Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

050.0206.280814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014395

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2014 թվականի թիվ 206-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 284-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող ֆինանսական կազմակերպությունների` բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների մասնակիցների գրանցամատյանների վարման կարգը,

հիմք ընդունելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի սեպտեմբերի 3-ի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարումը կանոնակարգելու մասին» թիվ 284-Ն որոշումը:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հուլիսի 15-ի

թիվ 206-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների (այսուհետ` Ֆինանսական կազմակերպություն) մասնակիցների գրանցամատյանի վարման, դրանում փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հիմքերը և կարգը:

2. Գրանցամատյանում գրանցում կատարելը կամ գրանցման կատարումը մերժելն իրականացվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ:

3. Անձը համարվում է Ֆինանսական կազմակերպության մասնակից` սույն կարգով սահմանված կարգով գրանցամատյանում նրան որպես այդպիսին գրանցելու պահից:

4. Անձը համարվում է գրանցամատյանում գրանցված` սույն կարգի 14-րդ կետում նշված տեղեկությունները գրառելու պահից:

5. Գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստվում է բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրով (այսուհետ` վկայագիր):

 

ԳԼՈՒԽ 2. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Ֆինանսական կազմակերպության գրանցման պահին գրանցամատյանում առաջին գրանցումը կատարելու նպատակով Ֆինանսական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացվում են`

1) տեղեկություններ մասնակիցների մասին. իրավաբանական անձանց համար` պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը և բնակության վայրը.

2) տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի բաժնեմասի չափի մասին:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները ներկայացվում են Ֆինանսական կազմակերպության բոլոր մասնակիցների ստորագրությամբ (նշված պահանջը վերաբերում է միայն գրանցամատյանում առաջին անգամ գրանցում կատարելու դեպքերին):

8. Վկայագրում առկա տեղեկատվության յուրաքանչյուր փոփոխության դեպքում գրանցամատյանում կատարվում է գրանցում. բաժնեմաս ձեռքբերողը պարտավորվում է վկայագրում առկա տեղեկատվության փոփոխության դեպքում ներկայացնել այն Կենտրոնական բանկ վերաձևակերպման:

9. Եթե լիցենզավորման, նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ կանոնադրության փոփոխության գործընթացում Ֆինանսական կազմակերպությունը ներկայացրել է սույն կարգով նախատեսված փաստաթղթերը, ապա գրանցամատյանում գրանցում կատարելու համար կրկնվող փաստաթղթերը կարող են չներկայացվել:

10. Գրանցամատյանում գրանցում կատարելու համար կամ վկայագրի վերաձևակերպման դեպքում Ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ բաժնեմասի սեփականատիրոջ կողմից ներկայացվում են`

1) բաժնեմասի (բաժնեմասերի) կամ դրա (դրանց) մասերի ձեռքբերման դեպքում բաժնեմասը (բաժնեմասերը) ձեռքբերողը ներկայացնում է`

ա. դիմումը,

բ. բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն),

գ. գործարքի կողմ հանդիսացող մասնակիցների վկայագրերը,

դ. Ֆինանսական կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

ե. պետական գրանցման վկայականի (եթե տվյալ կողմն իրավաբանական անձ է) կամ անձնագրի (եթե տվյալ կողմը քաղաքացի է) պատճենը,

զ. գործարքի կողմ իրավաբանական անձի կանոնադրության պատճենը և կառավարման իրավասու մարմնի որոշումը (հրաման, նիստի արձանագրությունից քաղվածք և այլն),

2) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի նախատեսված դեպքում`

ա. դիմումը,

բ. դատարանի վճիռը և կատարողական թերթիկը,

3) Ֆինանսական կազմակերպության չբաշխված շահույթի հաշվին կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) ավելացման դեպքում`

ա. դիմում,

բ. Ֆինանսական կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

գ. Ֆինանսական կազմակերպության տեղեկանքը կանոնադրական կապիտալը (հիմնադրամը) լրիվ վճարված լինելու և ֆինանսական զուտ ակտիվների մեծության մասին,

դ. Ֆինանսական կազմակերպության բոլոր մասնակիցների վկայագրերը,

4) Ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազեցման (բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցման միջոցով) դեպքում`

ա. դիմումը,

բ. Ֆինանսական կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

գ. Ֆինանսական կազմակերպության տեղեկանքը Ֆինանսական կազմակերպության պարտատերերի առարկությունների բացակայության մասին,

դ. Ֆինանսական կազմակերպության բոլոր մասնակիցների վկայագրերը,

5) Ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազեցման (Ֆինանսական կազմակերպությանը պատկանող բաժնեմասերի մարման միջոցով) դեպքում`

ա. դիմումը,

բ. Ֆինանսական կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

գ. Ֆինանսական կազմակերպության` մարվող բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը,

դ. Ֆինանսական կազմակերպության տեղեկանքը կազմակերպության պարտատերերի առարկությունների բացակայության մասին:

11. Ֆինանսական կազմակերպության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված` գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել ժառանգ կամ իրավահաջորդ հանդիսանալու մասին համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաև Ֆինանսական կազմակերպության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ հավաստում Ֆինանսական կազմակերպության գործադիր տնօրենից` գրավոր մերժումների բացակայության մասին, եթե Ֆինանսական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն մասնակիցների համաձայնությամբ:

12. Գրանցամատյանում օտարերկրյա իրավաբանական անձի կողմից բաժնեմասի ձեռքբերմամբ պայմանավորված` գրանցում կատարելու համար ներկայացվում է նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հավաստող այլ համազոր փաստաթուղթ` վավերացված և նոտարական կարգով հայերեն թարգմանված:

13. Ֆինանսական կազմակերպության մասնակցի բաժնեմասի փոխանցմամբ (օտարմամբ) պայմանավորված` գրանցում կատարելու համար սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև Ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումը Ֆինանսական կազմակերպության մասնակիցների նախապատվության իրավունքի իրականացման` օրենքով և Ֆինանսական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե Ֆինանսական կազմակերպության մասնակցի բաժնեմասի փոխանցումն իրականացվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն կետում նշված հավաստումը չի ներկայացվում:

 

ԳԼՈՒԽ 3. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

14. Գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`

1) Ֆինանսական կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը և պետական գրանցման տվյալները,

2) մասնակից իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները և բնակության վայրը,

3) բաժնեմասի չափը,

4) բաժնեմասի ձեռքբերման հիմքերը,

5) գրառում կատարվելու տարին, ամսաթիվը:

15. Գրանցամատյանում գրանցում կատարելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը պետք է կատարի գրանցում և դիմողին տրամադրի համապատասխան վկայագիր` համաձայն Հավելված 1-ի:

16. Վկայագրի ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում վկայագրի սեփականատերը Կենտրոնական բանկ ներկայացնում է դիմում վկայագրի կրկնօրինակը ստանալու և կորստի մասին Կենտրոնական բանկի կայքում հրապարակելու համար: Օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դիմումին կցվում է վկայագրի բնօրինակը:

17. Կենտրոնական բանկը տրամադրում է կորած, ոչ պիտանի դարձած կամ ոչնչացած վկայագրի կրկնօրինակը` դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:

18. Կորած վկայագիրը գտնելու դեպքում գտնված վկայագիրը սեփականատերը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

19. Վկայագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

20. Վկայագրի կրկնօրինակի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում վկայագրի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

21. Վկայագիրը, որպես գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստող փաստաթուղթ, ենթակա է հաշվառման, որում նշվում են`

1) Ֆինանսական կազմակերպության գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումն ու գտնվելու վայրը,

2) կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափը,

3) Ֆինանսական կազմակերպության մասնակիցների մասին տեղեկություններ, իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները և բնակության վայրը,

4) բաժնեմասի չափը,

5) բաժնեմասի ձեռքբերման հիմքերը,

6) Կենտրոնական բանկում գրանցման տարին, ամսաթիվը, գրանցման որոշման համարը:

22. Գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում պարունակվում են տեղեկություններ, որոնք հակասում են համապատասխան օրենքներին կամ Ֆինանսական կազմակերպության կանոնադրության պահանջներին, Ֆինանսական կազմակերպության բաժնեմասերի ձեռքբերման գործարքը հակասում է համապատասխան օրենքներին և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին:

23. Գրանցման մերժման մասին Կենտրոնական բանկի որոշումը պետք է լինի պատճառաբանված և պարունակի հղում Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կարգի կամ Ֆինանսական կազմակերպության կանոնադրության այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են:

24. Գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը ենթակա են դատական կարգով բողոքարկման:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցամատյանում գրանցվում են ֆինանսական կազմակերպությունների այն մասնակիցները, որոնք մասնակցություն են ձեռք բերել մինչև սույն կարգը ուժի մեջ մտնելը` տրամադրելով նրանց վկայագիր:

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ

ընկերություն հանդիսացող կազմակերպությունների

մասնակիցների գրանցամատյանի վարման կարգի»

 

ՎԿԱՅԱԳԻՐ N 000000

 

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող Ֆինանսական

կազմակերպության` բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի

 

Ֆինանսական կազմակերպության տեսակը _________________________________

 

___________________________________________________________________

                        (լրիվ ֆիրմային անվանումը)

 

պետական գրանցման համարը _____________ գտնվելու վայրը ______________

 

կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) չափը ___________________________

 

Մասնակից __________________________________________________________

___________________________________________________________________

(իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը

(փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար տվյալները և հաշվառման հասցեն)

 

բաժնեմասի չափը ____________________________________________________

(տոկոսներով կամ մասերով)

 

բաժնեմասի ձեռքբերման հիմքը ________________________________________

 

Կենտրոնական բանկում գրանցման տարին, ամսաթիվը, գրանցման

որոշման համարը ____________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահ

 

    (անուն, ազգանուն)                          (ստորագրություն)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.07.2014
N 206-Ն
Որոշում