Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ԵՎ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ԵԿԴ/1418/02/12 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1418/02/12

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Առլեթ Ավաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Մելիքյանի ընդդեմ Առլեթ Ավաքյանի` ընդհանուր գույքը բաժանելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Սամվել Մելիքյանը պահանջել է 1/2 մասով բաժանել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված 2002 թվականի արտադրության 20 ՕՏ 657 պետհամարանիշի «ԼԵՔՍՈՒՍ RX 300» մակնիշի ավտոմեքենան, Երևանի Մաշտոցի պողոտայի 20-րդ շենքի թիվ 9 հասցեի բնակարանում գտնվող շարժական գույքը կամ նշված գույքի շուկայական արժեքը, Առլեթ Ավաքյանից հօգուտ իրեն բռնագանձել Երևանի Մաշտոցի պողոտայի 20-րդ շենքի թիվ 9 բնակարանի արժեքի կեսը` 24.700.000 ՀՀ դրամ, և նշված գումարն ապօրինի պահելու ու վերադարձնելուց խուսափելու համար այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 28.01.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 22.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Առլեթ Ավաքյանից հօգուտ Սամվել Մելիքյանի բռնագանձել 24.700.000 ՀՀ դրամ` որպես 25.01.2010 թվականին կնքված «Անշարժ գույքի առուվաճառքի» պայմանագրով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 20-րդ շենքի թիվ 9 բնակարանի վաճառքի արդյունքում ստացված գումարի 1/2 բաժնային սեփականություն, և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 24.11.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը. հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2013 թվականի որոշմամբ Սամվել Մելիքյանի և Առլեթ Ավաքյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 22.03.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Առլեթ Ավաքյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամվել Մելիքյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածները, խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 48-րդ, 53-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ ամուսինների միջև ամուսնության պայմանագիր չի կնքվել, բացակայում է համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տիրապետելու և օգտագործելու վերաբերյալ համաձայնությունը: Նման պայմաններում առարկայազուրկ և անհիմն է բնակարանի վաճառքից առաջացած գումարի կեսը բռնագանձելու մասին պահանջը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված գումարը տիրապետվել և օգտագործվել է դրա համատեղ սեփականության մասնակիցների` ամուսինների համաձայնությամբ, համատեղ: Հակառակը հիմնավորող որևէ ապացույց դատարան չի ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` բավարարված մասով հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ վերը նշված բնակարանի վաճառքից առաջացած գումարը համատեղ ծախսելու և առկա ֆինանսական խնդիրներն այդ գումարով լուծելու փաստերը վկայակոչել է Առլեթ Ավաքյանը, ուստի նշված փաստերի ապացուցման պարտականությունը պետք է կրեր վերջինս: Առլեթ Ավաքյանն այդ փաստերի վերաբերյալ ապացույց դատարան չի ներկայացրել:

Բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո Առլեթ Ավաքյանը երկու տարուց ավելի ժամանակով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, հետևաբար այդ գումարը չէր կարող համատեղ ծախսվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սամվել Մելիքյանը և Առլեթ Ավաքյանն ամուսնացել են 20.09.1994 թվականին (1-ին հատոր, գ.թ. 5).

2) 13.11.2001 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Առլեթ Ավաքյանը ձեռք է բերել Երևանի Մաշտոցի պողոտայի 20-րդ շենքի թիվ 9 բնակարանը: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում, որի հիման վրա Առլեթ Ավաքյանին 24.12.2001 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 676517 վկայականը (1-ին հատոր, գ.թ. 6,7).

3) 25.01.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Առլեթ Ավաքյանը վերը նշված բնակարանը 49.400.000 ՀՀ դրամով օտարել է Նարինե Հովհաննիսյանին (2-րդ հատոր, գ.թ. 15).

4) Սամվել Մելիքյանը և Առլեթ Ավաքյանն ամուսնալուծվել են 16.09.2010 թվականին, որի վերաբերյալ նույն օրը Երևանի Նոր Նորքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում կատարվել է թիվ 173 գրանցումը (1-ին հատոր, գ.թ. 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված են հետևյալ իրավական հարցերը.

1) արդյո՞ք ամուսիններից մեկի կողմից նրանց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքն օտարելու արդյունքում ստացված դրամական միջոցների նկատմամբ մյուս ամուսինն ունի ընդհանուր սեփականության իրավունք, և

2) արդյո՞ք այդ դրամական միջոցների` որպես ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքի, բաժանման հայցով ենթակա է ապացուցման այդ դրամական միջոցների առկայության փաստը:

i

1) ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում` ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տե՛ս Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Վերը նշված հոդվածի իմաստով բացառություն է կազմում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրն ունեցել է մինչև ամուսնությունը, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման առարկաները, ինչպես նաև սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքը (տե՛ս Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գևորգ Սաղումյանի և այլոց թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2006 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսանալու և այդ հարցում առկա բացառությունների վերաբերյալ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, նախատեսելով «գույք» հավաքական եզրույթը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանափակումներից բացի, այլ բացառություն չի նախատեսել, հետևաբար ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում կարող են ներառվել նաև դրամական միջոցները:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտ է գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

Դրամը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, մի դեպքում դրամը կարող է հանդիսանալ քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում` որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ առանձնահատկությունը, գտնում է, որ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել`

- ուղղակիորեն, օրինակ` որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ.

- անուղղակիորեն, որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները:

Վերջինիս պարագայում, ըստ էության, տեղի է ունենում ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող մի գույքի փոխակերպում մեկ այլ գույքով:

2) ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն`ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը:

Վկայակոչված հոդվածի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի հետ փոխակապակցված վերլուծությունից հետևում է, որ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում ամուսիններից որևէ մեկի կողմից ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջ ներկայացվելիս որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ պետք է հիմնավորվի բաժանման ենթակա գույքի առկայությունը, այսինքն` այն, որ բաժանման ենթակա գույքն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունի:

Ընդ որում, վերոնշյալ փաստի ապացուցման բեռը և դրանից բխող բացասական հետևանքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի համաձայն, կրում է այդ փաստը վկայակոչող կողմը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով վերոնշյալ փաստը պարզելիս դատարանները պետք է հաշվի առնեն նաև բաժանման ենթակա գույքի տեսակը և առանձնահատկությունները:

Սույն գործի փաստերի համաձայն` Սամվել Մելիքյանն Առլեթ Ավաքյանի հետ ամուսնացել է 20.09.1994 թվականին: Համատեղ ամուսնության ընթացքում` 13.11.2001 թվականին, ամուսիններն Առլեթ Ավաքյանի անվամբ ձեռք են բերել Երևանի Մաշտոցի պողոտայի 20-րդ շենքի թիվ 9 բնակարանը: Նշված բնակարանն Առլեթ Ավաքյանը Սամվել Մելիքյանի հետ համատեղ ամուսնության ընթացքում` 25.01.2010 թվականին, օտարել է Նարինե Հովհաննիսյանին` դրա դիմաց ստանալով 49.400.000 ՀՀ դրամ: Սամվել Մելիքյանը և Առլեթ Ավաքյանն ամուսնալուծվել են 16.09.2010 թվականին: Սույն գործով Սամվել Մելիքյանը ներկայացրել է ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող բնակարանի վաճառքից ստացված վերոնշյալ դրամական միջոցները բաժանելու պահանջ:

Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքները, որ վերը նշված բնակարանը հանդիսացել է Սամվել Մելիքյանի և Առլեթ Ավաքյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, ուստի և այդ բնակարանի վաճառքի արդյունքում ստացված գումարի կեսի նկատմամբ Սամվել Մելիքյանն ունի բաժնային սեփականության իրավունք, գտել է, որ 24.700.000 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջի մասով Սամվել Մելիքյանի հայցը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետից և ենթակա է բավարարման:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Դատարանը գործում առկա բոլոր ապացույցները հետազոտել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ու դրանք գնահատել է պատշաճ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածների խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոք բերած անձանց փաստարկներն անհիմն են, գտել է, որ Դատարանը կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ:

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն գործով ներկայացվել է ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող բնակարանի վաճառքից ստացված դրամական միջոցները բաժանելու պահանջ, որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ենթակա են պարզման հետևյալ հանգամանքները.

1) ե՞րբ է օտարվել այդ բնակարանը` համատեղ ամուսնության ընթացքում, թե դրանից հետո.

2) ո՞ւմ կողմից է այն օտարվել.

3) ո՞վ է ստացել դրա օտարումից առաջացած դրամական միջոցները.

4) առկա՞ են, արդյոք, այդ դրամական միջոցները, ինչ չափով և ինչ եղանակով (կանխիկ, թե` անկանխիկ):

Գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ Սամվել Մելիքյանին և Առլեթ Ավաքյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանն օտարվել է համատեղ ամուսնության ընթացքում, առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Առլեթ Ավաքյանի կողմից, գույքի օտարումից ստացված դրամական միջոցները, որոնք վերոգրյալ մեկնաբանությունների ուժով հանդիսացել են կողմերի ընդհանուր համատեղ սեփականությունը, ստացել է Առլեթ Ավաքյանը, ով դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ նշված դրամական միջոցները ծախսվել են համատեղ ամուսնական կյանքի ընթացքում` ընտանիքի կարիքները հոգալու համար (հատոր 3-րդ, գ.թ. 51): Սամվել Մելիքյանը որևէ ապացույց չի ներկայացրել դատարանին, որով կհիմնավորեր իր և Առլեթ Ավաքյանի համատեղ սեփականությունը հանդիսացող բնակարանի վաճառքից ստացված դրամական միջոցների` վեճի լուծման պահին առկայության փաստը: Ավելին, վերջինս թե՛ դատարան ներկայացված հայցադիմումով (հատոր 1-ին, գ.թ. 4), և թե՛ գործի քննության ընթացքում հայտնել է (հիմք` դատական նիստերի արձանագրությունների կրիչը, հատոր 3-րդ, գ.թ. 99), որ վեճի առարկա դրամական միջոցները ծախսվել են պատասխանողի կողմից, այսինքն` գոյություն չունեն:

Վկայակոչված փաստերը համադրելով և գնահատելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Սամվել Մելիքյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով չի ապացուցել վեճի առարկա գույքի, այն է` դրամական միջոցների` այդ վեճի քննության պահին առկայության փաստը, հետևաբար վերջինիս պահանջի բավարարումը ստորադաս դատարանների կողմից անհիմն է:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշման` Առլեթ Ավաքյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Առլեթ Ավաքյանից հօգուտ պետական բյուջեի 741.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար, բռնագանձելու մասերը և այդ մասերով այն փոփոխել. Սամվել Մելիքյանի հայցն ընդդեմ Առլեթ Ավաքյանի` Երևանի Մաշտոցի պողոտայի 20-րդ շենքի թիվ 9 բնակարանի արժեքի կեսը` 24.700.000 ՀՀ դրամ, և նշված գումարն ապօրինի պահելու ու վերադարձնելուց խուսափելու համար այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 28.01.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

2. Սամվել Մելիքյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 741.000 ՀՀ դրամ և 24.700.000 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 24.11.2012 թվականից մինչև 08.05.2014 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսների 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, գումար` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.11.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, 741.000 ՀՀ դրամ և 24.700.000 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 24.11.2012 թվականից մինչև 11.07.2013 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսների 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, 494.000 ՀՀ դրամ և 24.700.000 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 28.01.2010 թվականից մինչև 22.03.2013 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսների 2 տոկոսի չափով գումար` որպես հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԵԿԴ/1418/02/12
Որոշում