Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի                              Քաղաքացիական գործ

    քաղաքացիական և  վարչական                         թիվ ԼԴ4/0201/02/10  

    պալատի որոշում                                   2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0201/02/10

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ամոարթարգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Մարինե Բաղրամյանի, Արթուր Ղուկասյանի, Ընկերության, Ա/Ձ Արսեն Ղուկասյանի, Ա/Ձ Անահիտ Զաքարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մարինե Բաղրամյանից, Արթուր Ղուկասյանից, Ընկերությունից, Ա/Ձ Արսեն Ղուկասյանից, Ա/Ձ Անահիտ Զաքարյանից համապարտության կարգով բռնագանձել 11.100.305,7 ՀՀ դրամ` որպես վարկային պարտավորության գումար, 135.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար, ինչպես նաև 15.04.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը վարկային պայմանագրով նախատեսված կարգով հաշվեգրել տոկոսներ և տույժեր:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2012 թվականի որոշմամբ Դատարանի 10.12.2010 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Արամայիս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 10.12.2010 թվականի վճռի` Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 03.05.2012 թվականի որոշման` Դատարանի 10.12.2010 թվականի վճռի` Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասով բեկանելու մասը բեկանվել է, և այդ մասով օրինական ուժ է տրվել Դատարանի 10.12.2010 թվականի վճռին:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2013 թվականի թիվ ԼԴ4/0247/02/12 որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 երաշխավորության պայմանագիրը: Հետևաբար, օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ վճռով հաստատված հանգամանքը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար և գործի քննության պահին չէր կարող հայտնի լինել բողոք բերած անձին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկի և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 վարկային պայմանագրով անշարժ գույք ձեռք բերելու նպատակով Մարինե Բաղրամյանին տրամադրվել է 8.000.000 ՀՀ դրամ վարկ` մինչև 15.05.2018 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 7-9):

2) Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրի 1.1. կետով Ընկերությունն ամբողջ ծավալով երաշխավորել է 15.05.2008 թվականի թիվ 506 վարկային պայմանագրով Մարինե Բաղրամյանի ստացած 8.000.000 ՀՀ դրամ վարկի վերադարձը (հատոր 1-ին, գ.թ. 12-14):

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 03.05.2012 թվականի որոշման` Դատարանի 10.12.2010 թվականի վճռի` Ընկերությունից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասով բեկանելու մասը բեկանվել է, և այդ մասով օրինական ուժ է տրվել Դատարանի 10.12.2010 թվականի վճռին (հատոր 3-րդ, գ.թ. 70-75):

4) Դատարանի 10.12.2010 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Մարինե Բաղրամյանի, Արթուր Ղուկասյանի, Ընկերության, Ա/Ձ Արսեն Ղուկասյանի, Ա/Ձ Անահիտ Զաքարյանի` համապարտության կարգով 11.100.305,7 ՀՀ դրամի և 135.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով բավարարվել է ամբողջությամբ: Սույն վճռով հայցի բավարարման հիմքում դրվել է նաև Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 37-40):

5) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի թիվ ԼԴ4/0247/02/12 վճռով անվավեր է ճանաչվել Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 երաշխավորության պայմանագիրը: (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

6) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի թիվ ԼԴ4/0247/02/12 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը):

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 02.05.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԼԴ4/0247/02/12 վճռով Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրի անվավեր ճանաչված լինելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506 վարկային պայմանագրով անշարժ գույք ձեռք բերելու նպատակով Մարինե Բաղրամյանին տրամադրվել է 8.000.000 ՀՀ դրամ վարկ` մինչև 15.05.2018 թվականը մարման ժամկետով: Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրով Ընկերությունն ամբողջ ծավալով երաշխավորել է 15.05.2008 թվականի թիվ 506 վարկային պայմանագրով Մարինե Բաղրամյանի ստացած 8.000.000 ՀՀ դրամ վարկի վերադարձը: Դատարանի 10.12.2010 թվականի վճռով Բանկի հայցը` Մարինե Բաղրամյանից, Արթուր Ղուկասյանից, Ընկերությունից, Ա/Ձ Արսեն Ղուկասյանից, Ա/Ձ Անահիտ Զաքարյանից համապարտության կարգով 11.100.305,7 ՀՀ դրամ և 135.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, բավարարվել է ամբողջությամբ: Սույն վճռով հայցի բավարարման հիմքում դրվել է նաև Բանկի (պարտատեր), Ընկերության (երաշխավոր) և Մարինե Բաղրամյանի (պարտապան) միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագիրը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դատարանի 10.12.2010 թվականի վճռի` Ընկերությունից հօգուտ Բանկի համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջը բավարարելու մասը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 02.05.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԼԴ4/0247/02/12 վճռով Բանկի, Ընկերության և Մարինե Բաղրամյանի միջև 15.05.2008 թվականին կնքված թիվ 506-Ա երաշխավորության պայմանագրի անվավեր ճանաչված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը վերանայելու համար, քանի որ դատական ակտով համապարտությամբ գումար բռնագանձելու հիմքում դրված է եղել վերոհիշյալ երաշխավորության պայմանագիրը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը վերանայելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի որոշումը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2012 թվականի որոշումը` գործը «Ամոարթարգ» ՍՊԸ-ից համապարտության կարգով 11.100.305,7 ՀՀ դրամ` որպես վարկային պարտավորության գումար, 135.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար, ինչպես նաև 15.04.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը վարկային պայմանագրով նախատեսված կարգով տոկոսներ և տույժեր հաշվեգրելու և բռնագանձելու պահանջների մասով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու մասով թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԼԴ4/0201/02/10
Որոշում