Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0230/02/11

    դատարանի որոշում                                               2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0230/02/11

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սևան Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Սամվել Սարգսյանի, Սարիբեկ Առաքելյանի, Սևան Խաչատրյանի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` իրավունքի պետական գրանցումը, առուվաճառքի և գրավի պայմանագրերը, դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, սեփականատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Սամվել Սարգսյանի անվամբ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ 03.02.2011 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը, անվավեր ճանաչել 04.02.2011 թվականին Սամվել Սարգսյանի և Սարիբեկ Առաքելյանի միջև Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ կնքված առուվաճառքի թիվ 544 պայմանագիրը, դրա հիման վրա 08.02.2011 թվականին Սարիբեկ Առաքելյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումը, անվավեր ճանաչել 09.02.2011 թվականին Սարիբեկ Առաքելյանի և Սևան Խաչատրյանի միջև Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ կնքված թիվ 607 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 11.02.2011 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը, անվավեր ճանաչել 21.02.2011 թվականին Սևան Խաչատրյանի և Բանկի միջև Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ կնքված թիվ 423 գրավի պայմանագիրը և դրա հիման վրա 23.02.2011 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը և վերականգնել իր սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.02.2013 թվականի որոշմամբ Սամվել Սարգսյանի և Սևան Խաչատրյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 19.10.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սևան Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 163-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածները, 149.9-րդ հոդվածի 1-ին կետը, 227-րդ հոդվածի 2-րդ կետը և 228-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը հիմնավորում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 09.02.2011 թվականին նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանի սեփականատեր Սարիբեկ Առաքելյանից գնել է նշված բնակարանը և 11.02.2011 թվականին իր անվամբ ստացել է թիվ 2824039 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետն իրավական հիմք է ստեղծել պաշտպանելու բարեխիղճ ձեռք բերողի շահերն այն դեպքում, երբ վերջինս ձեռք է բերել այն այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից և որի` տվյալ գույքի օտարման անիրավաչափության մասին նա չգիտեր և պարտավոր չէր իմանալ: Մինչդեռ վիճելի հասցեի անշարժ գույքն ինքը ձեռք է բերել այդ գույքի սեփականատիրոջից, որը հանդիսացել է այդ գույքն օտարելու իրավունք ունեցող անձ, բացի այդ ինքը` որպես բարեխիղճ ձեռք բերող, չգիտեր և պարտավոր չէր իմանալ տվյալ բնակարանի նկատմամբ Ռոբերտ Խաչատրյանի ժառանգության իրավունքի վկայագրի և հետագայում կնքված գործարքի վիճարկման հիմք հանդիսացող այլ հանգամանքների առկայության մասին:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Խաչատրյանը չի հանդիսացել և ներկայումս էլ չի հանդիսանում Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանի սեփականատերը, այն չի գտնվել վերջինիս տիրապետության ներքո և, հետևաբար, նշված բնակարանը վաճառելու փաստը որևէ կերպ չի կարող դիտվել որպես նրա տիրապետումից դուրս գալու հանգամանք:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 06.02.2013 թվականի որոշումը` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 03.09.2001 թվականին նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով Կիմա Խաչատրյանը գնել է Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանը, որի նկատմամբ 01.04.2003 թվականին գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը, և տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 408906 վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 72-73, 78):

2) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն.Սարգսյանի կողմից 30.12.2010 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 29.06.2010 թվականին մահացած Կիմա Խաչատրյանի` Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ հասցեի անշարժ գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում եղբայրը` Ռոբերտ Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 8):

3) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի վճռով Սամվել Սարգսյանի դիմումը բավարարվել է` հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Սամվել Սարգսյանն ընդունել է 29.06.2010 թվականին մահացած Կիմա Խաչատրյանի ժառանգությունը, այդ թվում` սեփականության իրավունքով վերջինիս անվամբ գրանցված Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 2-րդ, գ.թ. 14-15):

4) Վիճելի բնակարանի նկատմամբ 03.02.2011 թվականին Կիմա Խաչատրյանի ամուսնու` Զավեն Սարգսյանի, որդու` Սամվել Սարգսյանի անվամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում, և տրվել է թիվ 2824271 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 57-59):

5) 16.02.2011 թվականին Ռոբերտ Խաչատրյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանում` ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու խնդրանքով, սակայն 18.02.2011 թվականին ստացել է մերժում նշված հասցեի բնակարանի նկատմամբ ժառանգություն բացվելու և 03.02.2011 թվականին ժառանգությունից բխող իրավունքների պետական գրանցում կատարված լինելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 9):

6) Սամվել Սարգսյանը 04.02.2011 թվականի թիվ 544 առուվաճառքի պայմանագրով Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանն օտարել է Սարիբեկ Առաքելյանին, որն էլ, գրանցելով իր իրավունքը, 08.02.2011 թվականին ստացել է թիվ 2813452 սեփականության իրավունքի գրանցման վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 52, 54):

7) 09.02.2011 թվականին Սարիբեկ Առաքելյանը վիճելի բնակարանը թիվ 607 առուվաճառքի պայմանագրի հիման վրա վաճառել է Սևան Խաչատրյանին, որն էլ, գրանցելով իր իրավունքը, 11.02.2011 թվականին ստացել է թիվ 2824039 սեփականության իրավունքի գրանցման վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 47-48):

8) 21.02.2011 թվականին Բանկի և Սևան Խաչատրյանի միջև կնքվել է թիվ 423 գրավի պայմանագիրը, կատարվել է գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում և 23.02.2011 թվականին տրվել է թիվ 0224358 անշարժ գույքի գրավի վկայականը:

9) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2011 թվականի որոշմամբ բավարարվել է գործին մասնակից չդարձված անձ Ռոբերտ Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի թիվ ԵՇԴ/1410/02/10 վճիռը բեկանվել է, և Սամվել Սարգսյանի դիմումը թողնվել է առանց քննության (հատոր 2-րդ, գ.թ. 17-18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի շրջանակում Վճռաբեկ դատարանը վերահաստատում է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

i

Նույն օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում նույն օրենսգրքի 1216-1219-րդ հոդվածներով սահմանված հերթականությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ըստ օրենքի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում ներկայացնելով: Ընդ որում, ընդունված ժառանգության` այդ թվում անշարժ գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքը ծագում է ժառանգության բացման պահից` անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Ռոբերտ Խաչատրյանի քրոջը` 29.06.2010 թվականին մահացած Կիմա Խաչատրյանին: Վերջինս առաջին հերթի ժառանգներ չի ունեցել: Ռոբերտ Խաչատրյանը, հանդիսանալով Կիմա Խաչատրյանի եղբայրը, օրենքով սահմանված կարգով և ժամկետում ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմում է ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակ, և 30.12.2010 թվականին վերջինիս անվամբ տրվել է ըստ օրենքի ժառանգության ընդունման թիվ 9081 վկայագիրը:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության բացման օրվանից` 29.06.2010 թվականից, ժառանգությունը, այդ թվում նաև Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, համարվել է հայցվոր Ռոբերտ Խաչատրյանին պատկանող` անկախ այդ գույքի նկատմամբ վերջինիս իրավունքի պետական գրանցումից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`

1. գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից

2. ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին

3. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ` գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ պատճառներով (տես` Լաուրա Ամիրյանի հայցն ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, ըստ հայցի Վիլեն Գաբրիելյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի և Գոհար Պողոսյանի` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1311 (ՎԴ) որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Սամվել Սարգսյանը` Կիմա Խաչատրյանի ամուսնու` Զավեն Սարգսյանի որդին, իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջով 2010 թվականին դիմել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի վճռով Սամվել Սարգսյանի պահանջը բավարարվել է. հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Սամվել Սարգսյանն ընդունել է 29.06.2010 թվականին մահացած Կիմա Խաչատրյանի ժառանգությունը, այդ թվում` վերջինիս անվամբ հաշվառված Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը: Նշվածի հիման վրա` վիճելի բնակարանի նկատմամբ 03.02.2011 թվականին Սամվել Սարգսյանի անվամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2010 թվականի որոշմամբ բավարարվել է գործին մասնակից չդարձված անձ Ռոբերտ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը` բեկանվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի վճիռը, և Սամվել Սարգսյանի դիմումը թողնվել է առանց քննության:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգատուի մահից հետո վեցամսյա ժամկետում Ռոբերտ Խաչատրյանը դիմել է նոտարական գրասենյակ և 30.12.2010 թվականին իր անվամբ ստացել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, համաձայն որի` 29.06.2010 թվականին մահացած Կիմա Խաչատրյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում եղբայրը` Ռոբերտ Խաչատրյանը, և ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ հասցեի անշարժ գույքից: Այսինքն` Ռոբերտ Խաչատրյանը հանդիսացել է Կիմա Խաչատրյանի միակ ժառանգը, նրա սեփականության իրավունքը վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ ծագել է 29.06.2010 թվականից` նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնելու եղանակով ընդունելով ժառանգությունը: Մինչդեռ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել ավելի ուշ (նշված վճիռը բեկանվել է 19.07.2011 թվականին), այն էլ այն պայմաններում, երբ Սամվել Սարգսյանն ընդհանրապես չի հանդիսացել Կիմա Խաչատրյանի ժառանգը:

Հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ Սամվել Սարգսյանը վիճելի գույքն օտարելիս տվյալ պահին դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն գույքի օտարմամբ սեփականատիրոջ` Ռոբերտ Խաչատրյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով (տե՛ս, նաև` ըստ հայցի Սուսաննա Տարաևայի ընդդեմ Կարապետ և Լիանա Դոքմանյանների` առանց փոխհատուցման ընտանիքով բնակարանից վտարելու, վարձավճար բռնագանձելու պահանջների մասին, և Կարապետ և Լիանա Դոքմանյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Սուսաննա Տարաևայի, Վարուժան Ղահրամանյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` բնակարանի նկատմամբ Սուսաննա Տարաևայի սեփականության իրավունքի գրանցումը, դրա համար հիմք ծառայած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, բնակարանի նկատմամբ Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, գրանցման վկայականներն անուժ լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/1402/02/09 որոշումը): Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Խաչատրյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով, ուստի վերջինս` որպես գույքը փաստացի տիրապետող ժառանգ, իրավունք ունի այն հետ պահանջելու ցանկացած բարեխիղճ տիրապետողից (ըստ Սվետլանա Բալյանի հայցի ընդդեմ առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, Անժելա Ամալյանի, Աիդա Գուլոյանի, Կարինե Մկրտչյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների նոտար Գոհար Մովսիսյանի` տան և հողամասի ժառանգության վկայագիրը, առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշումը):

Բացի այդ, Սամվել Սարգսյանի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելու հիմքը` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի վճիռը, բեկանվել է, հետևաբար գույքը հատուցմամբ ըստ էության ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Այսպիսով, ստորադաս դատարանները, արձանագրելով, որ Սամվել Սարգսյանի և Սարիբեկ Առաքելյանի միջև 04.02.2011 թվականին կնքված թիվ 544 առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ, իրավացիորեն հանգել են այն հետևության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով նշված գործարքն անվավեր է, ուստի անվավեր է նաև տվյալ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը, նույն հիմքով անվավեր է նաև Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 50/1 շենքի 8-րդ բնակարանի նկատմամբ կնքված մյուս բոլոր գործարքները և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցումը (տես նաև` ըստ հայցի Սուսաննա Տարաևայի ընդդեմ Կարապետ և Լիանա Դոքմանյանների` առանց փոխհատուցման ընտանիքով բնակարանից վտարելու, վարձավճար բռնագանձելու պահանջների մասին, և Կարապետ և Լիանա Դոքմանյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Սուսաննա Տարաևայի, Վարուժան Ղահրամանյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի` բնակարանի նկատմամբ Սուսաննա Տարաևայի սեփականության իրավունքի գրանցումը, դրա համար հիմք ծառայած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, բնակարանի նկատմամբ Էմմա Ալեքսանյանին և Վարուժան Ղահրամանյանին տրված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, գրանցման վկայականներն անուժ լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/1402/02/09 որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2013
N ԵՇԴ/0230/02/11
Որոշում