Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ               Վարչական գործ թիվ ՎԴ3/0293/05/11

    դատարանի որոշում                                            2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ3/0293/05/11

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Գեպետ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` ստուգման ակտն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` 21.374.067 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Տեսչության աշխատակիցների կողմից 19.10.2011 թվականին կազմված թիվ 1000805 ստուգման ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 21.374.067 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 30.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. առ ոչինչ է ճանաչվել Տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի «Շահութահարկ» վերտառությամբ 1-ին կետը, իսկ նույն ակտի «Ավելացված արժեքի հարկ» վերտառությամբ 5-րդ կետը ճանաչվել է անվավեր: Հայցի մնացած մասով վարչական գործի վարույթը կարճվել է, իսկ Տեսչության հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2012 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Դատարանի 30.12.2011 թվականի վճիռը բավարարված մասով բեկանվել և փոփոխվել է. անվավեր է ճանաչվել Տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի «Շահութահարկ» վերտառությամբ 1-ին կետը, իսկ նույն ակտի 5-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժվել է: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը (01.01.2010 թվականին գործող խմբագրությամբ), «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 30.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը` անտեսելով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը սահմանում է հարկային հաշիվների պահպանման նվազագույն ժամկետ (առնվազն 3 տարի), իսկ պահպանման առավելագույն ժամկետը սահմանված է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, որտեղ սահմանված է, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը կազմակերպության կողմից պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարի:

Այսինքն` վերոնշյալ նորմերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ հարկ վճարողի սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը կազմակերպությունը պարտավոր է պահպանել մինչև դրանց դուրս գրման օրվան հաջորդող առնվազն 3 տարին լրանալը, բայց ոչ պակաս 5 տարուց:

Վերաքննիչ դատարանը, մանրամասն վերլուծության չի ենթարկել գործող օրենսդրությունը, այլապես կնկատեր մի կարևոր հանգամանք, որը կարող էր փոխել գործի ողջ ընթացքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ամեն հարկատեսակ ունի իր համար նախատեսված հաշվարկի ներկայացման և վճարման առանձին ժամկետներ: Ավելացված արժեքի հարկ վճարող սուբյեկտները հարկային տեսչություն ներկայացնում են եռամսյակային և ամսական հաշվետվություններ` մինչև համապատասխանաբար եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը կամ ամսվան հաջորդող 20-ը: Հատկանշական է, որ վիճարկվող դեպքում հարցը վերաբերում է շահութահարկին, իսկ վերջինս կարող է ներկայացվել միայն հաշվետու տարին ավարտվելուց հետո: Այսինքն հաշվետու տարին դեռ չավարտված հարկային մարմինը չէր կարող արձանագրել սուբյեկտի կողմից կատարված խախտումը: Տվյալ դեպքում, Դատարանի եզրահանգումներն ինչ-որ պայմաններում ընդունելի կարող էին լինել, եթե խոսվեր այլ հարկատեսակի, բայց ոչ շահութահարկի մասին: Այսինքն` Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի փորձել անդրադառնալ վերը նշված նորմերի վերլուծությանը և վիճելի հարաբերությունը կարգավորող օրենսդրության պահանջներին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը հակասություն, երկիմաստություն կամ տարընթերցում են պարունակում, այնինչ դրանք օբյեկտիվորեն լրացնում են մեկը մյուսին` հարկային հաշիվների պահպանման 5 տարուց ոչ պակաս հստակ ժամկետի սահմանմամբ, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.05.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 26.07.2011 թվականի թիվ 1000805 հանձնարարագրի հիման վրա Տեսչության կողմից Ընկերությունում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 39):

2) Նշված ստուգման արդյունքում 19.10.2011 թվականին կազմվել է թիվ 1000805 ակտը, որի 1-ին` «Շահութահարկ» կետով արձանագրվել է, որ 2007 թվականի տարեկան արդյունքներով 15.04.2008 թվականին ներկայացված շահութահարկի հաշվարկում ցույց է տրվել իրացված ապրանքների գծով ձեռքբերման ծախս` 52.665.000 ՀՀ դրամ, նշված ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորվել: Խախտվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները` համախառն եկամուտը նվազեցվել է առանց փաստաթղթերով հիմնավորված ծախսերով` 52.665.000 ՀՀ դրամ: Նույն ժամանակաշրջանում իրացման շրջանառությունում չի ներառվել 20.000.000 ՀՀ դրամ իրացումից հասույթ, որի ձեռքբերման արժեքը կազմել է (ըստ ներկայացված փաստաթղթերի) 22.900.000 ՀՀ դրամ, նշված գործարքից ունեցել է վնաս` 2.900.000 ՀՀ դրամ: 2007 թվականի տարվա արդյունքներով հաշվարկվել է լրացուցիչ հարկվող շահույթ` 49.765.000 ՀՀ դրամ, որից հաշվարկվել է 9.953.000 ՀՀ դրամ շահութահարկ, որը ենթակա է առաջադրման:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածների համաձայն` կիրառվում է տուգանք պակաս ցույց տված հարկի գումարի 50%-ի չափով` 4.976.500 ՀՀ դրամ, 10%-ի չափով` 995.300 ՀՀ դրամ, և հաշվարկվում է ժամկետանց օրերի տույժ` 5.449.267 ՀՀ դրամ: 2010 թվականին կազմակերպության (Ընկերության) կողմից իրացված թվով 2 ավտոմեքենաների իրացումից հասույթը կազմել է 11.000.000 ՀՀ դրամ, որոնց ձեռքբերման արժեքը, ըստ ներկայացված փաստաթղթերի, կազմել է 20.991.300 ՀՀ դրամ կամ ունեցել է 9.991.300 ՀՀ դրամ վնաս: Նշված (2010 թվականի) ժամանակաշրջանի վերաբերյալ կազմակերպությունը (Ընկերությունը) չի ներկայացրել շահութահարկի հաշվարկ: 2010 թվականի գործունեության մասով լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջադրել, քանի որ ունեցել է վնաս, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47/1 հոդվածով սահմանված նվազագույն շահութահարկ չի հաշվարկվում, քանի որ իրացրել է հիմնական միջոց: Ընդամենը շահութահարկի գծով առաջադրվել է 21.374.067 ՀՀ դրամ»(գ.թ. 40-43):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշիվների պահպանման ժամկետների խնդրին:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Վերը նշված նորմերից հետևում է, որ վարչական ակտն առ ոչինչ լինելու համար անհրաժեշտ է, որ այդ ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվի ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ նրան տրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, իսկ անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը:

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (վիճելի իրավահարաբերության առաջացման պահին գործող ինկորպորացիայով) համաձայն` սույն օրենքի ԱԱՀ վճարող անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարի պահպանել իրենց կողմից տրված բոլոր հարկային հաշիվների պատճենները, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը հաստատող հաշիվները, ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին ԱԱՀ-ի վճարումը հաստատող հայտարարագրերը, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկմանը և վճարմանը վերաբերող այլ փաստաթղթեր (...):

i

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերը կազմակերպության կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիշատակված դրույթի բովանդակության բացահայտումը և ճիշտ կիրառումը պայմանավորված է ոչ միայն նշված հոդվածի տառացի մեկնաբանմամբ, այլև այդ հոդվածի` այլ իրավական ակտերում առկա դրույթների հետ համակցության մեջ մեկնաբանելով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում ամրագրված դրույթը տնտեսվարող սուբյեկտի համար սահմանում է պարտականություն նախ ժամանակագրական առումով հաշվառել որոշակի փաստաթղթեր, այդ թվում դուրս գրված հարկային հաշիվները, ապա դրանք պահպանել դուրսգրման օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում: Նշված ժամկետը օրենսդիրը սահմանում է որպես փաստաթղթերի պահպանման ժամկետի նվազագույն շեմ` օգտագործելով «առնվազն» եզրույթը:

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում ևս սահմանված է որոշակի ժամկետ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտները պետք է պահպանեն հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկություններ: Այդպիսի ժամկետ է սահմանված հինգ տարին: Այս դեպքում ևս օրենսդիրը նշված ժամկետը դիտում է որպես նվազագույն ժամկետ: Սակայն ի տարբերություն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում ամրագրված դրույթի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում օրենսդիրը սահմանում է լրացուցիչ պայման, այն է` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում»: Նշվածից հետևում է, որ բոլոր դեպքերում հաշվապահական հաշվառման փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված կարգով պահվում են սահմանված ժամկետներում, սակայն եթե այդ ժամկետը նվազ է հինգ տարուց, ապա այդ փաստաթղթերը պահպանվում են առնվազն հինգ տարի: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում ամրագրված դրույթն ըստ էության առավել լայն է և կիրառելի է այլ հարկատեսակների գծով հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանման ժամկետների նկատմամբ, քանի որ դրանում պարունակվող ժամկետի հաշվարկման պայման է Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով համապատասխան փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգի և ժամկետների պահպանումը:

Վերոնշյալ մեկնաբանությունը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում սահմանված եռամյա ժամկետը նվազ է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում սահմանված հնգամյա ժամկետից, հետևաբար գործում է վերջինս: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ նշված հոդվածները ժամկետների առումով չեն պարունակում հակասություններ, քանի որ դրանցում ամրագրված դրույթները փոխլրացնող են:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 26.07.2011 թվականի թիվ 1000805 հանձնարարագրի հիման վրա Տեսչության կողմից Ընկերությունում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:

Նշված ստուգման արդյունքում 19.10.2011 թվականին կազմվել է թիվ 1000805 ակտը, որի 1-ին` «Շահութահարկ» կետով արձանագրվել է, որ 2007 թվականի տարեկան արդյունքներով 15.04.2008 թվականին ներկայացված շահութահարկի հաշվարկում ցույց է տրվել իրացված ապրանքների գծով ձեռքբերման ծախս 52.665.000 ՀՀ դրամի չափով, սակայն նշված ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորվել: Խախտվել են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները` համախառն եկամուտը նվազեցվել է առանց փաստաթղթերով հիմնավորված ծախսերով` 52.665.000 ՀՀ դրամի չափով: Նույն ժամանակաշրջանում իրացման շրջանառությունում չի ներառվել 20.000.000 ՀՀ դրամ իրացումից հասույթ, որի ձեռքբերման արժեքը կազմել է (ըստ ներկայացված փաստաթղթերի) 22.900.000 ՀՀ դրամ, նշված գործարքից ունեցել է վնաս 2.900.000 ՀՀ դրամի չափով: 2007 թվականի տարվա արդյունքներով հաշվարկվել է լրացուցիչ հարկվող շահույթ` 49.765.000 ՀՀ դրամ, որից հաշվարկվել և առաջադրվել է շահութահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորություն 9.953.000 ՀՀ դրամի չափով:

Նշված կետով նաև արձանագրվել է. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածների համաձայն` կիրառվում է տուգանք պակաս ցույց տված հարկի գումարի 50%-ի չափով` 4.976.500 ՀՀ դրամ, 10%-ի չափով` 995.300 ՀՀ դրամ, և հաշվարկվում է ժամկետանց օրերի տույժ` 5.449.267 ՀՀ դրամ: 2010 թվականին կազմակերպության (Ընկերության) կողմից իրացված թվով 2 ավտոմեքենաների իրացումից հասույթը կազմել է 11.000.000 ՀՀ դրամ, որոնց ձեռքբերման արժեքը, ըստ ներկայացված փաստաթղթերի, կազմել է 20.991.300 ՀՀ դրամ կամ ունեցել է 9.991.300 ՀՀ դրամ վնաս: Նշված (2010 թվականի) ժամանակաշրջանի վերաբերյալ կազմակերպությունը (Ընկերությունը) չի ներկայացրել շահութահարկի հաշվարկ: 2010 թվականի գործունեության մասով լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջադրել, քանի որ ունեցել է վնաս, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47/1 հոդվածով սահմանված նվազագույն շահութահարկ չի հաշվարկվում, քանի որ իրացրել է հիմնական միջոց: Ընդամենը շահութահարկի գծով առաջադրվել է 21.374.067 ՀՀ դրամ»:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն հիմնավորմանը, որ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանելու համար սահմանված է ոչ թե երեք, այլ հինգ տարի ժամկետ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված փաստարկն անհիմն է, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաև հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից (տեղական հարկերի դեպքում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի 1-ին` «Շահութահարկ» կետով արձանագրված իրացված ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը չներկայացվելու հետևանքով Ընկերության նկատմամբ որևէ պարտավորություն առաջադրվել չէր կարող, քանի որ նշված կետը վերաբերում է 2007 թվականին, իսկ սույն գործով վիճարկվող ակտը կազմվել է միայն 19.10.2011 թվականին, հետևաբար Ընկերությունն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով վերոգրյալ փաստաթղթերը պահպանելու պարտավորություն է ունեցել մինչև 31.12.2010 թվականը ներառյալ:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, գտնում է, որ վերջինս սխալ է մեկնաբանել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, որպիսի հանգամանքն ազդել է գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի 1-ին` «Շահութահարկ» կետով արձանագրված իրացված ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը չներկայացվելու հետևանքով Ընկերության նկատմամբ առաջադրված պարտավորությունների հիմքում դրվել է նաև այն փաստը, որ Ընկերությունը չի ներկայացրել վերոնշյալ փաստաթղթերը, մինչդեռ դրանք պահպանելու պարտականություն Ընկերությունն ունեցել է 2007 թվականից սկսած` ոչ պակաս քան հինգ տարի:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի 1-ին կետով առաջադրված լրացուցիչ պարտավորության առաջադրումն իրավաչափ է և բացակայում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված անվավերության հիմքերը:

Այսպիսով` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.05.2012 թվականի որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի «Շահութահարկ» վերտառությամբ 1-ին կետը անվավեր ճանաչելու և նշված կետի հիմքով գումարի բռնագանձման հակընդդեմ հայցը մերժելու մասերը և այդ մասերով այն փոփոխել. հայցը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի «Շահութահարկ» վերտառությամբ 1-ին կետը անվավեր ճանաչելու պահանջի մասով մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել. «Գեպետ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 21.374.067 ՀՀ դրամ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.05.2012 թվականի որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության 19.10.2011 թվականի թիվ 1000805 ակտի «Ավելացված արժեքի հարկ» վերտառությամբ 5-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժելու մասը թողնել անփոփոխ:

2. «Գեպետ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 427.481 ՀՀ դրամ` որպես առաջին ատյանի դատարանում հակընդդեմ հայցի համար վճարված պետական տուրքի գումար, 651.222 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 661.222 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ՎԴ3/0293/05/11
Որոշում