Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ, 280-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0987/02/09

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0987/02/09

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Օֆիկ Ենոքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Օֆիկ Ենոքյանի ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով և փաստացի տիրապետմամբ սեփականության իրավունքը փաստացի տիրապետվող և օգտագործվող շինություններով ու սանհանգույցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչելու, ընդհանուր օգտագործվող բակային տարածքի նկատմամբ համասեփականության իրավունքը ճանաչելու, այդ մասերով պատասխանողների սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի ընդդեմ Օֆիկ Ենոքյանի` վտարման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Օֆիկ Ենոքյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով և փաստացի տիրապետմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող իր կողմից փաստացի տիրապետվող ու օգտագործվող շինություններով և սանհանգույցով ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև իր համասեփականության իրավունքը նույն հասցեի բակի հողամասի և մուտքի նկատմամբ, նշված մասով մասնակի անվավեր ճանաչել պատասխանողների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 25.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Օֆիկ Ենոքյանի սեփականության իրավունքը Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող և նրա կողմից փաստացի տիրապետվող ու օգտագործվող շինություններով և սանհանգույցով ծանրաբեռնված հողամասի, ինչպես նաև Օֆիկ Ենոքյանի համասեփականության իրավունքը նույն հասցեի բակի հողամասի և մուտքի նկատմամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշմամբ բեկանվել է Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 25.09.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հովակիմ Կարոյանը և Սվետլանա Կիրակոսյանը պահանջել են Օֆիկ Ենոքյանին վտարել Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող տնից և տնամերձ հողամասից:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Օֆիկ Ենոքյանի սեփականության իրավունքը Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող և նրա կողմից փաստացի տիրապետվող ու օգտագործվող շինություններով և սանհանգույցով ծանրաբեռնված 60,85 քմ հողամասի նկատմամբ, ինչպես նաև վերջինիս համասեփականության իրավունքը շինություններից ազատ 55,5 քմ հողամասի (Հովակիմ Կարոյանի ու Սվետլանա Կիրակոսյանի հետ ընդհանուր օգտագործվող բակային տարածքի) նկատմամբ: Մասնակիորեն, այն է` Օֆիկ Ենոքյանի կողմից օգտագործվող 60,85 քմ մակերեսով հողամասի մասով և կողմերի հետ համատեղ օգտագործվող 55,5 քմ մակերեսով հողամասի մասով անվավեր է ճանաչվել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից 23.12.2008 թվականի 01-011-004-008 մատյանի 181 համարի տակ Երևան քաղաքի Լազոյի նրբանցքի 9 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը: Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Օֆիկ Ենոքյանի` վտարման պահանջի մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.06.2012 թվականի որոշմամբ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 12.03.2012 թվականի վճիռը հայցի բավարարմանը վերաբերող մասով բեկանվել և փոփոխվել է` Օֆիկ Ենոքյանի հայցն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով և փաստացի տիրապետմամբ սեփականության իրավունքը փաստացի տիրապետվող և օգտագործվող շինություններով ու սանհանգույցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչելու, ընդհանուր օգտագործվող բակային տարածքի նկատմամբ համասեփականության իրավունքը ճանաչելու, այդ մասերով պատասխանողների սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է: Դատարանի 12.03.2012 թվականի վճիռը` վտարման պահանջի մասին, հակընդդեմ հայցի մերժմանը վերաբերող մասով, բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆիկ Ենոքյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Օֆիկ Ենոքյանը, ինչպես նաև իր իրավանախորդ Ռազմիկ Մանուկյանը Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող հողամասը և դրա վրա առկա ինքնակամ կառույցը 10 տարի և ավելի` 45 տարի, բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ որպես սեփական գույք տիրապետել են, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք: Նշվածը հաստատվում է հետևյալ փաստերով.

Օֆիկ Ենոքյանը, ինչպես նաև իր իրավանախորդ Ռազմիկ Մանուկյանը 1967 թվականից Հովսեփ Կարոյանից ձեռք են բերել Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող տան 12,7 քմ մակերեսով սենյակն ու 5,77 քմ մակերեսով պատշգամբը, հետագայում այն վերանորոգել ու ընդլայնել են: Հատկանշական է, որ պատասխանողները ևս ընդունել են, որ Օֆիկ Ենոքյանը և իր իրավանախորդ Ռազմիկ Մանուկյանը 1990 թվականից բնակվում են վիճելի հասցեում, իբրև «վարձակալության իրավունքով»: Մինչդեռ նշվածի վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացրել: Ընդհակառակը, հայցվորն ու իր հանգուցյալ ամուսինը վիճելի տարածքը ձեռք են բերել 1967 թվականից, ինչը հաստատվում է նաև հայցվորի անձնագրում կատարված հաշվառման գրառումով: Բացի այդ, տրամաբանական չէ «վարձակալության իրավունքով» բնակվելու դեպքում 25.05.1991 թվականի հատակագծում վարձակալի` Ռազմիկ Մանուկյանի անվամբ ինքնակամ կառույցներ հաշվառելը, ինչպես նաև նշված ինքնակամ կառույցների վերաբերյալ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի 23.12.2008 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականում գրառելը, այն է` «լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում նշված` «Հողամասի հատակագիծ բաժնում շտրիխապատված մակերեսները օգտագործվում են այլ անձի կողմից»: Ավելին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 16.03.2009 թվականի թիվ 3-1996 տեղեկանքով հայտնվել է, որ նշված հասցեում Ռազմիկ Մանուկյանի անվամբ 25.05.1991 թվականին առկա են հաշվառված անօրինական շինություններ, որոնք գտնվում են վերը նշված հասցեում Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի անվամբ գրանցված հողամասի վրա:

Օֆիկ Ենոքյանի, ինչպես նաև իր իրավանախորդ Ռազմիկ Մանուկյանի կողմից վիճելի գույքը 1967 թվականից առ այսօր տիրապետելու փաստը հաստատվում է նաև թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի ստորագրությամբ հաստատված և կնիքով դրոշմված 06.07.2009 թվականի Երևանի Լազոյի նրբանցքի հարևանների հայտարարությամբ, գործում առկա էլեկտրաէներգիայի բաժանորդային գրքույկներով, վճարված անդորրագրերով, ջրամատակարարման և հեռախոսահամարի բաժանորդային քարտերով և վճարված անդորրագրերով, աղբահանության վճարումների անդորրագրերով, ապահովագրական վկայականներով, ինչպես նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ 24.11.2011 թվականի փորձագետի թիվ 11-188 եզրակացությամբ: Գործում առկա չէ նաև որևէ փաստաթուղթ առ այն, որ պատասխանողները, ինչպես նաև նրանց իրավանախորդը հայցվորի և նրա ամուսնու կողմից վիճելի գույքը փաստացի տիրապետումը դադարեցնելու կամ նշված հասցեից վտարելու վերաբերյալ երբևէ որևէ պահանջ են ներկայացրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 15.06.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, հակընդդեմ հայցը մերժել, կամ օրինական ուժ տալ Դատարանի 12.03.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ռազմիկ Մանուկյանը` Օֆիկ Ենոքյանի ամուսինը, մահացել է 18.05.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 70):

2) Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է Հովսեփ Կարոյանին: Վերջինս 1967 թվականին նշված անշարժ գույքի` տան 12,7 քմ սենյակը և 5,77 քմ պատշգամբը հատկացրել է Ռազմիկ Մանուկյանին: Այդ ժամանակից ի վեր Ռազմիկ Մանուկյանն իր ընտանիքով բնակություն է հաստատել հիշյալ հասցեում: Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող Ռազմիկ Մանուկյանին հատկացված սենյակին կից գտնվող 10,5 քմ, 7,7 քմ բնակելի սենյակները և 9 քմ պատշգամբը, ինչպես նաև բակում գտնվող օժանդակ կառույցները Հովսեփ Կարոյանը հանձնել է հայցվորի ընտանիքին (հատոր 3-րդ, գ.թ. 48-49):

3) Օֆիկ Ենոքյանը 1967 թվականից առ այսօր հաշվառված է Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 9):

4) Սկսած 1967 թվականից` Ռազմիկ Մանուկյանը, ապա նրա իրավահաջորդ Օֆիկ Ենոքյանը կատարել են Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեի բոլոր տեսակի կոմունալ, ջրի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի, ապահովագրության վճարումները (հատոր 1-ին, գ.թ. 14-67):

5) Պատվական Սարգսյանի 01.07.2009 թվականին տված գրավոր հայտարարության համաձայն` 1994 թվականի մայիսին անձամբ վերանորոգել է Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող Ռազմիկ Մանուկյանին պատկանող բնակելի տան տանիքը: Վերանորոգման աշխատանքները կատարել է Ռազմիկ Մանուկյանի և Օֆիկ Ենոքյանի հանձնարարությամբ, և նշված աշխատանքների կատարման ժամանակ բոլոր ծախսերը, ինչպես նաև շինանյութի համար վճարել է Ռազմիկ Մանուկյանը (հատոր 1-ին, գ.թ. 73):

6) Թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի ստորագրությամբ հաստատված և կնիքով դրոշմված 06.07.2009 թվականի Երևանի Լազոյի նրբանցքի հարևանների հայտարարության համաձայն` Ռազմիկ Մանուկյանը 1967 թվականից մինչ իր մահը, ապա Օֆիկ Ենոքյանը 1967 թվականից առ այսօր բնակվում են Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 տանը: Այդ ժամանակվանից սկսած` նրանք են փաստացի տիրապետել և օգտագործել նշված հասցեի բնակելի տունը, ինչպես նաև հոգացել իրենց կողմից առանձնացված ընդհանուր բնակելի տան պահպանման, բարեկարգման աշխատանքները և ծախսերը (հատոր 1-ին, գ.թ. 74):

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 01.10.2008 թվականի գրության համաձայն` ըստ համապատասխան կադաստրային տվյալների` Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեն` որպես անօրինական կառույց, 29.05.1991 թվականին հաշվառվել է Ռազմիկ Մանուկյանի անվամբ: Ինքնակամ շինության մակերեսը կազմում է 44,90 քմ (հատոր 1-ին, գ.թ. 75):

8) Կադաստրի 16.03.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեի անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցված է Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի անուններով հավասար բաժիններով` նոտարի 31.10.2008 թվականի թիվ 8624 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Ռազմիկ Մանուկյանի անվամբ նշված հասցեով 25.05.1991 թվականից հաշվառված են անօրինական շինություններ, որոնք գտնվում են Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի անվամբ գրանցված հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 76):

9) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.11.2011 թվականի փորձագետի թիվ 11-188 եզրակացությամբ հաստատվել է, որ Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 9 հասցեում առկա տնատիրությունը փաստացի բաժանված է 2 մասի: Ընդ որում, սեփականության իրավունքով Հովակիմ Կարոյանին և Սվետլանա Կիրակոսյանին պատկանող նշված հասցեում գտնվող անշարժ գույքից և հողամասից Օֆիկ Ենոքյանը զբաղեցնում է 60,85 քմ մակերեսով շինություններով ծանրաբեռնված հողամաս, 55,5 քմ մակերեսով շինություններից ազատ օրինական հողամասն օգտագործում է պատասխանողի հետ համատեղ, 9,42 քմ մակերեսով շինություններից ազատ օրինական հողամասից դուրս օգտագործում է պատասխանողի և այլ սեփականատիրոջ հետ մեկտեղ (հատոր 3-րդ, գ.թ. 36-41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումը ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ:

 

Դատարանը հայցը բավարարելով, իսկ հակընդդեմ հայցը մերժելով` հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ռազմիկ Մանուկյանը և ապա Օֆիկ Ենոքյանը 10 տարուց ավելի` 45 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետել են վիճելի անշարժ գույքը, կատարել դրա պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու և սկզբնական հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի հողամասը ներառվել է հանգուցյալ Սմբատ Կարոյանի` պատասխանողներից Սվետլանա Կիրակոսյանի ամուսնու, և Հովակիմ Կարոյանի հոր, ժառանգական զանգվածի մեջ և հետագայում ժառանգաբար անցել է պատասխանողներին, որոնց սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ ինչպես պատասխանողների իրավանախորդը, այնպես էլ պատասխանողները չեն հրաժարվել վիճելի հողամասից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փաստերով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: Գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում է ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլ բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ և տիրապետողի, և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Այսպես` սույն գործի փաստերը, մասնավորապես Պատվական Սարգսյանի և մյուս հարևանների գրավոր հայտարարությունները, Օֆիկ Ենոքյանի` վիճելի հասցեում 1967 թվականից առ այսօր հաշվառման փաստը, վիճելի հողամասի վրա առկա ինքնակամ շինությունները Ռազմիկ Մանուկյանի անվամբ հաշվառված լինելը, մյուս կողմից հայցվորների կողմից վիճելի գույքը 45 տարի բացահայտ որպես սեփականը տիրապետելուն պատասխանողների, իսկ դրանից առաջ նաև վերջիններիս իրավանախորդի կողմից չխոչընդոտելու փաստը ցույց են տալիս, որ Ռազմիկ Մանուկյանը և ապա Օֆիկ Ենոքյանը վիճելի հողամասը և տան 12,7 քմ սենյակը և 5,77 քմ պատշգամբը սկսել են փաստացի տիրապել 1967 թվականից բարեխղճորեն և այդ ժամանակվանից սկսած կատարել են տան հետագա շինարարական աշխատանքներ: Նշված շինարարական աշխատանքները հայցվորի ամուսնու կողմից սկսելը, այն 45 տարի տիրապետելը և օգտագործելը, իսկ մյուս կողմից Հովսեփ Կարոյանի կողմից, ում անունով ի սկզբանե հողամասը հատկացվել էր և ումից ձեռք էր բերել հայցվորի ամուսինը, առարկություն, անհամաձայնություն, հողամասը և դրա վրա առկա անշարժ գույքը վերջինիս տիրապետությունից հետ վերադարձնելուն կամ շինարարական աշխատանքները դադարեցնելուն ուղղված որևէ պահանջ չներկայացնելն ինքնին վկայում է այն մասին, որ հիշյալ անշարժ գույքը հայցվորի ամուսնու փաստացի տիրապետմանն է անցել Հովսեփ Կարոյանի կամոք: Ավելին, նշված անգործությունը Հովսեփ Կարոյանի, այնուհետև պատասխանողների կողմից շարունակվել է մինչև 2008 թվականը, երբ արդեն հայցվորը ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վիճելի հողամասի վրա բնակելի տան հետագա շինարարական աշխատանքներ իրականացնելը, դրա մակերեսն ընդլայնելը, վերանորոգման աշխատանքներ կատարելը վկայում են գույքը որպես սեփականը տիրապետելու մասին:

Հայցվորը վիճելի գույքը տիրապետել է 10 տարի և ավելի անընդմեջ, ինչը հաստատվում է նրանով, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գոնե սույն գործով կողմերի միջև ծագած վեճին նախորդած վերջին 10 տարիների ընթացքում հայցվորների կողմից վիճելի գույքի տիրապետումը որևէ կերպ ընդհատվել է կամ նրանք հրաժարվում են գույքի հետագա տիրապետումից, կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններն ուղղվել են գույքը վերադարձնելուն:

Վիճելի գույքի բացահայտ տիրապետման հանգամանքը հաստատվում է վերոնշյալ փաստերով:

Վերոգրյալ փաստերի գնահատումը, սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Դատարանի վճիռը հիմնավոր է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.03.2012 թվականի վճռին:

2. Հովակիմ Կարոյանից և Սվետլանա Կիրակոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.08.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵՇԴ/0987/02/09
Որոշում