Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՆ ԱՆՁԻ ԱՆԱԶ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԳԴ/0038/01/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԳԴ/0038/01/13

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Լ. Թադևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Լ. Ավագյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վանիկ Խաչիկի Շահինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի ապրիլի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ. Շահինյանի պաշտպան Լ.Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2005 թվականի հունվարի 3-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 40100105 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2005 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Վանիկ Շահինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Վ. Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2005 թվականի հունվարի 19-ին Վ. Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ նույն թվականի մարտի 3-ին քրեական գործի վարույթը կասեցվել է` Վ. Շահինյանի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառաբանությամբ:

2013 թվականի հունիսի 21-ին Վ. Շահինյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից:

2013 թվականի նոյեմբերի 9-ին Վ. Շահինյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Նույն օրը թիվ 40100105 քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ վերահաստատվել է Վ. Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նույն դատարանի 2005 թվականի հունվարի 18-ի որոշումը` կալանքի սկիզբը հաշվելով 2013 թվականի նոյեմբերի 9-ից:

2013 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի դատավճռով Վ. Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ` Վ. Շահինյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց: Ամբաստանյալ Վ. Շահինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլի 10-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին: Վ. Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` Վ. Շահինյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նրա անազատության մեջ գտնվելու 2 ամիս 15 օրը, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 3 տարի 9 ամիս 15 օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է Վ. Շահինյանին արգելանքի վերցնելու օրվանից:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ. Շահինյանի պաշտպան Լ.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Վ. Շահինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ «(...) 2004 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 18-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության 47-րդ շենքի բակում, անհիմն վիճաբանության մեջ է մտել Պատրիկ Ղազարյանի հետ և իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Պատրիկ Ղազարյանի դեմքին, գլխին ու որովայնին` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 75-76):

6. ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի պետի 2013 թվականի հունիսի 21-ի թիվ 52/2073 գրության համաձայն` հետախուզվող Վ. Շահինյանը 2013 թվականի հունիսի 21-ին հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 100):

ՌԴ ՈՒֆա քաղաքի Կիրովի շրջանի դատարանի 2013 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Վ. Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

ՌԴ ՈՒֆա քաղաքի Կիրովի շրջանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ Վ. Շահինյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 21-ը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 109):

7. ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի գրության համաձայն` ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հարցումը` Վ. Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնելու մասին, և ՌԴ իրավասու մարմնին հանձնարարվել է իրականացնել Վ. Շահինյանի հանձնումը ՀՀ իրավասու մարմիններին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 117):

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի պետի 2013 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 52/3760 գրության համաձայն` հետախուզվող Վ. Շահինյանը 2013 թվականի նոյեմբերի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից տարվել է ոստիկանության Գավառի բաժին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 118):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը. «Դատարանն ամբաստանյալ Վանիկ Շահինյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող այն հանգամանքները, որ զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրական, խնամքին ունի երեք անձ, այդ թվում` մինչև տասնչորս տարեկան երկու երեխա` 27.06.2004 թվականին ծնված Կարինա Անտոնովային և 17.01.2013 թվականին ծնված Մարիա Վանիկի Անտոնովային, հաշտվել է տուժողի հետ, վերջինս որևէ պահանջ, բողոք չներկայացրեց:

Ամբաստանյալ Վանիկ Շահինյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:

Նկատի ունենալով, որ ամբաստանյալի նկատմամբ համաներում կիրառելու սահմանափակումներ չկան, դատարանը գտնում է, որ Վանիկ Շահինյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ ԱԺ «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշումը և այդ որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա` Վանիկ Շահինյանին պետք է ազատել դատավճռով նշանակված պատժից: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 75-76):

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Ա]մբաստանյալ Վանիկ Շահինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի շրջանակներում պատիժ նշանակելիս, դատարանը, թեև իր դատական ակտով արձանագրել է, որ պատիժ նշանակելիս հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, սակայն իրականում այդպիսիք բավարար չափով ստուգման ու գնահատման չի ենթարկել, չի բացահայտել կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք ազդել են ամբաստանյալին վերագրվող արարքի հանրության համար վտանգավորության աստիճանի վրա (հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, դեպքի պահին, ամբաստանյալի կողմից նախապես վերցված դանակով տուժողին հասցված հարվածների քանակը, մարմնական վնասվածքների պատճառման մեխանիզմն ու դրանց տեղակայումը, ըստ դատաբժշկական փորձագետի 07.01.2005 թվականի թիվ 7 եզրակացության հետևությունների` քաղ. Պատրիկ Նորիկի Ղազարյանի վնասվածքները գլխի մազածածկ մասի, դեմքի շրջանի գծային քերծվածքների, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի, փայծախի վնասումով և փայծախի տրավմատիկ հեռացումով, հասցվել են սուր կտրող-ծակող գործիքով, ինչպիսին կարող է լինել դանակը, նշված ժամկետում, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող), այն, որ դեպքից անմիջապես հետո ամբաստանյալը թաքնվել է քննությունից և շուրջ ութ տարի գտնվել է հետախուզման մեջ և հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից: Վերը նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, ակնհայտորեն բարձրացնում են ինչպես հանցավորի անձի, այնպես էլ նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը: Վերը թվարկված հանգամանքների անտեսմամբ` դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ, որն անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում ամբաստանյալին վերագրվող հանցագործության բնույթին ու հասարակական վտանգավորության աստիճանին, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին և դրանով հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրագործմանը: (...)

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ամբաստանյալ Վանիկ Շահինյանը ձերբակալվել է 2013 թվականի նոյեմբերի 09-ին, իսկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը վիճարկվող դատական ակտով` դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի դատավճռով վերացվել է և նա ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից, այսինքն մինչև դատարանի կողմից սույն գործով դատավճիռ կայացնելը, ամբաստանյալ Վանիկ Շահինյանը 2 ամիս և 15 օր գտնվել է փաստացի անազատության մեջ (...), ուստի ամբաստանյալ Վանիկ Շահինյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատժին պետք է հաշվակցել ամբաստանյալի` կալանքի տակ գտնվելու 2 /երկու/ ամիս և 15 /տասնհինգ/ օր ժամկետը` սահմանելով վերջնական պատիժ: (...)

Անդրադառնալով ամբաստանյալ Վանիկ Շահինյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառման հարցին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

(...) [Ք]րեական գործում առկա է 29.10.2013 թվականին տրված I-AP N 618873 հայրությունը ճանաչելու մասին վկայականը, ըստ որի` Վանիկ Խաչիկի Շահինյանը ճանաչվել է 17.01.2013 թվականին ծնված Մարինա Իվանի Անտոնովայի հայրը:

Այս պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վանիկ Շահինյանի նկատմամբ Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելի չէ, քանի որ Համաներման ակտի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ վերջինս մինչև երեք տարեկան երեխա չի ունեցել» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 47-57):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 61-րդ, 62-րդ, 69-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ և 385-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ քրեական գործի նյութերում բացակայում են Վ. Շահինյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները, նրա անձը բնութագրվում է բացառապես դրականորեն, նախկինում արատավորված չի եղել, խնամքին ունի անչափահաս երեխա, հաշտվել է տուժողի հետ, վերջինս որևէ պարտք ու պահանջ չունի, խնդրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ: Վերոգրյալ հանգամանքների գնահատմամբ` Առաջին ատյանի դատարանն արդարացիորեն Վ. Շահինյանի նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անհիմն եզրահանգման է եկել առ այն, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է, և սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում արդարացի պատիժ կարող է համարվել 4 տարի ժամկետով ազատազրկումը:

11. Բողոք բերած անձն իր անհամաձայնությունն է հայտնել նաև «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ քրեական գործի նյութերում առկա է երեխայի ծննդյան վկայականը, որտեղ հստակ արձանագրված է, որ Մարիա Անտոնովան ծնվել է մինչև հիշատակված համաներման ակտի ընդունումը` 2013 թվականի հունվարի 17-ին: Իսկ այն հանգամանքը, որ Վ. Շահինյանը հայրություն է ճանաչել ավելի ուշ` 2013 թվականի հոկտեմբերի 29-ին, տվյալ դեպքում որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ դա ընդամենը ծնողների համատեղ դիմումի հիման վրա կատարված իրավունքի գրանցում է:

Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառելիության հարցը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քանի որ մեղադրողն իր բողոքում նման հարց չի բարձրացրել:

12. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վ. Շահինյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2013 թվականի հունիսի 21-ին հայտնաբերվել և արգելանքի է վերցվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից, որից հետո մինչև 2014 թվականի հունվարի 24-ն անընդմեջ գտնվել է անազատության մեջ, նախ Ռուսաստանում` ՀՀ իրավապահ մարմինների պահանջի հիման վրա, իսկ 2013 թվականի նոյեմբերի 9-ից` Հայաստանում: Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը, խախտելով պատիժը հաշվակցելու կարգը, իր դատական ակտում արձանագրել է, որ Վ. Շահինյանն անազատության մեջ է գտնվել ընդամենը 2 ամիս 15 օր` անտեսելով Ռուսաստանում Վ. Շահինյանի անազատության մեջ եղած ամբողջ ժամանակահատվածը:

13. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարերկրյա պետությունում արգելանքի վերցված և Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ նշանակված պատժին այլ պետությունում անազատության մեջ եղած ժամանակահատվածը հաշվակցելու անհրաժեշտության վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձի անազատության մեջ եղած ժամկետն ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցելը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախևառաջ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հարցին. իր դատական ակտում հաստատված համարելով, որ Վ. Շահինյանը փաստացի անազատության մեջ է եղել 2 ամիս 15 օր, և այդ ժամկետը հաշվակցելով նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին` Վերաքննիչ դատարանը խախտե՞լ է արդյոք պատիժը հաշվակցելու կարգը:

16. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: (...)»:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 61.2-րդ հոդվածի համաձայն` «Սույն Կոնվենցիայի 60 [Հանձնման համար հետախուզումը և կալանքի վերցնելը], 61 [Կալանքի վերցնելը կամ ձերբակալումը` նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը] և 611 [Անձի հետախուզումը մինչև հանձնման մասին պահանջի ստացումը] հոդվածների դրույթներին համապատասխան կալանքի վերցված անձի` կալանքի տակ պահելու ժամանակը, նրան հանձնելու դեպքում, հաշվառվում է կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետի մեջ, որը նախատեսված է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որին այդ անձը հանձնվել է»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն` արգելանքի վերցնելը գործողություն է, որն սկսվում է անձին ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից` ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձևով դատավճիռն ի կատար ածելիս:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 38-րդ կետի համաձայն` անազատության մեջ պահելը անձին ազատությունից հարկադրաբար զրկելն է, ինչ պատճառներով էլ որ դա իրականացված լինի:

Մեջբերված դրույթները, ինչպես նաև խափանման միջոց կալանավորման ժամկետների հաշվարկման կարգն ու պայմանները սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը Վճռաբեկ դատարանը համադրված վերլուծության է ենթարկել Ա.Պետրոսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «(...) [Ա]յն դեպքում, երբ անձը չի գտնվում ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշումը չի կարող կատարված համարվել և, հետևաբար, խոսք չի կարող լինել դատարանի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի ընթացքն սկսված լինելու և, համապատասխանաբար նաև` այդ ժամկետի հաշվարկի մասին: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանավորման ժամկետն սկսում է հոսել ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ անձի հայտնվելու, այլ խոսքով` անձին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու պահից:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանձնման նպատակով կալանավորման ժամկետը, խափանման միջոց կալանավորման ժամկետի հետ մեկտեղ, պետք է հաշվակցվի անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով նշանակված ազատազրկման հետ կապված պատժի ժամկետի մեջ» (տե՛ս Արմեն Աշոտի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0024/06/11 որոշման 18-րդ կետը):

17. Սույն որոշման 16-րդ կետում, և համապատասխանաբար, Ա.Պետրոսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո մեկնաբանելով պատիժը հաշվակցելու կարգը սահմանող մեջբերված քրեաիրավական նորմը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի ընթացքը սկսում է հոսել այն պահից, երբ վերջինս հայտնվում է վարույթն իրականացնող մարմնի իրավասության ներքո: Այլ խոսքով` հանձնման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից անձին անազատության մեջ պահելու ժամանակահատվածը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի մեջ չի ներառվում: Մյուս կողմից, սակայն, հանձնման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից անձին անազատության մեջ պահելու ամբողջ ժամանակահատվածը, խափանման միջոց կալանավորման ժամկետի հետ մեկտեղ, պետք է հաշվակցվի նրա նկատմամբ դատավճռով նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատժին:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետ» եզրույթը պետք է հասկանալ որպես «մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետ»: Պատիժը հաշվակցելու կարգը սահմանող քրեաիրավական նորմի նման մեկնաբանության և կիրառության դեպքում հնարավոր է դառնում հանձնման նպատակով արգելանքի վերցված անձի անազատության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածը հաշվակցել նրա նկատմամբ նշանակված` ազատությունից զրկելու հետ կապված պատժին: Հակառակ դեպքում ոչ իրավաչափորեն սահմանափակվում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային-իրավական փաստաթղթերով երաշխավորված` մարդու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը:

18. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Վ. Շահինյանին 2013 թվականի հունիսի 21-ին հայտնաբերել և արգելանքի են վերցրել ՌԴ իրավապահ մարմինները:

ՌԴ ՈՒֆա քաղաքի Կիրովի շրջանի դատարանի 2013 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Վ. Շահինյանի նկատմամբ հանձնման նպատակով որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով: Նույն դատարանի 2013 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ Վ. Շահինյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 4 ամսով` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 21-ը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

i

2013 թվականի հոկտեմբերի 3-ին ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հարցումը` Վ. Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին, և ՌԴ իրավասու մարմնին հանձնարարվել է իրականացնել Վ. Շահինյանի հանձնումը ՀՀ իրավասու մարմիններին:

2013 թվականի նոյեմբերի 9-ին Վ. Շահինյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և տարվել ոստիկանության Գավառի բաժին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ վերահաստատվել է Վ. Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նույն դատարանի 2005 թվականի հունվարի 18-ի որոշումը` կալանքի սկիզբը հաշվելով 2013 թվականի նոյեմբերի 9-ից (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի դատավճռով Վ. Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: Համաներման ակտի կիրառմամբ Վ. Շահինյանն ազատվել է նշանակված պատժից և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլի 10-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին: Վ. Շահինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` Վ. Շահինյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նրա անազատության մեջ գտնվելու 2 ամիս 15 օր ժամկետը, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 3 տարի 9 ամիս 15 օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է Վ. Շահինյանին արգելանքի վերցնելու օրվանից (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

19. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ. Շահինյանը սույն գործի առնչությամբ անընդմեջ անազատության մեջ է գտնվել 2013 թվականի հունիսի 21-ից, նախ` հանձնման նպատակով կալանք կիրառելու մասին ՌԴ դատարանների որոշումների հիման վրա, ապա` Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո, խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին ՀՀ դատարանների դատական ակտերի հիման վրա: Վ. Շահինյանի փաստացի անազատությունը տևել է մինչև 2014 թվականի հունվարի 24-ը, երբ Առաջին ատյանի դատարանը դատավճռով վերացրել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և նրան ազատ արձակել դատական նիստի դահլիճում:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, պատժի խստացման առումով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, իր որոշման մեջ արձանագրել է, որ Վ. Շահինյանն անազատության մեջ է գտնվել 2 ամիս 15 օր` Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու օրվանից` 2013 թվականի նոյեմբերի 9-ից, մինչև Առաջին ատյանի դատարանի դատավճռով խափանման միջոց կալանավորումը վերացնելու օրը` 2014 թվականի հունվարի 24-ը: Փաստորեն, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՌԴ իրավասու մարմինների կողմից հանձնման նպատակով Վ. Շահինյանին անազատության մեջ պահելու ամբողջ ժամանակահատվածը` 2013 թվականի հունիսի 21-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 9-ը, և նշված ժամկետը Վ. Շահինյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին չի հաշվակցել:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 16-19-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր դատական ակտում հաստատված համարելով, որ Վ. Շահինյանը փաստացի անազատության մեջ է եղել 2 ամիս 15 օր, և այդ ժամկետը հաշվակցելով նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին` Վերաքննիչ դատարանը խախտել է անազատության մեջ գտնվելու ժամանակը նշանակված պատժին հաշվակցելու կարգը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեական օրենքի սխալ մեկնաբանում, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին: Նշված նյութական իրավունքի խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործի ելքի վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ հոդվածների համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

 

II. Բողոքաբերի բարձրացրած մյուս իրավական հարցերը.

 

21. Անդրադառնալով բողոքի հեղինակի այն փաստարկին, որ Վ. Շահինյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ խիստ է (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին համապատասխան, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, Վ. Շահինյանի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը Վ. Շահինյանի նկատմամբ պատիժ նշանակելիս բավարար չափով ստուգման և գնահատման չի ենթարկել ամբաստանյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի մասին տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 14-16-րդ կետերը): Ինչ վերաբերում է ամբաստանյալի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին, ապա դրանք օբյեկտիվորեն հաշվի են առնվել նրա նկատմամբ պատիժ նշանակելիս, և բավարար չեն հանգելու այն հետևության, որ Վ. Շահինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու դեպքում կապահովվեն պատժի նպատակները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս առումով Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական է, հիմնավոր և պատճառաբանված, իսկ բողոքաբերի փաստարկները բավարար չեն Վ. Շահինյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացման առումով փոփոխելու համար:

22. Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է համարում նաև բողոքաբերի փաստարկն առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Այսպես, հիշատակված համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետը նախատեսում է պատժից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել և որոնք համաներման որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեն: Քրեական գործի նյութերից հետևում է, որ Մարիա Իվանի Անտոնովան ծնվել է 2013 թվականի հունվարի 17-ին: 2013 թվականի հունիսի 21-ին Վ. Շահինյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից: 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է հիշատակված համաներման ակտը և դրանից հետո միայն` 2013 թվականի հոկտեմբերի 29-ին, ՌԴ ՈՒֆա քաղաքի Սովետական շրջանի ՔԿԱԳ բաժնի կողմից Վ. Շահինյանին տրվել է Մ. Անտոնովայի հայրությունը ճանաչելու մասին վկայական:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը Վ. Շահինյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ նա համաներման որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա չի ունեցել:

23. Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի այն պնդմանը, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով համաներման ակտի կիրառելիության հարցը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն այս փաստարկը ևս անհիմն է համարում: Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանը, վերաքննիչ բողոքի շրջանակներում օբյեկտիվ ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով, քրեական գործի փաստական հանգամանքների հիման վրա կայացրել է պատճառաբանված որոշում Վ. Շահինյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացման առումով փոփոխելու մասին: Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ ամբաստանյալի նկատմամբ համաներման ակտի կիրառելիությանը, անկախ նրանից, նման պահանջ վերաքննիչ բողոքում եղել է, թե ոչ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները նույնպես իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում:

24. Սույն որոշման 20-23-րդ կետերում շարադրված հետևությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վանիկ Խաչիկի Շահինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ԳԴ/0038/01/13
Որոշում