Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍ ...

 

 

i

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ
ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի վեցերորդ հատուկ նստաշրջանում ընդունված նոր միջազգային տնտեսական կարգ հաստատելու վերաբերյալ բանաձևերի ընդհանուր նպատակները,

համարելով, որ հավասարության և փոխշահավետության հիման վրա միջազգային առևտրի զարգացումը կարևոր տարր է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում,

ենթադրելով, որ ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերը կարգավորող և տարբեր հասարակական, տնտեսական և իրավական համակարգերը հաշվի առնող միասնական նորմերի ընդունումը կնպաստի միջազգային առևտրում իրավական խոչընդոտների վերացմանը և կաջակցի միջազգային առևտրի զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

ՄԱՍ 1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն կողմերի միջև ապրանքների առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ, որոնց առևտրային կազմակերպությունները գտնվում են տարբեր պետություններում,

ա) երբ այդ պետությունները Պայմանավորվող պետություններն են, կամ

բ) երբ միջազգային մասնավոր իրավունքի նորմերի համաձայն կիրառելի է Պայմանավորվող պետության իրավունքը:

2. Այն հանգամանքը, որ կողմերի առևտրային կազմակերպությունները գտնվում են տարբեր պետություններում, հաշվի չի առնվում, եթե դա չի բխում պայմանագրից, ոչ էլ մինչև պայմանագրի կնքումը կամ դրա կնքման պահին կողմերի միջև եղած գործնական հարաբերություններից կամ կողմերի միջև տեղեկատվության փոխանակումից:

3. Ոչ կողմերի ազգային պատկանելությունը, ոչ նրանց քաղաքացիական կամ առևտրային կարգավիճակը, ոչ էլ` պայմանագրի քաղաքացիական կամ առևտրային բնույթը հաշվի չեն առնվում սույն Կոնվենցիայի կիրառելիությունը որոշելիս:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Կոնվենցիան չի կիրառվում.

ա) անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման համար ձեռքբերված ապրանքների վաճառքի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը ցանկացած ժամանակ` մինչև պայմանագրի կնքումը կամ կնքման պահին, չի իմացել և չպետք է իմանար, որ ապրանքները ձեռք են բերվում նման օգտագործման համար,

բ) աճուրդի միջոցով վաճառքի նկատմամբ,

գ) կատարողական վարույթի կամ օրենքի ուժով այլ ձևերով վաճառքի նկատմամբ,

դ) բորսային թղթերի, բաժնետոմսերի, ապահովագրական արժեթղթերի, շրջանառու փաստաթղթերի և դրամի վաճառքի նկատմամբ,

ե) օդային և ջրային փոխադրամիջոցների, ինչպես նաև օդային բարձիկներով նավերի վաճառքի նկատմամբ,

զ) էլեկտրաէներգիայի վաճառքի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պատրաստման կամ արտադրման ենթակա ապրանքների մատակարարման պայմանագրերը համարվում են առուվաճառքի պայմանագրեր, եթե միայն ապրանքները պատվիրող կողմը այդ ապրանքների պատրաստման կամ արտադրման համար անհրաժեշտ նյութերի էական մասի մատակարարման պարտավորությունները չի վերցնում իր վրա:

2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն պայմանագրերի նկատմամբ, որոնցում ապրանքներ մատակարարող կողմի պարտավորությունները կայանում են աշխատանքի կատարման կամ այլ ծառայություններ մատուցելու մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Կոնվենցիան կարգավորում է միայն առուվաճառքի պայմանագրի կնքումը և այդպիսի պայմանագրից բխող` վաճառողի ու գնորդի իրավունքներն ու պարտավորությունները: Մասնավորապես, այնքանով, որքանով Կոնվենցիայում այլ բան նախատեսված չէ, այն չի վերաբերում.

ա) պայմանագրի կամ դրա որևէ դրույթի կամ ցանկացած սովորույթի վավերականությանը,

բ) այն հետևանքներին, որը կարող է առաջացնել պայմանագիրը վաճառված ապրանքի սեփականության իրավունքի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Կոնվենցիան չի կիրառվում վաճառողի պատասխանատվությանը` կապված ապրանքի պատճառով որևէ անձի առողջությանը վնաս հասցնելու կամ մահվան հետ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կարող են բացառել սույն Կոնվենցիայի կիրառումը կամ, 12-րդ հոդվածը պահպանելու պայմանով, հրաժարվել դրա ցանկացած դրույթից կամ փոփոխել դրա գործողությունը:

 

ԳԼՈՒԽ 2 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Կոնվենցիան մեկնաբանելիս հարկավոր է հաշվի առնել դրա միջազգային բնույթը և դրա միատեսակ կիրառումը և միջազգային առևտրում բարեխղճության պահպանումը խրախուսելու անհրաժեշտությունը:

2. Սույն Կոնվենցիայով կարգավորման առարկային վերաբերող հարցերը, որոնք ուղղակիորեն կարգավորված չեն դրանով, պետք է կարգավորվեն սույն Կոնվենցիայի համար հիմք հանդիսացող ընդհանուր սկզբունքներին համապատասխան, իսկ նման սկզբունքների բացակայության դեպքում` միջազգային մասնավոր իրավունքի նորմերի ուժով կիրառման ենթակա իրավունքին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար կողմի հայտարարությունները և այլ վարքագիծը մեկնաբանվում են նրա մտադրություններին համապատասխան, եթե մյուս կողմը գիտեր կամ չէր կարող չիմանալ, թե որն էր այդ մտադրությունը:

2. Եթե նախորդ կետը կիրառելի չէ, ապա կողմի հայտարարությունները և այլ վարքագիծը մեկնաբանվում են ըստ այն ըմբռնման, որը կունենար այն նույն որակով գործող ողջամիտ անձը, ինչ մյուս կողմը` համանման հանգամանքներում:

3. Կողմի մտադրությունը կամ ողջամիտ անձի ըմբռնումը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր համապատասխան հանգամանքները, ներառյալ բանակցությունները, ցանկացած պրակտիկան, որը կողմերը հաստատել են իրենց փոխհարաբերություններում, սովորույթները և կողմերի ցանկացած հետագա վարքագիծը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Կողմերը կապված են ցանկացած սովորույթով, որի մասին նրանք պայմանավորվել են, և պրակտիկայով, որը նրանք հաստատել են իրենց փոխհարաբերություններում:

2. Եթե այլ կերպ համաձայնեցված չէ, համարվում է, որ կողմերը իրենց պայմանագրի կամ դրա կնքման նկատմամբ ենթադրել են այն սովորույթի կիրառումը, որի մասին նրանք գիտեին կամ պետք է իմանային, և որը լայնորեն հայտնի է միջազգային առևտրում և մշտապես պահպանվում է կողմերի կողմից առևտրի համապատասխան բնագավառում տվյալ տեսակի պայմանագրերում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

ա) եթե կողմը ունի ավելի քան մեկ առևտրային կազմակերպություն, ապա նրա առևտրային կազմակերպությունն է համարվում այն, որը, հաշվի առնելով ցանկացած պահի` մինչև պայմանագրի կնքումը կամ կնքման պահին կողմերին հայտնի կամ նրանց կողմից ենթադրվող հանգամանքները, ամենասերտ կապն ունի պայմանագրի և դրա իրականացման հետ,

բ) եթե կողմը առևտրային կազմակերպություն չունի, հաշվի է առնվում նրա մշտական բնակության վայրը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Չի պահանջվում, որպեսզի առուվաճառքի պայմանագիրը կնքվի կամ հաստատվի գրավոր կամ ենթարկվի ձևի առումով այլ պահանջի: Այն կարող է ապացուցվել ցանկացած միջոցով, ներառյալ` վկաների ցուցմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի կամ 2-րդ մասի ցանկացած դրույթ, որը թույլ է տալիս առուվաճառքի պայմանագիրը կամ կողմերի համաձայնությամբ դրա փոփոխությունը կամ լուծումը, կամ օֆերտան, ակցեպտը կամ մտադրության ցանկացած այլ դրսևորումը ձևակերպել ոչ թե գրավոր, այլ ցանկացած այլ ձևով, կիրառելի չէ, եթե կողմերից գոնե մեկը ունի իր առևտրային կազմակերպությունը այն Պայմանավորվող պետությունում, որը հայտարարություն է կատարել սույն Կոնվենցիայի 96-րդ հոդվածին համապատասխան: Կողմերը չեն կարող հրաժարվել սույն հոդվածից կամ փոփոխել դրա գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «գրավոր ձև»-ի տակ հասկացվում է նաև հեռագիրը և հեռատիպով արված հաղորդումները:

 

ՄԱՍ 2 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված պայմանագիր կնքելու առաջարկությունը հանդիսանում է օֆերտա, եթե այն բավականաչափ հստակ է և արտահայտում է օֆերենտի իրեն պարտավորված համարելու մտադրությունը` ակցեպտի դեպքում: Առաջարկությունը համարվում է բավականաչափ հստակ, եթե դրանում նշված է ապրանքը, և ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանվում են քանակն ու գինը կամ էլ նախատեսվում է դրանց որոշման կարգը:

2. Այն առաջարկությունը, որը հասցեագրված է անձանց անորոշ շրջանակի դիտվում է միայն որպես օֆերտա անելու հրավեր, եթե միայն նման առաջարկություն արած անձի կողմից ուղղակիորեն այլ բան չի նշված:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Օֆերտան ուժի մեջ է մտնում, երբ այն ստանում է օֆերտայի հասցեատերը:

2. Օֆերտան, եթե նույնիսկ այն անհետկանչելի է, կարող է օֆերենտի կողմից չեղյալ հայտարարվել, եթե չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը օֆերտայի հասցեատիրոջ կողմից ստացվել է ավելի շուտ, քան հենց օֆերտան կամ դրա հետ միաժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Քանի դեռ պայմանագիրը չի կնքվել օֆերտան կարող է օֆերենտի կողմից հետ կանչվել, եթե հետկանչման մասին ծանուցումը օֆերտայի հասցեատերը ստացել է մինչև դրա վերաբերյալ ակցեպտի ուղարկումը:

2. Սակայն օֆերտան չի կարող հետ կանչվել`

ա) եթե օֆերտայում դրա ակցեպտի համար որոշակի ժամկետ սահմանելու միջոցով կամ այլ ձևով նշվում է, որ այն հանդիսանում է անհետկանչելի, կամ

բ) եթե օֆերտայի հասցեատիրոջ համար ողջամիտ կլիներ դիտարկել օֆերտան որպես անհետկանչելի և օֆերտայի հասցեատերը գործել է համապատասխանաբար:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Օֆերտան, եթե նույնիսկ այն հանդիսանում է անհետկանչելի, կորցնում է իր ուժը օֆերտը մերժելու մասին ծանուցումը ստանալու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Օֆերտայի հասցեատիրոջ հայտարարությունը կամ այլ վարքագիծը, որն արտահայտում է նրա համաձայնությունը օֆերտայի հետ, հանդիսանում է ակցեպտ: Լռությունը կամ անգործությունն ինքնըստինքյան ակցեպտ չեն հանդիսանում:

2. Օֆերտայի ակցեպտն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ օֆերենտը ստանում է նշված համաձայնությունը: Ակցեպն ուժ չի ունենում, եթե օֆերենտը չի ստանում նշված համաձայնությունը իր կողմից սահմանված ժամկետում, իսկ եթե ժամկետը սահմանված չէ, ապա ողջամիտ ժամկետում, հաշվի առնելով, ընդ որում, գործարքի հանգամանքները, այդ թվում` օֆերենտի կողմից օգտագործված կապի միջոցների արագությունը: Բանավոր օֆերտան պետք է ակցեպտավորվի անհապաղ, եթե հանգամանքներից այլ բան չի բխում:

3. Սակայն եթե օֆերտայի ուժով կամ իրենց փոխհարաբերություններում կողմերի հաստատած պրակտիկայի արդյունքում կամ սովորույթի ուժով օֆերտայի հասցեատերը կարող է առանց օֆերենտին իրազեկելու արտահայտել համաձայնությունը որևէ գործողություն կատարելու միջոցով, մասնավորապես` ապրանքի մատակարարմանը կամ գնի վճարմանն ուղղված գործողության միջոցով, ակցեպտն ուժի մեջ է մտնում այդպիսի գործողություն կատարելու պահին` պայմանով, որ դա կատարված է նախորդ կետում նախատեսված ժամկետի սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Օֆերտայի պատասխանը, որը նպատակ ունի ակցեպտ հանդիսանալ, բայց ներառում է լրացումներ, սահմանափակումներ կամ այլ փոփոխություններ, հանդիսանում է օֆերտայի մերժում և իրենից ներկայացնում է հանդիպակաց օֆերտա:

2. Սակայն օֆերտայի պատասխանը, որը նպատակ ունի ակցեպտ հանդիսանալ, բայց ներառում է օֆերտայի պայմաններն էապես չփոխող լրացուցիչ կամ տարբերվող պայմաններ, հանդիսանում է ակցեպտ, եթե միայն օֆերենտն առանց անհիմն ուշացման բանավոր չառարկի այդ տարաձայնությունների դեմ կամ այդ մասին ծանուցում չհղի: Եթե նա դա չանի, ապա պայմանագրի պայմաններ կհանդիսանան օֆերտայի պայմանները` ակցեպտում պարունակվող փոփոխություններով:

3. Ի թիվս այլնի, ապրանքի գնին, վճարմանը, որակին և քանակին, մատակարարման վայրին և ժամկետին, կողմերի միմյանց նկատմամբ պատասխանատվության չափին կամ վեճերի լուծմանը վերաբերող լրացուցիչ կամ տարբերվող պայմանները համարվում են օֆերտի պայմաններն էականորեն փոփոխող:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Օֆերենտի կողմից հեռագրով կամ նամակով ակցեպտի համար սահմանված ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից, երբ հեռագիրը հանձնվել է ուղարկվելու համար, կամ նամակում նշված ամսաթվից, կամ, եթե նման ժամկետ նշված չէ` ծրարի վրա նշված ժամկետից: Օֆերենտի կողմից հեռախոսով, հեռատիպով կամ ակնթարթային կապի այլ միջոցների օգնությամբ ակցեպտի համար սահմանված ժամկետի ընթացքն սկսվում է հասցեատիրոջ կողմից օֆերտան ստանալու պահից:

2. Պետական տոները կամ ոչ աշխատանքային օրերը, որոնք ընկնում են ակցեպտի համար նախատեսված ժամկետների ընթացքում, այդ ժամկետները հաշվարկելիս չեն հանվում: Սակայն, եթե ակցեպտի մասին ծանուցումը նշված ժամկետի վերջին օրը տեղ չի կարող հասցվել օֆերենտի հասցեով այն պատճառով, որ օֆերենտի առևտրային կազմակերպության գտնվելու վայրում այդ օրը պետական տոն է կամ ոչ աշխատանքային օր, ապա ժամկետը երկարաձգվում է մինչև հաջորդ աշխատանքային օրը:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. ՈՒշացած ակցեպտը, այնուամենայնիվ, պահպանում է ակցեպտի ուժը, եթե օֆերենտն անհապաղ դրա մասին բանավոր ծանուցում է օֆերտայի հասցեատիրոջը կամ նրան համապատասխան ծանուցում է ուղարկում:

2. Երբ ուշացած ակցեպտ պարունակող նամակից կամ այլ գրավոր հաղորդագրությունից ակնհայտ է, որ այն ուղարկվել է այնպիսի հանգամանքներում, որ եթե դրա փոխանցումը նորմալ լիներ, այն կստացվեր ժամանակին, ուշացած ակցեպտը պահպանում է ակցեպտի ուժը, եթե միայն օֆերենտը անհապաղ բանավոր չտեղեկացնի օֆերտայի հասցեատիրոջը, որ ինքը իր օֆերտան համարում է ուժը կորցրած կամ նրան դրա մասին ծանուցում չուղարկի:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Ակցեպտը կարող է չեղյալ համարվել, եթե չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը օֆերենտն ստացել է մինչև այն պահը կամ այն պահին, երբ ակցեպտը պետք է ուժի մեջ մտներ:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Պայմանագիրը համարվում է կնքված այն պահին, երբ օֆերտայի ակցեպտն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Սույն Կոնվենցիայի 2-րդ Մասի նպատակների համար օֆերտան, ակցեպտի մասին հայտարարությունը կամ մտադրության ցանկացած այլ արտահայտությունը համարվում են հասցեատիրոջ կողմից «ստացված», երբ դրանք հաղորդված են նրան բանավոր կամ որևէ այլ կերպ հասցված են նրան անձամբ, նրա առևտրային կազմակերպություն կամ նրա փոստային հասցեով կամ, եթե նա չունի առևտրային կազմակերպություն կամ փոստային հասցե` նրա մշտական բնակության վայր:

 

ՄԱՍ 3 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

 

ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Կողմերից մեկի կողմից թույլ տրված պայմանագրի խախտումը համարվում է էական, եթե այն առաջացնում է այնպիսի վնաս մյուս կողմի համար, որ վերջինս զգալիորեն զրկվում է այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագրի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը խախտած կողմը չէր կանխատեսում այդպիսի արդյունք և համանման հանգամանքներում նույն որակով գործող ողջամիտ անձը չէր կարող դա կանխատեսել:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Պայմանագիրը լուծելու մասին հայտարարությունն ուժ ունի միայն այն դեպքում, եթե այն մյուս կողմին արված է ծանուցագրի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն Կոնվենցիայի 3-րդ Մասով, այն դեպքերում, երբ կողմը ծանուցումը, հարցումը կամ այլ հաղորդումը տվել կամ արել է 3-րդ Մասին համապատասխան և տվյալ հանգամանքներում պատշաճ համարվող միջոցներով, հաղորդման փոխանցման ուշացումը կամ սխալը կամ դրա ըստ նշանակության չհանձնումը չեն զրկում տվյալ կողմին իր հաղորդումը վկայակոչելու իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Եթե սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կողմերից մեկն իրավունք ունի պահանջել մյուս կողմի կողմից որևէ պարտավորության կատարում, դատարանը պարտավոր չի լինի կայացնել որոշում այն բնեղենով կատարելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը դա կաներ իր սեփական օրենքի հիման վրա` սույն Կոնվենցիայով չկարգավորվող համանման առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ դադարեցվել կողմերի միջև հասարակ համաձայնությամբ:

2. Գրավոր պայմանագիրը, որում պարունակվում է դրույթ, որը պահանջում է, որպեսզի կողմերի համաձայնությամբ պայմանագրի ցանկացած փոփոխությունը կամ դադարեցումը իրականացվի գրավոր, չի կարող կողմերի համաձայնությամբ փոփոխվել կամ լուծվել այլ ձևով: Սակայն կողմի վարքագիծը կարող է բացառել նրա համար տվյալ դրույթը վկայակոչելու հնարավորությունը այնքանով, որքանով մյուս կողմը հիմնվել է այդ վարքագծի վրա:

 

ԳԼՈՒԽ 2 ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Վաճառողը պարտավոր է մատակարարել ապրանքը, փոխանցել դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը և փոխանցել ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը` պայմանագրի և սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 1 ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 31

 

Եթե վաճառողը պարտավոր չէ ապրանքը մատակարարել որևէ այլ որոշակի վայրում, նրա մատակարարման պարտավորությունը կայանում է.

ա) եթե առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է ապրանքի փոխադրում` ապրանքը գնորդին փոխանցելու համար այն առաջին փոխադրողին հանձնելու մեջ,

բ) եթե նախորդ ենթակետի գործողության տակ չընկնող դեպքերում պայմանագիրը վերաբերում է անհատապես որոշվող ապրանքին կամ չանհատականացված ապրանքին, որը պետք է վերցվի որոշակի պաշարներից կամ պատրաստվի կամ արտադրվի, և պայմանագիրը կնքելու պահին կողմերը գիտեին այն մասին, որ ապրանքը գտնվում է կամ պետք է պատրաստվի կամ էլ արտադրվի որոշակի վայրում` ապրանքը գնորդի տրամադրությանը այդ վայրում հանձնելու մեջ,

գ) այլ դեպքերում` ապրանքը գնորդի տրամադրությանը այն վայրում հանձնելու մեջ, որտեղ պայմանագրի կնքման պահին գտնվում էր վաճառողի առևտրային կազմակերպությունը:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

1. Եթե վաճառողը, պայմանագրին կամ սույն Կոնվենցիային համապատասխան, ապրանքը հանձնում է փոխադրողին և եթե ապրանքը պիտակավորման, բեռնամատակարարման փաստաթղթերի կամ այլ ձևով հստակ նույնացված չէ պայմանագրի նպատակների համար, վաճառողը պետք է փոխադրման ծանուցում տա գնորդին` նշելով ապրանքը:

2. Եթե վաճառողը պարտավոր է ապահովել ապրանքի փոխադրումը, նա պետք է կնքի այնպիսի պայմանագրեր, որոնք անհրաժեշտ են տվյալ հանգամանքներում պատշաճ փոխադրման միջոցներով և այդպիսի փոխադրման համար սովորական պայմաններով ապրանքը նշանակման վայր տեղափոխելու համար:

3. Եթե վաճառողը պարտավոր չէ ապահովագրել ապրանքը դրա փոխադրման ժամանակ, նա պարտավոր է գնորդի խնդրանքով նրան տրամադրել առկա ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է գնորդի կողմից այդպիսի ապահովագրումն իրականացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

Վաճառողը պարտավոր է մատակարարել ապրանքը.

ա) եթե պայմանագիրը սահմանում է կամ հնարավորություն է տալիս որոշել մատակարարման ամսաթիվը` այդ ամսաթվին,

բ) եթե պայմանագիրը սահմանում է կամ հնարավորություն է տալիս որոշել մատակարարման ժամանակահատվածը` այդ ժամանակահատվածի ընթացքում ցանկացած պահին, այնքանով, որքանով հանգամանքներից չի հետևում, որ մատակարարման ամսաթիվը որոշվում է գնորդի կողմից, կամ

գ) ցանկացած այլ դեպքում` պայմանագրի կնքումից հետո ողջամիտ ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

Եթե վաճառողը պարտավոր է փոխանցել ապրանքին վերաբերող փաստաթղթերը, նա պետք է դա կատարի պայմանագրով պահանջվող ժամկետում, վայրում և ձևով: Եթե վաճառողը փաստաթղթերը փոխանցել է նշված ժամկետից շուտ, նա կարող է մինչև այդ ժամկետի ավարտը վերացնել փաստաթղթերում ցանկացած անհամապատասխանություն, պայմանով, որ նրա կողմից այդ իրավունքի իրականացումը գնորդին ոչ ողջամիտ անհանգստություն չի պատճառում կամ նրա համար ոչ ողջամիտ ծախսեր չի առաջացնում: Գնորդը, սակայն, պահպանում է սույն Կոնվենցիային համապատասխան վնասների փոխհատուցում պահանջելու իր իրավունքը:

 

ԲԱԺԻՆ 2
ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 35

 

1. Վաճառողը պետք է մատակարարի այնպիսի ապրանք, որը քանակով, որակով և նկարագրությամբ համապատասխանում է պայմանագրի պահանջներին և որը տարայավորված կամ փաթեթավորված է այնպես, ինչպես պահանջվում է պայմանագրով:

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը այլ կերպ են պայմանավորվել, ապրանքը չի համապատասխանում պայմանագրին, եթե այն`

ա) պիտանի չէ այն նպատակների համար, որոնց համար նույն նկարագրությամբ ապրանքը սովորաբար օգտագործվում է,

բ) պիտանի չէ ցանկացած կոնկրետ նպատակի համար, որի մասին գնորդը ուղղակի կամ անուղղակի կերպով տեղեկացվել է պայմանագիրը կնքելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքներից հետևում է, որ գնորդը չի վստահել կամ նրա համար ողջամիտ չէր լինի վստահել վաճառողի կոմպետենտությանը և դատողությանը,

գ) չունի վաճառողի կողմից գնորդին որպես նմուշ կամ մոդել ներկայացված ապրանքի որակը,

դ) տարայավորված կամ փաթեթավորված չէ այդպիսի ապրանքների համար սովորական ձևով, իսկ դրա բացակայության դեպքում` տվյալ ապրանքի պահպանման ու պաշտպանության համար պատշաճ ձևով:

3. Վաճառողը պատասխանատվություն չի կրում նախորդ կետի ա-դ ենթակետերի հիման վրա ապրանքի ցանկացած անհամապատասխանության համար, եթե պայմանագիրը կնքելու պահին գնորդը գիտեր կամ չէր կարող չիմանալ այդպիսի անհամապատասխանության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

1. Վաճառողը պայմանագրով և սույն Կոնվենցիայով պատասխանատվություն է կրում ապրանքի ցանկացած անհամապատասխանության համար, որը գոյություն ունի գնորդին ռիսկի անցման պահին, եթե նույնիսկ այդ անհամապատասխանությունը ակնհայտ է դառնում միայն դրանից հետո:

2. Վաճառողը նաև պատասխանատվություն է կրում ապրանքի ցանկացած անհամապատասխանության համար, որը ծագում է նախորդ կետում նշված պահից հետո և հանդիսանում է նրա կողմից իր ցանկացած պարտավորության խախտման հետևանք` ներառյալ այն բանի ցանկացած երաշխիքի խախտումը, որ այս կամ այն ժամկետում ապրանքը կմնա պիտանի դրա սովորական նպատակների համար կամ որևէ կոնկրետ նպատակի համար կամ կպահպանի պայմանավորված որակները կամ հատկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

Ապրանքի վաղակետ մատակարարման դեպքում վաճառողը պահպանում է մինչև մատակարարման համար նախատեսված ամսաթիվը ապրանքի պակասող մասը կամ քանակը կամ պայմանագրին չհամապատասխանող մատակարարված ապրանքի փոխարեն նոր ապրանք մատակարարելու կամ մատակարարված ապրանքի անհամապատասխանությունը վերացնելու իրավունքը` պայմանով, որ նրա կողմից այդ իրավունքի իրականացումը գնորդին չի պատճառի ոչ ողջամիտ անհարմարություններ և ոչ ողջամիտ ծախսեր: Գնորդը, սակայն, պահպանում է սույն Կոնվենցիային համապատասխան վնասների հատուցում պահանջելու իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

1. Գնորդը պետք է զննի ապրանքը կամ ապահովի դրա զննումը այնպիսի կարճ ժամկետում, որը գործնականորեն հնարավոր է տվյալ հանգամանքներում:

2. Եթե պայմանագրով նախատեսվում է ապրանքի փոխադրում, զննումը կարող է հետաձգվել մինչև ապրանքի նշանակման վայր հասնելը:

3. Եթե ապրանքի նշանակման վայրը փոփոխվել է փոխադրման ժամանակ կամ ապրանքը վերամատակարարվել է գնորդի կողմից և գնորդը այն զննելու ողջամիտ հնարավորություն չի ունեցել, իսկ վաճառողը պայմանագիրը կնքելիս գիտեր կամ պետք է իմանար նման փոփոխության կամ վերամատակարարման հնարավորության մասին, ապրանքի զննումը կարող է հետաձգվել մինչև դրա` նշանակման նոր վայր հասնելը:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

1. Գնորդը կորցնում է ապրանքի անհամապատասխանությանը հղում անելու իր իրավունքը, եթե նա այն պահից հետո, երբ դրանք հայտնաբերվել էին կամ պետք է հայտնաբերվեին գնորդի կողմից, ողջամիտ ժամկետում վաճառողին անհամապատասխանության բնույթի մասին տվյալներ բովանդակող ծանուցում չի տալիս:

2. Ցանկացած դեպքում գնորդը կորցնում է ապրանքի անհամապատասխանության վրա հղում անելու իր իրավունքը, եթե նա դրա մասին չի ծանուցում վաճառողին երկու տարվա ընթացքում` սկսած ապրանքը գնորդին փաստացի հանձնելու ամսաթվից, եթե այդ ժամկետը չի հակասում երաշխավորության պայմանագրային ժամկետին:

 

ՀՈԴՎԱԾ 40

 

Վաճառողն իրավունք չունի հիմնվելու 38-րդ և 39-րդ հոդվածների դրույթների վրա, եթե ապրանքի անհամապատասխանությունը կապված է այնպիսի փաստերի հետ, որոնց մասին նա գիտեր կամ չէր կարող չիմանալ և, որոնց մասին նա չէր հայտնել գնորդին:

 

ՀՈԴՎԱԾ 41

 

Վաճառողը պարտավոր է մատակարարել երրորդ անձանց ցանկացած իրավունքից կամ պահանջից ազատ ապրանք, բացառությամբ այն դեպքերի, երբ գնորդը համաձայնել է ընդունել այդպիսի իրավունքով կամ պահանջով կապված ապրանքը: Սակայն, եթե այդպիսի իրավունքները կամ պահանջները հիմնված են արդյունաբերական սեփականության կամ այլ մտավոր սեփականության վրա, ապա վաճառողի պարտավորությունը կարգավորվում է 42-րդ հոդվածով:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

Վաճառողը պարտավոր է մատակարարել արդյունաբերական սեփականության կամ այլ մտավոր սեփականության վրա հիմնված` երրորդ անձանց ցանկացած իրավունքից կամ պահանջից ազատ ապրանք, որոնց մասին պայմանագիրը կնքելու պահին վաճառողը գիտեր կամ չէր կարող չիմանալ` պայմանով, որ այդպիսի իրավունքները կամ պահանջները հիմնված են արդյունաբերական սեփականության կամ այլ մտավոր սեփականության վրա.

ա) այն պետության օրենքով, որտեղ ապրանքը պետք է վերավաճառվի կամ այլ կերպ օգտագործվի, եթե պայմանագիրը կնքելու պահին կողմերը ենթադրում էին, որ ապրանքը կվերավաճառվի կամ այլ կերպ կօգտագործվի այդ պետությունում, կամ

բ) ցանկացած այլ դեպքում` այն պետության օրենքով, որտեղ գտնվում է գնորդի առևտրային կազմակերպությունը:

2. Նախորդ կետում նախատեսված վաճառողի պարտավորությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ`

ա) պայմանագիրը կնքելու պահին գնորդը գիտեր կամ չէր կարող չիմանալ այդպիսի իրավունքների և պահանջների մասին, կամ

բ) այդպիսի իրավունքները կամ պահանջները վաճառողի կողմից գնորդի ներկայացրած տեխնիկական գծագրերը, նախագծերը, բանաձևերը կամ այլ ելակետային տվյալները պահպանելու հետևանք են:

 

ՀՈԴՎԱԾ 43

 

1. Գնորդը կորցնում է 41-րդ կամ 42-րդ հոդվածների դրույթների վրա հղում անելու իրավունքը, եթե նա վաճառողին երրորդ անձի իրավունքների կամ պահանջների բնույթի մասին տեղեկություններ պարունակող ծանուցում չի տալիս այն բանից հետո ողջամիտ ժամկետում, երբ նա իմացել է կամ պետք է իմանար այդպիսի իրավունքի կամ պահանջի մասին:

2. Վաճառողը իրավունք չունի հղում անելու նախորդ կետի դրույթների վրա, եթե նա գիտեր երրորդ անձի իրավունքի կամ պահանջի մասին և այդպիսի իրավունքի կամ պահանջի բնույթի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 44

 

Չնայած 39-րդ հոդվածի 1-ին կետի և 43-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին, գնորդը կարող է 50-րդ հոդվածին համապատասխան նվազեցնել ապրանքի գինը կամ պահանջել վնասների հատուցում, բացառությամբ բաց թողնված օգուտի, եթե նա ունի ողջամիտ արդարացում, թե ինչու չի տվել պահանջվող ծանուցումը:

 

ԲԱԺԻՆ 3
ՎԱՃԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 45

 

1. Եթե վաճառողը չի կատարում պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր պարտավորություններից որևէ մեկը, գնորդը կարող է`

ա) իրականացնել 46-52-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները,

բ) պահանջել վնասների հատուցում` ինչպես դա նախատեսված է 74-77-րդ հոդվածներով:

2. Գնորդի կողմից իրավական պաշտպանության այլ միջոցների իր իրավունքի իրականացումը չի զրկում նրան վնասների հատուցում պահանջելու իրավունքից:

3. Դատարանի կամ արբիտրաժի կողմից վաճառողին ոչ մի հետաձգում չի կարող տրամադրվել, եթե գնորդը դիմում է պայմանագրի խախտումից իրավական պաշտպանության որևէ միջոցի:

 

ՀՈԴՎԱԾ 46

 

1. Գնորդը կարող է պահանջել վաճառողի կողմից իր պարտավորությունների կատարում, եթե միայն գնորդը չի դիմել այդպիսի պահանջի հետ անհամատեղելի իրավական պաշտպանության որևէ միջոցի:

2. Եթե ապրանքը չի համապատասխանում պայմանագրին, գնորդը կարող է պահանջել փոխարինել ապրանքը միայն այն դեպքում, երբ այդ անհամապատասխանությունը հանդիսանում է պայմանագրի էական խախտում և ապրանքի փոխարինման մասին պահանջը հայտարարված է կամ 39-րդ հոդվածին համապատասխան տրված ծանուցման հետ միաժամանակ կամ դրանից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Եթե ապրանքը չի համապատասխանում պայմանագրին, գնորդը կարող է պահանջել վաճառողից վերացնել այդ անհամապատասխանությունը ուղղելու միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվի առնելով բոլոր հանգամանքները` դա ողջամիտ չէ: Ապրանքի անհամապատասխանությունը վերացնելու պահանջը պետք է հայտարարվի կամ 39-րդ հոդվածին համապատասխան արված ծանուցման հետ միաժամանակ կամ դրանից հետո` ողջամիտ ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 47

 

1. Գնորդը կարող է սահմանել ողջամիտ տևողության լրացուցիչ ժամկետ` վաճառողի կողմից իր պարտավորությունները կատարելու համար:

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ գնորդը ծանուցում է ստացել վաճառողից այն մասին, որ նա չի իրականացնի իր պարտավորությունների կատարումը այդ ձևով սահմանված ժամկետում, գնորդը չի կարող այդ ընթացքում դիմել պայմանագիրը խախտելուց իրավական պաշտպանության որևէ միջոցի: Գնորդը, սակայն, այդպիսով, չի զրկվում պարտավորության կատարման ժամկետները խախտելու հետևանքով իրեն պատճառված վնասների հատուցում պահանջելու իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 48

 

1. 49-րդ հոդվածի պահպանման պայմանով` վաճառողը կարող է, նույնիսկ մատակարարման համար սահմանված ամսաթվից հետո, իր հաշվին վերացնել ցանկացած թերություն իր պարտավորությունների կատարման մեջ, եթե նա կարող է դա կատարել առանց ոչ ողջամիտ ուշացումների և գնորդի համար չստեղծելով ոչ ողջամիտ անհարմարություններ և անորոշություն` կապված վաճառողի կողմից գնորդի կրած ծախսերի փոխհատուցման հետ: Գնորդը, սակայն, պահպանում է սույն Կոնվենցիային համապատասխան վնասների հատուցում պահանջելու իրավունքը:

2. Եթե վաճառողը խնդրում է գնորդին տեղեկացնել, թե նա կընդունի՞ արդյոք պարտավորության կատարումը, և գնորդը չի կատարում այդ խնդրանքը ողջամիտ ժամկետի ընթացքում, վաճառողը կարող է իրականացնել կատարումը իր հարցումում նշված ժամկետում: Գնորդը չի կարող այդ ժամկետի ընթացքում դիմել վաճառողի պարտականությունների կատարման հետ անհամատեղելի իրավական պաշտպանության որևէ միջոցի:

3. Եթե Վաճառողը ծանուցում է գնորդին այն մասին, որ նա կիրականացնի կատարումը որոշակի ժամկետում, համարվում է, որ նման ծանուցումը ներառում է նաև գնորդին ուղղված խնդրանք` նախորդ կետին համապատասխան իր որոշման մասին հայտնելու վերաբերյալ:

4. Վաճառողի հարցումը կամ ծանուցումը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան ուժ չունեն, եթե դրանք գնորդի կողմից չեն ստացվել:

 

ՀՈԴՎԱԾ 49

 

1. Գնորդը կարող է հայտարարել պայմանագիրը լուծելու մասին.

ա) եթե վաճառողի կողմից պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր ցանկացած պարտավորության չկատարումը հանդիսանում է պայմանագրի էական խախտում, կամ

բ) չմատակարարելու դեպքում, եթե վաճառողը չի մատակարարում ապրանքը գնորդի կողմից 47-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված լրացուցիչ ժամկետում կամ հայտարարում է, որ նա չի իրականացնի մատակարարում այդ ձևով սահմանված ժամկետում:

2. Սակայն, այն դեպքում, երբ վաճառողը մատակարարել է ապրանքը, գնորդը կորցնում է պայմանագրի լուծման մասին հայտարարելու իր իրավունքը, եթե նա այդ չանի`

ա) մատակարարումը կետանցելու նկատմամբ` ողջամիտ ժամկետի ընթացքում, այն բանից հետո, երբ նա իմացել է, որ մատակարարումն իրականացվել է,

բ) մատակարարումը կետանցելուց բացի` պայմանագրի ցանկացած այլ խախտման նկատմամբ` ողջամիտ ժամկետի ընթացքում.

i. այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար այդպիսի խախտման մասին,

ii) գնորդի կողմից 47-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված լրացուցիչ ժամկետը լրանալուց հետո, կամ այն բանից հետո, երբ վաճառողը հայտարարել է, որ նա չի կատարի իր պարտավորությունները այդ լրացուցիչ ժամկետի ընթացքում, կամ

iii) վաճառողի կողմից 48-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված ցանկացած լրացուցիչ ժամկետը լրանալուց հետո, կամ այն բանից հետո, երբ գնորդը հայտարարել է, որ նա չի ընդունի կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 50

 

Եթե ապրանքը չի համապատասխանում պայմանագրին, և անկախ այն բանից, որ գինն արդեն վճարվել է, գնորդը կարող է նվազեցնել գինը այն նույն համամասնությամբ, ինչքանով, որ փաստացի մատակարարված ապրանքի արժեքը մատակարարման պահին հարաբերվում է այն արժեքի հետ, որն այդ նույն պահին կունենար պայմանագրին համապատասխանող ապրանքը: Սակայն, եթե վաճառողը, 37-րդ կամ 48-րդ հոդվածներին համապատասխան վերացնում է իր պարտականությունների կատարման թերությունները կամ, եթե այդ հոդվածներին համապատասխան գնորդը հրաժարվում է ընդունել վաճառողի կատարումը, գնորդը չի կարող նվազեցնել գինը:

 

ՀՈԴՎԱԾ 51

 

1. Եթե վաճառողը մատակարարում է միայն ապրանքի մի մասը, կամ եթե մատակարարված ապրանքի միայն մի մասն է համապատասխանում պայմանագրին, 46-50-րդ հոդվածների դրույթները կիրառվում են պակասող մասի կամ պայմանագրին չհամապատասխանող մասի նկատմամբ:

2. Գնորդը կարող է հայտարարել պայմանագիրն ամբողջությամբ լուծելու մասին միայն այն դեպքում, եթե պայմանագրի մասնակի չկատարումը կամ ապրանքի մասնակի անհամապատասխանությունը պայմանագրին հանդիսանում են պայմանագրի էական խախտում:

 

ՀՈԴՎԱԾ 52

 

1. Եթե վաճառողը մատակարարում է ապրանքը մինչև սահմանված ժամկետը, գնորդը կարող է ընդունել ապրանքը կամ հրաժարվել դրա ընդունումից:

2. Եթե վաճառողը մատակարարում է ավելի քանակությամբ ապրանք, քան նախատեսված է պայմանագրով, գնորդը կարող է ընդունել ապրանքը կամ հրաժարվել ավելի քանակության ապրանքի ընդունումից: Եթե գնորդն ընդունում է մատակարարման ավելի քանակությունն ամբողջությամբ կամ դրա մի մասը, նա պետք է վճարի դրա համար պայմանագրային դրույքով:

 

ԳԼՈՒԽ 3
ԳՆՈՐԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 53

 

Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի գինը և ընդունել ապրանքը` պայմանագրի և սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 1 ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 54

 

Գինը վճարելու գնորդի պարտավորությունը ներառում է այնպիսի միջոցների ձեռնարկումը և այնպիսի ձևականությունների պահպանումը, որոնք կարող են պահանջվել, պայմանագրի համաձայն կամ օրենքների և ցուցումների համաձայն, վճարման իրականացումը հնարավոր դարձնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 55

 

Այն դեպքերում, երբ պայմանագիրն իրավաբանորեն վավերական ձևով է կնքվել, բայց դրանում ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի սահմանվում գինը, կամ չի նախատեսվում դրա որոշման կարգը, համարվում է, որ կողմերը, այլ բանի մասին որևէ ցուցումի բացակայության դեպքում, ենթադրել են այն գնի վրա հղումը, որը պայմանագրի կնքման պահին սովորաբար գանձվել է այդպիսի ապրանքների համար, որոնք համանման հանգամանքներում վաճառվում էին առևտրի համապատասխան ոլորտում:

 

ՀՈԴՎԱԾ 56

 

Եթե գինը սահմանվում է ելնելով ապրանքի քաշից, ապա կասկածի դեպքում այն որոշվում է մաքուր քաշով (նետտո):

 

ՀՈԴՎԱԾ 57

 

1. Եթե գնորդը պարտավոր չէ վճարել գինը որևէ որոշակի վայրում, նա պետք է այն վճարի վաճառողին.

ա) վաճառողի առևտրային կազմակերպության գտնվելու վայրում, կամ

բ) եթե վճարումը պետք է կատարվի ապրանքի կամ փաստաթղթերի փոխանցման դիմաց` դրանց փոխանցման վայրում:

2. Վճարումն իրականացնելու հետ կապված ծախսերի ավելացումը, որն առաջացել է պայմանագիրը կնքելուց հետո վաճառողի առևտրային կազմակերպության վայրի փոփոխության հետևանքով, վերագրվում է վաճառողի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 58

 

1. Եթե գնորդը պարտավոր չէ վճարել գինը որևէ այլ որոշակի ժամկետում, նա պետք է վճարի այն, երբ վաճառողը պայմանագրին և սույն Կոնվենցիային համապատասխան գնորդի տրամադրությանն է հանձնում ապրանքը կամ ապրանքի տնօրինման փաստաթղթերը: Վաճառողը կարող է ապրանքի կամ փաստաթղթերի փոխանցումը պայմանավորել այդպիսի վճարման կատարմամբ:

2. Եթե պայմանագիրը նախատեսում է ապրանքի փոխադրում, վաճառողը կարող է մատակարարել դա այն պայմաններով, որոնց ուժով ապրանքը կամ ապրանքի տնօրինման փաստաթղթերը գնորդին չեն հանձնվի այլ կերպ, քան գնի վճարման դիմաց:

3. Գնորդը պարտավոր չէ վճարել գինը, մինչև որ չի առաջացել ապրանքը զննելու հնարավորություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև համաձայնեցված մատակարարման կամ վճարման կարգը համատեղելի չէ այդպիսի հնարավորության առաջացմանը սպասելու հետ:

 

ՀՈԴՎԱԾ 59

 

Գնորդը պարտավոր է գինը վճարել այն օրը, որը սահմանված է կամ կարող է որոշվել պայմանագրի և սույն Կոնվենցիայի համաձայն, առանց վաճառողի կողմից որևէ հարցումի կամ որևէ ձևականությունների կատարման անհրաժեշտության:

 

ԲԱԺԻՆ 2 ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 60

 

Մատակարարումն ընդունելու գնորդի պարտավորությունը կայանում է.

ա) նրա կողմից այն բոլոր գործողությունների կատարման մեջ, որոնք կարելի էր ողջամտորեն ակնկալել նրա կողմից այն բանի համար, որպեսզի վաճառողին թույլատրվի իրականացնել մատակարարումը, և

բ) ապրանքի ընդունման մեջ:

 

ԲԱԺԻՆ 3
ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 61

 

1. Եթե գնորդը չի կատարում պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր պարտավորություններից որևէ մեկը, վաճառողը կարող է`

ա) իրականացնել 62-65-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները,

բ) պահանջել վնասների հատուցումը, ինչպես դա նախատեսված է 74-77-րդ հոդվածներով:

2. Վաճառողի կողմից իրավական պաշտպանության այլ միջոցների իր իրավունքի իրականացումը չի զրկում նրան վնասների հատուցումը պահանջելու իրավունքից:

3. Դատարանի կամ արբիտրաժի կողմից գնորդին որևէ հետաձգում չի կարող տրամադրվել, եթե վաճառողը դիմում է պայմանագրի խախտումից իրավական պաշտպանության որևէ միջոցի:

 

ՀՈԴՎԱԾ 62

 

Վաճառողը կարող է գնորդից պահանջել գնի վճարում, մատակարարման ընդունում կամ նրա կողմից այլ պարտավորությունների կատարում, եթե միայն վաճառողը չի դիմել այդպիսի պահանջի հետ անհամատեղելի իրավական պաշտպանության միջոցի:

 

ՀՈԴՎԱԾ 63

 

1. Վաճառողը կարող է գնորդի կողմից իր պարտավորությունները կատարելու համար սահմանել ողջամիտ տևողության լրացուցիչ ժամկետ:

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը ստացել է գնորդից ծանուցում այն մասին, որ նա չի իրականացնի կատարումը այդպիսի ձևով սահմանված ժամկետի ընթացքում, վաճառողը չի կարող այդ ժամկետում դիմել պայմանագրի խախտման հետ կապված իրավական պաշտպանության որևէ միջոցի: Վաճառողը, սակայն, դրանով չի զրկվում կատարման կետանցի համար վնասների հատուցումը պահանջելու իր իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 64

 

1. Վաճառողը կարող է հայտարարել պայմանագիրը լուծելու մասին`

ա) եթե գնորդի կողմից պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր պարտավորություններից որևէ մեկի չկատարումը հանդիսանում է պայմանագրի էական խախտում,

բ) եթե գնորդը 63-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան վաճառողի կողմից սահմանված լրացուցիչ ժամկետի ընթացքում չի կատարում գինը վճարելու կամ ապրանքն ընդունելու իր պարտավորությունները, կամ հայտարարում է, որ նա դա չի անի այդ ձևով սահմանված ժամկետի ընթացքում:

2. Սակայն այն դեպքերում, երբ գնորդը վճարել է գինը, վաճառողը կորցնում է պայմանագիրը լուծելու մասին հայտարարելու իրավունքը, եթե նա չանի դա`

ա) գնորդի կողմից կատարման կետանցի նկատմամբ` մինչև այն պահը, երբ վաճառողն իմացել է տեղի ունեցած կատարման մասին, կամ

բ) կատարման կետանցից բացի, պայմանագրի ցանկացած այլ խախտման նկատմամբ` ողջամիտ ժամկետում`

i) այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար այդպիսի խախտման մասին, կամ

ii) վաճառողի կողմից 63-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված լրացուցիչ ժամկետն անցնելուց հետո, կամ այն բանից հետո, երբ գնորդը հայտարարել է, որ չի կատարի իր պարտավորությունները այդպիսի լրացուցիչ ժամկետի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 65

 

1. Եթե պայմանագրի հիման վրա գնորդը պետք է որոշի ապրանքի ձևը, չափսերը կամ ապրանքը բնութագրող այլ տվյալները և եթե նա չկազմի այդպիսի բնորոշող փաստաթուղթ համաձայնեցված ժամկետում կամ վաճառողի կողմից հարցում ստանալուց հետո ողջամիտ ժամկետում, վերջինս կարող է առանց վնաս հասցնելու ցանկացած այլ իրավունքներին, որոնք նա կարող է ունենալ, ինքը կազմի այդ փաստաթուղթը գնորդի այն պահանջներին համապատասխան, որոնք կարող են հայտնի լինել վաճառողին:

2. Եթե վաճառողն ինքն է կազմում փաստաթուղթը, նա պետք է մանրամասն տեղեկացնի գնորդին դրա բովանդակության մասին և սահմանի ողջամիտ ժամկետ, որի ընթացքում գնորդը կարող է կազմել այլ փաստաթուղթ: Եթե վաճառողից հաղորդում ստանալուց հետո գնորդը այդպիսով սահմանված ժամկետում չկատարի դա, վաճառողի կողմից կազմված փաստաթուղթը կլինի պարտադիր:

 

ԳԼՈՒԽ 4 ՌԻՍԿԻ ԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 66

 

Ապրանքի կորուստը կամ վնասվածքը այն բանից հետո, երբ ռիսկն անցել է գնորդին, չի ազատում նրան գինը վճարելու պարտավորությունից, եթե միայն կորուստը կամ վնասվածքը չեն առաջացել վաճառողի գործողությունների կամ բացթողումների հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 67

 

1. Եթե առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է ապրանքի փոխադրում և վաճառողը պարտավոր չէ այն հանձնել որևէ որոշակի վայրում, ռիսկն անցնում է գնորդին, երբ առուվաճառքի պայմանագրին համապատասխան ապրանքը գնորդին փոխանցելու նպատակով հանձնվում է առաջին փոխադրողին: Եթե վաճառողը պարտավոր է ապրանքը հանձնել փոխադրողին որևէ որոշակի վայրում, ռիսկը չի անցնում գնորդին, քանի դեռ ապրանքը հանձնված չէ փոխադրողին այդ վայրում: Այն հանգամանքը, որ վաճառողը լիազորված է պահել ապրանքի տնօրինման փաստաթղթերը, չի ազդում ռիսկի անցման վրա:

2. Այնուամենայնիվ, ռիսկը գնորդին չի անցնում, քանի դեռ ապրանքը տվյալ պայմանագրի նպատակների համար հստակ նույնացված չէ պիտակավորման միջոցով, բեռնամատակարարման փաստաթղթերով, գնորդին ուղղված ծանուցագրով կամ այլ միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 68

 

Ճանապարհին գտնվելու ժամանակ վաճառված ապրանքի նկատմամբ ռիսկը անցնում է գնորդին պայմանագրի կնքման պահից: Սակայն որոշակի հանգամանքներում գնորդն իր վրա է վերցնում ռիսկը ապրանքը այն փոխադրողին հանձնելու պահից, որը տվել է փոխադրման պայմանագիրը հավաստող փաստաթղթերը: Այնուամենայնիվ, եթե առուվաճառքի պայմանագրի կնքման պահին վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ ապրանքը կորսվել կամ վնասվել է և նա դրա մասին չի հայտնել գնորդին այդ կորուստը կամ վնասվածքը մնում են վաճառողի ռիսկին:

 

ՀՈԴՎԱԾ 69

 

1. 67-րդ և 68-րդ հոդվածների գործողության տակ չընկնող դեպքերում ռիսկն անցնում է գնորդին, երբ ապրանքն ընդունվում է նրա կողմից կամ, եթե նա չի կատարում դա սահմանված ժամկետում, այն պահից, երբ ապրանքը հանձնվում է նրա տրամադրությանը և նա ապրանքը չընդունելով թույլ է տալիս պայմանագրի խախտում:

2. Եթե, սակայն, գնորդը պարտավոր է ընդունել ապրանքը ոչ այն վայրում, որտեղ գտնվում է վաճառողի առևտրային կազմակերպությունը, այլ որևէ այլ վայրում, ռիսկն անցնում է, երբ վրա է հասել մատակարարման ժամկետը և գնորդը տեղեկացված է, որ ապրանքը հանձնվել է նրա տրամադրությանը այդ վայրում:

3. Եթե պայմանագիրը վերաբերում է դեռևս չնույնացված ապրանքին, համարվում է, որ ապրանքը չի հանձնվել գնորդի տրամադրությանը, քանի դեռ այն հստակ չի նույնացվել տվյալ պայմանագրի նպատակների համար:

 

ՀՈԴՎԱԾ 70

 

Եթե վաճառողը թույլ է տվել պայմանագրի էական խախտում, 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների դրույթները չեն ազդում այդպիսի խախտման հետ կապված գնորդի իրավական պաշտպանության միջոցների վրա:

 

ԳԼՈՒԽ 5
ՎԱՃԱՌՈՂԻ ԵՎ ԳՆՈՐԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 1
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱՔԱՆԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 71

 

1. Կողմը կարող է դադարեցնել իր պարտավորությունների կատարումը, եթե պայմանագիրը կնքելուց հետո ակնհայտ է դառնում, որ մյուս կողմը չի կատարելու իր պարտավորությունների զգալի մասը`

ա) կատարումն իրականացնելու նրա ունակության կամ վարկունակության լուրջ անբավարարության արդյունքում, կամ

բ) պայմանագրի իրականացման կամ կատարման նախապատրաստման նրա վարքագծի արդյունքում:

2. Եթե վաճառողն արդեն ուղարկել է ապրանքը մինչ այն, երբ ի հայտ են եկել նախորդ կետում հիշատակված հիմքերը, նա կարող է խոչընդոտել ապրանքի հանձնմանը գնորդին, նույնիսկ եթե գնորդը տնօրինում է ապրանքն ստանալու իրավունք տվող փաստաթուղթը: Սույն կետը վերաբերում է միայն գնորդի և վաճառողի հարաբերություններում ապրանքի նկատմամբ իրավունքներին:

3. Կողմը, որը կասեցնում է կատարումը, անկախ այն բանից, դա արվում է մինչև ապրանքի ուղարկումը, թե դրանից հետո, պետք է անմիջապես դրա մասին ծանուցում տա մյուս կողմին և պետք է շարունակի կատարման իրականացումը, եթե մյուս կողմը տրամադրում է իր պարտավորությունների կատարման բավարար երաշխիքներ:

 

ՀՈԴՎԱԾ 72

 

1. Եթե մինչև պայմանագրի կատարման համար սահմանված ժամկետը ակնհայտ է դառնում, որ կողմերից մեկը կկատարի պայմանագրի էական խախտում, մյուս կողմը կարող է հայտարարել այն լուծելու մասին:

2. Եթե ժամանակը թույլ է տալիս, կողմը, որը մտադիր է հայտարարել պայմանագիրը լուծելու մասին, պետք է ողջամիտ ծանուցում ուղարկի մյուս կողմին, որպեսզի նրան հնարավորություն տա տրամադրել իր կողմից իր պարտավորությունների կատարման բավարար երաշխիքներ:

3. Նախորդ կետի պահանջները կիրառելի չեն, եթե մյուս կողմը հայտարարել է, որ նա չի կատարելու իր պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 73

 

1. Եթե այն դեպքում, երբ պայմանագիրը նախատեսում է ապրանքի մատակարարում առանձին մասնաքանակներով, կողմերից մեկի կողմից մասնաքանակներից ցանկացածի նկատմամբ իր պարտավորությունների չկատարումը հանդիսանում է պայմանագրի էական խախտում այդ մասնաքանակի նկատմամբ, մյուս կողմը կարող է հայտարարել այդ ապրանքի մասնաքանակի նկատմամբ պայմանագիրը լուծելու մասին:

2. Եթե կողմերից մեկի կողմից ցանկացած մասնաքանակի նկատմամբ իր պարտավորություններից որևէ մեկի չկատարումը մյուս կողմին արդարացված հիմքեր է տալիս ենթադրելու, որ տեղի է ունենալու պայմանագրի էական խախտում հետագա մասնաքանակների նկատմամբ, նա կարող է հայտարարել հետագայում պայմանագիրը լուծելու մասին` պայմանով, որ նա դա կանի ողջամիտ ժամկետում:

3. Գնորդը, որը հայտարարում է ապրանքի որևէ մասնաքանակի վերաբերյալ պայմանագիրը լուծելու մասին, կարող է միաժամանակ հայտարարել արդեն մատակարարված կամ մատակարարման ենթակա ապրանքների մասնաքանակների նկատմամբ պայմանագիրը լուծելու մասին, եթե դրանց փոխկապակցվածության պատճառով դրանք չեն կարող օգտագործվել կողմերի կողմից պայմանագրի կնքման պահին ենթադրվող նպատակով:

 

ԲԱԺԻՆ 2
ՎՆԱՍՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 74

 

Կողմերից մեկի կողմից պայմանագրի խախտման համար վնասները կազմում են պայմանագրի խախտման հետևանքով մյուս կողմի կրած վնասներին հավասար գումար` ներառյալ բաց թողնված օգուտը: Այդ վնասները չեն կարող գերազանցել այն վնասը, որը պայմանագիրը խախտող կողմը կանխատեսել էր կամ պետք է կանխատեսեր պայմանագիրը կնքելու պահին` որպես դրա հնարավոր խախտման հետևանք` հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին նա այն ժամանակ գիտեր կամ պետք է իմանար:

 

ՀՈԴՎԱԾ 75

 

Եթե պայմանագիրը լուծված և, եթե լուծելուց հետո ողջամիտ ձևով և ողջամիտ ժամկետում գնորդը դրա փոխարեն ապրանք է գնել կամ վաճառողը ապրանքը վերավաճառել է, այն կողմը, որը վնասների հատուցում է պահանջում, կարող է գանձել պայմանագրային գնի և դրա փոխարեն կատարված գործարքի գնի տարբերությունը, ինչպես նաև ցանկացած լրացուցիչ վնասները, որոնք կարող են գանձվել 74-րդ հոդվածի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 76

 

1. Եթե պայմանագիրը լուծվել և, եթե տվյալ ապրանքն ունի ընթացիկ գին, վնասի հատուցում պահանջող կողմը, կարող է, եթե նա չի կատարել գնում կամ վերավաճառում 75-րդ հոդվածի հիման վրա, պահանջել պայմանագրում նշված գնի և պայմանագիրը լուծելու պահին ընթացիկ գնի տարբերությունը, ինչպես նաև ցանկացած լրացուցիչ վնասների հատուցում, որոնք կարող են գանձվել 74-րդ հոդվածի հիման վրա: Սակայն, եթե վնասների հատուցում պահանջող կողմը պայմանագիրը լուծել է ապրանքն ընդունելուց հետո, պայմանագիրը լուծելու պահի ընթացիկ գնի փոխարեն կիրառվում է այդպիսի ընդունման պահի ընթացիկ գինը:

2. Նախորդ կետի նպատակներով ընթացիկ գին է համարվում այն գինը, որը գերակշռում է այն վայրում, որտեղ պետք է իրականացվեր մատակարարումը, կամ, եթե այդ վայրում գոյություն չունի ընթացիկ գին, այնպիսի մեկ այլ վայրի ընթացիկ գինը, որը ողջամիտ փոխարինող է հանդիսանում` հաշվի առնելով ապրանքի փոխադրման հետ կապված ծախսերի տարբերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 77

 

Պայմանագրի խախտումը վկայակոչող կողմը պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք ողջամիտ են տվյալ հանգամանքներում վնասները, ներառյալ` պայմանագրի խախտման հետևանքով բաց թողնված օգուտը նվազեցնելու համար: Եթե նա այդպիսի միջոցներ չի ձեռնարկում, ապա պայմանագիրը խախտած կողմը կարող է պահանջել հատուցվող վնասների կրճատում այն գումարով, որքանով դրանք կարող էին նվազեցնել:

 

ԲԱԺԻՆ 3
ՏՈԿՈՍՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 78

 

Եթե կողմը կետանց է թույլ տվել գնի կամ այլ գումարի վճարման մեջ, մյուս կողմը ունի կետանցած գումարից տոկոսների իրավունք` առանց վնասելու վնասների հատուցման համար ցանկացած այլ պահանջը, որոնք կարող են գանձվել 74-րդ հոդվածի հիման վրա:

 

ԲԱԺԻՆ 4
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 79

 

1. Կողմը պատասխանատվություն չի կրում իր պարտավորություններից յուրաքանչյուրի չկատարման համար, եթե ապացուցի, որ դա առաջացել է իր հսկողությունից դուրս խոչընդոտի պատճառով և որ նրանից չէր կարելի ողջամտորեն ակնկալել հաշվի առնել այդ խոչընդոտը պայմանագիրը կնքելիս կամ այդ խոչընդոտից խուսափելը կամ այն կամ դրա հետևանքները հաղթահարելը:

2. Եթե կողմի կողմից իր պարտավորության չկատարելը պայմանավորված է ամբողջ պայմանագրի կամ դրա մի մասին կատարման համար նրա կողմից ներգրավված երրորդ անձի կողմից պարտավորության չկատարման հետ, ապա այդ կողմն ազատվում է պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե`

ա) նա ազատվում է պատասխանատվությունից նախորդ կետի հիման վրա,

բ) նրա կողմից ներգրավված անձը նույնպես պատասխանատվությունից կազատվեր, եթե նշված կետի դրույթները կիրառվեին այդ անձի նկատմամբ:

3. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունից ազատվելը տարածվում է միայն այն ժամանակահատվածի վրա, որի ընթացքում գոյություն ունի տվյալ խոչընդոտը:

4. Այն կողմը, որը չի կատարում իր պարտավորությունը, պետք է ծանուցում տա մյուս կողմին խոչընդոտի և իր պարտավորության կատարման վրա դրա ազդեցության մասին: Եթե այդ ծանուցումը մյուս կողմի կողմից չի ստացվել ողջամիտ ժամկետում այն բանից հետո, երբ այդ խոչընդոտի մասին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար իր պարտավորությունը չկատարող կողմին, այդ վերջին կողմը պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք հանդիսանում են ծանուցումը չստանալու արդյունք:

5. Ոչինչ սույն հոդվածում չի խոչընդոտում կողմերից յուրաքանչյուրին իրականացնելու ցանկացած այլ իրավունքներ, բացի սույն Կոնվենցիայի հիման վրա վնասների հատուցման պահանջից:

 

ՀՈԴՎԱԾ 80

 

Կողմը չի կարող հղում անել մյուս կողմի կողմից պարտավորությունների չկատարման վրա այն չափով, որքանով այդ չկատարումը առաջին կողմի գործողությունների կամ բացթողումների հետևանք է:

 

ԲԱԺԻՆ 5
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 81

 

1. Պայմանագրի լուծումը երկու կողմերին ազատում է պայմանագրով նրանց պարտավորություններից` գանձման ենթակա վնասների հատուցման իրավունքի պահպանմամբ: Պայմանագրի լուծումը չի շոշափում այն լուծելու դեպքում վեճերի լուծման կարգի կամ կողմերի իրավունքներին և պարտավորություններին վերաբերող պայմանագրի դրույթներից որևէ մեկը:

2. Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասամբ կատարած կողմը կարող է պահանջել մյուս կողմից այն ամենի վերադարձը, ինչն առաջին կողմի կողմից ըստ պայմանագրի մատակարարվել է կամ վճարվել է: Եթե երկու կողմերն էլ պարտավոր են կատարել ստացվածի վերադարձը, նրանք պետք է դա կատարեն միաժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 82

 

1. Գնորդը կորցնում է պայմանագիրը լուծելու կամ վաճառողից ապրանքի փոխարինում պահանջելու իրավունքը, եթե գնորդի համար անհնարին է վերադարձնել ապրանքն ըստ էության այն նույն վիճակում, ինչ վիճակում նա այն ստացել է:

2. Նախորդ կետը չի կիրառվում.

ա) եթե ապրանքը վերադարձնելու կամ այն ըստ էության նույն վիճակում, ինչ վիճակում դա ստացվել է գնորդից, վերադարձնելու անհնարինությունը նրա գործողությունների կամ բացթողումների հետևանք չէ,

բ) եթե ապրանքը կամ դրա մի մասը անպիտան է դարձել կամ փչացել է 38-րդ հոդվածում նախատեսված զննության հետևանքով, կամ

գ) եթե ապրանքը կամ դրա մի մասը վաճառվել է սովորական առևտրի ընթացակարգով կամ գնորդի կողմից սպառողի օգտագործվել կամ վերափոխվել է նորմալ օգտագործման ընթացակարգով մինչև այն պահը, երբ նա հայտնաբերել է կամ պետք է հայտնաբերեր ապրանքի անհամապատասխանությունը պայմանագրին:

 

ՀՈԴՎԱԾ 83

 

Գնորդը, որը կորցրել է պայմանագիրը լուծելու կամ վաճառողից ապրանքը փոխելու պահանջի իրավունքը 82-րդ հոդվածին համապատասխան, պահպանում է պայմանագրով և սույն Կոնվենցիայով նախատեսված իրավական պաշտպանության բոլոր այլ միջոցների իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 84

 

1. Եթե վաճառողը պարտավոր է վերադարձնել գինը, նա պետք է վճարի նաև դրանից տոկոսները` գնի վճարման ամսաթվից հաշված:

2. Գնորդը պետք է վաճառողին փոխանցի ամբողջ շահույթը, որը գնորդը ստացել է ապրանքից կամ դրա մի մասից.

ա) եթե նա պարտավոր է վերադարձնել ապրանքն ամբողջությամբ կամ մասամբ, կամ,

բ) եթե նրա համար անհնար է վերադարձնել ապրանքն ամբողջությամբ կամ մասամբ կամ էլ վերադարձնել ապրանքն ամբողջությամբ կամ մասամբ ըստ էության այն նույն վիճակում, ինչ վիճակում ստացել է այն, բայց նա, այնուամենայնիվ, հայտարարել է պայմանագիրը լուծելու մասին կամ վաճառողից պահանջել է ապրանքի փոխարինում:

 

ԲԱԺԻՆ 6
ԱՊՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 85

 

Եթե գնորդը թույլ է տալիս մատակարարման ընդունման կետանց կամ այն դեպքում, երբ գնի վճարումը և ապրանքի մատակարարումը պետք է կատարվեն միաժամանակ, եթե գնորդը չի վճարում գինը, իսկ վաճառողը կամ դեռ տնօրինում է ապրանքը կամ այլ ձևով ի վիճակի է վերահսկելու դրա տիրապետումը, վաճառողը պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք տվյալ հանգամանքներում ողջամիտ են ապրանքի պահպանման համար: Նա իրավունք ունի պահել ապրանքը մինչև գնորդի կողմից դրա ողջամիտ ծախսերը չհատուցվեն:

 

ՀՈԴՎԱԾ 86

 

1. Եթե գնորդը ստացել է ապրանքը և մտադիր է պայմանագրի կամ սույն Կոնվենցիայի հիման վրա իրականացնել դրանից հրաժարվելու իրավունքը, նա պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք ողջամիտ են տվյալ հանգամանքներում ապրանքի պահպանման համար: Նա իրավունք ունի ապրանքը պահել, մինչև նրա ողջամիտ ծախսերը չհատուցվեն վաճառողի կողմից:

2. Եթե գնորդին ուղարկված ապրանքը նրա տրամադրությանն է հանձնվել նշանակման վայրում և նա իրականացնում է դրանից հրաժարվելու իր իրավունքը, գնորդը պետք է ստանձնի ապրանքի տնօրինությունը վաճառողի հաշվին` պայմանով, որ դա կարող է կատարվել առանց գինը վճարելու և առանց ոչ ողջամիտ անհարմարությունների կամ ոչ ողջամիտ ծախսերի: Տվյալ դրույթը չի կիրառվում այն դեպքում, երբ վաճառողը կամ նրա հաշվին ապրանքն ընդունելու համար լիազորված անձը գտնվում է ապրանքի նշանակման վայրում: Եթե գնորդը սույն կետի հիման վրա ստանձնում է ապրանքի տնօրինումը, նրա իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են նախորդ կետի դրույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 87

 

Կողմը, որը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ապրանքի պահպանման համար, կարող է այն մյուս կողմի հաշվին հանձնել երրորդ անձի պահեստը, եթե միայն դրա հետ կապված ծախսերը ողջամիտ չեն համարվում:

 

ՀՈԴՎԱԾ 88

 

1. Կողմը, որը պարտավոր է 85-րդ և 86-րդ հոդվածներին համապատասխան միջոցներ ձեռնարկել ապրանքը պահպանելու համար, կարող է ցանկացած պատշաճ ձևով վաճառել այն, եթե մյուս կողմը դրա նկատմամբ տնօրինումը ստանձնելու կամ այն հետ ընդունելու կամ գնի կամ պահպանման ծախսերը վճարման հարցում ոչ ողջամիտ ուշացում է թույլ տվել` պայմանով, որ մյուս կողմին ողջամիտ ծանուցում է տրվել ապրանքը վաճառելու մտադրության մասին:

2. Եթե ապրանքը ենթակա է արագ փչանալուն կամ, եթե դրա պահպանումը հանգեցնում է ոչ ողջամիտ ծախսերի, այն կողմը, որը 85-րդ և 86-րդ հոդվածներին համապատասխան պարտավոր է պահպանել ապրանքը, պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկի դրա վաճառքի համար: Հնարավորությունների սահմաններում նա պետք է մյուս կողմին ծանուցի վաճառք իրականացնելու իր մտադրության մասին:

3. Ապրանքը վաճառող կողմը իրավունք ունի վաճառքից ստացված հասույթից պահել գումար, որը հավասար կլինի ապրանքը պահպանելու և վաճառելու հետ կապված ողջամիտ ծախսերին: Մնացորդը նա պետք է փոխանցի մյուս կողմին:

 

 

ՄԱՍ 4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 89

 

Սույն Կոնվենցիայի ավանդապահ է նշանակվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:

 

ՀՈԴՎԱԾ 90

 

Սույն Կոնվենցիան չի շոշափում ցանկացած այլ միջազգային համաձայնագրի գործողությունը, որն արդեն կնքվել է կամ կարող է կնքվել և որը պարունակում է սույն Կոնվենցիայի կարգավորման առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ դրույթներ` պայմանով, որ կողմերն ունեն իրենց առևտրային կազմակերպությունները այդպիսի համաձայնագրի մասնակից պետություններում:

 

ՀՈԴՎԱԾ 91

 

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Համաժողովի եզրափակիչ նիստում. այն բաց կմնա բոլոր պետությունների կողմից ստորագրման համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում` մինչև 1981 թվականի սեպտեմբերի 30-ը:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած պետությունների կողմից:

3. Սույն Կոնվենցիան բաց է այն չստորագրած բոլոր պետությունների կողմից միանալու համար` դրա ստորագրման համար բացման ամսաթվից:

4. Վավերագրերը, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 92

 

1. Պայմանավորվող պետությունը կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ հայտարարել, որ ինքը պարտավորված չի լինի սույն Կոնվենցիայի 2-րդ մասով կամ, որ պարտավորված չի լինի սույն Կոնվենցիայի 3-րդ Մասով:

2. Նախորդ կետին համապատասխան սույն Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ մասի վերաբերյալ հայտարարություն արած Պայմանավորվող պետությունը սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով չի համարվում Պայմանավորվող պետություն` կապված այն հարցերի հետ, որոնք կարգավորվում են Կոնվենցիայի այն մասով, որի վրա տարածվում է այդ հայտարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 93

 

1. Եթե Պայմանավորվող պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որտեղ իր սահմանադրությանը համապատասխան կիրառվում են սույն Կոնվենցիայի կարգավորման առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ տարբեր իրավական համակարգեր, նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է իր բոլոր տարածքային միավորների վրա, կամ դրանցից միայն մեկի կամ մի քանիսի վրա և կարող է փոխել իր հայտարարությունը ցանկացած ժամանակ այլ հայտարարություն ներկայացնելու միջոցով:

2. Այդ հայտարարությունները հասցվում են ավանդապահի գիտությանը և դրանցում պետք է հստակ նշվեն այն տարածքային միավորները, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան:

3. Եթե սույն հոդվածին համապատասխան արված հայտարարության ուժով սույն Կոնվենցիան տարածվում է մեկ կամ մի քանի տարածքային միավորների վրա, այլ ոչ թե Պայմանավորվող պետության տարածքային բոլոր միավորների վրա և, եթե կողմի առևտրային կազմակերպությունը գտնվում է այդ պետությունում, ապա սույն Կոնվենցիայի նպատակների համար համարվում է, որ այդ առևտրային կազմակերպությունը չի գտնվում այդպիսի Պայմանավորվող պետությունում, եթե միայն այն չի գտնվում այն տարածքային միավորում, որի վրա տարածվում է սույն Կոնվենցիան:

4. Եթե Պայմանավորվող պետությունը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հայտարարություն չի անում, Կոնվենցիան տարածվում է այդ պետության տարածքային բոլոր միավորների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 94

 

1. Երկու կամ ավելի Պայմանավորվող պետություններ, որոնք սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառում են նման կամ համանման իրավական նորմեր, կարող են ցանկացած ժամանակ հայտարարել առուվաճառքի պայմանագրերի կամ դրանց կնքման նկատմամբ Կոնվենցիայի անկիրառելիության մասին այն դեպքերում, երբ կողմերի առևտրային կազմակերպությունները գտնվում են այդ պետություններում: Այդպիսի հայտարարություններ կարող են արվել համատեղ կամ միակողմանի փոխադարձ հայտարարությունների միջոցով:

2. Պայմանավորվող պետությունը, որը սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառում է սույն Կոնվենցիային մասնակից չհանդիսացող մեկ կամ մի քանի պետության իրավական նորմերին նման կամ համանման իրավական նորմեր, կարող է ցանկացած ժամանակ հայտարարել առուվաճառքի պայմանագրերի կամ դրանց կնքման նկատմամբ Կոնվենցիայի անկիրառելիության մասին այն դեպքերում, երբ կողմերի առևտրային կազմակերպությունները գտնվում են այդ պետություններում:

3. Եթե այն պետությունը, որի նկատմամբ հայտարարություն է արվում նախորդ կետին համապատասխան, հետագայում դառնում է Պայմանավորվող պետություն, ապա արված հայտարարությունն այդ նոր Պայմանավորվող պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից ունի 1-ին կետին համապատասխան արված հայտարարության ուժ` պայմանով, որ այդ նոր Պայմանավորվող պետությունը միանում է այդ հայտարարությանը կամ անում է փոխադարձ միակողմանի հայտարարություն:

 

ՀՈԴՎԱԾ 95

 

Ցանկացած պետություն կարող է իր վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս հայտարարել, որ ինքը պարտավորված չի լինի սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով:

 

ՀՈԴՎԱԾ 96

 

Պայմանավորվող պետությունը, որի օրենսդրությունը պահանջում է, որ առուվաճառքի պայմանագրերը կնքվեն կամ հաստատվեն գրավոր ձևով, կարող է 12-րդ հոդվածին համապատասխան ցանկացած ժամանակ հայտարարություն անել, որ սույն Կոնվենցիայի 11-րդ, 29-րդ հոդվածների կամ 2-րդ Մասի ցանկացած դրույթ, որը թույլ է տալիս, որ առուվաճառքի պայմանագիրը, կողմերի համաձայնությամբ դրա փոփոխությունը կամ լուծումը կամ օֆերտան, ակցեպտը կամ մտադրության ցանկացած այլ արտահայտություն կատարվի ոչ թե գրավոր, այլ ցանկացած այլ ձևով, կիրառելի չէ, եթե կողմերից գոնե մեկն ունի իր առևտրային կազմակերպությունը այդ պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 97

 

1. Ստորագրման ժամանակ սույն Կոնվենցիային համապատասխան արված հայտարարությունները վավերացման, ընդունման կամ հաստատման ժամանակ ենթակա են հաստատման:

2. Հայտարարություններն ու դրանց հաստատումները արվում են գրավոր ձևով և պաշտոնապես հայտնվում են ավանդապահին:

3. Հայտարարությունները ուժի մեջ են մտնում համապատասխան պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ: Սակայն հայտարարությունը, որի մասին ավանդապահը ստանում է պաշտոնական ծանուցում այդպիսի ուժի մեջ մտնելուց հետո, ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այն ստանալուց հետո վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը: 94-րդ հոդվածին համապատասխան արված փոխադարձ միակողմանի հայտարարությունները ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից վերջին հայտարարությունն ստանալուց հետո վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:

4. Ցանկացած պետություն, որը հայտարարություն է արել սույն Կոնվենցիային համապատասխան, կարող է հրաժարվել դրանից ցանկացած ժամանակ ավանդապահի անունով պաշտոնապես գրավոր ծանուցում ներկայացնելով: Այդպիսի հրաժարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումն ստանալուց հետո վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:

5. 94-րդ հոդվածին համապատասխան արված հայտարարությունից հրաժարվելը այդպիսի հրաժարման ուժի մեջ մտնելու օրից առաջ է բերում նաև այլ պետության կողմից այդ հոդվածին համապատասխան արված ցանկացած փոխադարձ հայտարարության գործողության դադարեցում:

 

ՀՈԴՎԱԾ 98

 

Չի թույլատրվում ոչ մի վերապահում, բացի այն, որոնք ուղղակիորեն նախատեսված են սույն Կոնվենցիայով:

 

ՀՈԴՎԱԾ 99

 

1. Սույն հոդվածի 6-րդ կետի պահպանման պայմանով սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթը, ներառյալ 92-րդ հոդվածին համապատասխան արված հայտարարությունը պարունակող փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո տասներկուերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:

2. Եթե պետությունը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան տասներորդ վավերագրի կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան, բացառությամբ չընդունված մասի, սույն հոդվածի 6-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով, տվյալ պետության համար ուժի մեջ է մտնում նրա վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո տասներկուերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Այն պետությունը, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան և, որը հանդիսանում է 1964 թվականի հուլիսի 1-ին Հաագայում կնքված «Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի կնքման վերաբերյալ միասնական օրենքի մասին» Կոնվենցիայի (Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թ. Կոնվենցիա) մասնակիցը կամ 1964 թվականի հուլիսի 1-ին Հաագայում կնքված «Ապրանքների միջազգային առուվաճառքի մասին միասնական օրենքի վերաբերյալ» Կոնվենցիայի (Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիա) մասնակիցը կամ այդ երկու Կոնվենցիաների մասնակիցը, միաժամանակ չեղյալ է հայտարարում, կախված հանգամանքներից` Հաագայի մեկ կամ երկու Կոնվենցիաները` Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան և Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան` ծանուցելով այդ մասին Նիդերլանդների կառավարությանը:

4. Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի մասնակից պետությունը, որը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան և անում է կամ արել է 92-րդ հոդվածին համապատասխան հայտարարություն այն մասին, որ ինքը պարտավորված չի լինի սույն Կոնվենցիայի 2-րդ Մասով, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ չեղյալ է հայտարարում Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան` այդ մասին ծանուցելով Նիդերլանդների կառավարությանը:

5. Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի մասնակից պետությունը, որը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան և անում կամ արել է 92-րդ հոդվածին համապատասխան հայտարարություն այն մասին, որ ինքը պարտավորված չի լինի սույն Կոնվենցիայի 3-րդ Մասով վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ չեղյալ է հայտարարում Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան` այդ մասին ծանուցելով Նիդերլանդների կառավարությանը:

6. Սույն հոդվածի նպատակների համար սույն Կոնվենցիայի վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ դրան միանալը Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի և Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից ուժի մեջ չեն մտնում այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի չեղյալ հայտարարումը, որը կարող է պահանջվել այդ պետություններից, վերջին երկու Կոնվենցիաների առնչությամբ ուժի մեջ չի մտել: Սույն Կոնվենցիայի ավանդապահը խորհրդակցություններ է անցկացնում Նիդերլանդների կառավարության հետ, որը հանդիսանում է 1964 թվականի Կոնվենցիաների ավանդապահը, որպեսզի այդ առթիվ ապահովի անհրաժեշտ համակարգում:

 

ՀՈԴՎԱԾ 100

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է պայմանագրի կնքման նկատմամբ միայն այն դեպքերում, երբ պայմանագրի կնքման մասին առաջարկը կատարվում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո այն Պայմանավորվող պետությունների համար, որոնք նշված են 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում կամ այն Պայմանավորվող պետությունների համար, որոնք նշված են 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում:

2. Սույն Կոնվենցիան կիրառվում է միայն այն պայմանագրերի նկատմամբ, որոնք կնքվել են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը կամ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո այն Պայմանավորվող պետությունների համար, որոնք հիշատակված են 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում կամ այն Պայմանավորվող պետությունների համար, որոնք նշված են 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում:

 

ՀՈԴՎԱԾ 101

 

1. Պայմանավորվող պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան կամ դրա 2-րդ կամ 3-րդ Մասերը` ավանդապահին ուղարկելով պաշտոնական գրավոր ծանուցում:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումն ստանալուց հետո տասներկուերորդ ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը: Եթե ծանուցման մեջ նշված է չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու առավել երկար ժամկետ, ապա չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից նման ծանուցումն ստանալուց հետո այդ առավել երկար ժամկետը լրանալուց հետո:

Կատարված է Վիեննայում, հազար ինը հարյուր ութսուն թվականի ապրիլի տասնմեկին, մեկ օրինակով, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով տեքստերը հավասարապես նույնական են:

Ի հաստատումն որի, իրենց կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

pin
11.04.1980
Միջազգային պայմանագիր