Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1072-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1072-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0657/02/12

    դատարանի որոշում                                             2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0657/02/12

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ի. Վարդանյան

                       Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Դավիթ Նազլուխանյանի և Հակոբ Ոսկերչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Բյուրո) ընդդեմ Դավիթ Նազլուխանյանի և Հակոբ Ոսկերչյանի` դրամական միջոցներ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Դավիթ Նազլուխանյանից և Հակոբ Ոսկերչյանից համապարտության կարգով բռնագանձել 4.097.162 ՀՀ դրամ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2013 թվականի որոշմամբ Դավիթ Նազլուխանյանի և Հակոբ Ոսկերչյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 25.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Դավիթ Նազլուխանյանը և Հակոբ Ոսկերչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 101-րդ հոդվածի 2-րդ կետը, 118-րդ հոդվածի 2-րդ կետը, 119-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումները պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան պատահարի պահի դրությամբ թեև հաշվառված է եղել Հակոբ Ոսկերչյանի անվամբ, սակայն դեռևս 2008 թվականին Ոսկերչյանն այն վաճառել է Դավիթ Նազլուխանյանին, ստացել է մեքենայի արժեքը և այդ պահից մեքենան հանձնել է վերջինիս, ինչի մասին կողմերի միջև կազմվել է գրավոր փաստաթուղթ: Այսինքն` այդ պահից դադարել է Հակոբ Ոսկերչյանի սեփականության իրավունքը նշված ավտոմեքենայի նկատմամբ, հետևաբար վթարի պահին դրա սեփականատեր է հանդիսացել Դավիթ Նազլուխանյանը:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` 12.10.2008 թվականի ստացականը, որով հաստատվում է այն փաստը, որ վթարի պահի դրությամբ «Ֆոլկսվագեն Վենտո» ավտոմեքենան չի գտնվել Հակոբ Ոսկերչյանի տիրապետման ներքո և չի հանդիսացել վերջինիս սեփականությունը, գործում առկա 14.10.2011 թվականի նոտարական կարգով հաստատված հայտարարության բնօրինակն առ այն, որ Սերգեյ Ավետիքյանը ստացել է 1.000.000 ՀՀ դրամ, սակայն այդ փաստը թաքցրել է Բյուրոյից:

Բացի այդ, վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Դատարանը Հակոբ Ոսկերչյանին անհիմն կերպով է սույն գործով ներգրավել որպես համապատասխանող և կիրառել հայցի ապահովման միջոց, իսկ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժել է հենց ներկայացնելու օրը` առանց գործի քննությունը հետաձգելու և միջնորդությունը քննարկելու:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 12.10.2008 թվականի «Ստացականի» համաձայն` Հակոբ Ոսկերչյանը «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 16 ԼԼ 926 համարանիշի ավտոմեքենան 5.800 ԱՄՆ դոլարով վաճառել է Դավիթ Նազլուխանյանին և նշված ավտոմեքենան հանձնել է վերջինիս տիրապետմանը, իսկ գումարը ստացել է (հատոր 2-րդ, գ.թ 48):

2) 17.02.2012 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման համաձայն` 16.09.2011 թվականին` ժամը 19:00-ի սահմաններում, Դավիթ Նազլուխանյանի վարած «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի թիվ 10 հասցեում գտնվող շենքի մոտ բախվել է Էդուարդ Ավետիքյանի վարած «ՎԱԶ-21150» մակնիշի 28 ՏՏ 333 համարանիշի ավտոմեքենային, որն էլ հրվելով` բախվել է Կամո Թորոսյանի վարած «Կիա Սորենտո» մակնիշի 24 ՍՍ 914 համարանիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Ֆոլկսվագեն Վենտո» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ Դավիթ Նազլուխանյանի և Էդուարդ Ավետիքյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ նույն ավտոմեքենաների ուղևորներ Արթուր Շահնազարյանի և Էդիտա Ավետիքյանի առողջությանը` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Պատահարը տեղի է ունեցել Դավիթ Նազլուխանյանի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման` «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններ» հավելված թիվ 1-ի 65-րդ կետի պահանջները խախտելու հետևանքով: Պարզվել է նաև, որ Դավիթ Նազլուխանյանը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտում, այն է` ավտոմեքենան վարել է առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու (հատոր 1-ին, գ.թ 21-23):

3) 12.04.2012 թվականի թիվ ՀԵ/12-053 փորձագիտական եզրակացության համաձայն` ՎԱԶ-21150 մակնիշի 28 ՏՏ 333 համարանիշի ավտոմեքենային պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի չափը կազմել է 1.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ 46-49):

4) Միևնույն պատահարի առնչությամբ պատճառված անձնական վնասների գծով հատուցում են ստացել նաև Էդիտա Ավետիքյանը` 1.471.831 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ 67-69, 87-89) և Էդուարդ Ավետիքյանը` 1.018.994 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ 101-102, 111-112):

5) 14.10.2011 թվականի նոտարական կարգով հաստատված հայտարարության համաձայն` Սերգեյ Ավետիքյանը` բնակվող ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Զ. Անդրանիկի փողոց, տուն թիվ 55 հասցեում, որպես պատճառված վնասի հատուցում, ստացել է 1.000.000 ՀՀ դրամ Աիդա Թումանյանից` բնակվող ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն-4 ՄԵՔ, թիվ 35-10 հասցեում (հատոր 2-րդ, գ.թ. 47), ըստ հայցադիմումի` Դավիթ Նազլուխանյանի բնակության հասցեն է` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն-4 ՄԵՔ, թիվ 35-10, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և 29.03.2012 թվականի լիազորագրի համաձայն` Էդուարդ Ավետիքյանի բնակության հասցեն է` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Զ. Անդրանիկի փողոց, տուն թիվ 55 (հատոր 1-ին գ.թ. 2, 27-28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործարքի հիման վրա տրանսպորտային միջոցի ձեռքբերման դեպքում սեփականության իրավունքի ծագման առանձնահատկություններին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համատեքստում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքի ծագումը պայմանավորել է գույքը հանձնելու պահով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված օրենքով կամ պայմանագրով, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177-րդ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցների հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցման պարտադիր պայման նախատեսված չի եղել (տե՛ս Գրիգոր Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 2 հաշվառման քննական ստորաբաժանման, Վարդան Սաղաթելյանի, Գալինա Լիվադոնովայի, Ալբերտ Ամիրյանի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին թիվ ԵԷԴ/0231/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը): Այդ պահանջը և այն չպահպանելու հետևանքները նախատեսվել են միայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.07.2010 թվականին: Մասնավորապես, նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ներքոհիշյալ մասերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ.

1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից:

5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը կնքելուց հետո նոր օրենք ընդունվելու դեպքում կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, եթե ընդունված օրենքում ամրագրված չէ կողմերի համար սահմանված պարտադիր այլ կանոնների անմիջական կիրառումը նախկինում կնքված պայմանագրերի նկատմամբ:

Այսպիսով, օրենսդրի կողմից ըստ էության ամրագրվել է այն մոտեցումը, որ նախկինում կնքված պայմանագիրն իր պայմաններով գերակա է նոր ընդունված այն օրենքի նկատմամբ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ: Դա իր հերթին որոշակի երաշխիք է ստեղծում պայմանագրի կողմերի համար և բացառում նրանց կամքից անկախ` նոր ընդունված օրենքով պայմանագրի պայմանների փոփոխումը, որոնք գործել են պայմանագիրը կնքելու պահին, և որոնց պահպանումը պարտադիր էր պայմանագիրը կնքող կողմերի համար:

Միաժամանակ, ընդհանուր կանոնից օրենսդիրը բացառություն է սահմանել այն դեպքը, երբ օրենքում ուղղակիորեն սահմանված է դրա գործողության տարածումը նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա (տե՛ս ըստ հայցի Մարիետա Ղուկասյանի ընդդեմ Նորայր Վարդանյանի` նվիրատվությունը վերացնելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ԵՔԴ/0318/02/08 որոշումը):

Տվյալ դեպքում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքում սահմանված չէ, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող վեճեր քննելիս դատարանները պետք է պարզեն`

1. տրանսպորտային միջոցի օտարման գործարքը կնքվել է մինչ վկայակոչված օրենսդրական փոփոխությունը, թե դրանից հետո, ըստ այդմ`

2. եթե գործարքը կնքվել է մինչ օրենսդրական փոփոխությունը, ապա պայմանագրի գինը վճարված է, թե ոչ,

3. եթե գործարքը կնքվել է օրենսդրական փոփոխությունից հետո, գործարքից ծագող իրավունքը պետական գրանցման ենթարկվել է, թե ոչ:

Միայն նշված փաստերը պարզելուց հետո դատարանները կարող են հետևություն անել տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ սույն գործով վնասը պատճառվել է առավել վտանգի աղբյուրով և վիճելի է այն հանգամանքը, թե պատճառված վնասի համար որպես պատասխանատու սուբյեկտ ով է կրում հատուցման պարտավորություն, հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանմանը:

i

Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` նույն օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

Իրավադրույթի մեկնաբանությունից հետևում է, որ առավել վտանգի աղբյուրով վնաս պատճառելու համար պատասխանատվություն կրում է այն տիրապետող սուբյեկտը` անկախ այն հանգամանքից հանդիսանում է ավտոմեքենայի սեփականատեր, թե այլ օրինական հիմքով այն տիրապետող անձ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված բացառություններով: Մասնավորապես, նշված իրավանորմի համաձայն` առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք: Աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից այդ աղբյուրի ապօրինի վերցնելու մեջ նրա մեղքի առկայության դեպքում պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ, այնպես էլ` այն ապօրինի ձեռք բերողի վրա:

Այսինքն` օրենսդիրն առավել վտանգի աղբյուրով վնաս պատճառելու համար պատասխանատու սուբյեկտների շրջանակը չի սահմանափակել միայն սեփականատեր լինելու հիմքով, որպես այդպիսին դիտելով նաև առավել վտանգի աղբյուրն այլ իրավունքով տիրապետող, անգամ` ապօրինի տիրապետած անձանց:

Սույն գործի փաստերի համաձայն` Հակոբ Ոսկերչյանը 12.10.2008 թվականին «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 16 ԼԼ 926 համարանիշի ավտոմեքենան 5.800 ԱՄՆ դոլարով վաճառել է Դավիթ Նազլուխանյանին: Վերջինս պայմանագրի առարկան փաստացի ընդունել է և ամբողջությամբ վճարել է պայմանագրի գինը: Նշված պայմանագրով դրա առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պահի վերաբերյալ որևէ պայման նախատեսված չէ:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ հայցվորի կողմից տուժողների անվամբ կատարված վճարումները համապարտության կարգով ենթակա են բռնագանձման պատասխանողներ Դավիթ Նազլուխանյանից և Հակոբ Ոսկերչյանից: Դատարանը տրանսպորտային միջոցի գրանցման վկայագրի հիման վրա արձանագրել է, որ Դավիթ Նազլուխանյանի կողմից վարած «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 16 ԼԼ 926 համարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Հակոբ Ոսկերչյանին: Անդրադառնալով վերջինիս ներկայացուցչի այն փաստարկին, որ Հակոբ Ոսկերչյանն ավտոմեքենան դեռևս 2008 թվականին վաճառել է Դավիթ Նազլուխանյանին, որն էլ իր հերթին պարտավոր է եղել մեքենան իր անվամբ հաշվառել, հետևաբար որպես ավտոմեքենայի սեփականատեր պատասխանատվություն պետք է կրի միայն Դավիթ Նազլուխանյանը, Դատարանն այն գտել է անհիմն` պատճառաբանելով, որ պատասխանողների միջև կնքված ներքին առուվաճառքի պայմանագրի հիման վրա պատասխանող Դավիթ Նազլուխանյանը Հակոբ Ոսկերչյանի ստորագրության իսկությունն օրենքով սահմանված կարգով հաստատված չլինելու պարագայում իր նախաձեռնությամբ մեքենան ոստիկանությունում իր անվամբ հաշվառել չէր կարող: Դատարանն անհիմն է համարել նաև առարկությունն այն մասին, որ պատասխանող Դավիթ Նազլուխանյանը տուժող Ավետիքյաններին առձեռն վճարել է 1.000.000 ՀՀ դրամ, և որ այդ գումարի չափով հայցը ենթակա է մերժման: Մասնավորապես, Դատարանը նշել է, որ ներկայացուցչի կողմից ներկայացված 14.10.2011 թվականին նոտարի կողմից հաստատված հայտարարության համաձայն` ոմն Սերգեյ Ավետիքյան 1.000.000 ՀՀ դրամ է ստացել քաղաքացի, գործով անհայտ Աիդա Թումանյանից և որևէ կերպ չի հիմնավորվում Սերգեյ Ավետիքյանի կամ Աիդա Թումանյանի կապը սույն գործով տուժող Ավետիքյանի և պատասխանող Դավիթ Նազլուխանյանի հետ: Բացի այդ, Դատարանը գտել է, որ սույն գործով հայցվոր է հանդիսանում և վնասների հատուցման պահանջ է ներկայացրել Բյուրոն, որը պահանջել է իր կողմից կրած վնասների գումարը, հետևաբար տուժող Ավետիքյանների ստացած 1.000.000 ՀՀ դրամը, եթե այդպիսին տեղի է ունեցել, որևէ կերպ հայցվորի կրած վնասի գումարի չափը չի կարող նվազեցնել:

Վերաքննիչ դատարանը, վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Հակոբ Ոսկերչյանը որպես իր և Դավիթ Նազլուխանյանի միջև պատշաճ գործարք կնքված լինելու ապացույց ներկայացրել է իր բովանդակությամբ ավտոմեքենայի առուվաճառքի գործարք հանդիսացող հասարակ գրավոր ձևով կազմված «Ստացական» վերնագրված փաստաթուղթ, որի վրա առկա թվագրման համաձայն` այն կնքվել է 12.10.2008 թվականին: Գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել ավտոմեքենայի նկատմամբ 12.10.2008 թվականի գործարքի հիման վրա Դավիթ Նազլուխանյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի այն պատճառաբանությունը, որ սույն գործով հայցվոր է հանդիսանում և վնասների հատուցման պահանջ է ներկայացրել Բյուրոն, որը պահանջել է իր կողմից կրած վնասների գումարը, հետևապես տուժող Ավետիքյանների ստացած 1.000.000 ՀՀ դրամը, եթե այդպիսին տեղի է ունեցել, որևէ կերպ հայցվորի կրած վնասի գումարի չափը չի կարող նվազեցնել:

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 12.10.2008 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքման պահին գործող օրենսդրությամբ, մասնավորապես` վիճելի իրավահարաբերությունը կարգավորող «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի պետական գրանցման պարտադիր պահանջ և նշված պայմանագրով դրա առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չլինելու պայմաններում վիճելի ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելու պահից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի և 507-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դրա նկատմամբ ծագել է Դավիթ Նազլուխանյանի սեփականության իրավունքը: Հետևաբար անհիմն է ստորադաս դատարանների կողմից հաստատված այն փաստը, որ 16.09.2011 թվականին վթարի ենթարկված «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 16 ԼԼ 926 համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսացել Հակոբ Ոսկերչյանը, և վերջինս կրում է համապարտ պատասխանատվություն:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արդեն իսկ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետով (լրացումը կատարվել է վերոհիշյալ 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն օրենքով) սահմանված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր չներկայացնելը անձին տրանսպորտային միջոցի սեփականատեր համարելու հարցում էական նշանակություն չունի, քանի որ նշված հոդվածով մինչև 2010 թվականի հուլիսի 01-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ համարելու հանգամանքն ամենևին չի նշանակում, որ մինչև 2010 թվականի հուլիսի 01-ը կնքված տրանսպորտային միջոցի գործարքներից ծագող իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման, կամ այդ նորմը հետադարձ ուժ ունի, այսինքն` դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

Նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև նույն հոդվածի 16-րդ կետով, որի համաձայն` այն անձը, որ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք է ձեռք բերել մինչև 2010 թվականի հուլիսի 01-ը և չունի այդ տրանսպորտային միջոցի համար հաշվառման վկայագիր, կարող է 2010 թվականի հուլիսի 01-ից հետո տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման փաստաթղթեր ստանալու համար նույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին: Այսինքն` օրենսդիրը տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքը չի կապել տրանսպորտային միջոցի համար հաշվառման վկայագիր և հաշվառման փաստաթղթեր ունենալու հետ (տե՛ս Գրիգոր Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 2 հաշվառման քննական ստորաբաժանման, Վարդան Սաղաթելյանի, Գալինա Լիվադոնովայի, Ալբերտ Ամիրյանի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին թիվ ԵԷԴ/0231/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):

Անդրադառնալով բողոքի հիմքում դրված այն փաստարկին, որ պատասխանող Դավիթ Նազլուխանյանի կողմից տուժողներին տրվել է հատուցում 1.000.000 ՀՀ դրամի չափով, հետևաբար հայցն այդ գումարի մասով ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանն այն ևս գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումը նաև Օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ Օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից:

Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Բյուրոն հիմնադրելու և Կենտրոնական բանկի կողմից Բյուրոյին անդամակցելու մասին որոշմամբ հաստատվում են նաև Բյուրոյի կանոնադրությունը և Երաշխավորման ֆոնդի կանոնները: Երաշխավորման ֆոնդի կանոնները մասնավորապես ներառում են ֆոնդի միջոցների ձևավորման, դրանց կառավարման կանոնները:

Բյուրոյի խորհրդի 29.12.2010 թվականի թիվ 44-Լ որոշմամբ հաստատված Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցումների վճարման Կանոնների 14-րդ կետի համաձայն` Բյուրոն հատուցման հաշվարկն իրականացնելիս տուժողին պատճառված վնասի չափից բավարար հիմքերի առկայության դեպքում մասհանում է վնաս պատճառած անձի և (կամ) վնասի համար պատասխանատու այլ անձի կողմից տուժողին վճարված և (կամ) տուժողի համար վճարված գումարները, բացառությամբ եթե նշված անձանց միջև առկա է գրավոր ձևով կնքված և գործող համաձայնագիր կամ գրավոր հայտարարություններ, համաձայն որոնց տուժողը ստանձնում է կողմերի միջև առկա այլ հարաբերություններով չպայմանավորված պարտավորություն ապահովելու նախապես իր կողմից ստացված և (կամ) նախապես իր համար վճարված գումարների վերադարձը վնաս պատճառած անձին և (կամ) վնասի համար պատասխանատու այլ անձին, որի դեպքում համարվում է, որ տուժողը վնաս պատճառողից հատուցում չի ստացել, և Բյուրոն տվյալ դեպքի համար օրենքով սահմանված առավելագույն գումարի սահմաններում հատուցումը վճարում է ամբողջությամբ:

Վկայակոչված իրավակարգավորումից հետևում է, որ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սահմանված կարգով հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր: Ընդ որում, Բյուրոն մինչ հատուցում վճարելը պարտավոր է պարզել` վնաս պատճառած անձի և (կամ) վնասի համար պատասխանատու այլ անձի կողմից տուժողին և (կամ) տուժողի համար, ի հատուցումն պատճառված վնասի, գումար վճարվել է, թե ոչ, որից հետո տուժողին վճարված հատուցման մասով պետք է կատարվի մասհանում:

Ի հիմնավորումն վկայակոչված փաստարկի` բողոքաբերի կողմից ներկայացվել է 14.10.2011 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարություն, համաձայն որի` Սերգեյ Ավետիքյանն Աիդա Թումանյանից ստացել է 1.000.000 ՀՀ դրամ:

Ներկայացված ապացույցի հետազոտման արդյունքում ստորադաս դատարանները հետևություն են արել առ այն, որ որևէ կերպ չի հիմնավորվում Սերգեյ Ավետիքյանի կամ Աիդա Թումանյանի կապը սույն գործով տուժող Ավետիքյանի և պատասխանող Դավիթ Նազլուխանյանի հետ, բացի այդ, սույն գործով հայցվոր է հանդիսանում Բյուրոն, որը պահանջել է իր կողմից կրած վնասների գումարը, հետևաբար տուժող Ավետիքյանների ստացած 1.000.000 ՀՀ դրամը, եթե այդպիսին տեղի է ունեցել, որևէ կերպ հայցվորի կրած վնասի գումարի չափը չի կարող նվազեցնել:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները լրիվ և բազմակողմանի չեն հետազոտել և գնահատել վերոնշյալ ապացույցը: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել այն հանգամանքը, որ գումարը ստացած անձի և տուժողի ազգանունները, ինչպես նաև բնակության հասցեները համընկնում են: Համընկնում են նաև վճարողի և պատասխանող Դավիթ Նազլուխանյանի բնակության հասցեները, որպիսի պարագայում անհրաժեշտ է պարզել վերոնշյալ անձանց միջև ազգակցական կամ այլ կապի առկայությունը: Բացի այդ, համաձայն նշված հայտարարության` գումարը տրվել է որպես պատճառված վնասի հատուցում, հետևաբար դատարանները պետք է պարզեին` նշված գումարով պատասխանող Դավիթ Նազլուխանյանի կողմից տուժող Էդուարդ Ավետիքյանի գույքին կամ առողջությանը պատճառված վնաս հատուցվել է, թե ոչ, հայցվորը մինչ հատուցում վճարելը պարզել է արդյոք վնաս պատճառած անձի կողմից վնասի` լրիվ կամ մասնակի հատուցման փաստը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները կարող են պարզվել միայն գործի նոր քննությամբ` թույլատրելի և վերաբերելի ապացույցներով, այդ թվում` գործին մասնակցող անձանց, գումարը վճարած և ստացած անձանց ցուցմունքներով:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, թե վնաս պատճառած անձի կողմից 1.000.000 ՀՀ դրամը հատուցված համարելու դեպքում անգամ այդ հանգամանքը չի կարող հայցվորի կրած վնասի գումարի չափը նվազեցնել, ապա այն անհիմն է, քանի որ նշված գումարի չափով վնաս պատճառած անձի կողմից վնասի հատուցումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համապատասխան բացառում է այդ գումարը նրանից կրկնակի բռնագանձելու հնարավորությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2013
N ԼԴ/0657/02/12
Որոշում