Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԿԴ/2658/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2658/02/12             2014 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ի. Վարդանյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Նոր Երկիր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2014 թվականի որոշման դեմ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ռաֆայել Հովակիմյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ռաֆայել Հովակիմյանից բռնագանձել պարտավորության մայր գումարը, պայմանագրով սահմանված տույժերը և տուգանքները, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 31.01.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է. «Պատասխանող Ռաֆայել Հովակիմյանից հօգուտ հայցվոր «Նոր Երկիր» ՍՊԸ-ի բռնագանձել ընդամենը 3.006.407 ՀՀ դրամ, որից 1.291.500 ՀՀ դրամը որպես պայմանագրի գնի գումար, 397.782 ՀՀ դրամը որպես տույժ, 1.291.500 ՀՀ դրամը որպես տուգանք, 25.625 ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում: Մինչև պարտավորության փաստացի կատարման օրը կետանցի յուրաքանչյուր օրվա համար 0,1 տոկոսի չափով տույժի հաշվարկը շարունակել և բռնագանձել պատասխանողից հօգուտ հայցվորի»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.04.2014 թվականի որոշմամբ Ռաֆայել Հովակիմյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 31.01.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ 347-րդ 436-րդ 447-րդ 779-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության և Ռաֆայել Հովակիմյանի միջև կնքված 17.03.2012 թվականի պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր) և դրա հավելվածում կատարված նշումներով հիմնավորվել է, որ Ընկերությունը, պատշաճ կատարելով պայմանագրով նախատեսված պարտավորությունները, աջակցել է Ռաֆայել Հովակիմյանին անշարժ գույքի ընտրության և Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 հասցեի բնակարանը գնելու հարցում, ցուցադրել է նշված բնակարանը միաժամանակ ապահովելով պատվիրատուին անշարժ գույքի արժեքների վերաբերյալ հայաստանյան շուկայում առկա ճշգրիտ տեղեկատվությամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Պայմանագրի 1.4 կետով կողմերը սահմանել են, որ ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուի և (կամ) նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից կատարողի ցուցադրած անշարժ գույքը գնելու կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևով ձեռք բերելու կամ վարձակալելու (անհատույց օգտագործելու) պայմանագրի կնքման պահից: Տվյալ դեպքում, Պայմանագրի հավելվածի համաձայն` Ընկերությունը, ի թիվս այլոց, 26.03.2012 թվականին Ռաֆայել Հովակիմյանին ցուցադրել է Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 հասցեի բնակարանը: Հետագայում 09.08.2012 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ռաֆայել Հովակիմյանի կինը գնել է Ընկերության ցուցադրած Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող բնակարանը: Հետևաբար, Պայմանագրի 1.4 կետի ուժով Ընկերության կողմից Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 բնակարանը Ռաֆայել Հովակիմյանին, թեկուզև, միայն ցուցադրելու պայմաններում 09.08.2012 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման պահից Պայմանագրով սահմանված ծառայությունները համարվում են մատուցված:

Վերաքննիչ դատարանն ուսումնասիրության առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև 20.02.2012 թվականին թվագրված պայմանագրում Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 հասցեի անշարժ գույքը Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենին ցուցադրված լինելու հանգամանքը հիմնավորող որևէ դրույթ առկա չէ: Իսկ 20.02.2012 թվականի պայմանագրի հավելվածում նշված Հանրապետության թիվ 71 հասցեն չի կարող նույնացվել Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 հասցեի հետ: Ավելին, Ռաֆայել Հովակիմյանի կնոջ և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև կնքված պարտավորագիրը չի պարունակում դրա կնքման և ստորագրման ամսաթվերը: Հետևաբար, 20.02.2012 թվականին կնքված պայմանագրով և կնքման ու ստորագրման ամսաթվեր չպարունակող պարտավորագրով չի հիմնավորվում, որ վեճի առարկա բնակարանը ձեռք է բերվել «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագրով մատուցված միջնորդական ծառայությունների արդյունքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.01.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ռաֆայել Հովակիմյանի և Ընկերության միջև կնքված Պայմանագրի 1.1 և 1.2.1 կետերի համաձայն` Ընկերությունը (Կատարողը) պարտավորվել է Ռաֆայել Հովակիմյանի (Պատվիրատուի) հանձնարարությամբ մատուցել Պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել այդ ծառայությունների համար: Կատարողը պարտավորվել է մատուցել հետևյալ ծառայությունները` աջակցություն Պատվիրատուին անշարժ գույքի ընտրության և առք ու վաճառքի, վարձակալության, փոխանակության և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործարքների կատարման և համապատասխան պայմանագրերի կնքման հարցում, ռիելթորական խորհրդատվություն և այլն .... (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

2. Պայմանագրի 1.4 կետի համաձայն` ծառայությունները մատուցված են համարվում Պատվիրատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից կամ Պատվիրատուի և (կամ) նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից Կատարողի ցուցադրած անշարժ գույքը գնելու կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևով ձեռք բերելու կամ վարձակալելու (անհատույց օգտագործելու) պայմանագրի կնքման պահից: Պայմանագրի 2.1 կետի համաձայն` Պայմանագրի գինն անշարժ գույքը գնելու կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ կերպ ձեռք բերելու դեպքում կազմում է Կատարողի մատուցած ծառայությունների հետևանքով Պատվիրատուի կողմից ձեռք բերված անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 2,5 տոկոսը: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` Պայմանագրի 2.1 կամ 2.2 կետում նշված Պայմանագրի գինը չվճարելու դեպքում Պատվիրատուն Կատարողին վճարում է տուգանք` պայմանագրի 10 տոկոսի չափով և տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար 0,1 տոկոսի չափով: Պայմանագրի 3.3 կետի համաձայն` եթե Պատվիրատուն հրաժարվել է պայմանագրի կատարումից, սակայն հետագայում պարզվել է, որ Պատվիրատուն առանց Կատարողի գիտության ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած եղանակով ձեռք է բերել կամ վարձակալել կամ վերցրել է անհատույց օգտագործման վերջինիս կողմից ցուցադրված որևէ անշարժ գույք, ապա նշանակում է, որ Պայմանագրից Պատվիրատուի հրաժարում տեղի չի ունեցել և բացի Պայմանագրի 2.1 կամ 2.2 կետերում նշված գինը, Պատվիրատուն պարտավոր է վճարել տուգանք` չվճարված գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

3. Ռաֆայել Հովակիմյանի և Ընկերության միջև կնքված Պայմանագրի 17.03.2012 թվականի հավելվածի համաձայն` Ընկերության կողմից սկսած 17.03.2012 թվականից մինչև 03.07.2012 թվականը տարբեր ժամանակահատվածներում Ռաֆայել Հովակիմյանին ցուցադրվել են Երևանի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ, այդ թվում նաև` 26.03.2012 թվականին ցուցադրվել է Հանրապետության թիվ 71-14 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 11):

4. Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև 20.02.2012 թվականին կնքված գործակալության պայմանագրի 2-րդ կետի համաձայն` «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ն պարտավորվել է իրականացնել միջնորդական, տեղեկատվական և այլ բնույթի գործողություններ Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի կողմից համապատասխան անշարժ գույք ի սեփականություն կամ վարձակալությամբ ձեռք բերելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 94):

5. Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև 20.02.2012 թվականին կնքված գործակալության պայմանագրի հավելվածի համաձայն` «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի կողմից Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենին ցուցադրվել է Հանրապետության թիվ 71 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 2-րդ, գ.թ. 94):

6. Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև կնքված պարտավորագրի համաձայն` Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենը «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջնորդությամբ գնել է Հանրապետության թիվ 71-14 բնակարանը և մինչև 09.05.2013 թվականը պարտավորվել է «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ին վճարել 600.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 85):

7. 09.08.2012 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենը 51.660.000 ՀՀ դրամով Անահիտ Գևորգի Թադևոսյանից գնել է Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 բնակարանը (հատոր 2-րդ, գ.թ. 38-39):

8. Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենը պատասխանող Ռաֆայել Հովակիմյանի կինն է` նրա ընտանիքի անդամը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի, Պայմանագրի 1.4 կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պայմանագրով նախատեսված ծառայության մատուցված լինելու հարցին միաժամանակ վերահաստատելով պայմանագրի մեկնաբանման վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի 39-րդ գլխի կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության և այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 779-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք է նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը, որը, լինելով երկկողմանի պայմանագիր, սահմանում է կատարողի պարտականությունը մատուցելու պատվիրատուի առաջադրանքով որոշակի ծառայություններ, և պատվիրատուի հիմնական պարտականությունը, այն է վճարել իրեն մատուցված ծառայությունների համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով: Ընդ որում, միայն ծառայության պատշաճ մատուցման փաստի առկայության դեպքում և դրա դիմաց վճարումը կատարված լինելու պայմաններում է երկկողմանի պարտավորությունը համարվում պատշաճ կատարված և այդ հիմքով նաև դադարած:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի Կատարող Ընկերության կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով նշված ծառայությունը մատուցած լինելու և Պատվիրատու Ռաֆայել Հովակիմյանի կողմից այդ ծառայության դիմաց վճարում կատարած լինելու փաստերը:

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ թեև կողմերի միջև ձևական առումով ընդհատվել են պայմանագրային իրավահարաբերությունները, սակայն դրանք անուղղակիորեն շարունակվել է մեկ այլ անձի` Ռաֆայել Հովակիմյանի կնոջ` Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի միջոցով, ինչի հիման վրա Ռաֆայել Հովակիմյանն օրենքի ուժով ուղղակիորեն դարձել է Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 բնակարանի համասեփականատեր, որպիսի հանգամանքը պետք է գնահատել որպես Պայմանագրի կատարում:

Միաժամանակ, Դատարանը նշել է, որ ծառայությունների մատուցման պայմանագրով Ռաֆայել Հովակիմյանին ցուցադրվել է Երևանի Հանրապետության թիվ 71-14 հասցեի բնակարանը, մինչդեռ պատասխանողի կնոջը` Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենին, «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված գույքային միավորների մեջ նշված է Հանրապետության թիվ 71 հասցե գրառումը, ինչը հասցեների նույնականացման առումով չի կարող դիտարկվել որպես հետագայում գնված Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 բնակարան:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով, պատճառաբանել է, որ Պայմանագրի վերլուծությունից հետևում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրով հստակ սահմանվել է Կատարողի կողմից մատուցվելիք ծառայությունների շրջանակը, որը չի սահմանափակվել միայն պայմանագրի հավելվածում նշված գույքի ցուցադրմամբ, այլ ներառել է Կատարողի կողմից կատարման ենթակա մի շարք այլ գործողություններ, այն է` Պատվիրատուին աջակցություն ցուցաբերելն անշարժ գույքի ընտրության և առուվաճառքի, վարձակալության, փոխանակության և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործարքների կատարման և համապատասխան պայմանագրերի կնքման հարցում, որոնց կատարման դեպքում միայն հնարավոր կլիներ հետևություններ կատարել հայցվոր ընկերության կողմից բողոքաբերի հետ կնքված պայմանագրով սահմանված ծառայությունները մատուցելու և մատուցված ծառայության դիմաց Ռաֆայել Հովակիմյանի վճարելու պարտավորության առկայության մասին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործում առկա` Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև 20.02.2012 թվականին կնքված գործակալության պայմանագրով, ինչպես նաև Նաիրա Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև կազմված պարտավորագրով հիմնավորվել է, որ վեճի առարկա բնակարանը Նաիրա Ավետիսյան Վան Գեյնհեյզենի կողմից ձեռք է բերվել «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագրով մատուցած միջնորդական ծառայությունների արդյունքում, ինչն անտեսվել է Դատարանի կողմից:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին` նշելով, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը` կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ռաֆայել Հովակիմյանի և Ընկերության միջև կնքված Պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է Ռաֆայել Հովակիմյանին մատուցել ծառայություններ` աջակցություն անշարժ գույքի ընտրության և առք ու վաճառքի, վարձակալության, փոխանակության և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործարքների կատարման և համապատասխան պայմանագրերի կնքման հարցում, իրականացնել ռիելթորական խորհրդատվություն և մատուցել այլ ծառայություններ: Պայմանագրի 1.4 կետով սահմանվել է, որ ծառայությունները մատուցված են համարվում Պատվիրատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից կամ Պատվիրատուի և (կամ) նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից Կատարողի ցուցադրած անշարժ գույքը գնելու կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևով ձեռք բերելու կամ վարձակալելու (անհատույց օգտագործելու) պայմանագրի կնքման պահից:

Պայմանագրային նշված դրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ կողմերը Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման փաստի արձանագրումը պայմանավորել են ոչ միայն հանձնման-ընդունման ակտի ստորագրմամբ, այլ նաև Պատվիրատուի և (կամ) նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից Կատարողի ցուցադրած անշարժ գույքն օրենսդրությամբ չարգելված որևէ եղանակով ձեռք բերելու հանգամանքով:

Համաձայն գործում առկա` Ռաֆայել Հովակիմյանի և Ընկերության միջև կնքված Պայմանագրի 17.03.2012 թվականի հավելվածի` Ընկերության կողմից սկսած 17.03.2012 թվականից մինչև 03.07.2012 թվականը տարբեր ժամանակահատվածներում Ռաֆայել Հովակիմյանին ցուցադրվել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ, այդ թվում նաև` 26.03.2012 թվականին ցուցադրվել է Հանրապետության թիվ 71-14 հասցեում գտնվող անշարժ գույքը: Հետագայում 09.08.2012 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենը 51.660.000 ՀՀ դրամով Անահիտ Գևորգի Թադևոսյանից գնել է Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 բնակարանը: Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենը պատասխանող Ռաֆայել Հովակիմյանի ընտանիքի անդամն է (ըստ գործում առկա կողմերի ներկայացրած փաստարկների` Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենը Ռաֆայել Հովակիմյանի կինն է):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի` որպես Ռաֆայել Հովակիմյանի ընտանիքի անդամի կողմից 09.08.2012 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վեճի առարկան` Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 բնակարանը ձեռք բերելու (գնելու) պայմաններում, Ընկերության կողմից 17.03.2012 թվականի պայմանագրով նախատեսված ծառայությունը համարվում է մատուցված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ 1-ին կետի հիմքով` այդ պայմանագրի 1.4 կետի մեկնաբանության արդյունքում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 09.08.2012 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման պահից, այն է` Ընկերության կողմից պայմանագրով նշված ծառայության մատուցման պահից, Ռաֆայել Հովակիմյանի մոտ առաջացել է այդ ծառայության համար վճարելու պարտականություն` Պայմանագրի 2.1 կետի հիմքով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ գործում առկա Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև 20.02.2012 թվականին կնքված գործակալության պայմանագրով, ինչպես նաև Նաիրա Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև կազմված պարտավորագրով հիմնավորվել է, որ վեճի առարկա բնակարանը Նաիրա Ավետիսյան Վան Գեյնհեյզենի կողմից ձեռք է բերվել «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագրով մատուցած միջնորդական ծառայությունների արդյունքում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների, երրորդ անձինք ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԱԴԴ/0417/02/12 ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործում առկա` Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև կնքված 20.02.2012 թվականի գործակալության պայմանագրի հավելվածի համաձայն` «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի կողմից Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենին ցուցադրվել է Հանրապետության թիվ 71 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ ըստ Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենի և «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջև կնքված պարտավորագրի Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենը «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի միջնորդությամբ գնել է Հանրապետության թիվ 71-14 բնակարանը և մինչև 09.05.2013 թվականը պարտավորվել է «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ին վճարել 600.000 ՀՀ դրամ:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 20.02.2012 թվականի գործակալության պայմանագրի հավելվածով չի հաստատվում «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի կողմից Նաիրա Ռոբերտի Ավետիսյան Վան Գեյնհեյզենին վեճի առարկա բնակարանը ցուցադրելու փաստը, իսկ որևէ ամսաթիվ չպարունակող պարտավորագիրը բավարար ապացույց չէ հաստատված համարելու, որ Երևանի Հանրապետության փողոցի 71-րդ շենքի թիվ 14 բնակարանը Նաիրա Ավետիսյան Վան Գեյնհեյզենը ձեռք է բերել «Ակցեռն-Դելտա» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագրով մատուցած միջնորդական ծառայությունների արդյունքում:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն հետևությունը, որ անշարժ գույքը գնվել է Ընկերության կողմից Ռաֆայել Հովակիմյանին ցուցադրելուց հետո, մինչդեռ Ընկերությունը չի ստացել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով նախատեսված գումարը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 11.04.2014 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով հանդերձ:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Միևնույն ժամանակ, ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճիռն Ընկերության կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ, 778-րդ, 779-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հիմքով` այն փաստարկմամբ, որ Պայմանագրի 1.2 կետում թվարկված ծառայությունները մատուցված չեն, որպիսի հիմքով և չի ծագել դրանց դիմաց վճարում կատարելու պարտավորությունը` վերաքննիչ բողոքում չանդրադառնալով Դատարանի վճռի մյուս եզրահանգումների օրինականությանն ու հիմնավորվածությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2014 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Ռաֆայել Հովակիմյանից հօգուտ «Նոր Երկիր» ՍՊԸ-ի բռնագանձել 89.423 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2014
N ԵԿԴ/2658/02/12
Որոշում