Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 175-ՐԴ, 182-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0199/11/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0199/11/13

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ դիմող       Ռ. Ախայանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ դատախազ Վ. Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել է Ռուզաննա Ախայանի դիմումն այն մասին, որ 2006 թվականի մարտի 28-ին իր նախկին ամուսին Հ.Խաչատրյանը նոր բնակարան գնելու պատրվակով 34.650.000 ՀՀ դրամով վաճառել է իրենց համատեղ սեփականությունը հանդիսացող Երևանի Թումանյան 9 շենքի թիվ 53 բնակարանը, սակայն խաբեությամբ բնակարան չի գնել և, տիրանալով նշված գումարին, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Ռ. Ախայանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով Հ.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ դիմող Ռ. Ախայանը բողոք է ներկայացրել ՀՀ դատախազություն:

Երևան քաղաքի դատախազի տեղակալ Կ.Բատիկյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին գրությամբ Ռ. Ախայանին հայտնել է, որ նա բաց է թողել որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետը, բացի այդ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն օրինական է, և այն վերացնելու հիմքեր չկան:

3. 2013 թվականի դեկտեմբերի 11-ին դիմող Ռ. Ախայանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել իր իրավունքներն ու ազատությունները խախտող որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշմամբ դիմող Ռ. Ախայանի բողոքը ճանաչվել է հիմնավորված, վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը, և ճանաչվել է հաղորդում տված անձի խախտված իրավունքները վերականգնելու քրեական հետապնդման մարմնի պարտականությունը:

4. Դատախազ Վ. Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումը:

5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Վ. Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 10-ի որոշմամբ դատախազի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դիմող Ռ. Ախայանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման համաձայն` «(...) Հ.Խաչատրյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, իսկ ինչ վերաբերում է Հ.Խաչատրյանի և Ռ. Ախայանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի շուրջ ծագած վիճելի հարցերին, ապա այն կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա է լուծման միայն դատական կարգով» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 45):

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) հետաքննիչի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն եղել քրեական գործի հարուցման հիմքերի բացակայության վերաբերյալ եզրահանգումների համար (...): Դատարանն արձանագրում է, որ սույն գործով քրեական գործի հարուցման առիթն արդեն իսկ առկա է, իսկ հիմքերի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է կատարել անհրաժեշտ ու բավարար պատշաճ քննություն:

Մասնավորապես, հետաքննիչը բացատրություն տալու համար չի հրավիրել Հ. Խաչատրյանին, բողոքաբերի բացատրություններում առկա փաստերը ճշտելու համար, իսկ նման քրեադատավարական գործողություններ կարող էր կատարել միայն քրեական գործ հարուցելու առկայության պայմաններում, նրան հարցաքննելու, առերես հարցաքննություններ կատարելու միջոցով:

Բողոքի քննությամբ պարզվեց նաև, որ Հակոբ Խաչատրյանը մինչև բնակարանի վաճառելը, փաստացի ամուսնական կապերի մեջ է եղել ՌԴ-ում բնակվող մեկ այլ կնոջ հետ, որպիսի փաստը նույնպես չի ստուգվել:

(...)

Փաստորեն, խարդախության օբյեկտ համարվում է ոչ միայն պետական և կորպորատիվ սեփականությունը, այլև քաղաքացուն պատկանող անձնական սեփականությունը, իսկ գործով կարևոր է այն հանգամանքը, որ Հ.Խաչատրյանը համոզել է Ռ. Ախայանին նրան փոխանցել իր գույքը` բազմիցս խոստանալով, որ հաջորդ օրն ևեթ կզբաղվի իրենց ընտանիքի համար նոր բնակարան գնելու խնդրով:

Վերը նշվածից ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմնի կայացված որոշմամբ և Երևան քաղաքի դատախազի պատասխանով թույլ է տրվել Ռուզաննա Ախայանի իրավունքների և ազատությունների խախտում» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 67-69):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) [Առաջին ատյանի դատարանի] դատական ակտը հիմնավոր է և բողոքում նշված պատճառաբանությունները չեն կարող հիմք հանդիսանալ այն բեկանելու համար, հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է մերժել» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 49):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ, 182-րդ, 185-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, կայացված դատական ակտերն առերևույթ հակասում են Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված թիվ ԵԿԴ/0044/11/13 գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմանը:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ նախապատրաստել է նյութեր` քրեական գործի հարուցման հիմքի, այն է` որևէ հանցագործության հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով: Նյութերի նախապատրաստման արդյունքում որևէ հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ, 185-րդ հոդվածներով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները որպես քրեական գործ հարուցելու հիմք դիտել են որոշակի գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, մասնավորապես` Հ.Խաչատրյանին հայտնաբերելը, նրան հարցաքննելը, առերես հարցաքննություններ կատարելը, ինչն ինքնին քրեական գործ հարուցելու հիմք չի կարող հանդիսանալ:

10. Բողոքաբերը նշել է նաև, որ թե՛ Առաջին ատյանի դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը միջամտել են քրեական դատավարության ընթացքին` արձանագրելով որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Դրանով իսկ ստորադաս դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու իրենց լիազորությունների սահմաններից:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի, Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 22-ի որոշումները և ուժի մեջ թողնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասո՞ւմ են արդյոք Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմանը:

13. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

i

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Լ. Բաբայանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ: Այս ընդհանուր կանոնից բացառություն են այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ Վճռաբեկ դատարանի դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ» (տե՛ս Լուսինե Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0093/11/11 որոշման 11-րդ կետը):

Ս. Այվազյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:

Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը` եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն» (տե՛ս Սեյրան Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 26-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի Ս. Այվազյանի գործով որոշման մեջ ամրագրված վերոգրյալ չափանիշներով, քանի որ դրանք վերաբերելի են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումների կիրառելիության հարցի լուծման շրջանակներին (տե՛ս Անահիտ Սիմոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 15-րդ կետը):

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին:

(...)

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ. Ղևոնդյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմնին կամ քննիչին ղեկավար ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը: (...)

Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից:

(...) մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողության շրջանակներում դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանը պետք է պարզի, թե հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են արդյոք հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Բացի այդ, դատարանի խնդիրն է պարզել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքները և ազատությունները:

Ի թիվս այլոց, պարզաբանման ենթակա են հետևյալ հարցերը`

1) պահպանվե՞լ է արդյոք հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված կարգը,

2) առկա՞ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված օրինական հիմքերը,

3) պահպանվե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված պահանջները: (...)» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-րդ և 18-րդ կետերը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Ռ. Ախայանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2006 թվականի մարտի 28-ին իր նախկին ամուսին Հ.Խաչատրյանը նոր բնակարան գնելու պատրվակով 34.650.000 ՀՀ դրամով վաճառել է իրենց համատեղ սեփականությունը հանդիսացող Երևանի Թումանյան 9 շենքի թիվ 53 բնակարանը, սակայն խաբեությամբ բնակարան չի գնել և, տիրանալով նշված գումարին, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

i

Դիմող Ռ. Ախայանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը 2013 թվականի հոկտեմբերի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու և Հ.Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Հետաքննիչն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Հ.Խաչատրյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, իսկ վերջինիս և Ռ. Ախայանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի շուրջ ծագած վիճելի հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):

Դիմող Ռ. Ախայանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ հետաքննիչի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն եղել քրեական գործի հարուցման հիմքերի բացակայության վերաբերյալ համապատասխան եզրահանգման գալու համար: Մասնավորապես, բողոքաբերի հայտնած փաստերը ճշտելու նպատակով հետաքննիչը բացատրություն տալու համար չի հրավիրել Հ.Խաչատրյանին, իսկ նման քրեադատավարական գործողություններ կարող էր կատարել միայն քրեական գործ հարուցելու դեպքում` նրան հարցաքննելու, առերես հարցաքննություններ կատարելու միջոցով: Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ստուգվել նաև այն փաստը, որ Հ.Խաչատրյանը մինչև բնակարանը վաճառելը, փաստացի ամուսնական կապերի մեջ է եղել ՌԴ-ում բնակվող մեկ այլ կնոջ հետ: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը և ճանաչել է Ռ. Ախայանի խախտված իրավունքները վերականգնելու քրեական հետապնդման մարմնի պարտականությունը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

Դատախազ Վ. Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել օրինական ուժի մեջ` արձանագրելով, որ դատական ակտը հիմնավոր է և այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, դիմող Ռ. Ախայանի բողոքը ճանաչելով հիմնավորված, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացրել է այն հիմքով, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ ու բավարար գործողություններ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու համար: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու համար կատարման ենթակա որոշ դատավարական գործողություններ, շեշտել է նաև, որ այդ գործողությունները կարող են իրականացվել միայն հարուցված քրեական գործի շրջանակներում: Մինչդեռ, քրեական գործ կարող է հարուցվել համապատասխան հիմքերի առկայության դեպքում, այլ ոչ թե դրանց առկայությունը ստուգելու համար: Վերաքննիչ դատարանն, իր հերթին, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է:

16. Նախորդ կետում շարադրված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմանը:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Գ. Ղևոնդյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 14-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Գ. Ղևոնդյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ դատարանները մինչդատական վարույթի, մասնավորապես, քրեական գործ հարուցելու փուլի նկատմամբ դատական վերահսկողություն են իրականացրել և դատական ստուգման են ենթարկել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Գ. Ղևոնդյանի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել:

Մինչդեռ, ստորադաս դատարանները, անտեսելով Գ. Ղևոնդյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում անդրադարձել են դատավարական գործողությունների կատարման նպատակահարմարությանը: Վիճարկվող որոշման նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան կայացված լինելու և նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից բխելու հարցերը պարզելու փոխարեն ստորադաս դատարաններն արձանագրել են, որ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել միայն հարուցված քրեական գործի շրջանակներում:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել են Գ. Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման հիմնավորումները, որոնք նրանց համար պարտադիր են եղել: Ստորադաս դատարանները ոչ միայն չեն կիրառել կիրառման ենթակա` Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չեն հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Արդյունքում` ստորադաս դատարանները դուրս են եկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով նաև ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի խախտում:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

19. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ռուզաննա Ախայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ԵԿԴ/0199/11/13
Որոշում