի հաշվարկման, վճարման պրոցեսին, կօգնի հնարավորինս խուսափել այլ մեթոդներով հարկ վճարողի հարկային պարտավորությունների հաշվարկման անհրաժեշտությունից:

Հնարավորինս նվազեցնելով հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները հասկանալու և կատարելու համար անհրաժեշտ ժամանակային ծախսումները` հնարավոր կլինի նվազեցնել հարկերի չվճարման հավանականությունը: Այս պարագայում հարկային մարմինը քայլեր կձեռնարկի իր աշխատանքի թափանցիկությունը բարձրացնելու, հարկ վճարողների նկատմամբ հավասար սկզբունք որդեգրելու, հարկ վճարողների շրջանակում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:

Նշված հարցերին լուծում տալու նպատակով սահմանվել են այս նպատակին հասնելուն ուղղված հետևյալ ենթանպատակները:

Ենթանպատակներ.

1.1. Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների նոր ուղիների սահմանում, որոնք կապահովեն հաշվետվությունների ներկայացման ցածր ծախսեր և բարձր արդյունավետություն

1.2. Հարկ վճարողների իրազեկման արդյունավետ համակարգի ապահովում

1.3. Հանրության հետ արդյունավետ համագործակցության ապահովում

 

Ենթանպատակ 1.1 Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների նոր ուղիների սահմանում, որոնք կապահովեն հաշվետվությունների ներկայացման ցածր ծախսեր և բարձր արդյունավետություն

Հարկային մարմինը առաջիկա 3 տարիների ընթացքում աշխատանքներ կիրականացնի իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև հարկ վճարողներին կառաջարկի ծառայությունների նոր ուղիներ: Այս տեսանկյունից, հարկային մարմինը կընդլայնի հարկ վճարողների մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ծավալը, մասնավորապես կներդրվի էլեկտրոնային վճարումների համակարգը, ինչի արդյունքում յուրաքանչյուր հարկ վճարող իր էլեկտրոնային դարանում վճարումների կատարման հնարավորություն կունենա: Բացի այդ հարկ վճարողները հնարավորություն կունենան նաև ներկայացնել դիմումներ էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ստանալ տեղեկանք` իրենց հարկային պարտավորությունների մասին: Այս համակարգը հարաբերականորեն կնվազեցնի հարկ վճարողների կողմից նշված գործընթացների համար կատարվող վարչարարական ծախսերը, ինչպես նաև էապես կնվազեցնի ժամանակային ծախսումները: Սա ևս մեկ կարևոր քայլ կհանդիսանա «Գործարարությամբ զբաղվելը» ցուցանիշի տարրերից «ժամանակը» բաղադրիչի բարելավման համար:

Միաժամանակ, հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ, մասնավորապես կընդլայնվեն համակարգից օգտվողների շրջանակները` ստեղծելով բոլոր անհրաժեշտ հնարավորությունները հարկ վճարողների համար: Կշարունակվի ակտիվ քարոզարշավը համակարգից օգտվողների թվաքանակը ընդլայնելու նպատակով:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Հարկային մարմնի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ծավալների ավելացում, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրում

- Էլեկտրոնային հաշվետվական համակարգի ընդլայնում

- Հարկային մարմիններում փաստաթղթաշրջանառության կրճատում` հարկային հաշվետվությունների քանակի և ներկայացման պարբերականության հետագա կրճատման հնարավորությամբ

 

Ենթանպատակ 1.1. Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Հարկային մարմնի կողմից Էլեկտրոնային |Հարկային մարմնի կողմից       |

|եղանակով տրամադրվող ծառայությունների   |էլեկտրոնային եղանակով        |

|քանակ                                  |տրամադրվող ծառայությունների  |

|                                       |քանակը յուրաքանչյուր տարի    |

|                                       |ավելացել է առնվազն 10%-ով`   |

|                                       |սկսած 2013 թ.-ից` նախորդ     |

|                                       |տարվա նկատմամբ:              |

|_______________________________________|_____________________________|

|2. Էլեկտրոնային ծառայություններից      |Էլեկտրոնային ծառայությունների|

|օգտվող հարկ վճարողների քանակ           |օգտվող հարկ վճարողների       |

|                                       |տեսակարար կշիռը ընդհանուր    |

|                                       |գործող հարկ վճարողների մեջ   |

|                                       |յուրաքանչյուր տարի ավելացել է|

|                                       |առնվազն 10%-ով` սկսած        |

|                                       |2013 թ.-ից` նախորդ տարվա     |

|                                       |նկատմամբ:                    |

|_______________________________________|_____________________________|

|3. Կամավոր սկզբունքով Էլեկտրոնային     |Կամավոր սկզբունքով           |

|հաշվետվական համակարգից օգտվողների      |էլեկտրոնային հաշվետվական     |

|քանակ                                  |համակարգից օգտվողների քանակը |

|                                       |յուրաքանչյուր տարի ավելացել է|

|                                       |առնվազն 10%-ով:              |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 1.2 Հարկ վճարողների իրազեկման արդյունավետ համակարգի ապահովում

Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման ուղղությամբ վարվող քաղաքականությանը զուգահեռ` հարկային մարմինը պարբերաբար ուսումնասիրելու է հարկ վճարողների գոհունակության աստիճանը: Այս տեսանկյունից նախ և առաջ քայլեր են ձեռնարկվելու հարկ վճարողների կարիքների գնահատման ուղղությամբ, այսինքն` հարկային մարմինը հարկ վճարողներին մատուցելու է այն ծառայությունները, ինչի կարիքը վերջիններս ունեն: Պարբերաբար իրականացվող անկախ հարցումների արդյունքում հարկային մարմինը մշտապես ունենալու է հարկ վճարողների կարծիքը` հարկային մարմնի կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ: Նշված սխեման հնարավորություն է ընձեռելու բոլորովին նոր հարթության վրա տեղափոխել հարկային մարմին-հարկ վճարող հարաբերությունները:

Հարկային մարմինը ներդնելու է հարկ վճարողների ժամանակին իրազեկման ճկուն սխեմա: Պարբերաբար իրականացվող կլոր սեղանները, սեմինարները, հարկային տարաբնույթ հարցերի շուրջ քննարկումները կօգնեն հարկ վճարողներին միշտ տեղեկացված լինել հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին: Ժամանակին իրազեկման սխեմայի կարևորագույն բաղադրիչը կհանդիսանա նաև ժամանակակից պահանջներին բավարարող ինտերնետային կայքը: Հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի աշխատանքների բարելավումից հետո, հարկ վճարողները հնարավորություն կունենան ցանկացած ժամանակ տեղեկանալ հարկային մարմնում կատարվող աշխատանքներին, հարկային օրենսդրական ակտերին` համալրված վերջին փոփոխություններով, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն անհրաժեշտ ժամկետների, օրենսդրական այլ դրույթների վերաբերյալ: Կգործարկվեն կայքի անգլերեն և ռուսերեն էջերը: Ինտերնետային կայքը կհանդիսանա հարկ վճարողներին ժամանակին իրազեկման կարևորագույն ուղիներից մեկը:

Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակում կշարունակվեն աշխատանքները հարկ վճարողների սպասարկման կենտրոնների (սրահների) ստեղծման, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: Հարկ վճարողների սպասարկման կենտրոնները (սրահները) կհանդիսանան հարկ վճարողների համար այն վայրը, որտեղ վերջիններս կարող են ստանալ հարկերի վճարման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկային վարչարարությունը կարգավորող իրավական ակտերի հիմնական դրույթների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Հարկ վճարողներին սպասարկման կենտրոնների (սրահների) ընդլայնմանը զուգահեռ կուսումնասիրվեն նաև հարկային մարմնում վճարովի ծառայությունների կիրառման հնարավորությունները:

Հարկ վճարողներին արագ և կենտրոնացված կարգով տեղեկատվություն տրամադրելու, հարկ վճարողներին տրամադրվող տեղեկատվության շրջանակները ընդլայնելու նպատակով հարկային մարմինը զարգացրել է «թեժ գիծ» ծառայությունը` այն վերածելով հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի: Այս տեսանկյունից հարկային մարմնի առաջնահերթ անելիքներից կլինեն հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքների կատարելագործումը: Ակնկալվում է, որ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից որակյալ և կենտրոնացված կարգով ծառայություններ մատուցելու արդյունքում կբարձրանա ինքնահայտարարագրման մակարդակը, հնարավորինս կպարզեցվի հարկ վճարողներին տեղեկատվության տրամադրման գործընթացը:

Հարկային մարմինը շարունակաբար կատարելագործելու է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները: Որակյալ ծառայությունների մատուցման տեսանկյունից առանձնակի կարևորություն են ներկայացնելու հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտների ներդրումը, ինչպես նաև հսկողությունը` այդ ստանդարտների պահանջների կատարման նկատմամբ: Միաժամանակ, հարկ վճարողների սպասարկման ոլորտում ներգրավված անձնակազմը կունենա բարձր որակավորում և փորձառություն` նպատակ ունենալով իրագործել հարկ վճարողների ակնկալիքները: Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի գնահատման նպատակով կսահմանվեն որակական կատարողականության ցուցանիշներ, որոնց պարբերաբար ուսումնասիրությունը հնարավորություն կտա պարզելու/գնահատելու հարկ վճարողների գոհունակության աստիճանը:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Հարկ վճարողների կարիքների գնահատում ծառայությունների մատուցման տեսանկյունից,

- Հարկ վճարողների սպասարկման միասնական ստանդարտների կիրարկում

- Հարկային հարցերի վերաբերյալ հարկ վճարողների ժամանակին տեղեկացվածության աստիճանի բարձրացում

- Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավում

* Հարկային մարմնի կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատման համակարգի առկայություն

 

Ենթանպատակ 1.2 Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Հարկ վճարողների սպասարկման և        |Հարկ վճարողների սպասարկման և |

|հեռախոսազանգերի սպասարկման կենտրոններ  |հեռախոսազանգերի սպասարկման   |

|դիմած հարկ վճարողների թվաքանակ և       |կենտրոնների նկատմամբ         |

|գոհունակություն                        |յուրաքանչյուր տարի հարկ      |

|                                       |վճարողների գոհունակությունն  |

|                                       |աճել է:                      |

|_______________________________________|_____________________________|

|2. Հարկային մարմնի պաշտոնական          |Հարկային մարմնի պաշտոնական   |

|ինտերնետային կայքից օգտվողների թվաքանակ|ինտերնետային կայքից          |

|և  գոհունակություն                     |օգտվողների թվաքանակը և       |

|                                       |գոհունակությունը աճել են     |

|                                       |առնվազն 20%-ով` սկսած        |

|                                       |2013 թ-ից` նախորդ տարվա      |

|                                       |նկատմամբ:                    |

|_______________________________________|_____________________________|

|3. Հարկ վճարողների սպասարկման նոր      |2012 թ. գործարկվել է թվով 3, |

|կենտրոնների (սրահների) գործարկում      |իսկ 2013 թ.` թվով 6 հարկ     |

|                                       |վճարողների սպասարկման կենտրոն|

|                                       |(սրահ):                      |

|_______________________________________|_____________________________|

|4. Հարկային մարմնի կողմից կազմակերպվող |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|ուսումնական միջոցառումներում ընդգրկված |հարկային մարմնի կողմից       |

|հարկ վճարողներ թվաքանակ                |կազմակերպվող ուսումնական     |

|                                       |միջոցառումներում ընդգրկված   |

|                                       |հարկ վճարողների թվաքանակը:   |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 1.3 Հանրության հետ արդյունավետ համագործակցության ապահովում

Հարկային մարմինը ակտիվորեն շարունակելու է համագործակցել հարկ վճարողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ: Այս հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան ոչ միայն ժամանակին տեղեկանալ հարկային օրենսդրական, վարչարարական նորություններին, այլ նաև կկարողանան նախքան հարկային օրենսդրության վերաբերյալ որոշակի դրույթ ուժի մեջ մտնելը` նախապես քննարկել և ներկայացնել առաջարկություններ օրենսդրական նախագծերի վերաբերյալ: Սա հարկային պլանավորման դեպքերի նվազեցման և հարկերի կամավոր վճարման արդյունավետ քայլ կհանդիսանա:

 

Ենթանպատակ 1.3 Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Հասարակական և  մասնագիտական         |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|կազմակերպությունների մասնակցությամբ    |հասարակական և  մասնագիտական  |

|հարկային օրենսդրության և               |կազմակերպությունների         |

|վարչարարությանն առնչվող թեմաներով      |մասնակցությամբ հարկային      |

|միջոցառումների քանակ                   |օրենսդրության և              |

|                                       |վարչարարությանն առնչվող      |

|                                       |թեմաներով միջոցառումների     |

|                                       |քանակը:                      |

._____________________________________________________________________.

 

Ակնկալվող արդյունք:

 

Այս ենթանպատակների իրագործման արդյունքում հնարավորություն կընձեռնվի կառուցել հարկային հարաբերություններ` հիմնված վստահության վրա, ապահովել հարկային մարմնի գործունեության թափանցիկությունը, բարելավել հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը և աստիճանաբար ներդնել հասարակական անհանդուրժողականություն հարկերից խուսափելու, չվճարման դեպքերում: Արդյունքում.

. Էապես կնվազեն հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և վճարման վարչարարական ծախսերը,

. էապես կնվազեն հարկերի հաշվարկման և վճարման համար անհրաժեշտ ժամանակային ծախսումները,

. կբարելավվի հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը, կընդլայնվի վերջիններիս շրջանակը,

. կգործարկվի հարկ վճարողներին պարբերաբար և ժամանակին իրազեկման արդյունավետ սխեմա,

. կբարձրանա հարկային մարմնի գործողությունների նկատմամբ հարկ վճարողների վստահությունը:

 

ՆՊԱՏԱԿ 2. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ:

 

Վերջին տարիներին ՀՀ տնտեսության բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները վերափոխեցին նաև այն միջավայրը, որտեղ գործում էր հարկային մարմինը: Այս տեսանկյունից հարկ վճարողները առավել ճկուն վարքագիծ են դրսևորում` մուտք ունենալով տարաբնույթ բարդ տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինչը հնարավորություն էր ընձեռում վերջիններիս ներգրավված լինել բարդ գործարքներում: Այդ իսկ պատճառով նշված փոփոխություններին համահունչ քայլելու համար ձեռնարկվեցին անհրաժեշտ քայլեր: Այսպես, 2010 թ. սկսվեց հարկային մարմնի բիզնես գործընթացների վերակազմակերպմանն ուղղված աշխատանքները:

Այս գործընթացում առանձնակի ուշադրություն դարձվեց հարկային մարմնի տեղեկատվական կարողությունների զարգացմանը, ուրվագծվեցին ժամանակակից հարկային մարմնին բնորոշ հատկանիշները և իրագործման ենթակա անհրաժեշտ քայլերն այդ ուղղությամբ: ՈՒսումնասիրված 15 գործընթացների ուղղությամբ մշակված առաջարկությունները մեծամասամբ վերաբերում են էլեկտրոնային կառավարման համակարգի առաջխաղացմանը, «Հարկատու 3»-ի ամբողջական ներդրմանը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև հարկային մարմնի` կատարելագործված տեղեկատվական համակարգ ստեղծելու մտադրությունը, հարկային մարմինը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի բարեփոխումները սահմանեց որպես առաջնային կարևորության քայլ` այն ամրագրելով և հարկային վարչարարության բարեփոխումների ծրագրում, և հարկային մարմնի կողմից իրականացվելիք գերակա խնդիրներում: Կատարված զգալի աշխատանքների արդյունքում սահմանվեցին «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի ամբողջական ներդրման համար անհրաժեշտ ընթացակարգային մոտեցումները, մշակվեցին համակարգի համալրման համար անհրաժեշտ մի շարք մոդուլներ, ներդրվեց համակարգի կառավարման ընթացակարգը:

Կարևորելով վերլուծական կարողությունների կատարելագործման անհրաժեշտությունը` ընդլայնվեցին հարկային մարմնի ՏՏ գործառույթները` նախատեսելով ռիսկերի գնահատման և վերլուծության կարողությունների զարգացում: Մասնավորապես, վերլուծական աշխատանքների շրջանակների ընդլայնման համատեքստում հարկային մարմինը իրականացրեց պետական եկամուտների ծրագրավորված ցուցանիշների կատարողականի, հարկային եկամուտների ռեզերվների բացահայտման նպատակով ոլորտային և այլ վերլուծություններ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:

2008-2011 թթ. ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակներում կատարված աշխատանքներին զուգահեռ` հարկային մարմնի բիզնես գործընթացների վերակազմակերպման շրջանակներում բացահայտվել են մի շարք խնդիրներ:

Դրանք են.

1) Հարկային մարմնի բիզնես գործընթացների շրջանակներում առաջնայինը հարկային մարմնի ՏՏ ոլորտի կարողությունների զարգացումն է: Կատարված աշխատանքներից բացի այս ոլորտում դեռևս կան անելիքներ, կապված ինչպես «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի ամբողջական ներդրմանը, այնպես էլ ՏՏ կարողությունների հզորացմանը` ժամանակի պահանջներին զուգընթաց

Առաջարկվող լուծումներ: Շարունակել դիտարկել հարկային մարմնի ՏՏ ոլորտի բարեփոխումները որպես բարեփոխումների շարունակական իրականացման համար անհրաժեշտ կարևոր ուղղություն` նախատեսելով նորարար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի ամբողջական գործարկում: Քայլեր ձեռնարկել հարկային մարմնի ՏՏ ոլորտի տեխնիկական վերազինման, արդիականացման ուղղությամբ:

2) Հաշվի առնելով առաջիկայում նախատեսվելիք բարեփոխումների ուղղությունները, ինչպես նաև իրականացվող գործընթացները` հարկային մարմինը այդ փոփոխություններին զուգահեռ իր ներքին կառավարման համակարգի վերանայման խնդրի առջև կարող է կանգնել:

Առաջարկվող լուծումներ: Շարունակել աշխատանքները հարկային մարմնի օպտիմալ կառուցվածքի սահմանման ուղղությամբ, ներդնել հարկային (տարածքային) տեսչությունների աշխատանքների ծանրաբեռնվածության գնահատման արդյունավետ գործող համակարգ:

Նպատակ 2-ի ուղղությամբ 2012-2014 թթ. հիմնական անելիքները

Հարկային մարմինը շարունակելու է ժամանակակից պահանջներին բավարարող հարկային մարմնի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները` բիզնես գործընթացների վերակազմակերպման միջոցով: Այս քայլերը առաջին հերթին հնարավորություն կընձեռեն հարկային մարմնում ունենալ ժամանակակից պահանջներին բավարարող և արդյունավետ գործող տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգ: Այս համակարգի գործողություններից էլ կախված կլինի հարկային մարմնի մյուս գործընթացների հաջող իրականացումը:

Նշված հարցերին լուծում տալու նպատակով սահմանվել են այս նպատակին հասնելուն ուղղված հետևյալ ենթանպատակները:

Ենթանպատակներ.

2.1 Նորարար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում

2.2 Ներքին կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում

2.3 Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում հարկային մարմնի կողմից կատարման ենթակա միջոցառումների իրագործում

Ենթանպատակ 2.1 Նորարար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում

Հարկային մարմինը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությամբ որդեգրած սկզբունքներին համահունչ, շարունակելու է իր աշխատանքները ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմատացված հարկային տեղեկատվական վերլուծական համակարգի ստեղծման ուղղությամբ: Այս տեսանկյունից առաջնային է լինելու «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի ամբողջական գործարկումը, ինչը հնարավորություն կընձեռնի իրականացնել տեղեկությունների ռեալ ժամանակում հավաքագրում, ոլորտային դասակարգում, հաշվարկ չներկայացնողներին և հարկեր չվճարողներին ծանուցումների ուղարկում: «Հարկատու 3» ԷԿՀ-ի ամբողջական գործարկումն ուղեկցվելու է նոր մոդուլների ներդրմամբ, որոնք համակարգը կդարձնեն առավել արդյունավետ և կիրառելի արտաքին և ներքին օգտագործողների համար:

Հարկային մարմինը կշարունակի նաև հարկային մարմնի տեղեկատվական բազայի վերակառուցման, համալրման և արդիականացման աշխատանքները, որոնք սկզբունքային են բիզնես գործընթացների վերակազմակերպման նպատակների համար:

Հարկային մարմինը կկատարելագործի նաև վերլուծական աշխատանքները: Կստեղծվեն համակարգչային գործիքներ, որոնք կբարձրացնեն վերլուծական աշխատանքների արդյունավետությունը և կընդլայնեն դրանցից օգտվողների շրջանակները:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի համալրում նոր մոդուլներով

- հարկային մարմնի սերվերային տնտեսության արդիականացում, հզորացում, բիզնես գործընթացների շարունակականության ապահովում

- ՏՏ հաղորդակցության ցանցի կատարելագործում` ներառյալ սարքավորումների արդիականացում, ցանցի թողունակության բարձրացում և ցանցի կառավարման հնարավորությունների ներդրում

- հարկային մարմնի տեղեկատվական բազայի վերլուծական կարողությունների հզորացում

 

Ենթանպատակ 2.1 Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման|Անհրաժեշտ ֆինանսական         |

|համակարգի համալրում նոր մոդուլներով    |ռեսուրսների առկայության      |

|                                       |պարագայում` յուրաքանչյուր    |

|                                       |տարի «Հարկատու 3»            |

|                                       |էլեկտրոնային կառավարման      |

|                                       |համակարգը համալրվել է նոր    |

|                                       |մոդուլներով                  |

|_______________________________________|_____________________________|

|2. Վերլուծությունների ավտոմատ համակարգի|Վերլուծական աշխատանքների     |

|ստեղծում                               |2012թ.` 30%, 2013թ.` առնվազն |

|                                       |50%, 2014թ.` առնվազն 60%     |

|                                       |իրականացվել են ավտոմատ       |

|                                       |համակարգի միջոցով:           |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 2.2 Ներքին կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում

 

Հարկային մարմինը շարունակելու է ներքին կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրագործումը: Այսպես, կհստակեցվեն հարկային (տարածքային) տեսչությունների գործառույթները` տարանջատելով հարկ վճարողների սպասարկման գործառույթները: Հարկ վճարողների սպասարկման գործառույթները ամբողջությամբ կկենտրոնացվեն սպասարկման կենտրոններում: Կսահմանվի միասնական կառուցվածք հարկային (տարածքային) տեսչությունների համար: Միաժամանակ, կշարունակվեն քայլեր ձեռնարկվել հարկային (տարածքային) տեսչությունների քանակի կրճատման ուղղությամբ: Կուսումնասիրվեն նաև վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումների քանակի կրճատման և աշխատանքների կազմակերպման օպտիմալացման հարցերը:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Հարկային (տարածքային) տեսչություններում միասնական կառուցվածքի սահմանում

- Հարկային (տարածքային) տեսչությունների աշխատանքների ծանրաբեռնվածության գնահատման համակարգի ներդրում

- Հարկային (տարածքային) տեսչությունների քանակի կրճատում

- Վերադաս հարկային մարմնում օպտիմալ կառուցվածքի սահմանում

 

Ենթանպատակ 2.2 Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Հարկային (տարածքային)               |2013 թ. հարկային (տարածքային)|

|տեսչություններում սպասարկման           |տեսչությունների              |

|գործառույթի կենտրոնացում սպասարկման    |գործառույթները կենտրոնացված  |

|կենտրոններում                          |են սպասարկման կենտրոններում  |

|_______________________________________|_____________________________|

|2. Հարկային (տարածքային)               |Հարկային (տարածքային)        |

|տեսչությունների քանակի կրճատում        |տեսչությունների քանակը 2013թ.|

|                                       |կրճատվել է առնվազն 3-ով:     |

|_______________________________________|_____________________________|

|3. Հարկային (տարածքային)               |2013 թ. գործում է հարկային   |

|տեսչությունների աշխատանքների           |(տարածքային) տեսչությունների |

|ծանրաբեռնվածության համակարգի ներդրման  |աշխատանքների                 |

|ընթացակարգի առկայություն               |ծանրաբեռնվածության համակարգի |

|                                       |ներդրման ընթացակարգը:        |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 2.3 Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում հարկային մարմնի կողմից կատարման ենթակա միջոցառումների իրագործում

Հարկային մարմինը, հանդիսանալով ՀՀ-ում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի կարևոր մասնակից, քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով սահմանված, հարկային մարմնի մասով կատարման ենթակա քայլերի ամբողջական և հետևողական իրագործման ուղղությամբ: Մասնավորապես, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրում, համակարգի ամբողջական ինտեգրում «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգին

- Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործում

- Եկամտային հարկի և կուտակային պարտադիր վճարի անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ընթացակարգերի սահմանում

- Նոր համակարգի ներդրմամբ` հարկային մարմնում անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացում

- ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա եկամտային հարկի հնարավոր նվազեցման ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում

- Կենսաթոշակային բարեփոխումների հարցերի իրազեկման շրջանակներում եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների իրազեկման գործընթացի ապահովում, համապատասխան ուսուցման ծրագրերի իրականացում:

 

Ակնկալվող արդյունք:

 

Այս ենթանպատակների իրագործմամբ հարկային մարմնում կներդրվի արդիականացված տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգ` համալրված ժամանակակից ծրագրային ապահովմամբ: Այն մեծամասամբ կավտոմատացնի հարկային մարմնի խոշոր գործառույթները` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի «ռիսկային» ազդեցությունը: Կսահմանվի հարկային մարմնի օպտիմալ կառուցվածքը` առավելագույնս օժանդակելով վերջինիս գործառույթների արդյունավետ իրականացմանը: Արդյունքում.

. Առավելագույնի կհասցվի հարկ վճարողների և հարկային մարմնի աշխատակիցների կողմից ՏՏ համակարգերի կիրառումը,

. Բիզնես գործընթացների վերակազմակերպման արդյունքում հարկային մարմնում կընդլայնվի ՏՏ կարողությունների կիրառումը, կներդրվեն ժամանակակից պահանջներին բավարարող գործիքներ, ինչը հնարավորությունը կընձեռի բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը,

. Կսահմանվի վերադաս հարկային մարմնի, հարկային (տարածքային) տեսչությունների օպտիմալ կառուցվածք,

. Կգնահատվի հարկային (տարածքային) տեսչությունների ծանրաբեռնվածությունը:

 

ՆՊԱՏԱԿ 3. ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ:

 

Հարկային հսկողական գործուն մեխանիզմների ներդրման նպատակով հարկային մարմինը 2008-2011 թթ. ընթացքում աշխատանքներ իրականացրեց հետևյալ ուղղություններով.

- Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում

- «Կամերալ ուսումնասիրությունների» ինստիտուտի վերակառուցում

- Հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ գծով, ետ վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում

- Հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման մեխանիզմների սահմանում

2008-2011 թթ. ընթացքում հարկային բարեփոխումների ոլորտում հարկային մարմնի առջև դրված կարևորագույն գերակայություններից էր հսկողական գործընթացների կատարելագործումը, որի հիմքը ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրումն էր:

2009 թ. հարկային մարմինը առաջին անգամ քայլեր ձեռնարկեց ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) ներդրման ուղղությամբ` մշակելով հայեցակարգային փաստաթուղթ: ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգը սահմանեց ստուգումների նոր քաղաքականություն, որը հնարավորություն տվեց հարկային ստուգումները կառուցել վերլուծությունների և ռիսկային չափանիշների հիման վրա: Հետագայում ՀՀ կառավարությունը հաստատեց նաև ռիսկային չափանիշների հիման վրա պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների համակարգի կիրառման կարգը` դրանով իսկ ապահովելով ՌՉՍՀ ներդրման համար անհրաժեշտ հայեցակարգային հիմքերը: Նշված աշխատանքներից հետո սկսվեցին համակարգի ծրագրի մշակման աշխատանքները, ստեղծվեց «ռիսկերի կառավարման, ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության համակարգի ստեղծման և ներդրման» աշխատանքային խումբ, որն էլ միջազգային փորձագետների օժանդակությամբ մշակեց համակարգի նկարագիրը և տեխնիկական առաջադրանքները:

Զգալի աշխատանքներ իրականացվեցին նաև կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի վերակառուցման ուղղությամբ: Կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի զարգացման և գործունակության բարձրացման նպատակով հստակեցվեցին երրորդ անձանց կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկը (այս դրույթն ամրագրվեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում): Հարկային մարմնին պարտադիր կերպով տեղեկատվություն ներկայացնողների շարքում ընդգրկվեցին բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմինը, կենտրոնական բանկը, առևտրային բանկերը` հարկ վճարողի կողմից բացված հաշիվների մասով, մաքսային մարմինը, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայություններ մատուցող ընկերությունները և այլն: Բացի պարտադիր ներկայացվող տեղեկություններից` ՀՀ կառավարությունը սահմանեց նաև հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ներկայացման կարգ: Նշված ընթացակարգային հարցերին զուգահեռ սկսվեցին աշխատանքները համապատասխան ծրագրերի մշակման ուղղությամբ` ուղղված այս գործընթացների ավտոմատացմանը: Ստեղծված աշխատանքային խմբերի կողմից մշակվեցին հարկ վճարողների հաշվետվությունների կամերալ ստուգումների համակարգը, տեխնիկական առաջադրանքը և քայլեր ձեռնարկվեցին ծրագրի գործարկման ուղղությամբ:

Հարկային մարմնի համար առանցքային կարևորություն ուներ հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ գծով, ետ վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրումը: 2008-2011 թթ. ընթացքում աշխատանքներ իրականացվեցին ընթացակարգային բնույթի հարցերի կարգավորման ուղղությամբ: Այսպես, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հարկային մարմինը առաջին անգամ սահմանեց, որ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարների և/կամ գերավճարներից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում, հարկ վճարողին վճարվում է տույժ, սահմանվեց նաև նշված տույժերի հաշվարկման, հաշվանցման և/կամ վճարման կարգը: Աշխատանքներ իրականացվեցին նաև գերավճարների ետ վերադարձի ավտոմատ համակարգի ներդրման ուղղությամբ: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվեց ծրագրի ներդրման տեխնիկական առաջադրանք, համակարգի ֆունկցիոնալ նկարագիրը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցելու կամ վերադարձնելու առումով հարկ վճարողին ռիսկային համարելու չափանիշները:

Հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների խստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շեշտը դրվեց հարկային պլանավորման դեպքերի բացահայտման վրա, այդ իսկ պատճառով հաստատվեց հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի բացահայտման մոտեցումների վերաբերյալ հայեցակարգ: Հայեցակարգը նպատակ ուներ վերհանել հարկային վարչարարության այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն կտային բացահայտել հարկ վճարողների այն գործողությունները, որոնց հիմնական դրդապատճառները հարկերի վճարումից խուսափելն է: Այսպես, հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի բացահայտման նպատակով ներդրվեցին նոր վերահսկողական գործիքներ, որոնք թույլ տվեցին դասակարգել հարկերից խուսափման ռիսկերը, բացահայտել դրանց դրսևորման ձևերը: Արդյունքում ձևավորվեց ագրեսիվ հարկային պլանավորման ռիսկեր պարունակող դեպքերի վերաբերյալ կենտրոնացված շտեմարան, որտեղ ընդգրկվեցին հարկ վճարողների կողմից իրագործված, ագրեսիվ հարկային պլանավորում դիտված հարկերի վճարումից խուսափելուն ուղղված դեպքերը: Այս աշխատանքներին կհաջորդեն օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղված քայլերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:

2008-2011 թթ. ընթացքում հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակներում կատարված աշխատանքներին զուգահեռ` հարկային հսկողության մեխանիզմների կիրառման ընթացքում բացահայտվել են որոշակի խնդիրներ:

Դրանք են.

1) Հարկային ստուգումների իրականացումը` հիմնված ռիսկային չափանիշների վրա, արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու կարևորագույն հիմքերից է: Այս համակարգը հնարավորություն է տալիս ստուգումների գործընթացը կազմակերպել անաչառ և արդարացի սկզբունքների վրա` միաժամանակ բարձրացնելով նպատակային ստուգումների իրականացման հավանականությունը: Քանի որ այս համակարգի ամբողջական գործարկումը տեղի ունեցավ 2011 թ. 2-րդ կիսամյակում, հետևաբար համակարգի արդյունավետության, չափանիշների ճիշտ ընտրության մեջ հավաստիանալու համար ժամանակահատվածը բավարար չէր:

Առաջարկվող լուծումներ: Համակարգի ամբողջական գործարկմանը զուգահեռ պարբերաբար ուսումնասիրել ռիսկային չափանիշների կիրառելիությունը, արդյունավետությունը, ներկայացնել առաջարկություններ ստուգումների կազմակերպման գործընթացի կատարելագործման ուղղությամբ:

2) Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի գործարկմամբ` համակարգի հետ ուղղակիորեն առնչվող հարկային ծառայողներ կկանգնեն վերապատրաստման խնդրի առջև:

Առաջարկվող լուծումներ: Նախատեսել համակարգի գործարկման համար պատասխանատու հարկային ծառայողների վերապատրաստման պարտադիր մեխանիզմ ոչ միայն համակարգի կիրառման անհրաժեշտություններից ելնելով, այլ նաև հարկ վճարողների մոտ ստուգումների ժամանակ հաշվապահական գիտելիքների կիրառման տեսանկյունից:

3) Չնայած այն հանգամանքին, որ ապահովված են անհրաժեշտ ընթացակարգային հիմքերը երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների օգտագործման ուղղությամբ, այնուամենայնիվ հարկային մարմինը դեռևս չունի երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ավտոմատացված սխեմա, ինչը խոչընդոտում է այս գործիքը ամբողջությամբ կիրառելու գործում:

Առաջարկվող լուծումներ: 3-րդ անձանցից ստացվող տեղեկությունները ինտեգրել «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգում` ապահովելով վերջիններիս պարբերաբար և ամբողջական ծավալով օգտագործումը հսկողական աշխատանքներ իրականացնելիս:

4) Հարկային մարմնում դեռևս արդյունավետ և ամբողջությամբ չի գործում ստուգումների արդյունքների պարբերական մոնիտորինգի համակարգը` պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ամբողջությամբ չի գործարկվել ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգը:

Առաջարկվող լուծումներ: Կատարելագործել ստուգման արդյունքների պարբերական մոնիտորինգի և գնահատման համակարգը` ոչ միայն ռիսկի համակարգի միջոցով, այլ նաև կամերալ ուսումնասիրությունների և երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ինտեգրման միջոցով:

5) Հարկային մարմինը, 2008-2011 թթ. ընթացքում մշակելով հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման սխեմա, սկիզբ դրվեց հարկային պլանավորման դեպքերի բացահայտման պրակտիկային: Սակայն, հաշվի առնելով նման գործընթացի նոր լինելը, ինչպես նաև ընթացակարգային հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, ներկայումս նման մեխանիզմը ամբողջությամբ չի կիրառվում: Այս հիմքերով օրենսդրական փոփոխություններ դեռևս չեն նախաձեռնվել:

Առաջարկվող լուծումներ: Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում լայնորեն և հաջողությամբ կիրառվող հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտմանն ուղղված գործիքները` կատարելագործել հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման մեխանիզմները` կիրառելով հարկային պլանավորման դեպքերի բացահայտման ժամանակակից մոտեցումներ: ՈՒսումնասիրել միջազգային փորձը` հարկերի վճարումից խուսափելու դեպքերը ոչ կանխամտածված խախտումներից տարանջատելու նպատակով:

Նպատակ 3-ի ուղղությամբ 2012-2014 թթ. հիմնական անելիքները

Հարկերի կամավոր վճարման (ինքնագնահատման) սկզբունքի ներդրմանը զուգահեռ հարկային մարմինը 2012-2014 թթ. ընթացքում իր ուշադրությունը կսևեռի հսկողական տարբեր գործառույթների վերափոխմանը` նպատակ ունենալով ստուգումների գործընթացը դարձնել առավել հասցեական: Եթե հարկային հարաբերությունները կառուցվեն այսպիսի հիմքերի վրա, այդ դեպքում յուրաքանչյուր հարկ վճարող վստահ կլինի, որ իր հարկային պարտավորությունների կատարման դեպքում` լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանա: Միաժամանակ, պետք է արմատավորվի ոչ բարեխիղճ հարկ վճարողների պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:

Նշված հարցերին լուծում տալու նպատակով սահմանվել են այս նպատակին հասնելուն ուղղված հետևյալ ենթանպատակները:

Ենթանպատակներ.

3.1 Հարկային ստուգումների գործող կանոնակարգի ներդաշնակության ապահովում ստուգումները կարգավորող օրենսդրությանը: Ռիսկերի կառավարման հիման վրա արդյունավետ հարկային հսկողության ապահովում

3.2 Հարկային պարտավորությունների հարկադիր գանձման համակարգի կատարելագործում

3.3 Հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման մեխանիզմների կատարելագործում

3.4 Օպերատիվ-հետախուզական գործընթացների կատարելագործում

 

Ենթանպատակ 3.1 Հարկային ստուգումների գործող կանոնակարգի ներդաշնակության ապահովում ստուգումները կարգավորող օրենսդրությանը: Ռիսկերի կառավարման հիման վրա արդյունավետ հարկային հսկողություն` նվազագույն վարչարարական ծախսերով

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին համահունչ` հարկային մարմինը քայլեր կձեռնարկի ապահովելու համար ստուգումների կանոնակարգի ներդաշնակությունը օրենսդրությանը: Օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմինը մշակելու է ռիսկային չափանիշների հաշվարկման և գնահատման կարգ, միաժամանակ վերջինս վարելու է տվյալների բազա, որը ներառելու է տեղեկատվություն հարկ վճարողների և ռիսկայնության աստիճանը որոշվող չափանիշներով այդ հարկ վճարողներին տրված գնահատականի վերաբերյալ: Հարկային մարմինը մշակելու է ստուգումների տարեկան ծրագիր` ներառելով անհրաժեշտ տեղեկատվություն հարկ վճարողների ռիսկայնության, տվյալ տարվա ընթացքում ստուգման ենթակա հարկ վճարողների վերաբերյալ: Մշակվելու է հարկ վճարողներին համապատասխան ռիսկայնության խմբերում դասակարգելու սխեմա, ինչպես նաև ըստ տոկոսայնության յուրաքանչյուր տարվա կտրվածքով այդ խմբերից ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության մոտեցումներ: Բացի այդ, իրականացվելու են տարեկան կտրվածքով ստուգման ենթակա հարկ վճարողների օպտիմալ թվաքանակի որոշման վերլուծություններ` ըստ հարկային (տարածքային) տեսչությունների` հաշվի առնելով նաև առկա ռեսուրսների բաշխվածությունը:

Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի գործարկմամբ` պարբերաբար կուսումնասիրվի սահմանված չափանիշների արդյունավետությունը, համակարգի գործարկման համար պատասխանատու մասնագետները, համակարգում փորձնական տարբերակի օգնությամբ պարբերաբար կուսումնասիրեն գործող չափանիշները, կփորձարկեն չափանիշների, կշիռների, բանաձևերի տարբեր համադրություններ, ինչը հնարավորություն կընձեռի կատարելագործել ստուգումների կազմակերպման գործընթացը:

Նոր համակարգի գործարկմամբ հարկային մարմինը կիրականացնի համակարգի գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստում: Ավելին, հարկային մարմինը կկազմակերպի հատուկ, թեմատիկ դասընթացներ (դասընթացները կներառվեն հարկային մարմնի տարեկան ուսումնական ծրագրում)` ուղղված ստուգող հարկային տեսուչների հաշվապահական գիտելիքների բարձրացմանը: Կվերանայվեն ստուգումների բնագավառում ներգրավված հարկային մասնագետների վարքագծի նորմերը, կսահմանվեն խիստ հսկողություն վերջիններիս գործողությունների նկատմամբ:

Հարկային մարմինը ամբողջական ծավալով կսկսի օգտագործել երրորդ անձանցից ստացվող տեղեկությունները: Կներդրվի և «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգում կինտեգրվի երրորդ անձանց տվյալների մշակման ենթահամակարգը: Սա կհանդիսանա ստուգումների պլանավորման կարևոր գործիք, ինչը ստուգումների գործընթացը կդարձնի առավել հասցեական:

Հիմք ընդունելով ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրումը, երրորդ անձանցից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև կամերալ ուսումնասիրությունների արդյունքները` հարկային մարմինը կմշակի համապատասխան մեխանիզմներ, որոնց օգնությամբ հնարավորություն կընձեռնվի կանոնավոր և պարբերաբար վերլուծել ստուգումների արդյունքային տեղեկատվությունը, մասնավորապես ըստ իրականացված ստուգումների թվի, հայտնաբերված լրացուցիչ հարկային պարտավորությունների գումարի, լրացուցիչ հաշվարկված հարկերի գումարի` ստուգումների իրականացման համար հատկացված ռեսուրսների նկատմամբ հարաբերության գործակցի:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Ստուգումների կանոնակարգի վերանայում` այն համապատասխանեցնելով ստուգումների օրենսդրության փոփոխություններին

- Ռիսկային չափանիշների, ինչպես նաև ստուգման արդյունքների և կատարողականության պարբերաբար ուսումնասիրության արդյունքում ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կատարելագործում

- Երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ինտեգրում «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգում և կիրառում հսկողական աշխատանքներ իրականացնելիս

- Ստուգող հարկային տեսուչների վերապատրաստում

- Ստուգող հարկային տեսուչների վարքագծի նորմերի վերանայում

 

Ենթանպատակ 3.1. Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Պետական բյուջեի հետ                 |Պետական բյուջեի հետ          |

|փոխհարաբերությունների մեկ ստուգման     |փոխհարաբերությունների մեկ    |

|արդյունքում հայտնաբերված գումար        |ստուգման արդյունքում         |

|                                       |հայտնաբերված գումարն աճել է, |

|                                       |2013 թ. և  2014 թ.` 3.5%-ով` |

|                                       |նախորդ տարվա նկատմամբ:       |

|_______________________________________|_____________________________|

|2. Ակտիվ ԱԱՀ վճարողների և  շահութահարկ |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|վճարողների թվաքանակ                    |ակտիվ ԱԱՀ վճարողների         |

|                                       |թվաքանակը` (0,5-1)%-ով:      |

|                                       |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|                                       |ակտիվ շահութահարկ վճարողների |

|                                       |թվաքանակը` 1%-ով:            |

|_______________________________________|_____________________________|

|3. Ստուգող հարկային տեսուչների         |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|ուսուցման դասընթացների քանակ           |ստուգող հարկային տեսուչների  |

|                                       |ուսուցման դասընթացների       |

|                                       |քանակը:                      |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 3.2 Հարկային պարտավորությունների հարկադիր գանձման արդյունավետ համակարգի կատարելագործում

Հարկային մարմինը շարունակելու է հարկ վճարողի հարկային պարտավորությունների (այդ թվում` ընթացիկ և անհուսալի) վերաբերյալ վերլուծությունների իրականացումը` ըստ դրանց կառուցվածքի, մեծության, առաջացման պատճառների: Այս տեսանկյունից հարկային մարմինը առանձնակի ուշադրություն կդարձնի չկատարված հարկային պարտավորությունների աճի սահմանափակմանը` արդյունավետ կիրառելով հարկ վճարողներին պարբերաբար իրազեկման այնպիսի գործիքներ, ինչպիսին հիշեցում-ծանուցումների համակարգն է: Հարկ վճարողի հետ տարվող աշխատանքներին զուգահեռ` հարկային մարմինը կշարունակի արդյունավետ կիրառել հարկադիր գանձման ոլորտում առկա այլ գործիքները (արգելադրում, բռնագանձման, սնանկացման հայց), ինչպես նաև կշարունակի տեղեկատվություն հավաքագրել և ուսումնասիրել այն հարկ վճարողներին, որոնք հարկային պարտավորությունների կատարման չափով կհամարվեն ռիսկային: Հարկային մարմինը կշարունակի իրագործել նաև հարկ վճարողների հետ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցերի կնքման պրակտիկան:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Աշխատանքներ` ժամկետանց հարկային պարտավորությունների աճի սահմանափակման ուղղությամբ, այդ թվում` համագործակցություն այլ կառույցների հետ` հարկադիր գանձումների ոլորտում

- Նոր ապառքների առաջացման ռիսկերի կանխարգելում (ապառքների վերականգնման քարոզչություն),

- Հարկ վճարողների ընթացիկ, անհուսալի հարկային պարտավորությունների վերաբերյալ վերլուծությունների իրականացում

 

Ենթանպատակ 3.2. Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Ժամկետանց հարկային                  |Յուրաքանչյուր տարի նվազել են |

|պարտավորություններ (տարվա սկզբի և      |ժամկետանց հարկային           |

|տարվա ընթացքում որոշակի պահի դրությամբ)|պարտավորությունները` նախորդ  |

|                                       |տարվա նկատմամբ:              |

|                                       |Յուրաքանչյուր տարի ավելացել է|

|                                       |գանձված ժամկետանց հարկային   |

|                                       |պարտավորությունների տեսակարար|

|                                       |կշիռը ընդհանուր ժամկետանց    |

|                                       |հարկային պարտավորությունների |

|                                       |մեջ` նախորդ տարվա նկատմամբ:  |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 3.3 Հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտման մեխանիզմների կատարելագործում

Հարկային մարմինը կշարունակի հետևողականորեն կիրառել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերի բացահայտման ժամանակակից մոտեցումները: Ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերի բացահայտման ոլորտում ձեռք բերված փորձի կիրառմամբ` հարկային մարմինը քայլեր կձեռնարկի հարկային օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Կսահմանվեն մեխանիզմներ` կանխամտածված հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ պատասխանատվության խստացման ուղղությամբ: Հարկային մարմինը նշված խնդրի իրագործման շրջանակներում կշարունակի իր կողմից արդեն իսկ կիրառվող գործիքների կատարելագործման աշխատանքները, ինչպես նաև քայլեր կձեռնարկի ամբողջովին նոր գործիքների ներդրման ուղղությամբ (մասնավորապես` տրանսֆերային գնագոյացման խնդիրներ):

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերի ժամանակակից մոտեցումների կիրառում

- Կանխամտածված հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ պատասխանատվության խստացման հարցի ուսումնասիրություն, առաջարկությունների ներկայացում

- Տրանսֆերային գնագոյացման խնդիրների ուսումնասիրություն, առաջարկությունների ներկայացում

 

Ենթանպատակ 3.3. Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Բացահայտված ագրեսիվ հարկային        |Յուրաքանչյուր տարի           |

|պլանավորման դեպքեր                     |բացահայտվել են ագրեսիվ       |

|                                       |հարկային պլանավորման դեպքեր: |

|                                       |Յուրաքանչյուր տարի           |

|                                       |բացահայտված ագրեսիվ հարկային |

|                                       |պլանավորման դեպքերի          |

|                                       |արդյունքում մշակվել են       |

|                                       |օրենսդրական նախագծեր:        |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 3.4 Օպերատիվ-հետախուզական գործընթացների կատարելագործում

 

Հարկային մարմինը կիրականացնի «Օպերատիվ հետախուզության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող բոլոր միջոցառումները: Դա նշանակում է, որ հարկային մարմինը լիովին կօգտագործի օրենքով տրված բոլոր հատուկ լիազորությունները` մանրամասն սահմանված ընթացակարգերի հիման վրա: Կապահովվի նաև օպերատիվ-հետախուզական գործառույթ ունեցող ստորաբաժանման արդյունավետ հաղորդակցումը այլ ստորաբաժանումների հետ:

Այսպես, կհստակեցվեն հարկային (տարածքային) տեսչությունների, վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, երրորդ անձանցից, հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից տեղեկությունների ստացման ընթացակարգերը` մասնավորապես ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտման դեպքերում: Կսահմանվեն նաև հստակ մեխանիզմներ օպերատիվ հետախուզական գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից` այդ տեղեկությունների իրացման վերաբերյալ:

 

Ակնկալվող արդյունք:

Այս ենթանպատակների իրագործմամբ հնարավորություն կընձեռնվի կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, բարձրացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը` միաժամանակ ներդնելով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող, արդի մեխանիզմներ: Արդյունքում.

. Կբարձրանա հարկ վճարողների վստահությունը` հարկային մարմնի գործողությունների նկատմամբ,

. Կբարելավվի ստուգող անձնակազմի որակավորման մակարդակը,

. Ռիսկային չափանիշների կիրառմամբ ստուգումների իրականացման արդյունքում հարկային մարմինը կապահովվի առավել մեծ ֆիսկալ արդյունք` հասցեական, համեմատաբար քիչ ստուգումների անցկացմամբ,

. Հարկային մարմնի կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում հարկ վճարողների շրջանակում կամրապնդվի այն գաղափարախոսությունը, որ հարկերի վճարումից խուսափելը, չվճարելը հանգեցնում է հարկային պատասխանատվության,

. Կկատարելագործվեն օպերատիվ-հետախուզական գործընթացները:

 

ՆՊԱՏԱԿ 4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ:

 

2008-2011 թթ. բարեփոխումների ընթացքում հարկային վարչարարական գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում հարկային մարմինը ձեռնամուխ եղավ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելուն: Մարդկային ռեսուրսների կառավարման որակապես նոր մեխանիզմներ մշակումը որակյալ և փորձառու անձնակազմի ձևավորման անհրաժեշտ քայլերից էր: Այս ոլորտում առկա խնդիրների լուծում տալու նպատակով` աշխատանքներն ընթացան հետևյալ ուղղություններով.

- Կատարողականի գնահատման համակարգի ներդրում

- Հարկային ծառայողների առաջխաղացման և խրախուսման գործուն համակարգի ներդրում

- Հարկային ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործում

- Հարկային ծառայողների վարքագծի կանոնների կատարելագործում

Հարկային մարմնի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող աշխատանքային ռեսուրսների ճիշտ բաշխման և արդյունավետության բարձրացման նպատակով, ներդրվեց հարկային ծառայողների աշխատանքների կատարողականի գնահատման համակարգը, ինչը հնարավորություն տվեց հստակ սահմանել հարկային ծառայողների տարեկան աշխատանքային ծրագիրը և ըստ այդ ծրագրի գնահատել յուրաքանչյուր հարկային ծառայողի կատարողականությունը: Կատարողականի գնահատման համակարգի հիման վրա ներդրվեց հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման և խրախուսման համակարգը, որտեղ հաշվի է առնվել նաև հարկային ծառայողների մասնագիտական ունակությունները, կառավարչական հմտությունները: Հարկային ծառայողների իրավունքների և պարտականությունների, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված պահանջների արձանագրման նպատակով սահմանվեցին հարկային ծառայողների պաշտոնների անձնագրերը` ներառելով պահանջներ աշխատանքի նկարագրի, անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ունակությունների նվազագույն մակարդակի վերաբերյալ:

Հարկային մարմինը, հարկային ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով, սահմանեց վերապատրաստման և ուսուցման ճկուն համակարգ: Արդյունքում 2008-2011 թթ. ընթացքում հարկային ծառայողների տարբեր խմբերի համար կազմակերպվեցին տասնյակ թեմաներով վերապատրաստական և ուսուցման միջոցառումներ: Սկսվեցին աշխատանքները ուսումնական կենտրոնի ձևավորման ուղղությամբ:

Հարկային ծառայողների կողմից խախտումների բացահայտման նպատակով իրականացվեցին աշխատանքներ հարկային ծառայողների ծառայողական պարտականությունների, վարքագծի (էթիկայի) կանոնների կատարելագործման ուղղությամբ: Համալիր և թեմատիկ ստուգումների արդյունքում անցկացվեցին ծառայողական քննություններ, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից իրականացվող և պաշտոնի նկարագրով հաստատված գործառույթների համապատասխանության վիճակի ուսումնասիրություններ:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:

Վերը նշված աշխատանքների իրականացման ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ:

Դրանք են.

1) Անձնակազմի հմտությունների կատարելագործումը կարևոր նախադրյալ է հարկ վճարողների սպասարկման բարձրակարգ ծառայությունների մատուցման, ինչպես նաև արդյունավետ հսկողական մեխանիզմների կիրառման տեսանկյունից: Ներկայումս հարկային մարմինը ամբողջությամբ չի օգտագործում հարկային ծառայողների պարտադիր վերապատրաստման համակարգը: Հարկային մարմնում հարկային ծառայողների վերապատրաստումն ու ուսուցումն իրականացվում է տարեկան կազմվող ծրագրի հիման վրա:

Առաջարկվող լուծումներ: Ամբողջությամբ գործարկել ուսումնական կենտրոնը: Ներդնել հարկային ծառայողների պարտադիր վերապատրաստման համակարգ` մշակելով աշխատակիցների համար վերապատրաստման ռազմավարություն, ինչպես նաև հաստատելով հարկային ծառայողների պարտադիր վերապատրաստման համար ուսուցման ծրագրերը` սահմանելով յուրաքանչյուր տարվա ուսուցման նախապատվությունները, մեթոդները: Նախատեսել նաև վերապատրաստման ծրագրերի արդյունավետության գնահատման համակարգի մշակում:

2) Հարկային մարմինը, հետամուտ լինելով հարկային մարմնում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության իրագործմանը, մշակել է հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման և խրախուսման կարգեր, որը նախատեսվում է գործարկել 2012 թ.-ին` 2011 թ. արդյունքների հիման վրա, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ստեղծվել գնահատել համակարգի արդյունավետությունը:

Առաջարկվող լուծումներ: 2012 թ. առաջին եռամսյակում հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման և խրախուսման համակարգի գործարկում, թերությունների բացահայտում և կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացում: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարող և էթիկայի կանոններին անվերապահ ենթարկվող հարկային ծառայողների համար մոտիվացման նոր մեթոդների որոշում:

3) Հարկային մարմինը հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած արժեքներին կարևորում է ներքին աուդիտի համակարգի ներդրումը: 2011 թ.-ից գործող «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է հանրային հատվածի կազմակերպություններում (այդ թվում` պետական կառավարման մարմիններում) ներքին աուդիտի ներդրման հետ կապված հիմնական հարաբերությունները, համաձայն որի օրենսդրորեն սահմանվել է պարտադիր պահանջ` ներքին աուդիտի գործառույթների ամբողջական կիրառման և հարկային մարմնի ներքին ընթացակարգերի նկատմամբ պարտադիր վերահսկողություն սահմանելու վերաբերյալ: Համաձայն վերոնշյալ օրենքի` ներքին աուդիտի ամբողջական ներդրումը հնարավոր կլինի որոշակի ընթացակարգերի հաստատումից հետո` համապատասխան ժամանակացույցի հիման վրա:

Առաջարկվող լուծումներ: ՀՀ կառավարության կողմից ժամանակացույցը հաստատելուց հետո ներքին աուդիտի եռամյա ռազմավարական և տարեկան ծրագրի մշակում` ապահովելով հարկային մարմնում ներքին հսկողության և վերահսկողության արդյունավետություն և թափանցիկություն:

Նպատակ 4-ի ուղղությամբ 2012-2014 թթ. հիմնական անելիքները

Հարկային մարմինը առաջիկա տարիների բարեփոխումների հիմքում դրված նպատակների իրագործման նպատակով կարիք ունի որակյալ անձնակազմի, ինչը կօգնի բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, բարձրացնել հակ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը, հարկ վճարողների գոհունակությունը: Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման շրջանակներում հարկային մարմինը շարունակելու է անձնակազմի կառավարմանը վերաբերող խնդիրների լուծումը (օրինակ` աշխատանքի ընդունում, առաջխաղացում, ուսուցում), ինչպես նաև վարքագծի կանոնների նկատմամբ հսկողությունը: Հարկային մարմինը ապահովելու է իր աշխատակիցների համար ժամանակակից հարկային մարմնին համահունչ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Նշված հարցերին լուծում տալու նպատակով սահմանվել են այս նպատակին հասնելուն ուղղված հետևյալ ենթանպատակները:

Ենթանպատակներ.

4.1 Հարկային ծառայողների պարտադիր վերապատրաստման համակարգի ներդրում

4.2 Հարկային ծառայողների խրախուսման և պաշտոնեական առաջխաղացման համակարգի կատարելագործում

4.3 Միջազգային առաջատար փորձի հիման վրա ներքին հսկողության և վերահսկողության գործընթացների բարելավում

 

Ենթանպատակ 4.1 Հարկային ծառայողների պարտադիր վերապատրաստման համակարգի ներդրում

Հարկային մարմինը ամբողջությամբ կգործարկի ուսումնական կենտրոնը, որը երկարաժամկետ (մինչև 1 ամիս տևողությամբ) և կարճաժամկետ ուսումնական միջոցառումների միջոցով կիրականացնի մասնագիտական կրթական ծրագրեր ինչպես հարկային ծառայողների, այնպես էլ հարկ վճարողների համար: Տարեկան կտրվածքով կիրականացվեն ուսումնական կարիքների գնահատում, հաշվի կառնվեն ընթացքում լրացուցիչ դասընթացների անցկացման անհրաժեշտությունը: ՈՒսումնական կենտրոնի կողմից հարկային ծառայողների ուսումնական գործընթացը կիրականացվի վերապատրաստումների, վերաորակավորումների, հատուկ, ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման դասընթացների միջոցով: Կմշակվի նաև իրականացված վերապատրաստման ծրագրերի արդյունավետության գնահատման սխեմա: Կներդրվեն նաև համապատասխան մեխանիզմներ` արտերկրում ստացած փորձի փոխանակման և պրակտիկ կիրառման համար:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- ՈՒսումնական կենտրոնի գործարկում

- Հարկային ծառայողների համար վերապատրաստման ամփոփ ռազմավարության մշակում, պարտադիր վերապատրաստման համար ուսումնական ծրագրերի մշակում

- Վերապատրաստման ծրագրերի արդյունավետության գնահատման համակարգի մշակում

- Արտերկրում ստացած փորձի պրակտիկ կիրառման ուսումնասիրություն

 

Ենթանպատակ 4.1. Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Լիարժեք գործող ուսումնական կենտրոն  |2012 թ. գործարկվել է         |

|                                       |ուսումնական կենտրոնը         |

|                                       |Երևանում`  ընթացիկ           |

|                                       |ուսումնական միջոցառումների   |

|                                       |կազմակերպման համար: 2013 թ.  |

|                                       |գործարկվել է ուսումնական     |

|                                       |կենտրոնը Դիլիջանում`         |

|                                       |երկարաժամկետ ուսումնական     |

|                                       |միջոցառումների կազմակերպման  |

|                                       |համար:                       |

|_______________________________________|_____________________________|

|2. Հարկային ծառայողների                |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|վերապատրաստումներ                      |վերապատրաստվող հարկ          |

|                                       |վճարողների թիվը (հարկային    |

|                                       |ծառայողների ընդհանուր        |

|                                       |թվականի մեջ տարեկան          |

|                                       |կտրվածքով)` նախորդ տարվա     |

|                                       |նկատմամբ:                    |

|_______________________________________|_____________________________|

|3. Հարկային ծառայողների և  հարկ        |Յուրաքանչյուր տարի 20%-ով    |

|վճարողների համար կազմակերպված          |աճել է հարկային ծառայողների  |

|ուսուցման ծրագրեր                      |համար կազմակերպված ուսուցման |

|                                       |ծրագրերը` նախորդ տարվա       |

|                                       |նկատմամբ:                    |

|                                       |Յուրաքանչյուր տարի           |

|                                       |կազմակերպվել են դասընթացներ  |

|                                       |հարկ վճարողների համար`       |

|                                       |տարեկան կտրվածքով առնվազն 12 |

|                                       |դասընթաց:                    |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 4.2 Հարկային ծառայողների խրախուսման և պաշտոնեական առաջխաղացման համակարգի կատարելագործում

 

Հարկային մարմինը ամբողջությամբ կգործարկի կատարողական գնահատման համակարգի հիման վրա հարկային ծառայողների խրախուսման և պաշտոնեական առաջխաղացման համակարգերը: Հարկային ծառայողները հնարավորություն կունենան իրենց աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների ճիշտ, ժամանակին, որակով կատարման դեպքում, վարքագծի էթիկայի կանոնների պահպանման պարագայում տարեկան կտրվածքով ենթարկվել առաջխաղացման կամ խրախուսման: Պարբերաբար կվերանայվեն խրախուսման չափանիշները, կգնահատվեն վերջիններիս արդյունավետությունը, հնարավորինս կնվազեցվի սուբյեկտիվիզմը այս մեխանիզմների կիրառման ժամանակ: Բացի այդ քայլեր կձեռնարկվեն հարկային ծառայողների աշխատանքի վարձատրության և սոցիալական պաշտպանվածության կատարելագործման ուղղությամբ: Միաժամանակ, կուսումնասիրվեն նաև կատարողականի գնահատման համակարգի կիրառման արդյունավետությունը: Միաժամանակ, կավտոմատացվեն մարդկային ռեսուրսների կառավարումը և կատարողականի գնահատումը, ինչը կհանդիսանա «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի կարևոր մոդուլներից մեկը:

Այսպիսով, ենթանպատակի լուծման նպատակով կիրականացվեն հետևյալ քայլերը.

- Կատարողականի գնահատման համակարգի հիման վրա խրախուսման/ առաջխաղացման առկա մեխանիզմների կիրառում, մոտիվացման նոր մեթոդների որոշում

- Կատարողականի գնահատման համակարգի կիրառման արդյունավետության ուսումնասիրություն

 

Ենթանպատակ 4.2. Կատարողականության ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|                   Ցուցանիշ            |            Արդյունք         |

|_______________________________________|_____________________________|

|1. Խրախուսման մեխանիզմի կիրառման       |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|արդյունքում խրախուսված հարկային        |խրախուսված հարկային          |

|ծառայողներ                             |ծառայողների թիվը խրախուսման  |

|                                       |ենթակա հարկային ծառայողների  |

|                                       |մեջ` նախորդ տարվա նկատմամբ:  |

|                                       |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|                                       |խրախուսման ենթակա հարկային   |

|                                       |ծառայողների թիվը ընդհանուր   |

|                                       |հարկային ծառայողների մեջ`    |

|                                       |նախորդ տարվա նկատմամբ:       |

|_______________________________________|_____________________________|

|2. Պաշտոնեական առաջխաղացման մեխանիզմի  |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|կիրառման արդյունքում առաջխաղացված      |առաջխաղացված հարկային        |

|հարկային ծառայողներ                    |ծառայողների թիվը առաջխաղացման|

|                                       |ենթակա հարկային ծառայողների  |

|                                       |մեջ` նախորդ տարվա նկատմամբ:  |

|                                       |Յուրաքանչյուր տարի աճել է    |

|                                       |առաջխաղացման ենթակա հարկային |

|                                       |ծառայողների թիվը ընդհանուր   |

|                                       |հարկային ծառայողների մեջ`    |

|                                       |նախորդ տարվա նկատմամբ:       |

._____________________________________________________________________.

 

Ենթանպատակ 4.3 Միջազգային առաջատար փորձի հիման վրա ներքին հսկողության և վերահսկողության գործընթացների բարելավում

 

Հարկային մարմինը, օրենսդրորեն ամրագրված սկզբունքների հիման վրա, կիրականացնի ներքին աուդիտի համակարգի ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ քայլերը: Արդյունքում հարկային մարմնի ներքին գործընթացների հսկողության միջոցով վերջինս կհասնի իր նպատակների իրագործմանը` ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով: Ներքին աուդիտի համակարգի լիարժեք գործարկմամբ մասնավորապես.

- Կբացահայտվեն և կգնահատվեն հարկային մարմնում առկա ռիսկերը

- Կգնահատվեն ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետությունը

Նշված հարցերի պլանավորման նպատակով կհաստատվեն ներքին աուդիտի ռազմավարական եռամյա և տարեկան ծրագրերը:

 

Ակնկալվող արդյունք:

Այս ենթանպատակների կատարելագործմամբ հարկային մարմինը կսահմանի արդյունավետ գործող մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ, ինչը կնպաստի աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը` խթանելով հարկ վճարողների հարկային պարտավորությունների կամավոր կատարման մակարդակի բարձրացմանը: Արդյունքում.

. Էապես կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կմեծանա հարկային ծառայողներին խրախուսելու, վերջիններիս սոցիալական պաշտպանվածության հնարավորությունները,

. Հարկային ծառայողների մոտ կստեղծվի վստահություն` մասնագիտական աճի արդարացի մեթոդների կիրառման նկատմամբ,

. Կռացիոնալացվեն հարկային մարմնի ներքին ընթացակարգերը,

. Կխնայվեն էական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ:

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ, ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարության հաջող իրականացմանը խոչընդոտող ռիսկերը կարող են կրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթ: Ռիսկերը կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել ռազմավարությամբ որդեգրած հիմնական նպատակների հաջող իրականացմանը: Հիմնական ռիսկերի շարքին կարող են դասվել:

. 2012-2014 թթ. ընթացքում կարող է փոխվել այն միջավայրը, որտեղ գործունեություն է իրականացնում հարկային մարմինը: Այս տեսանկյունից քաղաքական գործոնը կարևոր ազդեցություն կարող է ունենալ,

. Հարկային քաղաքականություն սահմանող մարմինը ՀՀ ֆինանսների նախարարությունն է, և հետևաբար վերջինիս կողմից սահմանված հարկային քաղաքականությանն առնչվող քայլերը կարող են իրենց անմիջական ազդեցությունն ունենալ հարկային վարչարարության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների վրա և հավանական է, որ դրանով փոխվի ռազմավարությամբ սահմանված հիմնական նպատակների առաջնահերթությունը,

. Տնտեսական իրավիճակի փոփոխությունը կարող է ուղղակիորեն ազդել բարեփոխումների ընթացքի վրա և պատճառ հանդիսանալ մի շարք քայլերի հետաձգման կամ ընդհանրապես չկատարման,

. Հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարությամբ սահմանված որոշ միջոցառումներ հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան շահագրգիռ մարմինների փոխադարձ համաձայնության և օժանդակության,

. Հարկային բարեփոխումների շարունակական և հաջող իրականացման համար ռիսկի կարևորագույն գործոն կարող է հանդիսանալ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ոչ ժամանակին և ամբողջական հատկացումը:

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Հարկային մարմինը ներքին ընթացակարգին համապատասխան իրականացնելու է հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարության պարբերական մոնիթորինգ և գնահատում: Տարեկան արդյունքների դիտարկմամբ կբացահայտվեն ռազմավարությամբ սահմանված խնդիրների իրագործման կատարողականությունը և որակը, ռազմավարության կայունությունը: Հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարության գնահատումը կիրականացվի` ելնելով ռազմավարությամբ սահմանված կատարողականության ցուցանիշներից: Այսպես, հարկային մարմինը, գնահատելու է յուրաքանչյուր արդյունքին հասնելու աստիճանը և մշակելու է համապատասխան հաշվետվություններ: Տարեկան արդյունքների գնահատականների հիման վրա անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Ռազմավարությամբ սահմանված ընդհանուր արդյունքները գնահատելու համար տրվող գնահատականներն են.

Բարձր գնահատական  - եթե սույն նպատակից բխող խնդրի 80 տոկոսից ավելին ըստ իրենց կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

Միջին գնահատական  - եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-80 տոկոսն ըստ իրենց կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

Ցածր գնահատական- եթե սույն նպատակից բխող քաղաքականությունն ըստ իրենց կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է մինչև 50 տոկոս միջակայքում:

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2012
N 195-Ն
Որոշում