Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30-ՐԴ, 70-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30-ՐԴ, 70-ՐԴ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԵԷԴ/0201/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0201/01/11

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Ե. Դարբինյան

                       Գ. Ավետիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ ամբաստանյալ                Է. Ասատրյանի

 

    մեղադրող                                  Ա. Սեփոյանի

 

    2012 թվականի օգոստոսի 24-ին                     Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Էդմոն Գարասիմի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի մարտի 28-ի որոշման դեմ մեղադրող Ա. Սեփոյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 60130311 քրեական գործը` Էդմոն Ասատրյանի կողմից Արևհատ Մելիքյանին վրաերթի ենթարկելու և նրան մահ պատճառելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Է. Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը Է. Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2011 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2012 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Է. Ասատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 2 տարի ժամկետով: Է. Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Տուժողի իրավահաջորդ Ա. Մանվելյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2012 թվականի մարտի 28-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մարտի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա. Սեփոյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Է. Ասատրյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2011 թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 14-ի սահմաններում, «Հասմեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և իրեն ամրակցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևանի Տիգրան Մեծ պողոտայով դեպի Արցախի փողոցի ուղղությամբ: Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 71 շենքի դիմաց լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնել է և կանաչ լույսի ներքո վերսկսելով երթևեկությունը` թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 105-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումներ, այն է` հայտնաբերելով իր երթևեկության ուղղության լուսացույցով կարգավորվող հետիոտնային անցումով հանգիստ քայլերով փողոցը հատող հետիոտն Ա. Մելիքյանին և չհամոզվելով երթևեկության անվտանգության մեջ, վերսկսել է երթևեկությունը, հնարավորություն չի տվել հետիոտնին դուրս գալ վտանգավոր գոտուց, ինչի տեխնիկական հնարավորությունն ունեցել է, վրաերթի է ենթարկել Ա. Մելիքյանին և անզգուշությամբ նրան պատճառել մահ:

6. Քրեական գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալ Է.Ասատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 14-ի սահմաններում, իրեն ամրակցված «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով, 20 տոննա բարձված բեռով ընթանալիս է եղել Երևանի Տիգրան Մեծ պողոտայով: Հասնելով թիվ 71 շենքի դիմաց` արգելակել է և կանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ` երկրորդ ընթացագոտում: Մոտ 30 վայրկյան կանգնած մնալուց հետո, երբ իր ուղղության համար լուսացույցի կանաչ լույս է վառվել, ցանկացել է վերսկսել երթևեկությունը, սակայն այդ պահին նկատել է, որ իր առջևով, հետիոտնային անցումով, աջից դեպի ձախ հանգիստ քայլերով փողոցը հատում են տարեց տղամարդ և կին` տղամարդն առջևից, իսկ կինը` նրանից մոտ երկու մետր հետ: Երբ տղամարդը հասել է իր ընթացագոտու վերջնամասին, մի պահ կանգնել է և նայել դեպի ձախ, այդ ընթացքում ինքը գրեթե հասնելիս է եղել հետիոտնային անցումներին, դիմել է արգելակման, կանգնել մեկ-երկու վայրկյան, մինչ տղամարդը շարունակել է քայլերը և հասել պողոտայի կենտրոնին, որից հետո վերսկսել է երթևեկությունը` կարծելով, թե այդ կինը նույնպես անցել է իր մեքենայի դիմացից: Երթևեկությունը վերսկսելուց և կանգ գծից 7-8 մետր տարածություն անցնելուց հետո միայն նկատել է, որ վրաերթի է ենթարկել կնոջը (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 97-98):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(...) Պատժի տեսակ և չափ նշանակելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, այն, որ ամբաստանյալ Էդմոն Ասատրյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, անկեղծորեն զղջում է կատարածի համար, ինչպես աշխատավայրում, այնպես էլ բնակության վայրում բնութագրվում է բացառապես դրականորեն, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, խնամքի տակ են գտնվում երկու անչափահաս երեխաներն ու զառամյալ մայրը, որը տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ և մշտական խնամքի կարիք ունի, կամովին հատուցել է տուժողի իրավահաջորդին պատճառված գույքային վնասը` 700.000 ՀՀ դրամի չափով, բացի այդ, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրական գործակալության կողմից տուժողի իրավահաջորդին է տրամադրվելու վրաերթի հետևանքով սահմանված ևս 600.000 ՀՀ դրամ ապահովագրական գումար: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դատարանը համարում է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը և տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունները: Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը դատաքննությամբ չհայտնաբերեց: Միաժամանակ, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, տուժողի իրավահաջորդի բողոքի բացակայությունը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունները, ամբաստանյալ Է. Ասատրյանի անձը բնութագրող տվյալները (...) դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալ Է. Ասատրյանի անձը հանրության համար վտանգավորություն չի ներկայացնում և նրա ուղղվելը հնարավոր է առանց նրան հասարակությունից մեկուսացնելու, առանց պատիժը կրելու (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 57-58):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, հանգում է հետևության, որ Էդմոն Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին առաջին ատյանի դատարանի հետևությունը համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին ու պատժի արդարացիության քրեաիրավական սկզբունքին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 116-119):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Է.Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը` դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածների պահանջների խախտում:

Ըստ բողոքաբերի` սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Այս կապակցությամբ բողոքաբերը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատարանները հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և հանցավորի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար հատուկ ուշադրություն պետք է դարձնեն տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, որի արդյունքում տեղի է ունեցել հանցագործությունը: Մինչդեռ, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Է. Ասատրյանի նկատմամբ պատիժ սահմանելիս անտեսել են նրա կողմից ճանապարհային երթևեկության կանոնների այնպիսի կոպիտ խախտում թույլ տալու հանգամանքը, ինչպիսին է ճանապարհը կարգավորվող հետիոտնային անցումով հատող հետիոտնին չզիջելը, ինչը խոսում է ինչպես արարքի, այնպես էլ հանցավորի անձի` հանրության համար վտանգավորության բարձր աստիճանի մասին:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մարտի 28-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարաններն ամբաստանյալ Է.Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս հաշվի առե՞լ են արդյոք վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Պատիժ նշանակելը քրեական գործերով արդարադատության իրականացման կարևոր տարրերից մեկն է, որի շրջանակներում կարևորվում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանումը: Ն. Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`

ա) օրինականությունը,

բ) արդարությունը,

գ) պատժի անհատականացումը,

դ) մարդասիրությունը:

Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս: Նշված սկզբունքներից յուրաքանչյուրը` որպես առանձին բաղադրամաս, ունի ինքնուրույն նշանակություն և պարտադիր հաշվի է առնվում քրեական պատիժ նշանակելիս: (...)» (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 14-րդ կետը):

Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին և նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև թիվ ՎԲ-124/07, ՎԲ-192/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԼԴ2/0019/01/09 և այլ որոշումներում:

13. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում հիշատակված որոշումներում արտահայտված իրավական մոտեցումները` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս դատարանն ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան և այլն) պետք է հաշվի առնի ամբաստանյալի կողմից հանցագործության կատարման եղանակը: Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի կատարված հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

i

14. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելու, ինչպես նաև նրանց կողմից պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելու ընթացքում դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Սահակյանի գործով կայացված որոշմամբ: Համաձայն այդ որոշման` «(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված] հանցակազմի սուբյեկտիվ կողմի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ հանցանք կատարող անձը հասկանում է, որ իր գործողությունների (անգործության) արդյունքում կարող է հանրության համար վտանգավոր հետևանքներ առաջանան, այսինքն` նա գիտակցում է, որ իր կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում հնարավոր է տեղի ունենա վթար և մարդու (մարդկանց) կյանքին կամ առողջությանը հասցվի վնաս, սակայն, ցուցաբերելով հանցավոր անզգուշություն, այնուամենայնիվ, թույլ է տալիս նշված խախտումը` հույս ունենալով խուսափել հնարավոր ծանր հետևանքների առաջացումից:

Օբյեկտիվ կողմից նշված արարքը դրսևորվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, որոնցից առավել կոպիտ խախտումներն ամրագրված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս դատարանները պետք է հաշվի առնեն հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ գործերով դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, որի արդյունքում տեղի է ունեցել հանցագործությունը: Նշված հանգամանքի կարևորումը պայմանավորված է նրանով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված` ճանապարհային երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտումները (լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը և այլն) վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը կարևոր նշանակություն ունի նաև հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար» (տե՛ս Արամ Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 19-20-րդ կետերը):

15. Վերահաստատելով և զարգացնելով Ա. Սահակյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու համար պետք է առանձնակի ուշադրություն դարձվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ թեև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի կողմից դրսևորվում է անզգուշություն, այլ խոսքով` արարքի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է անզգուշությամբ, սակայն ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները հաճախ խախտվում են գիտակցաբար: Ընդ որում, վարորդը, ելնելով կոնկրետ իրադրությունից, իր վարած տրանսպորտային միջոցի առանձնահատկություններից և այլ հանգամանքներից, երբեմն նաև գիտակցում է, որ իր կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու դեպքում մարդու (մարդկանց) կյանքի կամ առողջության համար վտանգ կառաջացնի, սակայն, ցուցաբերելով հանցավոր անզգուշություն, այնուամենայնիվ, թույլ է տալիս նշված խախտումը:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ:

2. Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:

3. Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հետևանքների նկատմամբ դրսևորվող անզգույշ մեղքի ձևը կարող է տարբեր կերպ արտահայտվել: Այսպես` հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է իր արարքի (գործողության կամ անգործության) պոտենցիալ վտանգավորությունը, նախատեսում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և չնայած դրան, հույսը դնելով իր հմտությունների, անձանց, սարքավորումների և այլնի վրա, թույլ է տալիս սահմանված անվտանգության կանոնների խախտում` առանց բավարար հիմքերի հույս ունենալով, որ վտանգավոր հետևանքները կկանխվեն:

Հանցավոր անփութության օրենսդրական բնորոշումը ցույց է տալիս, որ անզգուշության այս տեսակը բնութագրվում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը չնախատեսելով: Այլ խոսքով` անփութությամբ գործող անձը, իրական հնարավորություն և պարտավորվածություն ունենալով նախատեսել վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բավարար շրջահայացություն, ուշադրություն և հոգատարություն չի ցուցաբերում այդ հետևանքների առաջացումը թույլ չտալու համար:

17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի վերոգրյալ տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը: Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան, թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:

18. Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել: Բացի այդ, դատարանները պետք է գնահատեն, թե տվյալ խախտման արդյունքում, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը և որքանով էր ակնհայտ տրանսպորտային միջոցը վարողի համար իր կողմից թույլ տված խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման միջև պատճառական կապի զարգացման հավանականությունը: Այլ խոսքով` համապատասխան գնահատականի պետք է արժանացվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված հանգամանքների գնահատման հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին:

19. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը, այդ թվում` հետիոտնին չզիջելը, պարունակում է ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու մեծ հավանականություն: Նշված իրադրությունում, որպես կանոն, խախտումը թույլ տվողի համար բավականաչափ ակնհայտ է լինում խախտման արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը: Ճանապարհային երթևեկության կանոնների նշված խախտումը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 6-րդ կետում:

Սույն գործի նյութերով հիմնավորվել է, որ Է. Ասատրյանը «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված 20 տոննա բեռով, լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած լինելով, հայտնաբերելով իր երթևեկության ուղղության լուսացույցով կարգավորվող հետիոտնային անցումով փողոցը հատող հետիոտներին և չհամոզվելով երթևեկության անվտանգության մեջ` վերսկսել է երթևեկությունը, հնարավորություն չի տվել հետիոտնին դուրս գալ վտանգավոր գոտուց, ինչի տեխնիկական հնարավորությունն ունեցել է, վրաերթի է ենթարկել Ա.Մելիքյանին և անզգուշությամբ նրան պատճառել մահ:

Ընդ որում, ամբաստանյալ Է. Ասատրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ նկատել է իր առջևով հետիոտնային անցումով փողոցը հատող տղամարդուն և կնոջը, արգելակել և սպասել է մինչև տղամարդն անցել է մեքենայի դիմացից և կարծելով, թե կինը նույնպես դուրս է եկել վտանգավոր գոտուց, վերսկսել է երթևեկությունը: Կանգ գծից 7-8 մետր տարածություն անցնելուց հետո միայն նկատել է, որ վրաերթի է ենթարկել կնոջը (տե՛ս սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը):

20. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Է. Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ուշադրություն չեն դարձրել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին և այն պատշաճ գնահատականի չեն արժանացրել, ինչպես նաև որևէ միջոց չեն ձեռնարկել պարզելու թույլ տրված խախտման և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ Է. Ասատրյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը):

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Է. Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս պատշաճ չեն գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` հաշվի չեն առել վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը:

21. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Է. Ասատրյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է հաշվի առել առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Ա. Ավետիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) «հանգամանքների պատահական զուգորդում» հասկացությունը գնահատողական կատեգորիա է և որոշվում է միայն դատարանի կողմից` գործի բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ հետազոտելու արդյունքում: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ, ի թիվս այլոց, հանգամանքների պատահական զուգորդում կարող են լինել.

1. իր կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատման կապակցությամբ անձի մոլորությունը,

2. հանցավոր արարքներ կատարող անձանց խմբում մեկ անգամ պատահական գտնվելն ու այդ խմբի կողմից կատարված հանցագործությանը մեկ անգամ մասնակցելը,

3. մեղսագրվող հանցանքի կատարումն անձին ակնհայտորեն բնորոշ չլինելը,

4. հանցանքի կատարումը հոգեճնշող վիճակում, արտակարգ կամ այլ հանգամանքների ազդեցության տակ:» (տե՛ս Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՆԴ/0091/01/09 որոշման 22-րդ կետը):

Ինչպես երևում է Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանական մասի վերլուծությունից, դրանում բացակայում են Է. Ասատրյանի կողմից արարքը հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարելը հիմնավորող փաստական տվյալները: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը չի նշել, թե գործում առկա ինչ հանգամանքների հետազոտման արդյունքում է հանգել այն հետևության, որ իրեն մեղսագրվող արարքը Է. Ասատրյանը կատարել է հանգամանքների պատահական զուգորդմամբ:

22. Վերը նշված խախտումները, որոնք կարող էին ազդել պատժի կրման անհրաժեշտության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էդմոն Գարասիմի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.08.2012
N ԵԷԴ/0201/01/11
Որոշում