Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ Հ ...

 

 

105.0218.210814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10514368

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 օգոստոսի 2014 թվականի N 218-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնության հուշարձանների անձնագրերը`

1) «Բազալտանման ապարների (դիաբազների) զոլավոր դայք»` համաձայն հավելված 1-ի,

2) «Քոշաքարի մրտավարդ» բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելված 2-ի,

3) «Գետնանձավ» անձավային թունել»` համաձայն հավելված 3-ի,

4) «Տրավերտիններ դոլերիտային բազալտներում»` համաձայն հավելված 4-ի,

5) «Օձի պորտ»` համաձայն հավելված 5-ի,

6) «Ձորագետի հրային ներժայթուկ»` համաձայն հավելված 6-ի,

7) «Դսեղի ծովեր»` համաձայն հավելված 7-ի,

8) «Շամլուղի լճակ»` համաձայն հավելված 8-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ

«ԲԱԶԱԼՏԱՆՄԱՆ ԱՊԱՐՆԵՐԻ (Դիաբազների) ԶՈԼԱՎՈՐ ԴԱՅՔ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` Երկրաբանական, ենթատիպ` Հրային-ներժայթուկ:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները`

Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի Լալվար գետի միջին հոսանքի կիրճի աջ ափին` Դարկ լեռնագագաթի հարավ-արևելյան ստորոտին, Ալավերդի «Լենհանքեր» ավտոճանապարհից մոտ 300 մ դեպի արևմուտք, Մադան գյուղի արևմտյան ծայրամասից մոտ 500 մ դեպի արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից 1037 մ: X- 470090,40; Y- 4554836,43 *

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  470024,88  |

|               | Y  |  4554853,52 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  470131,71  |

|               | Y  |  4554860,65 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  470180,14  |

|               | Y  |  4554315,12 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  470086,13  |

|               | Y  |  4554305,15 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է S-աձև ներժայթուկ ենթատիպի երակային կամ դայքային տիպի երկրաբանական մերկացում: Այն կազմված է ցեոլիտացված դիաբազներից (հիմքային կազմի ներժայթուկ մանրահատիկ ապար): Ներդրված է միջին Յուրայի ժամանակաշրջանի վերին բայոսի ենթահարկի` (170-167.7 մլն տարի առաջ ընկած ժամանակահատված) Դեբեդի հրաբխանստվածքային (տուֆափշրաքարեր, պորֆիրիտներ) շերտախմբի մեջ: Բնորոշվում է կոնտակտային մակերևույթներին զուգահեռ դասավորված բաց և մուգ գույնի զոլերի հստակ արտահայտված ռիթմիկ սիմետրիկ զոլավորությամբ, որոնք տարբերվում են իրենց միներալային կազմով և ծագումնաբանությամբ: Դայքի աջ և ձախ կողմերում նկատվում են 5-20 սմ հզորությամբ 5-9 մուգ գունավորված զոլեր: Դայքի կենտրոնական մասում նկատվում է բաց գույնի 1.8-2 մ հզորության պիրոքսեն-ցեոլիտային կազմի հզոր շերտ: Բաց մոխրագույն զոլերի գույնը արդյունք է նրան, որ ի սկզբանե այն կազմված է եղել մուգ մոխրագույն դիաբազային կամ բազալտային կազմի պորֆիրիտներից: Հետագայում` հետհրաբխային հիդրոթերմալ պրոցեսների (մասնավորապես` դիֆուզիոն միներալատեղակալման) արդյունքում, ապար առաջացնող մուգ գունավորում ունեցող միներալները` պիրոքսենները և պլագիոկլազները (դաշտային սպաթները), տեղակալվել են ջուր պարունակող սպիտակ գույնի ցեոլիտներով: Մուգ զոլերն ունեն մնացորդային հրային բնույթ, այսինքն` դրանք կազմված են մագմայական բազալտային պորֆիրիտներից, իսկ արդեն ցեոլիտացված սպիտակ զոլերը` ցեոլիտացված նախկին դայքի բազալտային կազմի ապարներ են: Դայքն իր դիտարժան, ակնառու և հստակ արտահայտված հատկանիշներով` ներկայացնում է եզակի և ինքնատիպ երկրաբանական հուշարձան, որի նմանակները համաշխարհային գրականության մեջ ընդհանրապես հայտնի չեն:

2) տեսանելի բարձրությունը S-աձև ծնկից վերև` 12-13 մ, ծնկից ներքև` 10-12 մ, հզորությունը` 5 մ, դայքի թեքությունը` 75-80 աստիճան:

3) Բնականին մոտ վիճակում է, գեղատեսիլ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը.

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի արևմտյան Ա հանգուցակետը գտնվում է Լալվար գետի ու նրա աջակողմյան վտակի հատման կետից 40 մ հարավ-արևմուտք: Ա կետից սահմանագիծը (104,0 մ) արևելյան ուղղությամբ անցնում է գետը և հանդիպակաց լանջին միանում Բ կետին, այնուհետև, հարավային ուղղությամբ` գետին զուգահեռ անցնում է 548,1 մ ու միանում Գ կետին: Գ կետից սահմանագիծը դեպի արևմուտք (95,0 մ) հատում է գետը և հանդիպակաց լանջին միանում Դ կետին, որտեղից էլ հյուսիսային` ուղղությամբ գետին զուգահեռ անցնում է 553,1 մ ու միանում Ա հանգուցակետին:

Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 5,0 հա, սահմանների ընդհանուր երկարությունը` 1300,3 մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 557 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 124 մ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները.

դ. նմուշներ վերցնելը.

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Լոռու մարզ, Ալավերդի քաղաքային համայնք

 

Հավելված

«Բազալտանման ապարների

(Դիաբազների) զոլավոր դայք»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՔՈՇԱՔԱՐԻ ՄՐՏԱՎԱՐԴ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Կենսաբանական, ենթատիպ` Բուսական

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Գուգարքի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության բարձրադիր գոտում, Մարգահովիտ համայնքի վարչական տարածքում: Կոորդինատներ` X-472602,18; Y-4519308,70 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  473055,92  |

|               | Y  |  4518712,82 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  472718,25  |

|               | Y  |  4518439,31 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  471969,51  |

|               | Y  |  4518962,59 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  471998,63  |

|               | Y  |  4519586,62 |

|_______________|____|_____________|

|    Ե          | X  |  472425,65  |

|               | Y  |  4520139,80 |

|_______________|____|_____________|

|    Զ          | X  |  473171,96  |

|               | Y  |  4520032,08 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Մրտավարդ Կովկասյանը /Rhododendron caucasicum Pall/ մշտադալար, խոշոր փայլուն տերևներով գետնատարած թուփ է` մինչև 1 մ բարձրությամբ: Որպես երրորդական դարաշրջանից պահպանված ռելիկտ` գրանցված է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում` վտանգված տեսակ կատեգորիայով: Տարածքում մրտավարդի մացառները ցրված են առանձին փոքր կղզյակներով: Տարածքում հանդիպում են գնարբուկ Պալլասի /Primula pallasii/, հողմածաղիկ գծավոր/ Anemone fasciculate/, ձղկի գորտնուկային /Trollius ranunculinus/, տերևատ կենձկավոր /Daphne glomerata/, հապալասենի մրտենական /Vaccinium myrtillus/, ղանձիլ /Allium victorialis/, անողնուցուկ Գրոսհեյմի /Grossheimia macrocephala/, զիվան հսկայական /Cephalaria gigantean/, աստղաբույս ամենամեծ /Astrantia maxima/, քոսքսուկ կովկասյան /Scabiosa caucasica/, թթվիճ խոշորածաղիկ /Betonica macrantha/, խորդենի վրացական /Geranium ibericum/, կեղծ ղանձլամեր սպիտակ /Veratrum album/, ոջլադեղ խիտ /Pedicularis condensate/, դակտիլորիզ մերովենյան /Dactylorhiza merovensis/, դակտիլորիզ ՈՒրվիլի /D. urvilleana/, կղմուխ արևելյան /Inula orientale/, խոլորձ արական /Orchis mascula/, ընձախոտ արևելյան /Aconitum orientalis/, ոջլախոտ գալարուն Delphinium flexuosum/, լեզվուկ սիբիրյան /Ligularia sibirica/ և այլ տեսակներ: Հուշարձանի տարածքը գտնվում է բավականին խոնավ ենթալպյան գոտում, շրջապատված է տիպիկ հացազգի կամ բազմախոտ մարգագետիններով:

2) Ծովի մակերևույթից բարձրությունը` 2050-2850 մ:

3) Վիճակը բարվոք է, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հարավ-արևելյան Ա հանգուցակետը Քոշաքար լեռնագագաթն է (2850,8 մ), որտեղից սահմանագիծը հարավ-արևմտյան ուղղությամբ` լեռան լանջով իջնելով 434,0մ, միանում է Բ կետին ու թեքվելով դեպի հյուսիս-արևելք` անցնում է 913,1մ ու հասնում Քոշաքար լեռան արևմտյան կողմում գտնվող լեռան գագաթին (2626,3մ, Գ սահմանակետ): Գ կետից սահմանագիծը լեռան հյուսիսային լանջով իջնելով 623,1մ` միանում է Դ կետին ու թեքվելով դեպի հյուսիս-արևելք` ձորակով իջնում (718,1մ) մինչև հանդիպակաց ձորով հոսող գետը (Ե կետ): Ե կետից սահմանագիծը գետի հունով` հոսանքին հակառակ բարձրանում է 813,0մ և միանում Զ կետին, որտեղից էլ Քոշաքար լեռան հյուսիսային լանջով բարձրանում է 1347,6մ` մինչև Ա հանգուցակետ:

Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 150,0 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 2050-2850 մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 4849,1 մ է: Պահպանման գոտու մեջ մտնում են Գուգարքի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության 40 հատվածի 19, 20, 21 հատվածները:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Ընդհանուր 150 հեկտար տարածքից 11 հեկտարը պետական անտառային հողեր են, իսկ 139 հեկտարը Մարգահովիտի համայնքային սեփականության արոտավայրեր:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. հողային և բուսական ծածկույթի խախտումները.

բ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության

միջավայրի պայմանների խախտումը.

դ. էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

ե. ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

զ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

 

2) Թույլատրվում է`

ա. Քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

ե. վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում.

զ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Մարգահովիտի համայնք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

Հավելված

«Քոշաքարի մրտավարդ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԳԵՏՆԱՆՁԱՎ» ԱՆՁԱՎԱՅԻՆ ԹՈՒՆԵԼ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` երկրաբանական, ենթատիպ` արտածին

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է Լոռու մարզում, Լոռիբերդ գյուղից 2կմ հվ-ալ, Ձորագետի ձախ ափին, նրա հունից 40մ բարձրության վրա: Կոորդինատներ` X- 451908,01; Y-4541216,84 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  451879,14  |

|               | Y  |  4541255,53 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  451974,95  |

|               | Y  |  4541184,29 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  451904,32  |

|               | Y  |  4541126,55 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  451818,33  |

|               | Y  |  4541182,44 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Լավային սարավանդի քարափի տակ գտնվող Գետնանձավ անձավային թունելը իրենից ներկայացնում է լավային թունել և ձևավորվել է չորրորդականի բազալտների մեջ: Անձավի հատակը հորիզոնական է, տեղ-տեղ` ալիքավոր: Առաստաղը կտրվածքում կամարաձև է և ընդհանուր առմամբ կրկնում է հատակի ձևերը: Անձավը ենթարկվել է ստորերկրյա ջրերի ներգործությանը, որի հետևանքով առաջացել են հոսքային գոյացություններ` 5-10սմ երկարությամբ ստալակտիտներ, ստալագմիտներ, իսկ առաստաղի և հատակի մերձեցման տեղերում` նույնիսկ ստալագնատներ: Որպես բնության հուշարձան, այն Հայաստանում հանդիպող ամենաերկար լավային թունելներից է: Անձավի հատակին հանդիպում են կենդանիների ոսկորներ: Այն կարիք ունի հնէաբանական, ինչպես նաև հնագիտական հետազոտությունների:

2) Հատակագծում անձավն ունի S-աձև տեսք և ունի 55մ երկարություն, 2-3մ միջին լայնություն, 0.5-1մ միջին բարձրություն: Մակերեսը կազմում է 120 քառ.մ, ծավալը` շուրջ 100 խոր.մ:

3) Վիճակը բարվոք է, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հյուսիսային Ա կետը գտնվում է ձորակի վերին եզրին, որտեղից սահմանագիծը դեպի հարավ-արևելք ձորակի եզրով անցնում է 118,5մ և միանում Բ կետին, այնուհետև հարավ-արևմտյան ուղղությամբ ուղղահայաց լանջով իջնում է 91,1մ մինչև գետակը ու միանում Գ կետին: Գ կետից սահմանագիծը գետին զուգահեռ, հոսանքին հակառակ հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնելով 102,5մ` միանում է Դ կետին, որտեղից էլ հյուսիս-արևելյան ուղղությամբ զառիթափ լանջով բարձրանալով 95,0մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1,0 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 1350-1380մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 407,1մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 128մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 158մ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօոգտագործողի մասին

Լոռու մարզի Լոռիբերդ գյուղական համայնք

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) Արգելվում է.

ա. քարանձավի պահպանական գոտում արգելվում են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները,

դ. հուշարձանից նմուշներ վերցնելը,

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Լոռու մարզի Լոռիբերդ գյուղական համայնք

 

Հավելված

«Գետնանձավ» անձավային թունել»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՏՐԱՎԵՐՏԻՆՆԵՐ ԴՈԼԵՐԻՏԱՅԻՆ ԲԱԶԱԼՏՆԵՐՈՒՄ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` երկրաբանական, ենթատիպ` հրային արտաժայթուկ (էֆուզիվ)

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Մարց գյուղի խաչմերուկից մոտ 50 մ վերև, Մարց-Աթան գրունտային ավտոճանապարհի ձախ կողմում: Կոորդինատներ` X- 475616,98; Y-4534989,97 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  475577,08  |

|               | Y  |  4535010,33 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  475616,14  |

|               | Y  |  4535027,63 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  475661,62  |

|               | Y  |  4534998,34 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  475625,91  |

|               | Y  |  4534955,65 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է բնական երկրաբանական մերկացում, որը կազմված է վերին պլիոցենի հասակի միջին ակչագիլի ենթահարկի ալկալաօլիվինային դոլերիտային բազալտների որոշակի ծռվածություն ունեցող կոպիտ սյունաձև անջատումներից: Նշված հիմքային կազմի արտաժայթուկ դոլերիտային բազալտները ունեն չափազանց լայն տարածում ամբողջ Հայաստանի տարածքում, մասնավորապես` Դեբեդ և Ձորագետ գետերի կիրճերում, բնութագրվում են հակադարձ մագնիսականությամբ և կալիում-արգոնային մեթոդով թվագրվում են 2.5 մլն տարի: Այդ ժամանակահատվածում ամբողջ հյուսիսային Հայաստանի տարածքում տեղի է ունեցել դոլերիտային բազալտների երկու լայնակի ճեղքային բնույթի արտավիժում, որոնք, հատելով երկրակեղևի վերին մասը, հասել են վերին կեղևում գտնվող հրաբխային օջախների: Դրանք պայմանավորված են ալպյան ծալքավորության եզրափակիչ փուլի Տրանսկովկասյան բարձրացման հետ: Երկրաժամանակագրական իմաստով երկու արտավիժումն էլ իրար շատ մոտ են եղել: Առաջին արտավիժումից գոյացած դոլերիտային բազալտների ստորին հոսքի ծածկոցը բնութագրվում է գնդաձև և բարձաձև առանձնացումներով, իսկ երկրորդ հոսքի ծածկոցը բնորոշվում է սյունաձև անջատումներով: Տվյալ դոլերիտային բազալտները արտաքնապես իրենցից ներկայացնում են մուգ գույնի մանրահատիկ ամուր և կարծր ապարներ և իրենց կազմով և ծագումնաբանությամբ բացարձակապես նման են Դսեղի Կալքար ժայռի դոլերիտային բազալտներին: Սյունաձև անջատումների առկայությունը ցույց է տալիս, որ նրանք պատկանում են դոլերիտային բազալտների վերին ծածկոցին: Սյուների տրամագիծը 50-80սմ է: Հանդիպում են հիմնականում 6 և 5 հատվածակողմ սյուներ: Սյունաձև անջատումները բացատրվում են սկզբնական հրահեղուկ լավայի հավասարաչափ սեղմամբ: Սյունաձևությունը, որպես կանոն, ընթանում է սառեցման մակերեսներին ուղղահայաց ուղղություններով: Տվյալ դեպքում մենք գործ ունենք լավային հոսքի վերնամասի հետ, որտեղ մթնոլորտային գործոնների ազդեցությունը հնարավոր կատարյալ սյունաձև անջատումները կարող էր վերափոխել ավելի անկանոն և ծռված դասավորության: Հատկանշանական է, որ միջին մասում առկա են բաց մոխրա-դեղնավուն գունավորում ունեցող տրավերտինի, կամ կրաքարային տուֆի 5-10 սմ հզորությամբ շերտեր: Տվյալ տրավերտինային շերտը առաջացել է կալցիումով հագեցված տաք հանքային ջրերի գործունեության հետևանքով: Դոլերիտային բազալտներում տրավերտինների առկայությունը հազվագյուտ երևույթ է, որը Հայաստանի այլ տարածքներում չի հայտնաբերվել:

2) Երկարությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք մոտ 25 մ է, բարձրությունը` 16-18մ: Բարձրությունը ծովի մակարդակից հիմքի մոտ, այսինքն ավտոճանապարհի մոտ 1100 մ, գագաթի բարձրությունը 1117 մ:

3) Վիճակը բարվոք է, գեղատեսիլ, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի արևմտյան Ա սահմանային կետը գտնվում է Մարց գետի ու նրա աջակողմյան վտակի հատման կետում, որտեղից սահմանագիծը հյուսիս-արևելյան ուղղությամբ անցնելով 43,3 մ` միանում է Բ կետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևելք (54,3 մ)` միանում է Գ կետին: Գ կետից սահմանագիծը հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 56,4 մ` միանում է Մարց գետի վրա գտնվող Դ կետին, որտեղից էլ գետի վրայով հոսանքի ուղղությամբ դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 73 մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0,3 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 1050-1075 մ: Սահմանագծի ընդհանուր երկարությունը 227,0 մ է:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Լոռու մարզի Մարց գյուղական համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

գ. շինարարական, հորատման, պայթեցման աշխատանքները.

դ. նմուշներ վերցնելը.

ե. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Լոռու մարզի Մարցի գյուղական համայնք:

 

Հավելված

«Տրավերտիններ դոլերիտային

բազալտներում»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 5

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՕՁԻ ՊՈՐՏ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` Բնապատմական

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է Լոռու մարզի Արդվի համայնքի արևելյան մասում, Հովնան Օձունեցու կաթողիկոսի մատուռից 120 մ. հյուսիս-արևմուտք: Կոորդինատներ` X-465569,09; Y-4542843,80 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  465392,57  |

|               | Y  |  4542970,04 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  465631,09  |

|               | Y  |  4542860,55 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  465594,22  |

|               | Y  |  4542801,34 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  465307,11  |

|               | Y  |  4542882,34 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Երկրաբանական տեսակետից իրենից ներկայացնում է միջին էոցենի հասակի (48,6-37,2 միլիոն տարի ընկած ժամանակահատված) կրաքարերից, մասամբ կարմրավուն ավազաքարերից գոյացում: Ըստ ավանդապատման այդտեղ Հովհան Օձնեցին քարացրել է վիշապ օձին, որից հիվանդություններ բուժելու հատկությամբ օժտված ջուր է կաթում և մարդիկ երկրպագել են այդ հեթանոսական օձ-աստծուն:

2) Ժայռի երկարությունը մոտ 300մ է, եռանկյունաձև, որի մեջ նշված գոյացությունը սկսվում է գետնից, ունի մոտ 100մ երկարություն, 0.5-1 մ լայնություն և ձգվում է 300 անկյան տակ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հյուսիսային Ա հանգուցակետը գտնվում է Հովնան Օձունեցու մատուռից 55մ հյուսիս-արևմուտք, որտեղից սահմանագիծը հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 263,0մ` միանում է Բ կետին, որից հետո, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ձորակով իջնում է 69,3մ ու միանում Գ կետին: Գ կետից սահմանագիծը գետակով, հոսանքին հակառակ հյուսիս-արևմտյան ուղղությամբ անցնում է 297,9մ ու միանում Դ կետին, որից հետո հյուսիս-արևելյան ուղղությամբ անցնելով 122,9մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 2,5 հա, ծովի մակերևույթից բարձրությունը` 1350-1425մ: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 753,1մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 155մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 328մ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

Արդվի գյուղական համայնք:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հորատանցքերի փորումը,

գ. շինարարական և պայթեցման աշխատանքներ

դ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղական համայնք:

 

Հավելված

«Օձի պորտ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 6

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՁՈՐԱԳԵՏԻ ՀՐԱՅԻՆ ՆԵՐԺԱՅԹՈՒԿ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Երկրաբանական, ենթատիպ` հրային ներժայթուկ:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Ձորագետ և Փամբակ գետերի հատման կետում, Ալավերդի-Վանաձոր ավտոմայրուղու աջ կողմում` մոտ 10 մ չհասած առաջին թունելի մուտք, ծովի մակարդակից 888 մ բարձրության վրա: Կոորդինատներ` X - 469014,53; Y - 45360000,45 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  468992,11  |

|               | Y  |  4535888,63 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  468886,04  |

|               | Y  |  4535904,70 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  469034,97  |

|               | Y  |  4536094,35 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  469112,12  |

|               | Y  |  4536067,56 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է կոնաձև, համարյա ուղղաձիգ պատերով, սրածայր գագաթով, մասամբ խոտածածկ ժայռ: Երկրաբանական տեսանկյունից այն ներժայթուկ մարմին է, որը բաղկացած է թթու կազմի, այսինքն` սիլիկահողով հագեցած դացիտներից և անդեզիտադացիտներից: Ներժայթուկը, համաձայն գրականության տվյալների, ներդրվել է, այսինքն` պատռում է վերին էոցենի ժամանակաշրջանի բարտոնյան և պրիաբոնյան հարկերի (40-34 մլն տարի առաջ ընկած ժամանակահատվածը) նույնպես թթու կազմի հրային ռիոլիտային կազմի ապարները: Ժայռասյան ստորին մասում` հիմքի մոտ, ակնառու երևում են մոտ 40-500 թեկվածությամբ տեղակայված դացիտների և անդեզիտադացիտների հովհարաձև սյունաձև անջատումներ: Հանդիպում են հիմնականում 4, 5 և 6 հատվածակողմ սյուներ: Սյունաձև անջատումները բացատրվում են սկզբնական հրահեղուկ թթու կազմի մածուցիկ լավայի աստիճանաբար սառեցման հետևանքով հավասարաչափ սեղմամբ:

2) Բարձրությունը մոտ 30մ է: Սյուների տրամագիծը, տատանվում է 40-60սմ սահմաններում:

3) Վիճակը բարվոք է, գեղատեսիլ, բնականին մոտ:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հարավային Ա կետը գտնվում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի, Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման կետի մոտ գտնվող թունելի ձախ կողմում: Ա կետից սահմանագիծը դեպի արևմուտք անցնելով 107,5 մ, միանում է Բ կետին, որտեղից էլ հյուսիս-արևելյան ուղղությամբ անցնելով 243,1 մ ու հատելով Ձորագետ գետը` միանում է Գ կետին: Գ կետից սահմանագիծը հարավ-արևելյան ուղղությամբ անցնելով 83,0 մ` ձգվում է մինչև ավտոճանապարհը ու միանում Դ կետին, որտեղից էլ ավտոճանապարհին զուգահեռ հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 216,0 մ` միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 2,0 հա, ծովի մակարդակից բարձրությունը` 925-1000 մ, սահմանագծի ընդհանուր երկարությունը 649,6 մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 207 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 238 մ: Պահպանման գոտին ընդգրկում է Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառպետության թիվ 5 քառակուսու 7-րդ հատվածը /04 լրիվության,5-րդ բոնիտետային դասի/:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօոգտագործողի մասին

Պահպանման գոտու 0,9 հեկտարը,որից 0,3-ը անտառային, գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի վարչական տարածքում, իսկ 1,1 հեկտարը,որից 0,6-ը անտառային` ՀՀ Լոռու մարզի Ձորագետ համայնքի վարչական տարածքում: Հիմնականում 5-րդ բոնիտետային դասի, 03-04 լրիվության կոճղաշիվային բոխուտներ են:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով),

բ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը,

գ. շինարարական և պայթեցման աշխատանքներ.

դ. ծառերի և թփերի հատումները.

ե. նմուշներ վերցնելը.

զ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

բ. ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

գ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

Թումանյան գյուղական համայնք

 

Հավելված

«Ձորագետի հրային ներժայթուկ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 7

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ԴՍԵՂԻ ԾՈՎԵՐ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Ջրագրական, ենթատիպ` Լիճ:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք` ուղիղ գծով, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի (1607.3 մ) հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում: Կոորդինատներ` X-473397,30; Y-4535212,14 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  473362,00  |

|               | Y  |  4535305,88 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  473489,20  |

|               | Y  |  4535271,96 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  473502,98  |

|               | Y  |  4535155,36 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  473316,42  |

|               | Y  |  4535123,56 |

|_______________|____|_____________|

|    Ե          | X  |  473267,66  |

|               | Y  |  4535215,78 |

.__________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` Pukovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Հուշարձանն իրենից ներկայացնում է էրոզիոն ծագման անհոսք լիճ, որի հարավային մասը շրջապատված է թավուտ անտառով: Հիմնականում սնվում է ստորգետնյա քաղցրահամ աղբյուրներից: Լիճը տեղադրված է ստորին էոցենի հասակի իպրյան հարկի (55.8-ից մինչև 48.6 մլն տարի առաջ ընկած ժամանակահատված) բաց մոխրագույն հրաբխային արտածին տուֆերի վրա, որոնք փոքր հզորությամբ երիզում են լճի հարավային անտառապատ կողմը: Զմռանը լիճը սառչում է մասամբ, հազվադեպ` ամբողջովին: Լճի տեղանքում հնուց եղել են իրարից գրեթե անջատված 3-4 ծանծաղ լճակներ, որոնց ցամաքելուց հետո մնացել են ճահճուտներ:

2) Լճի բարձրությունը` 1391 մ ծովի մակարդակից, երկարությունը` հյուսիսից հարավ մոտ 250 մ, լայնությունը` արևմուտքից արևելք ամենալայն տեղում մոտ 200 մ: Լճի հայելու մակերեսը 1,6 հա է, առավելագույն խորությունը 4.5 մ:

3) Բնականին մոտ վիճակում է, գեղատեսիլ, սակայն, աստիճանաբար ծանծաղում է և չափսերով փոքրանում: Նկատվում են մասնակիորեն ճահճացման երևույթներ: Լճի ջուրը մասամբ աղտոտված է և պղտոր:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

 

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի հյուսիսային Ա հանգուցակետը գտնվում է լճակից դուրս եկող գետակի գետաբերանում, որտեղից սահմանագիծը (132,6 մ) հարավ-արևելյան ուղղությամբ ձգվում է մինչև տարածքի մոտով անցնող գրունտային ճանապարհը (Բ կետ), այնուհետև թեքվելով դեպի հարավ` անցնում է 117,4 մ և միանում Գ կետին: Գ կետից սահմանագիծը հարավ-արևմտյան ուղղությամբ անցնելով 186,4 մ, միանում է Դ կետին, որտեղից շեղվելով դեպի հյուսիս-արևմուտք (104,1 մ)` միանում է Ե կետին: Ե կետից 132,1 մ երկարությամբ սահմանագիծը հյուսիս-արևելյան ուղղությամբ միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 3,0 հա, որից 0,4 հեկտարը պետական անտառային հողեր են /Դսեղի անտառտնտեսության,Դսեղի անտառպետության քառ.3,հատված 8/: Սահմանների ընդհանուր երկարությունը` 672,6 մ, հյուսիսից հարավ ձգվածությունը` 190 մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 243 մ:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին`

ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղական համայնք, «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները`

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. ջրային ռեժիմի խախտումը.

բ. շրջակայքի հողային և բուսական ծածկույթի խախտումները.

գ. շրջակայքի ծառերի և թփերի հատումները.

դ. աղտոտումը.

ե. բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության

միջավայրի պայմանների խախտումը.

զ. շրջակայքում անասունների արածեցումը.

Է. էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

ը. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

ե. վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում.

զ. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին`

ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղական համայնք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

 

Հավելված

«Դսեղի ծովեր»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

Հավելված N 8

ՀՀ բնապահպանության

նախարարի

5 օգոստոսի 2014թ.

218-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՇԱՄԼՈՒՂԻ ԼՃԱԿ» ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը

Տիպ` Ջրագրական, ենթատիպ` Լիճ:

 

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շամլուղ համայնքի վարչական տարածքում: Կոորդինատներ` X-476683,45; Y-4560020,58 *:

 

.__________________________________.

|Սահմանային կետ |   Կոորդինատներ * |

|_______________|__________________|

|    Ա          | X  |  476645,36  |

|               | Y  |  4560012,18 |

|_______________|____|_____________|

|    Բ          | X  |  476670,85  |

|               | Y  |  4560049,15 |

|_______________|____|_____________|

|    Գ          | X  |  476726,87  |

|               | Y  |  4560022,82 |

|_______________|____|_____________|

|    Դ          | X  |  476708,66  |

|               | Y  |  4559992,85 |

.__________________________________.

* Կոորդինատային համակարգը` Pulkovo 1942, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

1) Լճակում առկա են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված Փոքրասիական տրիտոնի ռելիկտային պոպուլյացիաներ: Դրանց բնակեցման համար նպաստավոր են առավելապես տարբեր տեսակի կանգուն և թույլ հոսանքային ջրավազանները (լճեր, արհեստական լճակներ, ջրանցքներ, ճահիճներ և այլն), որտեղ առկա են թաքստոցներ և ձվադրավայր ծառայող ջրային բուսականություն: Ամռանն ու ձմռան ամիսներն անց են կացնում ցամաքում` գտնելով թաքստոցներ գտնելով փտած կոճղերի կեղևի, քարերի տակ և ժայռերի ճեղքերում: Գարնանը և ամռան սկզբին մնում են մաքուր, հոսող և կանգուն անտառային ջրավազաններում` հարուստ ջրային բուսականությամբ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, փափկամարմիններով, միջատներով և որդերով: Սեռահասուն են դառնում 3-5 տարեկանում, իսկ կյանքի տևողությունը ենթատեսակի արեալի տարբեր հատվածներում 8-21 տարի է: Փոքրասիական տրիտոնի թվաքանակի վրա բացասականորեն են ազդում բուսականությամբ հարուստ մանր ջրավազանների ոչնչացումը, արդյունաբերական աղտոտումը, թունաքիմիկատների օգտագործումը: Պոպուլյացիայի համար լուրջ վտանգ է ներկայացնում նաև տրիտոնների ապօրինի որսը:

2) Լճի բարձրությունը` 1275մ ծովի մակարդակից, երկարությունը` հյուսիսից հարավ 26 մ, լայնությունը` արևմուտքից արևելք ամենալայն տեղում մոտ 55մ: Լճի հայելու մակերեսը 0,1 հա է, միջին խորությունը 1մ:

3) Բնականին մոտ վիճակում է, ջուրը մասամբ աղտոտված է և պղտոր:

 

4.Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

1) Ըստ Հավելվածում ներկայացված սխեմատիկ քարտեզի` տարածքի արևմտյան Ա կետից սահմանագիծը (45,1մ) հյուսիս-արևելյան ուղղությամբ միանում է Բ կետին, այնուհետև, թեքվելով դեպի հարավ-արևելք,անցնում է 62,0մ ու միանում Գ կետին: Գ կետից սահմանագիծը դեպի հարավ-արևմուտք անցնում է 35,0մ ու միանում Դ կետին, որտեղից էլ հյուսիս-արևմտյան ուղղությամբ (66,6մ) միանում է Ա հանգուցակետին:

2) Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.25 հա: որից 0,09հա կազմում է հուշարձանի (լճակի) տարածքը: Պահպանման գոտու սահմանագծի ընդհանուր երկարությունը 208,6մ է, հյուսիսից հարավ ձգվածությունը` 56,8մ, արևելքից արևմուտք ձգվածությունը` 83,1մ:

 

5.Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին`

ՀՀ Լոռու մարզի Շամլուղ գյուղական համայնք

 

6.Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները`

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում են`

ա. ջրային ռեժիմի խախտումը.

բ. շրջակայքի հողային և բուսական ծածկույթի խախտումը.

գ. շրջակայքի ծառերի և թփերի հատումները.

դ. աղտոտումը.

ե. բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության

միջավայրի պայմանների խախտումը.

զ. շրջակայքում անասունների արածեցումը.

Է. էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

ը. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:

2) Թույլատրվում է`

ա. գիտական ուսումնասիրությունները և մոնիթորինգը

բ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

գ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

 

7.Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին`

ՀՀ Լոռու մարզի Շամլուղ համայնք

 

Հավելված

«Շամլուղի լճակ»

բնության հուշարձանի անձնագրի

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմատիկ քարտեզը չի բերվում

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
05.08.2014
N 218-Ն
Հրաման