Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ, 94- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ԼԴ4/0330/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0330/02/13             2014 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Ռկոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Հակոբյանի ընդդեմ Անահիտ Ռկոյանի` երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արթուր Հակոբյանը պահանջել է Տիգրան Հակոբյանի բնակության վայրը սահմանել իր բնակության վայրը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2014 թվականի որոշմամբ Անահիտ Ռկոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.12.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Ռկոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 94-րդ, 112-րդ և 118-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը 06.12.2013 թվականին նշանակված դատական նիստի մասին իրեն համարել է ծանուցված` հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքի ղեկավարի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալը: Անահիտ Ռկոյանը չի իմացել, որ նախապես նշանակված դատական նիստի օրը Դատարանը փոխել է և նշանակել է ավելի շուտ: Նման իրավական կարգավորում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում: Արդյունքում, գործի քննությունը Դատարանի կողմից իրականացվել է իր կողմից դատական նիստի և ժամանակի մասին ծանուցված չլինելու պայմաններում, իսկ դատավարության մասնակիցների` դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցված լինելու հանգամանքը ստուգելիս Դատարանն առաջնորդվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի դրույթներով: Փաստորեն, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ծանուցումների հետ կապված բոլոր պահանջներն ու դրույթները, Դատարանը բավարարվել է միայն այն ձևական պահանջների պահպանմամբ, որոնց պարագայում հնարավոր կլիներ շարունակել դատաքննությունը:

Ավելին, քաղաքացիական գործի նյութերում առկա` «Սպիտակի բնակարանների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից 11.11.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Անահիտ Ռկոյանը 2013 թվականի հուլիս ամսից բացակայում է իր բնակության վայրից: Հետևաբար, Դատարանի կողմից 17.12.2013 թվականին նշանակված դատական նիստի մասին ևս չէր կարող ծանուցված լինել:

Դատարանի կողմից դատական նիստն ավելի շուտ նշանակելու պայմաններում Դատարանը պարտավոր է ապահովել իր` դատական նիստի մասին ծանուցելու պայմանը և ձեռնարկել բոլոր միջոցները դատական նիստին իր ներկայությունն ապահովելու ուղղությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 12.11.2013 թվականի որոշմամբ Արթուր Հակոբյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նշանակվել է դատաքննության 17.12.2013 թվականին` ժամը 11:00-ին (գ.թ.1):

2) Դատարանի` «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին» 12.11.2013 թվականի որոշումն Անահիտ Ռկոյանը ստացել է 18.11.2013 թվականին (գ.թ. 14-15):

3) Արթուր Հակոբյանը 05.12.2013 թվականին դիմում է ներկայացրել Դատարան, որով խնդրել է 17.12.2013 թվականին նշանակված դատական նիստը վերանշանակել ավելի վաղ, քանի որ 10.12.2013 թվականից բացակայելու է քաղաքից (գ.թ. 24):

4) 05.12.2013 թվականին Դատարանը որոշում է կայացրել «Դատական նիստը վերանշանակելու մասին», և որոշվել է 17.12.2013 թվականին նշանակված դատական նիստը վերանշանակել 06.12.2013 թվականին (գ.թ. 25):

5) Դատարանը 06.12.2013 թվականին նշանակված դատական նիստի օրվա, տեղի և ժամանակի մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով Անահիտ Ռկոյանին չի ծանուցել:

6) Դատարանի կողմից 06.12.2013 թվականին նշանակված դատական նիստի օրվա, տեղի և ժամանակի մասին Անահիտ Ռկոյանին ուղղված ծանուցագրերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի հիմքով Դատարանը 05.12.2013 թվականին ուղարկել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքի ղեկավարին` նշելով, որ Անահիտ Ռկոյանին ուղարկված ծանուցագրերը հետ են վերադարձվել Դատարան` «Տեղափոխված է» նշումով: Նշված գրությունը ստորագրությամբ առձեռն հանձնվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքի աշխատակազմի աշխատակցին (գ.թ. 27):

7) Սպիտակի քաղաքապետը 06.12.2013 թվականի թիվ 034/06-855 գրությամբ Դատարանին տեղեկացրել է, որ Անահիտ Ռկոյանին ուղարկված դատական ծանուցագիրը հնարավոր չէ հանձնել հասցեատիրոջը` նրա գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով: Վերջինս բացակայում է բնակության վայրից, գտնվում է ՌԴ-ում (գ.թ. 30):

8) Գործում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր Դատարանի կողմից Անահիտ Ռկոյանին ուղարկված դատական ծանուցագրերը որևէ նշումով Դատարանին վերադարձվելու փաստը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործի քննությունն ապահովում է կողմի արդար դատաքննության իրավունքը, եթե դատարանը չի պահպանել կողմի պատշած ծանուցման` նույն օրենսգրքի 78-րդ հոդվածով (առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող խմբագրությամբ) սահմանված ընթացակարգը:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի (առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող խմբագրությամբ) համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով` նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով):

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի (առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող խմբագրությամբ) համաձայն` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:

Վճռաբեկ դատարանն Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի գործով կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, խախտել է պատասխանողի` ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, ինչպես նաև 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Սույն եզրահանգումն ունի հետևյալ հիմնավորումը. պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը դատաքննության մասին ծանուցելու` օրենսդրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այս երկու սուբյեկտների ենթադրյալ կապը պատասխանող ֆիզիկական անձի հետ հնարավոր է ու իրատեսական, և ողջամտորեն ենթադրելի է, որ այս սուբյեկտներից որևէ մեկը կարող է անձի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ դատաքննության մասին: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելիս դատարանը պետք է ողջամտորեն գնահատի օրենսդրի այս կարգավորման նպատակի իրագործելիության հնարավորությունը` տվյալ գործի փաստերից ելնելով: Նման գնահատման ողջամիտ չափորոշիչներ կարող են լինել, մասնավորապես` համայնքի ղեկավարի և դրա բնակիչների համայնքային կապերի ակտիվության մակարդակը, վերջին հայտնի աշխատավայրից անձի հեռանալու ժամկետը և այլ հանգամանքներ: Բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել ու ի չիք դարձնել անձի` արդար դատաքննության սահմանադրական իրավունքը (տե՛ս Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի թիվ 3-24(Ա) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգը կիրառելի է միայն այն դեպքում, երբ սպառված են նույն օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` պատշաճ ծանուցման եղանակները:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0351/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը:

Սույն գործի փաստերի համաձայն` Արթուր Հակոբյանը 12.11.2013 թվականին դատարան է ներկայացրել հայցադիմում, որը նույն օրը Դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ, և 17.12.2013 թվականին ժամը 11:00-ին, նշանակվել է գործի դատաքննությունը: Նույն օրը Դատարանն Անահիտ Ռկոյանին ծանուցել է հայցադիմումը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին, ինչը հաստատվում է գործում առկա 18.11.2013 թվականին ծանուցագրի ստացման փաստը հավաստող անդորրագրով: 05.12.2013 թվականին Արթուր Հակոբյանը դիմում է ներկայացրել Դատարան, որով խնդրել է 17.12.2013 թվականին նշանակված դատական նիստը վերանշանակել ավելի վաղ, քանի որ 10.12.2013 թվականից բացակայելու է քաղաքից: Նույն օրը` 05.12.2013 թվականին, Դատարանը «Դատական նիստը վերանշանակելու մասին» որոշում է կայացրել, և որոշվել է դատական նիստը վերանշանակել 06.12.2013 թվականին, այսինքն` հաջորդ օրը: Նշված դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ Անահիտ Ռկոյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով չի ծանուցվել, փոխարենը` Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի հիմքով գրությամբ դիմել է վերջինիս վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ հոդվածը, Անահիտ Ռկոյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Դատարանի 12.11.2013 թվականի որոշումը հասցեագրվել է բողոքաբերին` ըստ վերջինիս հայտնի բնակության վայրի` «ք. Սպիտակ, Ալ. Մանուկյան փող. 5ա/12» հասցեով, որի 18.11.2013 թվականին ստացման փաստը հավաստվում է գործում առկա անդորրագրով (գ.թ. 15): Դատարանի 05.12.2013 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով դատական նիստը վերանշանակվել է 06.12.2013 թվականին` ժամը 14:00-ին: Հիշյալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին բողոքաբերին հասցեագրված ծանուցագրի` 30.11.2013 թվականին ստացման փաստը հավաստող անդորրագիր նույնպես առկա է գործում (գ.թ. 18), իսկ նշված անդորրագրի ստացման փաստը հավաստող ստորագրությունն իր կողմից կատարված լինելու հանգամանքը բողոքաբերի կողմից չի վիճարկվել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Անահիտ Ռկոյանը ծանուցված է եղել 06.12.2013 թվականին վերանշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, քանի որ Դատարանը «Դատական նիստը վերանշանակելու մասին» որոշումը կայացրել է 05.12.2013 թվականին, հետևաբար չէր կարող 05.12.2013 թվականին կայացված որոշման մասին Անահիտ Ռկոյանին ծանուցել 30.11.2013 թվականին, այսինքն` որոշման կայացման պահից ավելի շուտ: Այլ կերպ ասած` օբյեկտիվորեն հնարավոր չէ այնպիսի իրավիճակ, որ Դատարանը կայացնի որևէ դատական ակտ, և այն հասցեատիրոջը հանձնի դատական ակտի կայացման պահից հինգ օր առաջ:

Բացի այդ, Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի հիմքով վերանշանակված դատական նիստի մասին Անահիտ Ռկոյանին ուղղված ծանուցագիրը գրությամբ ուղարկել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքի ղեկավարին` նշելով, որ Անահիտ Ռկոյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերը հետ են վերադարձվել` ծրարի վրա «Տեղափոխված է» նշումով, մինչդեռ սույն քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր Դատարանի կողմից Անահիտ Ռկոյանին ուղարկված դատական ծանուցագրերը որևէ նշումով Դատարանին վերադարձվելու փաստի մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեին Դատարանի կողմից ակտիվ գործողություններ ձեռնարկելու և բողոք բերած անձին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցելու փաստերը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու և 17.12.2013 թվականին նշանակված դատական նիստի մասին Անահիտ Ռկոյանը ծանուցվել է. 18.11.2013 թվականին ստորագրությամբ ստացել է Դատարանի 12.11.2013 թվականի որոշումը:

Դրան հակառակ, 06.12.2013 թվականին վերանշանակված դատական նիստի մասին Դատարանն առանց Անահիտ Ռկոյանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցելու, վերջինիս ծանուցումն ուղարկել է համայնքի ղեկավարին, այսինքն` առանց որևէ հիմքի կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածը, մինչդեռ Դատարանը նախ և առաջ պարտավոր էր ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցումը և միայն այդպիսի ծանուցման անհնարինության դեպքում կարող էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի կարգով ծանուցել Անահիտ Ռկոյանի վերջին բնակության վայրի համայնքի ղեկավարին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Անահիտ Ռկոյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ, որպիսի պայմաններում սույն գործով բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.05.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԼԴ4/0330/02/13
Որոշում