Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՒՅՆ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ԴԱՏՎԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՒՅՆ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ԴԱՏՎԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ՍԴ3/0080/01/12        

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ3/0080/01/12

Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան

    Դատավորներ`        Կ. Ղազարյան

                       Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի  

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի   

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

    2014 թվականի հոկտեմբերի 31-ին             ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արման Արտակի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ դատախազ Ս. Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ կայազորային քննչական բաժնում 2012 թվականի մարտի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91251812 քրեական գործը:

2012 թվականի հունիսի 28-ին Արման Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրն Ա. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել թիվ 36534 զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Վազգեն Մանասյանը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով:

2012 թվականի օգոստոսի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 7-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Ա. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել` նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմքով:

Առաջին ատյանի դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել և ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է նաև Վ. Մանասյանի նկատմամբ` նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմքով:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ է բերել դատախազ Ս. Խաչատրյանը:

Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշումներով վերաքննիչ բողոքները մերժվել են:

4. Վ. Մանասյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ս. Խաչատրյանը: Ա. Հակոբյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել և որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Վ.Մանասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 7-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշումները բեկանվել են և գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

5. 2014 թվականի փետրվարի 12-ին դատախազ Ս. Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով վերականգնել Ա. Հակոբյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` բաց թողնված ժամկետը:

Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ դատախազ Ս. Խաչատրյանի միջնորդությունը բավարարվել է:

6. 2014 թվականի մարտի 24-ին դատախազ Ս. Խաչատրյանը վճռաբեկ բողոք է բերել Ա. Հակոբյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ա. Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [Հ]անդիսանալով Պ` թիվ 36534 զորամասի 4-րդ ՀԳՄ-ի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, խախտելով մարտական հերթապահության կանոնները, 2012թ. մարտի 6-ին ժամը 15:30-ի սահմաններում, առանց թույլտվության թիվ 165 մարտական դիրքից գնացել է թիվ 167 մարտական դիրք, որտեղ մնացել է մի քանի ժամ, այդ ընթացքում չի կատարել իրենց դիրքի գրաֆիկով նախատեսված դիտորդի պարտականությունները, դրանով ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված վնաս պատճառելու սպառնալիք ստեղծել: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 97):

8. Համաձայն 2012 թվականի մարտի 8-ի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի (այսուհետ նաև` Ստեփանակերտի ՌՈ բաժին) կողմից տրված մեկուսացման գրության` Ա. Հակոբյանը զինվորական կանոնագրքերի խախտման համար մեկուսարան ընդունվել է 2012 թվականի մարտի 8-ին, ազատվել` 2012 թվականի մարտի 18-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 189):

9. 2012 թվականի մարտի 8-ի թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի քաղվածքում արձանագրվել է հետևյալը. «Համարել կալանված Ստեփանակերտի ՌՈ բաժին կալանատանը 10 (տասը) օր ժամկետով ներքոհիշյալ ժամկետային զինծառայողները և հանել կաթսայական բավարարումից. (...)

2. 12հվ 3հդ 3հջ ՊՆ գնդացրորդ շարքային Արման Արտակի Հակոբյանին (2/2010 զորակոչ, Արթիկի ԶԿ) (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 191):

10. Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) մեղադրյալ Արման Արտակի Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, համաձայն թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի, ենթարկվել է կարգապահական տույժի` կալանք 10 (տասը) օր ժամկետով, որը համաձայն Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից տրված մեկուսացման գրության` կրել է 08.03.2012 թ-ից մինչև 18.03.2012 թ-ը, այսինքն` Ա. Հակոբյանը կատարած հանցանքի համար, ելնելով ՀՀ վճռաբեկ դատարանի (...) որոշման պահանջներից, փաստացի ենթարկվել է քրեական պատասխանատվության և չի կարող կրկին անգամ նույն արարքի համար դատվել, ուստի դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ քրեական գործի վարույթը պետք է կարճել, այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել` նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 17-19):

11. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանը եկավ հետևության, որ կայացված որոշումը օրինական է հիմնավորված և պատճառաբանված, ուստի այն բեկանելու և մեղադրական դատական ակտ կայացնելու հիմքեր չկան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 91):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոք բերած անձի պնդմամբ Ա. Հակոբյանի կրկնակի դատապարտման վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն անհիմն են:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ սույն գործով զորամաս կատարված հարցմամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը զորամասի հրամանատարության կողմից մեկուսացվել է առանց ծառայողական քննություն անցկացնելու և կատարվածը պարզելու: Թիվ 68 հրամանում գրված է, որ Ա. Հակոբյանը մեկուսացվել է մարտական հերթապահության անվտանգության կանոնների խախտման համար: Բացի այդ, Ստեփանակերտի ՌՈ բաժնից ստացված մեկուսացման գրությունների վրա «Խախտման պատճառը» տողի առջև նշված է «ԶԿԽ», այսինքն զինվորական կանոնագրքի խախտում:

Բողոք բերած անձը նշել է, որ դատարանը հաշվի չի առել, որ Ա. Հակոբյանը 2012 թվականի մարտի 8-ի մեկուսացման գրությամբ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում մեկուսացվել է ոչ թե մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, այլ զինվորական կանոնագրքի խախտման պատճառով:

13. Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Ա. Հակոբյանին Ստեփանակերտի ՌՈ բաժնում 10 օր տևողությամբ մեկուսացնելը որևէ կապ չունի ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրվող արարքի հետ, և Ա. Հակոբյանն առանց բավարար հիմքերի ազատվել է քրեական պատասխանատվությունից: ՈՒստի, խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, փոփոխել և կայացնել նոր դատական ակտ. այն է`

Ա. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով: Նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, պատիժը պայմանականորեն չկիրառել սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու և Ա. Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները պատշաճ գնահատել են արդյոք գործում առկա փաստական տվյալները:

15. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան»:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Դ. Բաբայանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք: Ընդ որում, «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով:

(...) «նույն արարքի համար» ձևակերպումը ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած «քրեական մեղադրանք» եզրույթի մեկնաբանմանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով իրավախախտումը որպես «քրեական» որակելու չափորոշիչներն են` ա) իրավախախտման դասակարգումն ըստ ազգային օրենսդրության, բ) իրավախախտման բնույթը, գ) նշանակված կամ հնարավոր պատժի խստության աստիճանը: Ընդ որում, իրավախախտումը «քրեական» որակելու համար բավարար է այդ չափորոշիչներից միայն մեկի, այլ ոչ թե բոլորի պարտադիր առկայությունը» (տե՛ս Դավիթ Բորիսի Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշման 22-24-րդ կետերը):

16. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի թիվ N 247 որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 51-րդ կետի համաձայն` «Զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման համար զինծառայողն անձամբ կրում է կարգապահական պատասխանատվություն:

Զինծառայողի կողմից զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտման դեպքում հրամանատարը (պետը) կարող է (...) կարգապահական տույժ տալ: Ընդ որում, նա պետք է հաշվի առնի, որ տույժը (...) պետք է համապատասխանի զանցանքի ծանրությանը և մեղքի աստիճանին, որը քննությամբ որոշում է հրամանատարը (պետը)»:

Նույն որոշման 54-րդ կետի համաձայն` «Զինվորներին կարող են տրվել հետևյալ տույժերը`

(...)

ե) ժամկետային ծառայության զինվորների մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև տասն օր, իսկ պայմանագրով զինվորական ծառայության ընդունված զինվորներին` մինչև յոթ օր»:

Նույն որոշման 91-րդ կետի համաձայն` «Հրամանատարի (պետի) կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը պետք է նախորդի քննությունը, որը կատարվում է մեղավորներին հայտնաբերելու և զանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու նպատակով:

Քննության ընթացքում հրամանատարը (պետը) պարզում է թե կատարվել է արդյոք զանցանք` երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը (...)»:

Նույն որոշման 92-րդ կետի համաձայն` «Մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը (...)»:

Ա. Հակոբյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի թիվ 14 հավելվածի 1-ին կետի համաձայն` «Կայազորային կարգապահական մեկուսարանը նախատեսված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով մեկուսացված, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա ձերբակալված կամ կալանավորված, դատարանի կողմից դատապարտված զինծառայողներին պահելու համար»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վ. Մանասյանի գործով որոշման մեջ` արձանագրելով, որ «(...) զինված ուժերի կարգապահական կանոնադրության համաձայն զինծառայողների նկատմամբ որպես կարգապահական տույժի տեսակ կիրառվում էր մինչև 7 կամ 10 օր ժամկետով կարգապահական մեկուսարանում պահելը: Ընդ որում, նույն մեկուսարանում են պահվել նաև քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված, ինչպես նաև դատապարտված զինծառայողները: Կարգապահական մեկուսարանում պահվող զինծառայողների համար սահմանված են եղել նույնպիսի իրավունքներ և պարտականություններ, ինչպիսիք ունեցել են ձերբակալվածները, կալանավորվածները կամ դատապարտվածները: Այլ խոսքով կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց ազատությունը սահմանափակվել է, և նրանք պահվել են մեկուսացման նույն պայմաններում, ինչ որ ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձինք» (տե՛ս Վարդգես Ալեքսեի Մանասյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴ3/0080/01/12 որոշման 14-րդ կետը):

17. Վերահաստատելով համապատասխանաբար Դ. Բաբայանի և Վ. Մանասյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կրկին անգամ դատապարտվելու անթույլատրելիության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ է հավաստել, որ կատարվածը նույն արարքն է, և անձը դրա համար դատապարտվում է կրկնակի: Ընդ որում, կատարվածի նույնության մասին վկայում է ոչ այնքան արարքին տրված իրավական որակումը, որքան անձի դատապարտման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում (որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն, կարգապահական տույժի ենթարկելու մասին հրաման և այլն) արարքի փաստական հանգամանքների նկարագրության նույնականությունը, մասնավորապես, հանցակազմի հատկանիշները բնութագրող բոլոր փաստական տվյալների համընկումը (հանցագործության կամ զանցանքի տեսակը, դրա կատարման տեղը, ժամանակը, իրադրությունը և այլ հանգամանքները):

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): 2012 թվականի մարտի 8-ին Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից տրված մեկուսացման գրության համաձայն Ա. Հակոբյանը զինվորական կանոնագրքերի խախտման համար մեկուսարան ընդունվել է 2012 թվականի մարտի 8-ին, ազատվել է 2012 թվականի մարտի 18-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի քաղվածքում արձանագրվել է, որ կրտսեր սերժանտ Ա. Հակոբյանը կալանավորված է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Ա. Հակոբյանը ենթարկվել է կարգապահական տույժի` կալանքի ձևով, իսկ կալանավորման հիմքի մասին նշումը ընդհանրական բնույթի է` «ԶԿԽ», այսինքն` զինվորական կանոնագրքերի խախտում: Ինչ վերաբերում է թիվ 36534 զորամասի հրամանատարի 2012 թվականի մարտի 8-ի թիվ 68 հրամանին, ապա դրանում հստակ նշված չէ, թե Ա. Հակոբյանն ինչի համար է ենթարկվել կարգապահական տույժի` կալանքի 10 (տասը) օր ժամկետով` սույն գործով վերջինիս վերագրվող արարքի՞ (ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս), թե՞ այլ իրավախախտում թույլ տալու համար: Գործի նյութերից չի երևում նաև, թե հրամանատարի կողմից ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը նախորդե՞լ է արդյոք քննություն, որի ընթացքում հրամանատարը պետք է պարզեր, թե երբ, որտեղ, ինչ պարագաներում, ինչ զանցանք է կատարվել և այլն:

Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, առանց վերոնշյալ հանգամանքները պարզելու, արձանագրել է, որ դատաքննության ընթացքում հիմնավորված ապացույցներով պարզվեց, որ մեղադրանքում նշված հանցագործությունները կատարելու համար թիվ 36534 զորամասի հրամանատարի թիվ 68 հրամանի համաձայն Ա. Հակոբյանը ենթարկվել է կարգապահական տույժի` կալանքի 10 օր ժամկետով, որը համաձայն Ստեփանակերտի ՌՈ բաժնի պետի մեկուսացման գրության` փաստացի կրել է: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա. Հակոբյանը կատարած հանցանքի համար փաստացի ենթարկվել է քրեական պատասխանատվության և չի կարող կրկին անգամ նույն արարքի համար դատվել (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով 15-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, ինչի արդյունքում սխալ են մեկնաբանել ինչպես Վճռաբեկ դատարանի կողմից Դ. Բաբայանի գործով կայացված որոշումը, այնպես էլ քրեական օրենքը և միջազգային պայմանագիրը: Մասնավորապես, դատարանները նախքան Ա. Հակոբյանին կրկնակի դատապարտման ենթարկելու վերաբերյալ եզրահանգում անելը չեն պարզել, թե նա ինչի համար է ենթարկվել կարգապահական տույժի:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու և Ա. Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել գործում առկա փաստական տվյալները: Այս առումով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի («Ապացույցների ստուգումը») խախտում, քանի որ վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու և նոր ապացույցներ հավաքելու միջոցով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման չեն ենթարկել Ա. Հակոբյանի կարգապահական պատասխանատվության հիմքի վերաբերյալ ապացույցները:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վերոնշյալ դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե Ա. Հակոբյանն ինչի համար է ենթարկվել կարգապահական տույժի, որից հետո միայն եզրակացություն անել նրան կրկնակի դատապարտման ենթարկելու վերաբերյալ:

21. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արման Արտակի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 7-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 31-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ`  Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2014
N ՍԴ3/0080/01/12
Որոշում