Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԷԴ/0132/01/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0132/01/13

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Լ. Թադևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պաղոսյանի

 

                    քարտուղարությամբ          Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ մեղադրող   Ա. Գասպարյանի

 

2014 թվականի մայիսի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրանտ Արայի Պարանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ մեղադրող Ա. Գասպարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռով Հրանտ Արայի Պարանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա որոշվել է Հ. Պարանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 2 տարի ժամկետով` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելուց հետո` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների իրականացման համապատասխան ծառայության վրա: Ամբաստանյալ Հ. Պարանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` հրամանատարության հսկողությանը հանձնելը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը:

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 11-ի դատավճռի դեմ մեղադրողի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

3. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ, գործով մեղադրող Ա. Գասպարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Հ. Պարանյանի պաշտպան Հ. Իսրայելյանը` խնդրելով մեղադրողի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

4. Նախաքննության մարմինը Հ. Պարանյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա. «(...) 14.08.2013թ. ժամը 06:30-ի սահմաններում, վերկացից հետո իրեն վատ է զգացել, չի իջել մարմնամարզության և պառկել է մահճակալին: Այդ ժամանակ վաշտի հերթապահ, կրտսեր սերժանտ Արսեն Ավագյանը դիմել է Հ. Պարանյանին և ասել, որ իջնի և միանա շարքին: Հ. Պարանյանը պատասխանել է, որ իրեն չասի, թե ինքն ինչ անի, որից հետո Ա. Ավագյանը ևս մեկ անգամ պարտադրել է, որ իջնի և միանա շարքին: Հ. Պարանյանը, իջնելով շարահրապարակ, մասնակցել է մարմնամարզությանը, այնուհետև ժամը 07:30-ի սահմաններում Պարանյանը մտել է ՀՏՄ լսարան և վերը նշված հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ա. Ավագյանի հետ, որի ժամանակ Հ. Պարանյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 32-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ծառայության և զինվորական կոչման բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող վաշտի հերթապահ, կրտսեր սերժանտ Ա. Ավագյանի նկատմամբ` բռունցքով հարված հասցրել վերջինիս դեմքին` պատճառելով թեթև աստիճանի ծանրության մարմնական վնասվածք» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 84-87):

5. Դատաբժշկական փորձագետի թիվ 1413/հ եզրակացության համաձայն` «Քաղ. Ա. Ավագյանի մարմնական վնասվածքները` զույգ ստորին կոպերի շրջանների արյունազեղումների, քթոսկրերի տեղաշարժված կոտրվածքի ձևով, հասցվել են բութ, կոշտ, սահմանափակ մակերես ունեցող առարկայով հնարավոր է նշված ժամկետում և հանգամանքում, որոնք առաջացրել են առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 46-47):

Ա. Ավագյանի հիվանդության պատմության համաձայն` դեպքից հետո Ա. Ավագյանն ուղեգրվել է զինվորական հոսպիտալ, որտեղ տասներեք օր ստացել է բուժօգնություն, այն է` անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ մարմնական վնասվածքի հետևանք հանդիսացող այտուցները նվազելուց հետո նրա քթոսկրերի տեղաշարժը ուղղվել է, և քիթը ֆիքսվել է գիպսե վիրակապով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 46-57):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «Դատարանն արագացված կարգով իրականացված դատական քննության ընթացքում ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալ Հ. Պարանյանի համաձայն լինելու փաստը, գտնում է, որ ամբաստանյալ Հ. Պարանյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3 մասի 3-րդ կետով և նշված հոդվածով պետք է ենթարկվի պատասխանատվության:

Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, այն, որ ամբաստանյալ Հ. Պարանյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, երիտասարդ է, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, ժամկետային զինծառայությանը մնացել է 6 ամիս ժամկետ, զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրականորեն, ֆիզիկապես վատառողջ է, տառապում է ողնաշարային հիվանդությամբ, որի կապակցությամբ ՀՀ ՊՆ 26.02.2010 թվ. թիվ 175-Ն հրամանի 26-րդ հոդվածի «Դ» կետի համաձայն, սահմանափակում պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար, հաշտվել է տուժող Ա. Ավագյանի հետ, վերջինս դատարանում որևէ բողոք կամ այլ պահանջ չներկայացրեց հայտնելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել, ներկայումս հաշտվել է ամբաստանյալի հետ, (...) մտերիմ ընկերներ են և խնդրեց դատարանին նրան չենթարկել քրեական պատասխանատվության և պատժի: Ամբաստանյալ Հ. Պարանյանի համար պատասխանատվությունը մեղմացնող և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը դատաքննությամբ չհայտնաբերեց:

Միաժամանակ, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, ամբաստանյալ Հ. Պարանյանի անձը բնութագրող տվյալները, նրա տարիքը, տուժողի բողոքի բացակայությունը, պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ժամկետային զինծառայությանը մնացած 6 ամսվա ժամկետը, զորամասի հրամանատարության կողմից դրականորեն բնութագրվելը, ինչպես նաև ամբաստանյալ Հ. Պարանյանի առողջական վիճակը, որի կապակցությամբ վերջինս սահմանափակումներով է պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար, դատաքննության ընթացքում ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալ Հրանտ Արայի Պարանյանի ուղղվելը հնարավոր է առանց նրան հասարակությունից մեկուսացնելու, առանց պատիժը կրելու: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 143-144):

7. Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները հիմնավոր են, բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 32-38):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ` Հ. Պարանյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես` դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 48-րդ և 70-րդ հոդվածներով սահմանված պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, առանց հաշվի առնելու, որ Հ. Պարանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կխաթարի ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, որպես Հ. Պարանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, ինչպես նաև այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, երիտասարդ է, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրական, ֆիզիկապես վատառողջ է` տառապում է ողնաշարային հիվանդությամբ, որի կապակցությամբ սահմանափակումներով է պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար, հաշտվել է տուժողի հետ, վերջինս դատարանում որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել և խնդրել է Հ. Պարանյանին չենթարկել քրեական պատասխանատվության ու պատժի:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ Հ. Պարանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտության վերաբերյալ իր եզրահանգումները Վերաքննիչ դատարանը հիմնավորել է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով` առանց հաշվի առնելու, որ «ամբաստանյալ Հ. Պարանյանի կատարած արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, բացի այդ վերջինիս կատարած արարքը կարող է համատարած բնույթ կրել ՀՀ զինված ուժերում»:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Հ. Պարանյանի նկատմամբ նշանակված պատժի մասով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի համատեքստում հանցագործության կատարման հանգամանքների գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Հ. Պարանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարաններն անձին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում պատշաճ գնահատման ենթարկե՞լ են արդյոք Հ. Պարանյանի հանցանքի կատարման հանգամանքները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

(...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ՀՅՔՐԴ3/0109/01/08, ԵՔՐԴ/0571/01/08, ԱՎԴ/0100/01/08, ԱՐԴ/0117/01/08, ԱՐԱԴ/0050/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԼԴ2/0019/01/09, ՍԴ/0226/01/09, ԵԱՔԴ/0120/01/09, ԵԷԴ/0138/01/09, ԳԴ1/0003/01/10, ՍԴ/0085/01/10, ԵԿԴ/0126/01/10, ԵԱՆԴ/0091/01/09, ԵԷԴ/0201/01/11, ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում:

Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունը, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, կոնկրետ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել`

ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները,

բ) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները,

գ) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,

դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,

ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը,

զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը և այլն:

13. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունից երևում է, որ անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է հաշվի առնի ինչպես անձին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այնպես էլ այդ հանցագործության կատարման հանգամանքները:

Հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Ինչ վերաբերում է հանցագործության կատարման հանգամանքներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք յուրաքանչյուր քրեական գործով պետք է գնահատման ենթարկվեն հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում: Գնահատման արդյունքում դատարանը պետք է պարզի հանցավոր վարքագծի դրսևորմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այլն:

14. ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 1-ին հոդվածի համաձայն. «Զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան:

Ներքին ծառայությունը նախատեսված է զորամասի ներքին կարգուկանոնի և զինվորական կարգապահության պահպանման համար, որոնք ապահովում են նրա մշտական մարտական պատրաստականությունը, անձնակազմի ուսուցումը, առօրյա կյանքում նրանց կողմից այլ խնդիրների կազմակերպված կատարումը և զինծառայողների առողջության պահպանումը: (...)»:

i

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Զինծառայողը պարտավոր է.

(...)

- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները,

(...)

- (...) հարգել [ընկերներից] յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, (...)»:

i

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 31-րդ հոդվածի համաձայն` «(...) Հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 32-րդ հոդվածի համաձայն`

«(...)

Պետն իրավունք ունի ենթակային հրամաններ տալ և պահանջել դրանց կատարումը: Պետը ենթակայի համար պիտի լինի պատվի և զսպվածության օրինակ և չպիտի թույլ տա ո՛չ տնավարություն, ո՛չ էլ կանխատրամադրվածություն: Ենթակայի մարդկային արժանապատվությունը ստորացնող գործողությունների համար պետը պատասխանատվություն է կրում:

Ենթական պարտավոր է անվերապահորեն կատարել պետի հրամանները: Հրամանը կատարելով` նա կարող է բողոքել, եթե կարծում է, թե իր նկատմամբ ճիշտ չեն վարվել»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 41-րդ հոդվածի համաձայն` «Հրամանատարի (պետի) հրամանը պետք է կատարվի անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում: Զինծառայողը, ստանալով հրամանը, պատասխանում է «Լսում եմ» և հետո կատարում այն: (...)»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի վերոշարադրյալ դրույթների վերլուծությունից հետևում է, որ զինծառայողները, զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են միմյանց և ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները: Այս համատեքստում ենթական պարտավոր է անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում կատարել պետի հրամանները:

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Հրամանատարական ուղղահայացի և միանձնյա ղեկավարման ապահովման պայմաններն են հրամանատարի (պետի) հրաման արձակելու իրավունքը և ենթակա զինծառայողի անառարկելիորեն ենթարկվելու պարտականությունը»:

i

«ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն`

«1. Կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.

(...)»:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքներում կատարված կարգապահական իրավախախտումները համարվում են կոպիտ կարգապահական խախտումներ»:

15. ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի վերոշարադրյալ դրույթները վերլուծելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված նախադեպային իրավունքի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի քննարկման ժամանակ դատարանը, հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում, պետք է պատշաճ գնահատման ենթարկի հանցագործության կատարման հանգամանքները, մասնավորապես` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման ժամանակ հանցավոր վարքագծի դրսևորմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այլն:

16. Սույն գործի նյութերից երևում է, որ շարքային Հ. Պարանյանն իր նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտ Ա. Ավագյանի` վերկացից հետո մարմնամարզության իջնելու օրինական պահանջին չի ենթարկվել և պատասխանել է, որ նա չասի, թե ինքն ինչ անի: Պետի կողմից նույն պահանջը երկրորդ անգամ հնչեցնելուց հետո Հ. Պարանյանն իջել է շարահրապարակ, սակայն քիչ անց սկսել է վիճաբանել պետի հետ: Վիճաբանության ընթացքում Հ. Պարանյանը բռունցքով հարված է հասցրել իր նկատմամբ պետ հանդիսացող վաշտի հերթապահ, կրտսեր սերժանտ Ա. Ավագյանի դեմքին` պատճառելով զույգ ստորին կոպերի շրջանների արյունազեղումների, քթոսկրերի տեղաշարժված կոտրվածքի ձևով վնասվածք: Դեպքից հետո Ա. Ավագյանն ուղեգրվել է զինվորական հոսպիտալ, որտեղ տասներեք օր ստացել է բուժօգնություն, այն է` անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ մարմնական վնասվածքի հետևանք հանդիսացող այտուցները նվազելուց հետո նրա քթոսկրերի տեղաշարժը ուղղվել է, և քիթը ֆիքսվել է գիպսե վիրակապով (տե՛ս սույն որոշման 4-5-րդ կետերը):

17. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված և վերլուծված` ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ. Պարանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարաններն անձին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում պատշաճ գնահատման չեն ենթարկել Հ. Պարանյանի կողմից կատարված` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությանը նախորդող և ուղեկցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները հաշվի չեն առել այն, որ Հ. Պարանյանը, շարահրապարակ իջնելու պարտականությունը չկատարելով հանդերձ, չի ենթարկվել շարահրապարակ իջնելու վերաբերյալ իր պետի օրինական կարգադրությանը` պատասխանելով, որ «իրեն չասի, թե ինքն ինչ անի»: Պետի կողմից նույն պահանջը երկրորդ անգամ հնչեցնելուց հետո Հ. Պարանյանն իջել է շարահրապարակ, սակայն քիչ անց սկսել է վիճաբանել պետի հետ: Վեճի ընթացքում Հ. Պարանյանը, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 32-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` ծառայության և զինվորական կոչման բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող վաշտի հերթապահ, կրտսեր սերժանտ Ա. Ավագյանի նկատմամբ: Բռնության արդյունքում Ա. Ավագյանին զույգ ստորին կոպերի շրջանների արյունազեղումների, քթոսկրերի տեղաշարժված կոտրվածքի ձևով վնասվածք է պատճառվել: Դեպքից հետո Ա. Ավագյանն ուղեգրվել է զինվորական հոսպիտալ, որտեղ տասներեք օր ստացել է բուժօգնություն, այն է` անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ մարմնական վնասվածքի հետևանք հանդիսացող այտուցները նվազելուց հետո նրա քթոսկրերի տեղաշարժը ուղղվել է, և քիթը ֆիքսվել է գիպսե վիրակապով:

Բացի այդ, Հ. Պարանյանի կողմից պետի հետ վիճաբանությունն սկսելը հանդիսացել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքով արգելված վարքագծի շարունակություն, որը կարգապահական կոպիտ խախտում է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները վկայում են ինչպես հանցավորի, այնպես էլ նրա կատարած արարքի բարձր հանրային վտանգավորության մասին, և նման պայմաններում Հ. Պարանյանի նկատմամբ նշանակած պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերում առկա եզրահանգումները չեն կարող գնահատվել որպես հիմնավորված և պատճառաբանված:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Հ. Պարանյանին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի համատեքստում` որպես հանցավորի և նրա արարքի բարձր հանրային վտանգավորության մասին վկայող հանգամանք գնահատման է ենթակա նաև այն, որ Հ. Պարանյանին մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների թվին:

18. Հիմք ընդունելով սույն որոշման 12-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը` Հ. Պարանյանի նկատմամբ նշանակած ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը` ստորադաս դատարանի դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելով` թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի` 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը:

19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ. Պարանյանի` առանց պատիժը կրելու ուղղվելու հնարավորության վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումները, ի թիվս այլոց, հիմնված են «դատաքննության ընթացքում ամբաստանյալի պատշաճ վարքագծի» գնահատման վրա (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բոլորը պարտավոր են դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորել»: Այլ խոսքով` դատարանում պատշաճ վարքագիծ դրսևորելը և դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքը դատավարությանը մասնակցող անձի պարտականությունն է, այն չի կարող գնահատվել որպես անձը բնութագրող հանգամանք և, հետևաբար, չի կարող հաշվի առնվել նշանակված պատժի կրման անհրաժեշտության հարցը լուծելիս:

20. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պնդմանը, թե Հ. Պարանյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս. Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն` «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դատավճռով նշանակված պատժի անհամապատասխանությունը կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին, որպես դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմք` անկախ նրանից, թե նշանակված պատիժն անարդարացի է` ակնհայտ խիստ է, թե ակնհայտ մեղմ, պայմանավորված է կիրառվող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժատեսակով և պատժաչափով, և այն չի կարող տարածվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության կամ չկիրառելիության վրա:

(...) պատիժը մեղմացնելը և պատիժը պայմանականորեն չկիրառելը երկու առանձին, ինքնուրույն քրեաիրավական ինստիտուտներ են, որոնց կիրառումը տարբեր հետևանքներ է առաջացնում: Մասնավորապես, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժն ի կատար չի ածվում, իսկ պատժի մեղմացման դեպքում փոփոխվում են ի կատար ածվող պատժի ժամկետները կամ հենց պատժատեսակը» (տե՛ս Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 45-46-րդ կետերը):

21. Սույն որոշման 18-րդ կետում արձանագրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հրանտ Արայի Պարանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.05.2014
N ԵԷԴ/0132/01/13
Որոշում