Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ...

01.03.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.07.1990  -ից մինչեւ   01.03.1999  -ը:
 
i

(ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 1990 թ. թիվ 343

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 73 հոդվածին համապատասխան հաստատել Հայկական ԽՍՀ-ում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները ենթավարձակալության տալու առդիր կանոնները:

2. Հանձնարարել Հայկական ԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության (ընկ. Հ. Սարուխանյանին) և պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին (ընկ. Ա. Մ. Գեղամյանին)` բնակարանային -շահագործման բոլոր կազմակերպություններն ապահովել սույն որոշմամբ հաստատված` Հայկական ԽՍՀ-ում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները ենթավարձակալության տալու կանոններով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի

1990 թվականի հուլիսի 10-ի

N 343 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ

 

I. Բնակելի տարածությունները ենթավարձակալության տալու կարգը

 

1. Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 73 հոդվածին համապատասխան բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի իր հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների և վարձատուի համաձայնությամբ զբաղեցրած բնակելի տարածությունը տալու ենթավարձակալության` Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքով և սույն կանոններով նախատեսված դեպքերում ու կարգով:

Բնակելի տարածությունը ենթավարձակալության տալու մասին վարձատուի և վարձակալի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

Վարձատուի համաձայնություն տալուց հրաժարվելը կարող է վիճարկվել դատական կարգով:

Ժամանակավորապես մեկնելու դեպքում վարձակալը իրավունք ունի ենթավարձակալության տալու զբաղեցրած ամբողջ բնակելի տարածությունը` վարձատուի առջև պատասխանատու մնալով համաձայն բնակելի տարածության վարձակալության պայմանագրի, իսկ մյուս դեպքերում` զբաղեցրած բնակելի մակերեսի մի մասը:

1. Բնակելի տարածությունը չի թույլատրվում ենթավարձակալության տալ`

ա) եթե ենթավարձակալի բնակեցման հետևանքով յուրաքանչյուր բնակչին ընկնող բնակելի մակերեսի չափը կարող է ինը քառակուսի մետրից պակաս լինել.

բ) եթե բնակելի տարածությունում բնակվում են ծանր քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, որպիսիք թվարկված են ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների ցանկում.

գ) եթե չկա մեկ բնակարանում բնակվող մյուս վարձակալների և նրանց ընտանիքի անդամների համաձայնությունը:

Բնակարանում մի քանի վարձակալների բնակվելու դեպքում բնակելի տարածությունը ենթավարձակալության տալու համար պահանջվում է բոլոր վարձակալների համաձայնությունը.

i

դ) եթե Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 85 հոդվածի համաձայն հարց է հարուցվել դատարան` բնակարանային վարձակալության պայմանագիրը լուծելու համար.

ե) եթե բնակելի տարածությունը պաշտոնեական է կամ գտնվում է հանրակացարանում.

զ) եթե տունը գտնվում է փլուզման վտանգի տակ:

3. Բնակելի տարածությունը ենթավարձակալության տալու համար վարձակալի և ենթավարձակալի միջև կնքվում է ենթավարձակալության պայմանագիր` գրավոր ձևով, համաձայն հավելվածի, հետագայում, ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում գրանցելով համապատասխան բնակարանային-շահագործման կազմակերպությունում:

Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մտնում բնակարանային-շահագործման կազմակերպությունում, իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկությունում, կազմակերպությունում այն գրանցելու օրվանից:

4. Բնակարանային-շահագործման կազմակերպությունն իրավունք ունի չտալ բնակելի տարածությունը ենթավարձակալության հանձնելու իր համաձայնությունը և չգրանցելու ենթավարձակալության պայմանագիրը, եթե խախտվել են սույն կանոնների 2-րդ կետի պահանջները:

5. Ենթավարձակալն իրավունք ունի իր հետ բնակվող ընտանիքի անդամների և վարձակալի ու նրա ընտանիքի անդամների համաձայնությամբ իր զբաղեցրած բնակելի տարածությունում սահմանված կարգով բնակեցնելու իր ամուսնուն, երեխաներին, ծնողներին և այլ անձանց:

Անչափահաս երեխաների ծնողների մոտ բնակեցնելու համար այդպիսի համաձայնություն չի պահանջվում:

Բնակելի տարածության ենթավարձակալը զբաղեցրած բնակելի տարածությունը կրկին ենթավարձակալության տալու իրավունք չունի:

6. Վարձակալի և ենթավարձակալի միջև բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը կարող է կնքվել ժամկետի նշումով կամ առանց նշումի:

Ենթավարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է կողմերի համաձայնությամբ` պայմանագիրը կնքելիս: Վարձակալի ժամանակավոր բացակայության դեպքում ենթավարձակալության պայմանագրի ժամկետը, որի ընթացքում վարձակալի համար պահպանվում է բնակելի տարածության նկատմամբ իրավունքը:

Ենթավարձակալության պայմանագիրը լուծվում է պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Ենթավարձակալը իրավունք չունի պահանջելու նորոգել այն և վարձակալի պահանջով պարտավոր է ազատել ենթավարձակալությամբ զբաղեցրած բնակելի տարածությունը: Բնակելի տարածությունը ազատելուց հրաժարվելու դեպքում ենթավարձակալը ենթակա է վտարման դատական կարգով` վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների հայցով, առանց նրան այլ բնակելի տարածության հատկացման:

Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը վարձակալի կամ շահագրգռված այլ անձանց պահանջով ժամկետից շուտ կարող է լուծվել Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 94 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով, այն է` երբ ենթավարձակալը և նրա ընտանիքի անդամները կամ նրա հետ համատեղ բնակվող մյուս անձինք սիստեմատիկաբար քայքայում կամ փչացնում են բնակելի տարածությունը կամ այն օգտագործում են ոչ նպատակին կամ սիստեմատիկաբար խախտելով սոցիալիստական համակեցության կանոնները, մյուսների համար անհնարին են դարձնում նրանց հետ մեկ բնակարանում կամ մեկ տան մեջ բնակվելը, եթե կիրառված նախազգուշացման և հասարակական ներգործության միջոցներն ապարդյուն են եղել:

Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը ժամկետից շուտ լուծվում է նաև ամրակցված բնակելի տարածության վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների վերադառնալու դեպքում` նրանց պահանջով:

Եթե բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետը նշելու, ապա վարձակալը պարտավոր է ենթավարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին ենթավարձակալին նախազգուշացնել երեք ամիս առաջ: Այդ նույն ժամկետում պետք է նախազգուշացվեն ենթավարձակալները, եթե ժամանակավոր բացակայող վարձակալը կամ նրա ընտանիքի անդամները վերադառնում են մինչև ենթավարձակալության պայմանագրով պայմանավորված ժամկետի լրանալը:

7. Բնակելի տարածության ենթավարձակալը իրավունք ունի ընտանիքի անդամների համաձայնությամբ ենթավարձակալության պայմանագիրը, այդ թվում` ժամկետի նշումով լուծելու ցանկացած ժամանակ:

Ենթավարձակալության պայմանագիրը նման դեպքերում լուծված է համարվում ենթավարձակալի ու նրա ընտանիքի անդամների այլ բնակավայր մշտական բնակության մեկնելու կամ այլ բնակելի տարածությունում վերաբնակեցվելու օրվանից:

8. Վարձակալի զբաղեցրած բնակելի տարածությունում ենթավարձակալության պայմանագրի հիման վրա բնակվող քաղաքացիները այդ տարածության նկատմամբ իրավունք ձեռք չեն բերում, անկախ այնտեղ բնակվելու ժամկետից:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարեցման բոլոր դեպքերում միաժամանակ լուծվում է նաև ենթավարձակալության պայմանագիրը: Բնակելի տարածությունը ազատելուց հրաժարվելու դեպքում ենթավարձակալները ենթակա են վտարման դատական կարգով, առանց նրանց այլ բնակելի տարածության հատկացման:

9. Բնակելի տան հիմնական նորոգման կապակցությամբ, երբ նորոգումը չի կարող կատարվել առանց վարձակալին վտարելու, վարձատուն Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 79 հոդվածով սահմանված կարգով այլ բնակելի տարածություն է հատկացնում վարձակալին ու նրա ընտանիքի անդամներին: Ենթավարձակալները նման դեպքերում այլ բնակելի տարածությամբ չեն ապահովվում, սակայն ենթավարձակալության պայմանագրի դադարեցման մասին ենթավարձակալներին պետք է ոչ ուշ, քան 3 ամիս առաջ նախազգուշացվի այն բնակարանային-շահագործման կազմակերպության կողմից, որին պատկանում է նորոգվող տունը:

10. Բնակելի տարածության ենթավարձակալին կամ նրա ընտանիքի անդամների ժամանակավոր բացակայության դեպքում բնակելի տարածությունից ենթավարձակալությամբ օգտվելու նրանց իրավունքը պահպանվում է ենթավարձակալության պայմանագրի գործողության ընթացքում:

11. Բնակելի տարածության վարձակալների կողմից բնակարանները փոխանակելիս ենթավարձակալության պայմանագիրը գործողության մեջ թողնելու հարցը լուծվում է բնակարանները փոխանակող կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

Փոխանակման միջոցով վարձակալի զբաղեցրած նոր բնակարան ենթավարձակալի տեղափոխվելը կարող է տեղի ունենալ կողմերի միջև կնքվող ենթավարձակալության նոր պայմանագրի հիման վրա:

12. Բնակելի տարածությունն անաշխատ եկամուտ կորզելու նպատակով սիստեմատիկաբար ենթավարձակալության տալու դեպքում ենթավարձակալության տրվող մեկուսացված բնակելի տարածությունը Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 73 հոդվածի համաձայն ենթակա է վերցվելու դատական կարգով:

 

II. Ենթավարձակալված բնակելի տարածությունից օգտվելու կարգը

 

13. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունների ենթավարձակալները պարտավոր են`

ենթավարձակալության կարգով իրենց զբաղեցրած բնակելի տարածությունը, օժանդակ տարածությունները և սանիտարատեխնիկական ու մյուս սարքավորումները պահել կանոնավոր վիճակում և դրանցից օգտվել գործող օրենսդրության պահանջներին, տեխնիկական շահագործման կանոններին և ենթավարձակալության պայմանագրին համապատասխան.

իրենց հաշվին կատարել գործող օրենսդրությամբ վարձակալների պարտականությունների մեջ մտնող` ենթավարձակալված բնակելի տարածությունների ընթացիք նորոգումները և վերացնել բնակարանի սարքավորումներին իրենց պատճառած վնասները.

ենթավարձակալած բնակելի տարածությունը ազատելիս այն վարձակալին հանձնել կանոնավոր վիճակում, առանց հանելու իր կողմից պատրաստված կամ տեղակայված հարմարանքները, որպիսիք չեն կարող անջատվել առանց բնակարանի հարդարանքին վնաս պատճառելու.

զբաղեցրած բնակելի տարածությունում պահպանել մաքրություն և ապահովել բնակարանի ընդհանուր օգտագործման տարածության մաքրումը` վարձակալի հետ փոխադարձ պայմանավորվածության.

խնայողաբար ծախսել ջուրը, գազը, էլեկտրական և ջերմային էներգիան.

բնակարանում պահպանել լռություն, մասնավորապես ժամը 24-ից մինչև հաջորդ օրվա ժամը 8-ը (բարձրաձայն չնվագել, չերգել, չաղմկել և այլն):

14. Բնակելի տարածությունների ենթավարձակալներին արգելվում է`

առանց բնակելի տարածության վարձակալի, իսկ մեկից ավելի ընտանիքներով բնակեցված բնակարաններում` նաև մյուս վարձակալների գրավոր համաձայնության, պահել շներ, կատուներ և այլ կենդանիներ ու թռչուններ, իսկ այդպիսի համաձայնության դեպքում չխախտել դրանց պահելու գործող սանիտարահիգիենիկ նորմաներն ու կանոնները.

ենթավարձակալած բնակելի տարածությունում, բնակարանի օժանդակ շինություններում և ընդհանուր օգտագործման տարածությունում կատարել Հայկական ԽՍՀ-ում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալության տիպային պայմանագրով և բնակելի տարածությունից օգտվելու, բնակելի տան և այդ տանը հարող տարածքի պահպանման գործող կանոններով բնակելի տարածության վարձակալներին ու նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին արգելված գործողությունները:

Բնակելի տարածությունից օգտվելու, բնակարանի ինժեներական սարքավորումների շահագործման և սանդղավանդակների, վերելակների ու ընդհանուր օգտագործման տարածությունների պահպանման կանոնների խախտման, դրանց ոչ նպատակին օգտագործման փչացման և բնակարանային օրենսդրության այլ զանցառումների համար բնակելի տարածությունների ենթավարձակալներն ու նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները պատասխանատվություն են կրում վարձակալների ու նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների համար սահմանված ընդհանուր կարգով:

 

III. Ենթավարձակալության պայմանագրով բնակելի տարածությունից և

կոմունալ ծառայություններից օգտվելու վարձի վճարումը

 

15. Ենթավարձակալության պայմանագրով բնակելի տարածությունից օգտվելու վարձի չափը Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 74 հոդվածին համապատասխան սահմանվում է կողմերի համաձայնությամբ, սակայն այն չի կարող գերազանցել այդ տարածության համար վարձակալի կողմից վճարվող բնակարանավարձի և կոմունալ ծառայությունների վարձի չափը:

Բնակարանային վարձի և կոմունալ ծառայությունների վարձի արտոնությունները, որոնցից օգտվում են վարձակալները, չեն տարածվում ենթավարձակալների վրա:

16. Ենթավարձակալին տնային գործածության իրեր տրամադրելու դեպքում ենթավարձակալության պայմանագիրը ստորագրող կողմերի հարաբերությունները կարգավորում են Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 28 գլխի համապատասխան հոդվածներով:

Վարձակալի և ենթավարձակալի միջև մեկ տարվանից ավելի ժամկետով գույքային վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով:

17. Բնակելի տարածությունների ենթավարձակալները բնակելի տարածությունից և կոմունալ ծառայություններից օգտվելու վարձը բնակելի տարածության վարձակալին են մուծում ենթավարձակալության պայմանագրով, իսկ տնային գործածության իրերից օգտվելու վարձը` դրանց համար կնքված պայմանագրով նախատեսված ժամկետներում:

18. Բնակելի տարածությունների վարձակալները զբաղեցրած ամբողջ բնակելի տարածության բնակվարձը և կոմունալ ծառայությունների վարձը բնակարանային- շահագործման կազմակերպությանն են մուծում ամեն ամիս` սահմանված կարգով և ժամկետում, անկախ ենթավարձակալների կողմից այդ մուծումները կատարելու համար ենթավարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետներից և մուծումներից:

19. Բնակելի տարածությունը ենթավարձակալության տալու սահմանված կարգը չպահպանելու դեպքում ենթավարձակալության պայմանագիրը ճանաչվում է անվավեր, իսկ անօրինական կարգով բնակեցված քաղաքացիները ենթակա են վտարման դատական կարգով, առանց այլ բնակելի տարածության հատկացման:

20. Ենթավարձակալների գրանցումը և դուրսգրումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
10.07.1990
N 343
Որոշում