Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1022.170412

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 79-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 ապրիլի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի և առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 31.01.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` «Հայցադիմումի ընդունումը մերժելը» վերտառությամբ 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է. «Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` ... հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը»:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավանորմով սահմանված` հայցադիմումի ընդունումը մերժելու իրավական հիմքը` իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանն այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող իրավանորմը` օրենսգրքի 3-րդ հոդվածի հետ համակարգային կապի մեջ, ենթադրում է դիմողի իրավունքները շոշափող վարչական ակտերը և գործողությունները վիճարկելու իրավունք, այսինքն` անձը կարող է համարվել դիմելու իրավունք ակնհայտորեն չունեցող, եթե իր կողմից վիճարկվող ակտը կամ գործողությունը չի շոշափում իր իրավունքներն ու օրինական շահերը և չի վերաբերում իրեն:

Դիմողը գտնում է նաև, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը չի վկայում այն մասին, թե վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում կարող է ակնհայտության չափանիշով գնահատական տալ իրավունքի սուբյեկտին վերաբերող ակտով վերջինիս նյութական իրավունքների խախտման հարցին, քանի որ խախտման առկայության կամ բացակայության հարցը պետք է որոշվի դատական քննության` գործի ըստ էության լուծման ընթացքում: Հակառակ դեպքում, ըստ դիմողի, կխախտվեն հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության, դատական պաշտպանության սահմանադրական իրավունքները, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սկզբունքը:

i

Դիմողը պնդում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթի կիրառման դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է դատարանների կողմից դրա` հակասական մեկնաբանման և կիրառության մասին: Այս առնչությամբ դիմողը հայտնում է, որ գրությամբ դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ` առաջարկելով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում տալ խնդրո առարկա դրույթի կիրառման դատական պրակտիկայի վերաբերյալ, ինչի առնչությամբ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից 17.09.2011թ. ընդունվել է թիվ 127 որոշումը:

Դիմողը գտնում է նաև, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, անհամաչափ սահմանափակում է անձի դատական պաշտպանության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը` դրանով իսկ հակասելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին և 43-րդ հոդվածին:

Անդրադառնալով պատասխանող կողմի գրավոր բացատրություններին` դիմողը շեշտում է, որ «...վարչական դատարանում անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացումը, հանդիսանալով իրավունքի պաշտպանության հիմնական միջոց, չի կարող համադրվել իրավունքի պաշտպանության սուբսիդիար միջոցների հետ, որոնց պարագայում նման սահմանափակման ու չափանիշի սահմանումը լիովին իրավաչափ է»:

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի և 43-րդ հոդվածի դրույթներին:

i

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանող կողմը հղում է կատարում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին, «շահագրգիռ անձ» հասկացության վերաբերյալ սահմանադրական դատարանի 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշմանը: Վարչական դատարան դիմելու իրավունքի գնահատման համար շեշտադրելով խախտված իրավունքը տվյալ անձին պատկանելու հանգամանքը` պատասխանող կողմը գտնում է, որ. «եթե հայցադիմումում առկա չեն Օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, ապա հայցադիմում ներկայացրած անձը չի կարող համարվել «շահագրգիռ անձ» և տրամաբանորեն դասվում է հայցադիմում ներկայացնելու իրավունքը ակնհայտորեն չունեցող անձանց շարքին»:

Միաժամանակ, հղում կատարելով օրենսգրքի 72 և 76-րդ հոդվածներին, 77-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին` պատասխանող կողմը գտնում է նաև, որ. «...եթե հայցադիմումի և դրան կից ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում դատավորը հանգում է այն եզրակացության, որ հայցադիմումը ներկայացրել է ոչ «շահագրգիռ անձը», այսինքն այն անձը, որի իրավունքները և ազատությունները չեն խախտվել կամ անմիջականորեն չեն կարող խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ, ապա նա պարտավոր է ընդունել` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում»:

4. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը դիտարկել դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների երաշխավորման, ինչպես նաև օրենսգրքի այլ դրույթների հետ այդ դրույթի համակարգային ամբողջականության ապահովման տեսանկյունից:

i

Օրենսգրքի` «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի վերլուծությունը, հիմք ընդունելով նաև օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշման 7-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, վկայում է, որ օրենսդիրը, կոնկրետ դեպքում` ֆիզիկական և իրավաբանական անձանց առնչությամբ, սահմանել է վարչական դատարան դիմելու իրավունքի իրականացման հստակ իրավական նախապայմաններ, ըստ որի`

ա) յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ դատարան դիմելու իրավունքը կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե` խոչընդոտներ են հարուցվել կամ չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ) շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպություններն իրավասու են դիմել վարչական դատարան` տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգն օրենսգրքով սահմանված լինելու դեպքում` հաշվի առնելով actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց` դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է` «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նաև կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ, և դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության` հայցադիմումի ընդունելիության փուլում:

Վերոգրյալի հաշվառմամբ` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները:

i

5. Օրենսգրքի` «Գործ հարուցելու հիմքը և հայցի տեսակները» վերտառությամբ 11-րդ գլխի նորմերի վերլուծությունը վկայում է, որ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար նախատեսված են որոշակի իրավական պահանջներ և պայմաններ, որոնք վերաբերում են ինչպես դրա ներկայացման կարգին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Ընդ որում` նմանատիպ պայմանների պահպանումը կրում է պարտադիր բնույթ: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ կետում, ելնելով իր` 09.04.2007թ. ՍԴՈ-690 և 11.04.2007թ. ՍԴՈ-691 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներից, վերահաստատել է, որ դատարան (այդ թվում` սահմանադրական դատարան) դիմելու հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը ոչ միայն դիմումի բովանդակության վերաբերյալ պարտադիր պայմաններ սահմանելն է, այլև այն քննության ընդունելու (կամ չընդունելու) պատճառաբանման նորմատիվ պահանջի սահմանումը: Ի թիվս վերոնշյալի` դատարանը գտել է նաև, որ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ իրականացումը պայմանավորված է նաև օրենքներով նախատեսված ընթացակարգային պահանջների հստակ և միակերպ կատարմամբ, որպիսիք իրավական պայմաններ կստեղծեն, մի կողմից, անձի դատարան հասցեագրված դիմումը, դրանում բարձրացված հարցերն օբյեկտիվ գնահատելու, նաև այն հիմնավոր ճանաչելու, մյուս կողմից` դատարանի` այդ դիմումի քննության (այդ թվում` նախնական) արդյունքում պատճառաբանված որոշում կայացնելու համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքով նախատեսված է կոնկրետ իրավական կառուցակարգ, որի շրջանակներում դատարանն իրավասու է գնահատել հայցադիմումի ընդունելիությանն առնչվող պահանջների և պայմանների պահպանվածությունը: Այսպես` օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

- չեն պահպանվել օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները.

- հայցադիմումը ստորագրված չէ, կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

- չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.

- մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ.

- մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին:

Նման միջանկյալ դատական ակտ կայացնելով` վարչական դատարանը պատշաճ հիմնավորմամբ պետք է մատնանշի այն բոլոր առերևույթ թերությունները, որոնք թույլ են տրվել հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում: Բացի դրանից, օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի իրավականոնակարգմանը համապատասխան` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու համար նախատեսված է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու օրվանից հաշվարկվող 15-օրյա ժամկետ, որի սահմաններում շտկված և վարչական դատարան ներկայացված հայցադիմումը համարվում է ընդունված վերջինիս սկզբնական ներկայացման օրը:

Վերոգրյալի հաշվառմամբ` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարչական դատարանի վերոնշյալ լիազորությունը սահմանելով, ըստ էության, չի բացառում վերջինիս կողմից մատնանշված առերևույթ թերությունների վերացման դեպքում նույն հայցադիմումը կրկին անգամ ներկայացնելու իրավական հնարավորությունը:

6. Սկզբունքորեն այլ իրավական խնդիրների լուծմանն է նպատակաուղղված վարչական դատարանի` օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու լիազորությունը, որի իրականացումը հանգեցնում է տրամագծորեն այլ իրավական հետևանքների: Հիշյալ իրավական նորմով օրենսդիրը սահմանել է այն իրավական հիմքերի սպառիչ ցանկը, որոնց առկայության ուժով դատարանը պարտավոր է մերժել ներկայացված հայցադիմումի ընդունումը, այն է`

- հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության.

- նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

- այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

- հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.

- օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի թերությունները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար.

- մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն հետ վերցնելու մասին, բացառությամբ օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված գործերի:

Վերլուծելով հիշյալ իրավական հիմքերը և համադրելով դրանք օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված (հայցադիմումը վերադարձնելու) իրավական հիմքերի հետ` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրենց իրավական բնույթով դրանք լուծում են իրավասուբյեկտության խնդիր, և հստակեցնում են այն պայմանները, որոնց առկայությունն օրենքի ուժով անհնարին է դարձնում տվյալ հայցադիմումի հիման վրա վարչական դատավարության իրականացումը:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ նշված հիմքերով հայցադիմումի մերժման դեպքում առկա է նաև բողոքարկման իրավունքը, և նման որոշումը կարող է բողոքարկվել օրենսգրքով սահմանված ընթացակարգով:

7. Դիտարկելով վերոհիշյալ իրավական կարգավորման կառուցակարգը` սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ օրենսդիրը վարչական դատարան ներկայացվող հայցադիմումի ընդունելիության հարցի լուծման առնչությամբ սահմանել է դատարանի լիազորությունների սպառիչ ցանկը, որոնց իրականացմամբ` դատարանը վարչական դատավարության հիշյալ փուլում պետք է իրավական գնահատական տա, թե արդյո՞ք հայցվորն իրավասու է դիմել դատարան, արդյո՞ք առկա է նրա մոտ դատարան դիմելու իրավական պահանջ, արդյո՞ք հայցվորը կարող է հանդիսանալ խախտման օբյեկտ հանդիսացող իրավունքի կրող: Սահմանադրական դատարանն ինքնանպատակ չի համարում այն հանգամանքը, որ օրենսգրքի վիճարկվող դրույթում օգտագործված է «ակնհայտորեն» բառը: Վերջինս վկայում է այն մասին, որ օրենսդիրը հայցադիմումի ընդունելիության փուլում բացառում է վարչական դատարան դիմելու իրավունքի առկայությունն ստուգելու համար նյութական իրավունքի խախտման փաստի առկայության կամ բացակայության հարցն առանց համապատասխան դատավարական ընթացակարգերի քննության առարկա դարձնելը: Օրենսգրքի վիճարկվող դրույթում «ակնհայտորեն» բառը ենթադրում է, որ առանց նյութական իրավունքի խախտման փաստի բացահայտման` կասկածից վեր է տվյալ իրավունքը հայցվորին չպատկանելը, հայցադիմումում խախտված տվյալ իրավունքը հայցվորին պատկանելու վերաբերյալ հիմնավորվածության բացակայությունը կամ այդպիսի ենթադրյալ հիմնավորման ակնհայտ անհիմն լինելը, վիճարկվող վարչական ակտի, գործողության կամ անգործության և հայցվորի իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման փաստի միջև առկա հնարավոր պատճառահետևանքային կապի բացակայությունը, այդպիսի կապի վերաբերյալ հիմնավորվածության բացակայությունը կամ այդպիսի ենթադրյալ հիմնավորման ակնհայտ անհիմն լինելը: Օրենսգրքի վիճարկվող դրույթում «ակնհայտորեն» բառի ամրագրմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել հայցադիմումի ընդունելիության փուլում ստուգելու ոչ թե նյութական իրավունքի խախտման առկայությունը, այլ ենթադրյալ խախտված իրավունքը տվյալ անձին պատկանելու հանգամանքը, այսինքն` հայցվորի` «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը:

Այդ մասին է վկայում նաև վարչական դատարանի մի շարք միջանկյալ գործերով կայացրած դատական ակտերի ուսումնասիրությունը:

Մասնավորապես, ՀՀ վարչական դատարանն իր` 22.02.2010թ. ՎԴ/0430/05/10 վարչական գործով կայացված` «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Տվյալ դեպքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության` 16.12.2009թ. թիվ 1006719 ստուգման ակտը վերաբերում է «ԱԲԳ-ԴԳՎ» ՍՊ ընկերությանը, նշված ակտով լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջադրվել նշված ընկերությանը, մինչդեռ ընկերության խախտված իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմումը դատարան է ներկայացվել ոչ թե «ԱԲԳ-ԴԳՎ» ՍՊ ընկերության, ի դեմս տնօրենի, կողմից, այլ` հայցադիմում ներկայացնելու իրավունք չունեցող ընկերության մասնակից հանդիսացող Քնարիկ Ջինաշյանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

Փաստորեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության 16.12.2009թ. թիվ 1006719 ստուգման ակտը վերացնելու պահանջի մասին հայցադիմումը դատարան է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը, ուստի հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման»:

Նույն դատարանի մեկ այլ` 28.10.2010թ. թիվ ՎԴ/3844/05/10 վարչական գործով կայացված` «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արտահայտվել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... Տվյալ դեպքում Երևան քաղաքի Զաքիյան 8 շենքի թիվ 13 բնակարանը համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված թիվ 2674386 վկայականի հանդիսանում է Մառլենա Սերգեյի Կարապետյանի սեփականությունը, իսկ Սերգեյ Գրիգորյանին 26.01.1999թ. 011-ի կողմից տրված անձնագրի համաձայն վերջինս հաշվառված է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50 շենքի 15 բնակարանում և հայցադիմումին կից փաստաթղթերից չի հաստատվում հայցվորի տիրապետման իրավունքը Երևան քաղաքի Զաքիյան 8 շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ: Փաստորեն Մառլենա Սերգեյի Կարապետյանի փոխարեն սեփականության և տիրապետման իրավունքի խախտումները վերացնելու վերաբերյալ պահանջ ներկայացրել է Սերգեյ Գրիգորյանը, որի իրավունքը վերջինս ակնհայտորեն չունի, քանի որ նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման մասին խոսք չի կարող լինել, ուստի հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման»:

Միանգամայն տեղին է ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված` ՀՀ դատական դեպարտամենտի դիրքորոշումներում կատարված այն շեշտադրումը, համաձայն որի` «...սույն նորմում տեղ գտած ձևակերպումը կարող է վերաբերել միայն չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ հայցադիմում ներկայացնելու իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն և հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ, և, իհարկե, չի վերաբերում այն դեպքերին, երբ դատարանը գործի ամբողջական և մանրակրկիտ ուսումնասիրության, մասնավորապես, նյութական իրավունքի խախտման առկայության հարցի գնահատման արդյունքում է հանգում նմանատիպ դիրքորոշման»:

Ինչ վերաբերում է «շահագրգիռ անձ» հասկացությանը, ապա դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտված է սահմանադրական դատարանի 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում, որը կիրառելի է նաև սույն գործով:

i

8. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 13.04.2010թ. ՍԴՈ-873 որոշմամբ անդրադարձել է վարչական դատավարության համակարգում վճռաբեկ բողոքների ընդունելիության հարցին: Հաշվի առնելով վերոհիշյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելության փուլում նյութական իրավունքի խախտման փաստի առկայության պարզումն իր բնույթով չի վերաբերում դիմումի ընդունելիության պայմաններին, նման փաստի հաստատումը կամ հերքումը կարող է տեղի ունենալ դատաքննության փուլում` արդարության բոլոր պահանջների ու կողմերի իրավունքների պահպանմամբ, հակառակ դեպքում արդարացի դատաքննության իրավունքը կիմաստազրկվի:

Հետևաբար, վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության հարցի քննության փուլում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը չի կարող ընկալվել ու մեկնաբանվել որպես նյութական իրավունքի խախտման առկայությունն ստուգելու` վարչական դատարանի պարտավորվածություն` դրանով իսկ ընդունելիության հարցի լուծումը կախման մեջ դնելով գործի դատաքննության փուլում ըստ էության լուծման ենթակա հարցից, սահմանափակելով վարչական դատարանի մատչելիությունը` դատական պաշտպանության սահմանադրաիրավական միջոցը դարձնելով անարդյունավետ: Այս փուլում, ինչպես նշվեց, դատարանի խնդիրն է ստուգելու ոչ թե նյութական իրավունքի խախտման առկայությունը, այլ ենթադրյալ խախտված իրավունքը` տվյալ անձին ակնհայտորեն պատկանելու կամ չպատկանելու հանգամանքը:

Նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության փաստին դատարանը պարտավոր է անդրադառնալ դատաքննության փուլում: Հակառակ պարագայում տեղ կգտնի արդարադատության մերժման իրողությունը, ինչը կհակասի ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության հարցի քննության փուլում այն չի կարող ընկալվել ու մեկնաբանվել որպես նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության փաստը հաստատելու` օրենքով նախատեսված պահանջ կամ հայեցողություն:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 ապրիլի 2012 թվականի

ՍԴՈ-1022

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.04.2012
N ՍԴՈ-1022
Որոշում