Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԳԴԱ ԵԶԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԳԴԱ ԵԶԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ Վ ...

 

 

020.1157.030714

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (28.11.2007թ.) 139-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ

140-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 հուլիսի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Մագդա Եղիազարյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (28.11.2007թ.) 139-րդ հոդվածի 2-րդ մասի և 140-րդ հոդվածի 1-3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Մագդա Եղիազարյանի` 08.01.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք), ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին, ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից և ուժը կորցրել է 2014 թվականի հունվարի 7-ից:

Գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի` «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատական ակտ կայացնելու առանձնահատկությունները» վերտառությամբ 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում էր. «Ստուգումից հետո պարզելով վիճարկվող ակտի անհամապատասխանությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտին` վարչական դատարանն այն անվավեր է ճանաչում այդ հիմքով` անկախ հայցվորի պահանջից»:

Օրենսգրքի` «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի որոշումների բնույթը և իրավական հետևանքները» վերտառությամբ 140-րդ հոդվածի 1-3-րդ մասերը սահմանում էին. «1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի որոշումները պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար:

2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերն իրենց իրավաբանական ուժը կորցնում են դրանք անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 9-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` վարչական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն, սակայն վարչական դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից այլևս չեն կարող կիրառվել: ...»:

2. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի` 12.11.1997թ. «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանի առոչինչ լինելու կամ այն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դատարանն իր` 12 փետրվարի 2013 թվականի որոշմամբ որոշել է մերժել հայցադիմումը` հրամանն առոչինչ ճանաչելու մասով, այն պատճառաբանությամբ, որ. «...ՀՀ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության կարգով ճանաչել է միայն վարչական ակտ առ ոչինչ ճանաչելու կանոնը` միաժամանակ բացառելով այլ բնույթի իրավական ակտերն առ ոչինչ ճանաչելու հնարավորությունը»:

Ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով էլ դատարանը վերադարձրել է հայցադիմումը` արձանագրելով բողոքարկման եռամսյա ժամկետի պահանջի խախտում: Դատարանը նաև արձանագրել է, որ հայցվորը չի ներկայացրել միջնորդություն բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ վարչական դատարանն իր 11.04.2013 թվականի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողել վարչական դատարանի որոշումը: Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ «...իրավական ակտերի իրավաչափությունը որոշելու գործերով օրենսդիրը վարչական դատարանին վերապահել է միայն տվյալ վիճարկվող իրավական ակտը` դրա ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտին անհամապատասխանությունը պարզելու դեպքում, անվավեր ճանաչելու լիազորությունը, իսկ նորմատիվ իրավական ակտը առ ոչինչ հաստատելու լիազորություն վարչական դատարանին չի վերապահել»: Որպես վերաքննիչ բողոքը մերժելու հիմք վերաքննիչ վարչական դատարանն ամրագրել է դիմողի կողմից դատավարական ժամկետի խախտման փաստը:

Դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2013 թվականի որոշմամբ վերադարձվել է: Վճռաբեկ դատարանն իր որոշման հիմքում դրել է վերաքննիչ վարչական դատարանի որոշման վերոհիշյալ իրավական դիրքորոշումները:

3. Դիմողը, վիճարկելով օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի և 140-րդ հոդվածի 1-3-րդ մասերի` «անվավեր ճանաչելու» դրույթները, պնդում է, որ «Սույն դիմումով վիճարկվող ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 139, 140-րդ հոդվածների բովանդակությունից (կամ դատարանների կողմից դրանց հաղորդած իմաստից) բխում է, որ անձը հայց հարուցելու իրավունք չունի` ենթաօրենսդրական կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կամ դրանց դրույթներն առոչինչ ճանաչելու (առոչինչ լինելը հաստատելու) պահանջով»: Դիմողը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի առոչինչ լինելու նյութաիրավական հիմքերը շարադրված են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում, սակայն, ի տարբերություն վարչական ակտերի, նորմատիվ իրավական ակտերի առոչինչ ճանաչելու պահանջով վարչական դատարան դիմելու իրավունք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով չի նախատեսվել: Ըստ այդմ` դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից դատական վերահսկողությունից դուրս է դրվել մի ողջ ինստիտուտ, որով խաթարվում է արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի էությունը: Դիմողը գտնում է, որ օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 140-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթները` «անվավեր ճանաչելու» մասով, հակասում են ՀՀ Սահմանադրությանը` կա՛մ օրենսդրի կողմից տրված բովանդակության, կա՛մ անորոշ ձևակերպված լինելու, կա՛մ դատարանների կողմից հաղորդած բովանդակության պատճառով:

4. Պատասխանողի կարծիքով` դիմողի կողմից վիճարկվող նորմերն ընդգրկված են 28.11.2007թ. ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, որն ուժը կորցրել է 07.01.2014թ. նոր վարչական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ պատասխանողի` ակնհայտ է, որ այստեղ առնչվում ենք մի իրավական ակտի, որը, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, և դրա դրույթները` անկախ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության փաստից, այլևս որևէ իրավական հետևանք չեն առաջացնում:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ. «...խոսքը ոչ այնքան վիճարկվող նորմերի հակասահմանադրականության մեջ է, հատկապես, որ դրանք որևէ կերպ անհամապատասխանության մեջ չեն մտնում ՀՀ Սահմանադրության հետ, այլ առավելապես իրավակարգավորման բաց է, որն անհրաժեշտության դեպքում կարող է սահմանված կարգով լրացվել և ապահովել իրավակարգավորման ամբողջականությունը»:

5. Դիմումի և վերաբերելի դատական ակտերի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է ոչ թե օրենսգրքի վիճարկվող դրույթների հակասահմանադրականությամբ, այլ դիմողի կողմից օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետների բացթողումով, և այդ ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելով: Այսինքն` դիմողը չի օգտվել օրենսդրությամբ իրեն ընձեռված իրավական պաշտպանության հնարավորություններից և ըստ էության դիմումով բարձրացնում է վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ հարցադրում` օրենսգրքի վիճարկվող նորմերի հակասահմանադրականությունն անուղղակիորեն փաստարկելով նրանով, որ նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքները կարող էին բացառվել նորմատիվ իրավական ակտն առոչինչ ճանաչելու օրենսդրական հնարավորության դեպքում, եթե օրենսգիրքը պարունակեր նորմատիվ իրավական ակտն առոչինչ ճանաչելու ինստիտուտ:

6. Սույն գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի` քաղաքացի Մ. Եղիազարյանի կողմից սույն գործով սահմանադրական դատարան ներկայացված` ՀՀ վարչական դատարանի` 12.02.2013թ., ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 11.04.2013թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի` 19.06.2013թ. որոշումներում և մյուս իրավական ակտերում նշված վիճարկվող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի և 140-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթները նրա նկատմամբ չեն կիրառվել, չնայած դրանցում անդրադարձ է կատարվել հիշյալ չկիրառված դրույթների իրավական բովանդակությանը:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում` օրենքի դրույթի կիրառման պայմանը:

i

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...»Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

i

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի և 140-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթների սահմանադրականությունը` ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Քաղաքացի Մագդա Եղիազարյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (28.11.2007թ.) 139-րդ հոդվածի 2-րդ մասի և 140-րդ հոդվածի 1-3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 հուլիսի 2014 թվականի

ՍԴՈ-1157

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.07.2014
N ՍԴՈ-1157
Որոշում