Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1186-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1186-ՐԴ ԵՎ 1225-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ԵԷԴ/1643/02/09 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1643/02/09

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Կ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վոլոդյա Հակոբյանի և Համայակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համայակ Ոսկանյանի ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի` սեփականության իրավունքը ճանաչելու և ապօրինի զավթած հողամասից վտարելու պահանջների մասին, և ըստ Վոլոդյա Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Համայակ Ոսկանյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեի 378 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, իսկ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և Վոլոդյա Հակոբյանին վտարել ապօրինի զավթած հողամասից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վոլոդյա Հակոբյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 5,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է ճանաչել Համայակ Ոսկանյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող 376,22 քմ մակերեսով (շինություններից ազատ 256,7 քմ մակերեսով հողամաս, շինություններով ծանրաբեռնված 116,8 քմ մակերեսով հողամաս և միջնապատով ծանրաբեռնված 2,72 քմ մակերեսով հողամաս) օրինական հողամասի նկատմամբ: Վոլոդյա Հակոբյանին վտարել ապօրինի զբաղեցրած 2,72 քմ մակերեսով հողամասից: Հայցը մնացած մասով և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2010 թվականի վճռի դեմ Վոլոդյա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի որոշմամբ Վոլոդյա Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Վոլոդյա Հակոբյանի ներկայացուցիչը 17.01.2012 թվականի դիմումով դատարանից պահանջել է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 5,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վոլոդյա Հակոբյանին ճանաչել նաև իր մոր` Շամամ Ղուկասյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 15.05.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է ճանաչել Համայակ Ոսկանյանի սեփականության իրավունքը Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող 373,3 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, հայցը մնացած մասով և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2013 թվականի որոշմամբ Դատարանի 15.05.2013 թվականի վճռի դեմ Վոլոդյա Հակոբյանի և Համայակ Ոսկանյանի բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 15.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վոլոդյա Հակոբյանը և Համայակ Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Վոլոդյա Հակոբյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 187-րդ, 130-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 187-րդ, 163-րդ, 274-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վոլոդյա Հակոբյանը փոխել է հայցի հիմքը և առարկան և դատարանին խնդրել է իրեն ճանաչել Երևանի Նոր Արեշ 3 փողոց թիվ 16 հասցեում գտնվող Շամամ Ղուկասյանի ժառանգական գույքի` 5,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ փաստացի տիրապետող ժառանգ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1045 վճռով Վոլոդյա Հակոբյանը ճանաչվել է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի Շամամ Ղուկասյանի ժառանգական գույքի` 57,0 քմ մակերեսով շինության, 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ փաստացի տիրապետող ժառանգ: Նույն վճռում հաստատված է համարվել այն փաստը, որ Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 162 քմ մակերեսով հողամասը կադաստրային գործում առկա փաստաթղթերի համաձայն պատկանել է Շամամ Ղուկասյանին և օգտագործվել է նրա կողմից: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի վճռի և Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման հիման վրա վերոնշյալ հասցեի 57,0 քմ մակերեսով շինության և 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վոլոդյա Հակոբյանի ծնողները 1943 թվականին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում կառուցել են տուն, որը հաշվառվել է մոր` Շամամ Ղուկասյանի անվամբ: Այդ ժամանակվանից տանը կից հողամասի շուրջ կառուցել են վիճելի միջնապատը, որով հողամասն առանձնացրել են Համայակ Ոսկանյանի հողամասից և հողամասի նման բաժանումը` առանց որևէ փոփոխության, պահպանվել է 1943 թվականից մինչև օրս: 02.03.1955 թվականին Երևանի Մոլոտովյան շրջսովետի գործկոմի կոմունալ բաժնի կողմից Շամամ Ղուկասյանի անվամբ տրվել է թիվ 125 անկետան, որում հողի մակերեսը նշվել է 162 քմ, նույն թվականից սկսած` հողի հարկը վճարվել է 162 քմ մակերեսով հողի համար, որն էլ 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դարձել է Շամամ Ղուկասյանի սեփականությունը:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ վճռից հետևում է, որ Շամամ Ղուկասյանին պատկանել է 162 քմ մակերեսով հողամասը, որն անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ, որպես սեփական գույք տիրապետվել, օգտագործվել է նրա կողմից, իսկ Շամամ Ղուկասյանի մահվանից հետո նույնությամբ անցել է Վոլոդյա Հակոբյանի տիրապետությանը:

ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ 10461207 եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշ թիվ 16 հասցեում գտնվող Վոլոդյա Հակոբյանին պատկանող տնատիրության փաստացի զբաղեցրած հողատարածքի ընդհանուր մակերեսը 160,65 քմ է, որը հատկացված մակերեսից պակաս է 1,35 քմ-ով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2013 թվականի որոշումը` Վոլոդյա Հակոբյանի բողոքը մերժելու մասով, և այդ մասով այն փոփոխել` Վոլոդյա Հակոբյանին ճանաչել Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 4,05 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

 

2.1. Համայակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 164-րդ, 172-րդ, 173-րդ, 202-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 44-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ, 75-րդ, 90-րդ, 109-րդ, 110-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ, 62-րդ, 130-րդ, 131-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքն արդեն իսկ հաստատված սահմաններով և չափերով` 156,6 քմ մակերեսով, գրանցվել է Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման և Վերաքննիչ դատարանի` 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով: Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու չի բավարարվում Համայակ Ոսկանյանի հայցը 2,72 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Բացի այդ, Համայակ Ոսկանյանն ըստ ժառանգության իրավունքի վկայագրի ժառանգել է իր հորը` Պետրոս Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեի բնակելի տունը` իր տնամերձ 378,0 քմ հողամասով, մինչդեռ դատարանի վճռով ճանաչվել է նրա սեփականության իրավունքը միայն 373,3 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 05.04.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 10.01.2006 թվականին մահացած Պետրոս Ոսկանյանի գույքի նկատմամբ ժառանգ է Համայակ Ոսկանյանը: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 101,8 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունից և 378 քմ մակերեսով հողամասից (հատոր 3-րդ, գ.թ. 96).

2. Համայակ Ոսկանյանին հասցեագրված Կադաստրի 18.05.2007 թվականի թիվ ՖԲ-4/2037 գրության համաձայն` ուսումնասիրվել են Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 տան կադաստրային գործի նյութերը: ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ «նշված հասցեին հատկացվել է 378 քմ մակերեսով (27x14) հողամաս: Չափագրումից պարզվել է, որ չի պահպանվել հողամասի երկարությունը և այն կազմում է 27,5 գմ: Հողամասի լայնությունը, որն ըստ նախկին հատակագծի կազմում է 14 գմ, պահպանվել է տան ճակատային մասում, իսկ հողամասի հետնամասում, ըստ չափագրման, այն կազմում է 13,8 գմ: Տեղեկացնում ենք, որ այդ հատվածում Ձեր հողամասը սահմանակից է աջ կողմից թիվ 12, իսկ ձախ կողմից` թիվ 16 տներին: Հողամասի սահմանը դեպի թիվ 12 տուն իրենից ներկայացնում է ցանկապատ, որի աջ կամ ձախ տեղափոխումը բերում է երկարության փոփոխման: Իսկ մինչև թիվ 12 տան շինությունները չափագրման դեպքում կապահովվի 14 գմ և հողամասը կհամապատասխանի նախկին հատակագծին, այն է` կունենա ուղղանկյան տեսք: Ինչ վերաբերում է թիվ 16 տան բնակչի կողմից Ձեր հողամասի որոշակի հատվածի զավթմանը, հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին, նշված հասցեի հողամասը, նախկինում ունենալով 6 գմ լայնություն, համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի վճռի, ստացել է իրավունքների պետական գրանցում այդ մասում 5,7 գմ-ով» (հատոր 3-րդ, գ.թ. 70).

3. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2009 թվականի ԵԷԴ/0033/02/08 վճռով Վոլոդյա Հակոբյանի հայցն ընդդեմ Համայակ Ոսկանյանի` պատի վրա կառուցված պատը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժվել է, իսկ Համայակ Ոսկանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, հողի սահմանը ճշգրտելու, ապօրինի զավթած հողամասը վերադարձնելու և 9,2 մետր երկարությամբ պատը կառուցելու պահանջների մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 12-17).

4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0033/02/08 որոշմամբ (օրինական ուժի մեջ է մտել 30.09.2009 թվականին) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2009 թվականի թիվ ԵԷԴ/0033/02/08 վճռի դեմ Վոլոդյա Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2009 թվականի վճռի` հակընդդեմ հայցը բավարարելու մասը, և Համայակ Ոսկանյանի հակընդդեմ հայցը մերժվել է: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատված է համարել հետևյալ հանգամանքները.

ա. Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցվել է Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի վճռին համապատասխան, որով Վոլոդյա Հակոբյանը ճանաչվել է որպես իր մոր` Շամամ Ղուկասյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

բ. 12.05.2006 թվականին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1515820 վկայականից ակնհայտ է, որ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցվել է 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 58-64).

5. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1045 վճռով Վոլոդյա Հակոբյանը ճանաչվել է իր մոր` Շամամ Ղուկասյանի Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 57 քմ մակերեսով շինության և 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ 43,1 քմ մակերեսով ինքնակամ շինության նկատմամբ ճանաչվել է Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը: Նշված վճռով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հաստատված է համարել հետևյալ հանգամանքները.

ա. Վոլոդյա Հակոբյանի մայրը` Շամամ Ղուկասյանը, իր ամուսնու հետ միասին 1944 թվականի ներքին առուվաճառքի պայմանագրով Մանուկ Սիմոնյանից գնել է Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 տան ըստ հատակագծի 6,0x27,0=162,0 քմ մակերեսով հողատարածքը:

բ. Մոլոտովյան շրջսովետի կոմունալ բաժնի կողմից 02.03.1955 թվականին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում Շամամ Ղուկասյանի անվամբ տրվել է թիվ 125 անկետա, որում հողի մակերեսը գրված է 6,0x27,0=162,0 քմ մակերեսով հող, որին կից տրվել է նաև հաստատված հատակագիծ:

գ. Շամամ Ղուկասյանի անվամբ կազմված կադաստրային գործում առկա է Երևանի քաղխորհրդի տեխնիկական բյուրոյի տնատիրության գույքագրման քարտը, կառույցի գույքագրման թիվ 19912 քարտը, 09.03.1955 թվականի տարածքի հաշվարկման թիվ 19912 գիրքը, Երևանի Մոլոտովյան շրջխորհրդի կոմունալ բաժնի կողմից Շամամ Ղուկասյանի անվամբ 02.03.1955 թվականին տրված թիվ 125 անկետան և դրան կից թիվ 19912 հատակագիծը, ըստ որոնց` վերջինիս ունեցած հողի մակերեսը կազմում է 162 քմ, իսկ կառույցի չափը` 57 քմ, ինչպես նաև նույն բաժնի կողմից կազմված թիվ 19912 տնատիրության ամփոփիչ գնահատման ակտը:

դ. 14.09.1955 թվականին Շամամ Ղուկասյանը դիմել է ժողդատարան իր կողմից Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 162 քմ մակերեսով հողամասի վրա կառուցված 57 քմ մակերեսով անօրինական շինություններն օրինականացնելու խնդրանքով: Դատարանի կողմից հայցը բավարարվել է:

ե. Շամամ Ղուկասյանը մահացել է 26.09.1997 թվականին: Այդ օրվանից հայցվորը որպես տիրապետող ժառանգ տիրապետել և օգտագործել է մորը պատկանող ժառանգական գույքը, վճարել հողի հարկը (հատոր 3-րդ, գ.թ. 49-50).

6. Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի թիվ 06-1045 վճռի հիման վրա Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-005-004-048 մատյանի թիվ 027 համարի տակ 17.05.2006 թվականին գրանցվել է Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 156,6 քմ մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 51-53).

7. ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.12.2012 թվականին տրված թիվ 10461207 փորձագետի եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող Վոլոդյա Հակոբյանին պատկանող տնատիրության փաստացի զբաղեցրած հողատարածքի տեղակայումը հիմնականում համապատասխանում է ըստ Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի վերաբերյալ կադաստրային գործերի պատճեններում և սույն քաղաքացիական գործում առկա, քաղաքային սովետի հանձնաժողովի կողմից 02.03.1955 թվականին տրված անկետայի, 09.03.1955 թվականի թիվ 19912 ինվենտարիզացիոն համարի մակերեսների բացահայտման մատյանի ուրվագծի և հատակագծի, Շամամ Ղուկասյանին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեով հատկացված 6,0 մ լայնությամբ և 27,0մ երկարությամբ ուղղանկյան տեսքով` 162,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասի տվյալներին, սակայն փաստացի ընդհանուր մակերեսը պակաս է կազմում օրինական հատկացվածից 1,35/162,0-160,65/ քմ-ով, իսկ Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող տնատիրության սեփականատեր Վոլոդյա Հակոբյանի կողմից Համայակ Ոսկանյանին պատկանող` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող տնատիրության հողատարածքից հողազավթում չի կատարվել: Հետևաբար, Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 և 16 հասցեներում գտնվող տնատիրությունների հողատարածքների (ներառյալ կառուցապատված) սահմանագիծը հանդիսանում է փաստացի սահմանազատման առանցքը, որով տարանջատված շինությունների և ազատ հողատարածքների տեղակայումները, դիրքը, չափերը և մակերեսները արտացոլված են սույն եզրակացությանը կից թիվ 1 և թիվ 2 հավելվածների հատակագծերում:

Միաժամանակ փորձագիտական եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող, Համայակ Ոսկանյանին պատկանող տնատիրութան փաստացի զբաղեցրած հողատարածքի (ներառյալ կառուցապատված) ընդհանուր մակերեսը պակաս է օրինական հատկացվածից` 4,7 քմ-ով (378-373,3), որն առաջացել է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 և թիվ 12 տնատիրությունները սահմանազատող մետաղական ցանցի շեղվածության և ճակատային մասում երկու տնատիրությունների շինությունների կցորդման սահմանագծի ոչ ճիշտ տեղակայման պատճառով (հատոր 6-րդ, գ.թ. 29-45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վոլոդյա Հակոբյանի ներկայացրած բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ`

1) վերաքննիչ դատարանի կողմից բողոքի հիմքերին և հիմնավորումներին չանդրադառնալու խնդրին.

2) ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունման դեպքում ամբողջ ժառանգության ընդունման հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ:

Վերոնշյալ դիրքորոշման հաշվառմամբ անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլ հիմքերի` վերաքննիչ բողոքում որպես Դատարանի ակտը բեկանելու հիմք նշված է նաև այն հանգամանքը, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում են բողոքի նշված հիմքի վերաբերյալ պատճառաբանությունները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, Վոլոդյա Հակոբյանի բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Երևանի Նոր Արեշ փողոցի թիվ 16 հասցեին տրամադրված է եղել 162 քմ մակերեսով հողամաս, որից ընդամենը 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ է գրանցվել Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը: Վերջինս խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը նշված հասցեի 5,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, սակայն Վոլոդյա Հակոբյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որի հիման վրա հնարավոր կլիներ եզրահանգել, որ վիճելի 5,4 քմ մակերեսով հողամասը Վոլոդյա Հակոբյանը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տասը տարվա ընթացքում տիրապետել, օգտագործել է որպես իր սեփական գույք:

Նման պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Վոլոդյա Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը չկիրառելու հիմքին, ըստ էության քննության առարկա չդարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով բողոք բերած անձի հիմնավորումներն ու պահանջը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

i

29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեցած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. այդ հողամասերը հատկացվել են որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար և

2. դրանք տրամադրվել են մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը (տե՛ս Ռիմա Համբարձումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/1471/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Այսինքն` տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար հատկացված այն հողամասերը, որոնք մինչև 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը գտնվել են քաղաքացիների օգտագործման ներքո, նրանց փոխանցվում են ի սեփականություն` անհատույց կարգով (տե'ս, Դիանա Գևորգյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման և մյուսների թիվ ԵԿԴ/2035/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Սույն գործում առկա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1045 վճռով հաստատվել է, որ Մոլոտովյան շրջսովետի կոմունալ բաժնի կողմից 02.03.1955 թվականին տրված անկետայի, 09.03.1955 թվականի 19912 ինվենտարիզացիոն համարի մակերեսների բացահայտման մատյանի ուրվագծի և հատակագծի համաձայն` Շամամ Ղուկասյանին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում հատկացվել է 6,0 մ լայնությամբ և 27,0 մ երկարությամբ` 162,0 քմ ընդհանուր մակերեսով հողամաս: Նշված հողամասը 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դարձել է Շամամ Ղուկասյանի սեփականությունը: Շամամ Ղուկասյանը մահացել է 26.09.1997 թվականին:

Վերոգրյալ փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Նոր-Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 162 քմ մակերեսով հողամասը Շամամ Ղուկասյանի մահից հետո մտել է նրա ժառանգական զանգվածի մեջ:

Միաժամանակ գործում առկա է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.12.2012 թվականին տրված թիվ 10461207 փորձագետի եզրակացությունը, որի համաձայն` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող տնատիրության փաստացի զբաղեցրած հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 160,65 քմ, որի ընդհանուր մակերեսը պակաս է օրինական հատկացվածից 1,35 քմ մակերեսով:

Գործում առկա է նաև ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1045 վճիռը, որով Երևանի Նոր-Արեշ փողոցի թիվ 16 հասցեի 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգ է ճանաչվել Վոլոդյա Հակոբյանը:

Վկայակոչված փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները որևէ կերպ չեն պատճառաբանել ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով Վոլոդյա Հակոբյանի հակընդդեմ հայցի մերժումը, անտեսելով այն հանգամանքը, որ Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 162 քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով պատկանել է Շամամ Ղուկասյանին, որի իրավահաջորդ Վոլոդյա Հակոբյանը մոր մահից հետո ընդունել է ժառանգությունը նշված հողամասից 156,6 քմ մակերեսի նկատմամբ, հետևաբար վերջինս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի և 1226-րդ հոդվածի ուժով ընդունել է ժառանգությունն ամբողջ հողամասի նկատմամբ: Միաժամանակ նկատի ունենալով, որ հողամասի մակերեսը ժառանգության բացումից հետո պակասել է և ներկայումս կազմում է 160,65 քմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վոլոդյա Հակոբյանին ժառանգությունն ընդունած ժառանգ պետք է ճանաչել 4,05 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Այսպիսով, Վոլոդյա Հակոբյանի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար:

Միաժամանակ անդրադառնալով Համայակ Ոսկանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.12.2012 թվականին տրված թիվ 10461207 փորձագետի եզրակացության համաձայն` Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող Վոլոդյա Հակոբյանին պատկանող տնատիրության փաստացի զբաղեցրած հողատարածքի տեղակայումը հիմնականում համապատասխանում է ըստ Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի վերաբերյալ կադաստրային գործերի պատճեններում և սույն գործում առկա փաստաթղթերին, Շամամ Ղուկասյանին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեով հատկացված 162,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասի տվյալներին, սակայն փաստացի ընդհանուր մակերեսը պակաս է կազմում օրինական հատկացվածից 1,35/162,0-160,65/քմ մակերեսով: Այսինքն` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող տնատիրության սեփականատեր Վոլոդյա Հակոբյանի կողմից Համայակ Ոսկանյանին պատկանող` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող տնատիրության հողատարածքից հողազավթում չի կատարվել: Ավելին, Համայակ Ոսկանյանին պատկանող տնատիրութան փաստացի զբաղեցրած հողատարածքի մակերեսը 4,7 քմ չափով պակասել է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 և թիվ 12 տնատիրությունները սահմանազատող մետաղական ցանցի շեղվածության և ճակատային մասում երկու տնատիրությունների շինությունների կցորդման սահմանագծի ոչ ճիշտ տեղակայման պատճառով:

Վերաքննիչ դատարանը, Համայակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք ընդունելով վերոնշյալ եզրակացությունը, պատճառաբանել է, որ «Դատարանը, գործում առկա այլ ապացույցների հետ համադրելով նաև ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.12.2012 թվականին տրված թիվ 10461207 փորձագետի եզրակացությունը, արձանագրել է, որ Վոլոդյա Հակոբյանի կողմից Համայակ Ոսկանյանին պատկանող Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող գույքից հողազավթում չի կատարվել, այդ տարածքն ընդամենը հանդիսանում է հողաբաժան Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 և թիվ 16 տնատիրությունների միջև», և իրավաչափորեն գտել է, որ Վոլոդյա Հակոբյանի կողմից զավթած հողամասի նկատմամբ Համայակ Ոսկանյանի սեփականության իրավունքը ճանաչելու և Վոլոդյա Հակոբյանին այդ տարածքից վտարելու հիմքեր չկան, ուստի Համայակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է Համայակ Ոսկանյանի փաստարկներին առ այն, որ հողամասը կազմում է 378 քմ, մինչդեռ հայցը բավարարվել է 373,3 քմ մակերեսով հողամասի չափով, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.12.2012 թվականին տրված թիվ 10461207 փորձագետի եզրակացության համաձայն` Համայակ Ոսկանյանին պատկանող տնատիրութան փաստացի զբաղեցրած հողատարածքի մակերեսը 4,7 քմ չափով պակասել է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 և թիվ 12 տնատիրությունները սահմանազատող մետաղական ցանցի շեղվածության և ճակատային մասում երկու տնատիրությունների շինությունների կցորդման սահմանագծի ոչ ճիշտ տեղակայման պատճառով, մինչդեռ տվյալ դեպքում Համայակ Ոսկանյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի սեփականատեր Վոլոդյա Հակոբյանի կողմից զավթած հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և Վոլոդյա Հակոբյանին այդ տարածքից վտարելու պահանջների մասին:

Նման պարագայում ստորադաս դատարանների կողմից 4,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Համայակ Ոսկանյանի սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժումը Վճռաբեկ դատարանը գտնում է հիմնավոր և իրավաչափ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը Համայակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժելիս կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, հետևաբար Համայակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վոլոդյա Հակոբյանի վճռաբեկ բողոքի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` հակընդդեմ հայցի մասով նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վոլոդյա Հակոբյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2013 թվականի որոշման` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 4,05 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով Վոլոդյա Հակոբյանի հակընդդեմ հայցը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.05.2013 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և այդ մասով այն փոփոխել` Վոլոդյա Հակոբյանի հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն` Վոլոդյա Հակոբյանին ճանաչել Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 4,05 քմ մակերեսով հողամասի նկատմամբ մոր` Շամամ Ղուկասյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

2. Համայակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2013 թվականի որոշումը` Համայակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, թողնել օրինական ուժի մեջ:

3. Համայակ Ոսկանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և հակընդդեմ հայցի համար սահմանված և չվճարված պետական տուրքի գումար, 70.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքների համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի և 28.06.2013 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումար, 140.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.02.2011 թվականի և 16.10.2013 թվականի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումար:

4. Համայակ Ոսկանյանից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 87.500 ՀՀ դրամ` որպես 10.12.2012 թվականի թիվ 10461207 փորձագետի եզրակացության համար 10.12.2012 թվականի թիվ 3514 հաշիվ-ապրանքագրով վճարման ենթակա գումար:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Կ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԵԷԴ/1643/02/09
Որոշում