Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 333-ՐԴ, 335...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 333-ՐԴ, 335-ՐԴ, 983-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0852/02/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0852/02/10

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ Դավիթ Դավթյանի և Ալիսա Զոբաբուրյանի հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դավիթ Դավթյանը և Ալիսա Զոբաբուրյանը պահանջել են Ընկերությունից բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.564.600 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 13.11.2006 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր Ա. Մկրտչյան) 03.04.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.04.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նույն կոնվենցիային կից թիվ 11 արձանագրության 1-ին հոդվածը, «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետը, 335-րդ հոդվածի 2-րդ կետը և 1022-րդ հոդվածը, ավիավթարի պահին գործող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերը, 985-րդ հոդվածի 1-ին կետը և 2-րդ կետի 2-րդ ենթակետը, 991-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 996-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածը և «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ, 345-րդ, 416-րդ, 424-րդ, 1058-րդ և 1066-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ և 15-րդ հոդվածները, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 14-րդ հոդվածները, 32-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածների 1-ին կետերը, 54-րդ և 149.7-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, կայացնելով վերը նշված վճիռը, դուրս է եկել հայցի առարկայի շրջանակներից, քանի որ Դավիթ Դավթյանի և Ալիսա Զոբաբուրյանի կողմից նշված գումարը պահանջվել է ոչ թե որպես Արման Դավթյանի կյանքին պատճառված վնասի հատուցման գումար, այլ որպես վերջինիս կյանքի ապահովագրության գումար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արման Դավթյանի կյանքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի համաձայն` Դավիթ Դավթյանին և Ալիսա Զոբաբուրյանին յուրաքանչյուր ամիս հատուցման գումար է սահմանվել 150.000 ՀՀ դրամի չափով: Դեռ ավելին, Ընկերությունը վճարումները կատարել է նշված գումարի կրկնապատիկի չափով, որի արդյունքում 04.04.2012 թվականի դրությամբ Դավիթ Դավթյանին և Ալիսա Զոբաբուրյանին վճարվել է նրանց կողմից պահանջվող գումարից ավելի գումար, և դեռ այդ վճարումները նրանց կատարվելու են ցմահ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է, որ ապահովագրության օբյեկտ են ոչ թե Ընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմի կյանքը կամ առողջությունը, այլ անձնակազմին հասցված վնասի հետ կապված Ընկերության գույքային շահերը, իսկ պայմանագրով շահառուն Ընկերությունն է: Այսինքն` ապահովագրության պայմանագրով ապահովագրվել է ոչ թե Արման Դավթյանի կյանքը, այլ Ընկերության պատասխանատվության ռիսկը, գույքային շահերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունն օդաչու Արման Դավթյանի կյանքն ապահովագրելու պարտավորություն չուներ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լրացել է նշված պահանջը ներկայացնելու համար օրենքով սահմանված երկու տարվա ժամկետը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արման Դավթյանն Ընկերությունում աշխատել է որպես Airbus Ա 320 տիպի օդանավի երկրորդ օդաչու (հատոր 2-րդ, գ.թ. 84).

2) 03.05.2006 թվականին Airbus Ա 320 տիպի օդանավը կործանվել է, որի հետևանքով Արման Դավթյանը զոհվել է (հատոր 1-ին, գ.թ 8, հատոր 2-րդ, գ.թ. 103, 104, 109).

3) Դավիթ Դավթյանը Արման Դավթյանի հայրն է, Ալիսա Զոբաբուրյանը` մայրը.

4) Ընկերության և «Գրանդ» Ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) միջև 26.12.2005 թվականին կնքված ապահովագրության վկայագրի համաձայն` ապահովագրության օբյեկտը թռիչքային առաջադրանքի ընթացքում ինքնաթիռի թռիչքային և աշխատանքային պարտականություններ կատարելու ժամանակ ինժեներա-տեխնիկական անձնակազմերի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ կապված Ընկերության գույքային շահերն են` բացառելով աշխատանքի մեկնելը (աշխատանքից վերադառնալը) (հատոր 1-ին, գ.թ. 11-21).

5) 13.11.2006 թվականի թիվ 263 վճարման հանձնարարագրի համաձայն` Կազմակերպությունն Ընկերության հաշվեհամարին է փոխանցել 7.564.600 ՀՀ դրամ, վճարման նպատակը`»ապահովագրական հատուցում (Արման Դավթյան)» (հատոր 1-ին, գ. թ. 22).

6) Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-356(ՎԴ) որոշմամբ հաստատվել է, որ Ընկերության և Կազմակերպության միջև 26.12.2005 թվականին կնքված ապահովագրության վկայագրով ապահովագրության օբյեկտ են ոչ թե Ընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմի կյանքը կամ առողջությունը, այլ անձնակազմին հասցված վնասի հետ կապված Ընկերության գույքային շահերը. իսկ պայմանագրով շահառուն Ընկերությունն է (հատոր 1-ին, գ.թ. 40).

7) Դավիթ Դավթյանը և Ալիսա Զոբաբուրյանը հայցը դատարան են ներկայացրել 16.09.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 2).

8) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.03.2008 թվականին թիվ 08-1082 քաղաքացիական գործով կայացրած որոշման համաձայն` Դավիթ Դավթյանի և Ալիսա Զոբաբուրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել ամբողջությամբ: Սույն դատական ակտի համաձայն` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի թիվ 2-1313 քաղաքացիական գործով 2007 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնակիորեն բեկանել և Ընկերությանը պարտավորեցրել է Դավիթ Առաքելի Դավթյանին և Ալիսա Հովհաննեսի Զոբաբուրյանին յուրաքանչյուր ամիս, ցմահ վճարել 150.000 ՀՀ դրամ` որպես կերակրողի մահվան հետևանքով կրած վնասի փոխհատուցում` գումարների վճարման սկիզբը հաշվելով 03.05.2006 թվականից: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Սույն քաղաքացիական գործով Ընկերության և Կազմակերպության միջև կնքված 26.12.2005 թվականի ապահովագրության վկայագրի համաձայն` ապահովագրվել են թռիչքային առաջադրանքի ընթացքում ինքնաթիռի թռիչքային և աշխատանքային պարտականություններ կատարելու ժամանակ ինժեներատեխնիկական անձնակազմերի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ կապված Ընկերության գույքային շահերը: Վկայագրով շահառու է հանդիսացել Ընկերությունը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշմամբ անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ վկայագրից հետևում է, որ ապահովագրության օբյեկտ են ոչ թե Ընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմի կյանքը կամ առողջությունը, այլ անձնակազմին հասցված վնասի հետ կապված Ընկերության գույքային շահերը, իսկ Պայմանագրով շահառուն Ընկերությունն է: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով Կազմակերպության և Արման Դավթյանի, ինչպես նաև նրա ժառանգների միջև որևէ պարտավորաիրավական հարաբերություններ առկա չեն (տես Դավիթ Դավթյանը, Ալիսա Զոբաբուրյանն ընդդեմ «Գրանդ» Ապահովագրական ՍՊԸ-ի` առանց որևէ նախապայմանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու պահանջի մասին թիվ 3-356(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):

Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը բարձրացված իրավական հարցին սույն գործով իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերոնշյալ իրավական խնդրին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրող կազմակերպության (ապահովագրողի) հետ քաղաքացու կամ իրավաբանական անձի (ապահովագրվողի) կնքած գույքային կամ անձնական ապահովագրության պայմանագրի հիման վրա:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ իրավահարաբերության ծագման ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում էր ապահովագրության երկու տեսակ` գույքային և անձնական, որոնց համար օրենսդիրը նախատեսել էր առանձին իրավակարգավորում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 985-րդ հոդվածի համաձայն`

1. Գույքային ապահովագրության պայմանագրով` մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրական պարգևի) դիմաց, պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական դեպքը) վրա հասնելիս, մյուս կողմին (ապահովագրվողին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին) հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետևանքով պատճառված կամ ապահովագրվողի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը)` պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:

2. Գույքային ապահովագրության պայմանագրով կարող են, մասնավորապես, ապահովագրվել հետևյալ գույքային շահերը`

2) այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններով պատասխանատվության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պայմանագրերով քաղաքացիական պատասխանատվության ռիսկը (987 և 988 հոդվածներ):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 987-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորություններով պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել հենց ապահովագրվողի կամ այլ անձի, որի վրա կարող է նման պատասխանատվություն դրվել, պատասխանատվության ռիսկը:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրությունը գույքային ապահովագրության տեսակ է, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 985-րդ հոդվածի կանոնակարգումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վնաս պատճառելու հետևանքով պարտավորություններով պատասխանատվության ռիսկի ապահովագրության տեսակը ծագում է միայն այն դեպքում, երբ ապահովագրվողի կամ այլ անձի մոտ որոշակի ապահովագրական պատահարի հետևանքով ծագում է պարտավորություն և առաջանում է պատասխանատվություն կրելու խնդիր: Այդ պարտավորությունները դրսևորվում են որպես վնաս պատճառելու, մասնավորապես այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում ապահովագրվողն ապահովագրում է իր կամ այլ անձի (ով պետք է կրի պատասխանատվությունը) պատասխանատվության ռիսկը, այսինքն` ապահովագրության միջոցով իր կամ այլ անձի պատասխանատվություն կրելու գործընթացը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապահովագրության վերոնշյալ տեսակը կոչված է վնաս պատճառողին (պատասխանատվություն կրողին) ապահովագրելու, որպեսզի վերջինս պարտավորության ծագման դեպքում կարողանա պատշաճ կատարել վնասը հատուցելու իր պարտավորությունը: Միաժամանակ այն որոշակի երաշխիքներ է ստեղծում պարտավորության մյուս կողմի` տուժողի համար` ստանալու համապատասխան վնասի հատուցումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 990-րդ հոդվածի համաձայն`

1. Անձնական ապահովագրության պայմանագրով` մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուս կողմի (ապահովագրվողի)` պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրական պարգևի) դիմաց, միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական գումարը) ապահովագրվողի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաս պատճառելու, նրա որոշակի տարիքի հասնելու կամ նրա կյանքում պայմանագրով նախատեսված այլ իրադարձության (ապահովագրական դեպքի) երևան գալու դեպքերում: Ապահովագրական գումար ստանալու իրավունք ունի այն անձը, ում օգտին պայմանագիրը կնքվել է:

2. Անձնական ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հօգուտ ապահովագրվող անձի, եթե պայմանագրում այլ անձ նշված չէ որպես շահառու: Պայմանագրով, որում որպես շահառու այլ անձ նշված չէ, ապահովագրված անձի մահվան դեպքում շահառուներ են ճանաչվում ապահովագրված անձի ժառանգները:

3. Հօգուտ ապահովագրված անձ չհամարվող անձի անձնական ապահովագրության պայմանագիրը` ներառյալ հօգուտ ապահովագրված անձ չհամարվող ապահովագրվողի, կարող է կնքվել միայն ապահովագրված անձի գրավոր համաձայնությամբ: Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:

 

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավահարաբերության ծագման ժամանակ օրենսդիրը տարբերակում է դրել վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրության և անձնական ապահովագրության միջև` դրանք դիտարկելով որպես ապահովագրության տարբեր տեսակներ: Ի տարբերություն վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրության` անձնական ապահովագրության օբյեկտ է համարվում անձի կյանքը կամ առողջությունը, որին էլ վնաս պատճառվելու դեպքում ծագում են անձնական ապահովագրության հետ կապված քաղաքացիական իրավահարաբերությունները: Այդ նպատակից ելնելով էլ օրենսդիրը հստակ սահմանել է, որ անձնական ապահովագրության դեպքում ապահովագրական գումար ստանալու իրավունք ունի այն անձը, ում օգտին պայմանագիրը կնքվել է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 990-րդ հոդվածով նախատեսված անձնական ապահովագրությունն ունի հետևյալ առանձնահատկությունները`

1. Անձնական ապահովագրության օբյեկտ է համարվում անմիջականորեն անձի կյանքը, առողջությունը և այլն.

2. Անձնական ապահովագրության պայմանագրով շահառու է համարվում ապահովագրվողը, իսկ պայմանագրում այլ անձ նշված լինելու դեպքում` նշված երրորդ անձը կամ նրա իրավահաջորդները.

3. Երրորդ անձի օգտին կնքված անձնական ապահովագրության պայմանագիրը համարվում է երրորդ անձի օգտին կնքված պայմանագիր և դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի դրույթները.

4. Երրորդ անձի օգտին կնքված անձնական ապահովագրության իրավահարաբերությունները ծագում են ապահովադրի և երրորդ անձի միջև անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու փաստի ուժով, որի արդյունքում ապահովադիրը պարտավոր է ապահովագրական գումարը վճարել երրորդ անձ շահառուին:

 

Վերոնշյալ վերլուծություններից հետո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրության և անձնական ապահովագրության տարբերությունները:

Մասնավորապես, վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրության օբյեկտ են համարվում վնաս պատճառողի գույքային շահերը` վնաս պատճառելու համար պատասխանատվության ռիսկը: Անձնական ապահովագրության դեպքում ապահովագրության օբյեկտն անմիջականորեն անձի կյանքը կամ առողջությունն է` անկախ դրան վնաս պատճառելու համար վրա հասնող պատասխանատվությունից: Հետևաբար, վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրության իրավահարաբերությունները ծագում են այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխի նորմերին և այլ իրավական ակտերին համապատասխան ապահովագրվողի մոտ ծագում է շահառուին պատճառված վնասը հատուցելու պարտավորություն: Այն դեպքում, երբ նշված նորմերին համապատասխան ապահովագրվողը շահառուին պատճառված վնասը հատուցելու պարտավորություն չունի կամ ազատվում է պատասխանատվությունից, վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրության պարտավորություններ չեն ծագում: Ի տարբերություն նշվածի` անձնական ապահովագրության իրավահարաբերությունները ծագում են անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու փաստի ուժով: Այսինքն` անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու պահից ապահովադրի և շահառուի միջև ծագում են անձնական ապահովագրության իրավահարաբերություններ: Մինչդեռ վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրության իրավահարաբերությունները ծագում են ոչ թե շահառուի և ապահովադրի, այլ ապահովագրվողի և ապահովադրի միջև այն դեպքում, երբ ապահովագրվողը պետք է պատասխանատվություն կրի շահառուի առջև` վերջինիս կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Արման Դավթյանն Ընկերությունում աշխատել է որպես Airbus Ա 320 տիպի օդանավի երկրորդ օդաչու: 03.05.2006 թվականին Airbus Ա 320 տիպի օդանավը կործանվել է, որի հետևանքով Արման Դավթյանը զոհվել է: Դավիթ Դավթյանը Արման Դավթյանի հայրն է, Ալիսա Զոբաբուրյանը` մայրը: Ընկերության և «Գրանդ» Ապահովագրական ՍՊԸ-ի միջև 26.12.2005 թվականին կնքված ապահովագրության վկայագրի համաձայն` ապահովագրության օբյեկտը թռիչքային առաջադրանքի ընթացքում ինքնաթիռի թռիչքային և աշխատանքային պարտականություններ կատարելու ժամանակ ինժեներա-տեխնիկական անձնակազմերի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ կապված Ընկերության գույքային շահերն են` բացառելով աշխատանքի մեկնելը (աշխատանքից վերադառնալը): 13.11.2006 թվականի թիվ 263 վճարման հանձնարարագրի համաձայն` Կազմակերպությունն Ընկերության հաշվեհամարին է փոխանցել 7.564.600 ՀՀ դրամ, վճարման նպատակը` «ապահովագրական հատուցում (Արման Դավթյան)»:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ, 996-րդ հոդվածները, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, արձանագրելով, որ Դատարանը, հաշվի առնելով վերը նշված փաստերը և ղեկավարվելով վերոնշյալ նորմերով, քանի որ դրանցով է կարգավորվում կողմերի միջև ներկայումս ծագած վեճը, եկել է այն հետևության, որ հայցը հիմնավոր է և վճիռ է կայացրել այն բավարարելու մասին, գտել է, որ Դատարանի նշված հետևությունը հիմնավոր է, քանի որ Ընկերությունը և ապահովագրական ընկերությունը վերը նշված գրություններում նույնպես ընդունել են այն փաստը, որ ներկայումս Հայցվորների կողմից պահանջվող գումարը պետք է վճարվեր նրանց, սակայն գործի փաստերով հաստատվել է այն հանգամանքը, որ այդպիսի գումար Դավիթ Դավթյանին և Ալիսա Զոբաբուրյանին չի վճարվել: Ինչ վերաբերում է Ընկերության այն պատճառաբանությանը, որ այդ գումարը և դեռ ավելին, Հայցվորներն ստացել են Վերաքննիչ դատարանի 28.03.2008 թվականի թիվ 08-1082 որոշմամբ սահմանված և պարբերաբար նրանց կատարվող վճարումների միջոցով, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանի` 28.03.2008 թվականի թիվ 08-1082 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ սահմանվել է` Ընկերությանը պարտավորեցնել Հայցվորներին յուրաքանչյուր ամիս 150.000 ՀՀ դրամի չափով գումար վճարել, որպես կերակրողի` Արման Դավթյանի մահվան հետևանքով կրած վնասի փոխհատուցում, որը Հայցվորներին վճարվելու է պարբերաբար և ցմահ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են, քանի որ վերջինիս կողմից կիրառված իրավանորմերը իրավահարաբերության ծագման պահին (Ընկերության և Կազմակերպության միջև 26.12.2005 թվականին ապահովագրության վկայագրի կնքման) չեն գործել, հետևաբար նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են դրանց ծագման պահին գործող նորմերը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ներկայումս Հայցվորների կողմից պահանջվող գումարը պետք է վճարվեր նրանց, սակայն գործի փաստերով հաստատվել է այն հանգամանքը, որ այդպիսի գումար Հայցվորներին չի վճարվել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 987-րդ հոդվածի 4-րդ կետը չէր պարտավորեցնում Կազմակերպությանն այդ գումարները վճարել Դավիթ Դավթյանին և Ալիսա Զոբաբուրյանին, քանի որ ապահովագրական իրավահարաբերությունները տվյալ դեպքում ծագել են Ընկերության և Կազմակերպության միջև` որպես Ընկերության` վնաս պատճառելու հետևանքով պատասխանատվության ապահովագրություն, իսկ սույն գործում առկա 26.12.2005 թվականին ապահովագրության վկայագրով Ընկերության` ապահովագրական գումարը Դավիթ Դավթյանին կամ նրա իրավահաջորդներին վճարելու պարտավորություն նախատեսված չէ: Հետևաբար Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում վերոնշյալ նորմի իմաստից և անհիմն են:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Արման Դավթյանի կյանքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի համաձայն` Դավիթ Դավթյանին և Ալիսա Զոբաբուրյանին յուրաքանչյուր ամիս հատուցման գումար է սահմանվել 150.000 ՀՀ դրամի չափով:

i

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լրացել է նշված պահանջը ներկայացնելու համար օրենքով սահմանված երկու տարվա ժամկետը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի համաձայն` գույքային ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երկու տարվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետ է սահմանել ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով, որն էլ վերաբերում է ապահովագրական պարտավորության կողմերին` ապահովագրողին և ապահովագրվողին, որի ընթացքում վերջինս ապահովագրողից կարող է պահանջել վճարելու ապահովագրավճարը:

Սույն գործով Դավիթ Դավթյանը և Ալիսա Զոբաբուրյանը պահանջել են Ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.564.600 ՀՀ դրամ գումար:

Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-356(ՎԴ) որոշմամբ արձանագրվել է, որ Կազմակերպության և Արման Դավթյանի, ինչպես նաև նրա ժառանգների միջև որևէ պարտավորաիրավական հարաբերություններ առկա չեն, իսկ սույն որոշման վերլուծություններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վեճի առարկա 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.564.600 ՀՀ դրամ ապահովագրական գումարը ստանալու իրավունքը պատկանում է Ընկերությանը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածով նախատեսված ժամկետի կիրառման հարցը կարող էր քննարկվել միայն Ընկերության և Կազմակերպության միջև ապահովագրական իրավահարաբերությունների դաշտում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

2. Դավիթ Դավթյանից և Ալիսա Զոբաբուրյանից հօգուտ «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի բռնագանձել 453.876 ՀՀ դրամ` որպես «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի կողմից վճարված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ԵՄԴ/0852/02/10
Որոշում